Իմ էջը խորագրի արխիվներ

Anush abrahamyan

Ցանկությունների ավտոբուս

-Տո՛ այ քո ցավը տանեմ, ես էտ հարցը արդեն լուծել եմ։ Դու գործերիդ նայի, էտ ի՞նչ ա, որ ես չկարանամ գլուխ բերեմ։ Հա ՛, հա (այս անգամ ծիծաղելով), դե ինձ գիտես։ Միշտ պատրաստ,- երիտասարդը հեռախոսը անջատում է, անփութորեն սեղմում ջինսի գրպանը։

-Մամ ջան, բարև, ի՞նչ կա, ո՞նց եք: Եսիմ է, կիսուրս հարևաններին հավաքել ա գլխին, նստել ա տունը: էնքան ասի` արի իրար հետ գնանք, չեկավ։ Ի՞նչ անեմ, հոգատարությունս չի գնահատվում։ Ես էլ մենակ գնում եմ Գայուշենց տուն: Հա՛, էսօր ծնունդն ա, -միջին տարիքի կին է, բավականին սիրունատես։

-Պապ ջան, համալսարան չեմ հասել, հասնեմ` կգրեմ։ Դու խմե՞լ ես դեղերդ, էսօր վերջին օրն ա, չէ՞։ Դե  լավ, պապ ջան, պատրաստվի, կգամ` կգնանք հիվանդանոց։ Չէ՛, պապ, հենց էսօր ենք գնում, տեսնենք՝ ի՞նչ արդյունք կա (ժպտում է)։ Դե լավ, պապ ջան, կգրեմ,- հեռախոսն անջատելուց հետո երիտասարդ աղջիկը կրկին հայացքը սահեցրեց ապակուց դուրս։

Ամեն օր մոտ քառասուն րոպե եմ անցկացնում ավտոբուսում, ու ակամա միտքս  բախվում է շատերի երազանքներին, ցավերին, կարոտած տխուր ու հոգնած հայացքներին։ Ու քիչ- քիչ հասկանալի է դառնում, որ ավտոբուսը հազարավոր երազանքներ է տեղափոխում մի տեղից մյուսը, այդ երազանքները երբեմն կես և ավելի ժամեր խցանման մեջ են մնում ,բայց չեն կորցնում իրենց թարմությունը։ Հազարավոր կարոտներ են տեղափոխում, որոնք իրենց գոյության մեծամասնությունը անցկացրել են խցանումների մեջ։ Տարիներ են տեղափոխում ու մարդկանց, որոնք մաշվում են  ու ամեն վայրկյան մոտենում մահվանը։ Միգուցե, չգիտեմ, թե էլ ինչեր են տեղափոխում այդ ավտոբուսները:  Շատ բան չգիտեմ։ Չգիտեմ, թե ինչու այդ «միշտ պատրաստ երիտասարդները» քնած են ձևանում, երբ հարկ է լինում իրենց տեղը զիջել ծերերին: Չգիտեմ, թե ինչու են այդ հոգատար հարսները բոլորի հետ ցանկանում խոսել իրենց սկեսուրի մասին ու շեշտել իրենց բարի, համբերատար, ներող լինելը։ Ա՛յ, համբերատարության հրաշալի ձև եմ ասել, է: Չգիտեմ,  թե ինչու եմ այդքան  ցանկանում, որ հորը հիվանդանոց տանող աղջիկը լիարժեք ժպտա գարնան թռչունների ծլվլոցը լսող մարդու ժպիտով։

Շրջվում նայում եմ  կողքիս նստած պապիկին ու փոքր  թոռնուհուն, ով անդադար հարցեր է տալիս՝ պապիկ, ծաղիկը կանաչ է, չէ՞,  իսկ արև՞ը։ Եթե արևը կանաչ լինի, աշխահն էլ, չէ՞, կանաչ կլինի։

Մի պահ ցանկանում եմ  պարզապես շրջվել ու ասել՝ հա՛, կանաչ են։ Ամեն շնչող ու գեղեցիկ բան կանաչ է, ու ժպիտն էլ կանաչ է, դրա ցանկությունն էլ։ Ցանկացա նայել պատուհանից ու տեսնել այդ կանաչությունը  փողոցով անցնող հղի կնոջ դեմքին կամ  թևանցուկ քայլող տատի ու պապի ճերմակ մազերի մեջ։ Ցանկացա այդ կանաչությունը տեսնել այն համբույրի մեջ, որը մայրը որդուն դպրոց ճանապարհելիս է տալիս։

Մենք երբեմն այնքան մեծ ժամանակ ենք անցկացնում կանգառներում, ավտոբուսներում, խցանումների մեջ։ Եվ քայլ առ  քայլ մոտենում ենք անխուսափելի մի երևույթի,  որը կգա մեկ անգամ, անչափ անսպասելի։ Մենք այնքան ժամանակ ունենք մեր  հազարավոր կանաչ երազանքները նպատակներ դարձնելու համար։ Այնքան  ժամանակ։

Կանգառում տարեց կինը իջնում է ավտոբուսից ու հեռանում։ Երիտասարդը հեռախոսը գրպանից հանում է.

-Հա բռատ, հա, խնդիր չկա, քո համար ամեն ինչ կանեմ…

vahan chobanyan

Սահման փնտրողները

Եվս մեկ օր մոտեցավ իր ավարտին կամ գուցե նոր սկսվեց, չգիտեմ։ Ես արդեն մի քանի ամիս է՝ չգիտեմ՝ երբ է սկսվում օրը և երբ է այն ավարտվում՝ առավոտյան ինն անց կե՞ս, երբ գնում եմ համալսարան, թե՞ գիշերը տասին, երբ գնում եմ աշխատանքի։ Ու չեմ գտնում նաև այն սահմանը, որը բաժանում է ուսանողական կյանքը աշխատանքայինից։ Ու իմ նման շատ ուսանողներ ամեն օր այդ սահմանն են փնտրում ու ցույց տալիս, թե գտել են, բայց մենք հո լա՞վ գիտենք, որ խաբում ենք, խաբում նույնիսկ ինքներս մեզ, բայց մինչև ե՞րբ։ Մինչև սպառված հասնում ենք տուն, որտեղ մեզ սպասում է հայելին, որի հետ ամենաշատ ժամանակն ենք անց կացնում։ Մեզ էլի սպասողներ կան, բայց նրանց թողել ենք այն հեռավոր գյուղերում, որոնք լքելով եկանք այստեղ, որ մարդ դառնանք։

Հիմա մի փոքր ավելի մանրամասն իմ առօրյայի մասին։ Պայմանականորեն ընդունենք, որ օրս սկսվում է ինն անց կես` համալսարան գնալով։ Դասի գնում եմ աշխատանքի վայրից, ավելի ճիշտ՝ վազում եմ, որ հնարավորինս քիչ ուշանամ։ Դասի հասնում եմ ուշացած։ Առաջին սպասելիքները արդարացվում են. դասախոսը թողնում է ներս մտնել, ու քանի որ ուշացած ուսանողը զրկվում է «արտոնություններից», հնարավորինս արագ ու անաղմուկ տեղավորվում եմ։ Դրանից հետո շատ ավելի կարևոր ու դժվար անելիք կա. անտեսել գիշերը քնած չլինելու փաստը ու չտրվել սեղանին պառկելու հրապուրանքին։

Գիշերն աշխատողի համար իրերը կորցնում են իրենց հիմնական նշանակությունը։ Հազիվ ներկա-բացակայի ժամանակ աչք կպցնելով մի քանի դասաժամ անց կացնելուց հետո գալիս է տուն գնալու երանելի պահը։ Ապրում եմ հանրակացարանում ու օգտվում հանրակացարանի ընձեռնած լավ ու վատ բոլոր պայմաններից։ Չգիտեմ՝ ոնց հասնում եմ կանգառ, գտնում ինձ՝ Մասիվ հասցնելու պատրաստ ավտոբուսը ու նետի նման ցցվում մեջը։ Մոռացա ասել, որ ես բիստրոների «աստվածային» ուտելիքների երկրպագու եմ ու մինչև կանգառ հասնելը հասցնում եմ ստամոքսիս հանդեպ մեղք գործել։ Հասնում եմ տուն բավականին հոգնած։ Ինչպես արդեն ասացի, ինձ սենյակում սպասում է միայն հայելին։ Հայելու մեջ գտնելով ինձ լիովին սպառված՝ որոշում եմ պառկել։ Պառկում եմ, բայց չեմ քնում, որովհետև էդպես չեն քնում, էդպես ուղղակի խաբում են օրգանիզմին, որ փորձի հանգստանալ, որովհետև մի երկու ժամից պիտի աշխատանքի գնա։ Իսկ մի երկու ժամից զարթուցիչն ինձ ուշքի է բերում առանց մեծ ջանքերի, որովհետև ես քնած չէի, որովհետև էդպես չեն քնում։

Ու այսպես ամեն օր, ու այսպես իմ նման շատ ուսանողներ սահման են փնտրում, ուսանողական ու աշխատանքային տարիներն իրարից բաժանող սահմանը…

 

Nane Eghiazaryan

Մեկ տարվա կորսված կյանք

Արթնանում ես, հաց ես ուտում, պարապմունք ես անում, հետո գալիս է ժամը, որ պետք է գնաս դպրոց, ու հավաքում ես պարապմունքիդ գրքերը և շտապում դպրոց: Դպրոցում շարունակում ես կիսատ թողած հանձնարարություններդ ու երբեմն էլի կիսատ թողնելով՝ գնում ես օրվա առաջին պարապմունքին: Մի քանի ժամ էլի պարապմունք ես անում, հետո դուրս ես գալիս առաջին ուսուցչիդ տնից, ճանապարհին ինչ-որ բան ես գնում ու ուտելով շտապում ես, որ չուշանաս մյուսից: Կան օրեր, երբ դրսում ցուրտ է, ու դու սառչում ես կանգառում, մինչ երթուղայինը 15-20 րոպեի ընթացքում գալիս է, ու դու հասնում ես տեղ:

Էսպես, մի պարապմունքից մյուսը վազելով, վերջապես երեկոյան 8-ին, երբեմն՝ նույնիսկ 10-ին, նոր հասնում ես տուն: Այնքան հոգնած ես լինում, որ երբեմն ոչինչ չես ուտում, ու նորից նստում ես պարապմունք անելու մինչև ուշ գիշեր: Ժամանակ առ ժամանակ այս ռեժիմը փոխվում է, երբ փորձում ես ինչ-որ հետաքրքրություն մտցնել այս միապաղաղ մի քանի ամսվա ապրելակերպիդ մեջ: Ու երբ ստացվում է խախտել ռեժիմը, հասկանում ես, որ դրսում մի ուրիշ ու հետաքրքիր կյանք էլ կա այս մի քանի ամիսների ընթացքում, երբեմն նույնիսկ նկատում ես, որ ընկերներիդ հետ ես քիչ հանդիպում այս պարապմունքների պատճառով, ու դա իսկապես ցավալի է:

Ահա թե ինչպիսին է դառնում ավագ դպրոցի աշակերտների կյանքը, երբ դպրոցում չեն ապահովում այն գիտելիքով, որն անհրաժեշտ է բուհ ընդունվելու համար: Դպրոցներում գիտելիքի անհրաժեշտ քանակը չստանալու պատճառով ինձ նման շատերը ոչ միայն գիտելիքի պակաս են ունենում, այլ նաև ազատ ժամանցի, բացի մեր պարապմունքի գրքերից՝ ուրիշ գրքեր կարդալու և ընդհանրապես, միմյանց հետ շփվելու:

Հույս ունեմ, որ մի օր ավագ դպրոցի աշակերտները կունենան այն ազատ ժամանակը, որի մասին հիմա ինձ նման շատերը երազում են…

sveta davtyan

Հիշիր վառել լույսը

Երջանկություն կարող ես գտնել ամեն ինչում և նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե միայն հիշես վառել լույսը:

Յուրաքանչյուր մարդ գալիս է այս կյանք որևէ առաքելություն կատարելու համար: Մեկը՝ լավ բժիշկ լինելու, մեկ ուրիշը՝ լրագրող, ուրիշը՝ ինչ-որ մեկի սիրելին դառնալու համար: Բայց կյանքի ուղին մենք մենակ չենք անցում:

Այդ խորդուբորդ ճանապարհն անցնելիս մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որ մենք մենակ չզգանք մեզ: Նրանց մուտքը մեր կյանք շատ հանկարծակի է լինում, բայց հենց նրանք են դառնում թանկ ու սիրելի և նույնքան սեր ու ջերմություն նվիրում են մեզ: Գալիս են նրանք մեր կյանք, որ երբ մարեն բոլոր լույսերը, իրենց հետ ճրագ բերեն՝ լուսավորելով մեր միտքն ու հոգին: Հիշեցնեն, թե ինչ ենք ուզում, ինչի համար ենք պայքարում, և որ ամենակարևորն է, հիշեցնեն, որ մենք մենակ չենք: Ընդամենը վայրկյանների խոսակցություն, որը քեզ հույսով ու հավատով է լցնում սկսածդ գործի հանդեպ: Գալիս են լցնելու մեր կյանքը, որ էլ երբեք չդատարկվի: Գալիս են ձեռք մեկնելու ու բռնելու դեպքում երբեք այն բաց չթողնելու: Երջանիկ են այն մարդիկ, որոնց կյանքում գոնե մեկը ամուր բռնել է ու բաց չի թողել:

Էկոճամբար Աղվերանում

Լուսանկարը՝ SPARE-Armenia -ի

Լուսանկարը՝ SPARE-Armenia -ի

Դասարանի դուռը բացեցին:

-Կներեք, Զավենին տնօրենը կանչում է իր աշխատասենյակ:

-Գնա, Զավեն ջան,- պատասխանեց ուսուցիչը:

Ես տեղիցս վեր կացա՝ սարսափած հայացքս ուղղելով դեպի դասարանը:

«Զավեն, դուխով, մենք քեզ հետ ենք» արտահայտության ուղեկցությամբ ես դուրս եկա դասարանից և կամաց-կամաց գնացի դեպի տնօրենի աշխատասենյակ:

«Ի՞նչն են իմացել, կարո՞ղ ա, որ դասից եմ փախել, թե՞․․․ Ոչ, ոչ, մենակ ոչ դա»,- մտածում էի ես՝ չնայած նրան, որ արդեն դռան մոտ էի:

Մտնելով նախասրահ՝ ուզում էի թակել մյուս դուռը, սակայն այն բացեց տնօրենը և ասաց.

-Արի, Զավեն ջան, արի ներս։

Ինչ թաքցնեմ, շատ էի վախեցել, բայց դուրս գալուց հետո մի բան էր պարզ, որ պիտի մասնակցեմ շարադրությունների մրցույթի «Մաքուր և էներգախնայող» թեմայով:

Նույն օրը ձեռնամուխ եղա աշխատանքի: Գրեցի, ջնջեցի, նորից գրեցի, բարկացա, պատռեցի թուղթը և դեն նետեցի: Այդպես շարունակ մի քանի օր, մինչև ունեցա պատրաստի շարադրությունը, և նշված օրը ուղարկեցի մասնակցության հայտը:

Անցավ մի ամիս, և ես մոռացա այդ մրցույթի մասին։ Օրերից մի օր առավոտյան մտա դպրոց․ բոլորը շնորհավորում էին ինձ:

«Հետաքրքիր ա, ինչի՞ համար եմ այսքան շնորհավորանք ստանում, ծննդյանս օրվան դեռ վեց ամիս կա»,- մտածեցի ես ու մտա դասարան: Դասարանում արդեն ինձ ասացին, որ ես հաղթել եմ շարադրությունների մրցույթում:

Իհարկե, ես ուրախացա, որ հաղթել եմ, սակայն իմ ուրախությունը եռապատկվեց այն ժամանակ, երբ իմացա, որ մշտական և ավանդական դարձած գովասանագրեր ու հավաստագրերի փոխարեն պիտի մասնակցեմ Աղվերանում կազմակերպվող եռօրյա ԷԿՈ ճամբարին: Այն մասին, թե ինչ ծրագիր է մեզ սպասվելու, ես ոչ մի բան չգիտեի, և անգամ չէի ուզում իմանալ. ուզում էի, որ անակնկալ լիներ:

Լուսանկարը՝ SPARE-Armenia -ի

Լուսանկարը՝ SPARE-Armenia -ի

Ահա, եկավ վերջին օրը։ Ես դասավորում էի ճամպրուկս, ի դեպ, վերջում՝ դասավորելուց հետո, այն ինձնից ծանր էր: Առավոտյան մեկնեցի Երևան: Ինչպես պայմանն էր՝ հանդիպում ենք Վերնիսաժի մոտակայքում:

Ավտոբուսը շարժվեց, և հենց այդ պահից սկսվեց մեր ԷԿՈ ճամբարը: Պարզվեց, որ մենք 14 հոգի ենք՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից: Հենց առաջին օրը քննարկման դահլիճում, ծանոթացանք, սկսեցինք բնապահպանական դասընթացները:

Առաջին օրը անցավ ոչ այդքան ուրախ: Դասերից հետո նտում էինք նախասրահում, մեկ-երկու բառ փոխանակում և միասին գնում ընթրիքի: Նկատելով դա՝ ուսուցիչները դիմեցին խորամանկ միջոցների: Ճաշարանում մեզ նստեցրին տղա-աղջիկ հերթականությամբ՝ փորձելով գոնե մի քիչ ակտիվացնել շփումը: Սակայն բոլորը լռում էին, ի դեպ, նույնն էլ կատարվում էր դասընթացների ժամանակ: Անգամ գործնական դասընթացի ժամանակ, երբ պատրաստում էինք արևային վառարան, գրեթե չէինք շփվում իրար հետ, և ցավոք սրտի, եղանակի պատճառով չկարողացանք անգամ փորձարկել մեր արևային վառարանները:

Նախավերջին օրը՝ դասընթացներից հետո, բոլորս նստել էինք նախասրահում՝ առանց որևէ բառ փոխանակելու: Քար լռությունը խախտեց մեզնից մեկը, ով առաջարկեց «մաֆիա» խաղալ: Իհարկե, բոլորը համաձայնեցին, և մենք սկսեցինք խաղալ, ծանոթանալ միմյանց հետ ու չնկատեցինք, թե ինչպես անցավ վեց ժամ: Բոլոր մասնակիցները շատ տարբեր էին՝ տարբեր ամեն ինչով, սակայն մեզ միավորում էր այն, որ բոլորս ուզում էինք ճանաչել և ընկերանալ իրար հետ: Մի ամբողջ գիշեր մենք խաղացինք, զրուցեցինք, պատմեցինք անեկդոտներ: Յուրաքանչյուրը պատմեց իր դպրոցի, բնակավայրի, առօրյայի մասին, պատմեց, թե ինչպես է հայտնվել այս ճամբարում, ինչպես է մասնակցել մրցույթին: Բոլորս զղջում էինք, որ 2 օր չենք շփվել իրար հետ, և ահա հիմա՝ վեջին օրով ենք ծանոթանում իրար հետ և ընկերանում՝ իրար փոխացելով մեր կոնտակտային տվյալները:

Արդեն ժամը 7։30 էր, և տխուր գնացինք մեր ճամպրուկները հավաքելու, քանի որ մեկ ժամից պիտի հրաժեշտ տայինք իրար և հնարավոր է՝ այլևս երբեք չհանդիպեինք։

amalya navasardyan

Մի պատառիկ ուսանողական կյանքից

Առավոտյան ժամը 7։30 էր, զարթուցիչը զնգաց։ Հազիվ բացեցի աչքերս, հետո էլի փակեցի։ Կես ժամ էլ քնեցի, հետո էլի զնգաց, ստիպված էի արթնանալ։ 20 րոպե անց արդեն 26 համարի ավտոբուսի մեջ էի։ Մարդկանց ամենօրյա զրույցները ձանձրացնում էին, ստիպված էի հանդուրժել մի կես ժամ, մինչև ավտոբուսը կհասներ Երիտասարդական։ Հազիվ դուրս ընկա ավտոբուսից, շնչակտուր վազում էի, մինչև Մանկավարժական համալսարան հասնելը դեռ 20 րոպե պետք է քայլեի, ուստի շտապում էի։ Վազելուց հոգնեցի, սկսեցի քայլել։ Անտարբեր, մռայլ քայլում էի փողոցով ու նայում մարդկանց, մտքում վերհիշում անգիրներս, մտածում տրամաբանությանս անհավանական թվացող բանաձևերի մասին, նեղվում, կռվում ինքս ինձ հետ, քննադատում, կշռադատում, հետո էլի մռայլվում, չէի էլ հասցնում նկատել, որ ինձնից այն կողմ թողել էի արդեն երկու համալսարան ու այժմ Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ էի, ինչը նշանակում էր, որ հաջորդը Մանկավարժական համալսարանն էր։ Ի դեպ, սովորում եմ բանասիրական ֆակուլտետում, ուստի շտապեցի բարձրանալ 3-րդ հարկ, հետո հիշեցի, որ առաջին ժամս 4-րդ հարկում պիտի անցկացվեր, վազեցի։ Մտա լսարան. հայ նոր գրականության ժամն էր, ուսումնասիրության թեման Մեծարենցն էր՝ իր ողջ պոեզիայով։ Անտարբեր նստել էի վերջին նստարանին, երբ դասախոսի հնչեցրած երկու անունների թվում լսեցի նաև իմը, այդ ձայնը ստիպեց սթափվել և ոտքի կանգնել։ Նպատակն էր` պարզել Մեծարենցից իմ անգիրների իմացությունը։ Մի քանի վերնագրեր թվարկելուց հետո դասախոսս կանչեց ամբիոնի մոտ։ Զարմացած, մի քիչ էլ վախեցած առաջ գնացի, պարզվեց, որ արտասանելու էի Մեծարենցի «Անանուն» բանաստեղծությունը։ Տուն առ տուն դասախոսիս օգնությամբ փորձում էինք վերլուծել։ Ուզում եմ խոստովանել, որ Մեծարենցին ըմբռնելը բարդ էր, բայց դասախոսիս շնորհիվ կարողացանք ընդհանրացնել։

Երկրորդ դասաժամը ժամանակակից հայոց լեզվի ժամն էր։ Քիչ-քիչ սթափվում էի, ավելի շուտ՝ արթնանում։ Կապերի ու շաղկապների մասին քննարկումներից, վարժություններից հետո սկսեցի ակտիվանալ, բայց նկատեցի, որ զանգի ժամն էր։ Զանգը հնչեց, ինչը նշանակում էր, որ պետք է վազեի ուսանողական խորհրդի նիստին։ Բանավեճի ակումբի փոխնախագահն եմ, ուստի պարտավորվում էի ապահովել ներկայությունս ու մասնակցել քննարկումներին։

Չհասցրի սնվել, զանգը հնչեց, արդեն երրորդ ժամն էր։ Ներառական կրթության դասաժամն էր, հետաքրքիր, ոչ այնքան ձանձրացնող էին ներառական կրթության ժամերը, բանավիճում էինք, քննարկում, տեսասահիկներ (սլայդ) դիտում ԿԱՊԿՈՒ երեխաների մասին։

Դասերն ավարտվեցին, բայց տուն գնալ չկար։ Հայ նոր գրականության ամբիոնը մեզ համար հագեցած ընթերցասրահ ուներ, ուստի շտապեցինք բարձրանալ վերև, վերցնել հանձնարարվող գրքերը և աշխատել։ Կարդում էինք, մշակումներ անում, գրում, ջնջում, նորից կարդում ու կարդում։ Ընթերցասրահը բաց էր մինչև ժամը 5-ը, ես մնում էի այնտեղ մինչև ժամը 4.30։ Բայց էլի տուն գնալ չկար, շտապում էինք Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, դե գրքերի ժամկետները լրացել էին, իսկ մեզ նոր գրքեր էին անհրաժեշտ, չէ՞ որ նոր հեղինակ էինք ուսումնասիրում։

Արդեն կարելի էր տուն վերադառնալ, նույն ձանձրացնող ավտոբուսը ինձ ամեն օր տանում, բերում էր, արևը դուրս գալուն պես հեռանում էի, մայր մտնելուն պես՝ վերադառնում։ Բավականին հոգնած վերադառնում էի տուն, բայց ո՜չ տրամադրություն ունեի ինչ-որ բան պատրաստելու, ո՜չ ժամանակ, ուստի բավարարվում էի դրսից գնված սնունդով կամ արագ պատրաստվող մի բան ուտում։ Դե, քանի որ վերադառնում էի ժամը 6-7-ին, քիչ ժամանակ էր մնում անգիրներիս, գրքերիս ու մնացած դասերիս համար։ Ամեն ինչ արագ էի անում։ Անգիր էի սովորում, հետո գիրք կարդում, դե, հասցնել էր պետք, հետո ընդմիջում տալիս թեյով ու անցնում պրակտիկայիս, դասավորում էի թղթապանակս, շտկում, գրում, դնում, լրացնում։ Ու այդպես շարունակում մինչև գիշերվա ժամը 2-3-ը, երբ աչքերս հոգնում էին։

Դե, մեկ օր էլ անցավ, պետք էր պատրաստվել հաջորդ հոգնեցուցիչ, բայց միևնույն ժամանակ հաճելի, ծանրաբեռնված օրվան։

milena ghazaryan

Ապրել

«Ապրիր կյանքդ այնպես, որ քո մահից հետո քեզ դեռ երկար հիշեն», կամ` «Վայելիր ամեն օրդ այնպես, ասես դա վերջինն է լինելու» արտահայտություններն ավելի շատ են մտածելու տեղիք տալիս, երբ զգում ես, որ անիմաստ վատնում ես օրդ:

Օրեցօր պակասում են կյանքիդ ժամերը, իսկ դու միայն դաս ես անում, վիճում ես անարդարների հետ, քեզ լքում են, իսկ դու «դեպրեսվում ես» ու փակվում սենյակումդ: Դու չես հասցնում ապրել: Ապրելը ամեն օր արթնանալը, նախաճաշելն ու դասի գնալը չէ: Ապրելը քո խենթ երազանքները իրականացնել կարողանալն է:

Տանը նստած պարապում էի, իսկ տանիքին սքեյթ քշելը այդպես էլ մնաց երազանք: Ինձ ոչ ոք թույլ չտվեց տանը կատու պահել, որովհետև տատիկս ատում է կենդանիներին: Ես չեմ կարող գույնզգույն մազեր ունենալ, որովհետև հայ եմ: Ես չեմ կարող թողնել բոլորին ու թափառել անծանոթ քաղաքների փողոցներով, որովհետև ուղղակի արգելված է: Ես չքայլեցի անձրևի տակով, որովհետև կմրսեի: Ես չբռնեցի ձեռքդ, որովհետև չեկար:

Եվ այսպիսի մի շարք «որովհետև»-ներ, որոնց պատճառով ես չհասցրի ապրել:

Մենք ամեն օր կորցնում ենք մեր ապրելու շանսը, որովհետև «որովհետև»-ները շատ են։

Քայլ առաջին. ընդունվել եմ

mariam mikayelyanԲարև:

Սկսեցի՞ր կարդալ:

Դե, գնացինք:

2019-ը ինձ համար շատ լավ սկսվեց: Չեք հավատա, բայց կատարվեց կյանքիս ամենանվիրական երազանքներից մեկը, որին սպասում էի արդեն 5 տարի:

Պատմեմ իմ, չէ ավելի ճիշտ՝ երազանքիս պատմությունը:

Ընդամենը 12 տարեկան էի, երբ որոշ չափով պատկերացում կազմեցի Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի (UWC) մասին: Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր այնտեղ սովորելը կդառնա գերագույն նպատակներիցս մեկը: Ամեն ինչ սկսվեց UWC Դիլիջանի ուսանողների հետ ծանոթություններից, որոնք այնքան տարբեր էին ինձնից և միմյանցից, և շարունակվեց այնքան, մինչև նրանք դարձան իմ ոգեշնչման աղբյուրը, և ես էլ սկսեցի նրանց նման կամավորություն անել:

Մի օր էլ հասկացա, որ ուզում եմ հենց նրանց նման սովորել UWC ցանցի քոլեջներից մեկում: Հետո հասկացա, որ երազանքները շատ հաճախ չեն իրականանում ու ժամանակի հետ կորչում են: Դրա համար երազանքս դարձրի նպատակ:

Սկզբում նպատակս շատ հեռու էր թվում, բայց ինչպես իմ ռուս ընկերներն են ասում՝ «наступил час», երբ բաց էր դիմում հայտը: Իմ սովորության համաձայն ինքս ինձ ասացի՝ բա մի հատ չփորձե՞մ:

Սկսեցի լրացնել դիմում հայտը: Մոտ 2 ամիս պահանջվեց: Ուղարկեցի արդեն պատրաստի հայտը՝ չնայած նրան, որ համոզված էի, որ ոչինչ չի ստացվի: Մեկ ամիս անց նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ հաջողությամբ հաղթահարել եմ առաջին փուլը և հրավիրվել եմ երկրորդ փուլի վիդեո-հարցազրույցին:

Շա՜տ լարված էի հարցազրույցից առաջ: Հարմար տեղավորվեցի տեսախցիկի առաջ ու միացա Ստելլային և Սոնային, որոնք վերցնելու էին հարցազրույցը, ու միանգամից լարվածությունս անցավ: Ճիշտ է՝ որոշ խանգարող հանգամանքներ կային (դե, օրինակ՝ ինտերնետ կապը), բայց մեկ ամիս անց կրկին իմացա, որ հաջողությամբ հաղթահարել եմ երկրորդ փուլը, ու բնականաբար, հրավիրվել երրորդ՝ վերջին փուլին: Լարված գնացի մասնակցելու վերջին փուլին՝ ծանոթանալով մի խումբ ֆինալիստների ու ընտրող հանձնաժողովի հետ: Օրվա վերջում էներգիայով լի գնացի տուն: Ասել էին, որ մոտավորապես 6 օրից կստանանք վերջնական պատասխանները: Ժամերն էի հաշվում…

Սպասելիքներս արդարացվեցին, ու 4 օր հետո ստացա նամակ: Նայեցի նամակին, հետո մի պահ նամակը բացելուց առաջ աչքերս փակեցի ու մոտավորապես պատկերացրի, թե ինչ է գրված լինելու նամակում.

«Հարգելի Մարիամ, մենք ուրախ էինք Ձեզ հետ ծանոթանալու համար, բայց դուք չկարողացաք հաղթահարել առաջադրանքները, փորձեք մյուս անգամ»: Բացեցի նամակը ու ինչ տեսնեմ…

Ես ընդունվել եմ Հնդկաստանում գտնվող UWC Մահինդրա քոլեջ, որտեղ սովորելու եմ երկու տարի:

Հիմա, երբ ես հասել եմ նպատակիս, կարող եմ հանգիստ ասել, որ ճանապարհը շատ դժվար էր:

Ես Հնդկաստանում ներկայացնելու եմ մեր մշակույթը և ամեն կերպ փորձելու եմ բարձր պահել մեր երկրի պատիվը:

Ասում էի, չէ՞, 2019-ը ինձ համար շա՜տ լավ սկսեց: Երբ մեկնեմ Հնդկաստան, կփորձեմ Ձեզ հետ կիսվել այն բոլոր հետաքրքիր իրադարձություններով, որոնք կպատահեն ինձ հետ:

aneta baghdasaryan

Ես Պայլը չեմ

-Լավ, մի անգամ էլ լսեմ ու վերջ։ Ինչ սպիտակ ա էս պատը, միշտ սե՞նց ա եղել։

Ձեռքն առավելագույն չափով ձգեց, որ մի կերպ սեղանի ծայրին դնի հեռախոսն ու շարունակի պատով՝ ավելի ճիշտ առաստաղով հրճվել։ Ջութակների հիմնական թեմայի հետ զուգահեռ հնչում էին փողայինները՝ մարելով, հետո ուժեղանալով ու լցնելով դատարկ սենյակը։ Չէ, սենյակը այդքան էլ դատարկ չէր՝ անկյունում բազմոցն ու սեղանը, լարից ընկած դաշնամուրն էին, մյուս անկյունում՝ գրասեղանն ու նվագարկիչը․ սենյակում կահույքից բացի միայն նա էր՝ բազմոցին պառկածն ու առաստաղով հրճվողը։

-Տենաս` ինչի՞ են հարևաններս տանը բարձրակրունկ հագնում։ Ախր, հարմար չի, ամբողջ օրը դրանցով ես, դրանցով գործի ես գնում, հետո նույն ճանապարհով տուն ես գալիս: Չե՞ս ուզում հանել, որ ոտքերդ մի քիչ հանգստանան։ Չնայած, կարող ա դրսում էդքան էլ հարմար չի բարձրակրունկներով քայլել, իսկ դրանք իզուր չես գնել, մի տեղ պետք է, չէ՞, հագնել։ Էլի մտքերով ընկա ու սիրածս մասը բաց թողեցի։

Նա նորից ձգվեց, այս անգամ, որ վերցնի հեռախոսն ու նորից միացնի ստեղծագործությունը։ Սենյակը նորից լցվեց լարայինների ու փողայինների կարծես թե կատարյալ հնչյուններով։ Դեմքով նորից նայում է մեզ արդեն քաջ ծանոթ սպիտակ առաստաղին։

-Տենաս` պարոն Ֆաուլերը գտա՞վ Պայլին։ Միգուցե Պայլին սպանել են։ Ափսոս, լավ տղա էր։ Իսկ միգուցե գաղտնի գործակալ է և, հավաքելով թանկարժեք փաստաթղթերը, ուղղակի փախել է։ Չնայած այդ տարիներին Վիետնամից փախչելու համար մենակ խիզախությունը հերիք չէր լինի։ Իսկ եթե Պայլը գոյություն չունի՞, և նրան Ֆաուլերն է հորինել, իր վրայից մեղքը հանելու համար։

Այ, եթե մի փոքր տեղից շարժվեր, միգուցե և իմանար Պայլի ճակատագրի մասին, այլ ոչ թե գրասեղանին դրված գրքին նայեր՝ վարկածներ թվարկելով։

-Լավ, էս ժամին, ո՞վ ա փոշեկուլ միացնում։ Գոնե բարձրակրունկներդ հանի, նոր տները մաքրի, հարմար չի տենց։ Էն մի անկյունը չմաքրեցիր, ո՞ւր ես գնում․․․ Էլի չլսեցի սիրածս դրվագը։

Կրկին միացրեց այն ամենասկզբից՝ այս անգամ հեռախոսը ուղղակի դրեց բազմոցի գլխին։

-Իսկ եթե ես լինեի Պայլի փոխարեն, միսս Ֆուոնգի հետ կփախչեի, որ մեզ ոչ ոք չկարողանար գտնել։ Ամերիկա կփախչեի, Պայլը հավանաբար այնտեղ ծանոթներ կունենար։ Բայց ես Պայլը չեմ, ոչ էլ իմ միսս Ֆուոնգին ունեմ, Ամերիկայում էլ դժվար ծանոթներ ունենամ։ Եթե մի օր որոշեմ գիրք գրել իմ Թոմաս Պայլը կամ Ջիմը, կամ էլ Բիլը ամբողջ օր կպառկեր գետնին ու կնայեր աստղերին։ Ֆուոնգն էլ կողքից հարցեր կտար, Պայլն էլ տպավորություն թողնելու համար իր իմացած մեկ-երկու աստղի անուն կասեր կամ կհորիներ, ցույց կտար դրանք։ Բայց ես Պայլը չեմ ու իմ միսս Ֆուոնգին էլ չունեմ։ Էս ճաքը մի՞շտ ա եղել առաստաղի էս մասում։ Ինչ էլ մեծ ա։

Սենյակը նորից դատարկվեց․ լսվում էր միայն ժամացույցի տկտկոցը։ Երաժշտությունը նորից միացնել էր պետք։ Ձեռքի մի թեթև շարժում, ու հեռախոսն ընկնում է ուղիղ բազմոցի հետևը։

-Չէ, էդքան էլ սպիտակ չի առաստաղը։

Գլուխը նորից թեքում է դեպի գրասեղան, տեղից բարձրանում ու վերցնում է գիրքը։

«Սիրելի՛ Թոմաս, ․․․ »

anush davtyan

Ամենաուժեղ դետեկտիվ կինոն

Տա-դամ․․․ տա-դամ․․․ տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դաաաամ․․․ տա-դա-դա-դա-դամ․․․

Եթե երգելով չկարդացիր վերևի տողը, ուրեմն հե՛տ դարձիր ու նորի՛ց սկսիր։ Մենք տեղափոխվում ենք մութ ու առեղծվածային աշխարհ, ուր ես ԽՍՀՄ գաղտնի գործակալ եմ, իսկ դու երևի դեռ չես էլ ծնվել։ Հետ ենք գնում տարիներով, գնում ենք այնտեղ, ուր ամենաուժեղ դետեկտիվ ֆիլմերն էին «live» տեղի ունենում։ Գնում ենք իմ երիտասարդություն։

Ես Սառով գյուղում եմ՝ Ռուսաստանում։ Գրում եմ 1947 թվականից։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Հուսամ՝ լավ։ Իսկ ե՞ս, ես հեռու եմ հայրենիքիցս, դեռ շատ կլսես, որ կարոտում եմ։ Նախնիներս Ղարաբաղից են, բայց ես հոգով նորբայազետցի եմ։ Որ ասեմ` Քյավառ, երևի ավելի լավ հասկանաս։ 1930-ին եկա Մոսկվա, ստիպված էի։ Ու էնպես ստացվեց, որ մնացի էստեղ։ Բայց ասում եմ, շատ եմ կարոտում Հայաստանը, Նոր Բայազետը։ Հիմա չէ, բայց մի օր պատվով հետ եմ գալու, շքանշաններովս գլուխ գովեմ։ Դե, սկզբից պատմեմ, որ բան հասկանաս։

Եկա Մոսկվա, սովորում էի Էներգետիկ ինստիտուտում, հետո անցա գործի մի տեղում, որն անուն չուներ․ համար 24 էինք ասում այդ գործարանին։ Մեր թողարկած արտադրանքից միայն ներսի մարդիկ էին տեղյակ։ Էստեղից էլ սկսվեց ամեն ինչը։

Դե, ասում եմ՝ հիմա 47 թիվն է, անտառի մեջտեղում՝ ԿԲ-11 գաղտնի օբյեկտում, ես սկսում եմ աշխատել բոլորից գաղտնի մնացած միջուկային կենտրոնի վրա։ Այստեղ եմ լինելու դեռ մոտ կես դար ու պատրաստվում եմ «միջուկային» փոքրիկ քաղաք ստեղծել։ Կես դարը քիչ չի թվում, չէ՞։ Կհասցնեմ հաստատ կատարելության հասցնել այն։ Լավ, մի քանի տարի առաջ գնանք, արի՛ 1959 գանք, երբ իմ գլխավորությամբ ստեղծվում է Կոնստրուկտիվ Բյուրոն։ Իմ շնորհիվ ԽՍՀՄ միջուկային զինանոցը թափ է առնում և մրցակից դառնում ԱՄՆ-ին։ Վատ չէ, հա՞։ Ո՞նց եք ասում հիմա։ Հա՜, զիլ է։ Այնքան, որ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս եմ դարձել, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ամենակարևորը՝ Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի։ Որ իմ ժամանակներից դուրս գանք, կարող ես Գավառ գնալ, կիսանդրիս կանգնած է հրապարակում, տարիների փոշին էլ վրան։ Մի քիչ փայլս կորցրել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Արձա՞նն է, որ հերոսին պետք է գեղեցկացնի։

Վերջին պահն իրար հետ կարող ենք 1993-ում անցկացնել, հետո էլ չեմ գա հետդ, կներես։ Բայց կարծեմ գիրք է լույս տեսնելու իմ մասին, հոդվածներ էլ կգրեն շուտով, էդտեղ կհանդիպենք պարբերաբար։ Թող հիմա դեռ գաղտնի մնա բոլորի համար, թե ինչի համար եմ այսքան շքանշան ստացել, թող քեզ համար հիմա արդեն վայրի թվա այն, որ միջուկային զենքի պես բանը ԽՍՀՄ հպարտությունն էր ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Կյանքիս գործն էր դա։ Ե՞ս էի ընտրել։ Երևի հա, բայց ավելի շատ այս ուղին էր ինձ ընտրել։

Լավ դե, դու գնա առա՛ջ, ես 93-ում կմնամ։

Ես տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցն էի, 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը։ Էլ գաղտնի չեմ քեզ համար․․․