Ազատ տարածք խորագրի արխիվներ

Juliabrahamyn12

Աշխատաշուկան

Ուրեմն, սկսեմ։ Ըստ պապական-տատական ավանդույթի` երբ նոր դասախոս է մտնում լսարան, դու պետք է քեզ նկարագրես։ Որտեղի՞ց ես, ինչո՞վ ես զբաղվում, որո՞նք են քո հոբբիները (ի դեպ՝ մենք բավականին զարգացած ենք, էլ «նախասիրություն» բառը չենք օգտագործում) և այլն։

Մեզ հարցրին, թե ինչով ենք ցանկանում զբաղվել ու ի՞նչ պլաններ ունենք հետագայում աշխատաշուկա մտնելու համար։

Այ, հենց այստեղ իմ հավերժ բողոքական ուղեղը փայլատակեց հետևյալ մտքով. «Սպասեք, մենք էս մի շուկայից դուրս գանք, նոր աշխատաշուկայի մասին կմտածենք»։

Երբ ընդունվում ենք, մտածում ենք, որ ավարտելուց հետո բոլորը կցանկանան մեզ աշխատանքի ընդունել, բայց արի ու տես, որ քսանչորս տարեկանում պետք է ունենաս տասը տարվա աշխատանքային փորձ, դիպլոմ՝ ցանկալի է կանաչ ու ադամանդի քարերով, ու բարետես արտաքին։ Լավ, մնացածը՝ ոչինչ, հնարավոր է, բայց այդքանից հետո մի հատ էլ բարետես արտաքի՞ն։

Պատկերացրեք, որ տասներկու տարի սովորելուց հետո մտնում եք համալսարան ու դժոխքի բետա տարբերակը դառնում է լրիվ տարբերակ՝ չորս տարի երկարությամբ, հետո, եթե ցանկանում եք, ավելի ճիշտ՝ եթե խելքը հացի ու թեյի հետ եք համտեսել, կարող եք երկարացնել ևս երեք տարով։ Չորս տարվա ընթացքում բարձրանում եք այնքան աստիճան, ինչքան չէիք բարձրանա երբեք։ Սա առաջացնում է ոտքերի խնդիր։ Անցնենք առաջ, չորս տարվա ընթացքում, եթե խնայեիք պատճենների վրա ծախսված գումարը՝ կարող էիք մեքենա ունենալ։ Սա ազդում է խղճի ու հոգեբանության վրա։
Չորս տարվա ընթացքում օգտագործել եք ամբողջ Հարավային Ամերիկայում արտադրվող սուրճը։ Սա հանում է օրգանիզմից երկաթը։

Դե, այնտեղ մանր-մունր բաներ կան, որոնք չեմ նշում։ Օրինակ՝ տեսողության ու լսողության խնդիր, հոգու բացակայություն, խորը դեպրեսիա և այլն։

Բարետես արտաքին մնա՞ց։

Բայց սա դեռ ամենամեծ խնդիրը չէ։ Հիմա պատկերացնենք, որ դուք բավականին խելացի, սովորող և պրպտող տեսակին եք պատկանում, ու մի ամբողջ հավերժություն՝ մոտավորապես տասներեք տարի, նվիրել եք ուսմանը և վերջում չեք ընդունվում։
Ասե՞մ, թե ինչու, որովհետև հեռավոր անցյալում՝ մոտավորապես տասներեք տարի առաջ, ինչ-որ մի պաթոսահայուհու ճակատագիր էր գծագրվել։ Ըստ գծագրի՝ նա պետք է ընդունվեր համալսարան, ու կապ չունի, թե որ բաժին, դա այդքան էլ կարևոր չէ, և հետո ամուսնանար ու կյանքում չաշխատեր։

Իսկ ինչո՞ւ էր հարկավոր համալսարան ընդունվելը։ Ասեմ, որ հետո կարողանար ամուսնանալ, ու դիպլոմը գնար օժիտ։

Բա այսքանից հետո սովորել կլինի՞։

Ինչևէ, ես այս սովետական հանրագիտարանի երրորդ հատորը չէի կարող ասել դասի ժամանակ և փոխարենն ասացի.

-Պատրաստվում եմ ստանալ բարձրագույն կրթություն և անմիջապես գտնել երազանքներիս աշխատանքը։

«Հա, բա չէ, հեսա»,- կողքից մտմտաց ենթագիտակցությունս։

Ruzanna Hayrapetyan

Սկսում ենք բարձր տրամադրությամբ

7:30, զարթուցիչի՝ ականջ ծակող ձայն, խոհանոցում դեսուդեն քայլող ոտնաձայներ, չխչխկացող սպասք ու առավոտյան համեղ նախաճաշի բույր. դե ինչ, նոր ուսումնական տարին համարենք բացված։

Ամենաքաղցր ու սիրուն պատմությունների սկիզբն ազդարարող էս օրերը իրենց երկար սպասեցնել չտվեցին: Սեպտեմբերյան առավոտները կապանցի աշակերտներիս մի փոքր տխուր տրամադրությամբ դիմավորեցին: Ցուրտ էր, բայց դե շատերիս չխանգարեց պահարանում իր հերթին սպասող սև ու սպիտակ համազգեստը հագնել ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկնել դպրոց:

Այս անգամ նոր ուսումնական տարիս մի փոքր յուրօրինակ ազդարարվեց՝ սեպտեմբերի մեկին դպրոց չգնացի՝ Երեւան-Կապան ճանապարհին էի: Մի քանի օրով մայրաքաղաք էի մեկնել՝ հորաքրոջս հյուր: Կապան ետ դառնալիս մի պահ մտքով տեղափոխվեցի տուն, պատկերացրի, թե ինչ եռուզեռ կլիներ հիմա այնտեղ: Երեւի տատիկը հագուստը արդուկելիս կլիներ, մայրիկը՝ նախաճաշ պատրաստելիս, հայրիկը՝ աշխատանքային հագուստը մեքենայում տեղավորելիս, պապիկն էլ՝ հեռուստացույց դիտելիս: Դե ես ու եղբայրս էլ դպրոց գնալ պատրաստվելիս կլինեինք՝ նախաճաշել, պայուսակ դասավորել, հա, մեկ էլ, ծաղկեփնջերը չմոռանանք:
Պատկերացրի հարազատ դարձած «դպրոցի ճամփան»՝ մի քիչ քարքարոտ, բայց իր մեջ տասնմեկ տարվա պատմություն ներառող, դպրոցի՝ գույնզգույն ու գեղեցիկ զարդարված բակը, տնօրենի շնորհավորական ուղերձը աշակերտներիս, գուցե մի փոքր անհանգիստ ու վախեցած, բայց նոր կյանք ոտք դնելուն անհամբեր սպասող առաջին դասարանցի մանուկներին, երեխաներով լի դպրոցի միջանցքները, կարոտած դասարանս, դասընկերներիս ու դասղեկիս:
Տասնմեկերորդ դասարան փոխադրվեցի, դեռ հարմարվել եմ փորձում այն փաստի հետ, որ մեկ տարով էլ մեծացա, նպատակներիս հասնելու ժամանակը իրեն երկար սպասեցնել չի տալու՝այս երկու տարիներն էլ շատ արագ կանցնեն: Ախր, կարծես երեկ լիներ, որ մայրիկի ձեռքն ամուր բռնած դպրոցի մեծ դռներով ներս էի մտնում…

Դե, նյութս եզրափակեմ շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու լիքը հաջողություններ մաղթելով: Ես էլ գնամ՝ դասերս պատրաստեմ: Մինչ նոր հանդիպումներ:

aneta baghdasaryan

Վեց պատուհան

Արդեն մութ էր․ ամպերը տեղ-տեղ ծածկել էին աստղերով լի երկինքը՝ տեսանելի թողնելով տանիքների ետևից երևացող լուսինն ու մի քանի համաստեղություն։ Քամին անխնա թափահարում էր ծառերի ճյուղերը և նրանց վրայինը լցնում պատուհանից ներս։ Երկարատև շոգից հետո թերևս ամենասպասվածը հենց այս քամին էր, որը հաշվված վայրկյաններում ամբողջ սենյակը լցրեց ավազով և տերևներով։ Հասկանալով, որ մի քիչ էլ, ու սենյակն էլ ոչ մի բան չի փրկի, որոշեց պատուհանը փակել։ Հավաքեց հատակին ընկած տերևները և փակեց պատուհանը։ Դիմացի շենքի վառած լույսերն այսօր զարմանալի շատ էին։

-Մեկ, երկու, երեք, չորս,- փորձում է դրանք հաշվել, ինչպես ժամանակին աստղերն էր հաշվում։ Բայց, ի տարբերություն աստղերի, պատուհաններ հաշվելը մի քանի վայրկյանի խնդիր էր։ Կար վեց սենյակ, որտեղ այդ պահին լույս էր վառվում։

-Տեսնես ի՞նչ են անում այնտեղի մարդիկ,- մատներով գրկեց այտերն ու արմունկներով հենվեց պատշգամբի բազրիքին՝ ուշադիր նայելով շենքի պատուհաններին։ – Էս մեկում եռուզեռ է, հաստատ երեխեքը դեռ չեն քնել․ վազվզում են սենյակում, միմյանց հետ վիճում, բարձր գոռում ու աղմկում, որ ներքևի հարևաններն էլ իմանան, որ իրենք դեռ արթուն են ու քնելու մտադրություն չունեն։ Մայրն էլ, հասկանալով, որ տվյալ պահին ցանկացած գործողություն անիմաստ է, հույսը կորցրած նստել է բազմոցին ու սպասում է, որ նրանք վերջապես կհոգնեն ու իրենց կամքով տեղում կքնեն։ Երազում է լուռ սենյակի ու մի բաժակ թեյի մասին  ու մտածում․ «Ե՞րբ են վերջապես սրանց դասերը սկսվելու, էնքան հոգնեն դպրոցում, որ գան տուն ու միանգամից քնեն»։ Քիչ մնաց, դիմացի՛ր։

Երևի նույնը երազում էին նաև ներքևի հարևանները, ում լույսերը նույնպես վառած էին։

-Քիչ մնաց, դիմացե՛ք,- միգուցե մտածում է ամուսնու մասին, փորձում է հիշել, թե երբ են վերջին անգամ միասին այս սենյակում նստել։ Անհամբեր սպասում է այդ զանգին, որ կհնչի ու, որ ինքն ու երեխաները կվազեն համակարգչի մոտ, որ մի քանի րոպե տեսնեն, խոսեն, պատմեն՝ ինչ են արել այսօր, ասեն. «Ե՞րբ ես գալու, պապ, կարոտել ենք քեզ»։

Երկու պատուհան դեպի աջ նույնպես լույս էր վառվում։ Երևում էր պատուհանի մոտ կանգնած մարդու ուրվագիծը՝ ոչ շատ պարզ, սակայն կազմվածքից հասկացվում էր, որ տղամարդ է։ Ենթադրեց, որ երիտասարդ տղա է, ուսանող, ով հավանաբար վարձում է բնակարանը, կամ էլ ապրում է ծնողների հետ:

-Չէ, հաստատ վարձում է։ Երևի աշխատանքից է եկել։ Ամբողջ ամառ աշխատել է, որ գումար հավաքի, ուսման վարձը տա, կամ էլ տան համար վճարումը կատարի, կամ երկուսն էլ։ Հավանաբար շատ է հոգնում, հասցնում է միայն տուն գալ ու անմիջապես քնել։ Ժամանակ չունի նույնիսկ ծնողներին զանգի ու ասի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սոված չի, ու որ ամեն ինչ ունի, որ չանհանգստանան ու իրեն սպասեն Ամանորին։ Հիմա էլ դասերը կսկսվեն, գիշերը կաշխատի, իսկ առավոտյան կգնա դասի, ու այդպես մինչև տարվա վերջ։ Տեսնես` ի՞նչ է սովորում։ Տնտեսագիտությու՞ն, չէ, միգուցե ճարտարագիտությու՞ն կամ էլ ծրագրավորո՞ւմ։ Հա, ամենայն հավանականությամբ ծրագրավորող է ցանկանում դառնալ։ Հիմա էլ պատուհանի մոտ կանգնած մտածում է, թե ոնց է համատեղելու աշխատանքն ու ուսումը, ոնց է հասցնելու մյուս կիսամյակի ուսման վճարն ու տան վարձը հավաքել։

Ուրվագիծը մտորելով հեռացավ պատուհանի մոտից, և սենյակի լույսն անջատվեց։ Լուսինն էլ չէր երևում, իսկ ամպերը կամաց-կամաց բացվում էին՝ իրենց հերթին բացելով երկինքն ու աստղերը։ Շենքի ամենավերևի հարկի մեջտեղի սենյակի ու կողքի սենյակի լույսերն էլ էին վառված։

-Երևում է՝ մեծ ընտանիք է այստեղ ապրում։ Այս ժամին բոլորը տանն են, եկել են աշխատանքից, միացել են տանը իրենց սպասող մնացած անդամներին, նստել են մեծ սեղանի շուրջ՝ ընթրելու։ Տատիկն ամբողջ օրն անցկացրել է խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստելով, պապիկը երեխաներին տարել է այգի կամ էլ խաղահրապարակ, դե, մեծերն էլ ամեն մեկն իր աշխատանքի տեղը աշխատել ու հիմա եկել են՝ օրվա մի փոքր մասն իրենց ընտանիքի հետ վայելելու։ Ըհը, լույսերն անջատեցին։ Բայց ոնց որ չեն պատրաստվում քնել։

Պատուհանի սև ուղղանկյան մեջ երևացին լույսի գունավոր մասնիկներ։ Սերիալի ժամն էր՝ երեխաները քնած էին, տատիկն ու պապիկն էլ վայելում էին իրենց վաստակած հանգիստը։

Երրորդ հարկում ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի շարժ չկար սենյակում։ Բայց լույսը վառվում էր։

-Միգուցե մոռացե՞լ է լույսերը անջատել ու էդպես քնել է։ Իսկ եթե աշխատու՞մ է։ Նստած է գրասեղանի մոտ, սուրճի բաժակից մեկ-մեկ կում անելով, կարմրած ու հոգնած աչքերով նայում է համակարգչի էկրանին, որի վրա մեծ տառերով գրած էր «Գործողություն առաջին»։ Արդեն մեկ ամիս է, ինչ տանջվում է, պիեսը պետք է ավարտել, իսկ նա դեռ չի կարողանում այն սկսել՝ գրում է սկիզբը, կարդում այն, փոփոխում, նորից կարդում, ջղայնանում ամենքի ու ամեն ինչի վրա, ջնջում, նորից գրում։ Եվ այդպես մեկ ամիս, ամեն գիշեր, մինչև չհանձնվի։ Հույսը վաղուց է նրան լքել։ Նա արդեն պատրաստ է հաջորդ օրը տնօրինությանն ասել, որ հեռանում է աշխատանքից, որ թատերական արվեստն իրենը չէ։ Սակայն հիմա նա դա դեռ չի հասկանում ու փորձում է փրկել գործող անձանց, փրկել այդպես էլ չստացված կերպարներին։

Մի քանի րոպեից այս սենյակն էլ լցվեց մթությամբ։

-Բարի գիշեր, հուսամ քո վաղն այսօրվանից լավը կլինի։

Երկինքն էլ ամպամած չէր, քամին կարծես թե քշեց բոլոր ամպերը, իրենց հետ քշելով նաև բոլորի խնդիրներն ու անհանգստությունները։ Շենքի համարյա բոլոր բնակիչները քնած էին, հեռու էին առօրյա հոգսերից, մտածմունքներից ու դժվարություններից։ Վառվում էր միայն նրա սենյակի լույսը, նրա, ով մատներով գրկել էր այտերն ու շարունակում էր նայել դիմացի շենքին՝ պատկերացնելով այնտեղ ապրող մարդկանց։

elen mangasaryan new

Հաջող, Վանաձոր

Երբևէ լսե՞լ եք, որ ասում են՝ վանաձորցի երեխաները արևը քառակուսի են նկարում, որովհետև գրեթե երբեք չեն տեսել։ Ճիշտ են ասում։ Վանաձորում ամառն ունի 2 ամիս, որովհետև օգոստոսին արդեն աշուն է։ Ու չնայած, որ ես աշունն ու իր հետ եկող հետևանքները ( ցուրտ, մշուշ, ամպ, թախիծ անհուն, տխրանք հեզ) չեմ սիրում, էս օգոստոսին սկսեցի նորից սիրել Վանաձորը։ Ու օգոստոսներն ինձ միշտ ստիպում են սիրել Վանաձորը, էս մռայլ, բայց ջերմ քաղաքը։

Երբ ինձ հարցնում են, թե ինչին կամ ում եմ շնորհակալ, պատասխանում եմ` ծնողներիս ու Վանաձորին։ Այդ քաղաքը, ինչպես ծնողներս, իմ կայացման, բնավորության մեջ մեծ հետք է թողել։ Մենք մեծացել ենք իրար հետ, հասունացել, հազար կարծիք ու մտածելակերպ փոխել։ Ու ժամանակի ընթացքում փոխվել է նաև իմ վերաբերմունքը Վանաձորի հանդեպ։ Սկզբում չէի սիրում, չէի ընդունում, հետո, ինչպես միշտ է լինում սենց դեպքերում, երբ սկսեցի ավելի լավ հասկանալ իրեն, սիրեցի էդ քաղաքը՝ անվերջ ու միշտ։ Երևի դեռահասական ծայրահեղությունների շրջանն էր պատճառը, որ հնարավորինս վանում էի քեզ ինձնից ու ինձ փակ պահում։ Բայց հետո դու ինձ սովորեցրիր սիրել ընկերներիս, ընկերներս էլ սովորեցրին սիրել քեզ։ Նրանք չլինեին, ես երևի էդպես ծայրահեղ դեռահաս էլ կմնայի։

Մենք իրար հետ հեղափոխություն արեցինք՝ իմ ներսում, քո ներսում, մեր կառավարության մեջ։ Երկուսս էլ ներամփոփ էինք, «անձրևոտ», չշփվող, մի փոքր երկչոտ (գիտական֊գրական տերմիններով ասում են «ինտրովերտ» ), իսկ հիմա… Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Երկուսս էլ ավելի համարձակ ենք, «արևոտ», պատրաստակամ ավելի նորն ու լավը ընդունելուն։ Ցավոք, ես հիմա պետք է տեղափոխվեմ էն քաղաք, ուր միշտ ուզել եմ քեզնից փախչել (հիմա չեմ ուզում)։ Բայց ուրախ եմ, որ քեզ լքում եմ էս դրական ու բարի նոտայի վրա։

Հաջող, Վանաձոր։ Հուսով եմ՝ էն ծանոթ֊բարեկամներից չենք լինի, որ իրար տեսնելիս ասում են՝ ես քեզ չհիշեմ, դու ինձ չես հիշի։ Հուսով եմ՝ ամեն անգամ գրկաբաց կդիմավորենք իրար ու շատ ջերմ հաջող կանենք՝ նորից տեսնվելու ակնկալիքով։

Կարոտելու եմ ես քեզ ու բոլորին, բայց ինչ արած, մնաս բարով։

Susanna Grigoryan

Ամառը վերջացավ

Նկատեցի՞ք՝ ամառը էլի վերջացավ։ Բոլոր ամառները աննկատ վերջանալու սովորություն ունեն։ Իհարկե, գարունն ու աշունն էլ են վերջանում, բայց դանդաղ, կամաց-կամաց, որ հասցնես համակերպվել։

Բրազիլական սերիալներում հերոսուհիները մի առավոտ արթնանում են ու հասկանում, որ ավելիին են արժանի, թողնում են ընտանիքը ու գնում շատ-շատ հեռու՝ նոր կյանքի հետևից։ Ամառն էլ բրազիլական սերիալների հերոսուհիներից է։ Մի առավոտ թողնում-գնում է՝ իր հետ տանելով տան եղած-չեղածը՝ այդ թվում մեր բոլոր չիրականացած պլանները։ Ընդ որում, եթե աշնանային պլանները բավարարվում են «Էս տարի լավ կսովորեմ»-ով, ապա ամառային պլանները շատ ավելի հավակնոտ են լինում։

Հաջողված ամառը չափելու շատ տարբերակներ կան։ Եթե ամառը չափենք կարդացած գրքերով ու նայած ֆիլմերով, ապա իմ ամառը միջին վիճակագրական էր,  բայց այ, կորցրած հնարավորությունները միջինից շատ էին։

Այս ամառվա ընթացքում համահայկական խաղերի կամավոր էի։ Ավելի քան երկու շաբաթ՝ 20 ամառային օր՝ կարդացած 2  անհետաքրքիր կամ 4 հետաքրքիր գիրք։ Խաղերի մասին խոսելիս լրատվամիջոցները անպայման նշում են մասնակիցների ու կամավորների թիվը, պատմում են նրանց համատեղ աշխատանքի ու ընկերության մասին։ Մեծամասամբ հենց այդպես է որ կա, բայց մենք մեր պատվիրակության հետ չընկերացանք։ Իրար նվերներ տվեցինք, շնորհակալություն հայտնեցինք բայց չընկերացանք։ Իհարկե, վերջում տխրեցինք, երևի որովհետև միշտ տխուր է, երբ ինչ-որ բան վերջանում է, կամ էլ ուրիշների տրամադրությունից էինք ազդվել, չգիտեմ։ Խոստացանք հաջորդ խաղերին հանդիպել, բայց դե բոլորս էլ հասկանում էինք, որ էլ իրար երբեք չենք տեսնելու։ Այսպիսով, +1 կորցրած հնարավորություն ու -4 հետաքրքիր գիրք։

Վերջում կարելի էր բոլորին խորհուրդ տալ ճիշտ օգտագործել ամառային բոլոր 92 օրերը, բայց ես ամենալավ խորհուրդ տվողը չեմ, ինքներդ որոշեք։ Իսկ մինչ այդ ամառը վերջին անգամ նայում է հետ, բրազիլական սերիալի գեղեցկուհու նման թափահարում է մազերը ու փակում է դուռը։

juli abrahamyan

Արագացրեք, լեկցիան սկսվեց

Անկեղծ եմ ասում, եթե ինձ մի անգամ էլ ասեն, որ սրանք իմ կյանքի լավագույն տարիներն են, ապա ապագայի հանդեպ լցված չարությամբ կպայթեմ: Դե, եթե հիմա` լավագույն տարիներիս շրջանում ամեն ինչ, մեղմ ասած, այդքան էլ «լավագույն» չէ, ապա ապագա՞ն ինչ է լինելու:

Բոլորը գրում ու ոգևորում են առաջին կուրսեցիներին, բայց ոչ-մեկը չի խոսում երկրորդ կուրսեցիների մասին:
Այդ մեկը կլինեմ ես, խնդրեմ:

Միանգամից ասեմ, եթե դու երկրորդ կուրսեցի ես ու պատկերացնում ես, որ բոլոր մոլորված առաջին կուրսեցիներին կարող ես օգնել, ապա սխալվում ես, որովհետև մեկը լինի քեզ օգնի:
Եթե մտածում ես, որ երբեք սուրճից կախվածություն չես ունենա, ապա զգուշացնեմ, որ սկսես քիչ-քիչ գումար հավաքել` սուրճի վարկերը մարելու համար:

Երկրորդ կուրսեցի լինելն այդքան էլ հեշտ չէ, որովհետև ամեն օր պարտավոր ես ժպիտը դեմքիդ մտնել ուսումնական հաստատություն, որ հանկարծ առաջին կուրսեցիները չվախենան ու վատ չզգան իրենց: Ամեն օր կլսես «արդեն մեծ եք, առաջին կուրս չեք» սաստող ու խորհրդավոր արտահայտությունը, ու ոչինչ, որ անցյալ տարի լսել ես «արդեն մեծ եք, դպրոցական չեք» նույնչափ խորհրդավոր ու իմաստուն խոսքերը:

-Էս ինչ տխուր դեմք ա:

Ինձ սա ասում են բոլորը, ե՞րբ` միշտ: Դե արի ու բացատրի, որ այդ տխուր, տանջված, տառապած, վրաերթի ենթարկված դեմքն իմ սովորական դեմքն է:

Չգիտես ինչու, բայց բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում հարցնել քեզ քո մասնագիտական առարկաների մասին: Ոչինչ, որ սեպտեմբերի երեքն է, ու դու դեռ գրքերդ չես ստացել:
Դե, քոլեջում երկրորդ կուրսից ես մասնագիտական առարկաներ անցնում, ինչը նշանակում է, որ երկրորդ կուրսում նոր-նոր պատկերացում ես կազմում, թե «էս ինչ կրակի մեջ ես ընկել»:

Երկրորդ կուրսում պատկերացնում ես, որ կողքի սրճարանի աշխատողին կարող ես ասել «ինձ ինչպես միշտ», ու նա ժպիտով քեզ կտա քո թունդ ու դառը սուրճը, բայց սովորաբար տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը.

-Բարև ձեզ, ինձ ինչպես միշտ:
-Դու ո՞վ ես: Ու մի քիչ արագ, էլի, հերթը խեղդում ա:

Բան չասացի, երկրորդ կուրսում գոնե լսարանների տեղերը հիշում ես ու դասախոսների ազգանունները չես շփոթում:

Չգիտեմ, թե երրորդ կուրսում ինչ տանջանքների ու փորձությունների միջով եմ անցնելու, բայց մի բան կմնա անփոփոխ` դուք կրկին ստիպված կլինեք իմ բողոքները կարդալ ու մտովի ասել, որ ձեր ժամանակ ամեն ինչ ուրիշ էր:

Արագացրեք, լեկցիան սկսվեց:

Մտքի և արվեստի հատման կետում

Միտքը, ինչպես և արվեստը, այսբերգի է նման։ Այս երկուսի տիտանական աշխատանքի մեծ մասն աննկատ է, միայն արդյունքն է մեր աչքերին ու գիտակցությանը հասանելի։ Մինչ գլուխգործոցը կյանքի կկոչվի, արվեստագետի ուղեղում միտքն աներևակայելի արագությամբ որոշումներ է կայացնում, հաշվարկում, կշռադատում ու հղկում  է յուրաքանչյուր մանրուք։

Ֆրանսիացի հանրահայտ քանդակագործ Օգյուստ Ռոդենը իր «Մտածողը» կերտելիս հանգել է այն գաղափարին, որ միտքը ծանր տառապանքների մեջ է ծնվում և այն հսկայական ջանքերով է տրվում մարդուն։ Մտածել, նշանակում է տառապել։ Նշանակում է հարցնել ինքն իրեն՝ ո՞վ եմ ես, ոտեղի՞ց եմ եկել, ու՞ր եմ գնում։ Իսկ արվեստը կոչված է այդ հարցադրումներին շոշափելի լուծումներ գտնել։

Միտքը, ահա գլխավորը՝ աշխարհում կատարվող լավագույն և վատագույն երևույթների ակունքը։ Այդ միտքն է ծնում արվեստներ և արվեստներն են հասունացնում նոր մտքեր։

Ռոդենյան «Մտածողը», որ անուղղակիորեն ցույց է տալիս արվեստի և մտքի փոխկապակցվածությունը, ստիպում է ինձ նկատել մեր շուրջը գտնվող այն մտածողներին, ովքեր իրենց գաղափարները շոշափելի են դարձնում։

Ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ եկել, ու՞ր եմ գնում․ հենց այս հարցերի պատասխաններն էր որոնում Ստասը (Ստանիսլավ Առաքելյան), երբ ծանոթացանք, ու համաձայնեցի օգնել նրան սովորել իր լեզուն՝ հայերենը։ Հայրը հայ է, ինքն էլ ծնվել, մեծացել է Ռուսաստանում և կես տարի է, ինչ որոշել է հայերեն սովորել։ Միանգամից գրախանութ է գնացել, գնել ինքնուսույց և գործի անցել։

-Նախկինում երբեք չէի մտածել հայերեն սովորելու մասին,-ասում է նա,- բայց երբ մի օր տեսա, թե ինչպես են թաթար ընկերներս զրուցում իրենց լեզվով, միանգամից ուզեցի հայերեն սովորել։ Մեկ-երկու շաբաթ սովորելուց հետո հասկացա, որ մինչև ականջներս սիրահարվել եմ հայերենին։

Իր աշխատասիրության ու համառության շնորհիվ, Ստասին հաջողվում է օրական մոտավորապես 20 նոր բառ փախցնել ինձնից, նոր մեթոդներով թարգմանություններ անել, ընթեռնելի հայերենով գրել ու նույնիսկ խոսել՝ դարձվածքներ օգտագործելով։ Որոշել է՝ երբ ազատ հայերեն խոսի, կիրագործի իր երազանքն ու Հայաստան կգա։

Բացի այն, որ նա ինձ զարմացնում էր իր հայկական դաստիարակությամբ ու մտածելակերպով, վերջերս զարմացրեց նաև իր նկարչական հմտություններով։

Նկարչության հարցում ևս ինքնուս է։ Նկարում է միայն այն դեպքում, երբ մենակ է սենյակում, տրամադրված է ու շատ է ուզում ստանալ գոհացնող արդյունք։

-Վաղ տարիքում ես շատ էի սիրում ծառեր, կենդանիներ նկարել։ Առհասարակ նկարում էի այն, ինչ տեսնում էի շուրջս։ Համալսարան ընդունվելուց հետո սկսեցի նաև դիմանկարներ նկարել,-պատմում է նա,-Ընդհանուր պրոցեսը շատ համբերություն է պահանջում։ Նորմալ արդյունքի հասնելու համար ինձ երեք օր է հարկավոր, բայց ինչ էլ որ նկարելու լինեմ, հարյուր տոկոսով վստահ եմ լինում, որ կստացվի։ Եթե նույնիսկ բնականին նման չի ստացվում, միևնույն է, երբեք կիսատ չեմ թողում այն։

IMG_20190814_223635_105

20-ամյա տաղանդավոր այս երիտասարդի աշխատանքները տարբերվում են ուրիշների նկարներից նրանով, որ նա միշտ նկարում է գրիչով։

-Տարիներ առաջ նկարում էի ներկերով, բայց դա ինձ այդքան էլ հոգեհարազատ չէր։ Ինձ միշտ թվում է, որ մատիտով նկարված նկարները ժամանակավոր են, քանի որ որոշ ժամանակ հետո կարող են խունանալ, ջնջվել։ Գրիչն այս հարցում ապահով է, մշտական։

Ստասի համար նկարչությունը ոչ միայն սիրած զբաղմունք է, այլև մտքերն ու հոգեվիճակն արտահայտելու յուրօրինակ միջոց։ Նա վստահ է, որ համբերատար աշխատանքը նպատակասլացության ուսուցիչն է, քանի որ, ինչպես ասել է Բերտոլտ Բրեխտը, առանց մեծ նպատակների դարաշրջանները չունեն և մեծ արվեստ։

Լոնդոնի զբոսայգիները

«Այգի զբոսնելու համար և անսահմանություն` խորհելու:  Կարո՞ղ էր արդյոք նա ավելին պահանջել: Մի քանի ծաղիկ ոտքերի տակ և աստղեր` գլխավերևում»,- սա Վիկտոր Հյուգոյի խոսքերն են: Այս պահին անգլիացի գրողի չհիշեցի, ով այգիների, զբոսայգիների մասին մի իմաստուն միտք ասած լինի: Բայց որ ասած կլինի, չեմ կասկածում, քանի որ եթե ապրել է Լոնդոնում, պարզապես իրավունք չունի չասելու:

Լոնդոնը աշխարհի մեծագույն մեգապոլիսներից մեկն է: Ենթադրաբար` պետք է լիներ աղմկոտ, փոշոտ, ծխի մեջ կորած: Բայց շտապեմ առարկել: Լոնդոնն աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկն է:  Եթե անգամ առանձնապես զբոսայգիների սիրահար չեք, լինելով Լոնդոնում, չեք կարող անտարբեր անցնել բոլոր այն զբոսայգիների կողքով, որոնք միավորում են Լոնդոնի թաղամասերը իրար: Չգիտեմ, գուցե սխալ եմ արտահայտվում, քանի որ հարյուրավոր հեկտարներ ձգվող զբոսայգիները, կարծես ոչ թե միավորում են, այլ իրենց շուրջն են հավաքում Լոնդոնի թաղամասերը:

Լռություն, մարգագետիններ, որտեղ կարելի է հենց նստել խոտերի վրա, դարավոր ծառեր, լճակներ, ճեմուղիներ, արձանիկներ, շատրվաններ, երբեմն միջնադարյան դղյակներ, ձիավարության, հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներ, խաղահրապարակներ, մարզադաշտեր, լռություն, հանգիստ, ոչ մի սրճարան, ոչ մի կոմերցիոն տարածք… Այստեղ միայն հանգստանում են: Ցավով փաստեցի, որ Երևանի գողտրիկ կանաչ անկյունները վաղուց չկան, կամ այնքան են կառուցապատվել, որ միայն անունն է մնացել զբոսայգի:

Նրանք, ովքեր իրենց սրճարանը հենց զբոսայգու սրտում են կառուցել, երևի չհասկանան լոնդոնցիներին, որոնք հարյուրավոր հեկտարները քաղաքի հենց սրտում չեն դարձրել շահույթի աղբյուր: Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ Լոնդոնն աշխարհի ամենաթանկ քաղաքներից է, որտեղ անշարժ գույքը աստղաբաշխական թվերի է հասնում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում կտրել ծառերը «էլիտար» շենքեր կառուցելու համար: Փոխարենը ամեն ծառուղում դրված նստարանի վրա կարող եք կարդալ, թե ում հովանավորությամբ է տեղադրվել այն, կամ ի հիշատակ ում:

Ես լուսանկարիչ չեմ, բայց փորձել եմ մի քանի լուսանկար անել իմ այցելած զբոսայգիներից` Քենսինգթոնյան այգիներ, Հայդ պարկ, Ռեջենթ պարկ, Հալլանդ պարկ, Գրինվիչ…

Եթե կհետաքրքրի, կարող եմ ամեն մեկի մասին պատմել, կամ էլ կարող եք ինքներդ որոնել տեղեկություններ:

Հա, ու ինչ էի ուզում ասել. գուցե հենց դուք լինեք այն սերունդը, որ կստեղծի հայաստանյան անկրկնելի զբոսայգիները: Ի դեպ հիշատակի հավերժացման լավագույն ձևն է: Չե՞ք հավատում: Հիշեցնեմ. Խոսրով թագավորը այդ ե՞րբ էր, որ հիմնեց Խոսրովի անտառը: Ի դեպ, Լոնդոնի զբոսայգիներն էլ ժամանակին հիմնել են արքաները իբրև որսատեղի, բայց հետագայում դրանք բացվել են լոնդոնցիների առաջ, դարձել սիրելի զբոսավայրեր:

Մի բան էլ հիշեցի մեր գրիչներից, ձեռագիր մատյանի լուսանցքում արված մի գրություն.

«Մաշի ձեռս, դառնա ի հող,

Գիրս մնա հիշատակող…»

Այգիներ հիմնելու ժամանակն է:

anna vardanyan

Անհնարին փոփոխություն

Մի քանի օր առաջ վերջացրեցի Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» վիպակը: Այդ գիրքը արքայազնի և աղքատ տղայի մասին է, նրանք հանդիպելով, որոշեցին մի քանի ժամով ապրել մեկը մյուսի կյանքով, սակայն այդ մի քանի ժամը դարձան երկար և շատ դժվար օրեր: Երբ կարդում էի, մտածեցի.

«Կարո՞ղ եմ արդյոք մի օր ապրել  գրքերի «կյանքով», կարո՞ղ եմ  24  ժամ լռել»:

Մտածեցի և հասկացա, որ ոչ, հաստատ չեմ կարող և որոշոցի գրել իմ պատկերացումները գրքերի և մարդկանց կյանքի տեղափոխության մասին:

Մարդիկ խոսում են, արտահայտվում, երբ մեր կողքին կանգնած նրանք հանկարծ լռում են, հարցնում ենք.

-Ինչո՞ւ լռեցիր: Ի՞նչ պատահեց:

Իսկ ինչո՞ւ ենք նկատում այն լռությունը, որը րոպեներ է տևում, ինձ համար պատասխանը պարզ է:

Այն մարդը, որը լռեց, նա միշտ խոսել է, և նրա լռությունը անսովոր է:

Իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում խոսել (նկատի ունեմ համրերին), նրանք իրենց խոսքը արտահայտում են շարժումներով:

Մտածում եմ.

«Ինչո՞ւ մենք չենք նկատում մեր կողքին հավերժ լռող իրերին, նրանք մեզանից ավելին գիտեն, ավելի հարուստ են, քան մենք, բայց միշտ լուռ են»:

Գրքերի մասին է խոսքս, նրանց մեջ այնքան բան կա կուտակված, որ կարող էին խոսել մի ամբողջ դար, բայց լուռ են նրանք:

Եթե մեզ պատկերացնենք գրքերի փոխարե՞ն.  հարուստ  լինենք տեղեկություններով, պատմություններով, բայց լռենք:

Մենք հաճախ կարծում ենք, որ լռելը ինչ-որ տեղ օգտակար և ճիշտ կլինի, արդյո՞ք կարող ենք լռել մի ամբողջ կյանք, ինչպես գրքերը:

Երբ մեր ձեռքերը գրիչից թանաքոտվում են, աշխատում ենք հնարավորինս շուտ մաքրել, բայց երբ այդ նույն գրիչով տեսնում ենք, որ ինչ-որ մեկը նկարում է գրքի վրա, չենք մտածում` ի՞նչ է զգում գիրքը: Ճիշտ է, գիրքը համարվում է անշունչ  առարկա, բայց նրա թերթերի ներսում քանի շունչ կա, քանի իմաստ…

Ի՞նչ ենք սովորում մենք գրքերից: Հաճախ եմ  լսում.

- Ուղղակի պատմություն է, հորինված է…

Ես գրքերից սովորել եմ լռել և շարադրել մտքերս: Լռել, բայց շատ իմանալ և պարունակել:

Ահա այսքանը անհնարին փոփոխության մասին: Հնարավոր է մարդիկ լինեն, որ համաձայն չլինեն իմ տեսակետի հետ, համենայնդեպս. «Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»,- ասել է Մարկոս Ավրելիոսը:

Հ.Գ. Երկու օրից սեպտեմբերի մեկն է, Գիտելիքի օրը: Ապրենք ինչպես գրքերը` լցվենք իմաստությամբ: