Ազատ տարածք խորագրի արխիվներ

Միայն ոչ սարդ

Լուսանկարը՝ Նորայր Բարոյանի

Լուսանկարը՝ Նորայր Բարոյանի

Այսօր ընկերներով որոշեցինք դուրս գալ խաղալու,  չիմանալով, թե դեռ  ինչ է սպասվում մեզ: Մինչ իմ էնտեղ  հասնելը, հաջողացրել էին ու գնդակը գցել տանիքին: Չեք հավատա, բայց տանիքի կողքին խողովակ կար: Դե հասկացաք երևի, այդ պահին ինչ անցավ մեր փայլուն մտքով:

Փորձեցինք բարձրանալ: Բնականաբար  մեզնից մեկին հաջողվեց: Բայց դա դեռ ամենը չէ:  Գնդակը  ծակվել էր ու այդ ընթացքում թսկել: Որոշեցինք քսանմեկ  խաղալ ուրիշ կանոններով: Ում կընկներ քսանմեկ, քարտ  էր  քաշում՝ իհարկե պատահական, ու կատարում այն, ինչ գրված  էր քարտի վրա: Հերթը հասավ ինձ, կարո՞ղ եք ասել, թե ինչ էր գրված:  Հիմա կասեմ. «Պատկերացրու, որ քո կողքինը սարդ է, և սատկացրու  նրան»: Խոստովանեմ, որ սարդերից  ուղղակի սարսափում եմ: Կողքիս կանգնած էր իմ մտերիմ  ընկերուհին: Խնդրեցի ընկերուհուս նստել: Պատկերացրի ու  սկսեցի «սատկացնել»: Ընկերուհիս զարմացավ, խլեց  քարտը ու սկսեց բարձրաձայն կարդալ: Չեք պատկերացնի, թե ոնց էին ծիծաղում, նույնիսկ ինքը:

Բայց դե լավ կլինի նման բաներ չգրեք խաղալիս, մինչև հիմա խիղճս տանջում է:

Երազանքիս աստղաթափը

2016 թ-ի օգոստոսի 12-ի գիշերը դիտվելու էր ամենաուժեղ աստղաթափը: 1 ժամում 80 աստղի փոխարեն ընկնելու էին 200-ը: Աստղաթափը հնարավոր էր լինելու տեսնել երկրի բոլոր կետերից:

Երկնքին հետևելու հանդեպ սերը ստիպում է ինձ ուշադրություն դարձնել աստղագիտության հետ կապված բոլոր նորություններին ու բաց չթողնել հերթական երկնային հրաշքը տեսնելու հնարավորությունը: Ամեն տարի, կարդալով սպասվող աստղաթափի կամ խավարման մասին, վերցնում եմ թեյը, նստում պատուհանի մոտ ու լարում տեսողությունս՝ առանց մի ակնթարթ շեղվելու: Բայց ինչպես միշտ, լուսինն ամբողջ գիշեր պահպանում է իր լույսը, իսկ աստղերը՝ իրենց տեղերը: Մի ամբողջ անքուն գիշեր անցկացնելուց հետո նորից հուսահատված դիմավորում եմ լուսաբացը:

-Ա, էս հավաբնից ի՞նչ պիտի երևա,- կատակում է ընկերուհիս՝ Անահիտը, ով ինձ հետ կիսեց օգոստոսի 12-ի անքուն գիշերը:

Համենայնդեպս, բազմաթիվ հուսահատ ջանքերից հետո, ես որոշում եմ փորձել ևս մեկ անգամ: Ինչպես ասում են՝ «Հույսը վերջինն է մեռնում»: Լցնում եմ թեյն ու նստում պատուհանի մոտ: 1 ժամ… 2ժամ… «Օֆ, իրոք որ անիմաստ ա»,- մտածում եմ ես ու արդեն պատրաստվում եմ հեռանալ պատուհանից: Վերջին անգամ հայացքս գցում եմ երկնքին ու… Ընկա՜վ… Աչքերիս չեմ հավատում: Տրորում եմ աչքերս ու նորից նայում վերև: Երկրորդ աստղն է ընկնում… Ուրախությունից չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ: Սա ոչ միայն կյանքիս առաջին աստղաթափն է, այլև առաջին անիրական թվացող երազանքի իրականացումը… Ընկնող աստղերի թիվը գնալող ավելանում է, ու ես պահը չկորցնելով հետևում եմ նրանցից յուրաքանչյուրին: Ամբողջ քաղաքը քնած է, իսկ նրա գլխավերևում երկինքը լուռ հրաշքներ է գործում…

Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որ քո երազանքը ի կատար ածվի:

Դարձյալ կորցրեցի

Ինձ շատ է հուզում այն հանգամանքը, որ երբ հաջողություն եմ ունենում, ճիշտ չեմ օգտագործում։

Մի անգամ երկար դասամիջոցին երգի ուսուցչուհին մոտեցավ ինձ և ասաց.
-Ուրեմն այսօր երգի մրցույթ կա։ Ես պետք է ընտրեմ 5 աշակերտ։ Նրանցից մեկը դու ես։ Զանգահարիր ծնողներիդ ու ասա, որ գնում ես մրցույթի: Դպրոցի մեքենան մի դասաժամով մեզ կտանի ու հետ կբերի։ Գնալը` անվճար։ 10 րոպեից շարժվում ենք։
Ես շատ ուրախացա, բայց մի պրոբլեմ կար՝ ես հեռախոսս դպրոց չեմ տանում։ Վերցրեցի մեր դասարանի Կարինեի հեռախոսը։ Զանգահարեցի տուն, վերցնող չկար։

-Կարինե, քո հեռախոսը Վիվա-սել ա՞,- հիշելով միայն տատիկի հեռախոսի համարը, ասացի ես։
-Հա,- պատասխանեց նա։
Ես զանգահարեցի տատիկին։
-Տատ, ընկեր Բադալյանը ասաց, որ էսօր մրցույթ կա։ 45 րոպեով գնալու ենք, գանք։ Երգի մրցույթ ա։ Գնա՞մ։
-Հա։ Բա ե՞րբ եք գնալու։
-10 րոպեից։
-Լավ, հեսա մամայիդ կզանգեմ, կասեմ` հեռախոսդ բերի։
Զանգը հնչեց, իսկ ես կորցրել էի երգի ուսուցչուհուն։ Գնացի դասղեկի մոտ և ասացի, որ կես ժամից շարժվում ենք։ Այնքան հուզված էի, որ ժամը սխալ ասացի։ Կես ժամ անց ես և դասղեկս գնացինք  մեր դպրոցի ուսմասվարի մոտ։
-Սպասի` տեսնեմ ի՞նչ են արել։
Նա ներս մտավ և որոշ ժամանակ անց դժգոհ դեմքով դուրս եկավ։
-Ժամերը խառնել ես։ Արդեն հետ են վերադարձել։

Կների՞ ինձ

-Էմ, արագ արի՜ այստեղ:

Մայրիկի այս խոսքերից հետո շտապ իմ սենյակից վազեցի խոհանոց, «Չլինի՞ ինչ-որ վատ դեպք է պատահել»: Միջանցքով անցա և արդեն պետք է մտնեի խոհանոց, երբ մայրիկը շրջվեց և նկատեց ինձ: Ջղային հայացք գցեց ինձ վրա ու ասաց.

-Ինչ անփույթ ես, հիմա ծաղիկը կնեղանա:

Սկզբում ես չհասկացա նրա այդ բառերի իմաստը, բայց մի քիչ հետո նկատեցի, որ միջանցքով անցնելուց կպել էի այնտեղ դրված մայրիկի ամենասիրելի բույսին: Բայց դե այնպես, մեկ է` ծաղիկի նեղանալը, ո՞րն է: Կնեղանա ինձանից և էլ չի՞ աճի: Հա, ինչ աբսուրդ բաներ ես ասում, մամ: Այդ խոսքերից հետո նա մոտեցավ բույսին ու դրա տերևները ուղղեց, հետո անգամ շոյեց: Ասում եմ՝ ինչ զարմանալի է, մի բանը այնքան սիրել, որ անձնավորել ամեն աստիճանի: Տալ զգացմունքներ, զգայարաններ…

Արդեն այդ խոսքերից հետո, ես ինքս ինձ վատ զգացի: Չլինի՞ ցավեցրեցի տերևները, հիմա կնեղանա ինձանից ու էլ չի աճի: Մայրիկս էլ կտխրի, որ սիրած բույսը էլ չաճի: Ախր, ես մեղավոր չեմ, է: Միամիտ ստացվեց, ես չէի ուզում, չէի նկատել, որ այն արդեն այնքան էր մեծացել, որ տերևները հասնում էին միջանցքի դռանը: Ասում եմ էլի՝ անուշադիր եմ շատ: Ու անհասկանալի հայացքով դեռ երկար նայեցի մայրիկին ու փորձեցի հասկանալ:

Ինձ մեղավոր զգալով մոտեցա ծորակին, բաժակի մեջ մի քիչ ջուր լցրեցի ու խմեցրեցի նրան: Ասում եմ՝ երևի թե կների ինձ  չէ՞:

Էսպիսի դեպքեր, երևի շատերիս տներում է եղել: Երբ ծաղիկը նեղացել է մեկից` իրեն անփույթ դիպչելու կամ տերևները վնասելու ժամանակ: Հա գիտեմ, շատ տարօրինակ բան է, որոշ պայմաններում, բայց դե, պետք է ընդունել այնպես, ինչպես կա:

-Հա, մամ, ի՞նչ էիր ուզում ասել ինձ, դե որ ձայն տվեցիր:

-Ոչինչ, արդեն մոռացա:

Այն ամենաիրականը, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ…

Դե, օգնիր ինձ կոտրել այս ապակին, չե՞ս տեսնում՝ խանգարում է…

Գիտե՞ք ինչ ապակի է դա: Չէ՞: Հիմա ասեմ:

Կարդացե՞լ ես «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», եթե՝ոչ, անպայման կարդա: Չէ, նա ասածս ապակու հետ կապ չունի, բայց, երևի ունի: Մի քիչ: Գիտե՞ս՝ ով էր նա:

Նա բոլորի նման մեկն էր, հա՛, բոլորի նման, այնպես, ինչպես մենք ենք հիմա նման իրար: Մի ժամանակ նա էլ չէր ուզում տարբերվել մյուսներից, որովհետև Երամից տարբերվող մարդիկ տեղ չունեն այնտեղ: Մեզ մոտ էլ այդպես է, չէ՞: Ցավոք՝ այո…

Շուրջդ նայիր, այս կյանքում ասես ամեն բան նախապես մշակված լինի. նույն առավոտները, նույն կեսօրը, նույն մայրամուտը: Իսկ հիմա, հիմա փակիր աչքերդ ու փորձիր ներաշխարհդ տեսնել, տեսա՞ր: Այնտեղ ոչ մի արևածագ ու մայրամուտ չի կրկնվում, այ, եթե փորձեիր այն դարձնել իրական, հրաշալի կլիներ, չէ՞: Եթե աշխարհում ամեն մեկն ապրեր այնպես, ինչպես ինքը կուզեր, այն կյանքով, որ իր  համար էր գծված, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ապրում, ինչպես այդ ուրիշներն են ուզում:

Մենք ծնվում ենք, դպրոց գնում, ավարտում, մասնագիտություն ընտրում… Եվ այս ամենն այնքան դանդաղ, այնքան անտարբեր, ասես այդպես էլ պետք է լիներ: Բայց պատկերացրու, որ մեր կյանքում գոնե մի քիչ թռիչք լիներ: Չէ՞ որ հենց դա է կյանքը, իրականը: Ու այդ թռիչքին պատրաստ  մեկն ապրում է մեր մեջ, մեզանից յուրաքանչյուրի մեջ: Ուղղակի պիտի գտնենք նրան, օգնենք դուրս գալ այս ապակեպատ վանդակից ու թռչել: Հա՜, թեկուզ Երամը մեզ չընդունի, չհասկանա:

Թռչե՜լ: Բարձր ու առանց ներքև նայելու: Անմահական է: Մի քիչ էլ անմահություն:

Դե, հիմա, վերցրու մի իր, կամ թեկուզ ձեռքերով՝  կոտրիր այդ ապակին, դուրս բեր քո իրական ես-ն ու թող նա ապրի այնպես, ինչպես պիտի ապրեր:

Հենց նա է աշխարհում ամենից իրականը, նա, ով չի ուզում նմանվել մյուսներին: Ու նա  կա մեր մեջ: Գտնել է պետք:

Այգեհովիտ

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Ապրելով Արարատի մարզում, տեսնելով միայն հարթավայրեր և ուղիղ տարածություններ՝ ինձ համար նորություն էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնությունը: Սարեր, անտառներ, մաքուր օդ: Սկզբում ես ոչ մի բառ չէի հասկանում տեղի բնակիչների բարբառից, սակայն այնտեղ ապրելով մոտ մեկ շաբաթ՝ ես ոչ միայն սկսեցի հասկանալ բոլորին, այլև ինքս սկսեցի խոսել իրենց բարբառով: Գյուղ գնալիս ճանապարհին տեսա «Ադրբեջանի սահման» ճանապարհային նշանը: Հետո ինձ ցույց տվեցին փոքրիկ մի լիճ, որը գտնվում էր սարի լանջին՝ շատ մոտ սահմանին, և ասացին, որ մյուս ափն արդեն ադրբեջանցիներինն է: Ապշած էի, հորաքույրս ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի տան լույս չէր վառվում, քանի որ շատ մոտ են գտնվում սահմանին:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Ես ուղղակի հիացած եմ Այգեհովիտի բնակչության վերաբերմունքից՝ հյուրասեր, մարդամոտ, բարի: Օգտվեցի Այգեհովիտի բարիքներից՝ խնձոր, թուզ, մորի: Հնարավորություն ստացա նաև տեսնել Իջևան քաղաքը՝ իր ողջ գեղեցկությամբ: Ինձ համար այդ մի քանի օրերը դարձան անմոռանալի:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան

Համացանցում գեղեցիկ վայրերի լուսանկարներ էի նայում, հանկարծ աչքս ընկավ Հունոտի կիրճ կոչվող մի վայրի, որը գտնվում է Շուշիում։ Մի հրաշալի վայր իր բնությամբ, իսկ նրա ներքևում գտնվում են հովանոցները։ Շատերին ցույց տվեցի այդ վայրի նկարները: Ոչ մեկը չհավատաց դրա գոյությանը: «Հա, հա, նկար է, էլի, ֆոտոշոփ արած»: «Ղարաբաղո՞ւմ, իզուր էլ գնում ես` մեկ ա չի լինելու»:  Եվ այսպես շարունակ բացասական բաներ էի լսում, որ չկա նման վայր, գոյություն չունի։ Այդ ամենը ինձ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի գնամ այդ վայրը տեսնելու: Հայրիկիս ցույց տվեցի լուսանկարը, իրեն էլ այդ վայրը դուր եկավ ու որոշեցինք, որ անպայման գնալու ենք` տեսնենք։

Մի քանի օր անց ուղևորվեցինք Ղարաբաղ, շրջեցինք տեսարժան վայրերով։ Այնտեղ էլ հարցուփորձ արեցի Հունոտի մասին:  Մեկն ասում էր. «Հա, ասում են կա, բայց չենք գնացել», մյուսը նույնիսկ անունը չգիտեր։ Բայց վերջապես գտանք, թե ուր պետք է գնալ: Բավականին երկար և վտանգավոր ճանապարհ էր։ Մեզ հետ եկողները չհամաձայնվեցին այդ ճանապարհով գալ, ասելով, որ իզուր տեղը մի փորձանքի կհանդիպեն, ոչ մի բան էլ չի լինի, կհիասթափվեն։

Ես, չլսելով նրանց, հայրիկիս հետ ճանապարհը շարունակեցի: Մոտ 2 կմ անտառի միջով անցանք: Դժվարանցանելի ժայռերի և գետի միջով անցանք, և վերջապես հասանք տեղ: Ուրախությանս չափ չկար։ Նպատակիս հասա, տեսա ու ապացուցեցի, որ այն գոյություն ունի։ Նպատակներին հասնելու ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, արգելքներ, այդ ամենը մինչև վերջ անցնելու համար պետք է համառ լինել ու ողջ հոգով հավատալ։ Նպատակները կյանքը ավելի իմաստալից են դարձնում:

Ահա և լուսանկարը, որպեսզի հավատաք ինձ:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ տատս

Այսօր որոշեցի հարցազրույց անցկացնել տատիկիս` Ֆատիմա Սարոյանի հետ:

–Տա՛տ, պատմիր մի քիչ քո ծնողների մասին: Ո՞վքեր են եղել և ինչո՞վ են զբաղվել:
-Ես ծնվել եմ ավանդապաշտ, բայց սովորական մի ընտանիքում: Հայրս` Զասլավ Սարոյանը, սովորական գյուղացի տղա էր, ով աշխատում էր գյուղում որպես տրակտորիստ, և միշտ զբաղված էր այդ գործով: Իսկ մայրս`Ժենյա Սաֆարյանը, իր կյանքի ողջ ընթացքում աշխատել է մանկապարտեզում:

–Գիտեմ, որ ձեր տան առաջին երեխան դու ես եղել: Պատմիր, թե ինչպե՞ս են դրել քո անունը, և բացի քեզնից քույր կամ եղբայր ունեցե՞լ ես:
-Հա, բալե՛ս, տան առաջին երեխան ես եմ եղել: Ծնվել եմ հազար ինը հարյուր վաթսուն թվականի հոկտեմբերի իննին: Նախքան իմ ծնվելը ծնողներս դեռ անունս չէին որոշել, և երբ ծնվեցի, մի օր առանց անունի մնացի: Հաջորդ օրը, երբ եկել էին մորս տեսնելու, մեր հարևանը` Անժիկ տոտան, առաջարկել էր իմ անունը դնել Ֆատիմա՝ մի թուրքական կինոյի հերոսուհու անունով, ասելով՝ այդ աղջիկը լավ դեր է խաղում էդ կինոյում:

Ինձնից բացի մեր ընտանիքում ծնվել են ևս երեք երեխա` երկու աղջիկ և մի տղա, բայց եղբայրս քսանութ տարեկանում մահացավ, հիմա մենք մնացել ենք երեք քույրերով:

–Տատ՛, իսկ ձեզ գյուղում ճանաչո՞ւմ են:
-Էդ քեզ կճանաչե՞ն, մեզ չէ՞: Բա ճանաչում են, բա ոնց: Անբողջ գյուղում մեզ ճանաչում են որպես «Սարոյան լալաներ»:

–Դե ինձ ուրիշ բանի համար են ճանաչում, ձեզ՝ ուրիշ: Լավ, տատի՛, շարունակենք: Հիմա ինձ պատմիր քո կյանքի մասին:
-Ի՞նչ պատմեմ: Էն թվերին բոլորը շուտ կպսակվեին, իսկ հիմա՝ չէ: Պսակվել եմ տասնութ տարեկանում: Իմ մարդը եղել ա մեր թաղից՝ Ճռոյի Վազգենի տղա Նորիկը: Առաջնեկս եղել ա քո քեռին, հետո մորքուրդ, նոր վերջում քո մաման: Ամենափոքրը քո մաման ա եղել, բայց առաջինը ինքն ա ամուսնացել: Տասնյոթ տարեկանում ունեցել ա քեզ: Դու եղել ես իմ առաջին թոռնուհին: Երկու տարի հետո ծնվեց քո եղբայրը` իմ երկրորդ թոռը: Քսանհինգ տարեկանում ամուսնացավ մորաքույրդ, իսկ քեռիդ` իմ երեխեքից ամենաթամբալը, ամուսնացել ա երեսունհինգ տարեկանում: Անցած տարի էլ ծնվեց քեռուդ երեխեն` իմ երրորդ թոռը`Ժենիս: Ու սենց անցնում են իմ կյանքի տարիները երեխեքիս ու թոռներիս հետ:

–Տատի՛, իսկ դու գո՞հ ես քո ապրած կյանքից:
-Հա, գոհ եմ: Ճիշտ ա, ես շատ փող չունեմ, բայց աշխարհի ամենահարուստ մարդկանցից եմ:

–Էդ ո՞նց:
-Մեծանաս, երեք երեխա ունենաս, երեք թոռ` նոր ես քեզ կասեմ, թե ոնց:

Ամենաաշխատասերների մասին…

Ամենաաշխատասերների ու նրանց աշխատանքի մասին կարելի է պատմել անվերջ ու ամենատարբեր ձևերով: Այսօր մեր աշխատասերների ամբողջ տարվա աշխատանքը հավաքելու և քամելու օրն է: Դե, երևի հասկացաք, խոսքը մեղուների մասին է:

Մեղուների աշխատանքն ինձ համար շարունակում է ամենաառեղծվածայինն ու ամենաանհասկանալին մնալ: Հետաքրքիր է, չէ՞: Ինչ-որ փոքրիկ մեղուներ կարողանում են այդքան համեղ մեղր ստեղծել: Դա համախմբված աշխատանքի արդյունք է:

Բոլորս էլ գիտենք, որ ամենալավ բաների հիմքը համախմբվածությունն է:  Այ, օրինակ մարդկանց դեպքում էլ, լավագույն արդյունքի հիմքը որոշակի մարդկանց խմբի համախմբված աշխատանքն է:

Վա՜յ, ես էլի սովորությանս համաձայն գլխավոր թեմայից շեղվեցի: Ինչի՞ց էինք խոսում: Հա՜, մեղուներից ու իրենց համախմբված աշխատանքից: Ախր, շա՜տ համախմբված են: Նույնիսկ խայթելուց համախմբված են խայթում, որ հանկարծ մեկին սկսեցիր դուր չգալ, թող ու փախի:
Փեթակի մեջ ամեն մեկն իր աշխատանքն ունի: Մի փեթակում 4 տեսակի մեղու կա՝ մայր մեղուն, հայր մեղուն, աշխատող մեղուները ու… վայ, չորրորդի անունը մոռացա: Է, ախր ինչի՞ չեմ հիշում: Մինչև չիմանամ` չեմ հանգստանա, լավ, մի քիչ շունչ քաշեք, գնամ իմանամ, գամ: Այ-այ… Պարզվեց ոչ մի չորրորդ էլ չկա, թե՞ կա: Է, մեկ է, բան չեմ հասկանում: Ոնց երևում է էս մեղուները նույնիսկ հատուկ ջուր բերող մեղու ունեն: Լավ, էդ հետո կճշտեմ, ու անպայման ձեզ էլ կասեմ: Երևի մեղուները խելոքացել են, կանչում են, որ գնամ նկարեմ: Սպասեք, հիմա կգամ…

***
Վա՜յ, շատ ուշացա՞: Կներեք, չէի ուզում շատ սպասեցնել, ուղղակի ես՝ «համարձակս», որոշել էի առանց որևէ պաշտպանական միջոցի մտնել մեղուների տարածք, մերժելով՝ գոնե դեմքս փակելու առաջարկը: Մի քանի կադր անելուց հետո մեղուներից մեկը որոշեց մտնել իմ կիսախուճուճ մազերի մեջ և մոլորվել այնտեղ:  Լավ էլ տեղավորվել էր, հա՜: Մազերիս մեջից դուրս գալու միտք անգամ չուներ: Լավ պրծա, գոնե չհասցրեցին համախմբվել: Էդ մեկից էլ ազատվեցի ու փախա փեթակների մոտից: Բայց, ոնց որ արդեն սկսում են մեղրը քամել, գնամ նայեմ: Համ էլ, էլի բաներ կիմանամ մեղուների մասին ու կգամ ձեզ էլ կասեմ…

***
Ըհը, էլի եկա: Հա՜, համ էլ մեր մեղվապահներից որոշ տեղեկություններ իմացա ամենաաշխատասերների մասին:
Հիշում ե՞ք, որ ասում էի փեթակում 4 տեսակ մեղու կա, հետո ասացի, որ կիմանամ ու ձեզ էլ կասեմ: Օրինակ, մեղվապահ Լևոնը պատմեց, որ փեթակի մեջ բացի մայր մեղուն, հայր մեղուն ու աշխատող մեղուները, գոյություն ունեն նաև ջուր բերող մեղուն, հավաքարարը, մայր մեղվին խնամող մեղուն  ու էլի մի քանի մեղուներ, ընդհանուր՝ միլիոնավոր մեղուներ, որոնց մոտավոր թիվը հաշվվում է քաշի միջոցով: Իմացա նաև, որ չաշխատող մեղուներին փեթակից հեռացնում են, առանց բերքի փեթակ վերադարձող մեղուներին մնացած մեղուները փեթակ չեն թողնում: Այլ փեթակի մեղուն, բերքով վերադառնալու դեպքում, կարող է մնալ մի այլ փեթակի ընտանիքում, բայց դա բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր է, դա տեղի է ունենում միայն 90% դեպքերում: Մեղվապահ Լևոնը նշեց, որ տարիներ շարունակ նույն գործով զբաղվելով, էլ ավելի է հմտանում մեղվապահության մեջ:
Մայրս ու իր ընկերուհին՝  Սոնան, որ նույնպես զբաղվում են մեղվապահությամբ, ասացին, որ մեղվի ձվարկը սկսվում է փետրվար-մարտ ամիսներին, կախված տարվա եղանակից: Այդ ժամանակահատվածում քիչ-քիչ սկսում են մեղվին կեր տալ` 50 գրամից սկսած, աստիճանաբար ավելացնելով մինչև 200-300 գրամ: Մեղվին կեր են տալիս մինչև մայիս ամսվա վերջ, այն աստիճանաբար ավելի է շատացնում ձվարկը, արդեն հունիս ամսին  ձագ է տալիս: Բնական ձագը, որպես փեթակի մեղու, ավելի հաջող է համարվում, քան արհեստականը («նուկլոզ», որն արդեն մեղվապահն է ընտրում): Արհեստական նուկլոզ առաջացնելու դեպքում ընտրում են այնպիսի շրջանակ, որի վրա լինի մեղու, ծաղկափոշի, 1 օրական ձու: Մեղուն նոր փեթակ տեղափոխելուց և արհեստական նուկլոզ առաջացնելուց հետո այն ձվի վրա մայրապտուկ է առաջացնում:

Մեղրը քամում են օգոստոսին: Քամելուց հետո քամած շրջանակները նորից տալիս են մեղուներին, ապա մեղուների բուժում են կատարում և կեր տալիս աշնանային ձվարկի համար: Ավելորդ շրջանակները հանելուց և տաքոցներ դնելուց հետո, ուղարկում են ձմեռանոց:

Հա՜, ու մեկ էլ մի հետաքրքիր բան իմացա՝ ձմեռվա ընթացքում փեթակի մեղուները մի կծիկ են դառնում:
Դե, մի խոսքով, ամենաաշխատասերների մասին կարելի է անվերջ խոսել, խոսել ու էլի խոսել:

Հ.Գ. Ու կապ չունի, թե քանի տարեկան կլինեմ, միևնույն է, ես շարունակելու եմ մտածել փեթակի բոլոր մեղուները հատ-հատ հաշվելու մասին:

Պապիկիս այգու օրհնությունը

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Ուզում եմ ձեզ մի պատմություն ներկայացնել: Պատմությունը պապիս այգում բնակվող կատվի մասին է:

Ուրեմն մի ամառային օր պապիս իր համար նստած է լինում այգում ու  հանկարծ կատվի մլավյուն է լսում: Վեր է կենում, գնում ու ինչ տեսնում` այգու կողքին արկղի մեջ մի կատու նվնվում է: Պապիս էլ սկսում է խեղճ կատվի վրա գոռգոռալը, բայց դե, խղճում է ու բերում ներս: Բերում-դնում է այգու մեջ:  Էս կատուն էլի սկսում է նվնվալը: Պապս բարկանում է, թողնում գալիս տուն:

Առավոտը գալիս է, տեսնում կատուն պառկած տեղից վեր է կացել, ուղիղ կանգնել ու թաթիկներով ցույց է տալիս, թե` նայի կուկուներ ունեմ: Վա~յ,  պապս սկսում է ուրախանալ: Գնում է, տեղ է սարքում կատվիկների համար:  Մինչև մեկին տանում է, որ դնի տեղի մեջ, հետ է գալիս մյուսին տանի, տեսնում է մեծ կատուն գնացել է ու հետ բերել իր ձագուկին: Ուզում է  ասի, որ իր  տարածքը սա է, ու այստեղից ոչ մի տեղ չպիտի տանենք իրենց:

Դե, ես էլ հենց ո իմացա, որ այգում կատուներ են հավաքվել, գնացի նրանց տեսնելու:

Գիտեք, ես  այսքան հոգատար կենդանի չէի տեսել: Ուրեմն մեր խելոք կատուն իր գիրկն է հավաքում ձագուկներին, ու երբ ձագուկները ուզում են շարժվել, իր թաթիկով խփում է ու չի թողնում: Իր ձագերի համար անհանգստանում է: Ձագուկներն էլ աչուկները չեն բացում, փոքր են դեռ:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապս ասում է, որ ձագերի մաման հեռու տեղեր չի գնում: Միայն գնում է մի քիչ ման է գալիս, երևի որս է անում ու վերադառնում ձագերի մոտ: Ու գնալուց էլ ձագերին ծածկում է կտորով ու նոր գնում:

Պապս կատուների համար լավ պայմաններ է ստեղծել, ամեն օր ուտելու բան է տալիս: Ասում է, որ իր այգու «ղսմաթն» են այս կատուները:

Դե ես ու քույրիկներս էլ անհամբեր  սպասում ենք, թե երբ են կատուները մեծանալու: