Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ինչպես էր անցնում իմ օրը ճամբարում

Անցած տարի վերջապես կատարվեց իմ երազանքներից մեկը։ Հնարավորություն ունեցա գնալու ճամբար եղբորս և քեռուս աղջիկների հետ, ովքեր արդեն մի անգամ եղել էին ճամբարում և ինձ շատ բաներ էին պատմել. թե ինչպես էր անցնում օրը, ինչով էին զբաղվում։ Մի խոսքով, ես քչից շատից տեղյակ էի։

Առավոտյան գնացինք Երևան և այնտեղից երկու մեծ ավտոբուսներով շարժվեցինք դեպի Վանաձոր՝ Գուգարք ճամբար։ Երբ հասանք, երեխաները՝ ովքեր արդեն մի քանի օր էր ինչ այնտեղ էին, մեզ համար անակնկալ էին պատրաստել։ Երգում ու պարում էին, մեզ պատմում էին, թե ինչ բուռն ու հետաքրքրություններով լի է անցնում օրը։ Դրանից հետո մեզ բաժանեցին ջոկատների, ծանոթացանք մեր ջոկատավարների հետ և գնացինք սենյակներ՝ տեղավորվելու։ Արդեն սենյակում էինք, և մեր իրերը դասավորված էին, մենք ամաչում էինք խոսել միմյանց հետ և լուռ նստած էինք։ Քիչ հետո սենյակ մտավ մեր ջոկատավարուհին և խախտեց լռությունը՝ առաջարկելով ծանոթանալ միմյանց հետ։ Արդեն ծանոթացել էինք և մեր մասին էինք պատմում, հանկարծ ինչ-որ ազդանշան հնչեց։ Մենք զարմացել էինք, թ՞ե վախեցել էինք… ինձ թվում էր երկրաշարժ է և այդ ազդանշանը հնչեց, որ դուրս վազենք։ Շատ ծիծաղեցի, երբ իմացա իրական պատճառը։ Այդ ձայնը մեզ կանչում էր ճաշարան։ Մենք գանցինք, տեղավորվեցինք և սկսեցինք ճաշել։ Դրանից հետո երկու ժամ հանգստի ժամ էր՝ պետք է քնեինք։ Շատ անսովոր էր, և մեզանից ոչ մեկն արդ օրը չկարողացավ քնել։ Մենք լուռ պառկած էինք, երբ նորից հնչեց ազդանշան, սակայն, այս անգամ ուրիշ էր։ Այս մեկը մեզ արթնացնելունն էր։ Վեր կացանք, հավաքեցինք անկողինը և գնացինք բակ։ Նստել էինք, զրուցում և ծանոթանում տղաների հետ, քանի որ մեր սենյակները տարբեր էին։ Մի քիչ հետո մեզ մոտեցան մեր ջոկատավարները և թխվածքաբլիթներ հյուրասիրեցին։ Հետո մեզ պարեր էին սովորեցնում (միանգամից մի քանիսը)։ Մեզ բացատրեցին յուրաքանչյուր ազդանշան ինչ է նշանակում։ Հայտարարվեց, որ երեք օրից մրցույթ է լինելու և պետք է պատրաստվեինք։ Եվս մի ազդանշան հնչեց և գնացինք ընթրելու։ Սպասեցինք, բոլորը վերջացրին և, երբ մութ էր, միացավ երաժշտությունը, գունավոր լույսերը և սկսեցինք պարել մինչ ուշ գիշեր։ Դե հետո գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք, հավաքեցինք սենյակը, մարնամարզություն արեցինք, դրոշը բարձրացրինք (նախորդ օրը չէինք արել, որովհետև ուշ էինք տեղ հասել) և գնացինք ճաշարան։ Պարզվեց, այդ օրը մեր ջոկատն էր հերթապահ։ Այսինքն, մեր ջոկատի աղջիկները՝ այդ թվում և ես, պետք է մատուցեինք ճաշը, սեղանը հավաքեինք։ Դե օրը շարունակվեց նույն ձևով, միայն թե այդ օրվանից սկսած լողանում էինք լողավազանում։ Հաջորդ օրը գնացինք արշավի։ Այնտեղ խոսեցինք մրցույթի մասին։ Պետք է դարձումներ կատարել, շարային քայլել, մեր խմբին պետք էր անուն, կարգախոս և որևէ ազգային երգ։ Մի խոսքով մենք երկու օր պատրաստվեցինք և մրցույթին ներկայացանք ամենալավը։ Մրցույթի հաջորդ օրը մենք խաղացինք «Հայ ասպետ»։ Ես նույնպես խաղում էի և շատ հետաքրքիր էր անցնում։ Սակայն այս անգամ անհատական որևէ խումբ չհաղթեց։ Ո՞վ հաղթեց… Հաղթեցին միասնությունն ու ընկերությունը։ Իսկ վերջին օրը խարույկ վառեցինք և երգեցինք։

marat sirunyan

Օձն էլ սիրտ ունի, սիրել գիտի

Մայրս պատմում էր, որ իր հայրական գյուղում` Վանաշենում, մի զրույց կար: Ըստ դրա, շատ տարիներ առաջ գյուղում երիտասարդ մի ամուսնական զույգ զարմանալի բանի առաջ  էին կանգնել:

Ամուսինները մի անգամ բակում տեսնում են հսկայական օձ:  Չեն համարձակվում  մոտենալ, սպանել:  Հետո օձը հանգիստ, ինքնուրույն հեռանում է: Բայց ամիսը մեկ հայտնվում է բակում, նորից վախենում են սպանել, բացի վախենալն էլ, հասկանում են, որ օձն իրենց վնասելու մտադրություն չունի, և ուղղակի խուսափում են նրանից: Քիչ-քիչ օձն այցերի հաճախությունը մեծացնում է, ու երբ հայտնվում է՝ միշտ շրջում է տան տիկնոջ հետևից:

Բայց մի որոշ ժամանակ օձը չի հայտնվում: Ու օրերից մի օր էլ տան տիկինը տան դուռը բացում է ու տեսնում օձին՝  ներսում: Վախեցած փախչում է, երբ մարդիկ հավաքվում են ու գալիս օձին վնասազերծելու, նրան այլևս տանը չեն գտնում…

Շատ ժամանակ է անցնում, օձը չի հայտնվում: Ամուսինները մտածում են, որ երևի էլ չի գա, ու ազատվել են նրանից: Սկսում են մոռանալ օձի մասին: Բայց մի երեկո, երբ կինը մտնում է ննջասենյակ ու բացում է անկողնու ծածկոցը, վախից քարանում է. օձը ողջ երկայնքով անկողնու մեջ պառկած է լինում: Վախեցած կինը փախչում է սենյակից ու ասում է ամուսնուն տեղի ունեցածի մասին: Քանի որ երկուսն էլ վախենում են հսկայական օձից, շտապում են իրենց հարևանի տուն` օգնություն խնդրելու: Իսկ հարևանը ազգությամբ հայ չի լինում, այլ կարծեմ եզդի, և լինում է շատ աժդահա: Ասում են, որ օձն արդեն իրենց անկողին է մտել և այլ ելք չկա, քան սպանելը:

Հարևանը գնում ու սպանում է այդ օձին: Ու ասում են, որ այդ ամենի պատճառն այն էր, որ օձը սիրահարված է եղել այդ գեղեցիկ կնոջը:

Փաստորեն օձերն էլ սիրտ ունեն ու սիրել գիտեն: Բայց ոչ ոք չէր կարող իմանալ, թե այդ սերն ինչ արդյունքների կարող էր հանգեցնել…

Հացի բույրը

-Է՛լ,  վաղը  շուտ կարթնանաս  քնից:

-Է՜, լավ՜  էլի՛, տա՛տ, ինչի՞…

-Հացի  խմոր  եմ արել, որ  ինձ օգնես՝ հացը փռես,  մեկ էլ  գունդ բերես:

-Վա՛խ, ջա՛ն, դե որ էդպես ա, մի քանի հատ ֆոտոներ կանեմ, որ ուղարկեմ 17.am-ին:

-Ինչ ուզում ես արա, հա՛, մենակ ժամանակին գունդը կբերես ու հացերը  սիրուն իրար վրա կշարես:

Առավոտյան  արթնացա  և հանկարծ քթիս հասավ հացի բույրը, և լսվեց տատիկիս ձայնը.

-Արթնացի՛ր, թոնիրն արդեն վառել եմ, արագացրու  կրակը  կիջնի, շուտ  հագնվի, արի, որ օգնես…

Տատիկի  հրամայական  նախադասությունից հետո   լսվեց  մայրիկի ձայնը.

-Ի՞նչ  ես պառկել,  արա՛գ հագնվիր…

-Լա՛վ- լա՛վ, հագնվում եմ:

-Դե մենք գնացինք,   շուտ  կգաս,  որ  հացերը փռես՝  չփշրվեն…

-Վա՜յ, ինչ լավ է` շուտ վերջացրեցինք հաց թխելը:

-Ո՞վ ասաց, որ վերջացրեցինք, բա կլո՞ճը:

-Ո՞նց, տա՛տ, կլոճ էլ ե՞ս արել:

-Հա՛, բա ոնց…

-Ին՛չ լավ ա, շատ եմ կարոտել կլոճի համը:

-Դե շու՛տ գնա խմորը բեր՝ քանի թոնիրը չի հանգել:

Ինձ համար սովորական, բայց ձեզ համար անսովոր իրավիճակ, որը տիրում  է մեր տանը՝  հաց թխելու ժամանակ:

elen gevorgyan

Գնացինք հրաշքի հետևից

Դեռ մեկ տարին չի բոլորել այն օրից, երբ գնացինք  Բյուրականի աստղադիտարան, բայց հիշողություններն իմ մեջ վառ են այնպես, ինչպես այդ օրն էր:

Ստույգ չեմ հիշում օրը, բայց սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցում ասացին, որ պիտի գնանք Բյուրականի աստղադիտարան, և ցանկացողները կարող են  դիմել դպրոցի փոխտնօրենին: Դե, մեր դասարանում բոլորս ենք հետաքրքրասեր և  բոլորս միաբերան ասացինք, որ ցանկանում ենք մասնակցել:

Պատկերացնո՞ւմ եք իմ ուրախությունը` մի աղջկա, ով աստղերին դիտելիս մոռանում է ամեն ինչ…Ու հանկարծ, հնարավորություն է ընձեռվում գնալ և ավելի մոտիկից տեսնել բնության այդ հրաշալի պարգևը:

Եկավ բոլորիս կողմից  սպասված երազանքի` աստղերը մոտիկից դիտելու, նրանց հիասքանչ փայլն ու գեղեցկությունը տեսնելու օրը: Շուտ ավարտեցինք դասերը, և պատրաստվեցինք ճանապարհորդելու: Դպրոցի  բակում կանգնած էին  երկու մեծ ավտոբուսներ: Հանկարծ լսվեց.

-Երեխե՛ք, դե արագ բարձրացեք մեքենաները:

Մինչև  Բյուրական հասնելը, նախ պիտի այցելեինք  «Բրաբիոն» ծաղկի սրահ` դիտելու այնտեղի զարմանալի բույսերն ու հրաշալի ծաղիկները: Անծանոթ ու զարմանալի բույսեր տեսնելուց և նրանց մասին տեղեկություններ ստանալուց հետո, շարժվեցինք դեպի Բյուրական:

Ժամը հինգի մոտերքն էր, երբ հասանք աստղադիտարան` մի հրաշալի վայր:  Մինչև մութն  ընկնելը, երբ կկարողանայինք դիտել աստղերը, ժամանակ կար: Գնացինք  Վիկտոր Համբարձումյանի  արձանի մոտ, ցանկացանք մտնել թանգարան, բայց, ցավոք, ուշացել էինք` դռները փակ էին:

Ծանոթացանք տեղանքին, իմացանք շատ և շատ տեղեկություններ, գնացինք ամենամեծ աստղադիտակի մոտ, բարձրացանք  և տեսանք այն դիտակը, որով կատարվել են փորձեր, և որով դիտել է անձամբ ինքը` Վիկտոր Համբարձումյանը:

Երբ մթնեց, մեր ուրախությունն ավելի ու ավելի  կրկնապատկվեց: Դուրս էր եկել նաև լուսինն, ու մենք ոգևորված բացականչում էինք.

-Վա~յ, երեխե~ք, ինչ լավ ա, լուսինն էլ կտեսնենք:

-Շա~տ լավ ա, մեր բախտից էր, հաստա՛տ, երեխեք:

Հետո չհասկացանք` ինչ կատարվեց: Մի քանի րոպեում դուրս եկան գորշ ամպերը, պատեցին ամբողջ աստղազարդ երկինքն ու լուսինը: Բոլորիս տրամադրությունն ընկավ, ու սկսեցինք  դժգոհել:  Այնքան ոգևորված էինք սպասել այդ օրվան:

Հասնել աստղադիտարան և չդիտել աստղերը, անհավատալի էր, ոչ-ոք չէր ցանկանում համակերպվել այդ մտքի հետ: Վերադարձանք դեպի ավտոբուսները, տխուր և անտրամադիր, բայց եկավ մեր տնօրենն ու ասաց.

-Երեխաներ, շատ եք տխրել, չէ՞, հիմա մի բան կասեմ կուրախանաք: Այստեղ մեզ ասացին, որ շուտով ամպերը կցրվեն: Ուղղակի պետք է կես ժամ սպասենք:

Ի~նչ ուրախություն: Կես ժամն այնքան արագ անցավ: Մենք երգում էինք, կատակում, մինչև կանցնեին րոպեները:

Ահա արդեն պատրաստվում էինք դիտելու աստղերը: Քանի որ շատ էինք, բաժանվել էինք երկու խմբի և ներս մտանք խումբ-խումբ: Այնքան հաճելի էր դիտել մի փայլող երկնային մարմնի, որը քեզ հանգստացնում է, և ինչպես բոլորն էին ասում, դիտել մի մեծ «պանրի»`լուսնին: Դիտելու ընթացքում մոռացել էինք  ամեն ինչ:

Շատ լավ օր էր: Երբ վերադարձանք տուն, ամբողջ գիշեր, աչքիս առաջ, միայն այդ երկու հիասքանչ տեսարանն էր:

mariam hayrapetyan

37-ը

Օգոստոսի 31-ն էր, ես արդեն տեղափոխվել էի Երևան, որպեսզի սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցի դառնամ: Դե, ես եկել եմ մարզից` Շիրակից, ու Երևանում պետք է ճանապարհ սովորեմ, քչից-շատից սկսեմ քաղաքը ճանաչել: Ես իմ 2 ընկերների հետ էի,  նրանք ինձ  ուղղորդեցին, թե ինչ երթուղայինով գնամ,  որտեղից, ու ինձ լքեցին:
Ես Բժշկականի դիմացից պետք է նստեի 28 համարի երթուղայինը, գնայի Զեյթունի հանրակացարանների մոտ իջնեի, ու ոտքով հասնեի համալսարան, չհաշված  այն, որ ես չգիտեի, թե որոնք են այդ  հանրակացարանները:

Ես շատ անհանգիստ իջա մի շենքի դիմաց, որտեղ լիքը հնդիկներ էին, ու ինչպես հետո պարզվեց,  դա հենց հանրակացարանն էր: Այստեղ բախտս բերեց: Քայլեցի աջ, հետո` ձախ, հետո` աջ, հետո` ձախ, մեկ էլ ահա` համալսարանս:

Ինքս ինձ սկսեցի ծիծաղել: Շրջեցի, մտա համալսարան, դուրս եկա: Հիմա պետք է հետ գնամ: Կանգնեցի կանգառում, սպասում էի մի երթուղային, որի վրա կտեսնեի «Հերացի»  փողոցի անունը: Բայց իրականում նստեցի 37 համարի երթուղայինը, որը տանում էր` չգիտեմ ուր:

Նստեցի, ու գնացինք: Ես նայում էի շուրջս, կային հետաքրքիր  վայրեր: Ես հիացած նայում էի շուրջս, չմտածելով նույնիսկ, որ գնում եմ անհայտ ուղղությամբ: Մեկ էլ  վարորդը ասաց.
-Գիտե՞ս, սա վերջին կանգառն էր:
Ես սթափվեցի, նայեցի շուրջս, տեսա, որ ամբողջ ավտոբուսում մենակ ես եմ մնացել:
-Իսկ էլ դուրս չե՞ք գալու գիծ:
-Գալու ենք, ուղղակի լիցքավորեմ մեքենան, նոր:
-Իսկ ես  կարո՞ղ եմ մնալ մեքենայում:
-Հա, ինչպես կուզես:
Ես ժպտացի ու որոշեցի մնալ, մինչև հասնի այնտեղ, որտեղից որ նստել էի:
-Լսիր,  ինչ-որ բան կուզե՞ս խմելու:
-Չէ, շնորհակալ եմ շատ:
-Լավ, հասկացա:
Մեկ էլ վարորդը իջավ խանութ, ու 2 շիշ հյութով վերադարձավ, որից մեկն ինձ համար էր բերել: Ես շատ շոյվեցի:

Նա մեքենան կայանեց, որպեսզի ուղևորներ հավաքվեն: Սկզբից մենակ էի, հետո կամաց-կամաց հավաքվեցին մարդիկ: Ինձ միացավ ոստիկան, տնային տնտեսուհի և պարզապես մարդիկ, որոնք աշխատանքի էին շտապում: Մեքենան ևս մեկ շրջան կատարեց քաղաքում և ապա ինձ իջեցրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Ես կատարեցի մի մեծ պտույտ քաղաքում,  ծանոթացա մի փոքր:

Շնորհակալ եմ, բարի վարորդ: Ես քեզ տալու էի 100 դրամ, իսկ դու ինձ վրա ծախսեցիր 300դրամ:

Emma Kosakyan

Իսկ դուք լսե՞լ եք աստղերի ձայնը

Վերջերս ճամբարում էի, ամեն ինչ շատ տպավորիչ էր, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար ամենահետաքրքրական մի օրով:

Ամեն օր` վաղ առավոտյան, վազում էինք անտառի միջով անցնող ճանապարհով: Հենց խորանում էինք անտառի մեջ, մեր առաջնորդն ամեն անգամ ասում էր. «Փակում ենք աչքերը, լսում անտառի ձայնը»: Կարծում եմ` պատկերացնում եք` ինչ հանգստություն ու բավականություն էինք զգում այդ երկու րոպեների ընթացքում. մաքուր օդ, թռչունների երգ, քամու խաղ…

Ճամբարի վերջին օրը խարույկի շուրջ հավաքված կիթառ էինք նվագում, երգում ու հանկարծ մեր առաջնորդն ասաց. «Փակում ենք աչքերը, լսում գիշերվա ձայնը»:

Դե… ասաց, արեցինք: Փակել ենք մեր աչքերը, բայց միայն կատարյալ լռություն էր, զարմանքի ու շփոթմունքի հետ մեկտեղ: Մեր առաջնորդը, երևի հասկանալով մեր շփոթմունքը, ասաց. «Ո՞նց, չե՞ք լսում աստղերի ձայնը»: Ու այդ պահին ես հասկացա, որ մարդ ինչպես չի քնում միայն աչքերը փակելով, այդպես էլ չի լսում միայն ականջներով: Իսկ ո՞ւր են հոգու, սրտի ականջները: Ու ես ու երևի ինձ նման շատերն էլ լսեցինք գիշերվա ու հատապես աստղերի ձայնը: Հետո այդ ձայնին միացավ նաև լռության ձայնը, ու այդպես շարունակ բազում ձայներ շարվեշարան եկան հասան մեզ:

Ու այդ օրվանից ես հասկացա ու սկսեցի լսել դիմացինիս սրտի զարկերը, մտքի թռիչքի, հայացքի փախուստի ձայները: Կարծում եմ, այդ ձայները, թերևս մեր ներաշխարհի, մեր երազների, մեր մեջ ապրող աստղերի ու տիեզերքի ձայներն են, որոնք արտացոլվում են մեզնից դուրս` հենց դիմացինի կամ էլ աստղերի մեջ:

Hripsime Vardanyan

Ո՞նց մեծացանք, է՜

Վերջին իրադարձությունները՝ մասնավորապես քրոջս` դպրոցը ավարտելը, համալսարան ընդունվելը, իմ անասելի լարված վիճակը՝ կապված մասնագիտության ընտրության հետ, ծնողներիս ստիպում են շուտ-շուտ օգտագործել «Էս երեխեքը ես ինչ շուտ մեծացան» արտահայտությունը: Ես ինքս էլ նկատում եմ, որ արդեն շրջապատում մեզ վերաբերվում են որպես մեծերի: Ինձ այդ փաստը, անկեղծ ասած, այնքան էլ դուր չի գալիս: Ես չեմ ուզում մեծանալ: Ուզում եմ մնալ մանկության գրկում: Իմ՝ մի քիչ խենթ մանկության գրկում, որտեղ ամենամոտ ընկերուհուս հետ որդ էինք հավաքում, ցեխից տորթ և ծաղիկների գունավոր թերթիկներից «կախարդական» թուրմեր էինք պատրաստում: Ռենջերների և փերիների մուլտֆիլմերի ժամերին մեզ փողոցում չէիք գտնի, նրանց մոլի երկրպագուներն էինք: Ժամերով տուն չէինք գալիս, գրեթե ոչինչ չէինք ուտում: Հետո քիչ-քիչ մեծացանք՝ դասերը սկսվեցին, մեր հետաքրքրությունները փոխվեցին: Իմ կարծիքով, մանկության գրկում անցկացրած օրերը, մարդու կյանքի ամենաանհոգ և ամենաերջանիկ օրերն են: Ուզում եմ նորից փոքրիկ լինել, վերապրել մանկությանս յուրաքանչյուր պահը: 

taguhi asatryan-2

Փոխհամաձայնություն

Ես օծանելիք շատ եմ սիրում: Այնքան շատ էի ցանում, որ տանից իմ օծանելիքի հոտն էր գալիս: Տատս հաճախ ասում էր. «Այ բալա ջան, էդ անտերը թոքերս է լցվել ու խեղդում է, մի քիչ քիչ փչի»:

Թվում էր, թե չկա այլ հոտ, որ կգերազանցի օծանելիքիս հոտին, բայց պարզվեց, որ իմ օծանելիքի հոտը ոչինչ է ծխախոտի ծխի համեմատ: Ատում եմ այդ հոտը: Հայրս այնքան շատ էր ծխում, որ հաճախ զարմանում էի:

Հայրս էլ իր հերթին ատում էր եղունգների լաքի հոտը: Որոշեցի մի քանի գլանակ ներկել եղունգների լաքով: Ներկեցի 3-4 գլանակ ու դրեցի տուփի մեջ: Երկար ժամանակ գլանակները մնացել էին տուփի մեջ, ու եղունգների լաքի հոտը տարածվել էր ամբողջ տուփով մեկ: Մի խոսքով, կարելի էր ասել, որ թե՜ ներկված և թե՜ չներկված գլանակները բուրում էին նույն ուժգնությամբ: Հայրս առավոտյան բացեց ծխախոտի տուփը, ու զգալով եղունգների լաքի հոտը, պարզապես տուփը դեն նետեց: Հաջորդ օրը մի քիչ շատ ներկեցի: Այս տուփն էլ արժանացավ նախորդի բախտին: Մյուս օրն ավելի շատացրի: Հայրս բարկացավ, ասաց, որ այդ հոտը ուղղակի անտանելի է, ու հարցրեց, թե ինչո՞ւ եմ այդպես վարվում:

Զգալով հորս զայրույթը սկսեցի ժպտալ ու ասացի.

-Պապ, տեսնում ե՞ս. դու ու ես գտնվում ենք նույն իրավիճակում: Դու տանել չես կարողանում եղունգի լաքի հոտը, իսկ ես` ծխախոտի հոտը:

Հայրս ժպտաց: Ես գոհ էի: Ես և նա հասկացանք իրար: Հիմա հայրս շատ քիչ է ծխում ու մեզնից հեռու, իսկ ես եղունգի լաքն օգտագործում եմ այն ժամանակ, երբ հայրս տանը չի լինում:

araqs aharonyan kotayk

Ես Արաքսն եմ

Միշտ նախընտրել եմ  չխոսել իմ մասին, բայց այսօր կփորձեմ հնարավորին չափ ներկայացնել ինձ: Ես եմ: Ծնվել եմ 1998 թվականի մարտի 12-ին: Մանկությունս, պատանեկությունս, մի խոսքով, ողջ կյանքս անց եմ կացրել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել եմ տեղի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ինչ խոսք, դպրոցական տարիները եղել են ու միշտ կմնան կյանքիս անփոխարինելի տարիները: Որքա~ն արագ անցան…

2014-2015թ.թ., վերջին ուսումնական տարի, վերջին, բայց նոր սկիզբ ազդարարող: Աննկարագրելի զբաղվածություն, դանդաղ քայլերով դեպի նպատակի իրագործում. ընդունելություն: Եվ ո՞վ եմ ես մասնագիտությամբ: Մասնագիտության ընտրության հարցում բավականին դժվարացա, քանի որ շատ ուշ սկսեցի առավել լրջորեն մտածել այդ մասին: Ի վերջո, երկար պրպտելուց հետո ընտրեցի թարգմանչի մասնագիտությունը: Ինչո՞ւ: Եթե անկեղծ, սկզբում այդքան էլ չէի գիտակցում` ինչ է «թարգմանիչ» ասվածը: Մի բան հաստատ գիտեի. սիրում եմ անգլերենը, իսկ այդ դեպքում, ինչո՞ւ ոչ այնպիսի մասնագիտություն, որը կապված կլինի անգլերենի հետ: Բայց հետո միայն հասկացա, որ լեզու սովորելը, լեզու իմանալը այլ բան է, իսկ թարգմանչի մասնագիտությամբ տվյալ լեզվին տիրապետելը` լիովին այլ: Իհարկե, երբ սովորում ես լեզու` օտար լեզու, զուտ հաղորդակցության համար, կարող ես չտիրապետել լեզվի այս կամ այն նրբություններին, չիմանալ բոլոր բառերի իմաստներն ու հոմանիշային շարքը, բայց երբ այն սիրողական, զուտ հաղորդակցային հարթակից տեղափոխվում է մասնագիտական` ավելի լուրջ բնագավառ, դու, որպես թարգմանիչ, որպես միջնորդ երկու լեզուների միջև, պարզապես իրավունք չունես դրան մատների արանքով նայելու: Որքան խոսեմ մասնագիտությանս մասին, կարծում եմ, էլի շատ բաներ բաց կթողնեմ. ծավալուն թեմա է, ինձ համար շատ կարևոր:  Գուցե մի օր հատուկ անդրադարձ կատարեմ թարգմանչի մասնագիտությանը, ով գիտե:

Այսքան խոսեցի, բայց չասացի` որտեղ եմ սովորում: Սովորում եմ Երևանի պետական համալսարանում, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ բաժնում, արդեն երկրորդ կուրսում: Մայր բուհում սովորելը կարևոր ձեռքբերումներիցս մեկն է, իսկ ընտրածս ուղու մեջ իսկապես մասնագիտանալը` իմ պարտականությունը:

Բնավորությանս մասին խոսելուց մշտապես խուսափում եմ: Չեմ սիրում ինձ, այսպես ասած, որակավորել:

Երևի խոսեմ նախասիրություններիս մասին: Առանց մի պահ անգամ երկմտելու, պետք է նշեմ, որ շատ եմ սիրում կարդալ: Ընթերցանությունը մի այլ աշխարհ է ինձ համար, իսկ գրքերը, թերևս, առօրյայիս կարևոր պայմանը: Միշտ որևէ գիրք կա ձեռքիս տակ, ազատ ժամանակս գրքերինն է: Լրիվ այլ է կապը գրքերի հետ: Երևի առանձնացնեմ մեկը սիրելիներից. Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը»:

Թերևս այսքանը:

narek babayan

Գրպանի հրեշների դարաշրջանը

Այս ամառ էր։ Դե, քանի որ հիմա արձակուրդներ են, հիշածս առավելագույն կոնկրետ ամսաթիվը՝ հուլիս։ Հազարմեկերորդ անգամ կրկնեմ, ասելով, որ էլի նստած էի համակարգչիս առաջ։ Այս նախադասությունն իմ նյութերում ամենահաճախն է կրկնվում, բայց դե հիմա դա է, ինչ արած։

YouTube-ում «ֆռֆռալով» հանդիպեցի մի վիդեոյի՝ «բռնում ենք պոկեմոններին» անվանումով։ Պոկեմո՞ն։ Վերջին անգամ այդ բառին հանդիպել էի 2008-ին` Դենդի համակարգչով խաղալուց։ Էդ էն կենդանանման արարածները չէի՞ն, որ կարմիր ու սպիտակ գնդերից էին դուրս գալիս ու մենամարտում իրար դեմ։ Հա էլի։ Միանգամից աչքիս առաջ եկան դեղին, էլեկտրավտանգ պոկեմոնը՝ Պիկաչուն, ու այն տարօրինակ անունով տղան ՝ Էշ Քեթչումը։ Բա այն երեք պոկեմոննե՞րը՝ Բուլբազավրը, Չարմանդերն ու Սքուիրթլը, որոնցից մեկին ամեն սկսնակ մարզիչ, ով վարժեցնում էր պոկեմոնների, ստանում էր որպես առաջին պոկեմոն։ Ու եթե մինչ այդ վիդեոն նայելը ես «պոկեմոն» ասելով պատկերացնում էի ինչ-որ հին խաղեր ու մուլտֆիլմեր, ապա դրանից հետո կարծիքս 180 աստիճան փոխվեց։

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենապոպուլյար խաղերից մեկը, որը միլիոնավոր մարդիկ են խաղում, անգամ հենց այս պահին՝ Pokemon Go: Վիրտուալաիրականախառը մի երևույթ, որի ժամանակ մարդ իր շուրջը չի նկատում ոչինչ, բացի իրենից, իր հեռա… Մի րոպե, ճամբարում նոր բառ եմ սովորել։ Խելախոսից` սմարթֆոնից ու հենց այդ պոկեմոններից, որոնք կարծես կան, բայց միաժամանակ չկան։ Տարօրինակի տեղ չդնեք, հիմա բացատրեմ։

Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։

Հարգելի ընթերցող, եթե դու մտածեցիր, որ սա կատարյալ հիմարություն է, ծանոթացնեմ քեզ մի հիմարի հետ՝ իմ։  Հա, ես նույնպես խաղում եմ այդ խաղը, բայց ցավոք, մեր գյուղում՝ Մալիշկայում, քարտեզի վրա միայն ճանապարհներ են, ոչ պոկեմոն կա, ոչ էլ ուրիշ բոնուսներ։ Խաղում եմ միայն, երբ Երևանում եմ լինում։ Այսպես ասած՝ առիթից առիթ։ Գիտեմ, որ իմ պես էլի խաղացողներ կան, որոնք ապրում են գյուղերում։ Փոխանցում եմ նրանց իմ ցավակցական ողջույնները, նրանք իմ եղբայրներն են անհաջողության հարցում։ Բայց դա էլ իր լավ կողմն ունի՝ զոմբի չենք դառնում։

Հ․Գ․Նրանց համար, ովքեր ուզում են սկսել խաղալ։ Երևի հասկացաք. որ պիտի ձեր գեոդիրքը միացրած խաղաք, հետևաբար էդ անտեր խաղը ահավոր շատ մարտկոցի լիցք ու համացանցային բայթեր է խլում։ Գնացեք ու վերցրեք ձեր օպերատորի ամենալավ փաթեթն ու խաղալու ժամանակ մոտներդ մի 5-6 հատ «power bank» կոչեցյալից ունեցեք, հաստատ պետք կգա։