Իմ էջը խորագրի արխիվներ

seda mkhitaryan

Տոներն անցան

Դարակումս դրված գրքերը ինձ են սպասում: Բերել եմ գյուղ, որ արձակուրդին կարդամ։ Արձակուրդը շուտով կավարտվի, իսկ գրքերը երևի կմնան առանց կարդալու։

Ժամանակը կրկնակի արագ է անցնում, երբ ազատ օրեր են։ Տոներն անցան, ու հիմա «հետտոնական սթրես» կոչվածը փաթաթվել է վզիս։

Այս տարվա Ամանորը սիրուն չէր։ Առանց ձյուն ձմեռվա հեքիաթը կիսատ էր, կամ` չկար։

Անցած տարվա փետրվարին ծնված փոքրիկի համար սա առաջին Ամանորն է, ճիշտ է, նա այնքան էլ չի հասկանում չարազից, բլինչիկից ու տոլմայից, բայց դե մենք էլ նրա չափ չենք կարող հասկանալ հրաշքներից, հեքիաթներից ու Ամանորից։

Ինչևէ, մի տարի էլ անցավ, մի եղևնի էլ տոնածառ դարձավ, մի անգամ էլ շամպայնի բաժակները իրար զարկվեցին, կրկին բոլորը իրար շնորհավորեցին, հյուրեր եկան ու գնացին, մենք ինչ որ տեղեր հյուր գնացինք, ու մի թղթապանակ էլ ավելացավ համակարգչի մեջ «Ամանոր» անունով, բայց կողքի թիվը տարբեր է՝ «2018»։ Ամբողջ Ամանորը դարձավ ընդամենը մի քանի լուսանկար ու պահվեց համակարգչում։

Հիմա նստած եմ արդեն ոչ մեկին չգերող տոնածառի կողքին ու զգում եմ բնական եղևնու հոտը: Վառարանը երգում է, դրսում ձյուն չկա, իմ մտքում «Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է…» երգն է, ու մտածում եմ` տեսնես երբվանի՞ց և մինչև ե՞րբ է ժամանակի պարույրը պտտվելու, մինչև ե՞րբ են բոլոր ամանորները իրար նման լինելու, մինչև ե՞րբ ենք եղևնին տոնածառ դարձնելու։ Հռետորական հարցեր չեն, բայց դառնում են այդպիսին։

Կարմիր խաղալիքը կախվել է տոնածառին ու նրա մտքում էլ երևի նույն հարցերն են։

Բայց արդյո՞ք բոլոր ամանորները նույնն են։ Երևի` չէ, այ օրինակ, անցած Ամանորին դու 17 տարեկան էիր, հիմա 18 ես, բայց տարբերությունը միայն այդ մի տարին չի… Այդ մի տարվա մեջ քո կյանքում շատ բաներ են փոխվել։ Մի տարի առաջվա այն աղջիկը հիմա հաստատ նույնը չի։ Նա հիմա նոր մտքեր ու երազանքներ ունի, նա հիմա աշխարհին մի քիչ ավելի «մեծի» աչքերով է նայում։

Ութսուներկուամյա մանուկիս

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

«Մանանայի» դասընթացների վերջին օրն էր, ու հենց այդ օրն էլ հավանության արժանացավ առաջին նյութս՝ տեղադրվելով կայքում: Նյութիս մեջ տեղ էր գտել տատիկիս պատմած պատմություններից մեկը: Այդ պատմությունը ինձ հաջողություն բերեց. ես արժանացա առաջին ընթերցողների ծափերին: Դա երբեք չեմ մոռանա:

Ինձ խորհուրդ տվեցին գրել տատիկիս պատմած պատմությունները, բայց քանի որ խոսքը մայրական տատիկիս մասին է, և նա մեզ հետ չի ապրում, կդժվարանամ մանրամասն հիշել նրա պատմությունները, որոնք պատմել է տարիներ առաջ, երբ հյուր էր եկել մեզ:

Հիմա ես ուզում եմ գրել տատիկիս մասին, բայց ոչ թե իր պատմությունը, այլ թե ինչքան եմ սիրում ու կարոտում իրեն: Կարոտում, որովհետև Նոր տարուց Նոր տարի հազիվ տեսնեմ, թե՝ չէ:

Ամանորյա տոներին գնացել էինք տատիկին տեսնելու՝ մորեղբորս տուն: Սենյակ մտնելուն և տատիկին ամուր-ամուր գրկելուն պես, նա ասաց.

-Մեռնիմ անընիդ, բալես, երկու օր առաջ դարձար քառասուն օրական, ու պապդ մահացավ:

Ան, թզբեխի վրա հաշվում եմ անընդհատ, դարձար տասնհինգ տարեկան քառասուներկու օրեկան:

Այս լսելուն պես էլի ամուր գրկում եմ տատիկիս ու նայում մորս: Մի պահ մտածեցի՝ երևի մոռացել է քառասունքիս լրանալու օրը, բայց հետո՝ չէ, հաստատ չէր մոռանա պապիկիս մահը, պարզապես, սովորության համաձայն, իր վիշտը երբեք չի բարձրաձայնում:

Տատիկս ոտքից գլուխ զննում էր ինձ:

-Իմ օրիորդ բալա: Հասմո, քու երեխեքուց խորոդ ա,-դիմում է մորաքրոջս, միասին ծիծաղում ենք,- գլուխս էլ հաստատ էս անտեր նաուշնիկներից ու ռադիոյից ա սկսել ցավալ,- բողոքեց տատս ու հանեց ականջակալները. նա լավ չի լսում:

Երկար զրուցելուց ու տոնը շնորհավորելուց հետո հեռացանք:

-Կտեսնվենք երևի մյուս Նոր տարի,- արցունքներս զսպելով ցածրաձայն ասացի դուրս գալուց առաջ:

Տա՜տ, իմ խորհրդատու, հիշում եմ մեր տան այն առավոտը, երբ արթնացա բարձի հարվածից: Գլուխս բարձրացրի՝ ինչ-որ մեկին նախատելու մտադրությամբ, ու զարմացա՝ տեսնելով, որ հարվածի հեղինակը դու ես: Ախր, ո՞նց էիր էդ ծանր բարձը այդ տարիքիդ բարձրացրել, մի բան էլ՝ նետել մահճակալիս:

-Հելի, մեռնիմ արևուդ, աղջիկն երկար չքնի, հելի՝ մե հատ կոֆե դիր:

Տատ, կհիշես հաստատ մեր ժեստերի լեզուն, որն օգտագործում էինք, երբ հյուրեր էին գալիս քեզ տեսնելու, ու քանի որ ցածր էին խոսում, իսկ լսողությունդ այն չէր, չէիր կարողանում պատասխանել նրանց պարզ հարցերին. «Բարև, Նազո տատ, ո ՞նց ես, ի ՞նչ կա-չկա, հո հիվանդ չե ՞ս», ու ես հյուրերի մեջքի հետևում փորձում էի ժեստերով բացատրել քեզ, ու դու խորամանկ ժպիտով անսխալ հասկանում էիր ցույց տվածներս:

Տատ, ես երբեք չեմ մոռանա, որ երբ ծնվել եմ, դու բացարձակ կույր վիճակում՝ շրջապատից հարցուփորձ անելով ու օգնություն խնդրելով, հասել ես խանութ ու ինձ համար ծածկոց գնել:

Ես այդ ծածկոցով տիկիկներիս էի ծածկում փոքր տարիքում, իսկ երբ մեծանամ՝ ծոռներիդ եմ ծածկելու:

Տատ, ես վախենում եմ…

Վախենում եմ կորցնել քեզ, այլևս չլսել աղոթքներդ ու խրատներդ, չլսել պատմություններդ, հատկապես, մամայի ամուսնության մասին: Տատ, ես վախենում եմ, իսկ դու, կարծես դիտմամբ, անընդհատ խոսում ես մեծ լինելուդ, վատառողջությանդ ու պապիկի մոտ գնալու ցանկության մասին: Տատ, ախր, գիտես, որ իմ միակ տատիկն ես, ես պապիկ էլ չունեմ, ու շատ ունեմ քո կարիքը…

Ես համոզվել եմ, որ մեծանալով՝ մարդիկ հոգեպես մանկանում են, և դու՝ իմ ութսուներկուամյա մանուկ, իմացիր, որ քեզ երբեք չեմ մոռանում, և որ դու իմ միակն ես:

Չգիտեմ, կկարդա՞ն քեզ համար այս հոդվածս, կամ կլսե՞ս արդյոք, երբ կարդան, բայց կարծում եմ, ինչ-որ պահ կզգաս ներկայությունս կողքիդ, ինչպես զգում ես, երբ վատառողջ եմ լինում, զանգում ես, հարցնում.

-Բալա ջան, երազիս քեզ տեսել եմ, խո հիվանդ չե՞ս:

Ու ես նույնիսկ հիվանդ ժամանակ պատասխանում եմ.

-Չէ, տատ, հիվանդ չեմ:

anahit gasparyan charencavan

Երջանկության սպասելիս

Երջանկության սպասումը հենց ինքը երջանկություն է:

Գոթհոլդ Էֆրաիմ Լեսսինգ

Նոր տարվա եռուզեռի ժամանակ շատ հաջող կերպով հանդիպեցի գերմանացի գրողի այս խոսքերին: Ակտուալ թեմա է՝ սպասումը յուրաքանչյուրիս կյանքում:

Մի քանի օր առաջ մենք բոլորս սպասում էինք Նոր տարվան, բայց ամեն ոք յուրովի: Մեկը սպասում էր Նոր տարվա գալուստին, մյուսը՝ հենց «նոր» հասկացությանը, չէ՞ որ սա հրաշալի հնարավորություն է հեղինակել կյանքիդ նոր գլուխը՝ փորձելով չկրկնել նախորդ տարվա սխալները:

Սպասում ես ուղիղ կեսգիշերին, որպեսզի շնորհավորես այն ամենակարևորներին կամ ստանաս շատ կարևոր շնորհավորանքներ, ընտանիքի անդամներով «չը՜խկ» անես բաժակները ու տան մեծի օրհնանքով սկսես տարին:

Սպասում ես Նոր տարվա հրաշքին, երբ կախում ես տոնածառի առաջին խաղալիքը ու աչքերդ փակ երազանք պահում: Իսկ երբ հարցնում են, թե ինչ ես պահել, պատասխանում ես.

- Չեմ կարող ասել, այլապես երազանքս չի իրականանա:

Ու ամուր փայփայելով երազանքը, որը մեկ էլ հիշելու ես ծննդյանդ մոմերը փչելիս, սպասում ես դրա իրականացմանը:

Միշտ սպասում ես եղանակի կանխատեսումներին: Երբ ձմեռվա կեսին արև է, ու Սյունիքում մանուշակ է ծաղկում, սպասում ես ձնագնդիկների ու ձնեմարդուկների եղանակին, իսկ երբ ձյուն է գալիս, սպասում ես գարնանը, թե երբ է տաքանալու, որ հանես այդ տաքուկ ու ծանր մուշտակը, սպասում ես, որ տատիկդ անընդհատ չասի.«Չե՞ս մրսում, տաք հագնվի»: Ու կարևոր չի, որ 4 կիլոգրամ հագուստ ես կրում այդ պահին:

Սպասում ես Ձմեռ պապին, չգիտեմ Ձյունանուշին սպասո՞ւմ ես, բայց հրաշքի այս մարմնացումներին պետք է սպասես ամեն տարիքում: Ու եթե «մեծացել ես» ու այլևս չես հավատում  նրանց, ուրեմն ուղղակի չգիտես, որ Ձմեռ պապը իրական կերպար է՝ իր եղնիկներով, Լապլանդիայով ու սահնակներով հանդերձ, քանի որ այն գոյություն է ունեցել երևակայությանդ մեջ, քո սրտում: Իսկ ինչը դու անկեղծ ստեղծել ես ու ինչին անկեղծ հավատացել ես, թեկուզ մանկության տարիներին, անպայման գոյություն ունի:

Ես միշտ սպասում եմ տարվա վերջին անգլերենի պարապմունքին, երբ սիրելի ուսուցչուհիս բերում է «կախարդական գուլպան»: Գրում ենք, թե հաջորդ տարում ինչ սպասելիքներ ու երազանքներ ունենք ու գցում գուլպայի մեջ: Ընկեր Դալլաքյանը տանում է այդ գուլպան եկեղեցի, գմբեթի տակ աղոթում մեր երազանքների կատարման համար, իսկ քահանան Աստծո օրհնությունն է տալիս: Նաև շատ եմ սպասում տարվա առաջին պարապմունքին, երբ բոլորիս աթոռների տակ դրված է լինում, թե ինչ է լինելու մեզ հետ այդ տարի:

Նախորդ տարի ում ինչ ընկել էր, այդպես էլ կատարվեց: Ինձ ընկել էր նոր հաղթանակներ, ու 2017-ը առանձնացավ ինձ համար հենց հաղթանակներով, Եվային՝ Flex ֆինալիստ, Գայանեին՝ նոր ընկերներ, շատերին՝ անվճար ընդունելություն, ուսուցչուհուս՝ նոր աշխատանք: Չես հավատա, բայց բոլորը իրականացել են, բա էլ ինչպե՞ս չսպասես…

Սպասում ես դպրոցներին, սպասում ես դասարանով հավաքվելուն ու մի կուշտ թափառելուն, սպասում ես այն հարազատներին, որոնց միայն Նոր տարուց նոր տարի ես տեսնում, սպասում ես այդքան երկար ընտրածդ նվերի արձագանքին, սպասում ես նոր նվաճումների ու նոր մարտահրավերների, սպասում ես լավատեսորեն ու հավատում սպասումիդ:

Եվ վերջում մեզ՝ 17-ցիներիս, կապում է մեկ ընդհանուր սպասում: Մենք բոլորս «Մանանա» կենտրոնի շնորհիվ կարողանում ենք արտահայտվել, ստեղծագործել, սովորել, ձեռք բերել նոր ընկերներ ու նոր հմտություններ, զբաղվել մեր սիրած գործով ու ամեն օր սպասել նոր հոդվածների ու արձագանքների: Ու Լեսսինգի խոսքը շատ ճիշտ է հենց այս պարագայում, մենք ամեն օր սպասում ենք 17-ին ու այդ սպասումը հենց երջանկությունն է:

arman arshak

Հաղթահարել վերջնագծերից մեկը

Այս հոդվածս գրում եմ կյանքի ճանապարհին դրած վերջնագծերից մեկը հաղթահարելու մասին։

Կյանքիս ճանապարհը բաժանված է մասերի, ու յուրաքանչյուր մասի ավարտին կա մի վերջնագիծ՝ ֆինիշ, որին ամեն կերպ փորձում եմ հասնել։ Եվ այսպես, օրեր առաջ զանգ ստացա և իմացա, որ մեկնելու եմ Վրաստան՝ մասնակցելու երիտասարդական փոխանակման ծրագրի։ Գիտակցել, որ հենց նոր դու հաղթահարեցիր քո կյանքի վերջնագծերից մեկը, պարզապես հրաշալի է։

Եվ այսպես, մի քանի օրից Վրաստանում էի, այնտեղ էին նաև Ուկրաինայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Խորվաթիայից և Վրաստանից ևս 30 երիտասարդ։ Փոխանակման ծրագիրը հավասարության մասին էր: Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, վստահ եմ, կիրառելի կլինեն ողջ կյանքի ընթացքում։ Ներկայացրեցինք մեր երկրի տարբեր ոլորտներում խտրականության ցուցաբերման վիճակագրական տվյալներ և ծանոթացանք այլ երկրների վիճակագրական տվյալներին ու խնդիրներին։

Անչափ հետաքրքիր էին մշակութային երեկոները։ Հետաքրքիր էր ծանոթանալ այլ երկրների մշակույթին և, ինչու ոչ, պարտավորեցնող էր ներկայացնել քո մշակույթը։ Սակայն ամենատպավորիչն ինձ համար դա Հայաստանի մշակութային երեկոյի ժամանակ «Կիլիկիա» երգն էր, որի ընթացքում շատ մասնակիցներ արտասվեցին։

Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ամփոփեցինք նկարահանելով փոքրիկ տեսահոլովակներ։

Փոխանակման ծրագրի արդյունքում ձեռք բերած հմտությունները վստահ եմ, որ կիրառելի են։ Սակայն այնտեղ անցկացրած ժամերը նոր ընկերների հետ անմոռանալի էին։ Ամենաթանկը, որ ձեռք բերեցի, դրանք ընկերներն էին, հատկապես Ուկրաինայի թիմը, հատկապես Դմիտրին, ում հետ ամենաշատը մտերմացա:

Այդ ողջ ընթացքում գիտակցում էի, որ այժմ ես իմ մեկ նպատակին հասել եմ, իսկ այդ զգացողությունը միայն առաջ շարժվելու ձգտում է առաջացնում։

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գրեննիի նոր կացարանը

Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթն էր: Հենց այս ժամանակ էր, երբ հասկացանք, որ հյուրընկալ ընտանիքիս տատիկին (Գրեննիին) ծերանոց տանելու ժամանակն էր: Հոսթ մայրս ու նրա քույրը վերջապես ընդունեցին դրա անհրաժեշտությունը, և մենք սկսեցինք մեր տատիկի տեղափոխման գործընթացը:

Բայց նախ ուզում եմ բացատրել «ծերանոց» երևույթի մասին ամերիկյան ու հայկական պատկերացումների տարբերությունը:

Ըստ հայկական պատկերացումների՝ ծերանոցը վայր է, որտեղ ապրում են լքված ու միայնակ տարեց մարդիկ, ովքեր չունեն իրենց մասին հոգ տանող որևէ մեկին: Ծնողին ծերանոց տանելը զավակի կողմից անպատվաբեր քայլ է համարվում:

Ծերանոցի մասին ամերիկյան պատկերացումները ճիշտ հակառակն են: Էստեղ հավաքվում են տարբեր կյանքի պատմություններ ունեցող տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ սեփական կարիքները և ունեն օգնության կարիք: Ծերանոցը նոր ընկերներ ու ապրելու ցանկություն ձեռք բերելու լավագույն հնարավորություններից է:

Հա, ուրեմն, ժամանակն էր Գրեննիին ծերանոց տեղափոխելու: Նրա հիվանդությունը հիշողության ու տեսողության կորստի պատճառ էր դառնում, ինչը բարդացնում էր ինքնուրույն ապրուստն անգամ ամուսնու օգնության դեպքում: Նրա ամուսինը համաձայնվեց ապրել ծերանոցում՝ հանուն իր կնոջ կողքին լինելու և նրա մասին հոգ տանելու:

Սկսեցինք տեղափոխման ծանր գործընթացը: Պետք էր ծերանոց տեղափոխել նրանց սիրելի կահույքն ու այն բոլոր իրերը, որոնք կհիշեցնեին տան մասին և կօգնեին ավելի հեշտ հարմարվել օտար միջավայրին:

Մոտենում էր Սուրբ Ծննդյան տոնը: Գրեննին արդեն ծերանոցում էր իր ամուսնու հետ, ու մենք որոշեցինք նշել տոնը նրանց հետ՝ ծերանոցում: Հավաքեցինք նվերներն ու վաղ առավոտյան գնացինք ծերանոց: Գրեննիի ուրախությանը չափ չկար, փայլող աչքերով բացում էր նվերներն ու շնորհակալության խոսքեր կրկնում: Երբեմն մոռանում էր, թե որն ումից է, կամ բողոքում, որ տեսողությունը թույլ չի տալիս գնահատել նվերի ողջ հմայքը:

Իսկ մենք երջանիկ էինք, հենց միայն այն փաստից, որ մեր ներկայությունն այս փոքրամարմին, բայց անսահման բարի հոգով կնոջ երջանկության պատճառն էր:

arman arshak

Կարճ ասած, 2017

Պահն է, որ ես էլ հետ նայեմ անցած տարվան ու վերլուծեմ տարին։

2017-ի մասին մտածելիս առաջինը, որ հիշեցի, դա առաջին հոնորարն էր, որը ձեռք էի բերել սոցհարցում անելով և առաջին երկարատև աշխատանքն էր ամռանը։

Հասկանում եմ, որ քիչ չէն այն իրադարձությունները ու դեպքերը, որոնք եղել են առաջին անգամ՝ առաջին սեր, առաջին ծրագրի կառավարում, առաջին արտերկրյա ծրագիր, առաջին հիասթափություն, և որքան էլ տարօրինակ հնչի, առաջին անգամ մասնակցեցի քաղաքական ցույց-երթի նվիրված մարտի մեկին:

Կարելի է ասել, որ տարին սկսեց եղբորս բանակ ճանապարհելու իրադարձությամբ: Զգալ զինվորի եղբոր հպարտությունը, կարծում եմ, լավ սկիզբ էր։ Հիշարժան էր նաև քաղաքի լավագույն բանավիճող խմբի անդամ ճանաչվելը։
2017-ի կարևորագույն իրադարձություններից էր ինձ համար Կոտայքի մարզի քաղաքացիական նախաձեռնող ակտիվ խմբի անդամ ընտրվելը և ԱՐՄԱՏ նախաձեռնող խումբ կազմելն ու մի շարք հետաքրքիր ծրագրեր իրականացնելը։

Եվ վերջում տարին ամփոփվեց երիտասարդների փոխանակման ծրագրի մասնակցությամբ Վրաստանում։

2017-ին եղան շատ հետաքրքիր դեպքեր, որոնք երբեք չի մոռացվի: Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներ էին ընկերները, ընկերներ, ովքեր հայտնվեցին իմ կողքին տարվա ընթացքում, և վստահ եմ, որ ինձ հետ կքայլեն իմ կողքով ողջ կյանքիս ընթացքում։

Հուսամ 2018-ը կլինի էլ ավելի արդյունավետ տարի, չեն կրկնվի այն սխալները, որոնք եղան 2017-ին: Սկսեմ կյանքիս գրքի «2018» բաժինը և հուսամ, որ բաժնի վերջում անդադար կնշեմ ձեռքբերումների ու հաջողությունների մասին։

Դե ինչ, բարի գալուստ նոր փորձությունների ու հաջողությունների 2018:

hasmik givargizyan

Այնքան սիրելու բան կա

Հայոց լեզվի դասաժամերից մեկի ժամանակ մի քիչ շեղվեցինք թեմայից ու եկանք այն եզրակացության, որ նոր սերունդը տառապում է սևապաշտությամբ: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր ուշադրությունը այդ հարցի վրա հրավիրեց հենց ինքը՝ ուսուցչուհին:

-Երեխեք ջան, անձամբ ես՝ սևը շատ եմ սիրում, բայց ձեր ի՞նչ տարիքն է: Ձեր տարիքում ավելի շատ վառ գույներ պիտի հագնեք, ավելի վառ պիտի պատկերացնեք կյանքը:

Համամիտ եմ: Բայց դե, ամեն ինչն էլ բացառություններ ունի: Կան մարդիկ, որոնց համար սևն ուղղակի հոգեվիճակ է, բայց տեսքից հեչ չես ասի: Ասում, խոսում, էնպիսի հումորներ են անում, մնում ես ապշած: Մարդիկ էլ կան՝ այդ առաջին խմբին նայում, նախանձում են, ու «ուլում-զուլումով» գնում-մտնում սևի մեջ, «դարձնում» իրենցը: Բայց, ախր, սևը չի, որ մարդուն տխուր կամ ուրախ է դարձնում:

Գրեթե մոռացել էի այս խոսակցության մասին, երբ զգեստապահարանս բացելով նկատեցի, որ հագուստիս կեսը սև է: Այ քեզ բան, ինքս էլ չէի նկատել: Հիմա ի՞նչ է դուրս գալիս, պարզվում է՝ սիրում եմ սևը, բայց բոլորովին տխուր անձնավորություն չեմ: Կյանքում էնքան ուրախ ու գունավոր բաներ կան, որ սիրում եմ, ու ընդհանրապես կապ չունեն սևի հետ:
Օրինակ՝ քնաթաթախ երեխայի աչքերը, որ ամեն կերպ փորձում է դիմադրել քնին, բայց վերջ ի վերջո հանձնվում է:

Պապիս հնացած հումորները, որ էլ ծիծաղելի չեն, բայց անչափ ջերմ են:

Ամանորյա ֆիլմերը՝ օգոստոսի կեսին, դասերից առաջ դիտելը:

Նվիրելու նպատակով գիրք գնելը, բայց մինչև նվիրելը անպայման կարդալը:

Հեռախոսիս մեջ նոր ծրագրեր ներբեռնելն ու ջնջելը՝ րոպեների տարբերությամբ:

Խառը մտքերովս խառը տեքստեր գրելը՝ որ գլխումս տեղ ազատվի:

Փողոցով քայլելիս բարձրաձայն երգելը:

Էս աշխարհում սիրելու էնքա՜ն բան կա, ի՜նչ ափսոս, որ չենք նկատում:

elada petrosyan

Վերադառնանք իրական աշխարհ

Ամանորյա տոնը գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե մոլորակի համայն մարդկությունը՝ մեծ թե փոքր, սևամորթ թե սպիտակ, առողջ թե հիվանդ, աղքատ թե հարուստ, հաջողակ թե ձախորդ, սիրված թե խռոված, երբ ղողանջում են Նոր տարավա սկիզբն ազդարարող զանգերը, անխտիր բարիանում ու մանկանում է, թեկուզ մի քանի վայրկյան: Բայց այդ, մի քանի վայրկյանի հավաքական բարության պաշարն է երևի, որ պահում է այս մոլորակը՝ չնայած ամեն կողմից հասնող չարագույժ լուրերին՝ մրրիկների ու ջրհեղեղների, հրդեհների ու երաշտների, համաճարակների ու այլևայլ աղետների մասին:

Նոր տարին բազմաթիվ նվերների ու ավելի լավն ակնկալելու հույսեր է բերում: Մեզանից յուրաքանչյուրը ասես երեխա է դառնում. մեզ շրջապատող իրականությունը սկսում ենք մանկան աչքերով ընկալել, թեև վաղուց արդեն հասուն մարդ ենք: Այս օրերին այնպես ես ուզում հավատալ Ձմեռ պապին ու Ձյունանուշին, այնպես ես սպասում, որ իսկապես այցելեն քո տուն:

Եվ այս ամենի պատճառը Նոր տարին է, երբ նորոգվում են ամենաբաղձալի երազանքները: Պետք է միայն հավատալ բարուն, հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, և մեզ ամեն ինչ հաջողվելու է:

Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների, ընկերների, սիրելիների ներկայությունը, մինչդեռ մենք շատ հաճախ շփման նմանակում ենք անում. գրում ենք sms-ներ, զրուցում չաթերում: Ընկերների հետ խոսելու փոխարեն՝ մենք էլեկտրոնային նամակներ ենք ուղարկում: Ախր, ցանցում շփվելու համար աչքերի մեջ նայելու, ժպտալու և ձայնի հնչերանգով շոյվելու կարիք չկա: Այդ ամենը պարզապես պատկերում ենք անհասկանալի նշանների միջոցով: Եթե սմայլիկ, օգտատերը ժպտում է, թարս սմայլիկ՝ օգտատերը նեղացած է: Ցանցում մենք իբր շփվում ենք՝ մոռանալով, որ իրական շփման ընթացքում տեղեկություն փոխանակելուց զատ, նաև փոխանակվում ենք էներգիայով, ջերմությամբ, սիրով, իրականությամբ:

Առանց դրանց մեր շփումը կորցնում է ամենագլխավոր իմաստը:

Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական ընկերություն, իրական տոն: Եվ գոնե Ամանորի գիշերը հրաժարվենք sms-ներ ուղարկելուց. խոսե՛նք և լսե՛նք նրա ձայնը, ով մեզ համար իրոք թանկ է:

mariam barseghyan1

Իմ 2017-ը

Նոր տարին նոր կյանքի խորհուրդ ունի: Եվ ամեն տարի մենք ինչ-որ բանի ենք սպասում: Ես, օրինակ, 2018-ից շատ ակնկալիքներ ունեմ: Դե, ճիշտ է, հիմա ուղեղումս բացի միասնական քննություններից ուրիշ բան չկա, բայց ոչ բոլոր ցանկություններս են, որ դրա հետ են կապված: Օրինակ՝ ուզում եմ, որ ինչ-որ մի հրաշքով ատոմային զենքը հօդս ցնդի: Պայթելու իմաստով չէ, այլ ուղղակի անհետանա, ու միայն ատոմայինը չէ, մնացած զենքերն էլ: Լավ կլիներ, չէ՞, մի օր արթնանայիր ու իմանայիր, որ ո՛չ ԻԳԻԼ-ի զորքերը կան, ո՛չ ահաբեկիչները, ո՛չ Ռուսաստանի ու Ամերիկայի բազաները աշխարհի ամեն անկյունում, ո՛չ էլ Ղարաբաղի սահմանից այն կողմ կանգնած թշնամին:

Ինձ փոքր տարիքից սովորեցրել են, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, կատարվում է: Դրա համար ես անկեղծ, անկախ ամեն ինչից՝ խաղաղություն եմ սպասում Նոր տարուց: Իսկ հետո՝ լուսավոր ու չսառցակալած փողոցներ եմ ուզում, որ հենց սառած փողոցների ժամանակը գա, երեկոյան ուշ տուն գնալիս ո՛չ ես ընկնեմ, ո՛չ էլ մեր բակի տատիկները: Բայց այս մի բանը Ձմեռ պապիկից չէ, որ պետք է խնդրեմ: Փողոցների մաքրման հարցը քաղաքային իշխանությունների գործն է, և հույս ունեմ, որ նախորդ տարվա նման Սուրբ Ծննդյան օրը չեմ վախենա եկեղեցի գնալուց: Հիմա կմտածեք՝ հիշաչար եմ, և ես էլ չեմ հերքի: Այնպես որ, բոլոր Ձմեռ նախագահներ, Ձմեռ մարզպետներ, Ձմեռ քաղաքապետեր, Ձմեռ գյուղապետեր և, իհարկե, սիրելի Ձմեռ պապիկ, քանի որ մենք մեզ լավ ենք պահել այս տարի, դուք ուղղակի պետք է մեզ համար հաջող տարի բերեք:

Լավ մնացեք…

Խմբագրության կողմից- Վերջին ցանկությունդ բնության կողմից արդեն իրականություն է: Դե, համենայնդեպս, առայժմ: Ձյան փոխարեն քեզ անձրև է նվիրում:

amalya harutyunyan

Տարին, որն այլևս չի կրկնվի

Չգիտեմ` վազում ես, շատ արագ ես վազում, հասել ես նշանակետին, իսկ ես ձեռքդ բռնել ու չեմ թողնում գնաս: Ախր, չեմ ուզում: Հասկանալ, որ ամենակարևոր տարիներիցս մեկը անցյալում է, չեմ կարող:
Ես չգիտեմ` ինչպես է ստացվում, որ իմ հոգեվիճակը միշտ նմանվում է դրսի եղանակին, բայց 2017-ը իր հրաշքներով, անհավանական պատմություններով ու նորություններով լրիվ ուրիշ էր:
Հա, հիմա ընկերներս էստեղ լինեին, կասեին, որ ամեն մի տարուց հետո նույն արտահայտությունն եմ անում: Դե հա, բայց տարիներն իրոք չեն կրկնվում, իրոք իրարից ձևով կիլոմետրերով հեռու են, ու այս տարին, ինձ համար, ամենասիրելիներից էր:
Ձմեռը սառն էր, երևի էլի եղանակին էի համադրվել: Հիշում եմ` ընդունելության համար էի պարապում, ու էս կյանքս էլ մի տեսակ սառույցի նման սառել ու չորացել էր: Դիմացս միայն շտեմարաններ էին, հաստափոր ինչ-որ նյութեր ու տետրեր:
Էդքան էլ չեմ ուզում հիշել այս ժամանակները: Ինչ խոսք, անտանելի ձանձրալի էր:
Բայց եկավ գարունը, ու գարնան հետ նաև կյանքս նոր շունչ մտավ:
Դե հետո վերջին զանգ, հրաժեշտ դպրոցին, ու մի օր էլ տեսնում ես, որ գարունը վերջանալու շեմին է:
Հունիսը հաղթանակիս ամիսն էր: Երևի այդ ժամանակ ավելի մեծ բան չկար, քան բարձր բալերով ընդունվելը, ապացուցելը, որ ես կարող եմ ավելին, որ իրականում հնարավորությունները ոչինչ են, միայն ցանկությոuն է պետք:
Ընդունվեցի, արդեն ամենամեծ հաղթանակս տարել էի, ու մնում էր ամառը վայելել:
Հունիսին պատանի թղթակիցների մեր դասընթացը տեղի ունեցավ: Եթե իմանայիք, թե այն ինչ շրջադարձային էր իմ կյանքում: Այդ 3 օրվա մեջ ձեռք բերեցի կյանքիս ամենակարևոր մարդկանց, ու չեմ պատրաստվում երբևէ նրանց թողնել:
Ես համալսարանի մասին մեծ երազանքներով ամբողջ օգոստոսի սկիզբը անցկացրի տանը, բայց երազանքներս մի կողմ դրեցի, երբ տեսա, որ անցել եմ Տնակ ճամբարը:
Օգոստոսի 23-28-ը առաջին անգամ Վայոց ձորում, առաջին անգամ հյուրընկալվող ընտանիքով ճամբարում, ու առաջին անգամ հենց այդ ընտանիքում: Ու դրա հետ մեկտեղ ամեն օր հետաքրքիր սեմինարներ, կինոդիտումներ, ու երեխեք, հետաքրքիր, ուրիշ, ջերմ ու տաք երեխեք:
Այսքան բան պատմեցի 9 ամսվա մասին, բայց երևի այս տարվա ամենախառը օրը օգոստոսի 31-ն էր: Ժամեր էին մնացել, որ ես հայտնվեմ համալսարանում, ու իմ մեջ ամեն ինչ խառնվել էր իրար` դե ամեն ինչ նոր էր լինելու: Մարդիկ մի կերպ պիտի սովորեին ինձ` ամենախենթ ցանկություններն ու մտքերը ունեցող, վայրկյանը մեկ կողքինին գրկող, շատ ու մեկ-մեկ էլ անիմաստ ժպտացող Ամալյային:
Սովորեցին: Զարմանալի էր, բայց նույն պահին երջանկացնող:
Հիմա մի մեծ ընտանիք ունեմ համալսարանում, ձեռքբերումներս էնտեղ շատ են: Ու ես առսնց իրենց արդեն չեմ պատկերացնում հետագա տարիներս:
Տես, ինչքան նորություն ու թարմություն ես բերել կյանքումս: Իսկ հիմա վազում ես, անհագ ցանկությամբ ուզում ես թերթեմ էջը: Իսկ ես չեմ կարող, չեմ էլ ուզում վերջ դնել այս տարուն:

Ու հետ ես նայում, նայում ես տարուդ ու հասականում, որ ընկճված օրերդ ոչինչ են ձեռքբերումներիդ դիմաց:
Չեմ ասի, որ միշտ ուրախ եմ եղել, բայց կասեմ, որ երջանկացել եմ Էլիզաբեթին ճանաչելով:
Չեմ ասի, որ համալսարանում ամեն ինչ կարգին է եղել, բայց կասեմ, որ համալսարանիս մեծ ձեռքբերումներից Անահիտն է եղել:
Չեմ ասի, որ միշտ ժպտացել եմ, բայց կասեմ, որ ամեն արցունքիս վրա Մարին ու Սոնան բարկացել են ու ժպտացրել: Եթե իմանայիք՝ ինչքան ուրիշ զգացողություն է, երբ հասկանում ես, որ ընտրել ես լավագույն ֆակուլտետը ու գտել ես կյանքիդ ամենահավես ու հոգատար մարդկանց:
Չեմ ասի, որ կյանքումս միշտ շողացել է արևը, բայց կասեմ, որ ես այն վառ եմ պահել իմ մեջ ու փորձել եմ ամեն կերպ մյուսներինն էլ միացնել:
Չեմ ասի, որ այս տարիս հոյակապ էր, ուղղակի կասեմ, որ միայն այս տարում հասկացա, թե ով եմ ես իրականում: