Իմ էջը խորագրի արխիվներ

Lilit Hovsepyan Erevan

Աշխատել այսօր

Վաղն ամեն բան լավ կլինի, վաղը կլրացնեմ բացթողումներս, վաղը կխոսեմ դրա մասին, վաղն անպայման կսկսեմ առողջ սնվել․․․ Ծանոթ արտահայտություններ են, չէ՞։

Թերևս ամենալավ արդարացման ձևը. ինչու՞ անեմ հիմա, եթե կանեմ վաղը․․․ Սուտ, որը ամեն անգամ ստիպում է մեզ զբաղվել ինքնախաբեությամբ․․․ Պատճառը` չունենք այն ամենը, ինչ ուզում ենք, ուստի շարունակ հորինում ենք պատճառներ․․․ Եթե չանես հիմա, չես անի նաև վաղը, հետևաբար չես ունենա ԱՐԴՅՈՒՆՔ, ահա թե որն է խոսողների և գործողների տարբերությունը․․․

Հաջողությունը հեշտ չի տրվում, դրա համար անհրաժեշտ է գործել ու ներկա անելիքները վաղվան չթողնել։ Մեզնից շատերը երազում են հաջողության հասնել, մինչ այդ ուրիշներն արթնանում ու աշխատում են դրա համար։ Դե, սա էլ ես չեմ ասել, Ցուկերբերգի մտքերից է: Մի բան գիտի էլի, որ ասում է: Եկեք լսենք իրեն, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ երազելը շատ կարևոր է, ուղղակի պետք չի միայն երազել։ Սա բոլորիս հասանելի մեծ գործիք է, որի միջոցով կարող ենք կառավարել ենթագիտակցությունն ու հասնել երազանքներին: Բայց եթե դուք պատկերացնում եք ձեր կյանքը շքեղ տանը, բայց չեք պատկերացնում, թե ինչպես կարող եք հասնել դրան, այդ ամենն այդպես էլ կմնա երազանք։ Հետևաբար պետք է երազել, ունենալ կամքի ուժ և պայքարել երազանքների համար, չհուսահատվել ձախողումներից, քայլել առաջ ու միշտ հիշել, որ այն ամենը, ինչը մեր ուղեղը ունակ է պատկերացնել և հավատալ, հնարավոր է նաև նվաճել․․․

shushannaHakobyan

Սպասում

Արդեն մտքում անճարությունից ձեռքը թափ տվեց։ Այ, հիմա կանցնենք հարձակման. ինձ վրա ռումբ կնետեն, ինձ վրա կկրակեն, ես կսպանվեմ, ու թքած ամեն բանի վրա… Բայց էդպես չի, ախր, մարդը հենց նրանով է մարդ, որ նրա համար երբեք միևնույնը չի կարող լինել, թե իրենից հետո ինչ կլինի։

Եվ եթե դարեր առաջ մի ինքնակալ ասել է, «Ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղ», ապա նա մարդ չի եղել, կամ ասել է հուսահատությունից, երբ հոգու խորքում տանջվել է իրենից հետոյի համար, այն ամենի համար, ինչ թողնում է, ինչի նկատմամբ ուզած-չուզած իր ես-ը դառնալու է անտարբեր, որովհետև վեր է ածվելու հողի…

***

Մարդիկ միշտ սպասում են։ Հա՛, նրա բնույթն է այդպիսին։ Սպասում է մեծ ու փոքր, կարևոր ու անկարևոր տարատեսակ բաների, բայց մեծ մասամբ չի էլ գիտակցում, որ սպասում է, և առավել ևս` չի գիտակցում, թե ինչքա՜ն բանի է սպասում ինքը։ Փորձիր փողոցում մոտենալ մեկին ու հարցնել, թե ինչի՞ է սպասում նա։ Թերևս զարմանա.

-Ոչ մի բանի էլ չեմ սպասում, – կասի, բայց մի փոքր խորացիր, հարցեր տուր զանազան բաների մասին ու կտեսնես, որ սպասում է:

Սպասում է` գլխացավի անցնելուն, լույսը բացվելուն, քննությունների ավարտվելուն, ինչ-որ մեկի ծննդյան օրվան, աշխատավարձը ստանալուն, եղբոր բանակից տուն դառնալուն… Հազա՛ր ու մի բանի, բայց միևնույնն է` չգիտի, որ սպասում է։

Եվ այս ամենի արանքում երևի միայն մեկն է, որ հստակ գիտի` ինչի է սպասում, ու նաև գիտի, որ անհնար է իր սպասումը որևէ բանով փարատել: Կյանքի նույնը մնալն ու չփոխվելն անլինելի է, երբ նրա վրայից շունչն է պակասում։

Հա՛, ինչ-որ մեկն էլ արդեն երկար ժամանակ սպասում է վաղուց հողի վերածված մեկին…

mariam tonoyan

Ինչպես է ծնվում իմ բանաստեղծությունը

Երբ գիշեր է՝ ինքդ քեզ հաշվետու լինելու ամենահարմար պահը օրվա մեջ, երբ մտքերդ մասնակցում են քո ու քո, քո ու աշխարհի, քո ու մարդկանց, մարդկանց ու  աշխարհի անվերջանալի թվացող շղթայական ռեակցիային: Երբ գիշերվա ժամը 4-ը արդեն սարսափելի չի թվում, ակամա դառնում ես փոքր ինչ ավելի խելացի։ Երբեմն մանրուքներին կարող ես գլոբալ նշանակություն տալ, երբեմն ահռելի երևույթներին նայել որպես չնչին իրադարձությունների։ Իրար հաջորդող տարատեսակ մտքերը, որոնց եթե ազատություն տաս, ամենատարբեր ժանրերի ծավալուն ստեղծագործություններ կարող են դառնալ, սկսում են ինչ-որ խորհրդավորության պատճառով  քեզ դուր գալ: Ու եթե դու համարձակություն ես ունենում այն ինչ-որ տեղ գրի առնել (պետք է միշտ բարձի տակ թուղթ ու մատիտ ունենալ), ապա այն կարող է ինչ-որ բան իրենից ներկայացնել, որը կհետաքրքրի նաև մյուսներին։ Շուրջդ, մտքումդ կատարվող ամեն բան կարող են ազդել մտքերիդ դասավորման վրա. մեկի դեմքին սազող պեպեններին նայելով կարող ես մտորել, թե ինչու են այդ փոքրիկ ցաներին հաճախ արևհամբույրներ ասում, մեկի ադամախնձորի վերուվայրումները կարող են քեզ ստիպել մտածել՝ թե այդ դեղձի կուտ հիշեցնող մարմնի մասն ինչու է հենց այդպես կոչվում կամ միթե այն ներսում ինչ-որ բան չի խազում խոսելիս։ Ինչ-որ տարօրինակ թվացող բառ, չգիտես որտեղից հիշողությանդ մեջ մնացած խոսք, գրքի բովանդակություն, ամեն բան կարող է փոխանցվել գրչիդ՝ քո զգացողությունների, երևակայության ու ստեղծագործ մտքի ուղեկցությամբ։

Չափածո ստեղծագործության իմ մուսաներից մեկը Հերման Հեսսեն է՝ իր կյանքով, իր թողած ժառանգությամբ, իր գրական հերոսներով ու գերմանական փիլիսոփայությամբ։

Երբ օրվա ընթացքում կարդում եմ Հեսսեի գրքերը, որոնց գլխավոր բովանդակային նյութը աշխարհի հետ հարաբերության մեջ մտած Մարդն է՝ իր անձնական տառապանքով ու դեպի իրեն ու իր ներսը տանող բազմաթիվ ուղիներով, գիշերային մտորումներս նվիրում եմ Մարդուն՝ արարչագործության պսակին, որ և՛ ընդհանուր է՝ որպես մարդկություն, և՛ անջատ՝ որպես առանձին մարդ-անհատականություն։ Թղթի վրա գրում եմ խոհերիս առաջին, ոչ ամբողջական լուծումը՝

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար` պարզապես լինելու համար։

Յուրաքանչյուր մարդու հետ նոր ծանոթություն պատահականություն է՝ երջանիկ, կամ ոչ այնքան, երբեմն՝ ենթագիտակցորեն վաղուց պլանավորված։ Յուրաքանչյուր մարդ-պատահականություն քո կյանքում արդեն իսկ հանելուկ ու առեղծված է պարզապես իր գոյությամբ։ Իսկ թե ինչքանով կբացահայտես նրան՝ միայն քեզնից է կախված։ Մարդն այնքա՜ն  կատարյալ է որպես Աստծո կերտվածք, բայցև այնքա՜ն անկատար երբեմն։

Մտքերիս զարգացումը կանգ է առնում կիսաստված մարդու հավատալիքների մոտ։ Հեսսեն երբեմն ստիպում է խճճվել միստիկայի, ամենատարբեր հավատալիքների ու սիմվոլների մեջ։ Բայց որքան ավելի շատ են հոգեհարազատ դառնում տարատեսակ հավատալիքներն իրենց խորհրդավորությամբ, ես ավելի ու ավելի եմ կապվում Աստվածաշնչին, որ թույլ է տալիս հույսով լցվել ամենաանհավանական թվացող երևույթների հանդեպ։ Գիտությամբ ու փաստերով ուսումնասիրություններ կատարող Մարդն, այնուամենայնիվ, չի դադարում հավատալ, որ Երկրային կյանքն ընդամենը մի փոքրիկ ժամանակահատված է հավերժության մեջ, բայցև հավերժության էությունը բացատրել չի կարողանում։

Մարդը, Սերը, Հույսը, Հավերժությունը և Ժամանակը, Իմաստության Զվարթությունը կամ Արթնացումը, որ տարբեր հավատալիքների մեջ մաքրամաքուր, մեղքերից ազատված մարդկային դրությունն է, Սպասումը և Հոգին՝ որպես մարմնի կենարար հեղուկ և ինքնին Կյանք, կարևորագույն նշանակություն ունեցող կետերն են և՛ Աստվածաշնչում,  և՛ Հեսսեի վեպերի բովանդակության մեջ։ Այս մտքերի հորձանուտի մեջ ես թղթի վրա զատում եմ իմ զգացմունքները և ընկալումները՝ հավատարիմ մնալով և՛ Հեսսեին, և՛ Աստվածաշնչին, և՛ Մարդուն։

Երբ մատիտս վայր եմ դնում, սկսում եմ մտքումս կարդալ.

 

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար պարզապես լինելու համար։

Թեև անմտադիր, բայց զգուշորեն՝

Եղար, որ մի դաս ինձ ուսուցանես։

 

Եղար, որ հիշեմ,

Որ պետք է սիրեմ իմ մերձավորին՝

Իմ իսկ անձի պես։

Բայց հեռավո՜րս,

Օրենքն անտեսած՝ սիրեցի և քեզ։

 

Եղար, որ ցավամ, եղար, որ ցավեմ,

Որ երջանկանամ անգամ վշտի մեջ

Ու որ երբեմն գլուխս կորցրած՝

Մի հիվանդությամբ ինձ ապաքինեմ։

 

Մտքերս հասցնելով մի այլ եզերքի՝

Եղար պարզապես, որ ես ի վերջո

Ժամանակին սահմանում տամ մի՝

Որն հավերժ նույնն է, բայց միշտ՝ նորովի։

 

Եղար, որ օգնես անգիտակցաբար,

Արթնացում կոչես զվարթությունս խոր,

Թույլ չտաս երբեք իզուր ափսոսել

Սպասման վրա վատնած ոչ մի օր։

 

Եղար… որ կյանքում ես ցանող լինեմ,

Ով բերքհավաքի սպասում ունի ո՛չ երկրի վրա,

Ում դիափոշին մի օր այլևս

Քամու ձեռքն ընկած, անարժեք դարձած՝

անտեր կմնա։

 

Իսկ քննադատությունները թողնում եմ ձեզ։ Դուք էլ մտորեք Մարդու մասին, նրա տեղի ու դերի, նրա սկզբի ու հետագա ճանապարհի մասին, համաձայնեք, կամ վիճեք ինձ հետ՝ ձեր իսկ բանաստեղծությամբ։ Ես կսպասեմ։

anna vardanyan

Եղբայրս զինվոր է

Օրեր առաջ ճանապարհեցինք եղբորս բանակ` մաղթելով լինել արժանի զինվոր հայրենիքի համար։Առանց հուզմունքի հնարավոր չէր ճանապարհել զինվորին: Նախորդ օրը, որ պետք է բանակ ճանապարհեինք քեռուս տղային, հավաքվեցինք իրենց տանը, հայրենասիրական երգեր երգեցինք, ոգևորեցինք, հուզվեցինք… Երգում էինք` հուզմունքը հաղթահարելու համար: Մինչ այդ խորությամբ չէինք զգացել, թե որքան շատ ենք սիրում Գառնիկին: Երբ խոսք բացվեց, թե ով պետք է գնա հավաքակայան, բոլոր տղամարդիկ կտրականապես դեմ էին, որ կանանցից որևէ մեկը գար: Ուստի այդ օրն էլ հաջողություն մաղթեցինք և գնացինք տուն:  Հաջորդ օրը մայրս սովորականից շուտ տուն եկավ դպրոցից, բոլորս միաբերան հարցրեցինք.

-Մամ, Գառնիկից ի՞նչ կա:

-Ղարաբաղ…

Ոչ ոք տրամադրություն չուներ: Քիչ-քիչ սկսեցինք համակերպվել: Քեռակնոջս հետ խոսելիս մի քանի հարց տվեցի:

-Եթե տղա ունենք, ուրեմն պիտի սպասեինք էս օրվան:

-Ի՞նչ զգացողություններ ունեիր ճանապարհելիս:

-Համ հուզված էի, համ էլ հպարտ էի, որ զինվոր տղա ունենք: Բացակայությունը զգալի է տանը: Միայն թոռնիկս է, որ մի քիչ լրացնում է իր բացը, զբաղվում ենք, ցրվում ենք, բայց դե չէ, ամեն մեկը իր տեղը ունի։

-Ի՞նչ ես մտածում, ոնց պիտի անցնի էս երկու տարին:

-Մեր ուզածն էն է, աշխարհը խաղաղ լինի, մեր զինվորներն էլ ծառայեն ու վերադառնան։

-Վերադարձը ինչպե՞ս ես պատկերացնում:

-Հուզվում եմ, Աննա, չեմ կարող ասել, չկա այնպիսի օր, որ տանը չխոսենք կամ չմտածենք իր մասին…

Զինվոր եղբայր ունենալը հպարտություն է… Նոր եմ հասկանում, բանակի տոնի իմաստը: Շնորհավո՜ր հայոց բանակի օրը, շնորհավոր տոնդ, իմ զինվոր եղբայր:

Anna Sargsyan ashtarak

Ամենաթանկս

Հերթական նամակս եմ գրում, որ կարդալու են շատերը, բայց չես կարդալու դու, որովհետև  արդեն վերադարձած կլինես զինվորական ծառայությանդ։ Իմ տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ… Թերևս նախընտրեմ այս երեք բառերով սահմանափակվել, այլապես բոլոր բառարանները թերթելու դեպքում էլ չեմ կարողանա զգացածս արտահայտել բառերով, որովհետև հայերենի և աշխարհիս ոչ մի լեզվի մեջ հպարտությունն ու հավատարմությունը, սերն ու կարոտը մեկ բառով հանդես չեն գալիս։

Ամանորյա նվերս դու էիր, սպասածիցս ուշ եկար, բայց գալդ կարգավորեց տոնական տրամադրությունս։ Իմ ողջ կյանքը քիչ չէ՞, որ հիշեմ քեզնից ամիսների կարոտս առնելու րոպեները. քեզ տեսնելուն պես պարզապես դուրս թռա մեքենայից, արցունքների մեջ կորած մոռացա դուռն անգամ փակել ու գրկեցի, գրկեցի քեզ մի այնպիսի ջերմությամբ, որով երբևէ գրկած չկայի։ Վերջին ժամանակներս երևի թե այդքան ուրախ չէի եղել, ու հենց այդ պահին էր, որ կարող էին ինձ հարցնել` ինչպե՞ս ես, ու առանց երկար-բարակ մտածելու կասեի` լավ եմ, որովհետև քեզ տեսնում եմ ո՛չ նկարների մեջ, այլ հենց իմ աչքերով, իմ առջև կանգնած։

Հիմա էլ արցունքներս գլորվում ու ընկնում են ծրարի վրա։ Դեռ շատ ու շատ նամակներ պիտի գրեմ ու շատ արցունքներ են թափվելու։  Հա, ես նույնն եմ մնացել, բայց դու փոխվել էիր, կապույտ աչքերիդ մեջ  ընթեռնելի էր «կարոտ» բառը։ Իմ փոխված, բայց և նույն տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ…

Արդեն կարոտում եմ։

anna vardanyan

Տանը նստելու նուրբ արվեստը

Ես հասկացա, որ մարդը մեկ օր տանը նստելով կարող է հատորներ գրել պարապության մասին, ես էլ որոշեցի հոդված գրել և կիսվել պարապության ժամանակ առաջացած գաղափարներով։

Պատուհանից դուրս նայելիս  մտածում էի ապագայիս մասին, թե ինչ մասնագիտություն պիտի ընտրեմ, որ դառնամ իմ ուզած մասնագետը: Գործ կգտնե՞մ, թե՞ ինչպես գյուղում են ասում, դիպլոմս կվերցնեմ, տանը կնստեմ:

Շատ գաղափարներ էին պտտվում գլխումս, թե ինչ բիզնեսներ կարելի է ստեղծել։ Հետո, ինչպես մայրս է ասում, ձանձրույթս փարատելու համար, սկսեցի տարբեր ծրագրերի դիմումներ լրացնել։

Մտածում եմ` պարապ մնալն էլ է արվեստ, ամեն մարդ չի կարող։

Նույնիսկ եղանակը  տրամադրող չէր գիրք կարդալու կամ ինչ որ հետաքրքիր բանով զբաղվելու համար։ Ֆեյսբուքյան էջի բոլոր գրառումները համարյա անգիր էի արել:

Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, աշխատեք տանը չնստել: Գովելի է ակտիվ ապրելակերպը, ապրեք ձեր ամեն մի օրը, գտեք հետաքրքիրը ձեր օրվա մեջ, լավատես եղեք կյանքում, արեք բացահայտումներ: Սա իմ խորհուրդն է ձեզ։

Arman Mkrtchyan

Իր աչքերի մեջ խեղդվողը

Ըստ դասական սահմանման` հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ արտացոլումն է` հոգեկան տարբեր երևույթների տեսքով։ Բայց երբեմն սուբյեկտիվ արտացոլումը վերածվում է զգացողությունների չդադարող անձրևի` տրտում ու, որպես կանոն, թարմ հողը ցեխի վերածող։

Չէ, չմտածեք, թե ես դեմ եմ հաճախ ռոմանտիկ ու, ավելի հաճախ, սերիալ դիտելու տրամադրություն հաղորդող եղանակներին։ Բնավ։ Պարզապես այդ դեպքում ստիպված ես լինում պարբերաբար անցնել ցեխի միջով` հագնելով քո անդուր սերկարաճիտք կոշիկները կամ, եթե կուզեք  գիտականորեն` հոգեբանական պաշտպանությունները։ Եթե նայենք մեր ներաշխարհի տեսանկյունից, ապա դրանք ամենատաք ոտնամաններն են ամեն տիպի սթրեսի դեպքում։ Բայց ի՞նչ, եթե պաշտպանությունը գործում է անդադար շուրջ 3 տարվա ընթացքում։ Սփոյլեր. Ոչ մի լավ բան։

Նախ ասեմ, որ տաքացնող կոշիկներից քո հոգեկանը կարող է ընտրել դեպրեսիայով հիվանդ կոշկակարի հորինած թավշյա զույգը։ Դրանք էլ, իրենց հերթին, ավելի ճիշտ` հերթով, կոչվում են դեռեալիզացիա և դեպերսոնալիզացիա։ Սրանք քո ներաշխարհը պաշտպանում են` այն հնավորինս արտաքին աղմուկից հեռացնելով` քեզ համար օտար ու անիրական դարձնելով ռեալ աշխարհը։

Սկզբում չհասկանալով տաքության գինը` շունչ ես քաշում անդադար տագնապից։ Աշխարհին չես նայում վարդագույն ակնոցով, ավելի շուտ` վիրտուալ իրականության ակնոցով։ Քեզ թվում է, թե ինչ-որ հայտնի ֆիլմ ես դիտում, բայց ցավոք առանց քո սիրելի դերասանների… Չնայած այստեղի դերասանները քիչ են զիջում Հոլիվուդի աստղերին։

Այսպիսով, որոշ ժամանակ վայելում ես անվճար կինոդիտումդ մինչև այն պահը, երբ գիտակցում ես, թե ինչ ժանրի է իրականում այդ ֆիլմը. հա, փաստորեն այն սարսափ ժանրի է ու մի պարզ պատճառով. դիտելով մեկ անգամ, ստիպված ես վերանայել այն նորից ու նորից։ Կարճ ասած` դու կորցնում ես իրականության զգացումդ ու վերածվում ես պասիվ դիտորդի` մեխանիկորեն կատարելով ֆիլմի գլխավոր հերոսի գործողությունները։

Ինչպես բազմաթիվ այլ խնդիրների դեպքում, ամենաերկարը տևում է գիտակցման փուլը։ Սա բացառություն չի, քանի որ գիտակցելը, որ դու ապրում ես մեխանիկորեն, չես էլ ապրում, այլ ուղղակի դիտում ես, հնարավոր չէ։ Սկսում ես ինքնուրույն գտնել լուծումներ։ Հետո դիմում ես ընկերներիդ օգնությանը։ Հետո ծնողներիդ, հարազատներիդ, ծանոթներիդ… Շղթան անվերջ է ու ապարդյուն, որովհետև ինքդ ես դժվարությամբ հասկանում քո զգացողությունները, ուր մնաց այլոք։

Բայց հրդեհներին բնորոշ է մարելը։ Ինչո՞վ է ներսդ տարբերվում հրդեհից (հարցը հռետորական է). դու էլ ես հանգում։ Դանդաղ ընդունում ես քո անելանելի վիճակը ու ապարդյուն փնտրտուքները։ Վրա է հասնում հաջորդ փուլը` խաղաղություն, երբ քո ու խնդրի միջև զինադադարի պայմանագիր է կնքվում։

Սակայն, ինչպես բոլոր այդպիսի պայմանագրերը, սա նույնպես կնքվել էր իրեն խախտելու համար։ Ու այդ երեկո ևս դու չդիմացար ու նայեցիր նրան, նայեցիր մեռնող հույսի վերջին թրթիռներով։

(Տեսարանն ամբողջացնելու համար, լավ ֆիլմերի պես, տեսախցիկը դանդաղ հեռանում է աչքերից, ու բացվում է մարմնի ամբողջ ուրվագիծը` հայելու մեջ):

Բայց դու այլևս քո արտացոլանքը տեսնողը չէիր. դու հայելու միջի աչքերում խեղդվողն էիր։

valentina

Մոտիվացված լինելու չորս պայման

Մոտիվացված լինելու առաջին պայմաններից մեկը անառողջ մարդկային հարաբերություններից ազատվելն է։ Եթե դու արդեն եկել ես էն գիտակցման, որ քո կյանքում ունես էնպիսի մարդ, ումից կախված է քո տրամադրությունը ու քո հետագա անելիքները, պետք է ուղղակի դադարես շփվել էդ մարդու հետ։ Չի կարող քո օրվա արդյունավետությունը կախված լինել ինչ-որ մարդուց, քանի որ առողջ մարդկային հարաբերություններում մարդիկ իրար մոտիվացնում են ավելի լավը դառնալու։ Որովհետև էդպես դու սպանում ես քո անհատականությունը, թույլ ես տալիս, որ ձախ ուսիդ կանգնած փոքրիկ հրեշտակը նենգաբար խմի լավ էմոցիաներդ`  խեղդվելով հենց քո պատրաստած անհամ ապուրի մեջ։ Պետք է գալ մի գիտակցման, որ շատ նորմալ է, որ ընկեր ես կորցնում, ու դա ամենևին էլ մեծ ողբերգություն չէ, այլ նորմալ չէ, երբ դու ունես «հիվանդ» հարաբերություններ, որոնք խանգարում են քեզ լինել «դու», լինել ավելի լավը ու ավելի մոտիվացված:

1․ Կայացնել հստակ որոշում ու հետևել այդ որոշմանը։ Նորմալ չէ, երբ շփվում ես մեկի հետ, ով քո մեջ «մեխում» է կոմպլեքսներ ու սպանում քո «դու»-ն լինելու ունակությունը։  Եթե մտածում ես, որ ուժեղ չես, ուրեմն հավատա, որ ուժեղ ես։ Եթե վերլուծել ես ու եկել ես եզրահանգման, ուրեմն նաև պատրաստ ես կուլ տալ հետևանքները։

2․ Մի թշնամացիր։ Եթե դու որոշել ես չշարունակել հարաբերությունդ, դա դեռ չի նշանակում, որ տվյալ մարդը վատն է։ Չկան լավ ու բարի մարդիկ, կան լավ ու վատ հատկանիշներ։ Թշնամանալով, դու միայն չարանում ես ինքդ քո հանդեպ, քո ձեռքով կարճացնում ես կյանքիդ տևողությունը ու լցվում ես հոգնեցնող նեգատիվով, որը քեզ խանգարելու է առաջ նայել։ Ազատվիր բացասական մթնոլորտից, որովհետև եթե չազատվես՝ նոր կինո է սկսում՝ անառողջ հարաբերություն ինքդ քեզ հետ։ Բա քեզ պե՞տք ա։

3․ Սիրիր։ Սիրիր քեզ, ինչպես որ կաս։ Տգեղ քի՞թ ունես։ Շատ լավ։ Ամեն օր նայիր հայելու մեջ ու արա աշխարհի ամենասիրուն հաճոյախոսությունները քթիդ։ Հենց դու ունես էդ քիթը, իսկ դա արդեն ինչ-որ առավելություն ունի։ Սիրիր քիթդ։ Սիրիր մարդասպանին, որ էլ մարդ չսպանի։ Սիրիր բոլորին ու սիրելով բալանսավորիր միջիդ դրականն ու բացասականը։

4․ Մի կորցրու իրականությունը ու քիչ երազիր հավերժական բաների մասին։ Նորմալ են բոլոր տեսակի կորուստները, նորմալ չի քո անորոշ վերաբերմունքը դրանց հանդեպ։ Ուղղակի առավոտյան աչքերդ բացելուց հիշիր, որ դու ունես ինքդ քեզ, իսկ դա արդեն լրիվ բավարար է մոտիվացված լինելու համար։ Դու ունես ՔԵԶ՝ այն մարդուն, ումից կախված է քո տրամադրությունը։

armine karapetyan

Թուղթ, գրիչ, մեկ էլ լամպի լույս

Հաճախ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար. թուղթ, գրիչ, մեկ էլ լամպի՝ մեկումեջ վիճակիդ քմծիծաղ տվող լույս, որ կարողանաս զգացածդ նրանց տալ ու սրտումդ կուտակվածը վերջիվերջո արտաբերել…

Հա՛, մեկ էլ բառեր, էնպիսի բառեր, որ կթեթևացնեն հոգուդ ծանրությունը ու կգեղեցկացնեն մաքուր թուղթդ, որ անզորությունից ու անորոշությունից անունդ չգրես-ջնջես կամ մի ամբողջ էջ ստորագրությունների տեղատարափի զոհ չդառնա…

Բոլորին չէ, որ սազում է գրիչի սենտիմենտալ տարուբերումներով լաբիրինթոս ստեղծելը: Մեր օրերում դրան տիրապետելը ընդամենը սեփական մտքի տկարությունը քողարկելու ամենահեշտ ձևն է…

Փիլիսոփայելը ու փուչ խոսքերը դարձել են ամենօրյա թեմաներ ու ինքնահաստատման, գիտելիքի չակերտավոր չափանիշներ: Հոգնել եմ…

Չի՛ կարելի ներկայանալ այնպիսին, ինչպիսին չես: Չի՛ կարելի զուր ջանքեր գործադրել՝ լինելու այնտեղ, որտեղ դու սպասված չես…

Ու եթե գրիչս վերցնեմ ու գրեմ շուրջը կատարվող ամեն ինչի մասին, յուրաքանչյուր երևույթի, մարդկայնության նուրբ արվեստին չտիրապետող մարդկանց մասին, ո՛չ թուղթս կհերիքի, ո՛չ թանաքս, ո՛չ էլ համբերությունս…

Տողերիս վերջում բազմակետեր դնելը սովորության նման մի բան է դարձել, որովհետև իմ ասելիքները միշտ էլ կիսատ են մնում, անելիքները՝ նույնպես…

Բայց ոչինչ, աշխարհն ինքնին բազմակետերից է, վաղ թե ուշ բոլորն էլ կհասցնեն ավարտել երբևէ չհամարձակվածը, չարածը…

Աշխարհի խորդուբորդություններին այդպես էլ չսովորած ու բութ դեմքերով դեռ շատերը կլինեն, որոնց մասին չուզես էլ կգրես, կներկես ճերմակ թղթիդ յուրաքանչյուր անկյուն՝ ոչինչ չասող կերպարների մասին գրելով…

Բայց, սիրելի՛ս, թղթերդ չպիտի փչացնես, չպիտի անմտորեն լրացնես բաց մնացած տեղերը, որ ժամանակին գրվելու արժանի համարված մարդկանց «ստորությունները» ավելացնել կարողանաս, չպիտի հոգիդ քայքայողներն ու ուղեղդ սղոցողները վնասեն առողջությունդ, եթե դրանց փոխարեն դու ունես շատ ավելի լավ ընտրություններ, նույնիսկ ոսկե միջին՝ Ինքդ…

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ քեզ մնում ես միայն դու, որ քեզ ոչ ոք այդքան հարազատ չէ, ինչքան դու… Հասկանում ես, որ  մարդիկ միշտ էլ ճարպկորեն թաքցնում են իրենց կեղտոտ դիմակները, որ բոլորի աչքին լավը երևան, որ զզվելու աստիճան քծնում են…

Ու այսքանից հետո քեզ մնում է միայն առանձնանալ ինքդ քեզ հետ, ինքդ քո դեմ ու բացել բոլոր անպատասխան հարցերի հանգույցները…

Պետք չէ զուր վնասել սեփական նյարդերը մարդկանց բթամտությունն ու կոպտությունը վերացնելու կամ գոնե քչացնելու համար, չարժի գիտակցորեն անցնել հիշողության քամոտ ծովով, քանզի քեզ համար արդեն նախասահմանված մի օրենք կա, որ պիտի մշտապես կրես ու ամբողջ ուժով պինդ պահես, որ կյանքիդ ուղեկիցը լինի, որ ժամերդ հավերժ ծիծաղեն, որ քո նոր կյանքի ջրերում արևը իր ջերմ ձեռքերը լվանա…

shushan stepanyan portret

Փայլուն աչքերով իմ սիրուն պապը

Վաղուց է, ինչ չեմ գրում, բայց երևի թե հիշում եք, որ տանել չեմ կարողանում բաժանումները, հրաժեշտները՝ ծանր ու կոկորդդ անզուսպ լացով խեղդող: Ոչինչ չի փոխվել. ես էլի նույնն եմ, ու ինձ բնորոշ հույզերս ինձ հավատարիմ են դեռ: Էլի չեմ սիրում բաժանումներն ու ավելի այն բաժանումները, որ խլում ու տանում են, տանում գուցե երկինք, գուցե դրախտ, կամ ծաղիկներով լի մի այգի, մի տեղ, որտեղից ֆիզիկական գոյությունդ հեռանում է կարոտդ առնելու պինդ կապից:

Վաղուց չեմ գրում, ու երևակայեք, թե ինչքան զսպված հույզեր կան սրտումս, ինչքան մտքեր, որ հիմա փորձում եմ մի կերպ իրար գլխի բերել ու գրել: Գրելն ինձ օգնում է, անկեղծ: Ու ես գրում եմ ոչ թե, որ ապացուցեմ իմ՝ գրելու, բառերն իրար կապելու ձիրքը ու ապրած դժվարությունների ծանրությունը, այլ գրում եմ, որովհետև ինչ-որ բանի, ինչ-որ մեկի մասին գրել, վերջացնելուց հետո ներսս թեթևանում է հենց այն թեթևությամբ, որ զգում եմ երկար ժամանակ աղոթելիս կամ եկեղեցուց դուրս գալիս: Չհարմարվեցի, չընկալեցի բաժանումները մինչև հիմա ու առավել ևս հիմա: Չվարժվեցի բաժանումներին անգամ այն դեպքում, երբ կարոտս առնելու տարբերակ միշտ կար: Ամեն անգամ, երբ իմ սիրած մարդկանց պիտի հրաժեշտ տայի, նորից հանդիպելու մեծ սպասումով ու պարտադիր պայմանով, անզուսպ լացում էի ու մի կերպ էի ինձ հավաքում:

Պապս՝ գյուղի պապս, որ ինձ համար ամեն առումով մարդ էր ու իր ապրած կյանքով տեղով մեկ մի ամբողջ կյանք, հիմա չկա: Շատ ժամանակ չեմ էլ գիտակցում գրածիս իսկությունը, հավատացեք:  Ես, որ միշտ վախեցել, միտքս փախցրել եմ նման պահերին ինձ պատկերացնելուց, ես, որ պատճառ էի փնտրում, որ սկսեմ հուզվել, հիմա լացել չգիտեմ. մի տեսակ սառը գիտակցում կա, որ  ստիպում է համակերպվել, ու ես պարտավորված եմ ինձ մեծ, գիտակից մարդու պես պահել, ինչքան էլ որ ներսում ես այն մարդն եմ, ով կորցնել չգիտեր, ով միշտ հեքիաթ էր համարում կյանքը: Թող ինձ ոչ մեկը չփորձի համոզել, որ կորստին սփոփանք կա, կամ որ լայն ժպիտով դեմքը չի կարող ներսից խեղդվել:

Տասնինը  իմ սիրած թիվն էր: Հիմա չկա ոչ տասնինը թիվ և  ոչ էլ օր. պապս մի ամիս առաջ տասնինի կեսգիշերին սառը ջուր ուզեց, հագեցրեց ծարավն ու գնաց իմ պատկերացրած, ֆիլմերում տեսած ու գլխումս երևակայած ճամփով՝ լուսավոր ու մաքուր մի ճամփով, ինչպիսին հենց ինքն էր ու իր ապրած ութսունմեկ տարիները:

Երբ որ ինչ-որ բանից բողոքում էի, հուզվում, նեղվում, սկսում էր իր դժվար մանկությունից կտոր-կտոր պատմություններ պատմել ու ջղայնանում էր.

- Հերիք ա, ա՛յ Շուշան, սու՛ս կաց…

Չէր սիրում, որ լացում էի, որ տան մեջ արագ-արագ էի քայլում ու որ մի րոպեում մի լեցուն աման կոնֆետները խժռում էի: Ինքը ամեն ինչում զուսպ էր, զուսպ էր իր ապրումներով ու իր տեսած անտանելի կորուստներով: Մեզ էլ ուզում էր, որ զսպված ու կշռադատված լինենք ամեն ինչում:

Քո մասին անվերջ կարող եմ գրել, պա՛պս, ամենասիրուն, փայլուն աչքերով պապս, կարող եմ անվերջ գրել ու նույն հիացմունքով բոլորին պատմել քո տեսակի մասին:  Ինչ-որ տեղ հիմա հանգիստ եմ, որ միշտ ասել եմ, թե քեզ ինչքան եմ սիրում, միշտ ուժեղ ու պինդ գրկել ու բոլորից շուտ առաջինը ես եմ քեզ համբուրել: Հանգիստ եմ, որ ասել եմ, թե ինչքան եմ հպարտանում քո անսպառ աշխատասիրությամբ, մեծահոգությամբ ու ապրածդ կյանքով:

Երազիս հաճախ ես գալիս ու ամեն անգամ իմ սիրած ձևով ես ինձ ժպտում: Գալիս ես, որ ավելի քիչ կարոտեմ քեզ:

Տասնինը էլ չեմ սիրում ու հիմա, ի զարմանս ինձ, սպասվածից ավելի ուժեղ եմ. պապս, որ  ամենաուժեղ կարոտս ու ամենամեծ անկումս դարձավ, ինձ ուժեղ դարձրեց: Քո մասին անվերջ կարող եմ խոսել ու խոսելու եմ քո մասին պատմություններ գրելով:

Դու միշտ ներկա ես ու սրտիս մեջ, փայլուն աչքերով իմ սիրուն պապ: