Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ուզո՞ւմ ես լուսանկարել

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

1940 թիվն էր, երբ ծնվեց տատիկս: Դե երևի պատկերացնում եք` ինչ ժամանակներ էին: Ես տատիկիս մայրիկին էլ եմ տեսել, ով արդեն բավականին մեծ էր, երբ ես արդեն այն տարիքում էի, որում ինձ հիշում եմ: Տատիկիս մայրիկն ու հայրիկը Երգի և Պարի պետական անսամբլից էին: Հենց այնտեղ էլ հանդիպել են, սիրահարվել, ամուսնացել: Հիմա ինձ համար այդ ժամանակները սև-սպիտակ այն ֆիլմերի նման են, որտեղ դեռ վայրկյանում 16 կադր էր, ու մարդիկ արագ-արագ էին շարժվում (չնայած այդ ժամանակ կինոյում արդեն վայրկյանում 24 կարդ էր), ինչպես Չապլինի համր ֆիլմերում (որպեսզի պատկերացնեք):
Ես այս պատմությունը շատ եմ սիրում, չնայած չափազանց տխուր է:
Մեծ տատիկս ու պապիկս` Եվգենյան ու Պողոսը, ամուսնանում են: Արդեն երկու երեխա ունեին. ինչպես ասում էի` 40 թվին ծնվեց տատիկս, իսկ 41-ին մեծ պապիս տարան պատերազմ: Տխուր է, չէ՞: Ավելի տխուր է, որ նրան տանելուց մի քանի օր անց պաշտոնական հրաման է գալիս, որ Երգի պետականից ոչ ոքի չտանեն պատերազմ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Պապիս կռվել է Թամանյան դիվիզիայում: Այն, որ հաղթանակից հետո Բեռլինում քոչարի էին պարում:
Ֆրոնտում լինելու ժամանակ պապիկս անընդհատ նամակներ է ուղարկել: Նամակներից մեկում էլ եղբորը գրել էր, որ երեխեքին լավ նայի մինչև գա:
Երկար նամակագրությունից հետո գալիս է սև թուղթ, ըստ որի, պապիս համարում են անհետ կորած: Իր հետ կռվողներից մեկն էլ պատմել է, որ Կերչի ազատագրական մարտերի ժամանակ խեղդվել է:
Շատ եմ լսել այս պատմությունը, տատիկս էլ շատ է սիրում պատմել, չնայած միշտ հուզվում է: Ես էլ եմ հուզվում ու հպարտանում եմ: Իմ համր ֆիլմում նա մնացել է Գերմանիայում, կամ մի ուրիշ տեղ, երեխաներ ունեցել ու ծերացել-մահացել է, միայն ոչ զոհվել: Տատիկս բոլոր այդ նամակները տվել է բարեկամներից մեկին, որ հանձնի թանգարան, և այդպես կորել են այդ նամակները, պապիս և տատիս նկարներով աֆիշները, ֆոտոները…

Հիմա կինոն վայրկյանում  24 կադր է, բայց կարող է նաև լինել 25 կադր, բայց այ, 26, կամ օրինակ 23 կադր լինել չի կարող, պարզ կնկատվի, շարժումները ռոբոտային կդառնան կամ ավելի վատ:
Հիմա կասեք ինչ կապ ունի այս ու մնացած այն բաները ֆոտոյի հետ:
Այսօրվա իմ ֆոտոյի նյութը այն 25-րդ կադրիկի մասին է, որը աննկատ, հենց այնպես, շատ սովորական կարող է ուղղակի լինել, նույն կերպ ինչպես մի ֆոտոն` մի ակնթարթը շատ աննկատ, անիրական ու գոյություն չունեցող ժամանակում կարող է փաստ դառնալ, ապացույց, փաստաթուղթ: Այնպես, ինչպես պապիս մեկնելուց առաջ նկարեցին որդուն գրկած, ու դա դարձավ միակ ֆոտոն, որը մնացել է իրենից: Ապացույց, որ նա եղել է:
Այստեղ հիշում եմ Գոդարի խոսքերը. «Լուսանկարը ճշմարտություն է, իսկ կինոն ճշմարտություն է` վայրկյանում 24 անգամ»:
Հիմա մտածում եք, որ մենք կարող ենք օրվա մեր ամեն պահը վավերագրել: Ինչպես շնչեցինք, արտաշնչեցինք, կանգնեցինք, նստեցինք: Ու հավանական է, որ այդ ֆոտոներից մեկն ու մեկը միակ ապացույցը կդառնա մեր մասին: Չեմ կարծում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դրա համար մի շարք մարդիկ կարծում են, որ ֆոտոն կորցրել է իր արժեքը, մեր կամ մեկ ուրիշի պատճառով:
Ես կարծում եմ, որ ֆոտոների ու սելֆիների այդ խառնաշփոթը հենց այն ժամանակն է, որտեղ ֆոտոն ամենաարժևորվածն է: Ուշադրություն` լավ ֆոտոն: Միշտ էլ ֆոտոների այդ շատության մեջ առանձնանում է այն միակը, ուրիշը:

erik eghinyan

Չհուսահատվելու մասին

2016 թվականն էր, երբ ես մասնակցում էի Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի՝ Անգլերենի Աքսես Միկրոդրամաշնորհային ծրագրին: Անգլերեն մի քիչ գիտեի և որոշեցի դիմել Ֆլեքս փոխանակման ծրագրին: Մինչև դիմելը իմ երազանքն է եղել սովորել արտերկրում, ճանապարհորդել տարբեր երկրներով: Հստակ որոշել էի դիմել: Քննության օրերն արդեն մոտենում էին, և ցանկացողները պետք է քննությունը հանձնեին  տվյալ մարզի բուհում կամ դպրոցում: Մեր մարզինը, այսինքն՝ Լոռին, պետք է լիներ տեղի պետական համալսարանում:

Մենք արդեն համալսարանում էինք և պատրաստվում էինք քննությանը: Մինչև քննության սկսվելը կամավորները, ովքեր  Ֆլեքս ծրագրի շրջանավարտներ էին, կրկին անգամ ներկայացնում էին ծրագրի մասին: Մինչև բուն քննության սկիզբը հերթով յուրաքանչյուրիս հարցնում էին, թե ով որ դասարանում է սովորում և քանի տարեկան է: Մինչ ինձ հասնելը ես շատ լարված էի, որովհետև սովորում էի 12-րդ դասարանում և տեղյակ էի, որ հնարավոր է խնդիրներ առաջանան զինվորական ծառայության հետ կապված, չնայած ես մեկ տարի ավել ժամանակ ունեի և կհասցնեի: Հերթը հասավ ինձ, և ես պատասխանեցի, որ սովորում եմ 12-րդ դասարանում և մեկ տարի ավել ժամանակ ունեմ ու կարող եմ մասնակցել, անցնելու դեպքում սովորել ամերիկյան ավագ դպրոցում, ավարտելուց հետո հետ գալ և հարկ եղած դեպքում զորակոչվել բանակ: Փոխանակման ծրագրի տնօրենը ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի, եթե չունեմ համապատասխան թուղթ, ուրեմն ազատ եմ: Ես շատ հիասթափված դուրս եկա այդ սենյակից և միջանցքում անմխիթար վիճակում սպասում էի մեր համայնքի երեխաներին: Միջանցքում հանդիպեցի մի աղջկա, ում ճանաչում էի կրկին Հայաստանի Մանուկներ Հիմնադրամից, բայց այս անգամ բանավեճի խմբակից: Իրենց գյուղի բանավեճի թիմի հետ շատ էինք բանավիճում: Մոտեցա, բարևեցի, հարցրեցի, թե ինչպես է: Նա նույնպես եկել էր մասնակցելու Ֆլեքս ծրագրին: Երկուսս էլ անելանելի վիճակում էինք. ես մեծ էի, իսկ նա փոքր: Այդպես կարծես իրար գտանք, քանի որ նույն իրավիճակում էինք գտնվում: Զրուցում էինք մեր հետաքրքրություններից և տարբեր թեմաներից: Հիացել էի նրա բանիմացությամբ: Մինչ այդ հանդիպումը մենք ուղղակի բանավիճողներ էին և հակառակորդներ, այդ հանդիպումից հետո մենք դարձանք ընկերներ: Հիմա էլ շարունակում ենք շփվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս: Երբեք չենք մոռանում այդ օրը՝ հուզված և տխուր: Սակայն դրանից հետո մենք ավելի գոտեպնդվեցինք, հիմա էլ շարունակում ենք սովորել ու առաջ գնալ, բայց միշտ հիշում ենք և մեր ականջին օղ ենք անում, որ երբե՛ք չպետք է հուսահատվել: Մեկ դուռ փակվում է, մեկ ուրիշը` բացվում:

 

Հայ աղջիկները ֆուտբոլում

56271634_325159774715915_4664750476808421376_nՖուտբոլ՝ հավանաբար աշխարհի ամենասիրված, ամենահայտնի և ամենագեղեցիկ մարզաձևը: Մարզաձև, որը մեկ նպատակի շուրջ է միավորում միլիոնավոր մարդկանց:

Հայաստանում էլ մարդիկ սիրում և խաղում են ֆուտբոլ, բայց ինչքան ես եմ նկատել՝ խաղում են հիմնականում տղաները: Մեծ կարծրատիպ է դարձել այն, որ ֆուտբոլը տղաների համար է, ինչի հետևանքով քիչ աղջիկներ են գետի հոսանքին հակառակ գնում և խաղում ֆուտբոլ: Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք խրախուսում են աղջիկների մասնակցությունը, որոնցից մեկն է ԳՈԼՍ-ը:

Մարտի 24-ին Արմավիր քաղաքի սպորտդպրոցում տեղի ունեցավ ԳՈԼՍ աղջիկների ֆուտբոլի լիգայի գարնանային շրջանի բացման արարողությունը: Արմավիր քաղաքում ԳՈԼՍ լիգան գործում է դեռևս 2018-ի սեպտեմբերից՝ այս պահին ունենալով 4 թիմեր Արմավիրից, Լեռնագոգից և Շենիկից:

Արմավիր քաղաքի ԳՈԼՍ համակարգողն է Օժենի Ավետիսյանը, մրցավարն է Հակոբ Բաբաջանյանը, իսկ բժշկական-տեխնիկական պատասխանատուն՝ Հեղինե Պապիկյանը:anahitaharonyndsht

ԳՈԼՍ կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին, այն օգնում և աջակցում է աղջիկներին դառնալ առաջնորդներ ֆուտբոլի միջոցով՝ տալով նրանց արդար, հավասար և ապահով միջավայր՝ հաղթահարելու սոցիալական կարծրատիպերը սպորտի միջոցով:anahara

Հայաստանի ողջ տարածքում կա ԳՈԼՍ-ի 8 լիգա՝ ներառելով շուրջ 700 ֆուտբոլ խաղացող աղջիկների Արմավիրից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից, Վայոց Ձորից, Լոռիից, Կոտայքից և Գեղարքունիքից:

ԳՈԼՍ կազմակերպությունը շարունակաբար զարգանում է՝ ընդլայնելով իր լիգաների քանակը և համագործակցությունը ազգային ու միջազգային կազմակերպությունների հետ:
Կասկած չկա, որ սա հիանալի գաղափար է և մեծ հաջողության է հասնելու: Իմ կարծիքով, բոլորս էլ պետք է օգնենք նման կազմակերպություններին` մեծացնելու աղջիկների դերը բոլոր ոլորտներում։ Կանայք կարևոր են, կանայք հզոր են:

Հայ ձկնաբույծները ներկայացրեցին ջրի արդյունավետ օգտագործման իրենց լավագույն գործելակերպը

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Արթուրը սկսել է ձկնաբուծությամբ զբաղվել 2007թ.-ին։ Ընկերներից մեկը ձկնաբուծարան ուներ, և որոշեց ինքն էլ այդ ոլորտում փորձել ուժերը։ Սկզբում շատ դժվար էր։ Գործող ձկնաբույծները չէին ցանկանում իրենց փորձը փոխանցել։ Քանի որ հաստատ որոշել էր հաջողել, սկսեց ինքնակրթվել։ Տարիների ընթացքում հարստացրեց գիտելիքները, սովորեց նաև արտասահմանյան փորձից։

-Երբ նոր էի հիմնել ձկնաբուծարանը, ընդամենը 3 ավազան ունեի, իսկ տարիներ անց դրանց թիվը հասցրեցի 9-ի,- պատմում է Արթուրը։

Արթուրը գտնում է, որ իր առավելությունն այն է, որ սրտացավ է մոտենում իր գործին, չի դիտում այն միայն որպես դրամ վաստակելու միջոց։ Նա իրեն և իր նման ոչ մեծ բիզնեսներին համարում  է իրական ձկնաբույծներ, որովհետև իրենք ձուկը բուծում են սկսած ձկնկիթից։ Արթուրը ձկների իրացման խնդիր չունի և շատ գոհ է, որ իր բուծած  ձկներն իրացվում են Հայաստանում։
Վերջին 15 տարիների ընթացքում ստորերկրյա ջրերի չվերահսկվող օգտագործման հետևանքով իջել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակը։ Անդառնալիորեն փոխվել է նաև ստորերկրյա ջրերի քիմիական  կազմը՝ շատ վայրերում դառնալով ոչ պիտանի խմելու համար։
Ձկնաբուծական տնտեսությունների զգալի աճը ջրային ռեսուրսների հավասարակշռության և որակի վրա ազդող գործոններից մեկն է։

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Այս համատեքստում ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը մեկնարկել էր  «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման լավագույն գործելակերպեր» նախաձեռնությունը՝ համագործակցելով «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» ծրագրի հետ։
Նախաձեռնության նպատակն էր` բացահայտել և խթանել Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործելակերպ՝ գործընկեր ձկնաբուծարաններին ներկայացնելով սակավ ռեսուրսների արդյունավետ օգտագործման մի շարք օրինակներ։
Միջոցառումից առաջ, հիմնվելով ձկնաբուծարանների փաստացի կարիքների վրա, ԱՀԿՄԿ-ի մասնագետները վերապատրաստման գործնական դասընթաց էին կազմակերպել մասնակից ինը ձկնաբուծարանների համար՝ ձկների հիվանդությունների, ֆինանսական հմտությունների և ձկնարդյունաբերության ոլորտում առկա իրավական բացերի վերաբերյալ։
Մարտի 21-ին՝ Ջրի համաշխարհային օրվա նախօրյակին, Աղվերանում անցկացվեց Լավագույն փորձի փոխանակման և պարգևատրման արարողություն:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Էդգար Փիրումյանը, «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» (SWEFRA) ծրագրի համակարգող Լուսինե Թադևոսյանը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Ձկնաբույծները ներկայացրեցին իրենց հաջողության հետաքրքիր պատմություններն ու բացեցին փոքրիկ գաղտնիքներ, որից հետո պատասխանեցին մի շարք հարցերի:
Նրանք պատրաստակամություն հայտնեցին փորձով կիսվել սկսնակ ձկնաբույծների հետ:
Այնուհետև հանդիսավոր կարգով մրցանակներ հանձնվեցին փոքր և միջին ձկնաբուծարաններին՝ խրախուսելով իրենց դրական փորձը։
Բիզնեսի իրականացման այս խելացի և շրջակա միջավայրի համար բարենպաստ մոտեցումները հավաքագրվել և հրապարակվել են մի գրքույկում, որը ներկայացվեց միջոցառման ժամանակ։

Բազմաղբյուրում էլ շաբաթօրյակ էր

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Հանրապետության ամբողջ տարածքում երեկ մեկնարկել էին համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում կատարվեցին սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Անմասն չեն մնացել նաև Արագածոտն մարզի Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի երեխաները:

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի

Մեր երկիրը, մեր Հայաստանը մաքուր պահելը յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի: Հայաստանը ունի աննկարագրելի գեղեցիկ բնություն: Ամեն մեկս պետք է հենց մեզնից սկսենք բնությունը մաքուր պահելը: Բազմաղբյուր գյուղով հոսում է Շահվերդ գետը, գյուղի երեխաները ամեն անգամ մաքրում են գետի մեջ գոյացած աղբը, բայց մարդիկ ամեն անգամ տանում են և աղբը նետում այդ գետի մեջ: Մեր գյուղը պետք է ամեն մեկս մեր չափով մաքուր պահենք, որովհետև հենց այդպիսի փոքր բաներից է սկսվում հայրենիքը սիրելը:

Մեկնի՛ր ձեռքդ, վերցրու աղբը, մաքուր Հայաստան, մաքուր Արագածոտն, մաքուր Բազմաղբյուր:
astghik gevorgyan

Կիսատ օրերը

Այդ օրը անսովոր լինելու չափ սովորական էր, նա տանն էր՝ իր տեղում՝ պատուհանի գոգին: Տպավորությունը այնպիսին էր, որ ինչ-որ մեկը հավերժ դաջել էր նրա անունը պատուհանի հնամաշ փայտին։ Ոչ մի անսովոր բան չկար, սովորականի պես նա նստած էր բարձին, տաք սենյակի ու ավելի ցուրտ փողոցի օդի համբույրից քրտնած պատուհանին նկարում էր ժպիտ և նայում աջ ու ձախ վազող մարդկանց ամբոխին։ Վերցնում էր տաք թեյը, որից գոլորշին պարելով փախչում էր, կում էր անում, տեղից ցատկում՝ ճիչ արձակելով, այրում էր քիմքը, հետո բարձր ծիծաղում, անգամ դա էր սովորական դարձել… Կծում էր կոնֆետը, ևս մեկ կում անում՝ անդադար փորձելով սառեցնել թեյը։ Հետո վերցնում էր գրիչը, բացում կափարիչը, ամրացնում գրչի վերևի մասում, բացում օրագիրը և սկսում գրել: Դա սովորական օրագիր չէր, ինչպիսին դպրոցներում է, դա իր կյանքի պատմությունն էր, որն ուներ գաղտնիքներ նաև դպրոցից։

Նա գերադասում էր պատմել թղթին։ Եվս մեկ կում էր անում արդեն գոլ թեյից, նայում դուրս՝ կարծես ցանկանալով հիշել ինչ-որ կարևոր դրվագ, կարևոր անուն այդ օրվանից, բայց ապարդյուն, բաց թողնելով այդ հատվածը՝ հետո հիշելու հույսով։ Փակեց կյանքի գիրքը, պառկեց։

Օրը փոխվեց… Նա էլի իր տեղում է, էլի նույն դիրքով, էլի նույն ճիչը, ծիծաղի ալիքը, էլի գրիչը, էլի կյանքի տետրը, էլի մտքերը։ Ավարտում էր, երբ նկատեց, որ երեկը բաց է մնացել, իսկ այդ դեպքում ինչպե՞ս կարող էր այսօրը լիարժեք լինել։ Թերթեց տետրը և տեսավ, որ գրեթե բոլոր էջերի տողերում կա այդ լայն բացատը.

«Շտկելու էս ինչքան բան ունեմ, էս ինչքան անավարտ օրեր ունեմ, տեսնես ժամանակս կհերիքի՞՝ ևս մեկ անգամ ապրելու բացթողումներս»։ Փակեց ու քնեց՝ ինքն իրեն խոստանալով, որ էլ կիսատ օր չի ունենա։