Գոհար Հակոբյանի բոլոր հրապարակումները

gohar hakobyan (ararat)

Շուտով

Հաշված օրեր են մնացել դպրոցական կյանքի վերսկսվելուն: Այս շոգ ամռանը միակ ցանկությունս աշնան շուտ գալն է ու դպրոցների բացվելը:

Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այո՝ ես ուզում եմ, որ դասերն սկսեն: 11 տարվա դպրոցական կյանքում ես առաջին անգամ կարոտել եմ: Չէ, միշտ էլ կարոտում էի, բայց միայն ընկերներիս: Իսկ այս անգամ դպրոցն եմ կարոտել: Կարոտել եմ դասամիջոցները, ֆիզկուլտուրայի ժամերը, ճաշարանի ուրախ հերթերը, ընկեր Մանուկյանի «պարսկերեն» մաթեմատիկան, ընկեր Սարգսյանի ուրախ ֆիզիկան, ամեն-ամեն ինչը: Հա, չմոռանամ՝ Հակոբ «ձյաձյային» եմ կարոտել՝ մեր դպրոցի միակ ու անկրկնելի պահակին: Կարոտել եմ նրա՝ ամեն առավոտ հնչող «բարև՛, Հակոբյան» արտահայտությունը:
Դասարանս եմ կարոտել, աթոռս, սեղանս, կողքիս նստող անդավաճան ընկերոջս:
Կարոտել եմ ամեն առավոտ ուշանալն ու գաղտնի ներս մտնելս:
Ընկերներիս խենթություններն եմ կարոտել, փախուստները դասերից…
Այ հիմա, երբ արդեն քաջ գիտակցում եմ, որ շուտով էլ հնարավորություն չեմ ունենա սեպտեմբերի 1-ին սև ու սպիտակով ներկայանալ՝ որպես աշակերտուհի, սրիտս լցվում է անսովոր զգացումով, ասես չպատկերացնեմ, թե այդ ինչպես կլինի: Բայց, քանի դեռ ունեմ հնարավորություն, կարոտում ու սիրում եմ դպրոցս:
Դպրոց, պի՛նդ կաց, մենք գալիս ենք:

gohar hakobyan (ararat)

Ես 17-ի թղթակից եմ

17.am կայքի մասին առաջինը Արաքսից եմ լսել: Ինձ պատմել էր իր գրած նյութերի ու կայքի մասին: Միշտ մտքումս էր Արաքսի ասածները: Ուզում էի ես էլ գրել, բայց համարձակություն չունեի, ավելի շատ ամաչում էի:

Ամեն օր բացում էի 17-ի էջը, նայում, կարդում թղթակիցների հոդվածները ու սովորությանս համաձայն բարձր մտածում.
-Կարո՞ղ ա ես էլ փորձեմ… Հը՞ն, չէ, Գոհար, գժվեցի՞ր: Դու ի՞նչ գիտես, երկու բառ չես կարողանում իրար կապել, ուր մնաց՝ հոդված գրես, հա, բա չէ՞:
Սա էր իմ պատասխանը այդքան մեծ ցանկությանս:
Ապրիլ ամիսն էր, լավ հիշում եմ, սովորականի նման համակարգչի առջև նստած կարդում էի 17-ի նյութերը, ու հանկարծ դողացող ձեռքս փորձեց նամակ գրել: Մտա 17-ի ֆեյսբուքյան էջը, նամակ գրեցի, որ ես էլ եմ ուզում թղթակից դառնալ: Չհասկացա, թե ոնց, բայց էնքան ինքնավստահ էի գրում, ես ինքս էլ զարմացել էի:
17.am-ը տվեց իր էլ.փոստի հասցեն: Ես նյութ ուղարկեցի ու անընդհատ ինձ նույն հարցն էի տալիս՝ ինչո՞ւ արեցի: Բա որ չհավանե՞ն, ինչ ամոթ ա, Գոհար…
Մի քանի օր անց նամակ եկավ…17.am-ից էր: Նյութս որոշել էին տպագրել: Ուրախությանս չափ չկար: Այնքան էի ուրախացել, որ բոլորին պատմում էի՝ ծանոթ լիներ, թե անծանոթ: Սկսեցի գրել մի կողմ թողնելով վախերս ու ամաչկոտությունս (չնայած այն միշտ ինձ հետ է):
Շնորհակալություն քեզ 17.am, որ թույլ տվեցիր  ինձ ներկայանալ և գնահատեցիր աշխատանքս:

Ես քեզ սիրում եմ…

gohar hakobyan (ararat)

Ծիրանի տարի

-Լավ տարի ա, ծիրանի տարի ա…

Մայրիկիս հորեղբայրը ծիրանի մեծ այգի ունի: Արդեն սկսվել է ծիրանահավաքը: Մեր՝ Նորաշեն գյուղում, շատ են ծիրան աճեցնում:
Հորեղբայրս արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է այդ գործով: Իսկ երբ հմտանում ես, բնական է, հետո դժվար է այդ գործից հրաժարվելը: Այդպես է ոչ միայն արհեստում, այլև գյուղատնտեսության մեջ:
Ես մեծ ուրախությամբ ու հաճույքով եմ հետևում ծիրանը քաղելու և արկղերում շարելու ընթացքին: Գուցե ինձ հետ չհամաձայնեք, բայց ծիրանի հետ աշխատելը շատ հաճելի է: Դաշտում աշխատող տրակտորների, բերքը տեղափոխող մեքենաների ձայնը կարելի է լսել անգամ տանից: Ամեն անգամ դաշտ գնալու ճանապարհին կարելի է հանդիպել նույն աշխատանքով տարված մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում արդյունքի հասնելու համար: Դե, սա է գյուղացու ապրուստը: Հանդիպում եմ նաև բեռնատարների, որոնք ծիրանը տանում են երկրից դուրս:
Հետաքրքիր է, չէ՞. ծիրանը միրգ է՝ չունի բերան, լեզու, որ խոսի, աչքեր, որ տեսնի, բայց հաջողակ է, ճանապարհորդում է տարբեր երկրներ, ու նրան բոլորը սիրում են:
Մինչ բեռնատարին հասնելը, ծիրաններն առանձնացվում ու շարվում են արկղերի մեջ, հետո նոր մեկիկ-մեկիկ դասավորվում բեռնատարի մեջ:
Հորեղբայրս հաճախ է ասում, որ լավ բերք ստանալու համար պետք է շատ աշխատել: Իսկ մենք հիմա արդեն տեսնում ենք նրա լավ աշխատանքի արդյունքը:

«Նոր գույներ»

Երեկ գնացել էի մեր գյուղի` Արարատի մարզի Նորաշենի պարի դպրոց: Պարի համույթը կրում է «Նոր գույներ» անունը: Հաճելի մթնոլորտ էր, մինչ ղեկավարի գալը շփվեցի երեխաների հետ:

Մի անուշիկ աղջիկ` Ջեմմա անունով, հարցիս, թե սիրով է հաճախում պարի, տվեց հետաքրքիր պատասխան.
-Անկեղծ ասած, սկզբում՝ չէ, անգամ ստիպողաբար էի գալիս: Բայց հիմա ժամերն եմ հաշվում, որ պարի գամ:
Ընկերուհիս` Սյուզին, նույնպես «Նոր գույներ» պարային համույթից է: Երբ նրան եմ հարցնում, պատասխանում է հետևյալ կերպ. «Պարը իմ կյանքն է»:
Մեր գյուղում քիչ են այսպիսի ժամանցային, հետաքրքիր վայրերը, և գուցե դա է պատճառը, որ երեխաների ցանկությունը մեծ է հաճախել պարի:
Սկսեցինք զրուցել, խնդրեցի, որ պատմեն, թե ե՞րբ և ինչպե ՞ս ստեղծվեց խումբը, ի՞նչ պլաններ կան առաջիկայում:
Իմացա, որ համույթը իր գործունեությունը սկսել է  5 տարի առաջ: Չնայած մանկահասակ տարիքին, մեծ են ձեռքբերումները: Դե ինչ խոսք, դժվարություններ լինում են, միշտ և ամեն պարագայում կան խոչընդոտներ, բայց դրանց հետ մեկտեղ համույթը հաստատուն քայլերով առաջ է շարժվում:
«Երաժշտական կոլիզեյ» և «Նազանք» մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը: Նաև մեկ անգամ մենահամերգով ներկայացել են Արտաշատ քաղաքում: Իմացա նաև, որ պատրաստվում են հաջորդին:
Կարծում եմ, մեր գյուղի երեխաներին և երիտասարդներին նման մշակութային դաստիարակության օջախներ շատ են պետք:

Զրուցեցի նաև խմբի ղեկավարի` Հրաչ Շագոյանի հետ, կամ ինչպես իրենք են դիմում, ընկեր Հրաչի հետ:
-Ընկեր Հրա´չ, ինչո՞ւ համույթը անվանեցիք հենց «Նոր գույներ»:
-Քանի որ պարային ոճերը բազմազան են, իսկ երեխաները տարբերվում են մեկը մյուսից, այդ պատճառով էլ հենց «Նոր գույներ»:
-Ո՞վ որոշեց, կամ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք պարով զբաղվել:
-Երևի մայրս, նա էր ցանկանում, որ պարող դառնամ, իսկ քույրս պատճառ հանդիսացավ, որ ես խորացա այս բնագավառում:
-Քանի՞ տարի է, ինչ պարում եք:
-Չեմ հիշում, բայց 14 տարի է, ինչ պրոֆեսիոնալ պարող եմ:
-Հե՞շտ է աշխատել տարբեր տարիքի և բնավորության տեր երեխաների հետ:
-Հեշտ է, ամեն մեկի հետ խոսում ենք «իրենց լեզվով»: Պետք է փորձել հասկանալ ամեն երեխայի և ինչու չէ, նաև օգնել:
-Ի՞նչ կցանկանայիք դառնալ, եթե ոչ պարող:
-Երաժիշտ, ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժինը:
Հարցին, թե որն է ձեր հաջողության բանաձևը, ընկեր Հրաչը ծիծաղելով պատասխանեց.
-Ինչի ես հաջողա՞կ եմ. չէ, ուղղակի պետք է մարդ լինել, որ քեզ սիրեն ու հարգեն, այ դա է հաջողությունը:
-Կհիշե՞ք ձեր այն ուսուցիչներին, ովքեր օգնել են ձեզ ձեր կայացման ճանապարհին:
-Շատ անուններ կարող եմ տալ, բայց իմ լավ ուսուցիչը, այն մարդը, ով ինձ օգնեց կայացման գործում, Նորայր Մեհրաբյանն էր:

Շուտով փորձը պետք է սկսեր, և այլևս հարցեր չտվեցի: Դիտում էի փորձը, թե ինչպես են իմ համագյուղացի երեխաները կերպարանափոխվում, դառնում փոքրիկ պարուհիներ, ու էլի համոզվում, որ չկան մեծ ու փոքր բեմեր, միգուցե գյուղինն ավելի մեծ է ու կարևոր:

gohar hakobyan (ararat)

Մանկապարտեզ

Միշտ երազել եմ ունենալ իմ սեփական դպրոցը կամ մանկապարտեզը, որտեղ կլինեն շատ երեխաներ: Երբ մանկապարտեզ էի գնում, ուզում էի, որ ինձ էլ դիմեն «ընկեր Գոհարիկ»: Դա իմ ամենամեծ երազանքն էր այդ տարիքում: Մանկապարտեզն իմ ընկերն էր, ով ձեռքս բռնած տանում էր դեպի նոր աշխարհներ: Հիշում եմ, երբ մանկապարտեզ էի գնում, չէի սիրում քնելու ժամերը, նույնիսկ մի անգամ թաքնվել եմ մահճակալի տակ, որ չքնեմ: Երբ մանկապարտեզ ունենամ, չեմ ստիպի, որ երեխաները քնեն, եթե նրանք չեն ուզում:

Հիմա արդեն մեծ եմ բայց երազանքներս ու ցանկություններս կարծես նույնն են մնացել: Երազում եմ սեփական մանկապարտեզ ունենալու մասին: Երեխաներին սիրում եմ անչափ, կարծում եմ նրանք էլ ինձ:

Մանկապարտեզը, որը ես հաճախել եմ, գտնվում է Վերին Արտաշատ գյուղում: Այն տարիներին այնքան էլ լավ վիճակում չէր, ինչ այսօր: Կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Ես իմ մանկապարտեզը դարձնելու եմ ավելի լավը, նմանը չունեցող: Հաճախ այցելում եմ այն մանկապարտեզ, որտեղ անցել է իմ մանկությունը: Շփվում եմ կրտսեր ընկերներիս հետ, խաղում, կատակում, լիաթոք ուրախանում…
Երբ ունենամ իմ երազանքների մանկապարտեզը, կուզեմ, որ այն լինի գունավոր:
Կլինեն բարի դաստիարակներ, ովքեր չեն քնեցնում երեխաներին իրենց կամքին հակառակ:
Կուզեմ, որ մանկապարտեզս մեծ այգի ունենա, լի տարբեր խաղերով, որտեղ երեխաները կկարողանան խաղալ որքան ցանկանան:
Իմ երազանքների մանկապարտեզը անվճար է լինելու բոլոր 3-5 տարեկան փոքրիկների համար:
Երանի…

Հիմա եմ հասկանում, թե ինչու էի այդքան կապված մանկապարտեզիս: Իմ մահճակալը, աթոռը սեղանը, որի շուրջը նստում էի հաց ուտելիս… Ամենը նույնն է մնացել, միայն մեծացել եմ ես…
Եթե մի բան սրտանց ցանկանում ես անպայման կատարվում է: Ով գիտե, միգուցե օրերից մի օր ես ունենամ իմ երազանքների մանկապարտեզը:

Առաջին ելակներ

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Սուրճ էի եփում, երբ պատահաբար լսեցի, որ մեր հարևան տիկին Անիկն ու աղջիկները գնում են ելակ հավաքելու:

Խնդրեցի որ ինձ էլ տանեն իրենց հետ: Վերցրի գրիչս ու տետրս և վազեցի: Հասանք հողամաս, ուր գտնվում է ելակի արտը: Մեզ հետ վերցրել էինք, մեր լեզվով ասած, ելակի թասերը: Տիկին Անիկն ու աղջիկները մտան արտ, ամենքը մի շարք, ու սկսեցին:
Ես հարցեր էի տալիս ու գողանում նրանց հետաքրքիր պատասխանները.

-Անիկ տատիկ, հե՞շտ է ելակ մշակելը: 
-Գիտես, այնքան էլ չէ: Երկար աշխատանք է պահանջում: Ջրում ենք մի քանի անգամ, հաճախ քաղհանում, պարարտացնում, որ լավ բերք ստանանք:

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

-Սիրո՞վ եք կատարում այս աշխատանքը:
-Իհարկե: Երբ սիրով ես կատարում գործդ, հաճույքով մշակում, հողը քեզ պարգևատրում է:

Աղջիկները լուռ քաղում էին, իսկ ես հաճույքով ուտում էի այս տարվա առաջին ելակները: Երբ արդեն վերջացրել էինք հավաքը, նստեցինք ու սկսեցինք մեծ և փոքր ելակները առանձնացնել իրարից:

-Անիկ տատիկ, իսկ սա ինչի՞ համար է:
-Սա անում ենք նրա համար, որ ավելի հեշտ լինի տարբերելը:
Ինչքան բան չգիտեի, որ իմացա այսօր:

-Տաթ, սիրո՞ւմ ես ելակ:
-Ոնց չեմ սիրում, կա մարդ, որ չսիրի ելակ:
-Բա սիրո՞ւմ ես քաղելու գործընթացը:
-Չէ, էդ մեկը չեմ սիրում:
Ծիծաղեցինք:
Դաշտի մաքուր օդը, մեր հետաքրքիր զրույցն ու ելակի անուշ բույրը միախառնվել էին:
-Սուս, մի բան էլ դու ասա:
-Ինչ ասեմ, էսքան ելակ տեսնողը  խոսելու ժամանակ կունենա՞: Կեր, կխոսենք հետո:

gohar hakobyan (ararat)

Պատուհանից այն կողմ

Գրականության դասն էր: Նստել էի պատուհանի մոտ՝ առաջին նստարանին: Նայում էի դուրս: Օրը պայծառ էր, արևը կարծես համբուրում էր այտերս:
Հանկարծ նկատեցի թռչող փոքրիկ ճնճղուկներին: Միանգամից դիպան սրտիս: Այնքան հարազատ բան կա թռչունների մեջ. ազատ են ամեն բանից, չունեն սահմանափակումներ, թռչում են, ուր ցանկանում են: Թռչում են, ու ոչ ոք չգիտի՝ նրա՞նք են երջանիկ, որ ազատ են, թե՞ բնությունը, որ ունի նման հրաշքներ:
Մի պահ թռչուներն անհետացան տեսադաշտիցս, նկատեցի հեռվում աշխատող մարդկանց: Ես նայում էի նրանց եռանդուն աշխատանքին ու նույնչափ եռանդով մտքերս տալիս թղթին:
Արևի տակ կռացած՝ հողը քաղհանում էին միջին տարիքի երկու կին: Ինձ թվաց, որ նրանք հույսեր ունեն՝ կապված հենց այդ հողի հետ: Հողը, վարուցանքը գյուղացու ապրուստի միջոցն են:
Այնուամենայնիվ, ես հիացած հետևում էի նրանց աշխատանքին. այնքա՜ն մտերմիկ, այնքա՜ն հարազատ էր ինձ այդ պատկերը:
Թռչունները նորից եկան: Ես տարվել էի նրանցով, երբ հանկարծ ականջիս հասավ մի նուրբ ձայն.

-Երազո՛ղ, հե՛տ արի, զանգը տվեց:

gohar hakobyan (ararat)

Մի թրի պատմություն

Երեկ պատմության դասին ուսուցչուհիս պատմեց մեր գյուղացի, Հայրենական պատերազմի մասնակից Գեղամ պապիկի մասին: Նշեց, որ նա մինչև վերջերս ողջ էր: Գեղամ պապիկը դասընկերոջս պապիկն է: Նա շատ էր մեզ պատմել իր պապիկի մասին: Ինձ այդ պատմությունները վաղուց էին հետաքրքրել: Որոշեցի ավելի շատ տեղեկություններ հավաքել նրա մասին:

Շտապեցի մեր դպրոցի փոխտնօրենի մոտ, որը նույնպես հերոս պապիկի թոռնուհին է:
Մենք երկար զրուցեցինք, և նա պատմեց լուսավոր հիշողություններ:

-Պապիկս ուտող-խմող մարդ էր, սիրում էր ընկերական շրջապատը: Հերթական օրերից մեկն էր, երբ խնջույք էր կազմակերպել: Այդ օրը լավ խմած էր, վերցրել էր իր թուրը ու սպառնում էր, որ կթռցնի բոլորի գլուխը: Ընկերներից մեկն էլ ասաց՝ քեզ Շաբալդա՞ ես կարծում (Շաբալդան իրենց գյուղի ազդեցիկ մարդկանցից է եղել): Ու այդ օրվանից նրան կոչեցին Շաբալդա: Պապիկս իր ծնունդը նշում էր մայիսի 9-ին, ասում էր, որ այդ օրը ինքը երկրորդ անգամ է ծնվել, քանի որ հայրենական պատերազմն ավարտվել է:

-Նա սիրո՞ւմ էր խոսել պատերազմի մասին:

-Եթե սթափ էր, չէր սիրում, բայց երբ փոքր-ինչ գինովցած էր լինում, կխոսեր երկար ու առանց դադարի:

Ես ընկեր Ազատյանի դեմքին թախծոտ ժպիտ նկատեցի և ավելի մեծ հետաքրքրությամբ տվեցի հաջորդ հարցս.

-Ինչո՞վ էին հետաքրքիր այդ պատմությունները:

-Գիտե՞ս ինչով էին հետաքրքիր, նա խոսում էր ոչ թե իր մասին, այլ պատերազմի ու խաղաղության, մարդկության ապագայի, երիտասարդության ու կրթության, գեղեցկության ու մաքրության մասին: Պապիկս պատմում էր. «1944 թվականի հունիսի 19-ին այն զորամասը, որտեղ կռվում էի ես, հրաման էր ստացել ազատագրել Ուկրաինայի քաղաքներից մեկը՝ Դրոգոբիչը:
Արդեն 6 ամիս էր, ինչ խորհրդային զորքերը չէին կարողանում ճեղքել գերմանական ահռելի ուժերի ամրությունը: Եվ ահա մերոնք լրացուցիչ զենք ու զինամթերք ստացան: Առաջին հերթին՝ «կատյուշաները», որոնց մերոնք առաջինը գործի դրեցին և գրավեցին քաղաքը»:

-Իր հայրենասիրությունը արդյոք փոխանցվե՞լ է իր ժառանգներին:

-Միշտ ենք լսել պապիկիս զրույցները և տեսել նրա հանդեպ հասարակության սերն ու հարգանքը, ինչպես նաև՝ իր կողմից կատարված նախաձեռնություներն ու աշխատանքները: Մենք բոլորս հպարտ ենք, որ կարող ենք կոչվել «Շաբալդայի հետնորդներ», քանի որ նրանից սերված բոլոր սերունդները ձգտում են լինել հայրենասեր, օրինապահ, աշխատասեր և հասարակության մեջ գտնել այն տեղը, որին արժանի է հայ մարդը և քաղաքացին:

-Ունե՞ր մի այնպիսի արտահայտություն, որ կրկնում էր անընդհատ:

-Միշտ ասում էր՝ օ՜ֆ, օ՜ֆ, իսկ մենք արդեն գիտեինք, թե ինչ էր թաքնված այդ խոսքի տակ:
Կարծես ասում էր. «Ոչինչ չունեմ ասելու, բայց իմացեք, որ դուք պատասխանատու եք ձեր յուրաքանչյուր քայլի համար»:

-Ընկե՛ր Ազատյան, ի վերջո այդ թուրը ի՞նչ նշանակություն ուներ իր համար:

-Այդ թուրը մինչև այժմ կախված է պապիկիս տան պատից: Նա միշտ հպարտանում էր և ոգևորված պնդում, որ թուրն է իրեն ուժ ու զորություն տալիս: Մենք հավատացել ենք նրան ու այժմ էլ ուզում ենք հավատացած լինել, որ պապիկիս լուսավոր հոգին՝ որպես պահապան հրեշտակ, մեզ է հսկում ու ավետում բարին:

Ավելի ճիշտ՝ ոչ մի բան չի մոռացվի

Զրույց ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանի հետ: Նարեկը քեռակնոջս մորաքրոջ տղան է, նա տանկերի համար նախատեսված նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռը: 

-Նարե՛կ, զորացրվելուց հետո հե՞շտ հարմարվեցիր քաղաքացիական կյանքին:

-Այնքան էլ չէ, ամեն ինչ շատ անսովոր էր, ու բոլորի ուշադրության կենտրոնում էի, ինչը ես չեմ սիրում: Բայց կամաց-կամաց ընտելացա քաղաքին ու հասարակությանը:

-Ինչո՞ւ չես սիրում լինել ուշադրության կենտրոնում:

-Չգիտեմ, ես միշտ այդպիսին եմ եղել: Ուղղակի չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, չեմ սիրում տարբերվել:

-Սպասո՞ւմ էիր բանակ գնալուն:

-Չէի ասի՝ սպասել, գիտեի, որ գնալու եմ ու ընդհանրապես չէի խուսափում: Ես միշտ մտածել եմ, որ հայ տղան պիտի ծառայի:

-Երբ իմացար, որ ոչ թե Հայաստանում, այլ Արցախում ես ծառայելու՝ տնից ու ընտանիքից հեռու, ի՞ նչ զգացիր:

-Շատ ավելի ուրախ էի, ես չէի ուզում ծառայել Հայաստանում կամ տանը մոտ ինչ-որ տեղ, քանի որ տանը մոտ լինելով՝ անընդհատ ձգտելու էի տուն: Իսկ հեռվում մոռանում ես ամեն ինչ, քո քաղաքացիական կյանքը ու սկսում բարեխիղճ ծառայել հայրենիքին: -Հիշում եմ՝ ծնունդդ նշել ես սահմանին:

-Հիշելու շատ բան կա, ավելի ճիշտ՝ ոչ մի բան չի մոռացվի: Ճիշտ ես հիշում, ծնունդս նշել եմ դիրքերում, ապրիլի 1-ին: Ապրիլի 1-ը շատ հանգիստ անցավ մինչև լույս 2-ի գիշերը՝ ժամը՝ 03:00-ը: Հետո սկսվեց հակառակորդի հրետակոծությունը:

-Մայրդ՝ տիկին Անժելան, քո նկարով տորթ էր ուղարկել ու Մարիամ Աստվածածնի պատկերը: Ասել էր՝ սրբապատկերը դնես համազգեստիդ գրպանում՝ սրտիդ մոտ, որպես պաշտպան:

-Հենց դա էլ ինձ պահեց ու պաշտպանեց: Միգուցե ինձ ուժ ու զորություն տվեց, որ կարողացա հաղթահարել այդ ամենը:

-Դու նռնականետով ուղղաթիռ ես ոչնչացրել: Անհնար է պատկերացնել, բայց դու արել ես դա:

-Կարևորը ցանկություն ու հավատ է պետք: Պետք է հավատաս քո ուժերին, որ դու կարող ես դա անել: Ես մտածում եմ, որ բոլորն էին պատրաստ դրան, իսկ կհաջողվեր, թե չէ՝ այլ հարց է: Բոլորն էին պատրաստ իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Բայց ես արժանացա այդ բախտին, ու ինձ հաջողվեց կատարել իմ առաքելությունը: Ո՞վ գիտե՝ միգուցե հենց դա էր իմ կյանքի իմաստը, նպատակը կամ առաքելությունը, չգիտեմ՝ ոնց ասեմ:

-Ի՞նչ պլաններ ունես դու ապագայի հետ կապված: Գիտեմ, որ սովորում էիր Հայ-հունական պետական քոլեջում:

-Արդեն ավարտել եմ Հայ-հունական պետական քոլեջը, պատրաստվում եմ ընդունվել պետական համալսարան: Դրա հետ մեկտեղ՝ դասընթացներ եմ անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ու շուտով կշարունակեմ ծառայությունս՝ որպես սպա:

-Իսկ ե՞ րբ հասկացար, որ ուզում ես ծառայությունից հետո նորից բանակ վերադառնալ:

-Զորացրվելուց որոշ ժամանակ հետո հասկացա, որ ես դեռ կարող եմ իմ երկրին օգտակար լինել ու որոշեցի շարունակել իմ ուղին:

-Ի՞նչ կմաղթես սահմանին կանգնած մեր տղաներին:

-Խորհուրդներ չեմ ցանկանում տալ, մեր տղաները լավ գիտեն իրենց գործը: Կցանկանայի, որ բոլորն էլ խաղաղ ու հանգիստ հասնեն իրենց տուն: