- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
- Լուսանկարը` Աննա Վարդանյանի
Ի՞նչ ենք անում մեծանալով․ հիմա կմտածեք` հասունանում, փոխում ենք մտածելակերպը, հասնում նպատակներին, ու չգիտեմ ինչեր։ Հա, չեք սխալվում, բայց մեծանալով մենք կարոտում ենք մանկությունը։ Փոքր ժամանակ նախանձով էի նայում երեխաների, ովքեր մեծանում են քաղաքներում։ Մի բան փոխվեց, չեմ ասի` ինչ։
Հիմա ուրախ եմ, որ ապրել եմ գյուղում, ունեցել պարզ ու մաքուր մանկություն։ Որ միշտ վերադառնալու ու խաղաղվելու տեղ կա։ Այն, ինչ ձեռք եմ բերել գյուղում, մնում է այստեղ, բայց հիշողությունները միշտ ինձ հետ են, ու ամեն տեղ քաշ եմ տալիս, կարոտում։
Քայլում էի փողոցով ու տեսա դատարկ այն բակը, այն տեղերը, որտեղ խաղում էինք ամեն օր։ Երբեք չեմ սիրել «արդեն ուշ է» արտահայտությունը, որ տուն էր կանչում։
Կարոտում եմ բոլորին, ում հետ խաղում էինք մեր «խմբով», ու բոլոր տեղերում էլ կան այդ խմբերը, որոնք անփոփոխ են։ Կարոտում եմ ամեն ամառ բարեկամի տուն եկած երեխաներին, ովքեր միանում էին մեզ, դառնում մեր նոր ընկերները։ Կարոտում եմ այն օրերը, երբ տներից ուտելու մի բան էինք վերցնում ու գնում գետի մոտ։ Կարոտում եմ այն մեկին, որ միշտ խարդախություն էր անում։ Ասեմ, որ այստեղ միայն ամառը չի, որ հետաքրքիր էր, բա ձմե՞ռը։ Գիտե՞ք ինչքան առատ էր ձյունը, ու թե ինչքան աշխուժություն կար: Տանը ոչ մի երեխա չէիր գտնի. բոլորս սահնակ էինք քշում փողոցում, դպրոցի բակում ու սարերում։
Այդ նույն ընկերների հետ մենք դպրոց գնացինք, շարունակվեց կյանքի մեկ այլ փուլ, չգիտակցելով, որ գալու է մի ժամանակ, որ այդ նույն ընկերները էլ չեն լինելու, այդ մարդկանցից շատերին մենք չենք հիշելու, որ կրելու ենք ինչ-որ դիմակ ու փոխվելու հավերժ։ Մինչդեռ այն ժամանակ դերեր էինք վերցնում միայն խաղի համար։ Մեր առաջին ընկերները արդեն երկրորդական մարդիկ են, մենք էլ՝ նրանց համար։ Փոխվել է նույնիսկ գյուղի ձմեռը, առաջվա նման ձյունառատ ու աշխույժ չի։
Զարմանալու ոչինչ չկա, փոխվում են ընկերները, փոխվում ենք մենք, երբեմն ձգտում մենակության, մտերմանում նրա հետ,՝ ում տանել չէինք կարողանում, հեռանում նրանից, ում խոստացել էինք մշտական ընկերություն։ Այս պարադոքսալությունը պատահական չի լինում, ու պատահական ոչ ոք մեր կյանքում չի լինում։
Եվ այդ կարոտը, որ միշտ մեզ հետ է։
Վերջերս շատ եմ ականատես լինում և ես ինքս նույնպես մասնակցում ռոմանտիզմի և ռեալիզմի ներկայացուցիչների բախմանը, որի պատճառը հիմնականում լինում է «սեր» կոչվող երևույթը։
Քանի որ 17.am-ը հնարավորություն է ընձեռում կիսվել սեփական մտքերով՝հասակակիցներիս շրջանակներում, որոշեցի ներկայացնել տեսակետս։
Հ․Գ․ միտված եմ բախումները մեղմացնելու, այլ ոչ թե բորբոքելու։
Սիրելու արվեստը
Կարծում եմ չկա գեթ մեկ հոգի այս երկրագնդի վրա, որին գոնե մեկ անգամ չի տիրել այդ նվիրական զգացմունքը։ Եվ չեմ կարևորում, թե այդ սերը ինչի կամ ում հանդեպ է տածվել․ գողը սիրում է գողությունը, մանկահասակ երեխան սիրում է սեփական խաղալիքները, հարբեցողը սիրում է խմիչքը, սիրահարը սիրում է իր սիրեցյալին և այդպես շարունակ: Այսինքն, չկա գեթ մեկ բնագավառի ներկայացուցիչ, ում անծանոթ լինի սիրել բառը ու զգացողությունը։
Եվ բոլորի համար իրենց սիրո առարկան նվիրական է և պաշտելի։ Նրանք սիրում են ագահորեն և կյանքն էլ չեն խնայի իրենց սիրո առարկայի համար։
Սիրելը միակ բանն է, որի համար մեզանից ոչինչ չի պահանջվում: Մենք ոչինչ չենք ծախսելու կամ կորցնելու: Մենք լցվելու ենք անսահման բարությամբ, քանզի սերն է ծնում բարություն, և սիրո պտուղներն են ամենաքաղցրը, որը ճաշակելուց զգալու ենք միային բերկրանք և ցնծություն։
Սերն է այն բարձրագույն արվեստը, որին տիրապետում ենք բոլորս, ոմանք նույնիսկ առանց գիտակցելու:
…արվեստից բան չհասկացողները
Ինչու՞ մեղադրել, երբեմն նույնիսկ ծաղրել սիրողին, երբ դուք ինքներդ էլ մի սիրող եք, և այո, իրոք սիրող եք` ինչ-որ մի բնագավառում տածելով ձեր սերը եթե ո՛չ մարդու, ապա հաստա՛տ մեկ այլ երևույթի կամ առարկայի հանդեպ։
Եվ ինչու՞ խուսափել այն արվեստից, որը ի ծնե տրված է բոլորին, ինչու՞ չդառնալ այն արվեստի մի ներկայացուցիչը, որը համամարդկային է ։
Ցավով եմ նշում այն մասին, որ «արվեստից բան չհասկացողները» բավականին շատ են ու ծաղրելով ծաղրում են, բոլոր նրանց, ովքեր նվիրական կերպով տրվել են այդ գեղեցիկ արվեստին։
Ռենե Դեկարտը ասել է. «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ», իսկ ես ասում եմ. «Ես սիրում եմ, ուրեմն գոյություն ունեմ»․․․
Երևանի պետական համալսարանն արդեն 100 տարեկան է։ Իր թերություններով ու առավելություններով հանդերձ այն եղել ու մնում է մեր մայր բուհը։
Մինչ «հոբելյանական» շրջանավարտները պատվով կամ պատվիրված դիպլոմայինով ավարտեցին համալսարանը, ոգևորված դիմորդներին հիասթափություն է սպասվում, քանզի իրենց ճոխ պատկերացումները չեն համապատասխանելու անշուք իրականությանը։
Նորեկները մտածում են, որ ինչպես ամերիկյան գրավիչ ֆիլմերում, ԵՊՀ ուսանողն ունի իր համար առանձնացված պահարան, որտեղ կարող է պահել գրքերը, տետրերը, պայուսակը կամ սիրային նամակները։ Այնինչ մեր համալսարանում նույնիսկ կախիչներ չկան վերարկուների համար։
Դիմորդները կարծում են, որ ԵՊՀ բակում հաճելի տրամադրություն ստեղծող շատրվաններ կան, բայց կհիասթափվեն, քանի որ դրանք ոչ մի անգամ էլ չեն միացել։ Ասեմ ավելին, նախկին ռեկտորը դեռ մեկ տարի առաջ ասել էր, որ քանդվելու են դրանք։ Ոչինչ չասող այդ անիմաստ խողովակները դեռ կանգուն են։
Ապագա ուսանողները հուսով են, ոմանք էլ ՀՈՒՅՍՈՎ, որ կարող են ազատ ժամանակն անցկացնել խոտածածկ գորգի վրա։ Միշտ քաղցած սովորողները կնստեն կանաչների վրա ու մի բան կուտեն, մյուսները կպարապեն կամ կաշխատեն համակարգչով։ Ցավում եմ, բայց մեր բակի խոտերը միայն շների, կատուների ու ագռավների համար են։
Միակ ոգեշնչող բանը թվում է գրադարանը պիտի լինի՝ մեծ, լուսավոր։ Բայց հույս չունենաք, թե ձեզ կթողնեն ազատ շրջել, գիրքը ընտրել, գրանցել ու դուրս գալ։ Այստեղ ձեզ դիմավորելու են տարեց կանայք, որ անժպիտ դեմքերով պիտի սպասարկեն։
Եվ վերջապես, ի՞նչ համալսարանական օր առանց ԵՊՀ սև փիառի։ Աղջիկները սարսափով են անցնում դալան-պահակակետով, որ հսկում է կառե, գանգուր մազերով, խիտ մորուքով, կեղտոտ շորերով ու անտանելի նայվածքով մի տղամարդ։ Առանց ցածրաձայն հայհոյանքներ կամ հիացական մրթմրթոցներ լսելու չես կարող անցնել, եթե գեղեցիկ հագուստ ես կրում։ Նա մեր համալսարանի կոլորիտ դարձած Բգոն է, ով իրավագիտության ամենահարուստ ֆակուլտետի տղաների հետ թանկարժեք հարաբերությունների մեջ է։ Նրան վտարել չեն կարող․ թվարկածս գործառույթներից զատ նա մաքրում է համալսարանի տարածքը։
Կլինեն հետաքրքիր դասեր՝ միայն հարց ու պատասխանի, քննարկումների ձևաչափով, որ կթարմացնեն ձեզ ու կզարգացնեն ձեր վերլուծելու կարողությունը։ Կլինեն դասախոսներ, որ ձեզ կա՛մ կներգրավեն դասի մեջ, կա՛մ իրենց միապաղաղ ձայնով կքնեցնեն։ Կունենաք հետաքրքիր հյուրեր, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։ Իսկ ձեր ժամանցը կապահովեն ուսխորհուրդը կամ գիտխորհուրդը․ ուսանողական կառույցներ, որ զբաղվում են մեր իրավունքների պաշտպանությամբ, համալսարանի կառավարմամբ ու միջոցառումների կազմակերպմամբ։
Ահա փոքրիկ տեղեկատու իրական ԵՊՀ-ի նկարագրությամբ, որ կօգնի ձեզ չհիասթափվել ու տեղեկացված լինել։ Իսկ եթե դեռ չես կողմնորոշվել՝ ի՞նչ անել, հիշիր, որ Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը, Ցուկենբերգն ու էլի շատերը դիպլոմ չեն ունեցել։ Իսկ եթե դու անգամ նրանց չես ճանաչում, ավելի լավ է զբաղվիր ինքնակրթությամբ կամ ընկերացիր մեր Բգոյի հետ։
Վերջերս ինձ մի հարց է հուզում: Ինչո՞ւ մարդիկ, անգամ հեղափոխությունից հետո, առևտուր իրականացնող սուբյեկտներից ՀԴՄ կտրոն չեն պահանջում։ Իհարկե, անժխտելի է, որ կտրոն պահանջողների և ինքնակամ տպողների թիվը հեղափոխությոնից հետո շատ-շատ աճել է, բայց ես նկատում եմ, որ դեռ մարդիկ կան, որ չեն պահանջում` հատկապես երիտասարդները։
Գրեթե համոզված եմ, որ իրազեկվածության խնդիր չկա։ Վարչապետն անձամբ է իր խոսքում կարևորել կտրոն պահանջելու կարևորությունը, բազմաթիվ անգամ է շեշտվել, որ վերջերս ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են հենց պահանջված մեծաքանակ կտրոնների շնորհիվ։
Հետևաբար, ինչու՞մ է կայանում խնդիրը։ Հեղափոխությունից առաջ իրավիճակն այլ էր։ Մարդիկ չէին վստահում իշխանություններին և չգիտեին, թե ինչ կլինի այդ հարկերից հավաքված գումարի հետ։ Քաղաքացին վատ էր զգում գնալ, տնտեսվարողից ամեն անգամ «վերցնել» այդ մի քանի հարյուր դրամը ու տալ «Սերժին»։ Ինչ-որ տեղ սա հասկանալի է։
Քանի որ հիմա իշխանությունների հանդեպ կա մեծ վստահություն, և նման խնդիր չկա, ենթադրում եմ, որ մարդիկ հին իներցիայով են վարվում ու այնքան չեն պահանջել, որ հիմա դժվար է նրանց համար։ Բայց սա չի արդարացնում նրանց (չ)արածը։ Ես ՀԴՄ կտրոն պահանջելը համարում եմ մարդու քաղաքացիական պարտքը։ Ես երբեք չեմ կարող հասկանալ այն մարդուն, ով իմանալով, որ ՀԴՄ կտրոն պահանջելը ուղիղ ազդում է իր, իր հարազատների, հարևանների բարեկեցության վրա, չի պահանջում։
Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկի ապօրինի գործելաոճի պատճառով, տուժի մեր պետությունը, մեր բարեկեցությունը։ Ընդհանրապես, մենք պետք է մերժենք ցանկացած ապօրինություն մեր շրջապատում։
Եկեք հարցին նայենք նաև ոչ թե արժեքային, այլ անձնական տեսանկյունից։ Յուրաքանչյուր ընտանիքում էլ կա հարկ վճարող ՝ մեկը առևտուր է անում, մյուսը՝ աշխատավարձից, մյուսը՝ այլ կերպ։ Ես, օրինակ՝ ամեն ամիս իմ աշխատավարձից հարկ եմ տալիս մոտ 50․000 ՀՀ դրամ, այդ դեպքում ինչո՞ւ ես չպետք է խանութից պահանջեմ կտրոն, որով մի քանի հարյուր դրամ կուղարկեմ պետբյուջե։ Չէ՞ որ անարդար կլինի, որ ես հարկ վճարեմ, մյուսը՝ ոչ։ Գոնե այս մտածելակերպով, եթե ոչ արժեքային, պետք է առաջնորդվի քաղաքացին ու հետո մանրադիտակով հետևի, թե ինչպես է այդ հավաքված գումարը ծախսում կառավարությունը։
Եթե անկեղծ ասեմ, փոքրիկ մոնիթորինգ եմ արել և պարզել, որ իմ շրջապատից հիմնականում այն մարդիկ են ասում իբր Նոր Հայաստանում բան չի փոխվել, ովքեր երբեք ՀԴՄ կտրոն չեն պահանջում։ Սա արդեն ինքներդ դատեք։
Ես կարելի է ասել, ամեն օր, ամեն տեղ քարոզում եմ, որ պետք է ՀԴՄ կտրոն պահանջել։ Հույս ունեմ՝ այս հոդվածը շատերին մտածելու տեղիք կտա ու կհամոզի, որ այսուհետ կտրոն պահանջեն։
Չգիտեմ, պատմե՞մ Թոնդրակի մասին թե ոչ։ Խոսքս Թոնդրակ լեռան մասին չէ բնավ, այլ լեռնային բնավորությամբ այն մարդկանց, ում ջանքերով այս տարվա հունվարին ստեղծվեց ու ոտքի ելավ «Թոնդրակ արշավական ակումբը»։

Պատմագիտական, բնաճանաչողական այս արշավական ակումբը միավորում է նրանց, ովքեր պատրաստ են լինել բնության զարկերակը, հազարավոր մետրեր բարձրանալ ու հոգու ողջ տարողությամբ կլանել լեռների ուժը, ամրությունը, շունչը։ Հենց այդ ճանապարհին էլ ծանոթանալ մարդկանց հետ, ում թվում է, հազար տարի ճանաչել ես։ Հասկանալ, որ դժվար ճանապարհը մտրեմացնելու սովորույթ ունի, հնար` կամքն ու հոգին կոփելու։
Մինչ ես կգրեմ, դու հանգիստ կարող ես մտածել` կա արշավական ակումբ, որը հնարավորություն է տալիս օրերով մնալ անտառներում ու լեռներում առանց ժամանակակից միջոցների։ Գտնել կամ պատրաստել բնական ապաստարան։ Ուսումնասիրել պատմությունը բացարձակ սկզբնաղբյուրներով, արձանագրություններով, սեպագիր վկայություններով, հնագիտական գտածոներով։ Դեռ երկար կգրեի, բայց մնացածը կարող եք ինքներդ կարդալ իրենց կայքում։

Ես էլ այդ ընթացքում մտովի կքայլեմ Խոսրովի անտառով, կհայտնվեմ Աստղոնքի գագաթին, կժպտամ յոթ լճերը տեսնելիս, Սևսարի գագաթին խմած գինու համը կզգամ, կոգևորվեմ ու բարձրաձայն կասեմ Թոնդրակի կարգախոս դարձած Րաֆֆու խոսքերը.
«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։

Հա, քիչ էր մնում մոռանայի, «Թոնդրակ արշավական ակումբը» գտնվում է Երևանում։ Հիմնադիր տնօրենը Գոռ Ղազարյանն է` «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի հեղինակ-ռեժիսորը, ում հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ` http://www.17.am/տիգրան-մեծի-հովանավոր-գիսաստղը-ֆիլ/ :
Միացեք մեզ:
Լուսանկարները` tondrak.am կայքից
Ճիշտ է, ավարտվեց ավանդույթ դարձած Հաղարծնի հոգևոր-մշակութային ամենամյա շաբաթը, բայց այդ օրերի ամենաջերմ հուշերը արևավառ մնացին:
Մեր Հաղարծինը հոգևոր-մշակութային հարուստ ժառանգություն ունի։ Կանաչազարդ պատմություն ունի՝ քարերին թողած, խորհուրդ խորին ունի իր մեջ և ապրելու հավիտենավառ տենչ։ Մենք հնարավորինս շատ ջերմություն ու լույս պիտի տանք, որ հազարամյակներով ապրի ու շարունակի ծաղկել բազմադարյան պատմություն ունեցող մեր վանքը։ Տավուշ աշխարհի «սիրո քաղաքը» պիտի շարունակի պատմություն կերտել, որտեղ աշխարհիկն ու հոգևորը կխաչվեն իրար, և երկնային արդար սիրո կենարար լույսով կհամակվեն ամենքը։ Ու պիտի ամեն տարի Հաղարծինն ավելի մեծ թվով կանաչ շապիկավորների թևաբաց իր գիրկն առնի, իսկ իր կամավոր-կամակոր ընկերներն անպարփակ սեր պիտի տան ու հոգևոր անսպառ ջերմություն առնեն նրանից։
Այս տարի Հաղարծինը՝ մեր հույսի ու լույսի քաղաքն իր գիրկն ընդունեց ութսուն կամավորների։ Ութսուն երիտասարդներ՝ ստեղծագործ, շնորհաշատ, ողջախոհ ու կենսասեր, հնարավորություն ունեցան լավագույնս ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու ու ինքանաճանաչվելու։ Յոթ կենսաթրթիռ ու կանաչերանգ օրերը մեզ ավելին տվեցին, և մեր էության մեջ ամբարվեցին հոգևորն ու աշխարհիկը։ Լուսապայծառ ընկերներ գտնելը, հոգևոր աշխարհին մերձենալը, Տավուշ աշխարհի բնության սքանչության մեջ ապրելը վեհացրին հոգեպես։
Իրապես շնորհակալ եմ ապրող Հաղարծնին ու կամավոր-կամակոր ընկերներներիս այլուն-փայլուն գույներ ու կարոտավառ հուշեր ընծայելու համար:

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի
Նռանէ մանկապատանեկան թատրոնի հեղինակությամբ՝ օգոստոսի 17-ին Արշակունյաց 5 հասցեում տեղի ունեցավ խորհրդահայ դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 85 և ստեղծագործական գործունեության 65-ամյա հոբելյաններին նվիրված ցերեկույթ, որը կոչված էր լինելու հոգեհարազատների հանդիպում, քանի որ դահլիճում էին հոբելյարի ընկերներ, գործընկերներ, հարազատներ ու արվեստի երկրպագուներ:
Միջոցառմանը ներկա էին պատվիրակություններ Համահայկական գրողների միությունից՝ գրող Աբգար Ափինյանի գլխավորությամբ, Կալիֆորնիայի հայ գրողների միությունից՝ բանաստեղծ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնից՝ հանձին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ գրող, երգիծաբան Հրանտ Հորիզոնը, Հայաստանի գրողների միության անդամ, բեմադրիչ, պրոֆեսոր Ռուբեն Մարուխյանը, թատերագետ Գարիկ Ղազարյանը և ուրիշներ: Միջոցառմանը իր գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ Արծրուն Անանյանը:
Միջոցառումն անցավ ջերմ ու հարազատ միջավայրում՝ հագեցած թատրոնի ու արվեստի ապրեցնող շնչառությամբ, որի համար շնորհակալ ենք բոլոր ներկաներին:
Երկու խոսք Գևորգ Սարգսյանի մասին
Առաջին մասնագիտությամբ գյուղատնտես Գևորգ Սարգսյանը մուտք գործեց հայ թատերական աշխարհ հեռավոր 1950-ականներին, որ գյուղատնտեսի հոգատարությամբ դառնար ու մնար արվեստի այս երկու ճյուղերի հոգատար մշակը, ով իր արդար աշխատանքով է վաստակել այն սերն ու հարգանքը, որը կա և որի ցայտուն վկայությունն է դեռևս խորհրդային տարիներին միության գրեթե բոլոր երկրներում ռեկորդային քանակով բեմադրվելը:
Այո՛, Գևորգ Սարգսյան դրամատուրգը գալիս է տասնամյակների հեռուներից՝ իր հետ բերելով նոր շունչ ու զարթոնք թատերագրական գրականության այն ժանրերում, որոնց կրողն ու պահպանողն է ահա արդեն վեցուկես տասնամակ:
Որտեղի՞ց է գալիս Գևորգ Սարգսյանը և ի՞նչ ուղեբեռով. Գևորգ Սարգսյանը գալիս է մեր պատմական անցյալից՝ ծանոթացնելու մեզ մեր անմահների հետ: Հենց Գ. Սարգսյանի միջոցով ենք կենդանություն առած տեսնում և ծանոթանալու առիթ ունենում Խորենացու, Մաշտոցի, Նարեկացու, Րաֆֆու, Թումանյանի ու նրանց խորախորհուրդ մտորումների հետ՝ տեսնելով նրանց կյանքն ու ապրումները, որոնք հանրագիտարանային չոր տեղեկատվությունից դուրս են ժայթքել Գ. Սարգսյանի գրչի միջոցով:
Որտեղի՞ց է գալիս Գևորգ Սարգսյանը և ի՞նչ ուղեբեռով. Նա գալիս է վեցուկես տասնամյակների հեռուներից՝ բերելով իր հետ այն խորհուրդը, որը մատուցում է մեծի իրավունքով իր նոր կատակերգական «Թակարդներ երիտասարդ զույգի համար» ժողովածուի պիեսներով, որոնք այժմ տպարանում են և շուտով կհանձնվեն գրասեր հասարակության դատին:
Գևորգ Սարգսյանը 85 տարեկան: Կենսախինդ ու հոգատար արվեստագետը հիրավի ապրել է այնպես, որ կյանքի վայրիվերումներն ու բարդությունները չեն կորացրել նրա ուսերը, և այսօր էլ, այս պատկառելի տարիքում նա շարունակում է իր առաքելությունը, իր արվեստապահպան գործունեությունը:
Երջանիկ ենք, որ Նռանէ մանկապատանեկան թատրոնի և անձնապես մեր կողքին ունենք Գևորգ Սարգսյան արվեստագետին ու բարեկամին, ում հոգատար վերաբերմունքը չի սպասեցնում երբեք:
Շնորհավորելով հոբելյարին ծննդյան 85 և ստեղծագործական կենսագրության 65 ամյակների առթիվ՝ մաղթում ենք նրան երկար տարիների կյանք ու առողջություն, իսկ նրա գրչին՝ անսպառ թանաք, որպեսզի շարունակի սնուցել հայ ժամանակակից դրամատուրգիայի արմատները: