Հովհաննես Ղուլիջանյանի բոլոր հրապարակումները

hovhannes ghulijanyan

Բարու և չարի մասին

Հասարակագիտության հերթական հետաքրքիր դասերից մեկն էր: Դասը բարու և չարի մասին էր:

Եթե ցանկանանք տալ բարու կամ չարի հստակ սահմանումը, ապա կդժվարանանք, միայն կարդացինք Ալբերտ Շվեյցերի խոսքերը, որ` բարի է այն, ինչը նպաստում է կյանքի զարգացմանն ու պահպանմանը, իսկ չար է այն, ինչ ոչնչացնում է կյանքը:

Դասի ժամանակ բանավիճեցինք, արդլո՞ք մարդ ի ծնե բարի է, թե չար: Կարդացինք մի քանի բարոյագետների տեսակետներ: Օրինակ՝ ըստ Ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոյի՝ մարդն ի ծնե բարի է, իսկ ըստ Կանտի` մարդն ի ծնե չար է, սակայն նա իր մեջ կրում է նաև բարու հատիկներ, որոնք մարդ ձգտում է զարգացնել, որպեսզի դրանք գերիշխեն մարդու՝ չար գործեր կատարելու հակվածությանը:

Ինձ համար ավելի համոզիչ էր Կանտի տեսակետը:

Ընթացքում ինձ հարց ուղղվեց, թե արդյո՞ք համամիտ եմ Սոկրատեսի խոսքերին. « Ով իմաստուն է, նա բարի է»: Ես չհամաձայնվեցի:

Ճիշտ է, երբ մարդ իմաստուն լինի, կհասկանա, որ պետք է բարի լինել, բայց ըստ ինձ, միայն ցանկանալը բավարար չէ բարի լինելու համար, քանի որ ես ևս, ինձ համարելով հավատացյալ, ցանկանում եմ ապրել Աստծո սահմանած պատվիրաններով: Սակայն դա բավարար չէ, քանի որ շրջապատը շատ մեծ դեր է խաղում, և նույն կերպ էլ այնտեղ՝ միայն ցանկանալ բարի լինել, բավարար չէ:

Այս ասելուց անմիջապես հետո ուսուցչուհին ինձ հարցրեց, թե ես ինձ բարի՞ մարդ եմ համարում, թե՞ ոչ: Ես հրաժարվեցի պատասխանել, քանի որ մտածում եմ, իմ բարի կամ չար լինելու մասին պետք է ասեն իմ ընկերները, այլ ոչ թե ես:

Ահա այսպիսի հետաքրքիր դաս անցանք: Կարծում եմ, որ դասից հետո բոլորն էլ երկար խորհելու առիթ կունենան, և նմանատիպ դասեր դեռ շատ կլինեն:

hovhannes ghulijanyan

Ո՞րն է ճիշտ

Դրսում նստած էի ու առանձնացել էի մտքերիս հետ: Մեկ էլ մի կին իր երեխայի հետ զրուցելով քայլում էր, ես էլ լսեցի նրանց զրույցը, որը հետևյալն էր.

-Մա՛մ, մոծակը ոտքս կծեց, քորա գալիս:
-Վա՜յ, բալե՛ս, ոտիկը բաձացրու` քոլեմ:

Առաջին հայացքից նորմալ խոսակցություն է, և իսկապես, ամեն ինչ նորմալ էր, բայց ես սկսեցի մտածել, թե ինչու երեխան նորմալ, առանց արգելքի, ճիշտ հայերենով խոսեց, իսկ մայրը պատասխանեց թոթովելով (ոտիկ, բաձացրու, քոլեմ):

Հիմա կասեք` բա երեխա է, ճիշտը մի քիչ հետը երեխավարի խոսելն է: Հա, բայց իմ կարծիքով դա այն դեպքում ճիշտ կլիներ, երբ երեխան այդպես խոսեր, մայրն էլ նույն կերպ պատասխաներ: Իսկ երբ երեխան շատ ճիշտ, գովելի կերպով խոսեց, պետք չէր նրա խոսելաձևի վրա բացասաբար ազդել:
Մի տեսանկյունից էլ կարելի է նայել այս հարցին, որը հետևյալն է՝ երեխայի խոսելաձևը փոխել, որպեսզի երեխայի խոսելաձևի նմանվի, որով երեխան իր տարիքին կհամապատասխանի: Այստեղ էլ կասեմ, որ երեխային երեխա պահելու համար շատ այլ միջոցներ կան: Օրինակ՝ նրանց չտրամադրել հեռախոսներ, համակարգիչներ, կամ նրանց հագ ու կապը չդարձնել մեծահասակի հագուկապ: Սրանց վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ ոչ թե խոսելաձևը փոխել:
Վերջում ցանկանում եմ մի փոքր լուրջ ավարտել՝ կոչ անելով որոշ ծնողների ավելի հետևողական լինել իրենց երեխաների հանդեպ:

Հ.Գ. Ովքեր համամիտ չեն, մեկնաբանություն գրե՛ք:

Նա միշտ ներկա է

Ես արդեն նշել էի, որ լուսանկարչություն շատ եմ սիրում և օրը մի քանի կադր նկարում էի: Երեկ, երբ դիտեցի նկարածներս, նկատեցի, որ գրեթե ամեն օրվա կադրերիս մեջ եկեղեցին կա: Մտածեցի ու հասկացա, որ դա պատահական չէ, քանի որ ամեն պահ եկեղեցին իմ մտքում է: Դրա պատճառն էլ երևի, այն է, որ օրվաս մեծ մասն անցկացնում եմ եկեղեցում՝ մասնակցելով պատարագներին և ժամերգություններին:

Եկեղեցու մասին խոսեցի, հիշեցի, որ անցյալ կիրակի մի լավ զգացողություն ունեցա պատարագի ժամանակ, որի մասին կպատմեմ հաջորդ հոդվածումս:

Հա, քիչ էր մնում մոռանայի, նկարածներիցս ընտրեցի լավագույնները և ուղարկեցի լուսանկարչության ուսուցչիս, ով ևս ասաց, որ եկեղեցու կադրն ամենաստացվածն է:

Այժմ ցանկանում եմ հրապարակել մի քանի կադրեր, որոնցից դուք փորձեք գնահատել, թե որն է ամենաստացվածը:

hovhannes ghulijanyan

Փախուստ

-Տղե՛ք, չփախնե՞նք դասից, հաջորդ ժամը մաթեմ ա։
-Հա, բայց հետո կջղայնանան, եթե քչով գնանք։
-Մենք էլ աղջիկներին էլ կխառնենք մեծ գործին, հետո էլ դժվար ինչ-որ մեկի վրա ջղայնանան։ Ջղայնանալուց ընդհանուրի վրա կջղայնանան՝ էդ էլ հեչ։
-Լավ, դե աղջիկներից կանչեք` ասենք։
-Հերմին, Մագա, եկե՛ք։
-Հա, երեխեք։
-Նայեք, ուրեմն, երկար դասամիջոցին դուրս կգանք իբր խանութ գնալու, բայց դպրոց հետ չենք գա, կարճ ասած, կփախնենք դասից։
-Ախ՜ր…
-Ոչ մի ախր, վերջ, որոշեցինք։
-Լավ, դե մնացածին ասեք։
Այսպես որոշեցինք, և երբ եկավ փախչելու ժամանակը, առաջինն սկսեցին աղջիկները։
-Երեխեք, զգուշեք եղեք, չտեսնի դասղեկը, թե չէ…
-Հանգիստ եղեք, հա, մեկ էլ. բռնվելուց կասեք` կազմակերպիչ չկա։
Այսպես գնում էինք դուրս, մեկ էլ երեխեքից մեկը.
-Աշոտ պապին մեզ ա նայում։ Հաստատ ջոգեց։
-Հա, բա: Թե չէ` ինչի՞ պիտի էսքանով պայուսակներով գնանք:
-Ոչինչ, շարունակեք գնալ, իրեն մի նայեք։
Երբ հասանք ցանկապատին, պահակը՝ Աշոտ պապին, բղավեց։
-Մարիամի՛կ, հետ արի։
-Չթեքվեք, գնացինք։
Երբ դպրոցից շատ հեռացանք, բաժանվեցինք, ու ամեն մեկը գնաց իր տուն։

Իբր ի՞նչ: Տանն ի՞նչ ենք անելու:
Եկավ հաջորդ օրը։ Նախօրոք պայմանավորվել էինք, որ խմբով գնանք: Երբ հասանք դպրոցի դռան մոտ, պահակը եկավ։
-Աղջի Մարիամիկ, որ կանչեցի, խի՞ չեկար։
-Չէր լինի Աշոտ պապի, ընդհանուր փախնում էինք։
-Հա, ես լրիվ ուրիշ բանի համար էի կանչում։
-Ինչի՞։
-Ֆիզկուլտի շորերդ իմ սենյակում էիր թողել։ Տեսա` տուն էիք գնում, ասի` կանչեմ տամ, էն էլ չեկար։
-Հա… Փաստորեն իմացե՞լ ես փախնում ենք, ու չես կանգնեցրել։
-Հա, դե փախեք, որ դպրոցից հիշելու բաներ ունենաք։
-Վայ, Աշոտ պապի…
Սա էլ մեր դասարանի հաջողված փախուստներից մեկն էր։

hovhannes ghulijanyan

Վազաշենից Մեծամոր՝ անվտանգ կյանքի հույսով

2014 թվականին մեր դասարան նոր աշակերտ եկավ։ Ծանոթացանք նրա հետ: Պարզվեց, որ Մարիամ Թեմուրազյանը սահմանամերձ գոտում է ապրել։ Այժմ ցանկանում եմ նրա հետ հարցազրույցի միջոցով ավելի շատ մանրամասներ իմանալ։ Նաև նշեմ, որ հիմա Մարիամը 15 տարեկան է և այս երկու տարիների ընթացքում նա դասարանում աչքի է ընկել իր գերազանց առաջադիմությամբ։

-Մարիամ, որտե՞ղ էիր ապրում մինչև Մեծամոր տեղափոխվելը:

-Մինչև 2014 թվականը ապրել եմ Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղում: Իսկ 2014 թվականից տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք:

-Ինչո՞ւ եք տեղափոխվել Մեծամոր:

-Գյուղը սահմանամերձ է, կրակոցներ շատ են լինում, բուն պատճառը դա է, իսկ բացի դրանից լավ ուսման համար:

-Կրթության որակը շա՞տ է տարբերվում:

-Այո, շատ: Դպրոցումշատ առարկաներ իրենց ուսուցիչները չեն դասավանդում, քանի որ գյուղում ուսուցիչ էլ չի մնացել:

-Այսինքն բացի ձեզնից շա՞տ հեռացողներ կային:

-Այո’, գյուղը գրեթե դատարկվում է: Այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այլ տեղ տեղափոխվելու՝ կրակոցների ժամանակ գնում են իրենց բարեկամների տուն:

-Շատ ցավալի վիճակ է: Իսկ ծանոթներ ունե՞ք գյուղում, ումից տեղեկանում եք գյուղի ներկա վիճակի մասին:

-Այո’, ամեն օր խոսում ենք: Ներկա պահին կրակոցներ չկան, բայց երբ էլ որ լինում են, շատ ուժեղ են լինում:

-Իսկ հե՞շտ էր Մեծամորում հաստատվելը: Կցանկանայի՞ք վերադառնալ գյուղ:

-Մեծամորում հաստատվելը այդքան էլ հեշտ չստացվեց, կարոտում էի գյուղս: Կցանականայի վերադառնալ, բայց ինչպես ծնողներս են ասում. «Գյուղում ապագա չկա»:

-Կա՞ն խմբակներ, որոնց հաճախում ես Մեծամորում: Եվ արդյո՞ք ապագան ձեր տեսնում ես Մեծամորում:

-Այո’, հաճախում եմ տիկնիկային թատրոնի խմբակ: Դա իմ ապագայի մի մասն է կազմում:

Ամեն անգամ դասարանում Մարիամին տեսնելիս ակամա հիշում եմ մեր սահմանամերձ գյուղերը, որոնք կրակոցների պատճառով դատարկվում են: Երազում եմ, որ մի օր Մարիամի ծնողները հաստատ համոզված լինեն, որ գյուղում ապրելն անվտանգ է, և գյուղն ապագա ունի:

Դիլիջան մեդիա ճամբար. Գրիշա պապը

Լուսանկարը՝ Հովհաննես Ղուլիջանյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Ղուլիջանյանի

Այսօր ֆորոարշավ գնալու մեր հերթն էր: Գնացինք Մարգահովիտ գյուղ, որը տեղացիների խոսքով Հայաստանի ամենամեծ գյուղերից էր:

Գյուղը ճիշտ է, մեծ էր, սակայն բնակչությունը, այդքան էլ մեծ չէր:

Լուսանկարը՝ Հովհաննես Ղուլիջանյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Ղուլիջանյանի

Գյուղում հանդիպեցինք մի պապիկի, ով ինձ միանգամից գրավեց, և ես գնացի նրա հետ զրուցելու նրա հետ: Նա վաթսունվեցամյա Գրիշա պապն էր, ով ծնվել էր հենց Մարգահովիտ գյուղում և զբաղվում էր անասնապահությամբ: Իմ այն հարցին, թե ինչ հետաքրքիր դեպք կպատմի իր կյանքից, նա պատասխանեց. «Բալա ջա՛ն, ոչ մի հետաքրքիր բան չկա, ամեն օր հելնում ենք սար` անասուններին կեր տալու, իրիկուններն էլ պարապ նստում ենք»:

Գրիշա պապն ինձ դուր եկավ, և ես այս օրվա ձեռքբերում՝ բացի նոր գիտելիքներ ստանալուց, համարում եմ նրա հետ ծանոթանալը:

hovhannes ghulijanyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Կարևոր դասեր

Այսօր մենք նախ զրուցեցինք տեսանկարահանումների վերաբերյալ, այնուհետև խմբերով գնացինք հարցազրույցներ նկարելու:

Ես այդ զրույցից սովորեցի այնպես տեսանկարահանել, որպեսզի լինի աչքին հաճելի` շտատիվով և առանց շտատիվի, նաև սովորեցի ճիշտ դիրք ընտրել նկարահանման համար:
Փոքր-ինչ ուշ մեզ միացավ PanPhoto-ի ֆոտոլրագրող` Արամ Կիրակոսյանը, ով վարեց լուսանկարչության վարպետության դասը: Դասընթացի ժամանակ զրուցեցինք լուսանկարչության մասին: Արամը մի դեպք պատմեց, որը իր հետ պատահել էր հոգեբուժարանում` ֆոտոպատմություն անելիս: Երբ Արամը մի քանի օր անընդմեջ գնացել էր հոգեբուժարան, հիվանդները հարցրել էին, թե ինքը բժի՞շկ է, իսկ Արամը պատասխանել էր` ոչ: Հաջորդ օրը հարցրել էին, թե արդյո՞ք այդտեղ վերապատրաստման է, այս անգամ ևս պատասխանել էր` ոչ: Իսկ արդեն երրորդ անգամ Արամին հարցրել էին, թե արդյո՞ք ինքն էլ իրենց նման հիվանդ է և գալիս է այդտեղ բուժվելու:

Այս պատմությունից եզրակացրեցի, որ լուսանկարիչների աշխատանքը այդան էլ հեշտ չէ, և լինում են դեպքեր, երբ լուսանկարիչները հայտնվում են անհարմար իրավիճակներում:
Դասընթացի ժամանակ շատ նոր գիտեիքներ ձեռք բերեցինք: Դասի ժամանակ նաև դիտեցինք ֆիլմ և նկարներ:
Այս հանդիպման շնորհիվ իմ մեջ ցանկություն առաջացավ ֆոտոպատմություն նկարել: Ես ձեռք բերեցի շատ նորանոր գիտելիքներ:
Երեկոյան մեր թիմը հավաքվեց դահլիճում և քննարկեցինք ֆիլմերի գաղափարները:
Այս դասը ինձ նոր մտքեր տվեց, որոնց մասին մինչ այս չէի մտածել: Կարծում եմ կկարողանամ ստացած գիտելիքներս ապագայում օգտագործել:
Այսքանով սակայն մեր օրը չավարտվեց, մենք հավաքվեցինք և դիտեցինք մեր նկարած հարցազրույցները, հասկացանք մեր թույլ տված սխալները և կփորձենք հաջորդ անգամ շտկել դրանք:
Ավելի ուշ մեր հագեցած օրը ավարտեցինք խաղերով:

hovhnannes

Բանավեճ

Ես իմ նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էի, որ հաճախում եմ Բանավեճի ակումբ։ Այս հրապարակմանս մեջ ցանկանում եմ մի փոքր խոսել բանավեճի մասին։ Սկզբում ասեմ, որ «բան» (խոսք) + վեճ կարող է սխալ ըմբռնում լինել, թե սա բառերով վիճելն է: Սակայն իրականում ընդհանրապես կապ չունի վեճի հետ, այլ ինչ-որ թեմայի շուրջ զրույցն է, տարբեր դիրքորոշումներով։

Կան բանավեճի մի քանի տեսակներ՝ անհատական, թիմերով, հանպատրաստից, պատրաստված։ Կոնկրետ ես մասնակցում եմ Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած բանավեճերին։ Դրա ձևաչափը հետևյալն է։ Ինչ որ թեմա է տրվում երկու թիմերի, որոնք բաղկացած են 5-ական անդամներից, բանավիճում դրա շուրջ՝ դեմ և կողմ դիրքորոշումներով։

Կարևոր է նաև նշել, որ թեման ոչ միշտ է համապատասխանում մասնակիցների դիրքորոշման հետ: Դա ըստ ինձ, շատ լավ է, քանի որ մարդկանց սովորեցնում է ինչ որ թեմայի չնայել մի տեսակետով, այլ սովորեցնում է փորձել լավ մտածել, կշռադատել։ Բանավեճը բաղկացած է մի քանի փուլերից` կառուցողական ելույթ, հարց ու պատասխան, անդրադարձ, եզրափակիչ ելույթ։ Դրանցից կառուցողական ելույթում ներկայացնում են թիմի անդամներին, տվյալ թիմի դիրքորոշումը, պնդումներ, այնուհետև այդ պնդումները ամրապնդում են փաստերով: Հարց ու պատասխանի ժամանակ արդեն պարզ է, որ հարցեր են տալիս, իսկ եզրափակիչ ելույթում ամփոփում են ամբողջ խաղը։

Ես բանավեճի ակումբում կարողացել եմ հաղթահարել դպրոցական շեմը և մասնակցել եմ մարզային փուլին, բայց հանրապետականին դեռ չեմ մասնակցել, սակայն դեռ ամեն ինչ առջևում է։

Ապագա հոգևորականը

Հովհաննես Ավետիսյանը 19 տարեկան է, սովորում է Հայաստանի հնագույն բուհում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում:

- Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր գնալ ճեմարան:

-Որոշմանս նպաստեց գյուղում գործող կիրակնօրյա դպրոցը: Ծանոթացա, սիրեցի ու հասկացա, որ դա է ինձ պետք, և էդպես 3-րդ դասարանից հստակ քայլերով գնացի նպատակիս հետևից։-Ո՞ր գյուղից ես, մի փոքր պատմիր այդ կիրակնօրյա դպրոցի մասին։

-Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից եմ: Կիրակնօրյա դպրոցի անունն էր Հռիփսիմյանց վարժարան։ Հրաշալի հոգեկերտ դարբնոց էր՝ հրաշալի ուսուցիչներով։ 8 տարի շարունակ գնացել եմ կիրակնօրյա դպրոց, տարբեր տարիների մասնակցել տարբեր մրցույթների և հաղթել։ Դա այն տեղն էր, որտեղ հանդիպեցի Աստծուն, և այդ հանդիպումը այնքան նյութական էր, որ ազդեց ողջ կյանքիս վրա։

-Իսկ դպրոցում ինչպե՞ս ես սովորել։

-Դե, եթե մի փոքր անցնեմ համեստության սահմանը, պիտի ասեմ, որ բավականին լավ եմ սովորել: Բայց միայն առարկաների լավ իմացությունը ինձ չի բավարարել: Մասնակցել եմ բազմազան խմբակների՝ կուզեի առանձնացնել Ջինիշյան հիմնադրամի կողմից հովանավորվող Բանավեճի ակումբը, որի շրջանակներում 2013 թվականին մասնակցել եմ Բանավեճի հանրապետական փուլին, թիմային արդյունքով զբաղեցրել եմ 3-րդ տեղը և դարձել 1-ինը անհատական արդյունքում, մասնակցել եմ նաև հեռուստաբանավեճերի։ Ինձ համար հատկանշական էր իմ մասնակցությունը English Access program-ին։ Այս ծրագիրը ենթադրում էր 2-ամյա անգլերենի կրթություն, հովանավորվում էր Ամերիկայի դեսպանատան՝ ի մասնավորի, դեսպանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից։ Երկու տարում սովորել ենք փայլուն անգլերեն և ավարտել եմ գերազանցության դիպլոմով։ Իրականացրել ենք մի շարք ծրագրեր՝ հօգուտ գյուղի․ գիշերային լուսավորության կազմակերպում, դպրոցի կանաչապատում, այգու ստեղծում և այլն։
Տեղին եմ համարում նշել, որ վերը նշված բոլոր հաջողությունները գրանցել եմ շնորհիվ իմ գյուղի և ընկերների։

-Ճեմարանի ընդունելության քննությունները հե՞շտ էին, թե՞ դժվար։

-Շատ էի լարվում, անկեղծ, շատ վախենում էի, որովհետև պարապում էի առանց կրկնուսույցի՝ ինձ համար սկզբունքի խնդիր էր, բայց ընդունվեցի։

-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեիր ճեմարան գնալիս, և իրականացա՞ն դրանք։

-Ճեմարանում հասկացա, որ առհասարակ կարիքը չկա սպասելիքներ ունենալու․ երբեմն դու ինչ որ բան ես ակնկալում, իսկ Աստված քեզ համար այլ բան է նախախնամել՝ գուցե ավելին քո սպասվածից կամ գուցե պակաս, բայց պետք է միայն վստահել Աստծուն։ Այնուամենայնիվ, որ հարցն անպատասխան չմնա, ասեմ, դեռ իրականացման փուլում են, առջևում դեռ մի ամբողջ կյանք կա։

-Այսօրվա սերնդի մեջ կա՞ն այնպիսի շնորհալի երիտասարդներ, ովքեր կկարողանան դառնալ նոր Կոմիտասներ, Ավ․ Իսահակյաններ և մի շարք անվանի մարդիկ, ովքեր ավարտել են Գևորգյան ճեմարանը։

-Իհարկե կան։ Գիտեք մարդիկ հանճար չեն ծնվում՝ ծնվում են տաղանդավոր և աճելով դառնում հանճար։ Այսօր իմ շրջապատում ես տեսնում եմ տաղանդների, որոնց միայն պետք է հնարավորություն տալ ինքնաճանաչման, որի լավագույն տեղը ճեմարանն է։ Ճեմարանում այսօր էլ սաների մեջ կան ստեղծագործող երիտասարդներ, կա ճեմարանական «Վերնատուն», որտեղ քննարկում ենք միմյանց ստեղծագործությունները, խոսում արվեստից։ Իսահակյանի, Կոմիտասի և մյուսների շունչը այսօր էլ ճեմարանում է։ Ճեմարանում, ի դեպ, գործում են նկարչական, երաժշտական խմբակներ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ արվեստին, սիրել արվեստը, ինքնաբացահայտվել։

-Ասացիր` ինքդ էլ ստեղծագործում ես:

-Այո, Ճեմարանից առաջ միայն չափածո էի գրում: Երկար ժամանակ չէի գրոիմ, հետո ներճեմարանական մրցույթում հաղթելուց հետո հասկացա, որ արձակն էլ ստացվում է, հիմա սկսել եմ արձակ գրել։

-Իսկ ինձ որպես ապագա ճեմարանականի, ի՞նչ խորհուրդ կտաս։

-Միայն հավատալ էն տեսիլքին, որն ունես։ Ոչինչ պետք չէ հաջողության համար՝ բացի հավատքից։ Քեզ մաղթում եմ վստահություն, որ տարիներ հետո հանդիպենք այն ճեմարանում, որի մասին խոսում էինք։

hovhnannes

Բարև, ես Հովհաննեսն եմ

Ես Հովհաննեսն եմ, արդեն չորս տարի է, ինչ ցանկանում եմ գնալ ճեմարան և դառնալ հոգևորական: Այդ որոշման մեջ մեծ է դասղեկիս դերը: Այնպես էր ստացվել, որ մի միջոցառման ժամանակ ես պետք է կատարեի Սահակ Պարթևի դերը: Հագուստի համար դիմեցի Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու քահանա՝ Տեր Տաթևին: Այնուհետև սկսեցի հետաքրքրվել այդ բնագավառով և սկսեցի ամեն կիրակի գնալ եկեղեցի և ուղղակի մասնակցել պատարագներին՝ սովորական հավատացյալների նման: Արդեն մեկ ամիս անց բարձրացա խորան և սկսեցի ծառայել Աստծուն: 

Այդ մասնագիտությունը ընտրելու համար շատ են պատճառները: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր ծառայությունը մատուցի Աստծուն: Օրինակ, ինձ համար դա դրսևորվում է եկեղեցի գնալով և պատարագներին մասնակցելով: Հիմա ժողովրդի մոտ կա այնպիսի կարծիք, որ այժմյան քահանաները ոչ բոլորն են ճշմարիտ հավատացյալներ: Այդ կարծիքը վերացնելու համար ես մտադիր եմ դառնալ իրական հավատացյալ քահանա:

Այս ամենի հետ մեկտեղ ես չեմ դադարում հետաքրքրվել այլ բանագավառներով: Օրինակ՝ հաճախում եմ լուսանկարչության դասերի, գնում եմ բանավիճային ակումբ, մի խոսքով, շատ այլ հետաքրքրություններ ունեմ: Եվ կարծում եմ, հոգևորականը պետք է բազմաթիվ հետաքրքրություններ ունենա, խորը գիտելիքներ բոլոր բնագավառներից, որպեսզի հետագայում, երբ իրեն որևէ հարցով դիմեն, պատրաստ լինի պատասխանել ցանկացած հարցի: