- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
«Այն ամենը, ինչին մարդ հասնում է կյանքում, և ինչին այդպես էլ չի կարողանում հասնել, իր սեփական մտքերի ուղղակի արդյունքն է»։ Ջեյմս Ալեն
-Ես չեմ սիրում իմ աշխատանքը:
-Հոգնել եմ իմ մասնագիտությունից:
-Ոչինչ չի ստացվում:
-Ես գնահատված չեմ:
Արտահայտություններ, որ անում է ամեն օր մեզանից յուրաքանչյուրը: Երևի թե մենք չենք էլ գիտակցում, թե ինչ հզոր ուժ ունեն բառերը, որոնք տարածվում են և ալիքի պես հետ վերադառնում մեզ՝ ստիպելով, որ այդ տհաճ երևույթները պարբերաբար կրկնվեն ու կրկնվեն մեր կյանքում՝ հանգիստ չտալով մեզ, թույլ չտալով, որ մենք լինենք ներդաշնակ ինքներս մեզ հետ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ մեր կյանքը մեր մտքերի արդյունքն է: Մտածե՞լ եք՝ ինչն է, որ խանգարում է լինել պարզապես երջանիկ և հաջողակ: Հավանաբար պատճառն այն է, որ մենք շատ ենք մտածում և կենտրոնանում առօրյա մանր խնդիրների վրա՝ ձգելով դրանց դեպի մեզ: Բացասական վերաբերմունքը կլանում է մեր մտքերը, ինչը ազդում է մեր ամբողջ գոյության վրա: Նման մտքերով լցված՝ երբեք չենք կարող առաջ շարժվել, ունենալ հաջողություն, ինչքան էլ փոխվի միջավայրը, աշխատանքը, մարդիկ, քանի որ խնդիրը մեր մեջ է, և ոչ ուրիշ տեղում:
Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որն է այն կարևոր միտքը, որը կարիք ունես փոխելու քո կյանքում:
Մարդու ուղեղն իր մտքերի տունն է: Եվ դու այնտեղ կարող ես տեղավորել ինչ որ ցանկանում ես, ինչքան ուզում ես, որովհետև այն սահմաններ չի ճանաչում: Իսկ տիեզերքը քո լամպն է, որը լսում է և հնազանդվում, իր ամբողջ կարողությամբ նպաստում է քո նպատակի իրականացմանը: Դրական մտքերը հարյուրավոր անգամ ավելի արագ են կատարվում՝ ի տարբերություն բացասական մտքերի:
Քանի դեռ մենք մտածում ենք, որ ցավազրկող դեղամիջոցներն օգնում են, դրանք կարծես ազդում են մեզ վրա, սակայն երբ դադարում ենք մտածել, որ դրանք արդյունք են տալիս, դրանք իրականում այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենում: Մեր մտքերն ուղղակի անհավատալի են։
Հիմա դու գիտես ամեն ինչ: Ամեն ինչ քո ձեռքում է, և դու ինքդ պետք է որոշես, թե ինչպիսին ես ուզում, որ լինի քո կյանքը:
Դրական մտքերը լավ են անդրադառնում մեր հույզերի, գործողությունների, որոշումների վրա, դրական մտքերը չափազանց օգտակար են նաև մեր ֆիզիկական բարեկեցության համար: Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ կյանք, ապա նախ պետք է ունենանք առողջ միտք, իսկ դա սկսվում է բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելուց:
Մայրս շատ էր պատմում իր դասղեկական դասարանի մասին, որ ավարտել էր 17 տարի առաջ։ Ասում էր՝ շատ լավ դասարան էր, 17 տարի է՝ ավարտել են, բայց հիշում եմ ու կարոտել եմ շատ։
Օրեր առաջ մայրիկիս հեռախոսին հաղորդագրություն եկավ․
-Ընկեր Հարությունյան, 17 տարի անց հավաքույթ ենք կազմակերպել, սպասելու ենք…
Չնայած նրան, որ հավաքույթի հաջորդ օրը քրոջս նշանադրությունն էր, մայրս մեծ ոգևորությամբ գնաց։
Մայրս, ինչպես ոգևորված գնաց, ավելի ուրախ վերադարձավ։
-Աշակերտներս մեծացել էին, բայց նույն երեխեքն էին մնացել, ուրախ եմ իրենց համար, նույնիսկ՝ հպարտ, որ ունեցել եմ նրանց պես աշակերտներ։ Շատ լավ անցավ հավաքույթը, երեխեքս հատուկ հավաքույթի համար թողել էին իրենց գործերը ու տարբեր տեղերից եկել։
-Երկրից դուրս եկած աշակերտներն է՞լ էին եկել։
-Հա, Արթուրը Ֆրանսիայից էր եկել, Արկադին՝ Մոսկվայից, Էդգարը՝ Նիժնի Նովգորոդից…
-Ինչ կապված են իրար հետ։
17 տարի անց հավաքվել էին միմյանց տեսնելու համար, ուրախ եմ, որ լսել եմ նրանց պես հարգանքով մարդկանց մասին, օրինակելի ու սիրված մարդկանց, ովքեր հիշում են իրենց դպրոցն ու ուսուցիչներին մինչև հիմա։
Հպարտ եմ, որ սովորում եմ այնպիսի դպրոցում, որտեղ կրթվել ու սովորել են լավ մարդիկ։
Մտածում եմ՝ տեսնես 17 տարի անց կհիշե՞մ դասընկերներիս, կկարոտե՞մ, արդյոք ցանկություն կունենա՞մ տեսնելու դասընկերներիս։ Կլինի՞ ինչ-որ մեկը, որ կկազմակերպի նման հավաքույթ։
-Մամ, մյուս անգամ որ հավաքվեք, կարա՞մ ես էլ գամ, էնքան հետաքրքիր ա, որ 17 տարի ա անցել, բայց կապը կա իրար հետ, մարդիկ կան, որ նույնիսկ չեն հիշում կամ չեն ուզում հիշել իրենց դպրոցը, ընկերներին…
Հաճելի է կողքից լսելը ու տեսնելը այնպիսիներին, որոնց չի փոխել կյանքը, ինչպես մայրս է ասում՝ նույն աշակերտներն էին մնացել։
Կամո պապը այցելության էր գնացել թոռներին, որոնք ապրում են քաղաքում, տարվել են այնտեղի սովորույթներով ու մոռացել տուն ու տեղը։
-Սեղան գցեք, մի կուշտ փորով հաց ուտենք, տնաշենի երեխեքը բուրգեր են ուտում, թե ասա՝ եգիպտական ա, ձեր հայկականը կերեք։ Աղջի Մարո՛, դրանք վերջը ինձ գերեզման կհասցնեն։
Կամո պապը շարունակում էր իր փնթփնթոցը, իսկ Մարո տատիկը գլուխը կախ, գոգնոցը կապած սեղան էր դնում, դե, տնական սեղան։
-Մարո՛, են իմ քաշած թթի օղուց էլ բեր, խմեմ, մոռանամ անարժան թոռներիս, դու բեր, ես գնամ Հրանտին կանչեմ, մի-մի բաժակ բան խմենք, նրա թոռներն էլ են ուրացող, ինձ կհասկանա։
Սեղանը պատրաստ էր։ Կամո պապը Հրանտ պապի հետ սեղանի մոտ նստած էին, չորրորդ բաժակից հետո սկսել էին թոռների համեմատությունը։
-Իմ թոռը բժշկականում ա սովորում, թե բա՝ պապ ջան, ավարտեմ, գալու եմ քեզ բուժեմ, թե ասա՝ ա՛յ բալա, մինչև դու ավարտես, պապին բուժելու կարիք չի լինի։ Չեն հասկանում, որ մեզ մենակ իրանց ներկայությունն ա բուժում, գոնե շաբաթը մեկ գան, տեսնեն մեզ։
Հրանտ պապի բողոքներին միացավ Կամո պապը․
-Իմ մեծ թոռն էլ պատմաբան ա, պատմությունից, ազգայինից հարց եմ տալիս՝ պատասխանում ա։ Էն օրը գնացի քաղաք, ասեցի՝ բալես, էդ քո պատմության գրքերի մեջ գրված չկա՞, որ ծննդավայրը, պապական տունը, հողը, ջուրը ուրանալ պետք չի։ Գիտե՞ս՝ ինչ պատասխան տվեց, ասում ա՝ մենք ազգային խնդիրներ ենք ուսումնասիրում, պապ ջան, վերջացնենք՝ տատի-պապին կանցնենք, մեր սովորելու ժամանակն ա։
Ու այսպես երկու ժամ օղու ընկերակցությամբ պապիկները հիշում էին իրենց թոռներին, որոնք առաջին հնարավորության դեպքում թողել էին գյուղը և գնացել։
Մարո տատը լուռ լսում էր տղամարդկանց խոսակցությունը, գյուղի հին կանայք այդպիսին են՝ լուռ ու խոնարհ լսում են տղամարդկանց՝ առանց մի բառ ասելու։
Օրվա անակնկալները դեռ առջևում էին։ Մինչ երկու ծերուկ բողոքում էին իրենց թոռներից, ներս եկավ հարևան Արտաշ պապը, որը մենակ չէր, իր մեծ թոռան հետ էր։ Կարճ ասած՝ հպարտությանն էր բերել, ընկերներին ցույց տար։
-Բարի օր ձեզ, ո՞նց եք, գործերը ո՞նց են։
-Բարև, եղբայր (կանայք այդպես են դիմում տղամարդկանց), առաջ եկեք, նստեք,- Արտաշ պապին տեսնելով՝ ոտքի ելավ Մարո տատը։
-Բարև, Արտաշ բիձա, արի նստի՝ մի-մի թաս բան խմենք։
-Լավ ա, լավ ա, հազար գործ ունեմ, ես որ խմեմ, տրակտորս դո՞ւ հո չես քշի։
-Բարև Ձեզ,- հազիվ լսելի ձայնով ասաց Արեգը՝ Արտաշ պապի թոռը, որը նոր էր ավարտել համալսարանը. մանկավարժ էր։
-Թոռս է, Կամո ջան, եկել է գյուղ՝ անվճար դպրոցում ուսուցիչ լինի, դե, գիտեք՝ մեր գյուղը հազար դաս կա՝ ոչ մի մասնագետ, ջահելությունը փախնում ա, էն մեծերն էլ անմահ չեն։ Լսել եմ՝ ձեր տանը գրադարան ունես, թոռս առաջարկ ունի։
-Ասա բալես, դու հարգանքի արժանի երիտասարդ ես, ասա՝ ինչո՞վ օգնեմ։
-Կամո պապ, գյուղի դպրոցը գրադարան չունի, երեխեքն էլ չեն կարդում, ուզում եմ լավ գրքերի մասին էնպես խոսել, որ բոլորը կարդան, իսկ քո գրքերը լավն են։ Ես ամպայման կվերադարձնեմ դրանք։
-Պատմաբան թոռս թող գա, ազգայինի պահպանումը էստեղ տեսնի։ Ես ու կնիկս մեծացել ենք, էդ գրքերն էլ անգիր գիտենք, վերցրու, թող էս սերունդն էլ կարդա։ Տար, բայց քեզ մի պատգամ, բալե՛ս․ էնպես կրթի երեխեքին, որ մեծանան՝ հողն ու ջուրը չուրանան, թող գրագետ լինեն, բայց ուրացող չլինեն։
Այն ժամանակ, երբ Տապասյան ու Իչակին մտան հայերիս կյանք, «Մերժվածը», «Հարսիկը» ու նմանատիպ հեռուստասերիալներն էլ սկսեցին կրկնապատկել մեր ժողովրդի մտահոգությունը՝ ոչ միայն սեփական, այլ նաև հերոսների անորոշ ապագայի մասին, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի քանի տարի անց սենյակ, կենցաղ ու լիքը սիրուն հիշողություններ եմ կիսելու մի հնդիկի հետ։
Շուբաշրին իմ սենյակակիցն է, որի հետ սկսել ենք համատեղ ապրել այս տարվանից։ Դեռ անցյալ տարի էինք մտերմացել։ Ինչ-որ ընդհանրություններ ունենք, միասին սիրած երգեր ունենք, տարբեր իրավիճակներին նույն արձագանքը տալու, միասին Եվրոպայի ու եվրոպացիների ինչ-որ տարօրինակ հատկությունների վրա զարմանալու ու ծիծաղելու սովորություններ էլ։ Թե ինչքան չէի սիրում Բոլիվուդը, հնդկական պարերը, ու թե ինչքան էի նյարդայնանում Տապասիայի ու Իչակիի ներկայությունից հայերիս կյանքում, Շուբաշրին շատ լավ գիտի, պատմել եմ։ Բայց թե ինչ հավեսով եմ հնդկական պարում, ինչ հավեսով է Շուբաշրին իր զարմանքն արտահայտելիս ասում՝ «վա՜յ», ինչ հավեսով եմ ես գլուխս շարժելով խոսում ու հա-հա ասելով փորձում նմանակել հնդիկներին, չեմ կարող բացատրել։ Ի դեպ, «հա»-ն մեր երկուսի ընդհանուր բառն է, երկուսիս մոտ էլ նշանակում է՝ այո։ Շուբաշրին ամեն օր քնելուց առաջ ինձ հայերենով ասում է՝ բարի գիշեր, ու ցանկացած պահի, երբ ես տխուր եմ, ասում է՝ «գժուկ ջա՜ն»։ Իմ «նամաստե»-ին ի պատասխան՝ ես ամեն օր գոնե մի անգամ իրենից անպայման «շնորհակալություն» եմ լսում։ Իսկ երբ էս օգոստոսին վերադարձա Իտալիա, Շուբաշրին մահճակալիս վրա մանուշակագույն հնդկական զգեստ էր թողել, որ իր մայրն էր կարել հատուկ ինձ համար։ Մի խոսքով՝ ամենասիրուն ու բնական ջիգյարով համտեսում եմ մշակութային փոխանակումը։
Ու քանի որ այս օրերին Հնդկաստանում մեծ շուքով նշում են Դիվալին, որը, Շուբաշրիի բացատրելով, մեր Ամանորին համարժեք տոն է, քոլեջում հնդկական համայնքը մի լավ ճաշկերույթ էր նախաձեռնել։ Չգիտեի, որ Հնդկաստանում Ամանորն էսքան վաղ են տոնում։ Էստեղի հնդիկներն էլ մեկը մյուսից ջիգյարով երեխեք են։ Բոլորն իրար մամայություն են անում, իսկ ավագ մաման Շուբաշրին է՝ որպես երկրորդ կուրսեցի։ Բայց դե Շուբաշրիի մաման էլ ես եմ, որովհետև միշտ ես եմ ասում՝ ցուրտ ա, դուրս գալիս վրադ մի բան գցի, չմրսես (ես իրեն ասում եմ, բայց ինքս չեմ անում): Մի խոսքով՝ տոնական ուրախ ու ոգևորված տրամադրություն էր էսօր։ Ես էլ որոշեցի ինչ-որ ձևով սիրունացնել օրն ու առավոտյան հնդկական տոնական երաժշտությամբ, մեծ պլակատով ու հոտավետ մոմերով արթնացրի Շուբաշրիին։ Էնպես էր ուրախացել․․․
Հարցին, թե ինչ են պատրաստում Դիվալիին, Շուբաշրին մեկը մյուսից բարդ ճաշատեսակների անուններով պատասխանեց, որոնք, անկեղծ ասած՝ չեմ մտաբերի հիմա։ «Ինչ էլ էսօր պատրաստելու լինենք, մեր մամաների նման չենք կարողանա սարքել»։ Դե հա, մամաների նման դժվար կլինի, բա ոնց։ Ես էսօրվա նման հիշում եմ, երբ անցած տարի առաջին անգամ տոլմա սարքեցի դասղեկական խմբի ընթրիքի համար։ Ինչքան էի ոգևորվել, որ համով էր ստացվել․․․
Մի խոսքով՝ էստեղ գտնվելով էնքան նոր բաների եմ ծանոթանում ու փորձում։ Ինչ-որ մշակույթներում, փաստորեն, մարդիկ հոկտեմբերին ամանորյա խնջույքներ են կազմակերպում, իսկ հունվարի մեկն ուղղակի սովորական օր է։ Ինչ-որ մշակույթներում գազարով պատրաստած աղցանը աղանդերի մի մաս է կազմում, այնինչ մեզ համար աղանդերի մեջ ի՞նչ բանջարեղեն․․․ Ու չնայած էն մեծ ու փոքր տարբերություններին, որ կան աշխարհի բոլոր մշակույթների մեջ՝ ես ամեն առավոտ արթնանում եմ իմ մեկ ու միակ հարազատ «բարի լույս»-ով, որն ինձ «good morning»-ի փոխարեն նվիրում է հնդիկ սենյակակիցս։
Շնորհավոր Դիվալի։
Հոկտեմբեր 25-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում «Հաղորդակցություն» շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ:
Հաղորդակցական գործառույթը արվեստի առանցքային գործառույթներից մեկն է։ Դրանով է նախ և առաջ դրսևորվում արվեստի սոցիալական բնույթը։ Եթե չլիներ հաղորդակցական գործառույթը, արվեստ որպես այդպիսին՝ չէր կարող դառնալ մարդկային համայնք կազմակերպող գործիքներից մեկը։
Տարբեր ժամանակաշրջաններում գերիշխող է եղել արվեստի գործառույթներից այս կամ այն մեկը։ Դիցուք՝ վաղնջական ժամանակներում, երբ արվեստը դեռևս չէր առանձնացել կրոնից, գերիշխողը մոգական (թովչանքի) գործառույթն էր։ Եթե հիշենք Վերածնունդը, առաջին հարթության վրա գտնվողը ճանաչողական գործառույթն էր։ Ժամանակակից արվեստի պարագայում հաղորդակցական գործառույթն է, որ առաջ է մղվում ու ճանաչողական, դաստիարակչական, հաճույքի և մյուս գործառույթների նկատմամբ դառնում գերիշխող։
Արվեստը՝ իբրև գիտելիքի ու իմաստի կոլեկտիվ արտադրության ու կիսման վայր, հնարավոր է դառնում միայն այդ տեղաշարժի շնորհիվ։ Այդ տեղափոխությունը արվեստի կյանքում այնքան նշանակալից է, որ այն գալիս է փոխելու արվեստի շրջանառության նախկին՝ ներկայացուցչական ձևը մասնակցայինով։
Նազարեթ Կարոյան՝ արվեստի քննադատ, բազմաթիվ թարգմանությունների հեղինակ:
-Իմ խոսքը այս միջոցառման շրջանակներում վերաբերում է հաղորդակցությանը:
Ես՝ խոսելով արվեստի գործառույթների մասին, հիմնականում կանգ առա հաղորդակցության գործառույթի վրա՝ իբրև արվեստի գործառույթների մեջ հիմնականներից մեկը, որը ժամանակակից արվեստի շրջանակում առաջին պլան է մղվել, և դարձել է հիմնական գործառույթ:
Արվեստի մոգական գործառույթը առաջին գործառույթն է, պայմանավորված է նրանով, որ մի ժամանակ արվեստը առանձնացված չէր կրոնից, և վերաբերում էր կրոնական առարկաներին։ Պաշտամունքային առարկաների գործառույթը և մեր հարաբերությունը այդ առարկաների հետ նախնադարյան ժամանակներից մինչև 20-րդ դարի կես պահպանվել է և դրել է արվեստի նկատմամբ վերաբերմունքի հիմքերը:
Մոգական գործառույթը, ինչպես և արվեստի ցանկացած գործառույթ, բազմաշերտ է։ Թե ինչով է մոգական գործառույթը կարևոր եղել արվեստի համար, որոշել է հանդիսատեսի կամ դիտորդի և առարկայի փոխհարաբերությունը:
Կախարդանքի, հիպնոսի կամ պաշտամունքային վիճակում գտնվող առարկաներին չի կարելի ձեռք տալ: Այս կամ այն առարկային դիպչել-չդիպչելու գրվածքը սահմանում է տարբերությունը մոդերն արվեստի և ժամանակակից արվեստի միջև:
Տարբերությունն այն է, որ մոդերն արվեստի գործերին դիպչել չի կարելի, ժամանակակից արվեստի պարագայում հակառակն է, պետք է դիպչես:
Մի օրինակ եմ ուզում բերել՝ առարկային ձեռք տալու վերաբերյալ, որը տեղի է ունեցել 1995 թվականին ժամանակակից արվեստի թանգարանում։ «Նոյյան Տապան» անունը կրող արվեստի նախագիծ էր՝ հայ և ռուս կոնցեպտուալ արվեստագետների միությամբ, և դրա շրջանակներում մեր հայտնի կոնցեպտուալ արվեստագետներից մեկը՝ Անդրեասյանը արել էր մի այսպիսի բան․ վերցրել էր կացինը և թանգարանի պատերին կացնով գրել էր՝ հանգիստ, այսինքն՝ առարկային չէր դիպել, բայց դիպել էր պատերին:
Կա նորմ, ըստ որի՝ կրոնին, աստվածներին վերաբերող առարկաները սուրբ առարկաներ են համարվում այն իմաստով, որ ենթակա չես ընդհանուր օգտագործման, դրանք հանված են օգտագործումից, հետևաբար դրանց դիպչել և դրանք օգտագործել չի կարելի:
Եվ այդ առարկաները, որպեսզի հանվեն քարացված վիճակից, նվիրականությունից, սրբությունից, պետք է գործողություն անել, հռոմեական իրավունքի մեջ այդ գործողությունը կողվում է պղծել:
Ըստ էության՝ ժամանակակից արվեստը հրաժարվում է մոգական արվեստի մեջ գործածվելուց, և առաջ է մղվում հաղորդակցական գործառույթը, որի շնորհիվ կարող ես դիպչել առարկաներին, հարաբերվել և հաղորդակցության մեջ մտնել այդ առարկաների հետ:
Ես ուզում եմ անդրադառնալ մեր իրականության մեջ այն պրակտիկաներին, որոնց շնորհիվ արվեստի աշխարհում տեղի է ունեցել կոնսոլիդացիա, փոխներթափանցումներ արվեստի և ոչ արվեստի աշխարհի շփման գծի վրա:
Այժմ ուզում եմ գնալ հետ՝ սովետական ժամանակներ։ Երևի ձեզանից շատերը գիտեն, որ տեղի էր ունենում շարժում ամբողջ սովետական շրջանում՝ քաղաքական, սովետմիության մեջ և դա տարածվում է նաև արվեստի դաշտի վրա:
Որպեսզի հաղթահարվի նորմատիվ, խորհրդային սոցիալիստական հրահանգի տակ գործող արվեստը, արվեստագետները դիմում էին ժանրերի փոփոխության: Գլխավոր ժանրեր էին համարվում այն ժանրերը, որոնք արվեստագետներին ճանաչում և վաստակ էին բերում, խոշոր, բազմաֆիգուր կոմպոզիցիաները՝ պատմական, պատմահեղափոխական թեմաներով։ Ինչքան մեծ լիներ նկարը, ինչքան շատ ֆիգուրներ լինեին նկարված, այդքան մեծ էր արվեստագետի շնորքը, և տվյալ արվեստագետը ավելի շատ պատվերներ ստանալու հնարավորություն ուներ:
Մեր նկարիչները սկսեցին հրաժարվել այդ մեծ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներից և սկսեցին նկարել նատյուրմորտներ, պեյզաժներ, որտեղ մարդիկ չկային: Այսինքն՝ այնպիսի նկարներ, որոնց համար նրանք շանս պետք է չունենային ճանաչում գտնելու, գումար վաստակելու, պատվերներ ստանալու։ Բայց որոշ նկարիչների, որոնց անունները այսօր հայտնի են մեր հասարակության մեջ, հաջողվեց անուն ձեռք բերել, իրենց աշխատանքները սկսեցին գնել մարդիկ, ովքեր հասարակության մեջ բարձր դիրք ունեին և գումար:
Արվեստի տեսակների մեջ տեղի է ունենում մի շարժում, որի շնորհիվ գեղանկարիչը գեղանկարիչ չէ, քանդակագործը քանդակագործ չէ, այսինքն՝ ոչինչ այն չէ, ինչ որ պետք է լիներ: Այս վիճակը խնդիր է դնում ներկայացման, և երբ որ հարցնում էին դու ո՞վ ես, մեկը որ պետք է ասեր գեղանկարիչ եմ, բայց ինքը գեղանկարներ չի նկարում, ասում էր արվեստագետ եմ:Արվեստագետ բառը սկսել է շրջանառության մեջ դրվել 1990-ական թվականներին:
Այսպիսով գեղանկարիչը, քանդակագործը և բոլորը սկսում են իրենց ներկայացնել որպես արվեստագետ:
Արևմտահայերի համար արվեստագետը գեղանկարիչը չէր, քանդակագործը չէր, ստեղծագործող որևէ մեկը չէր, այլ արվեստի մասին գիտելիքներ ունեցող մեկն էր:
Արվեստագետ ասելով՝ հասկանում էինք ոչ թե ի՞նչ է անում, այլ ի՞նչ է ասում արվեստի հետ կապ ունեցող մարդը, նրա արածի մեջ ասելիք կա, թե ոչ, եթե նրա արած աշխատանքի մեջ ասելիք կա, ապա նա արվեստագետ է:
Արվեստագետը տիտղոս էր, որ գեղանկարիչը, դերասանը, կինոռեժիսորը իրենք իրենց տալ չէին կարող, դա կոչում էր, որ տալիս էր ժողովուրդը:
Ժամանակակից արվեստի տարածման ձևը և դաշտը ցույց են տալիս, որ արվեստագետ կարող է լինել յուրաքանչյուրը:
Այստեղ՝ Երկրագիտական թանգարանում առկա են տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ, և «Հաղորդակցություն» ծրագրի առարկաները շատ հեշտությամբ տեղ են գտել այդ ցուցանմուշների շարքում…
2006 թվական էր, երբ ամեն օր լացում էի, որ դպրոց գնամ ու գնացի:
Գնացի մեկ տարի շուտ, բայց դա չխանգարեց ինձ սովորել: Առաջին դասարանում լավ էի սովորում, հիշում եմ՝ շա՜տ լավ: Բայց…
Ամեն ամսվա ծնողական ժողովի ժամանակ դասվարս մայրիկիս միշտ ասում էր.
-Նինան խելացի չէ, չի կարողանում սովորել:
Ես մինչև 4-րդ դասարանը սովորում էի լավ, բայց ամեն անգամ ծնողական ժողովներից հետո ես էլ ավելի էի թևաթափ լինում:
4-րդ դասարանի քննությունները ամենաբարձրը ես ստացա:
Չի կարողանում: Չի հասցնում ընկալել դասերը…
Այս 2 բառերը կոտրեցին փոքրիկ Նինայի այն թևերը, որոնք նոր էին սկսել սովորել, թե ինչպես կարելի է ճիշտ ճախրել երկնքում: Ես սկսեցի դասերիս նայել «մատներիս արանքով»: Չէի սովորում: Դե, սովորում էի, բայց ոչ այնպես, ինչպես ես էի ուզում: Ամեն առարկայից ունեի մի թեթև գիտելիք, ու դա ինձ համար բավական էր:
Չէի կարողանում մտքիցս հանել ուսուցչիս խոսքերը: Բարձր դասարաններում սկսեցի չսովորել, գնում էի դպրոց ու հետ գալիս:
11-րդ դասարանում էի, երբ ինքնուրույն պարապում էի, որպեսզի ուսումս շարունակեի Պետական համալսարանի «Սերվիս» բաժնում:
Մի օր մեր հարևանը տեսավ, որ ինքնուրույն պարապում եմ, իմացավ նպատակիս մասին և ասաց.
-Այ Նինա ջան, դու՝ ուր, Պետական ընդունվելը՝ ուր, Պետական համալսարանում դասի գնալը՝ ուր, մի տանջի քեզ:
Վերջ: Ես հասկացա, որ չեմ կարող սովորել պետական համալսարանում: 12-րդ դասարանում սկսեցի մի պահ նորից պարապել, հետո եղբորս հետ զրուցելուց հետո հասկացա, որ կարող եմ ծրագրավող դառնալ: Որոշեցի, որ դպրոցս կավարտեմ, կգնամ Երևան, կսկսեմ հաճախել ծրագրավորման դասընթացների, 6 ամիս կսովորեմ ու կսկսեմ աշխատել:
Ավարտեցի դպրոցս: Սեպտեմբեր ամսին գնացի Երևան ու որոշեցի, որ նախ պետք է սովորել անգլերեն. հետո նոր սկսել ուսումնասիրել ծրագրավորումը:
Երբ համեմատաբար սովորել էի անգլերեն լեզուն, ստացա աշխատանքի առաջարկ: Առաջարկեցին աշխատել Գորայքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում որպես խմբավար: Առաջարկը ընդունեցի, մտածում էի՝ քանի որ պետք է ծրագրավորման ուղղությունը ընտրեմ, աշխատանքը հաստատ չի խանգարի ինձ: Ես մարտ ամսից սկսեցի աշխատել: Աշխատանքը շատ փոխեց ինձ: Ես հասկացա, որ կարող եմ անհնարինը հնարավոր դարձնել:
Սեպտեմբեր ամսին ես վստահ քայլերով գնացի Երևանի պետական համալսարան և թղթերս տվեցի հեռակա ուսուցման բաժին: Ընտրեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Հոկտեմբերի 7-ից ես սկսեցի տալ քննություններ: Ինքս գիտեի, որ ես պետք է պարապեմ, քանի որ ես պետական քննությունների եմ, և հենց այդ քննություններից էր կախված լինելու իմ ապագան: Սակայն այդքանը հասկանալով՝ ես երբեք չպարապեցի: Ես երբեք ինչ-որ գիրք չբացեցի և ինչ-որ բան չկրկնեցի կամ չսովորեցի:
Ես տվեցի 3 քննություն: 3 քննության ժամանակ էլ շատ հանգիստ էի, ներքին ինչ-որ համոզմունք կամ ինչ-որ հանգստություն ունեի, որ վերջում լավ է լինելու:
Դպրոցի վատ սովորող աշակերտուհին բարձր գնահատակներ ստացավ քննություններից: Դպրոցի վատ սովորող աշակերտուհին ուսանողուհի է:
Ես ընդունվեցի համալսարան՝ ինքս ինձ ապացուցելով, որ ես կարող եմ 2 տարի դադարից հետո իմ ուժերով, բարձր միավորներով ընդունվել համալսարան: Ապացուցեցի շրջապատիս, որ կարող եմ սովորել։ Ես ապացուցեցի։
-Անգլերեն գրքե՞ր:
-Հա, Ամերիկայից են ուղարկել:
-Ինչ հավես ա…
Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցին նվեր գրքեր են ուղարկել անգլերեն լեզվով։
Դպրոցում աշակերտները շատ էին ուրախացել, և ոչ միայն աշակերտները, ուսուցիչները նույնպես։ Երբ գրքերը տարանք դասարաններ, երեխեքը այնքան ոգևորված էին, ամեն մեկը մի գիրք էր վերցրել, թերթում էր, որոշում, որ անպայման հենց այդ մեկը պիտի կարդա:
Շատ շնորհակալ ենք Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի պատասխանատուներին և աշակերտությանը, ամերիկահայ այն երեխաներին, ովքեր գումար են հավաքել գրքերով ծանրոցները ուղարկելու համար, գյուղական դպրոցին իրոք պետք են այդպիսի գրքեր անգլերեն սովորելու համար։
Շնորհակալ ենք բոլորից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այդ բարի գործում: Երեխաների ոգևորությունը շատ մեծ էր, նրանց համար անակնկալ էր, և շատ անկեղծ էին նրանց դեմքերը, հատկապես, երբ իմացան, որ երեխաներ են հոգացել գրքերը տեղափոխելու ծախսերը։
Դպրոցական տարիներից թումանյանական մի քառյակ կա, որը ինձ անընդհատ տարօրինակ հուշումներ էր տալիս. «Տիեզերքում Աստվածային մի ճամփորդ է իմ հոգին»:
Փետրվար ամսի ցուրտ օրերն էին, վառարանից ինձ հասնող չորացած փայտերի՝ ականջիս մշտապես հաճոյախոսող ձայները այդ օրը փնթփնթում էին, որ իրենց վրա շուտով գյուղական համեղ ծիպուլի (ձեր լեզվով՝ պլեճ) վերածվող կարտոֆիլները անուշադրության են մատնվել այն երիտասարդի կողմից, որը սիրում էր էդ կարտոֆիլները հենց հում էլ ուտել:
Բայց էդ երիտասարդը հում կարտոֆիլները ուզում էր փոխարինել էդ հում ու չփորձված երիտասարդին փորձարկելով ու հասկանալով, թե ինչ դուրս կգա իրենից՝ որպես ճամփորդ: Երկար ամիսներ էին սպասվում էրազմուսյան կյանքի համար, ու ես նստած էի գյուղի մեր տան ամենասիրելի տեղում՝ էն աթոռին, որից աչքերիս առաջ տարիներ շարունակ բացվել է երկու տեսարան ՝ դասագրքերս, գրքերս, համակարգիչը ու տնական համով ուտելիքները, որոնք դրված էին դրանց մոտ, կամ էլ ուղղակի սենյակիս պատը: Երևի թե էդ երկու տեսարաններն էլ ինձ ամենից շատ մոտիվացիա տվողներից են եղել, քանի որ ամեն անգամ, երբ ուժասպառ նայում էի դժվարամարս գրքերից այսկողմյան աշխարհին, առաջինը տեսնում էի էդ պատը, որը ինձ դաս է տալիս. «Նայիր ներքև՝ էդ անտանելիներին, որ հետո կարողանաս պարզ ու հպարտ աչքերով նայել աշխարհին»: Իմ կարծիքով եկել էր ժամանակը մի քանի ամսով բարձրացնել գլուխս ու աչքերիս գերլարվածություն հաղորդել: Դե, վերջապես ունեի հնարավորությունս շուրթերիս վրա հաճախ պտտվող ու իմ երազած «ես»-ը բնութագրող տողերը ափերիս մեջ տեսնելու:
«Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին»:
Երկրի փառքից անտեղյակ, բայց երկրի փառքին քայլ առ քայլ հասած՝ ես վերցրի ճամփորդական ուսապարկս ու Flix Bus-ով 10 ժամ տևած գիշերային երթուղով հասա Ֆրանսիայում գտնվող, բայց ինձ համար մինչ օրս գերմանական հատուկ ճարտարապետությամբ ու ոգով Ստրասբուրգ քաղաքը:
Ուժեղ անձրևն ու պայուսակի ծանրությունը ինձ դեռևս չէին թույլատրել աչքերս վեր բարձրացնել թաց փողոցներից, բայց աչքերս երևի թե ունակ էլ չէին այդ գեղեցկությունը մինչև վերջ ընկալելու: Փառահեղության մի ճիչով աչքերիս առաջ բացվեց Cathedrale Notre-Dame de Strasbourg-ը՝ վեհ, անասելի խրոխտ, գոթական ճարտարապետության ամենաազդեցիկ երանգներով… Երանելի էի: Ձեռքերս դողում էին անասելի վախով, իսկ շնչառությունս ուղղակի վախենում էր, որ ես կմոռանամ իրեն ու անվերջ կհիանամ:
Բայց ժամանակն էր զբոսաշրջիկից դառնալու իմ երազածը՝ ճամփորդը:
Անձրևում էր ուժեղ, իսկ մնալու տեղ բացարձակ չկար ու չէր գտնվում, բոլոր հնարավոր տարբերակները՝ մնալու տեղ գտնելու, չէին աշխատում, իսկ անձրևի ամեն մի կաթիլ ինձ հիշեցնում էր, որ հիվանդանալուն պես օտարությունը կապտակի ինձ, քանզի նույնիսկ մի բաժակ թեյի համար պատասխանատվությունը ամբողջությամբ իմն էր, իսկ մյուս կողմից էլ ժամանակն էր հասկացնում, որ հիվանդանալու ժամանակ չկա, պետք է հնարավորինս շատ բան տեսնել քաղաքում: Չգիտեմ էլ՝ ինչքան տևած դեգերումներից հետո ինչ հրաշքով գտնվեց մի տուն՝ քաղաքի կենտրոնում, ընդամենը 22 եվրո՝ այն էլ երկու գիշերվա համար: Դե, 1-0, հաշիվը բացեցի ես, մեկնարկը ոգևորիչ էր:
Աննկարագրելի սիրուն էին ստրասբուրգյան օրերը, թարմ կյանքով լեցուն, ֆրանսիացիների գրավիչ արիստոկրատությամբ ու հեծանիվների տեղատարափից մի քիչ վախեցած: Քաղաք էր այն՝ հասարակի մեջ ճոխություն ներարկող: Սիրտ էր տալիս ինձ, երբեմն չափից դուրս ծեր էր դարձնում ինձ, որ ավելի լավ տեսնեմ, թե ոնց է կառուցվել քաղաքը, բայց ուժեղ քամին ինձ վերադարձնում էր մանկություն՝ նկարչական ալբոմներիս մեջ խզբզած տնակների իրական գեղեցկությունը ամուր գրկելու: Այդ քաղաքում էդպես էլ չգտա իմ տարիքը, ես չափազանց տպավորված էի թվերի աշխարհ գեթ մի ակնթարթ ինձ տեղափոխելու համար:
Քաղաքի անվերջ դյութող ծաղիկների բույրը վայելելուց, կամուրջների անհամարության մեջ ամեն անգամ մի նոր բան բացահայտելուց ու մանկան պես ուրախանալուց հետո ճանապարհը ուղղորդեց դեպի Ֆրանկֆուրտ՝ Գերմանիայի ֆինանսական կենտրոնը:
Առավոտյան ժամը 7-ն էր, ավտոբուսը ուշանում էր, իսկ Flix Bus-ի կայքում ոչ մի տեղեկատվություն չկար, զանգերին էլ չէին պատասխանում, որ հասկանանք, թե ինչ է պատահել, ու որքան պետք է սպասենք, բայց ավելի շատ զգացողություն էր, որ ավտոբուսը ուղղակի արդեն գնացել է, ինչը, թերևս, կլիներ ուրախալի հանգամանք, քանզի օր ավել կվայելեի Ստրասբուրգը, բայց ելնելով այն հանգամանքից, որ կրթաթոշակը դեռևս բանկային հաշվին չէր փոխանցվել, իսկ ավտոստոպով Ֆրանսիայից Ցվիկաու հասնելը ֆանտաստիկայի ժանրից էր, պետք էր խուճապի մատնվել:
Հասանք Ֆրանկֆուրտ: Ցուրտ էր, անտանելի ցուրտ: Ամենադաժան օրերից մեկը իմ ճամփորդության, բայց հիմա հիշվողներից՝ ամենաոգևորիչը: Մեկ օր էր նախատեսված մնալ Ֆրանկֆուրտում, քանի որ դասերից չէր կարելի բացակայել:
«Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր»:
Ճամփորդության այդ փուլը հիմա պատմեմ, թե ինչով էր առանձնահատուկ: Հաջորդ առավոտյան ամենաշուտ ու կարևորը՝ ամենաէժան գնացքը մեկնում էր դեպի Ցվիկաու առավոտյան 7-ին, և որոշված էր չամրագրել գիշերելու տեղ, որովհետև ամեն իրեն հարգող ճամփորդող ի վիճակի է մինչ գիշերվա հազարը թափառել սիրուն ու հավես քաղաքներում՝ լսելով Scorpions –ի «Wind of Change» երգը: Ամենասիրուն ու ընդարձակ գետն էր Մայն գետը, իսկ այդ գետի ափին քայլելը ուղղակի սրտիդ մեջ ներարկում էր մի նոր աշխարհընկալման մակարդակ, որից զատ կամ որի հետ պետք էր հաշվի նստել բոլոր նպատակները կառուցելիս: Հիացնում էին գետն ու կամուրջները անվերջ, բայց մարդու համար, ով այդքան ուժեղ քամիներ Հայաստանում հազարից մեկ էր տեսնում, դժվար էր դիմակայել այդ ամենին, իսկ դողալու արագընթաց տեմպերը ուղղակի ստիպում էին հասկանալ, որ դու գիշերելու կարիք ունես, իսկ քո պատկերացրած դիմացկունը դեռևս չի էլ ձևավորվել: Մի ելք կար՝ գիշերել գնացքի կայարանում: Բավականին երկար ու բարդ ճանապարհով Գերմանիա հասած մարդուն այդ մի քանի ժամերը թվում էին շուտասելուկի պես մի բան, մինչև որ փորձեց կայարանում փակել աչքերը:
Սառնամանիք… Զարմանալի բան էր, կայարանում ոչ մի փակ տարածք չկար, ամեն կողմից քամի էր փչում, կողքիդ նստած կամ կիսաքնած էին մարդիկ, ովքեր ուղղակի ուզում էին միմյանց գրկել ու տաքանալ մինչ առավոտ: Տարօրինակ մարդիկ անընդհատ գալիս ու հրում էին, փող էին խնդրում՝ չամաչելով նույնիսկ նշել, որ խմիչք գնելու համար, իսկ բացասական պատասխանից հետո երևի թե հայհոյում ու առաջ էին անցնում՝ վստահ լինելով, որ զբոսաշրջիկներից ոչ մեկն էլ չի հասկանալու… Դե, խելացի էին. էդպես էր, որ կար:
Մի ելք կար՝ գիշերել McDonald’s-ում, ու դա արդեն իսկ հույս էր ներշնչում… Բայց էդտեղ էլ գործերը հաջող չստացվեցին. անվտանգության աշխատակիցները ուղղակի դուրս էին գցում էն մարդկանց, ովքեր փորձում էին աչքերը փակել ու քնել, իսկ ես… քնել էի ուզում ուղղակի, սառած էի չափից դուրս, իսկ չգիտեմ ինչի առանց կրթաթոշակ ստանալու էդտեղ հասած ուսանողին իր գումարը չէր էլ հերիքի մի ամբողջ գիշեր անընդհատ ինչ-որ բան պատվիրելուն, որպեսզի դուրս չգցեին ինձ: Փակվում էին աչ… Զգաստացիր, հիմա դուրս կգցեն, բայց փակ…
-Don’t sleep…
-Ատում եմ ձեզ,- դուրս էին թռչում իմ բերանից օտարերկրացիներին ոչ հասու այս բառերը, բայց միաժամանակ աչքերով փորձում էի ցույց տալ, որ դուք, սրիկաներ, դուք նողկալի եք… Մի կերպ դուրս շպրտվելով այդ հիմար վիճակից, որին կարող էի երբևէ հանդիպել, հաջորդ փորձությունը ի հայտ եկավ: Տեսնելով, որ դեռևս 5 ժամ կա, գուգլում գտնվեց մի նյութ, ըստ որի, եթե գնել եք մեկ քաղաքից մյուս քաղաք տանող տոմսը, ապա նույն ուղղությամբ (ներառյալ change կոչեցյալը) կարող եք գնալ այդ օրը ցանկացած գնացքով: Շատ խառն էր գերմանական գնացքների համակարգը, վստահ էլ չեմ, որ մինչ էսօր էդ ամենը ճիշտ գիտեմ… Հրճվեցի, միանգամից պարզվեց, որ կա էդ նույն երթուղով այլ գնացք, և ընդամենը մեկուկես ժամից: Երևի թե գերերջանկության ու ապահովության նոպան էր պատճառը, որ ինձ ստիպեց գումար տալ այդ պահին մի մարդու, ով փող էր հավաքում խմիչք գնելու համար: Շատ հիմարն էի, է…
Ուրախություն կար մի տեսակ, ցամաքն էր երևում, սովն արդեն մոռացության էր մատնվում, բայց «duble check» կոչեցյալը իրենն արեց… Պարզվեց, որ տոմսերը նայելուց ամիսը 03 նշելու փոխարեն նշել եմ 04 ու սխալ տոմս եմ գտել: Շոկի մեջ էի, գումար հավաքողը նորից կողքովս անցավ, ու ես նորից գոռացի՝ ատում եմ քեզ: Է, բայց խեղճ մարդն ի՞նչ աներ, հո ինքը չէ՞ր մեղավորը:
Իսկ առավոտյան կողմ ցուրտն ավելի սաստկացավ, տարօրինակ ու ոչ սթափ վիճակում գտնվող մարդիկ ավելի շատացան, ու ես աչքերս սառած նայում էի իրականությանը, բայց սփոփանքս այն էր, որ ժամեր անց կփոխեմ իրականությունս… Ախ, էդ ժամերը բայց…
Նորից ճամփա դեպի McDonald’s, նորից նույն անվտանգության աշխատակիցները, նորից դուրս շպրտված կարգավիճակը… Նորից նույն կայարանի նույն նստարանները… Մեջքս քարանում էր…
Չգիտեմ էլ՝ ոնց, բայց աչքերս ունակ եղան տեսնելու ու անմիջապես փայլելու, գնացքը եկավ: Գոյությունս մի կերպ քարշ տալով ընկա գնացքի նստարաններին ու դրանից հետո միայն հիշում եմ, որ արդեն իմ քաղաքում էի՝ անվտանգ ու իմ սիրելի տրամվայի մեջ՝ կիսաբաց աչքերով նստած:
Իրականությունս գտած լինելով ու իրերս վայր դնելով՝ աչքերիս առաջ երևացին այն բոլոր փորձությունները, որոնք ինձ սպասվում էին ընդամենը 4 օր անց դեպի Սկանդինավներ ճամփորդության ժամանակ: Դե, էդ մասին էլ՝ մյուս օրագրում:
«Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին»:
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։