Իմ էջը խորագրի արխիվներ

astghik hunanyan

Օդում ապրել ցանկացող ձուկը

-Բարև ձեզ։

-Բարև ձե՞զ։

-Կարո՞ղ եմ ձեզնից հարցազրույց վերցնել, ուղղակի շատ եմ լսել ձեր մասին ու…

-Ինչպես կասեր Ջեք Ճնճղուկը, օյ, կներեք, կապիտան Ջեք Ճնճղուկը՝ եթե լսել եք իմ մասին, դա արդեն շատ բանի մասին է խոսում։

-Փաստորեն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սիրահար եք, հա՞։

-Դե հա, ի՞նչ մեղքս թաքցնեմ։ Ես բոլորի կողմից փնտրվող ութերորդ հրաշալիքն եմ։

-Ներեցեք, ուրիշ հարց էի տվել։

-Ախ, հա, հա, նաև շատ հետաքրքիր անձնավորություն եմ։

-Իսկ էլ ի՞նչ ֆիլմեր եք սիրում։

-Դե գիտե՞ք՝ ոնց, ես նաև շատ բարեհոգի եմ։ Ամբողջ աշխարհի հոգսերը ոնց որ տված լինեն ինձ։ Վերցրել եմ շալակս, բողոքելով գնում եմ։

-Ո՞ւր եք գնում։

-Գրողի ծոցը։

-Ինչ վերաբերվում է գրելուն, լսել եմ՝ գրում եք։

-Մեծ հաշվով բոլոր դպրոցականներն էլ գրում են, կարդում են, սովորում են, ի՞նչ արտասովոր բան կար դրա մեջ։

-Ի՞նչն է ձեզ համար կյանքում ամենակարևորը։

-Սիրելը։

-Օ՜, դուք սիրել է՞լ գիտեք։

-Դե, իհարկե։ Ես ուղղակի խենթանում եմ ինքս ինձ համար։ Հե՜յ, իսկ դուք ի՞նչ մտածեցիք։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մասին ուրիշների բամբասանքներին։

-Ինչպես կենդանաբանական այգում փակված ուղտը՝ եկող-գնացողներին։

-Այսի՞նքն։

-Թքած ունեմ, սիրելիս։

-Բայց ես լսել եմ, որ դուք շուտ հուզվող եք ու լա՜վ էլ նեղվում եք վատ կարծիքներից։

-Օյ, չէ՜, ես ուղղակի էդ պահին մի շատ ծիծաղելի անեկդոտ եմ հիշում, այնքան եմ մտքիս մեջ ծիծաղում, որ արցունքները հոսում են աչքերիցս։ Թե չէ՝ ի՞նչ նեղվել, ի՞նչ բան։

-Կա՞ կախարդանք ըստ ձեզ։

-Դե, իհարկե, հակառակ դեպքում ինչպե՞ս պիտի բոլոր մարդկանց ենթագիտակցության մեջ տրոլների, մարդագայլերի, Ձմեռ պապի, հրեշտակի և այլ գերբնական «դեմքերի» կերպարները նույնը լինեին։ Ու հետո՝ ես հենց ինքս կախարդանք եմ, էդ ի՞նչ չհավատալու մասին է խոսքը։

-Նկարագրեք ձեզ երկու բառով։

-Էգոիստ, մորալիստ, լավատես, վատատես, իրատես, երազող, ծույլ, նպատակասլաց, պերֆեկցիոնիստ, հումորասեր, անլուրջ, անպատասխանատու, կրեատիվ, սարկաստիկ, միշտ ուշացող, տարօրինակ, անօրինակ, բնօրինակ…

-Լավ, լավ, ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչի՞ մասին եք հենց հիմա մտածում, մանուշակագույն պուտիկներով կանաչ ընձուղտի՞։

-Այդ ընձուղտը թամբելու։

-Ո՞ւմ կարող եք ցանկացած պահի ցանկացած բան վստահել։

-Ադոլֆիկին, Վերնոնին, Շապուհին, Սոնիկին, Ասքանազին, Մարգոյին…

-Ովքե՞ր են նրանք։

-Արջուկներս, իհարկե։

-Իսկ սիրո՞ւմ եք գրքեր կարդալ։

-Հա՜, շա՜տ, օրական տասից ավելի ֆիլմ եմ նայում ու մի քանի սեզոն՝ սերիալներիցս։

-Բա գի՞րք։

-Իսկ էդ ո՞վ չի սիրում շատ նոր կամ շատ հին գրքերի հոտը։

-Թարս ոտքի վրա՞ եք արթնացել, թե՞ ուղղակի թարս ոտքի վրա ծնվել եք։

-Այ թե մերոնք ուրախացել էին ծնվելուցս, է՜, էսօրվա պես հիշում եմ։ Աչքերս բացեցի, մորս գրկում էի, ճաքճքած պատերով հիվանդասենյակ էր, որտեղ մի քանի կոտրված պահարան կար ու մի բժիշկ, ով աչքերը լա՜յն բացած նայում էր ինձ ու հիանում։ Ա՜յ թե սիրունիկ երեխա էի։ Ու գիտե՞ս, ոչինչ չի փոխվել։ Ես մինչև հիմա էն սիրունիկ մեծ երեխան եմ, հիվանդասենյակի պատերն էլ էն «սիրունիկ», ճաքճքած պատերը։ Իսկ այ, ջարդված պահարաններն էլ չկան։ Հիմա դրանք ուրիշ ջարդված պահարաններով են փոխարինվել։

-Լավ, ո՞վ եք դուք առանց հեռախոսի։

-Հանճար, միլիարդատեր, փլեյբոյ, ֆիլանտրոպ։

-Բայց դրանք Թոնի Ստարկի խոսքերն են։

-Հա՞, դե ուրեմն՝ ձուկ, որը ցանկանում է ապրել օդում։

-Ո՞րն է ձեր սիրելի բառը և ինչո՞ւ է հենց դա։

-«Ջան»-ը։ Էնքան սեր ու ջերմություն կա էդ երեք տառի մեջ։ Ու հետո, էդ ո՞ր երկիրն ունի էդպիսի բառ. «Ամերիկաներ»՝ What?, Ռուսաստաններ՝ что?, Հայաստան՝ հա ջա՜ն։

-Եղել է՞, որ միշտ ուզել եք ինչ-որ հարցի պատասխանել, սակայն այդ հարցը ձեզ երբեք չեն տվել։

-Այո՛, միշտ ուզեցել եմ՝ հարցնեն, թե ինչ կանեի, եթե իմանայի, որ սա իմ կյանքի վերջին օրն է։ Պատասխանեմ. մի ամբողջ գինու շիշ կքաշեի գլուխս (ինչն իմ մասնագիտությունն է), կհագնեի «սփայդըր մեն»-ներով, «բեն թեն»-ներով, «բեթմեն»-ներով, «սկուբիդուբիդու»-ներով ու վարդագույն պոնիներով գիշերազգեստս, գզգզված մազերով դուրս կվազեի փողոց ու ամբողջ ուժով կգոռայի, որ ես ջրահարս եմ։

-Իսկ ի՞նչն է խանգարում ձեզ նման բան անել։

-Ո՞վ է գժվել՝ վարդագույն պոնիներով գիշերազգեստ հագնի։

-Եթե դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

-Կասեմ՝ մի ատիր «շուտ քնելու» պատիժները, լուրջ, մի ատիր։

-Ի՞նչն եք նախընտրում՝ ձախողում առանց փորձելո՞ւ, թե՞ ձախողում փորձելով։

-Հաղթանակ։

-Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:

-Հեսա։

-Իսկ ո՞րն է ձեր կատարելության գաղտնիքը։

-Ես կասեի, միայն թե դա գաղտնիք է։

-Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանայիք ասել ընթերցողին։

-Սիրելինե՛րս, հարգելինե՛րս, թանկագիննե՛րս, մի փնտրեք երջանկություն. ես այսօր տանն եմ։

-Լավ, Աստղ ջան, շնորհակալություն հարցազրույցի համար։

-Խնդրեմ, Աստղ ջան։

emma miqayelyan-2

«Ռուբիկ-կուբիկ»

Երբ նոր էի սկսել «ռուբիկ-կուբիկ» հավաքել, ինձ նայելիս ասում էին.

-Է՛մ, կորցրինք քեզ:

-Էս երեխեն աննորմա՞լ ա:

Երբ տեսնում էին, որ ուրիշներին եմ սովորեցնում, ասում էին.

-Քո ներվերը հանա՞ծ ա:

Ի պատասխան միշտ հնչում էր.

-Այո, հանած են:

Ու սկսում էի նյարդայնացնել:

Սկսեցի հավաքածուս մեծացնել, արտերկրից պատվերներ էի անում: Այս ամենը տեսնելով՝ ընկերներս մոտենում էին ու խնդրում.

-Է՛մ, որ խնդրեմ՝ ինձ էլ կսովորեցնե՞ս:

-Ուզում ես դու էլ խելացի գժերի շարքին դասվե՞ս,- մի քիչ նեղացած ասում էի ես:

-Լավ, կներես, ընդունում եմ սխալս:

-Ընդունում եմ սխալդ, բայց չեմ ներում:

Հաջորդ օրը գալիս էին «կուբիկը» ձեռքներին.

-Է՛մ, կսովորեցնե՞ս:

-Իհարկե, սիրելի՛ս, արի, կողքիս նստի:

Երեք ժամ անց առաջին շարքը վերջացնում էինք ու տուն էինք գնում: Ճանապարհին ասում էին.

-Մնացածն էլ վաղը կսովորեցնես, էսօրվա համար հերիք էր, գլուխս ցավեց:

«Կուբիկս» ձեռքիս՝ տուն եմ գնում: Մտա բակ, շունս աչքերը չռել, ինձ էր նայում, սկսեց հաչել. կուբիկս նրան էլ էր դուր եկել: Սկսեցինք միասին խաղալ, վազվզել: Շունս բարձրացավ հետևի ոտքերի վրա, թաթով հարվածեց և շնորհավորեց նոր «կուբիկս»՝ այն կոտրելով: Զայրացած ու լացակումած բղավեցի շանս վրա. խեղճը վախից չորացել էր:

hovik vanyan dsex

Ողջույն, թույլ տուր քայլեմ դեպի տուն

Զարմացա՞ր։ Հա, ճիշտն ասած՝ ես էլ։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ արդեն հոգնել։ Մեկ-մեկ, երբ ազատ ես լինում, կարող ենք դուրս գալ զբոսնելու, բայց ոչ սովորական զբոսանքի, այլ, ասենք՝ բարձրանանք շենքերի տանիքները, կախվենք կամուրջներից, վազենք փողոցի մեջտեղով։ Բայց եթե ազատ չես լինի, կամ արդեն պայմանավորված կլինես, ոչինչ, ես էլ ազատ չեմ լինի, կամ ես էլ կպայմանավորվեմ։ Ավելի հավանական է, որ կնախընտրեմ ազատ չլինելը, ու տանը կնստենք, նորից դասեր, պարապմունքներ, անհետաքրքիր TV ու մագնիսական դաշտով օժտված համացանց։

Հիմա էլ էի պարապում, է։ Բայց որոշեցի թողնել դա ու մի քիչ քեզ հետ խոսել։ Ի՞նչ ես լռել, դե մի բան ասա։ Հազիվ եմ դուրս եկել իրական աշխարհ։

Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ասում էր, որ էդ բոլոր պարապմունքները չեն թողնում, որ հիշենք գրելու մասին, ու մեկ էլ ասում էր, որ հոգնում ենք, ու ոչ մի բանի հավես չի լինում, նույնիսկ՝ գրելու։ Վերջում էլ ասաց, որ անջատվում է չաթ անելուց ու կարողանում հանգստանալ։ Ինձ էլ միայն մնաց, որ «սրտեմ» նրա գրածը։ Բայց, փաստորեն, էդ համացանցի մագնիսական լինելու փաստը արդարացվեց ինքնըստինքյան։ Ինչ արած…

Կարո՞ղ ես «փորփրել» բառի արմատը հուշել ինձ։ Գրողը տանի, չի ստացվում, սպասում եմ, որ գնամ ընկեր Գայանեին հարցնեմ։ Շատ տարօրինակ լեզու ունենք, որն էնքան դառն էլ է լինում, որ հեռախոսի էկրանին հայտնված հաղորդագրությունը չեմ ուզում կարդալ ու փոշմանում եմ, որ երբևէ սովորել եմ հայերեն տառերը։

Երևի արդեն հրաժեշտ տամ, կգրեմ էլի, երբ մեջիս արևը միանա (Ամալյայի ականջը կանչի)։

Չմոռանամ ասել, յութուբում գրեք You let me walk home, ընտիր երգ է, խոստանում եմ, որ կմոռանաք ամեն ինչի մասին։ Michael Shulte-ն է երգում։

Բայց ամեն դեպքում, որ ազատ լինես՝ կգրես…

sona zakaryan

Իմ տարբերվող կես տարին

Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում։ Կարծես երեկ լիներ, երբ ստացա այդքան սպասված հեռախոսազանգը և իմացա, որ դարձել եմ հազարավոր դիմորդներից մեկը, ում հնարավորություն կընձեռվի ապրել ու սովորել ԱՄՆ-ում։ 6 ամիսներ, որոնք երբեմն թվում են տարիներ, երբեմն էլ՝ ուղղակի օրեր։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելը, բացի ոգևորիչ լինելուց, նաև շատ դժվար ու մեծ պատասխանատվություն պահանջող առաքելություն է։ Ասում են, որ ամեն բան ունի իր դրական և բացասական կողմերը, և փոխանակման ծրագրի աշակերտ լինելն էլ բացառություն չէ։ Միայն բացասական կողմերը կարող են միանգամից դառնալ դրական, երբ դու փոխանակման ծրագրի աշակերտ ես։ Հիշում եմ՝ երկու տարի առաջ երկմտում էի՝ արդյո՞ք պետք է անեմ այս քայլը, արդյո՞ք կարող եմ հաղթահարել ամեն ինչ։ Պահեր կային, երբ մտածում էի. «Չէ՛, հաստատ սա ինձ համար չէ, հաստատ չեմ կարող, կհիասթափվեմ հետո»։

Այդ վախն ամեն ինչի նկատմամբ՝ հիասթափություն ապրելու, դժվարությունները հաղթահարել չկարողանալու, սայթաքելու, միշտ բոլորիս այցելում է, մենք բոլորս էլ վախենում ենք ու այդ վախն ու անինքնավստահությունը հաճախ արգելք են հանդիսանում շատերիս համար՝ իրագործելու մեր նպատակներն ու առաջ գնալու։ Եվ այդ վախը ինձ էլ էր այցելել։ Բայց կամքի ուժն ու նպատակասլացությունը հաղթեցին այդ վախը: Եվ ահա արդյունքը՝ ես այստեղ եմ ու երբեք չեմ զղջա, որ կայացրել եմ այս որոշումը։

Այս ամիսները փոխել են ինձ ու իմ կյանքը, շատ բաներ եմ վերլուծել ու հասկացել։ Առաջինը՝ հասկանում ես, որ արել ես այնպիսի բան, ինչը միշտ մտածում էիր, որ չես կարող։ Այն ամենը, ինչը քեզ թվացել է անհնարին, միայն երազանք, հանկարծ դառնում է հնարավոր։

Կարծում եմ, որ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը անհնարինը հնարավոր դարձնելն է։ Հասկանում ես նաև, որ տարբեր լինելը երբեք չի նշանակում լինել չսիրված ու տարօրինակ։ Մենք բոլորս էլ նույն բանն ենք, չէ՞, ուզում՝ ապրել ազատ, խաղաղ ու երջանիկ։ Իսկ տարբեր լինել, բոլորովին չի նշանակում չունենալ այդ բոլոր իրավունքները։ ԱՄՆ-ում մարդիկ շատ տարբեր են, բայց այդ տարբերությունը երբեք չի խանգարում մարդկանց փոխհարաբերություններին։ Ապրելով կողք կողքի, հարգելով միմյանց և լինելով դրական՝ մենք մեր կյանքը միայն հեշտացնում ու ավելի ուրախ ենք դարձնում, այնպես որ, երբեք չմտածեք, որ տարբերությունը կարող է ազդել ձեզ վրա։ Ուղղակի պետք է լինեք այնպիսին, ինչպին կաք և երբեք չմտածեք, որ պետք է փոխեք ձեզ ու այն արժեքները, որոնցով առաջնորդվում եք։

Ինչքա՜ն հետաքրքիր է այն փաստը, որ կարող ես ունենալ երկու ընտանիք միաժամանակ։ Վեց ամիս առաջ ինձ օտար մարդիկ հիմա ընտանիք են դարձել։ Երբ պատրաստվում էի գալ ԱՄՆ, ոչինչ չգիտեի, չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ինչ կլինի, ուր եմ գնում։ Հայաստանից ու ընտանիքիցս առաջին անգամ հեռանալը ամենադժվար բաներից մեկն էր իմ կյանքում, բայց շատ ուրախ եմ, որ պատվով հաղթահարեցի այդ ամենը։

Հետո կարողացա հարմարվել ուրիշ միջավայրի, սովորույթների ու մարդկանց ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելն օգնում է դառնալ ավելի հասուն, կենտրոնացած և ուժեղ։

Չորս ամսից էլ քիչ մնաց իմ փոխանակման տարվա ավարտին: Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ զգում եմ։ Փորձում եմ շատ չտխրել, քանի որ ամեն ինչի ավարտ մի նոր ու հետաքրքիր բանի սկիզբ է։

Հ.Գ. Ամենակարևոր դասը, որ սովորել եմ այստեղ, ժպտալն է, միշտ ժպտալը, այնպես որ, Հայաստան վերադառնալիս ակնկալում եմ տեսնել միայն ժպտացող դեմքեր։ Հա, ու մեկ էլ, անծանո՛թ հայեր, խնդրում եմ՝ ինձ տարօրինակ չհամարեք, եթե ժպտամ ձեզ։

elza zohrabyan

Օրն սկսվում է

Առավոտ էր։ Ժամը 7։35 զարթուցիչը զնգաց։ Լսում էի ձայնը, բայց մեջս չէի կարողանում ուժ գտնել, որ այն անջատեմ, քանի որ անջատելու համար պետք է գնայի սենյակիս մյուս ծայրը։ Ի վերջո, քրոջս բղավոցները՝ «Էլզա, միակ օրն է, որ կարող եմ մինչև 10-ը քնել, այսօ՞ր էլ ինձ հանգիստ չես թողնում», ինձ մոտիվացրին, և ես անջատեցի զարթուցիչը։ Կանգնեցի, որպեսզի գնամ լոգարան, բայց զգացի, որ ոտքերս ցավում են, հետո հիշեցի, որ երեկ 2 ժամ թենիս եմ խաղացել։

Մի կերպ հասա բաղնիք, հայելու մեջ տեսա մի մարդու, որի միակ նպատակն էր այդ պահին վերադառնալ սենյակ և գոնե 1 ժամ ավել քնել։

Լվացվեցի և դուրս եկա։

Դո՞ւք էլ առավոտյան չեք կարողանում որոշել՝ ինչ պետք է հագնեք։ Եթե այո, ուրեմն մենք շատ նման ենք։ Փորձում ես ինչ-որ բան ընտրել և հագնել, չի ստացվում, բայց հասկանում ես, որ արդեն 30 րոպե դա ես անում և ստիպված հագնում ես այն, ինչ ամենաքիչն ես ուզում։

Տխուր և մի փոքր հիասթափված դեմքով դուրս եմ գալիս սենյակից և տեսնում եմ մայրիկիս։

-Ի՞նչ է պատահել։

-Մամ, չե՞ս տեսնում։

-Ի՞նչ է պատահել։ Օ՜յ, դե լավ էլի, ուղղակի դպրոց ես գնում։

-Դու չես հասկանում։

Եվ հետ եմ վերադառնում սենյակ։ Տեսնելով, որ արդեն դուրս գալու ժամանակն է՝ արագ հավաքվում եմ և դուրս եմ գալիս՝ ինչպես միշտ մոռանալով ուրվագծային քարտեզը և հեռախոսս։ Տեսնելով, որ ուզում եմ երգ լսել, իսկ հեռախոսս չկա, որ ականջակալներս միացնեմ, վերադառնում եմ տուն, և ինչպես միշտ, հանդիպում եմ հարևանիս, որը հարցնում է.

-Հըն, էլի՞ ինչ-որ բան մոռացել ես։

Վերցնում եմ հեռախոսս և վազում դասի։

hripsegh

Երազանքիցս մի փոքր ուշացած

Գիտե՞ք, հիմա աշխատանք եմ փնտրում: Աշխատանք եմ փնտրում այնպես, ինչպես ցանկացած մարդ, ով ավարտում է համալսարանը և ցանկանում է բարեկեցիկ կյանքով ապրել, բայց արդյունքում մնում է «աշխատանք փնտրողի» կարգավիճակում: Բայց գիտե՞ք ինչ մտահոգություն ունեմ և դրանով էլ ուզում եմ առաջնորդվել աշխատանք ընտրելու հարցում: Հիմա կասեմ, թե որն է մտահոգությանս առարկան:

Ընտրել աշխատանք, որը կկատարեմ տհաճությա՞մբ և բարձր աշխատավարձ կունենա՞մ, թե՞ աշխատանք, ուր ամեն օր գնալը ինձ համար ոչ թե տանջանք կլինի, այլ հաճույք կստանամ իմ կատարած աշխատանքից: Ամեն առավոտ քնից կարթնանամ մեծ ուրախությա՞մբ, անգամ եթե ձմեռ լինի և կշտապեմ աշխատանքի՞, թե՞ անգամ ամռանը ցանկություն չեմ ունենա դուրս գալ անկողնուցս:

Ես որոշել եմ, որ ուզում եմ ունենալ իմ երազանքների աշխատանքը, անգամ եթե քիչ վարձատրվեմ: Գիտե՞ք ինչու: Որովհետև մենք մի կյանք ենք ապրում, և ինչու՞ տանջվելով անել այն աշխատանքը, որը չես սիրում, իսկ հետո ասել. «Էս կյանք չի», և նման այլ բաներ: Բացի այդ, եթե մի բան չսիրելով ես անում, երբեք մեծ հաջողությունների չես հասնի, քանի որ դրան չես տրամադրի ողջ ժամանակդ և ամեն առիթ կօգտագործես դրանից փախչելու համար:

Ճիշտ է, այսօր Հայաստանի աշխատաշուկան այդքան էլ չի փայլում իր առաջարկած աշխատանքով, կամ կարելի է ասել, որ ընդհանրապես չի փայլում, բայց ամեն դեպքում ես ինչ-որ նախնական աշխատանք եմ ուզում գտնել արդեն «շուրջ 6 ամիս»: 6 ամիս, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ երկար ժամանակ է: Ես իմ երազանքը կարող էի իրագործած լինել դեռ 6 ամիս առաջ, բայց ինձ արդեն 6 ամիս ուշացնում են իմ երազանքից: Ես հիմա լուսանկարչական ապարատ գնած կլինեի, գուցե իմ փոքրիկ լուսանկարչական գործը կունենայի, կամ գուցե ֆոտոլրագրությամբ կզբաղվեի: Բայց ոչ, ես նստած եմ տանը և սպասում եմ իմ ժամանակին, թե երբ վերջապես աշխատանք կունենամ:

Եվ խնդիրն ընդհանրապես քո ավարտած ֆակուլտետի մեջ չէ, և թե ինչպես ես սովորել, ու ինչ գույնի է դիպլոմդ: Որովեհտև աշխատանք չկա նույնիսկ միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների համար, որոնք կարմիր դիպլոմով են ավարտել իրենց ուսումը:

Հայրիկս ասում է. «Եթե ծանոթ չունենաս՝ գործ չես գտնի, էս երկրում ոչ մի մեծ բանի չես հասնի»: Իմ ու հայրիկիս կռվի հավերժական թեման: Ես ասում եմ, որ եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, նշանակություն չի ունենա, թե որ երկրում ես ապրում, կարևորը շատ աշխատելն է ու նպատակից հետ չկանգնելը: Ես հայրիկիս ասել եմ, որ նրան ապացուցելու եմ, որ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Եվ մենք պայմանավորվել ենք, որ 10 տարի անց ես նրան ցույց կտամ, թե ինչքան բանի եմ հասել իմ արդար աշխատանքի ու իմ թափած ջանքերի շնորհիվ:

Հասկանո՞ւմ եք, քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, ես չէի կարող ասել 5 տարի հետո, որովհետև երկրի ընձեռած հնարավորությունները հնարավոր է թույլ չտան: Բայց ես վստահ եմ, որ ես շատ բանի հասած կլինեմ, և հնարավոր է, որ ձեզ աշխատանք առաջարկողներից մեկն էլ հենց ես լինեմ:

Բայց ամեն դեպքում, խորհուրդ կտայի աշխատանք ընտրել ոչ միայն աշխատավարձի համար, այլև որպես անհատ ինքնահաստատվելու և այս աշխարհում ձեր մասին հիշողություն թողնելու համար: Իսկ ինձ մաղթեք, որ շատ չուշանամ երազանքիցս:

seda harutyunyan

Վայելեք կյանքը, անմահներ

Երկար դադարից հետո բարև, 17: Ես քեզ շատ էի կարոտել: Մի քանի ամիս առանց քեզ: Կներես ինձ, եթե կարող ես: Ես էլ չեմ կորչի:

Այս ամիսների ընթացքում հասկացա, թե ինչ է նշանակում լինել ուսուցիչ, բայց ոչ մանկավարժ, ընկեր, բայց ոչ հարազատ, բարեկամից էլ լավ հարևան, ընտանեկան երջանկություն և հաղթահարելի վիշտ:
Իմ կյանքում երկարատև դադար էր: Արցունքները, տխրությունը և անկարողությունը դարձան իմ ընկերները: Ես դադարեցի կյանքից սպասել լավը, գեղեցիկը: Սկսեցի ատել քոլեջը որոշ «մանկավարժների» շնորհիվ, ընկերոջս մեջ բացահայտեցի նախանձն ու արհամարհանքը: Շատերն սկսեցին հարցնել. մի՞թե հոգնել եմ կյանքից:
Ո՛չ, երբեք ու ոչ մի դեպքում մարդ, ով ապրում է կյանքը վայելելու, ընտանիքին երջանկություն պատճառելու, նպատակներն ի կատար ածելու համար, մարդ, ով չի ապրում միայն սեփական ես-ի համար, մարդ, ով սիրում է բոլորին ու այն ամենը, ինչ շրջապատում է իրեն, մարդ, ով ոչ թե սիրում է միապաղաղ կյանքը, այլ իրենն է ստեղծում՝ չի կարող հոգնել կյանքից, երբեք…
Շնորհակալ եմ, որ կա իմ ընտանիքը, կան իմ ընկերները, կաս դու, որ կարդում ես իմ հոդվածը: Առանձնահատուկ շնորհակալություն նրանց, ում ես չեմ սիրում ու տանել չեմ կարողանում: Ձեր շնորհիվ ես գիտեմ ինչպիսին երբեք չեմ լինի:

Ինչպես ասում են՝ հարկավոր է ապրել այնպես, կարծես թե երբեք չես մեռնելու…

Դե՛, վայելեք ձեր կյանքը, անմահներ..

Էտյուդներ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Պատկերացնո՞ւմ ես, մի 5 օր միայն նույն տեղում էինք եղել։ Չես հիշի։ Հոգ չէ։ Չէ՞ որ դա 3 տարի առաջ էր։ Եթե նույնիսկ տեսել եմ քեզ այն ժամանակ, չես տպավորվել, ու նույնը եղավ նաև այս անգամ։ Բայց ոչ այն օրը։ Չէ, չեմ ասելու, թե հենց որ օրը։ Չէ՞ որ շատ հաճախ մենք պիտի լռենք, որպեսզի դիմացինը փորձի դա հիշել։ Հետաքրքիր է։ Ինչպե՞ս կարող եմ նամակներ գրել, բայց և չուղարկել։ Ինչպե՞ս կարող եմ քեզ դարձնել պատմվածքիս հերոսը, իսկ դու չնկատես դա։ Գուցե պատճառն այն է, որ չես էլ կարդում էջումս հաճախ տեղ գտած պատմվածքներս։ Ի՞նչ կարիք կա կարդալու մեկի գրածները, երբ նա քեզ համար ոչ մի արժեք չի ներկայացնում։ Երբ մի 2 ամիս առաջ դու լրիվ ուրիշ հայացքով էիր նայում այդ աղջկան։ Իսկ հիմա՞։ Դե լավ, ինչ եմ խորացնում, հրապուրանք էր, անցավ ու գնաց։ Տեսնես այս պահին, կամ օրվա որևէ պահի մտածո՞ւմ ես դու իմ մասին։ Հետաքրքիր է, թե ինչպես էինք մենք ուղիղ 4 ամիս առաջ այս ժամին խոսում, իսկ հիմա, երկուսս էլ ցանցում լինելով, լռում ենք։ Հրապուրանք էր, որ անցավ, գնաց։

***

Ամեն օրվա պես պարապմունքից հոգնած տուն եմ գալիս։ Քայլում եմ Երևանի ամենաաղմկոտ ու մարդաշատ փողոցներով։ Ինչպես միշտ, անբաժան ընկերներս՝ ականջակալներս ինձ հետ են։ Գերագույն հաճույք է, երբ լսում ես ամենասիրելի երգդ ու հետևում ես քաղաքի անցուդարձին։ Նայում եմ մարդկանց դեմքերին՝ փորձելով հասկանալ նրանց տրամադրությունը։ Մեծերից շատերի դեմքին տխրության հետքեր եմ նշմարում, երևի ինչ-որ բան կա, որ անհանգստացնում է նրանց։ Հետո նայում եմ մեզանից ընդամենը երկու-երեք տարով մեծ աղջիկներին ու տղաներին։ Շատերն իրենց սիրելիների ձեռքը բռնած քայլում են, ժպիտներն էլ շողում են դեմքերին։ Ասես իրենց սիրած էակի ձեռքը բռնելն այն ամենն է, ինչ իրենք ուզում են ամբողջ աշխարհից։ Ոչ սառը քամին է իրենց խանգարում, ոչ էլ այն փաստը, որ այսօր կիրակի է, ու վաղը մի նոր ու ծանր աշխատանքային շաբաթ կսկսվի։ Իրենք այս պահին երջանիկ են, ու դա է կարևորը։ Իսկ ե՞ս… Ես մտածում եմ՝ գուցե օրերից մի օր մենք էլ կքայլենք նույն փողոցներով, ու ինչպես հիմա ես եմ թաքուն հետևում բոլորին, այդպես էլ մի աղջիկ լուռ կքայլի ու կհետևի, թե ինչպես է մեր Երևանում սերն իշխում։

Չալո

Չալոն արդեն հինգ տարեկան է: Ես հիշում եմ, թե ինչպես վերցրի նրան և սկսեցի պահել: Այդ ժամանակ նա ընդամենը երկու ամսական էր: Նա ինչ-որ հատուկ տեսակի շուն չէ: Նրա մայրը հասարակ թափառական շուն էր: Մի անգամ հանդիպել էր ինձ մեր փողոցում: Ես վերադառնում էի դպրոցից տուն ու չգիտեմ, թե որտեղից, նա հայտնվեց իմ առաջ: Սկզբից վախեցա: Սև շուն էր՝ նիհար ու կարճ դնչով, երկար ականջներով, միջին հասակի: Ես միանգամից ցանկացա գոռալով փախչել ու այդպես էլ կանեի, եթե իմ ճանապարհը փակված չլիներ: Սիրտս փոքր-ինչ հանգստացավ, երբ տեսա, որ նա շարժում է իր պոչը: Ես արագ բացեցի պայուսակս և այնտեղից հանեցի երեք օրվա բուլկու մնացորդներ, առաջարկեցի՝ նետելով նրա առաջ, բայց նա այդքանով չբավարարվեց և ավելի մոտեցավ ինձ։ Ես դանդաղ քայլերով հայտնվեցի նրա թիկունքում և արագ հեռացա, իսկ նա մնաց այնտեղ: Ես հեռացա՝ կորցնելով նրան իմ տեսադաշտից: Հաջորդ օրը դասից վերադառնալիս կրկին տեսա նրան: Գնացի տուն, վերցրի հացի կտորներ և վազեցի դեպի նրա տնակը: Հացը գցեցի տնակի առաջ և հեռացա: Դրանից հետո ամեն անգամ դասից գալիս բուլկու կամ ճաշարանում չկերածս հացի փշրանքները բերում ու թողնում էի նրա առաջ, բայց նրան չէի տեսնում (ի դեպ, նրա բունը անմարդաբնակ տան նկուղ էր):

Շաբաթ էր, և ազատ էի դասերից: Տնից թաքուն հաց վերցրի և գնացի այն տուն, որի նկուղում էր ապրում այդ շունը: Տեսա, որ իմ տված ուտելիքներից ոչինչ չի մնացել: Սուլոցով կանչեցի շանը, բայց չեկավ: Հավաքեցի ուժերս և մտա նկուղ, նա այնտեղ էլ չէր… Երբ ես տխուր հեռանում էի, լսեցի թույլ ձայն, միանգամից շրջվեցի, բայց ոչինչ չտեսա: Արագ դուրս եկա նկուղից և գնացի տուն: Երբ դրսում խաղում էի, նկատեցի, թե ինչպես շունը մտավ նկուղ, և հասկացա, որ այդ ձայնը նրա ձագուկներից մեկի ձայնն էր: Ես սպասեցի այնքան, միչև շունը կրկին հեռանա, հեռանալուց հետո վազեցի դեպի նկուղը, և մտնելով ներս, առաջացա դեպի խավարը։ Տեսա երեք փոքրիկ շնիկների, որոնց աչքերը դեռ փակ էին: Մեկը սև էր՝ ինչպես իր մայրը, մյուսը՝ շագանակագույն, իսկ ամենափոքրը չալ էր և անընդհատ վնգստում էր: Ես գրկեցի նրան և իմ հետևում զգացի ինչ-որ ծանր շնչառություն: Վախեցած շրջվեցի և տեսա այն սև շանը, որը երկու շաբաթ առաջ փակել էր իմ ճանապարհը, և ում այս երկու շաբաթվա ընթացքում կերակրում էի: Ես այդ պահին գրկել էի նրա ձագին և դողում էի: Արդեն պատկերացնում էի, թե ոնց է նրա մայրը ինձ պատառոտում, բայց նա գնաց իր երկու ձագուկների մոտ և սկսեց կերակրել նրանց: Ես, տեսնելով այդ ամենը, գետնին դրեցի մյուս ձագին և հեռացա:
Մոտ մեկ ամիս ուտելիք էի տանում նրանց համար, և այդ շնիկներին, բացի ինձնից, նկատել էին նաև ուրիշները: Ես սկսեցի համոզել իմ ծնողներին, որ վերցնենք Չալոյին։ Այդպես էլ արեցինք: Մեզնից առաջ վերցրել էին մյուս երկու շնիկներին, և նրանց մայրը մնացել էր միայնակ Չալոյի հետ: Չալոի մայրը երկար ժամանակ չէր երևում։ Նրան տեսա չորս ամիս անց ավելի նիհար, կարճ և գազազած: Նա հարձակվում էր անցորդների վրա: Ես մոտեցա, շոյեցի նրա գլուխը, և նա կարծես քարացավ: Չգիտեմ՝ ինչ էր պատահել, ինչու էր այդքան չարացել, բայց ես քաշեցի իմ ձեռքը, և նա հեռացավ իմ տեսադաշտից այնպես, ինչպես երևացել էր վեց ամիս առաջ:

Հ. Գ. Ես ցանկանում էի այս պատմությունը գրել Չալոյի մասին, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց, իսկ Չալոյի մասին ես դեռ կգրեմ…

mariam nalbandyan

Ազատության էտյուդներ։ Սև, սպիտակ, քիթիկը՝ վարդագույն

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Եթե իսկապես ուզում եք իմանալ այդ պատմությունը, պետք է ձեզ ասեմ, որ ես կատուների գիժ եմ։ Դրանով արդեն ում ճանաչում եմ՝ զզվեցրել եմ, ձեզ էլ զզվեցնեմ։ Բայց այս աշխարհում ոչ մի կատու չի հասնի նրան, որը իմն է։

Այս ամառ, երբ գյուղում էի, իր թաթերով մեր տուն եկավ մի կատվի ձագ։ Ճակատագիրն ինքը նրան ուղարկեց ինձ մոտ՝ մորս ծնունդի օրը։ Դե, էդպես կասեի, եթե ճակատագրին հավատալիս լինեի, կամ էլ դրամատիկ մեկը։ Բայց դրամատիկ բաներ չեմ սիրում, դրա համար ուղղակի կպատմեմ՝ առանց գույները խտացնելու։ Հետևաբար, խոստանում եմ պատմել միայն ու միայն ճշմարտությունը Ժորիկի անհավանական արկածների մասին Երևանում։

***

-Դու կորցրել ես կատվիս, կորցրել ես։ Ու քանի՞ րոպե ես կատու ունեցա, ահավոր շնորհակալ եմ քեզ, շատ,- ինձ կորցրած բղավում էի քրոջս վրա։

-Հնարավոր չի, ես ուշադիր եմ, կատուդ մեծ ա․․․

-Ուրեմն՝ չես։ Էս հո սեփական տուն չի՞, էլ տեղ չեմ թողել՝ նայել եմ։ Չկա, կատուս չկա։

Քույրս ինքն էլ արդեն սկսեց կասկածել, որ տանից դուրս գալիս կատուս հարմարեցրել է իր հետևից աննկատ դուրս գալ։

Տունը սգի մեջ էր։ Կատուս գյուղից եկել էր Երևան՝ ինձ մոտ։ Իմ 19-ամյա երազանքը ինձ էր հասել ու անմիջապես նույն օրը կորել էր։ Հեռախոսս չէր դադարում դռռալ։ Բոլորն անհանգստացած գրում էին։ Ծնունդիս երևի այդքան զանգ ու հաղորդագրություն չէի ստացել։ Դե, դրանք երևի ոչ թե ես էի ստանում, այլ կատուս՝ Ժորիկը։ Օրվա վերջում, երբ արդեն մեր ամբողջ թաղամասում տասն անգամ պտտվել էի, երբ ֆեյսբուքում էլ կատուների խումբ չէի թողել, որ նրա նկարները չէի գցել, թե բա՝ տեսնեք, գրեք, ընկա մահճակալիս ու սկսեցի զռռալ։ Ես երեք ժամ կատու ունեցա։ Երեք գրողի տարած ժամ։ Եվ հենց այդ պահին, երբ արցունքներից արդեն կուրացել էի, հետևիցս կատվի ձայն լսեցի։

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

-Գժվել եմ,- մտածեցի ես։

-Մյաու,- պատասխանեց նա։

-Ասում եմ՝ գժվել եմ։

-Մյաաու՜,- հառաչեց նա։

-Ի՞նչ։

-Մյաո՞ւ։

Ես այնպես հետ շրջվեցի, որ վիզս ճտաց։

-Գրողը քեզ տանի, անտերի մեկը, դո՞ւ ես։ Սպանելու եմ քեզ, էդ որտեղի՞ց դուրս եկար, անկապ կենդանի, փռչոտ անասունի մեկը։

Մնացածը, ճիշտն ասած, չեմ ուզում պատմել։ Հետաքրքիր չէ, ազնիվ խոսք։ Կմտածեք, որ հիմար եմ։ Հնարավոր է՝ ճիշտ էլ կմտածեք։ Ամբողջ օրվա ընթացքում, երբ ես զռռալով կատվիս էի փնտրում, իսկ տնեցիք «քոռանում էին» ինձ համար, թե բա՝ հեսա երեխեն նյարդային շեղում կստանա, էս ոնց ա լացում, կատուս մտել էր մահճակալիս տակ ու էնտեղ մնացել մի 5-6 ժամ։ Այ, հիմա ժամանակն է մտածելու, որ ես հիմար եմ, բայց մտածում եք՝ մտածեք, ազնիվ խոսք, հավես չկա նորից բացատրելու, որ էդ իմ անտեր մահճակալը այնպիսի կառուցվածք ունի, որ հատակին կպած է, տակը մտնելու շա՜տ նեղ ճեղք կա, իսկ էդ ճեղքը տեսնելու համար պետք է ներքնակները, ամեն ինչը քանդես, որ տեսնես։ Հետևաբար, չէ, չէի տեսել, որ կատուս էնտեղ իր համար թաքստոց է գտել։

Մինչ իմ ձայնի վրա հավաքվեցին բոլոր հնարավոր ու անհնար հարևանները, իսկ ձայնալարերս վերջնական հրաժարական տվեցին, ես հասցրի բռնել կատվիս ու սեղմել ինձ։

-Չես կորել, քո պատճառով, ես գիտե՞ս, հիմարի մեկը, վաղը քննությունն եմ կտրվելու, զզվանք կենդանի․․․

-Երեխես գժվեց,- որակեց հորաքույրս ու շտապեց ինձ հանգստացնել։

Շուտով բոլորս հանգստացանք, քննությունն էլ չկտրվեցի։ Ժորան գտնված էր, աշխարհը՝ փրկված։

***

-Քսի պատահական մեծության բաշխման ֆունկցիա․․․

-Մյաու։

-Եկա, մամային չհանես։

-Մյա՜ու։

Գրիչը ձեռքիս՝ վազում եմ բացելու պատշգամբի դուռը։ Մսյո Ժորիկը ուզում է դուրս գալ, ու եթե չես ուզում, որ նա գիշերվա ժամը երեքին արթնացնի մայրիկին, վազիր, ստրուկի մեկը ու բացիր դուռը։ Ո՞ւր ես հետ գնում, ստրուկ, մսյո Ժորիկը պետք է ֆռֆռա պատշգամբում ինչքան ուզենա, իսկ դու սպասես, մինչև նա հետ գա, որ փակես դուռը։ Ահ, չհասցրիր, չէ՞։ Մսյո Ժորիկը հո չէ՞ր սպասելու, նա արդեն արթնացրել է մայրիկին, ոչինչ, ստրուկ, դու էլ հաջորդ անգամ լեզուդ դուրս գցած կվազես դուռը բացելու, մեկ է՝ մսյո Ժորիկը մի հինգ րոպե հետո էլի է դուրս գնալու, ներս գա, հետո՝ մի հատ էլ, մի հատ էլ, մի հատ էլ ու մի հատ էլ… Էլի, էլի, գրողը քեզ տանի, վազիր դուռը բացիր, փակիր, բացիր, փակիր…  Քնե՞լ ես ուզում, չէ մի, դու էդ ո՞վ ես, որ քնես կամ քննությունդ պարապես: Մսյո Ժորիկը ձանձրանում է, զբաղեցրու նրան, ստրուկ։ Բա կարո՞ղ է գիտես, մսյո Ժորիկը պետք է ձանձրանա կամ գիշերը քնի, փիֆֆ… Այդ դու հարմարվիր նրա ռեժիմին։ Վեր կաց ու խաղա մսյո Ժորիկի հետ, ի՞նչ ես, է, անընդհատ էդ գրիչը շարժում տետրիդ վրա, էդպես մսյո Ժորիկին հարմար չի ցատկել ուղիղ տետրիդ, մի քիչ այս կողմ բռնիր։

Լռությո՞ւն է, վախեցիր, եթե մսյո Ժորիկը արդեն 30 վայրկյան ձայն չի հանում, ուրեմն կամ հյուրասենյակի վարագույրն է մագլցում, կամ՝ կողքի սենյակի։ Վազիր, փրկիր քո վարագույրները։ Մսյո Ժորիկը մի քիչ էլ պատերի վրա կզբոսնի։ Դու շատ վատ ֆանտազիա ունես, չես կարողանում մսյո Ժորիկին լավ զբաղեցնել, խեղճը ստիպված է ինքն իր համար խաղեր հորինել։ Դու էլ միայն պատահական մեծություն, խտության ֆունկցիա ու նման անկապ բաներ կսովորես, հա։ Դրանք մսյո Ժորիկին ի՞նչ։ Ո՞նց թե ուրիշ մտածմունք էլ ունես։ Չէ մի, այսուհետ քո միակ մտածմունքն ու զբաղվելիքը մսյո Ժորիկն է, այ քեզ բան․․․

Լուսաբաց։ Մսյո Ժորիկը կերավ ամանի ողջ կերը, ջուր խմեց, և երբ արթնացավ ողջ քաղաքը, անուշ-անուշ քուն մտավ։

***

-Փիսի՛կ,- ամբողջ ուժող գոռում եմ ես՝ տուն մտնելով։

Ժորիկի պոչը ցցվում է, աչքերը մեծանում են, հավաքում է իր հնարավոր ամենամեծ արագությունն ու սլանում տան անկյուններից մեկը։

-Չհասցրիր, այ չաղ,- բռնում եմ կատվիս ու սեղմում ինձ։

-Փիսի՛կ,- գոռում ես ես՝ նրան թափահարելիս,- մեռնեմ քե՜զ, փափուկ, փռչոտ, անիմաստ կենդանի, այ չաղ, ձեռքերս արդեն ծալվում են քո ծանրությունից։

-Մեղք ա էդ կենդանին։

-Բա սա որ մի երեխի սիրի, ի՞նչ կանի․․․

-Փիի-սիիիիիկ։

-Քեզ կատվիդ սիրելուց վիդեո անեմ, ուղարկեմ գժանոց, գան տանեն։

-Մա․․․մաու․․․

Մսյո Ժորիկը արյունոտում է ձեռքերս, դեմքս։ Ես մի պահ կորցնում եմ զգոնությունս, նա դուրս է պրծնում ձեռքերիցս։

-Դավայ, դավայ, փախի, փիսո ջան, փախի,- ողջ ընտանիքս, իմ ու կատվիս բռնոցիում, իհարկե, կատվիս կողմից է։ Նա մտավ պահարանի տակ։

-Ոչինչ, գիշերը կգա, արթուն միայն ես ու դու կմնանք, սերդ կբռնի,- ապագան իմանալով՝ հայտարարում եմ ես ու գնում վիրակապվելու։

***

-Մարիամ․․․ Ո՞ւր ա․․․,- շշնջում է քույրս։

-Իրա պուֆին․․․ քնած ա․․․

-Կամաց, գնում ենք, լույսը չվառես․․․

-Հա, հեռախոսիս լույսը վառած ա։

-Էդ էլ անջատի։

-Սը՜ս, կամաց․․․

Ես ու քույրս սողում ենք դեպի մեր սենյակ, մի կերպ մտնում վերմակի տակ։ Կարծես թե ստացվեց, կարող ենք քնել։

-Օ՜ֆ է,- շշնջում է քույրս։

-Մյաո՞ւ։

-Աստված իմ,- վախեցած վեր ենք թռնում մենք։

-Մյաաու,- իրենից գոհ պատասխանում է դռան հետևի սատանան։

-Չենք հանձնվում,- շշնջում է քույրս։ -Հեռախոսիդ հանկարծ չնայես, ձայն չհանես։ Թող մտածի քնած ենք, գնա։

Դռան հետևի սատանան ճանկռոտում է դուռը։

-Վախենում եմ․․․,- լացակումած գլուխը տարուբերում է քույրս,- ես այլևս չեմ կարող։

-Հասմիկ, դիմացի․․․

-Չեմ կարող էլ․․․

-Հահահահ, մյաու։

***

-Էսօր դրան չթողնեք քնի,- առավոտյան իր պլանն է մեզ հայտնում հորաքույրը։ -Եթե ցերեկը չքնի, գիշերը ոնց էլ չլինի՝ քունը տանելու է։

-Ոնց չթողնենք, ցանկացած դիրքով քնում ա,- առարկում եմ ես՝ մատնացույց անելով մսյո Ժորիկին։

-Արթնացրու։

-Փիսիկ,- շոյում եմ կատվիս ու կանգնեցնում չորս թաթիկի վրա,- արթնացի, «կոծ»։

-Արթնացի։

-Արթնացի, փիսիկ։

-Փիսի՛կ, վեր կաց, բռնոցի ենք խաղում։

-Արթնացրե՛ք դրան։

-Կատուն էլի քնած ա։

-Խշխըշ, խշխըշ, Ժորիկը քնած է, Ժորիկը քնած է, արթնացնել։

-Ես էլ չեմ կարող էսպես, թողեք քնի։

Իսկ նա չէր էլ արթնացել, հո գիշեր չի՞, որ արթնանա։

***

Չէ, չմտածեք, որ կատուս մեզ միայն տանջել ու չարչարել է։ Ես, թերևս նկատում եմ նրա միայն լավ կողմերը, այն, թե ինչպես էր տունը իսկապես ջերմ ու հյուրընկալ դարձել, այն, թե ինչպես էի ես շտապում տուն, ինչպես էր այն կանչում ինձ։ Այն, ինչպես էր նա դռռում՝ ծնկներիս քնած, այն, թե ինչպես էր ցատկում մայրիկի վրա ու գրկում նրան։ Այն, թե ինչպես էր իր խոնավ քիթիկով հպվում իմ քթին, երբ ասում էի՝ արի պաչեմ։ Այն, թե ինչպես էր քսմսվում ոտքերիս ու քորում իր մռութիկը։ Թե ինչպես էր իր քնած դիրքերով «սպանում» մեզ բոլորիս, որ մենք՝ չափահաս մարդկանց մի ողջ ընտանիք ժամերով նստում նայում էինք՝ հլը երեխեն ոնց ա քնել։ Այն, թե ինչպես նրան սկսեցինք անվանել «երեխեն» ու բոլորս էլ սիրել սովորեցինք։ Սիրել մեկին, որ քեզ չի թողնում քնել գիշերները, քայլում է պատերի վրայով, կախվում է վարագույրներից ու քո սիրած գորգը դարձնում է ընդամենը թելերի մի կծիկ։

-Նայի, ինչ տխուր ա․․․

-Մամա, տխուր չի։

-Դե, տեսնենք՝ ով ա իրեն ավելի լավ հասկանում։ Արի մոտս, Ժորիկ ջան, արի գիրկս։

Ժորիկը սենյակի մյուս անկյունից ցատկում է միանգամից մորս ծնկներին։

-Դու տանջում ես փիսիկիդ։

Ես արդեն համոզվել էի, որ մեղավոր եմ՝ գյուղի կատվին քաղաք բերելով, բայց միևնույնն է, չէի համաձայնվում նրան բաց թողնել, մինչև բոլորիս աչքերի տակ անքնությունից սև շրջանակներ չհայտնվեցին, իսկ Ժորիկը երկու անգամ «լավ բան չարեց» մորս՝ ամառը լվացած ներքնակի վրա։

-Երեխեն պետք ա գնա գյուղ։

-Հա։

-Ի՞նչ։

-Ասում եմ՝ հա․․․

***

-Ալո։

-Կատուս ո՞նց ա։

Ասեմ՝ կատուս ոնց ա։ Կատուս ամբողջ օրը զբոսնում է այգում, իսկ զբոսնելիս նրա թաթիկներն անգամ գետնին չեն դիպչում, զբոսնում է՝ ծառից ծառ։ Որտեղ արևը՝ էնտեղ ինքը։ Տուն մտնում է միայն ցուրտ եղանակի դեպքում, իսկ մնացած ժամանակը դրսում է։ Երեկոյան նստում է վառարանի կողքի իր աթոռին, որին, բացի իրենից ոչ ոք իրավունք չունի նստելու, ու երջանիկ դռռում է։

-Հորքուր, պահի կատվիս վրա, տեսնեմ։

-Նայի քո կատվին, նայի, երևո՞ւմ ա։

-Մի քիչ աջ, մի քիչ էլ վերև։ Ըհն, երևում է։ Ժորի՞կ։

Մսյո Ժորիկը ինձ մի հպարտ, քնատ հայացք ընծայեց։

-Ժորս, ցավդ տանեմ, լա՞վ ես։

-Մյաու։

***

Ժորիկը երջանիկ է, աշխարհը՝ փրկված։ Իսկ ե՞ս․․․

Դե, ինձ կարող եք շարունակել ինտերնետային կատուների նկարներ ուղարկել, բայց միևնույնն է, ոչ մեկը Ժորիկիս չի հասնի։ Իմ ազատ ու երջանիկ Ժորիկին։

Ամբողջությամբ ոգեշնչված կատվիս՝ միլիոն վեց հարյուր հազար յոթանասունինը նկարները միլիոն յոթ հարյուր հազար իննսունութերոդ անգամ ծայրից ծայր թերթելուց։