Հովհաննես Ղուլիջանյանի բոլոր հրապարակումները

Բանավեճի հանրապետական մրցաշար

Ավարտվեց Ջինիշյան հիմնադրամի կողմից կազմակերպված 2017 թվականի հանրապետական մրցաշարը։ Մենք Մեծամորից և Արմավիրի երկու դպրոցներից հավաքական թիմ էինք կազմել և նույնպես մասնակցում էինք։ Մեզ հաջողվեց բոլոր խաղային օրերի ընդհանուր վեց խաղերում հաղթել, և արդյունքում զբաղեցրեցինք առաջին տեղը։

Հիմա պատմեմ, թե ինձ ինչ տվեց այց մրցաշարը։ Դե իհարկե, նոր ծանոթությունները անպակաս են, որոնց համար շատ ուրախ եմ, բայց գլխավոր բանը, որ ես սովորեցի, դա այն է, որ կյանքում երբեք պետք չէ ինչ-որ բանի սպասել, այլ պետք է միայն հավատալ և գնալ առաջ։ Առաջին խաղային օրը, երբ դեռ 28 դպրոց կար պայքարում, մենք ընդհանրապես չէինք էլ սպասում, որ կգանք կհասնենք եզրափակիչ խաղին, սակայն շնորհիվ մեր թիմային աշխատանքի՝ ամեն ինչի հասանք։ Հաջորդ կարևոր բանը, որ սովորեցի, ազատ ելույթ ունենալ: Երբ առաջին խաղն էր, և ես պետք է մեր թիմի ողջույնի խոսքը ասեի՝ շատ էի լարվում, մինչդեռ այդ խաղին միայն մենք էինք, հակառակորդ թիմը և դատավորները, իսկ արդեն, երբ հերթը հասավ եզրափակիչ խաղին, կրկին ողջույնի խոսքը իմն էր: Այս անգամ մեզ էին լսում մասնակից բոլոր դպրոցները, շատ հյուրեր, սակայն շնորհիվ բանավեճի, կարողացել էի իմ միջից հանել այդ վախը, և առանց խնդիրների խաղը և՛ սկսվեց, և՛ ընթացավ իր հունով։

Այս բոլորը շատ կարևոր հատկություններ են, որոնք միշտ պետք են գալու կյանքում, իսկ դա զարգացնելու լավագույն միջոցներից է բանավեճի ակումբը։ Հենց դրա համար էլ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և վստահ եմ, որ կապը դեռ կշարունակվի և շատ այլ նոր հատկություններ ձեռք կբերեմ շնորհիվ ակումբի։

Դե, արդեն վերջում մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր թիմին: Առաջ, Արմավիր 1…

hovhannes ghulijanyan

«Չես դադարում զարմացնել…»

2015 թվականի ամռանը մասնակցեցի «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացին։ Հենց այդ ժամանակ էր, որ նրանց օգնությամբ նկարեցի «Փալանչո» ֆիլմը, որը ճանաչում բերեց տիկնիկային թատրոնին:
Եկավ 2016 թվականի գարունը. կրկին դասընթաց, այս անգամ՝ Արմավիրում։ Նորից մասնակցեցի՝ ավելի մեծ ոգևորությամբ: Սկսեցի ավելի հաճախ նյութեր գրել, սկզբում բոլոր նյութերս պատասխան նամակ էին ստանում, որտեղ նշված էին իմ թերությունները։ Դրանք շտկելուց հետո նյութերս հայտնվում էին կայքում։ Նկատել եմ, որ վերջերս նյութերս առանց շտկումների են հայտնվում կայքում, քանի որ դրա կարիքն այլևս չի լինում։ Եվ այս ամենը շնորհիվ «Մանանա» կենտրոնի լրագրության դասընթացների: Բոլոր ծանոթներիս պատմել եմ այս կազմակերպության մասին ու բոլորը սպասում են, թե երբ պետք է լինի հաջորդ դասընթացը։

Ամռանը նույնիսկ հնարավորություն ստացա մասնակցելու «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին, որն իր տեսակով միակն էր Հայաստանում: Ճամբարում ամեն օր վարպետության դասեր էին անցկացվում, որոնք վարում էին հայտնի մասնագետներ: Ճամբարում ավելի հմտացա գրելու մեջ և նյութերս, որոնք հայտնվում էին համացանցում, արդեն մեկնաբանվում էին: Հիշարժան էր վերջին նյութիս մեկնաբանություններից մեկը. «Հո՛վ, չես դադարում զարմացնել, շա՜տ լավ ես գրել»: Եվ սա այն դեպքում, երբ դպրոցում ես կաղում էի շարադրություններ գրելիս: Դե, իրականում, մեզ այստեղ սովորեցնում են ոչ թե շարադրություններ գրել, այլ զարգացնել լրագրողական միտքը, վերլուծել, իրական պատմություններ, սցենարներ գրել, հարցազրույցներ վերցնել։ Ճամբարում շատ գիտելիքներ ձեռք բերեցի։ Նաև շատ կարևոր էին նոր ծանոթությունները, ու հիմա, որ մարզ էլ գնամ, հանգիստ կարող եմ ասել՝ այնտեղ ընկերներ ունեմ:
Հիմա, ճիշտ է՝ ես ուրիշ մասնագիտական ուղղվածություն ունեմ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կապս կպահեմ «Մանանա» կենտրոնի և 17.am-ի հետ՝ շարունակելով զբաղվել լրագրությամբ, լուսանկարչությամբ և կինոյով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանանայի» անձնակազմին, քանի որ հենց նրա շնորհիվ ստացա շատ գիտելիքներ։

hovhannes ghulijanyan

Ավետման տոնը

Այսօր Արմավիրի մարզի Մրգաշատի եկեղեցում մատուցվեց Ավետման Սուրբ Պատարագ։ Դե, արդեն պարզ է, որ  Պատարագի հիմնական խորհուրդը մայրության տոնն է։ Պատարագի ժամանակ Սիոն սրբազանը քարոզեց՝ մեջբերելով Գարեգին Առաջինի խոսքերը. Մարիամ Աստվածածնի մեջ է ամփոփված մայրության բարձրագույն արտահայտությունը։ Նաև քանի որ մենք այժմ Մեծ Պահքի մեջ ենք, ասաց, որ կարևոր է պահքի ժամանակ չկենտրոնանալ զուտ կերակուրներից հրաժարվելու վրա: Մեծ Պահքը շատ ավելի կարևոր իմաստ ունի։ Պետք է ձգտել հոգևոր պահքի, որն է՝ ապրել Աստծո պատվիրաններով։

Ես ևս այս բառերը լսելով, մտածեցի և հիշեցի, որ ընկերոջս հետ կռված եմ, և հասկացա, որ պետք է անպայման հաշտության եզրեր փնտրել, դրա համար հենց այսօր ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաշտվենք։

Առջևում Ավագ Շաբաթն է, և բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն ապրել պատվիրաններով, այլ ոչ թե միայն մի քանի կերակուրներից հրաժարվեն և հպարտանան, թե պահքի մեջ են։

Ու քանի որ այսօր Ավետման տոնն է, մայրության և գեղեցկության, ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին:

hovhannes ghulijanyan

110 հերոս

2016 թվականի ապրիլից մեկ տարի է անցել։ Թեև այն տևեց մի քանի օր, սակայն ժողովուրդն, այնքան լարված անցկացրեց այդ մի քանի օրը, որ մի քանի ամիս թվաց։ Պատերազմի ժամանակ շուրջ հարյուր տասը հերոսներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Ես այդ ժամանակ սովորում էի իններորդ դասարանում։ Ապրիլի երկուսին ամբողջ դասարանով գնացինք եկեղեցի և աղոթեցինք խաղաղության համար, այնուհետև սկսեցինք թռուցիկներ պատրաստել և դրանք փակցրեցինք ամբողջ քաղաքով։

Աստված տա, այլևս երբեք այդ օրերը չկրկնվեն:

hovhannes ghulijanyan

Պարտության դասերը

Երեկ մեր բանավեճի ակումբի երկրորդ մարզային խաղն էր։ Երևի կհիշեք, որ առաջին խաղում պարտվել էինք։ Այդ պարտությունից հետո մենք սկսեցինք ավելի լուրջ մոտենալ հարցին և երկրորդ խաղում հաղթեցինք։ Առաջին խաղում մեզ հաղթող թիմը հավաքել էր 44 միավոր, իսկ այս անգամ, մեզ պարտվող թիմը հավաքել էր 50 միավոր։ Այսինքն, մեզ նույնիսկ չկանգնեցրեց հակառակորդ թիմի լավ պատրաստվածությունը, քանի որ մենք գնացել էինք միայն հաղթելու։

Հիմա մի փոքր պատմեմ կոնկրետ խաղի թեմայից, քանի որ այն շատ հետաքրքիր և արդիական թեմա էր։ Հետևյալն էր՝ «Էֆթանազիան պետք է օրինականացվի»։ Էֆթանազիան անբուժելի հիվանդին իր կամքով սպանելն է։ Խաղի ընթացքում գաղափարական բախումներ շատ եղան, որի մասին ասացինք եզրափակիչ ելույթում։ Խաղն ամփոփելիս, եզրափակիչ ելույթը մի փոքր կրճատումներով ցանկանում եմ ձեզ ներկայացնել.

«Հարգելի դեմ թի՛մ, դուք մեր առաջին պնդմանը, որը հետևյալն էր՝ Էֆթանազիան անբուժելի հիվանդին ցավերից ազատելու վերջին միջոցն է, հակապնդեցիք՝ ասելով, որ գոյություն ունեն ցավազրկողներ, որոնք ևս ցավերից ազատում են։ Սակայն մենք հակապնդեցինք՝ ասելով, որ օրինակ մոտոնեյրոնային հիվանդության դեպքում չեն օգնում նույնիսկ ցավազրկողները»։  Եվ այսպես, խաղը լի էր հակասություններով և դրանով էլ՝ հետաքրքիր:

Ահա մի փոքրիկ հատված մեր հետաքրքիր խաղից, առջևում մեզ սպասվում է հանրապետական փուլը, որի համար մեզ անհրաժեշտ է առավելագույն պատրաստվածություն, իսկ այս խաղի գլխավոր ձեռքբերումը ես համարում եմ, այն, որ ապացուցեցինք, որ երբեք պետք չէ հանձնվել, այլ հավաքվել և ձգտել միայն հաղթանակի։

hovhannes ghulijanyan

Բանավեճից ճշմարտություն է ծնվում

Շուտով կրկին մեր դպրոցական բանավեճի խաղերից է լինելու։ Ընտրված թեման շատ հետաքրքիր է՝ «Դպրոցականների համազգեստները պարտադիր են», և ամենակարևորը՝ վիճելի: Դա մեզ թույլ կտա հետաքրքիր խաղ անցկացնել։

Ես ինքս մինչև հիմա չեմ կողմնորոշվում, թե ինչպիսին է իմ տեսակետը այս հարցի շուրջ, քանի որ երբ ինչ-որ ուղղությամբ մտածում եմ, հակառակը ևս միշտ գտնում եմ։ Օրինակ, եթե մտածենք, որ դրանք թանկ են, և ոչ բոլորին են հասանելի, կարող ենք դրան հակադրել նաև երեկ իմացածս տեղեկությունը՝ պետությունը համազգեստ է տրամադրում անապահով ընտանիքների երեխաներին։ Գրեթե ամեն մի պնդման կարողանում եմ «հակապնդում» գտնել, ինչն էլ ինձ վստահեցնում է, որ շատ հետաքրքիր խաղ է սպասվում։

Մի փոքր պատմեմ մեր մրցույթային խաղերից։ Ճիշտն ասած, պարտվեցինք մեր մարզային խաղում: Պարտության հետ ինքներս համաձայն էինք, քանի որ շատ ակնհայտ սխալներ արեցինք, որոնք էլ եղան պարտության պատճառը: Բայց պարտությունից հետո մի տեսակ ոգևորություն արթնացավ մեջս, որ պետք է անպայման հաջորդ խաղում հաղթենք, և դրա համար սկսել եմ էլ ավելի լուրջ մոտենալ բանավեճի ընկերական խաղերին։

Դե ինչ, մեզ հաջողություն մեր հետագա խաղերում։

hovhannes ghulijanyan

Ծեծված թեմայի շուրջ

Հնդկական սերիալները 17-ի համար մի քիչ ծեծված թեմա են դարձել, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ իմ տեսակետը հայտնել:

Սկզբում եկեք համեմատենք հնդկական և հայկական սերիալներից որն են ավելի շատ դիտում: Անխոս, հայերի կողմից հնդկական սերիալները ավելի շատ են դիտվում, քան հենց հայկականները։ Երկրորդ ու գլխավոր առավելությունը հնդկական սերիալների ըստ իս այն է, որ հնդիկ սցենարիստները կարողանում են իրենց ֆիլմերի միջոցով մեզ ներկայացնել իրենց երկրի ծեսերը, պատմությունը: Այս երևույթը գրեթե բացակայում է հայկական սերիալներում։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մենք չզգացինք, թե ինչպես հետզարգացում ապրեցինք, որովհետև մի քանի տարի առաջ սարկազմով էինք խոսում հնդկական ֆիլմերի մասին։ Ծիծաղում էինք, թե ինչպես են նախկինում դիտել նմանատիպ «ֆանտաստիկ» ֆիլմեր, բայց արի ու տես, որ կրկին սկսվել է դրանց ցուցադրությունը։

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո

IMG_0459-2Այսօր, երբ հունվարի հինգն է, ես ցանկանում եմ շնորհավորել Նոր տարվա հետ, Սուրբ Ծնունդը: Գրեթե բոլորը դեռ դեկտեմբերի երեսունմեկից ասում են. «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», երբ Պատարագի ժամանակ քահանան իր քարոզի մեջ ասաց, որ դա ճիշտ չէ, նաև ընկերս իր ֆեյսբուքյան շնորհավորանքի մեջ դա ասաց, սկսեցի մտածել, որ իրոք ճիշտ չէ շնորհավորել Սուրբ Ծնունդը, քանի որ դեռ դրան մի քանի օր կա:

IMG_0470-3Այդ իսկ պատճառով այսօր երեկոյան, երբ եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Քրիստոսի ծննդյան ավետիսը նշանավորող ճրագը կտանենք տուն, նոր կարող ենք ասել` շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

hovhannes ghulijanyan

Ավագ դպրոցում

Միջնակարգ և ավագ դպրոցների հիմնական տարբերությունը հոսքային ուսուցումն է: Ես սովորում եմ տնտեսագիտական հոսքում, այստեղ խորացված անցնում ենք մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն առարկաները: Ճիշտ է, իմ նախասիրությունները այլ են, սակայն ես այժմ այս հոսքում եմ, քանի որ իմ՝ դեռ միջնակարգ դասարանի ընկերները ևս այստեղ են, և ես չէի ցանկանում նրանցից բաժանվել:

Երբ միջնակարգ դպրոցում էինք, մեզ ասում էին, որ տասից տասներկուերորդ դասարաններում նույն միջնակարգ դասարանների կրկնությունն է: Սակայն հիմա այնքան նոր բաներ ենք անցնում, որոնց մասին նույնիսկ գաղափար չունեինք:

Մի քանի օր առաջ, երբ դասընկերուհուս հետ էի զրուցում, նա ասաց, թե ինչպես էր իրենց ուսուցչուհին ասում, որ վայելեն իրենց անհոգ օրերը, որոնք ավագ դպրոցում այլևս չեն լինի: Եվ իրոք, ավագ դպրոցում մեր օրը շատ ավելի հագեցած է լինում:

hovhannes ghulijanyan

«Երկինքը մանանա կցողի վրադ»…

Գիրք էի կարդում: Հանկարծ հանդիպեց այսպիսի նախադասություն. «Երկինքը մանանա կցողի վրադ»: Միանգամից «մանանա» բառը ուշադրությունս գրավեց: Հիշեցի «Մանանա» կենտրոնը, փորձեցի հիշել, թե արդյո՞ք մեզ «Մանանայի» դասընթացների ժամանակ բացատրել են` ինչ է նշանակում այս բառը, սակայն չկարողացա մտաբերել:

Բառարանում նայեցի, ուներ մի քանի իմաստ.

1. Մի քանի բույսերի չորացած շաքարանման հյութ, որն օգտագործվում Է որպես ուտելիք, ինչպես և դեղամիջոց, գազպեն:

2. Ըստ Աստվածաչնչի ավանդության՝ երկնքից հրեաներին առաքվող սնունդ՝ անապատում նրանց թափառումների ժամանակ:

3. (փոխաբերական) Ուտելիք, ուտելու բան, սնունդ:

Մտածեցի. Գեղեցիկ բառ է և խորիմաստ: Տեսնես` որ իմաստով են այս բառն իրենց անուն վերցրել «Մանանայի» հիմնադիրները քսանմեկ տարի առաջ: Որ իմաստով էլ ընտրած լինեն, ճիշտ կլիներ, իրենց կատարած աշխատանքին բնորոշ: