Սարգիս Մելքոնյանի բոլոր հրապարակումները

Sargis Melkonyan

Է՜հ, ջաններս սաղ լինի

Սեպտեմբերի մեկից գնացինք դպրոց։ Արդեն իններորդ դասարանում եմ։ Ամեն օր պարտադիր ուսուցիչների կողմից հիշեցում, որ մենք քննական դասարան ենք, քննություն ենք տալու։ Մտահոգություններ, մտահոգություններ, մտահոգություններ…  Բայց հոպ, կար մի դրական կետ․ մամուլն ակտիվորեն գրում էր, որ քննությունները երեքն  են լինելու՝ մաթեմատիկա, հայոց լեզվից փոխադրություն և գրականություն՝ բանավոր։ Գրականությունն էր մի քիչ համը հանում, բայց տանելի էր։

Այսպես հանգիստ գալիս էինք դպրոց, գնում տուն։ Ավանդական դասալսումները մի քիչ սթափեցրեցին, բայց սպասվում էր «ծանր հրետանին»՝ սառույցով ցնցուղը։  Մի օր մեր դասղեկը մտավ դասարան ու ասաց, որ ինչ-որ շաբաթաթերթում գրել են, որ քննությունները լինելու են 7-ը։ Ցրտի մի ալիք անցավ ու դասղեկը սկսեց թվարկել․

-Մաթեմատիկա, հայոց լեզու՝ փոխադրություն, գրականություն՝ բանավոր,  օտար լեզու՝ բանավոր, բնագիտություն՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն՝ միասին, պատմություն՝ բանավոր, ֆիզկուլտուրա։

Եվ մի վայրկյանում Սիբիրից սառը օդային հոսանքներն եկան ու ցրտահարեցին մեր ուղեղները։ Դասղեկն ու տնօրենը ժողով են գումարել, որի ընթացքում առավել մանրամասն կբացատրեն քննության կարգը։ Անպայման կգրեմ։

Էհ, ի՞նչ է մնում ասել. ջաններս սաղ լինի…

Sargis Melkonyan

Դպրո՞ց, էլի՞…

Աշնանային արձակուրդներն ավարտվեցին: Ես արդեն պատկերացնում եմ, որ ամեն առավոտ պիտի արթնանամ ու գնամ դպրոց: Դպրոցում էլի նույն հակամարտությունը…

Դասն ավարտվեց: Զանգը հնչեց: Ուսուցչուհին ինչ-որ բան է բացատրում: Բոլորն անջատված նայում են նրա դեմքին: Երեխեքից մեկը վազելով դուրս է գնում: Մեկ էլ ականջների թմբկաթաղանթը պայթեցնող տոնով…

-Ո՞ւր ես վազում, հետ արի, զանգը քո համար ա՞, չե՞ս տեսնում` բան եմ բացատրում, նստիր, լսիր, որ ի բան սովորես…

Ու այդ պահին բոլորը վեր են թռչում:

Չորս րոպե անց ուսուցչուհին դեռ բան է բացատրում, բայց ոչ ոք չի համարձակվում դուռը բաց անել: Զանգը կրկին հնչում է, գալիս է մյուս ուսուցչուհին:

-Ընկեր (այստեղ կարող է լինել ձեր ազգանունը), կլինի՞ երկու րոպե դասամիջոց անենք:

-Ոչ, զանգը հնչել է, դասը սկսվել է, բացեք գրքերը:

-Հա, բայց…

-Ձայն չլսեմ…

45 րոպե հետո:

-Զանգն ուսուցչի համար է…

Հաջորդ օրը նույն ուսուցչուհու դասից երկու րոպե ուշացանք: Դուռը բացեցինք ու մտանք դասարան:

-Զանգն ո՞ւմ համար է:

-Ուսուցչի…

Էհ, նորից առանց դասամիջոց…

Դե լավ, մեր ուսուցիչները շատ լավն են, մեզ շատ են սիրում… Դրա համար էլ չեն ուզում դասամիջոցին մեզնից բաժանվել:

Sargis Melkonyan

Արձակուրդներ են, չէ՞

Քանի որ վաղուց նյութ չեմ գրել, նշանակում է համակարգիչս բավականին «պարապ» է մնացել և, հավանաբար, պատրաստ է տառերի այսպիսի հոսքին։ Բայց, ինչպես գիտեք, ես շատ խղճով մարդ եմ (էս դեպքում, շատ-շատ «անկյալ»), ես կխնայեմ իմ համակարգիչը, որպեսզի հետո էլ կարողանամ նյութ գրել ու․․․

Լավ, լավ պատմում եմ, մի փակեք էջը, ուղղակի այնքան բան կա պատմելու…

Ինչի՞ց սկսեմ: է՞…

Հա՜, ինչո՞ւ չէ, ինձնից կսկսեմ։ Լավ, գնացինք։

Երեկ վառարանը տեղադրեցինք։ Չէ, ես վառարանը չէի, վառարան դնողն էի։ Հավեսով հղկեցի վառարանը, բարձրացրի երկրորդ հարկ․․․ Հոպ, ես վերամբարձ կռունկ էլ չեմ։ Բնական է, եղբայրս ինձ օգնեց։ Վառարանը վառեցինք։ Ու սկսվեց «էժանով» առած «կարտոշկեքի» հոսքը դեպի վառարանի փուռը։

Մի խնդրանք խմբագրությանը․ խնդրում եմ ոչ հայերեն բառերը մի փոխեք, էլի։

Խմբագրության կողմից. «Լավ էլի, Սարգիս, ինչո՞ւ փեչ, դուխովկա, կռան, շուշաթուղթ…»: Գնացինք առաջ:

Մի երեսուն-քառասուն րոպե սառած դոլմա ձևանալով, վառարանի կողքից այն կողմ չգնացի, որ իբրև թե դաս չանեմ, բայց դե էլ չէր ստացվում դերասանություն անել։ Վերարկուն հագս, շարֆը վզիս, քրտինքը այտերս ու մեջքս Ֆորմուլա 1-ի մրցուղի էր դարձրել Շումախերին էլ ղեկին դրած 1000-ի վրա բենզին էր տալիս (գազն էլ արդի չի)։ Կարտոֆիլն արդեն պատրաստ էր (ես էլ)։ Մեր տանը, սովորությանս համաձայն, ես ամեն ինչ ուտում եմ խորը ափսեով։ Առավոտից «փեչի կառտոշկի» համար ախորժակ պահած՝ երկու հատ դրեցի ափսեիս մեջ, ճզմեցի ու էլի, սովորությանս համաձայն, մի մեծ կտոր կարագ դրեցի ափսեիս մեջ։ Մի զարմացեք, ուղղակի կարագ շատ եմ սիրում, հատկապես գյուղի։

Ի՞նչ, էս նյութը իմ մասին չի՞․․․ Լավ, արի մինչև այստեղ վերլուծենք։ Սկզբի տողերից հասկացանք, որ ես շատ հումորով մարդ եմ, մի քիչ` գլուխգովան, մի քիչ` դերասան, ավանդապաշտ (միայն իմ կողմից ստեղծված ավանդույթների մասին է խոսքը), մի քիչ ծույլ, կարագասեր․․․

Լավ, ծուլությանս համաձայն, հոգնեցի պատմել իմ մասին, արի հրաժեշտ տանք իրար… Ի՞նչ, ինչ ես ասո՞ւմ․․․ Վերջն ինչ եղա՞վ․․․ Վերջը՞․․․ Հա, վերջը գնացի քնեցի․․․

Արձակուրդներ են, չէ՞:

Sargis Melkonyan

Արևածագին սպասելիս

Գիշերվա 03:27:

-Ես էլ եմ սիրում նայել աստղերին…

-Վայ, աստղ ընկավ․․․

-Լավ, հերիք է ձեր աստղային թեմաներով խոսեք, եկեք «Այլ կերպ» խաղանք…

-Բայց գյուղում կա՞ «Այլ կերպ»:

-Չկա՞, կսարքենք:

-Ա՜, ինչ էլ հավես ունեք…

Ժամը 03:45:

-Երեխեք, «Այլ կերպի» 20 քարտ եմ սարքել…

-Իսկ մենք արդեն քաշել ենք ինտերնետից:

-Ասեիք` էդքան չէի տանջվի, ու՜ֆ…

-Լավ, հիմա խաղում ե՞նք, թե՞ չէ…

-Խաղում ենք, խաղում:

-Դե, եկեք խմբերի բաժանվենք:

-Ըհըն, ես, Մարիշը, Նելլին: Մելքոնը, Ջուլին, Ելենան…

Երևի այս խառնաշփոթից հասկացաք, որ մի խումբ երեխաներ գիշերվա կեսին հավաքվել են ինչ-որ վայրում ու խաղում են: Երեխեքը մենք էինք՝ ես, քույրս, եղբայրս, հորաքույրներիս աղջիկները: Հազիվ էինք իրար գլխի հավաքվել: Դե, մեծանալը լավ բան չի, էլի: Առաջ ամբողջ ամառ միասին էինք անցկացնում. պարում էինք, լողում, բակային ճամբարներ կազմակերպում, խաղաքարտային առաջնություններ, ֆուտբոլ, «գործնագործ», «շիթ», լոտո, բադմիտոն, վոլեյբոլ… Ինչ ձեր մտքով կանցնի: Իսկ հիմա՞: Հիմա Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթեր, դասեր, պարապմունքներ, գործեր, պրոբլեմներ, բարի գիշեր:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Ժամը 04:01:

Խոսքը բացեցի ես, որ մեր տանը հայտնի էի, որպես հավերժ սոված:

-Եկեք հաց ուտենք, սոված եմ:

-Տասներկուսին կերանք:

-Ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք ուտենք ու արևածագը դիմավորենք:

Ու կտրեցինք ցերեկը գնած ձմերուկն ու հացով, պանրով կերանք:

-Էս ձմերուկն ո՞վ ա առել:

-Պապան , ինչի՞, չես հավանո՞ւմ:

-Չէ, հակառակը, շատ համով ա:

-Սուս մնացեք, յա, կերեք, ձեռքներդ լվացեք, գնացեք քնեք, ի՞նչ կա մնացել եք…

-Չէ տատի, ի՞նչ քնել, հազիվ էսքան նստել ենք, ուզում ենք արևածագը դիմավորենք…

-Սաքո, հել քնի, հեսա հերդ, մերդ ու քուրդ օդանավակայանից կգան:

-Տատի, մենակ ի՞նձ տեսար: Քո մածունը սև ա` հաստատողն էլ ես էի՞:

-Ա՜ տատի, լավ էլի, հեսա լույսը կբացվի, ուզում ենք արևածագը տեսնենք…

-Դե լավ, խելոք մնացեք, ձեն չհանեք, գնում եմ քնեմ: Մի հատ բարձր ձեն եմ լսել, գալու եմ քեզ սխկեմ, Սաքո:

-Ըհ, էլի՞ ես, էստեղ ուրիշ մարդ չկա՞…

-Բարի գիշեր տատ ջան…

-Բարի, բարի…

Գիշերվա 05: 39:

-Էրեխեք, ես էլ չեմ ձգում, գնում եմ քնեմ:

-Կամաց հորանջի, մոծակը մտավ բերանդ:

-Չէ, ոչ մի քնել…

-Մնում ենք մինչև արևածագ:

-Էրեխեք, լույսը ոնց որ բացվում ա, մի հատ հեռախոս տվեք` չխկացնեմ:

-Չէ, ես էլ չեմ ձգում:

-Վա՜յ, 20 րոպեից արևը կերևա, ոչ մի քնել:

20 րոպեն դարձավ 30, 40, ու զարթուցիչ էինք դնում րոպեն մեկ, որ արևին դիմավորելիս քնած չլինենք…

-06:13, լույսը բացվեց, այ հիմա գնանք հանգիստ քնենք:

-Բարի գիշեր:

-Բարի լույս:

Sargis Melkonyan

Մոմ ենք վառում

Մինչև վերջին տարիներս մեր գյուղում «մոմ էինք վառում»: «Մոմից» միացնում էինք հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան, համակարգիչը… Ամեն ինչ, ինչը հնարավոր էր միացնել հոսանքին, կամ ինչ կա սովորական գյուղացու տանը: Ու այս սարքերից օգտվում էինք հենց մոմի պես: Թեթև քամուց կհանգե՞ր մոմը, կհանգեր, ուրեմն գյուղի լույսերն էլ կգնային: Քամին դադարելուն պես լույսերն էլ կմիանային: Մինչև վերջին տարիները ագարակցիները մուկն ու կատու էին խաղում լույսերի հետ՝ ամեն վայրկյան սպասելով, թե հեսա լույսերը կտատանվեն ու տեխնիկան կփչանա: Փող էինք տալիս, որ լույս ունենայինք, տեխնիկան էր վառվում: Կպատահեր, որ գյուղում ժամերով լույս չէր լինի, ու մութ ու ցուրտ տարիները հյուր կգային մեզ. հիշում էինք հին խաղերը, երգերը, ոտանավորները, ջերմագին զրույցները…  Լավ է, որ խնդիրը վերջին երկու տարում մեծ հաշվով գտել է իր լուծումը: Բայց դե օրեր են լինում, որ էլի «մոմ ենք վառում»:

Sargis Melkonyan

Նոր թափ բանավեճին․․․

Արձագանքում եմ Հայարփի Բաղդասարյանի «Հիմա էլ սա» հոդվածին

Բացում եմ 17-ը։ Մեկ էլ ալե-հոպ․ Հայարփին, ում հետ երեկ երեկոյան բանավիճում էի, նոր հոդված է գրել` պատասխանելով իմ հոդվածին, որն իր հերթին պատասխանել էր Հայարփիի «Հիմա էլ սա» հոդվածին, որն էլ շարժել էր իմ հետաքրքրությունը գրել իմ «Ինչն ում համար է հոդվածը»…

-Վայ հասկացանք,- հիմա կասեք դուք: Լավ, շարունակեմ։

Նա իր վերջին հոդվածում բառացիորեն տեղ չի թողել կառչելու Հանրայինին պաշտպանելու համար, բայց ես հո Հանրայինի հանրային շահերի պաշտպանը չե՞մ, որ պաշտպանեմ։ Ես Հանրայինի մասին խոսում եմ որպես հասարակ հեռուստադիտող։ Ինչ վերաբերվում է խավերին․ խավերի մասին խոսելիս ես ի նկատի ունեմ սոցիալական խավերին։ Հանրայինն իր ծրագիրն այնպես է կառուցում, որ հետաքրքիր հաղորդում ունենա թե՛ փոքրերի, թե՛ մեծերի, թե՛ հարուստների, թե՛ աղքատների համար։ Այո, ազգային փոքրամասնությունների մասին գրեթե չի խոսվում։ Ինչու եմ ասում գրեթե, որովհետև մեկ-մեկ, եթե ինչ-որ մեկի մտքին փչում է, խոսում են եզդիների մասին։ Ես Հայարփիին խնդրում եմ, որ մի օրինակ բերի ազգային փոքրամասնությունների մասին հաղորդման, որ եթեր է հեռարձակվում արտասահմանում։ Կարծում եմ, որ ազգային փոքրամասնությունները պիտի հետևողական լինեն իրենց վերաբերվող հաղորդումների եթեր հեռարձակմանը։ Բայց, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա Հանրային ռադիոյով. շաբաթական կարծեմ մոտ 20 րոպե եթեր է հեռարձակվում ազգային փոքրամասնությունների մասին լուրեր։

Ինչ վերաբերվում է ռաբիսին։ Հանրայինով միայն ռաբիս չէ, որ հնչում է։ Ամեն կիրակի եթեր է գնում «Երգ երգոց» հաղորդումը, որի շրջանակներում հնչում են ազգային, երևանյան հին ու մոռացված երգեր։ Իսկ եթե խոսքը գնում է «Ամենակարող երգիչ» նախագծին, ասեմ, որ երգիչների կատարած ռաբիսը ռեստորանի թողած ազդեցությունն է, որ դեռ կրում են նրանք։ Հետևելով նախագծին, ասեմ, որ փուլ առ փուլ նրանք հղկվում են։ Իսկ նախագծի ավարտից հետո շատ հնարավոր է, որ մասնակցեն Հանրայինի այլ նախագծերի, ինչպես օրինակ, «Շանթում»։ Նաև կարծում եմ, որ թեև ռեստորաններում կմեծանա նրանց պահանջարկը, սակայն նախագծի ընթացքում կսովորեն իրենց սխալների վրա և նոր մակարդակ կտանեն ռեստորան։

Հ․Գ․ Հավեսով բանավիճում ենք։ Հա, սիրելի ընթերցող, եթե 17.am-ի թղթակից ես կամ ընթերցող, և ուզում ես ինչ-որ բան ավելացնել, անպայման գրիր։ Գրելով դու ոչ միայն նոր հոգի կտաս բանավեճին, այլև կօգնես, ինչ-որ չափով, խնդրի լուծմանը։ Եվ ինչպես ասում էր մեր թղթակից Շուշան Ստեփանյանն իր նյութում` «Բանն ասելով կլինի»։

Sargis Melkonyan

Ինչն ում համար է

Երեկ, ինչպես միշտ, եկա դպրոցից տուն։ Ճաշեցի ու սկսեցի դասերս անել։ Բնականաբար դասերս անելուց առաջ անցա 17-ի էջերով ու կարդացի հոդվածներ, այդ թվում նաև իմը։ Յուրաքանչյուր հոդված կարդալով ինքս համեմատում եմ, թե ես, օրինակ, ինչպես եմ վերաբերվում տվյալ խնդրին կամ երևույթին։ Դրա համար էլ երբեմն հակասություն է առաջանում իմ և հոդվածագրի տեսակետների միջև, որն էլ բանավեճի առիթ է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, անցնեմ բուն նյութիս։

Հոդվածս, որը էկրանի մյուս ծայրից գուցե չուզենալով կարդում եք դուք, իրականում ծնվեց հենց մեր ցանցի անդամ Հայարփի Բաղդասարյանի նյութը կարդալուց հետո (եթե չեք կարդացել, անպայման կարդացեք

Նախ, ես համաձայն չեմ Հայարփիի տեսակետի հետ, թե Հանրային հեռուստաընկերությունը չպետք է եթեր հեռարձակեր «Ամենակարող երգիչ» նախագիծը։ Վստահ եմ, որ որոշ հեռուստադիտողների, որոնք մեր երկրում այնքան էլ քիչ չեն, կհետաքրքրեն նման նախագծերը։ Իսկ ո՞վ է ասել, որ Հանրայինը պիտի եթեր հեռարձակի միայն ազգայինը։ Ինչքանով որ տեղյակ եմ, Հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի բոլոր հեռուստադիտողների պահանջները։ Օրինակ, եթե դու չես կողմնորոշվում, թե որ սննդամթերքն է որակյալ, կարող ես դիտել «Համի որակ» հաղորդումը, եթե հետաքրքրված ես նորություններով, դիտիր լուրերը։ Իսկ եթե մեզ նման պատանի լրագրող ես, ուշադրություն․ հատուկ առաջարկ,  դիտիր «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդումը։ Չէ, չէ, սխալ հասկացաք։ Ես ամենևին էլ չեմ գովազդում Հանրային հեռուստաընկերությունը, ուղղակի ուզում եմ ասել, որ Հանրայինը եթեր է հեռարձակում այնպիսի հաղորդումներ, որոնք պետք է բավարարեն ցանկացած հեռուստադիտողի պահանջը։

Հ.Գ.  «Ամենակարող երգիչ» նախագծի նպատակը նոր անուններ հայտնաբերելն է։ Հայտնաբերել մարդկանց, ովքեր տաղանդավոր են, սակայն ինչ-ինչ պատճառներով շոու-բիզնեսում լինելու փոխարեն հայտնվել են ռեստորաններում։

Արհեստական արևները

Հիշու՞մ եք, ապրիլ ամսվա ընթացքում Աշտարակում ՝ Առաջընթաց ԵՀԿ-ի գրասենյակում մեդիա դասընթաց էր կազմակերպել «Մանանա» կենտրոնը։ Այդ մեդիա դասընթացին մասնակցել եմ նաև ես ու իմ մի քանի համագյուղացի ընկերները։ Մեդիա դասընթացի ժամանակ իմ համագյուղացի Անահիտ Նազարյանը իր նյութում գրել էր, որ մեր Ագարակ գյուղում առկա է փողոցների լուսավորության խնդիր։ Ու խնդիրը հրատապ էր հատկապես նրանց համար, ովքեր վախենում  են մթությունից։ 

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Աչքներս լույս, լույսը արդեն փողոցում է։ Հիմա վայելում ենք գիշերային լուսավորության բերկրանքը։ Խնդիրը, որ չէր լուծվել շուրջ 15 տարում, լուծվեց 15 օրում։

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Հ․Գ․ Շուտով գյուղապետի ընտրություններն են․․․

Լուսանկարը՝ Մարիա Պողոսյանի

Ցախի օրեր

Գաղտնիք չէ, որ գյուղում ձմեռը ամառվանից է սկսում: Ամռանը պատրաստում ենք մրգային կոմպոտներ, չրեր, մուրաբաներ… և կտրում ենք ցախ: Ցախ կտրելն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է աշխարհում: Կտրում են հիմնականում ամռանը և վաղ աշնանը: Վերջերս գնեցինք մոտ 5 խորանարդ մետր վառելափայտ: Դե, բնականաբար, ես միայնակ չկոտրեցի ամբողջը: Գործին միացան եղբայրս, հայրս, և գյուղի տղերքը: Մինչև գիշեր կեսը կոտրեցինք: Կոտրելու ընթացքում միտք հղացավ նկարել անիմացիոն ֆիլմ: Երևի կարիք չկա ասելու, արդեն հասկացաք, որ ֆիլմի հետ կապված բոլոր հմտությունները սովորել եմ մեդիա ճամբարում՝ ուրիշ որտե՞ղ…

Առավոտյան վաղ արթնացա, լվացվեցի, վերցրի հեռախոսն ու իջա բակ: Մի գլդորան օգտագործեցի որպես եռոտանի: Փայտերի օգնությամբ հարմարեցրի հետախոսը դրա վրա: Ու սկսեցի դասավորել փայտերը:

Ամեն փայտ դնելուց հետո գալիս ու նկարում էի:  Այնուհետև մոնտաժեցի ֆիլմը: Ֆիլմի հետ կապված ամբողջ աշխատանքը կատարվել է երեք ժամում: Թե՛ նկարահանումը, թե՛ մոնտաժը ես եմ արել: Հուսամ կհավանեք: Բարի դիտում :