Իմ էջը խորագրի արխիվներ

anahit baghshetsyan

Երևանը մեղավոր չի

Եղանակն ամպած է։ Ուժեղ անձրև, անտանելի քամի ու գունավոր անձրևանոցներ։

Ես սիրում եմ աշնան ստեղծագործությունները, բայց Երևանը այդ ստեղծագործությունների գրկում, տանել չեմ կարողանում։ Առանց անձրևի ու քամու գոռում-գոչյունների էլ ակնհայտ է, որ էստեղ ապրող ժողովուրդը դժգոհ է, բայց աշունը ամեն ջանք գործադրում է, որ դժգոհությունն ավելի ուժգին արտահայտվի։

Նայում եմ փողոցով քայլող մարդկանց դեմքին ու տեսնում եմ հիասթափության անդունդներ։ Անդունդներ, որոնք լցված են ասված ու չասված խոսքերով, իրականացված ու դեռ չիրականացված սպասելիքներով, դատարկ մտքերով ու անորոշ ապագայով։

Ուզում եմ ասել նման անդունդը գլորվող բոլոր մարդկանց, որ էս քաղաքը մեղավոր չի։ Երևանը մեղավոր չէ, որ քո մանկական երազանքները չեն իրականացել, ու դու չես դարձել քո երազած մասնագետը, փոխարենը դասի ժամանակ կատարած նշումների, դասագրքերի ու դասախոսների ցուցումների արանքում փորձում ես գտնել ինքդ քեզ։ Երևանի նեղ փողոցների կիսահանգած լույսերը մեղավոր չեն քո ներսում մարող հույսի համար։ Էս փոքր քաղաքում մի՛ փնտրիր այն հազարավոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են իրականությունդ մոխրագույն ներկել ու մոռանալ գլխումդ կառուցված հեքիաթային քաղաքը։ Երևանը մեղավոր չէ, որ իր աշնանային քամիները տերևներից բացի իրենց հետ միասին տանում են նաև քո բոլոր սպասելիքներն ու բոլոր ընկերներին։ Ու պետք չէ մեղադրել Երևանին միայն նրա համար, որ 15 համարի ավտոբուսի մեջ, բացի մարմնիցդ, ճմրթվում ու անհետ կորում են քո բոլոր-բոլոր նպատակները։ Երևանը մեղավոր չէ, որ նպատակներդ իր հետ տանող ավտոբուսից իջնելուց հետո կոտրվում են մտքերդ ու ցանկություններդ՝ տեղ տալով դժգոհություններին ու հառաչանքներին։ Հայաստանի էս փոքր մայրաքաղաքը մեղք չունի այն բանում, որ դու էստեղ չես գտնում հոլիվուդյան ֆիլմերում նկարագրվող սերն ու այդ նկարագրությունը ստեղծող դերասաններին։ Չնայած հոլիվուդյան սերն ու դերասանները, բացի Հոլիվուդից, ուրիշ տեղ չես էլ գտնի, ո՛չ Կոլումբիայում, ո՛չ Մոզամբիկում, ո՛չ էլ Միլանում։ Միգուցե այն հասարակ պատճառով, որ այդ սերն ավելի շատ ուտոպիական է, քան իրական։

Ո՛չ Երևանը մեղք ունի, ո՛չ աշունը, ո՛չ էլ անձրևը․․․

Հոլիվուդյան սերն ու նոր նպատակներդ շուտով ձեր տան դուռը կթակեն:

anush margaryan

Կանաչ-կանաչ կակտուսիկներ

-Ա՛ն, գիտե՞ս՝ չեմ կարծում, որ մամադ ուրախությունդ կկիսի, արդեն բուսաբանական այգի ես դարձնում…

-Է՜, Արփին, չէ՛, էլ ո՞ւր մնաց հարմարվողականությունը: Հետո էլ ես Սուկուլենտների թագուհին եմ, մոռացե՞լ ես: Ես եմ ընտրյալը. հասարակ աղջիկ, ով կփրկի մի ողջ դինաստիա…

Իմաստալից զրույցը շարունակելով՝ ես ու Արփինեն ուրախ-ուրախ մոտեցանք կակտուսներ վաճառող բարի պապիկին:

-Ախր, էնքա՜ն լավն են, որ չգիտեմ, թե որը ընտրել։

-Այ աղջիկ ջան, արդեն տասը րոպե է՝ հերթով բոլորին ուսումնասիրեցիր, կարո՞ղ է գաղտնի առաքելություն ունես… Կամ էլ երևի տիեզերքից ես եկել:

-Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի Սուկուլենտների աշխարհից…

-Չէ՜, չգիտեմ իրենց աշխարհի տեղը, բայց վստահ եմ՝ էլի ամեն ինչում Եվրոպան է մեղավոր, ի՞նչ են ուզում, չես հասկանում։

-Ներեցեք, բայց սխալվեցիք, Ամերիկայի ու Հարավային Աֆրիկայի անապատներին մեղադրեք, Եվրոպան ոչինչ չի արել։

-Է, փոքր ես, դեռ չես հասկանում… Լավ, ասա՝ տեսնեմ, ո՞րն ես ընտրում: Մի գաղտնիք ասեմ, որն էլ ընտրես, մեկ է, երկու շաբաթից արդեն կմոռանաս իր մասին, դեռ մի բան էլ վրայի փոշին էլ չես սրբի, ջրելն էլ… Հա՜, չնայած, հիմա գիտնականները պարապ նստած ամեն օր մի նոր սարք են հնարում։ Ոնց էլ չլինի, ջրելու սարքի բանաձևն էլ գտած կլինեն։

-Ես հաստատ չեմ մոռանա խնամել, անկեղծ եմ ասում (տեսնես այս մարդը մամայիս հետ տիեզերքի մեյլով կա՞պ է պահպանում. ոնց իմացավ, որ փոշիները չեմ սրբում… Է՜, մամ, քո մաքրասերների դինաստիան գնալով հզորանում է)։

-Ասացի չէ՝ դեռ փոքր ես… 75 տարեկան եմ, ու հենց աչքերս խոնարհում եմ այս փոքրիկ էակների վրա, կամ էլ բոված հացի վերջին կտորն եմ ծամում, կամ էլ թե` լուսաբացին եմ հետևում, այնքա՜ն հիշողություններ են գալիս, որ գլուխդ վերցրու ու փախիր ինչքան կարող ես հեռու… Այնքա՜ն դեմքեր, ձայներ, շշուկներ ու մտքեր կան, որոնց սպասում եմ, սպասում, որ կգան, որ ինձ մենակ չեն թողնի, որ չեն թողնի հիշողությունների ծովում՝ առանց փրկարար բաճկոնի… Միայնակ մնալը սարսափելի է, ամենասարսափելին։

Բայց ինչ արած, մարդիկ գալիս են, գնում, մոռանում նրանց, որոնց համար իրենց ներկայությունն ամենաթանկն է աշխարհում։ Գիտե՞ս, չեմ ցանկանա, որ իմ կակտուսներն էլ իրենց երբևէ մենակ զգան։

-Ես՝ որպես Սուկուլենտների արքայադուստր, խոստանում եմ, որ երբեք-երբեք նրանց ջրել չեմ մոռանա, միշտ կխոսեմ նրանց հետ, միայնակ չեմ թողնի, ու…

-Ու, ու վստահ եղիր, որ վերջում, դե՜, լավագույն դեպքում կակտուսներիս հետ միայնակ ես մնալու, հիշողություններից զատ ոչինչ չի մնալու… Հա՜, մեկ էլ թաքուն մի հույս, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկի կամ ինչ-որ մարդկանց սրտի կամ մտքերի մութ, կամ էլ թե էլեկտրական լամպով լուսավորված անկյուններում պտտվում են այդ նույն հիշողությունները, որոնք ծնվում են քո հոգում։ Ու նրանք մտածում են քո մասին այնպես, ինչպես դու ես կարոտում նրանց։

-Մի տխրեք, Դուք միայնակ չեք։

-Չէ, մի լսի՛ր ինձ, մոռացիր ասածներս, ծերունիները ամեն ինչը չափից շատ են իրենց սրտին մոտ ընդունում: Երբ լինես իմ տարիքին, կհասկանաս ինձ… Իսկ հիմա, ահա, վերցրու ամենասիրուն կակտուսն ու դարձիր այդ քո նոր աշխարհի արքայադուստրը։

Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև․․․Ես գիտեմ, որ երկու ամսվա բացակայությունս գուցե ինչ-որ տեղ զգացել ես, բայց մտածում եմ՝ ինձ չես մոռացել ու սիրով կլսես նոր պատմություններս․․․Ո՞ւր էի երկու ամիս: Եթե հիշում ես՝ վերջին անգամ ասացի, որ մեկնում եմ Իտալիա՝ աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում սովորելու: Դե ինչ, հիմա ես էստեղ եմ՝ Ադրիատիկ ծովի ափին, կատարված երազանքների ու իրագործված նպատակների հատման կետում։ Օրերն էստեղ անբացատրելի հագեցած են անցնում։ Այնչափ հագեցած, որ քեզ պատմելիքներս թղթից չէի հասցնում համակարգիչ անցկացնել, գրածներս էդպես էլ մնում էին թղթին՝ ծովի ալիքների յուրահատուկ հոտի ու ծնկները որպես հենարան ծառայեցրած աղջկա խնամքով գրված տետրի մեջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եթե փորձեմ հետ գնալ ու ամենասկզբից պատմել, պիտի ասեմ, որ ի սկզբանե շատ եմ սիրել այս տեղը։ Ուրիշ մտերմություն ու հարազատություն եմ զգացել հենց սկզբից։ Գիտե՞ս, հայրենիքից դուրս ես սկսում հայրենիքդ առավելագույնս գնահատել։ Իսկ էստեղի բնությունը շա՜տ նման է մեր Հայաստանի բնությանը՝ ծառաշատ, լեռնոտ: Մենակ թե՝ մենք ծով չունենք: Իսկ էստեղ իմ պատուհանը բացելիս Ադրիատիկն է՝ իր ամբողջ ներդաշնակությամբ ու խաղաղությամբ: Ձայնը․․․Ամեն առավոտ ծովի համաչափ նվագվող մեղեդուց եմ արթնանում: Իմ կյանքի ամենագեղեցիկ տեսարանը իմ աչքի առաջ է ամեն օր՝ առավոտ ու երեկո: Ինձնից միայն պատուհանս բացելն է մնում: Երգի մեջ ո՞նց էր ասում Հախվերդյանը՝ պատուհանդ բաց արա ու տե՜ս․․․ Բացում եմ, տեսնում եմ, երջանիկ եմ ու շնորհակալ:

Դասերի մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իսկապես անկրկնելի ու հազվադեպ տրվող մեծ հնարավորություն է, ու խելամիտ մարդը պիտի կարողանա սա լավագույնս օգտագործել ու քաղել էնքան գիտելիք, ինչքան ի վիճակի է: Առարկաներիցս ամենաշատը սիրում եմ էկոնոմիկան ու փիլիսոփայությունը: Իսկ ինչ վերաբերում է իտալերենին՝ արդեն կամաց-կամաց խոսում եմ: Ինչ խոսք՝ երգեցիկ լեզու է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Մարդկանց մասին ասեմ, որ մշակութային մեծ բազմազանության մեջ եմ ապրում: Աշխարհի շուրջ հարյուր երկրներից ուսանողներ կան՝ տարբեր արժեհամակարգերի ու մտածելակերպի կրողներ: Ու էստեղ ես ավելի ու ավելի եմ կապվում իմ մշակույթի ու այն արժեքների հետ, որոնցով մեծացել ու դաստիարակվել եմ․ հայկականի ու Հայաստանի հետ։ Ես էստեղ ինձ Հայաստանից պոկված ամենաամուր կտորն եմ զգում՝ իմ մշակույթի հպարտ կրողն ու ներկայացնողը։

Իտալիայի մասին․․․Ուրիշ երկիր է: Փողոցներում ճեմելու ու գույների մեջ խելագարվելու երկիր: Վենետիկում պիտի կորես, պիտի ջրանցքների արանքից նայես մայրամուտին ու ժպտաս․: Ժպտաս Իսահակյանական առեղծվածային ժպիտով: Ռիալտոյի կամրջին էլ եղա: Ասմունքում էի․․․Հետո ի՞նչ, որ միակ հասկացողն էի, կարևորը՝ հայերեն էր, հայկական ու Իսահակյանական: Վենետիկը դրախտ է․․․Քայլելու, աջ ու ձախ նայելու ու հիանալու քաղաք: Սայթաքելիս էլ՝ ջրի մեջ ընկնելու ու նավով ջրանցքի մյուս ափ հասնելու քաղաք:

Իսահակյանի ուղով քայլելով հաջորդ կանգառս Ռավեննան էր: Միշտ վեր նայելու քաղաք: Կրոնական արվեստի ամենաշքեղ պահոցներից ու ամենաանաղմուկ փողոցների «տնօրինողներից» է: Քայլես, մարդիկ հեծանիվներով գան, կողքովդ անցնեն, թեթև ժպտաս ու հոգուդ խորքում մի անգամ էլ շնորհակալ լինես Աստծուն՝ ունեցածիդ ու էդ պահին վայելածիդ համար:

Տարբեր բաներից պատմեցի, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Դեռ շատ եմ պատմելու: Կհանդիպենք շուտով: Ciao :)

marine yeremyan- aragacotn

Թանկացել է ժամանակս, կներես ինձ, իմ անդավաճան ընկեր

Կյանքիս ռիթմն անսպասելի արագացավ: Ես վաղուց արդեն մի քանի կաթիլով կորցրել եմ ժամանակի զգացողությունս: Նա վազում է, կորչում կյանքիս ու հիշողությանս անկյուններում: Երևի թե ամեն բան էլ վայրկյանում է ծնվում, ու մենք հասցնում ենք միայն մի անկնթարթ բարևել:

Ինձ համար ակնթարթ էր նաև աշնան գալը, որ այս տարի ավելի քան դեղնոտ է: Երբևէ տարվա եղանակների փոփոխությունը չեմ տեսել միայն աչքերով, այլ նաև զգացել եմ: Զգացել եմ այն քաղցր հիշողություններով, որոնք ժամանակին լցրել են իմ կյանքի եղանակները: Ահա ես գյուղից քաղաք եմ գալիս ու ճանապարհին միայն զգում՝ աշուն է՝ չկրկնվող ու արտառոց:

Պատուհանի ապակուց այն կողմ հայացքս ագահաբար սևեռում եմ դեղին-դեղին ծիրանենիներին: Ու ասֆալտի հոծ գծի վազքին համընթաց մտաբերում եմ աշնան համն ու գույները, նրա պարգևած հիշողությունները: Զգում եմ այն տաքդեղի վերջին հատիկի համը, որը հայրս է ամեն տարի աճեցնում, խակ լոլիկի տեսքը, որ գազարի հետ կդառնա մորս դրած թթվի ամենահամեղ մասը, կիսահաս վերջին լոլիկի համը, որը ես այնքան քնքուշ եմ պոկում գետնին հավասարված ճյուղից: Ես հիշում եմ մեր այգու խաղողը, որ առավոտյան իմ նախաճաշն էր, երբ դեռ ուսանող չէի ու գյուղում էի ապրում: Այն այնքան համեղ էր տերևների տակ թաքնված ընկույզի հետ: Երբ հայրս հորթին արդեն սկսում է կապել տանձենու տակ ու խնամքով նրան ջուր է տալիս ամեն առավոտ էմալապատ, կանաչ դույլով, ես զգում եմ, որ աշուն է: Երբ մեր պատշգամբը մերկանում է վարդերի ու հասմիկի թփերի խիտ տերևներից, ուրեմն աշուն է: Ու ես երկար կհիշեմ լիառատ իմ աշունները: Կհիշեմ ու կզգամ: Մինչդեռ երթուղայինը քաղաք կհասնի, ու ես կշտապեմ իջնել: Վաղը՝ առավոտյան, երբ շուտ արթնանամ ու սովորություն դարձրած դառը սուրճը ձեռքիս դուրս չգամ, չնստեմ աստիճաններին՝ այն վայելելու, կզգամ՝ աշուն է, գետինը սառն է, կմրսեմ:

Իրապես ժամանակը թռչում է: Մենք նրա միայն աջակողմյան ստվերն ենք հասցնում տեսնել: Աշունը, որքան էլ պարզ թվա, ինձ համար նաև հոգևոր հաշվարկների եղանակ է դարձել: Կամաց-կամաց ես կսկսեմ շուտով հաշվել. կզարմանամ, վստահ եմ, կտխրեմ նույնպես, կհպարտանամ, կպլանավորեմ ու վերջում էլ մի խորը հոգոց՝ մի ժամանակ եղած ու հանկարծակի անհետացած թանկ ու էժան հիշողությունների համար:

Ես կհաշվեմ ու եղածը մի քանի տակ ծալելով՝ կտեղավորեմ հոգուս մեջ. մեղքս չթաքցնեմ՝ սրտումս այդքան տեղ չկա, հոգուս ծավալն ավելի մեծ է. թող այնտեղ մնա:

Ու հենց ակնթարթի մեջ աննկատ դեղին տերևը պոկվում է հանկարծ, հանդարտ իջնում իր մյուս քույրերի ու եղբայրների մոտ: Քանի-քանի ակնթարթներ են մեր կյանքից պոկվում ու վար իջնում՝ մինչդեռ մենք չենք հասցնում նկատել, թե ինչպես է ծառը մերկանում:

Իմ նարնջագույն մայրամուտներով, երևանյան լուսավոր ու խայտաբղետ փողոցներով, կանաչ մանդարինով ու տաք թեյով աշունը ահա ամեն ակնթարթ սահում է դեպի հավերժություն: Իսկ ես վաղ առավոտյան շտապում եմ աշխատանքի՝ աշնանային վերարկուս հագիս: Ճանապարհին մի սիրուն տերև հենց գտնեմ, շտապով կվերցնեմ ու շատ տաքուկ կպահեմ իմ օրագրում, որը վաղուց նեղացած է ինձնից, քանի որ ժամանակ չեմ նվիրում: Թանկացել է ժամանակս, կներես ինձ, իմ անդավաճան ընկեր:

Մենք շտապում ենք. շտապում ենք չընկնել փողոցի մի անկյունի փոսի մեջ հավաքված աշնանաշատ ջրի մեջ…

seda mkhitaryan

Զրույցներ լուսնի հետ (մաս 1)

Ներքևում այսպես է։

Վերևում՝ չգիտեմ։ Էդտեղ չեմ եղել։ Կամ էլ չեմ հիշում, որ եղել եմ։

Անկեղծ ասած` ինձ համար մեկ է։

Հակառակ կողմից վերջապես երևացիր։

Ներքևում դրանով շատ են հետաքրքրվում։

Իմացիր, ներքևում բոլորի համար մեկ է։

Ինչ գիտես` ասա։ Ինչ մտածում ես` գրիր։ Էս բայերի վրա շեշտ դիր։ Ինչ կամ ոնց ուզում ես հասկացիր։ Բայց նրանց համար մեկ է։

Կուզենաս թեյ խմել։

Նանայով թեյ չի լինի։

Լիմոնովը համով էր։

Քեզ չնայող կատուն երբեք ձեր տան կտուրին չի լինի։

Ձեր տանը կատու չի լինի։

Չի լինի, քանի դու կաս։

Բայց ճնշումդ էլ ընկնելու տեղ չունի։

Լիմոնով թեյը սառավ։

Դու ներքևում կատես հինգշաբթի օրը։

Երթուղայինի անկյունում նստած ու միշտ երկնքին նայողը տխուր է։

Ձեռքիդ մի կիլոգրամ սոխը տուր նրան։ Դու կանգնած մնա։

Փոշոտ պահարանին մատդ վանդականիշ է նկարում։

Վանադականի՞շ։

Մի հարցրու։ Մեխանիկորեն է։

Դու կապ չունես։

Պտտվող անիվներ։

Պտտվող տերևներ։

Կատարելություն։ Պտույտ։

Մենակ դու չես պտտվում։

Շրջան։ Շրջանակ։ Ու։ Շեղում չկա։

Անհետաքրքիր պտույտ։

Լսել։ Սա են անում ներքևում։

Միայն լսել։ Ամեն ինչ լսել։

Ստորակետ։

Ստոր կետ։

Ինչպես մոլորակը` տիեզերքում։

Մեր մոլորակը։ Իմիջիայլոց։

Մի կիլոգրամ սոխով հասարակություն ինտեգրվածը ժպտում է։

-Լուսի՞ն, քո թեյը նանայո՞վ, թե՞… Արդեն հետ ես գնո՞ւմ…

Լուսնի ընկնելուն սպասելը մանկական խաղ է։

taguhihovhannisyan

Դարի անտանելի հիվանդություն

Երբեմն մենք ստիպված ենք լինում մեզ պահել այնպես, ինչպես երբեք չենք պահել, կամ երբեք չէինք էլ պատկերացնի, որ կպահենք: Երբեմն հանդուրժում ենք բաներ և երբեմն էլ մարդկանց, որոնց երբեք չէինք հանդուրժի, եթե այլ իրավիճակում լինեինք: Ինչպես կասեր Հակոբ Պարոնյանը՝ գուցե և քաղաքավարության վնասները հենց դրանք են: Չգիտեմ… Գտնվելով գրեթե ինձ տարեկից մարդկանց շրջանում՝ հասկանում եմ, որ այլ եմ, ուրիշ եմ: Չէ, ես ինձ վեր չեմ դասում, պարզապես ինձ համար անընդունելի է նման վարքագիծն ու լեքսիկոնը: Հնաոճ էլ չեմ, բայց մեկ է՝ չեմ ընդունում նման մարդկային բնավորությունը: Ցուցամոլությունը ինքնին ձևականություն է, իսկ ձևական ցուցամոլությունը, չգիտեմ էլ՝ նույնիսկ ինչ անուն տալ դրան: Չափից շատ է դիմացինին, նույնիսկ անծանոթին դուր գալու ինձ համար բավականին տհաճ ցանկությունը:

-Ինչի՞դ են պետք սրանք: Սրանով դուք կորցնում եք ձեզ, ձեր ով լինելը, սրանով դուք ստեղծում եք մի այլ կերպար, մի ռոբոտ՝ ով ունի ձեր դիմագծերը, բայց անում է ձեզանից տարբեր գործողություններ… Ո՞ւմ է պետք սա, վերջիվերջո, մարդը ունի բանականություն և պատշաճ մտածելակերպ ու կարող է տարբերել մարդկանց լավն ու վատը, կեղծն ու անկեղծը: Չէ՞ որ 21-րդ դարն է, և սերունդը փոխվել է՝ դառնալով ավելի հասուն ու զարգացած: Եվ հենց այնպես չէ ասված, որ ինչքան դարը փոխվում է, հասարակությանը պետք են գալիս պարզությունը, անկեղծությունը և բարոյականությունը, քանի որ եթե այնժամ սուտը քառասուն օր էր, ապա այսժամ՝ մեկ ակնթարթ, պատճառը վերելք ապրած ու զարգացած ինտելեկտն է: Հիմա կյանքը այլ է, պետք է ապրել ներկայով՝ վայելելով մեր կողմից ստեղծած բարիքները, պետք է միշտ մնալ հասարակ՝ վայելելով կյանքի ճոխությունը, պետք է միշտ լավատես ու հասկացված մնալ, որ հետո՝ թեկուզ և կյանքից հետո, վայելենք լավով հիշվելու հպարտությունը:

Ավտոբուսը շարժվեց, և մի պահ լռեց ներսում: Ավտոբուսի ներսում: Իսկ իմ ներսում գլուխ էր բարձրացրել աղջկական զայրույթը: Այնքան տհաճ է, երբ լսում եմ ականջ սղոցող ձայնը և շրջվում: Իսկ այդ ձայնը մի աղջկա է, որն այնքան գեղեցիկ է: Ավելի լավ կլիներ՝ լռեր, որ այդքան տհաճ չնայվեր իր գեղեցկությունը: Պարզապես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իրեն պահի այնպես, ինչպես որ կա: Չմտածենք՝ ո՞ւմ դուր եկանք, ում՝ չէ: Այլ պարզապես ապրենք, գնահատենք և սիրենք մեր իրական «ես»-ը:

 

Nane Eghiazaryan

Բավարարվիր նրանով, ինչ ունես

Մեր շրջապատում հաճախ ենք լսում այս արտահայտությունը, որով ծնողները, ուսուցիչները և այլոք փորձում են խրատել ինչ-որ մեկին: Ես համարում եմ, որ վերոնշյալ արտահայտությունը սխալ է, և մարդը չպետք է բավարարվի այնքանով, ինչ ունի: Եթե մենք չձգտենք ավելիին, չցանկանանք ունենալ ավելին, ապա մարդկությունը չի զարգանա, մարդը երբեք չի հասնի իր երջանկությանը, այսպիսով, միշտ պետք է ձգտել ավելիին: Տվյալ արտահայտությունը մեկնաբանվում է նաև որպես «հարևանի ունեցածին մի նայիր», և այլն: Բայց եթե դու չնայես՝ քո կողքինը ինչ ունի, դու չես ունենա ավելի լավը:

Այո, մարդը պետք է ձգտի ավելիին, բայց ամեն ձգտում պետք է ունենա սահմաններ: Սահմաննե՞ր, ո՞վ և ինչպե՞ս է գծելու սահմանները, ինչպե՞ս պետք է իմանալ, թե դրանք երբ են վերջանում… Ահա այսպիսի հարցեր տվող մարդկանց կարող եմ պատասխանել, որ ըստ իս, ամեն մարդ ինքն է գծում իր սահմանները, և այդ սահմանները գծվում են մեր նպատակակետի մոտ: Հիմա էլ մի ուրիշ հարց է առաջանում, իսկ եթե մարդը ունի մի քանի նպատա՞կ: Ես համաձայն եմ, ամեն մարդ ունի նպատակներ, և երբ իրագործում է մեկը, իր առաջ դնում է մի ուրիշը: Եվ, իհարկե, սահմաններն արդեն փոխվում են, բայց դրանք պետք է լինեն, քանի անգամ էլ մարդը պայքարի իր նպատակներին հասնելու համար, այնքան անգամներ նա պետք է գծի իր սահմանները: Լավ, իսկ ինչի՞ համար են պետք սահմանները: Օրինակ բերեմ հենց գիտատեխնիկայից: Մարդը փորձում է ստեղծել արհեստական ինտելեկտ, արհեստական կյանք: Եվ երբ մի օր մարդու ստեղծած ռոբոտի ինտելեկտը մոտենա մարդու ինտելեկտին, քաղաքակրթությունը կլինի վերացման վտանգի տակ: Եվ անպայման կգա մի օր, երբ մարդու ստեղծածը կոչնչացնի մարդկությունը: Բայց, ինչքան էլ ռոբոտների ինտելեկտը մոտենա մարդկայինին, և նույնիսկ գերազանցի այն, մի օր ինչ-որ տեղ ինչ-որ բան չի աշխատի, և ռոբոտներն էլ կվերանան: Այսպիսով, մարդը, անցնելով թույլատրելիի սահմանները, կստեղծի ինչ-որ բան, որը նախ կոչնչացնի մարդկությունը, ապա կինքնաոչնչանա:

Եվ բացի վերևում նշված արտահայտությունից, իմ շրջապատում, օրինակ, կան շատ մարդիկ, որոնք չեն հավատում իրենց ուժերին: Լինում են դեպքեր, երբ ես ինքս ունենում եմ «խենթ» գաղափարներ ապագայի մասին, և երբ դա լսում են իմ շրջապատում, սկսվե՜ց․

-Լսի, հերիք ա էլի երազես, մեկ ա՝ անիմաստ ա: Չես կարանալու անես էդ:

-Վայ, էդ ի՞նչ ես ասում, էդ ո՞նց պիտի անես: Դու էդ հնարավորությունները չունես:

Ու գիտեք, ամենածիծաղելի պահն այն պահն է, երբ ես բոլորին, մեկ առ մեկ լսելուց հետո, կանգնում եմ ու ասում, որ ես կարող եմ ու ես հնարավորություններ կստեղծեմ, իսկ ինձ շրջապատող մարդիկ մի տեսակ խղճահարությամբ նայում են ինձ ու երևի մտածում, թե ես ինչ մեղք եմ:

Էսքան երկար-բարակ, հետաքրքիր ու ոչ այնքան, գրեցի նրա համար, որ ասեմ՝ հերիք է մտածեք, ինչպես քսան տարի առաջ էին անում, հերիք է ամեն ինչին միայն մի անկյունից նայեք, ախր, էնքան տարբերակներ կան նույն խնդիրը լուծելու համար, որ հաստատ ձեզ կզարմացնեն ու ավելի հեշտ կլինեն: Հասկացեք, հիմա միայն սովորելու, ընդունվելու ու տանը նստելու մասին պետք չէ մտածել, այլ պետք է մտածել սովորելու, դրա հետ մեկտեղ ինքնազարգանալու ու արդեն դպրոցական տարիքից ձեր ապագան պլանավորելու ու դեպի այն քայլելու մասին: Մի ասեք՝ ես կամ դուք, կամ էլ նա ինչ-որ բան չենք կարող անել: Մի վախեցեք նոր հնարավորություններից, ձախողվելուց, կամ էլ դիմացինի կարծիքից: Արեք այն, ինչը դուք եք ուզում, ինչը ինքներդ, այլ ոչ թե ծնողները կամ շրջապատն է համարում ճիշտ: Ամենքս ունենք մեկ կյանք, և ինձ թվում է, որ այն պետք է ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, այլ ոչ դիմացինը:

Իմ հավատարիմ ընկերը

Լինում են պահեր, երբ դու ցանկանում ես առանձնանալ մարդկային շրջապատից, մի գողտրիկ անկյուն գտնել և միայնակ մնալ քո մտքերի հետ: Ես սովորաբար այդպես էի անում մինչ այն պահը, երբ իմ կյանքում շրջադարձ կատարվեց: Կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը, գուցե ոմանք սա կհամարեն անհեթեթ մի բան: Հայրս, որը անակնկալներ պատրաստելու մեծ վարպետ է, հենց ինքն էր այդ ամենի իրականացման հեղինակը: Մի օր նա ինձ նամակ ուղարկեց, որտեղ պարզապես մի նկար էր, իսկ նկարում մի ոսկեգույն կնճռոտ շուն: Ես էլ պարզապես մտածեցի, որ նա պատահաբար տեսել և նկարել է այդ շանը, իմանալով, որ ես շներ շատ եմ սիրում։

Մի քանի շաբաթ էր անցել, և նա պետք է արտերկրից ժամաներ Հայաստան։ Սրտատրոփ սպասում էի նրան, քանի որ շատ էի կարոտել: Ես իջա ներքև, որպեսզի օգնեմ իրերը բարձրացնել: Նա ասաց, որ մեքենայում էլի իրեր կան: Երբ ես բացեցի մեքենայի դուռը, նույն կնճռոտ շնիկը ցատկեց դուրս և սկսեց լիզել տաբատս, հետո գրկեց ինձ: Ես ուղղակի այնքան էի շփոթված, որ չգիտեի՝ այդ պահին լացել, թե ուրախանալ: Իմ կյանքում ամենասպասված պահերից մեկն էր երևի: Այդ օրվանից ես ամբողջ օրս անց եմ կացնում նրա հետ: Հա, մեկ էլ մոռացա ասել իմ հավատարիմ ընկերոջ անունը, նա Շեգգին է: Ես սկսեցի ավելի հետաքրքրվել նրա ցեղատեսակով: Նա շարփեյ ցեղատեսակի շուն է, բաց շագանակագույն մորթով, աչքերը նույնպես բաց գույնի են, ու շատ ծալքեր ունի։ Չինական ցեղատեսակի շներ են, ժամանակին եղել են որսորդական շներ: Ես ունեմ շատ խելացի շուն, չնայած նրան, որ հայրս նրան ռուսերենով էր վարժանքներ սովորեցրել, ես սկսեցի նրա հետ շփվել նաև հայերենով, չէ՞ որ նա արդեն Հայաստանում է ապրում: Նա հիմնականում ուտում և քնում է, որովհետև դեռ յոթ ամսեկան է: Բայց ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա ամեն մի շարժմանը: Երբ ես մոտենում եմ նրան, նա ուրախ սպասում է, թե երբ պետք է իրեն սիրեմ: Ես սիրում եմ նրա բարի հայացքը: Նա այնքան փափուկ մորթի ունի ու այնքան տաքուկ է: Մենք ամեն առավոտ և ամեն երեկո միասին գնում ենք զբոսանքի: Մեկ-մեկ նա այնքան արագ է քայլում, որ հազիվ եմ հասցնում իր հետևից։ Շեգգին շատ է սիրում փոքր երեխաներին: Մի օր տարա նրան ֆուտբոլի դաշտ, որ երեխաների հետ խաղա, և արդյունքում նույնիսկ ինքն էր գնդակի հետևից վազում ու փոխանցումներ անում:

Նա նաև սիրում է ճամփորդել: Մենք ընտանիքով ամռանը շատ ենք այցելում Հայաստանի տեսարժան վայրեր: Ամռանը մենք գնացինք նախ Սևանավանք: Շեգգին նույնպես բարձրացավ մեզ հետ այդ վանքը տեսնելու: Շատ զբոսաշրջիկներ կային այդտեղ, և բոլորը մոտենում և հարցնում էին ինձ՝ արդյոք կարելի՞ է նրա հետ նկարվել: Բնականաբար, ես մեծ հաճույքով բոլորին նկարում էի Շեգգիի հետ: Հետո գնացինք Գառնու հեթանոսական տաճար: Այստեղ նրա հետ նույնպես այնքան շատ մարդ նկարվեց, որ ես մի պահ մտածեցի՝ կարո՞ղ է Շեգգին հոլիվուդյան աստղ է: Նա իմ ամենասիրելի, անփոխարինելի ընկերներից է, որը միշտ հավատարիմ կմնա, ես նրան շատ-շատ եմ սիրում:

Ինչևէ, ես դեռ շատ բաներ կպատմեմ Շեգգիի արկածներից:

Hayk Qalantaryan

Գրադարանի առօրյան

-Հե՜յ, ծույլիկ, զարթնիր:

-Հեսսե, մի՞թե չգիտես, որ ես սիրում եմ քնել գրադարանի պատուհանագոգին:

-Հըմ, իսկ գրքերը ե՞ս եմ քո փոխարեն կարդալու: Դու այդպես էլ «Սիդհարթհան» չվերջացրիր. արագացրու ու այլևս չփնթփնթաս, թե չէ Բրեդբերիին կասեմ՝ գրքերդ այրել տա:

-Հա՜հ, ծերուկ, դու ավելի լավ է նայիր պատուհանից այն կողմ: Արի՛ ականջ դնենք մարդկանց զրույցներին ու միգուցե մի հետաքրքիր բան լսենք, թե չէ` դու անընդհատ ինձ փնովում ես:

-Բայց, միևնույնն է, նրանք խոսում են ոչնչի մասին, պարզապես դատարկաբանում են…

-Քլարիս, ի՜նչ լավ է՝ եկար, թե չէ այս ծերուկը ինձ խելագարության կհասցնի իր խրատներով:

-Իսկ դու ինչո՞ւ խատուտիկը չես փչում նրա դեմքին, միգուցե խատուտիկի գինո՞ւ է նրա ծեր հոգին կարոտ, և դրանից հետո հնարավոր է հաշտվեք:

-Ախ, անմիտ երիտասարդներ, դուք այդպես էլ խելք չունեցաք ու համարձակվում եք այդպես խոսել ինձ հետ:

-Բայց համարձակությունը երիտասարդության զենքն է, սիրելիս: Թող խոսեն իմ մանկիկները, իսկ դու, ավելի լավ է, լսիր. նրանց մանկական զրույցներից ավելին կսովորես, քան մեր հնացած բամբասանքներից:

-Ա՜հ, Ռեմարկ, դու միշտ իմ կողքին ես ու ինձ ես պաշտպանում: Տե՜ս, ծառերն արդեն գունավորվել են, ու հեռվից նշմարվում է… Հմմ, չէ՜, չէ՜, ձմեռը չէ, այլ ձնծաղիկի թարմ բույրը, որը սիրահարներին ապրեցնում է:

-Իսկ ինձ համար գարունը պայքարի ու հաղթանակի նշան է, և ես կսովորեցնեմ, թե ինչպես հաղթել:

-Բոռ, իսկ հաղթելու համար եղանակը կարևո՞ր է:

-Հայկ, բավական է անմիտ հարցեր տաս, մանկիկս, ավելի լավ է թեյ ու ծածկոցներ բեր, որովհետև գիշերը արդեն մոտ է, իսկ գրադարանում միայն մենք ենք մնացել: Ես քեզ գիշերը կտանեմ իմ գրադարան, և մենք կխոսենք այնտեղի պատուհանից բացվող տեսարանների մասին, որոնք քեզ ստիպել կտան զգալ Ռեմարկի՝ երիցուկներով զարդարված գրադարանից երևացող փոթորկահույզ տեսարանները:

-Հերիք է նրան քո ռոմանտիկ գաղափարներով վարակես, նա պետք է հեղափոխական դառնա, իսկ աղջիկը կարող է խանգարել նրան:

-Դորիան, սիրունիկս, դու ավելի լավ է՝ ինքդ քեզ զարդարիր նորաձև շորերով և մի խառնվիր մեր զրույցներին:

-Դուք պարզապես նախանձում եք իմ գեղեցկությանը:

-Լռեք, և թողեք Հայկն էլ խոսի, զազրախոսներ:

-Ախ, բավական է վիճեք, թողեք խոսեմ Քլարիսի հետ… Իսկ դու, Քլարիս, ինձ համարո՞ւմ ես գեղեցիկ:

-Ա՜հ, Հայկ, ինձ այդպիսի հարցեր մի տուր: Ես քեզ ընդունում եմ որպես իմ խենթ ընկեր և ոչ ավելին:

-Էյ, Բրեդբերի, սաստիր աղջկադ, նա ինձ կրկին նեղացնում է:

-Տղաս, նա աղջիկ է և ամաչում է զրուցել իր հոգում բույն դրած սիրո մասին:

-Ա՜հ, թողեք ինձ մենակ, ես ուզում եմ մի քիչ մենակ մնալ, նայել պատուհանից ու վայելել աշունը:

Ու այսպես գրեթե ամեն օր իմ շուրջն են հավաքվում համաշխարհային գրականության դեմքերը ու ինձ փորձում խրատել, սովորեցնել, ոգևորել, դե, մեկ-մեկ էլ խանգարել: Իսկ հիմա նրանք գնացին, ու ես մենակ եմ: Նստել եմ այն պատուհանագոգին, որից բացվում է ամբողջ քաղաքի տեսարանը ու սկսել եմ ուսումնասիրել մարդկանց ու բնությունը: Այնքան տպավորիչ է մարդ-բնություն խառնուրդը, երբ դու միաձուլվում ես սարերից փչող քամու ալիքներին ու հոգուդ ճիչերը դուրս շպրտում այնպես, որ քեզնից զատ ոչ ոք չի կարողանում ըմբռնել քամու սառնասրտության պատճառը, իսկ արևի շողի ամեն մի նշույլի հետ էլ քո հոգում նոր գարուն է ծաղկում՝ անկախ դրսի եղանակից, և դու սկսում ես զգալ հեռվից դեպի քեզ եկող փխրուն ձնծաղիկների հառաչանքը… Կրկին տրորել են խեղճին, իսկ այդ վեհագույնը, ի պատասխան մարդկանց վայրագության, թողել է նրանց կոշիկների տակ իր քաղցր բույրը։ Նա ներել է մարդկանց… Ա՜խ, երանի թե մարդիկ էլ լինեին ճիշտ այդպես, ինչպես ձնծաղիկներն են կամ էլ գոնե այնպես, ինչպես գրքերում է: Իսկ մարդիկ սիրում են ծաղկի ու գրքի համադրությունը: Այո՛, նրանք անմտորեն չորացնում են խեղճ ծաղիկներին գրքերի մեջ:

Ես կգիշերեմ գրադարանում՝ իմ խոհերի հետ առանձին, և լուսաբացից հետո կշարունակեմ նորից խորհել ու զգալ կյանքը:

lilit vardanyan

Համի մասին հիշողություններ

-Լիլիթ, ուզո՞ւմ ես մանդարին:

-Տանը մանդարին կա՞, որտե՞ղ:

-Խոհանոցում…

Տատիկը դեռ խոսքը չէր ավարտել, երբ խելագարի պես վազելով մի վայրկյանում հասա խոհանոց: Երեսուն վայրկյան անց ես վայելում էի այս աշնան առաջին մանդարինս:

-Մի տարի: Մի տարի ա՝ սպասում էի:

-Լիլիթ, բայց մարտին էլ էիր ուտում մանդարին:

-Ոչինչ, ինձ համար մի տարի ա:

Երբ վերջացրի առաջին մանդարինս, վազեցի երկրորդի հետևից:

-Լիլիթ, Արամին էլ կթողնես:

-Հա, հլը լիքը կա,- ասացի ես՝ հասկանալով, որ մի ժամ անց բոլոր մանդարինները կերած կլինեմ:

-Շատ չուտես, թե չէ` ալերգիադ կսկսի:

-Չի սկսի… Տատ, իսկ ինչի՞ ես պիտի միշտ սպասեմ իմ սիրած ուտելիքներին: Ինչի՞ չեմ կարող բոլորը միանգամից ուտել: Օրինակ՝ ամռանը բադրիջան եմ ուտում, ձմռանը՝ պոմիդորի մարինադ, աշնանը՝ ցիտրուսներ: Ինչի՞ չեմ կարող բոլորը միանգամից ուտել:

-Բայց եթե բոլորը միանգամից լինեին, անհետաքրքիր կլիներ:

-Չէ, շատ հավես կլիներ:

Մի ժամ անց կերա վերջին մանդարինը (բայց եղբորս էլ բաժին հասավ):

-Վերջինը,- ասացի ես ու վերջինը ամենադանդաղը կերա:

Բայց ի՞նչ իմաստ ունի վերջին մանդարինն ուտել ամենադանդաղը, եթե մեկ է՝ այդ մանդարինը վերջանալու է: Մի ժամ անց մանդարինի համն էլ կանցնի:

Երբ չորս տարեկան էի, ես ու տատիկը Առևտրի քոլեջի փռից մի հոթ-դոգ գնեցինք: Շատ սոված էինք: Հոթ-դոգերը նոր թխած էին ու տաք էին:

-Տատ, ինչ համով հոտ ա գալիս:

Ինձ շատ դուր եկավ այդ հոթ-դոգը: Այնքան համով էր, որ մինչև հիմա հիշում եմ այդ համը՝ որպես քոլեջի հոթ-դոգի համ:

Իսկ եթե ես ուղղակի սոված էի կամ դա իմ առաջին հոթ-դո՞գն էր: Ինչ էլ որ լիներ, ես մինչև հիմա հիշում եմ այդ համը ու լավ գիտեմ, որ էլ երբեք այդքան համով հոթ-դոգ չեմ ուտի…

-Տա, իսկ նարինջ արդեն կա՞:

-Հա, մյուս անգամ նարինջ էլ կառնեմ:

-Ջա՜ն…

Այդ պահին հիշեցի նարնջի համը: Բայց ախր, այդ համը ես ընդամենը տասը րոպե եմ զգում: Ամենաշատը մի ժամ, եթե դրանից հետո ոչինչ չուտեմ:

Ես միշտ ամենահամով ուտելիքը վերջում եմ թողնում: Բայց ամենավերջինն էլ եմ ուտում:

Ուզում եմ նորից փորձել քոլեջի հոթ-դոգը, Մոնտենեգրոյի տաք շոկոլադը, հայրիկի բերած՝ Լվովի դառը, պնդուկով, 63 տոկոսանոց շոկոլադը, մանկությանս՝ չափից մեծ փուչիկ ստանալու «բաբլը»: Ուզում եմ ամեն ինչ նորից փորձել, բայց դրանց համը զգալ այնպես, ինչպես առաջին անգամ:

Ուզում եմ, բայց գիտեմ, որ մի ժամ անց դրանց համից ոչինչ չի մնա՝ բացի համի զգացողության հիշողությունից: