Օդը սառն է։ Էլի քեզ վրա ջղայնանում ես, որ շարֆդ չկապեցիր, ու շղթադ բարձրացնում, ուզում ես էլի բարձրացնել, բայց էլ տեղ չկա, հասել է վերջին։ Մրսած քայլում ես, ալարում ջրափոսը շրջանցել, բացում դուռը ու հանում անձը հաստատող փաստաթուղթը։
Հիմա կարող էի տանը թեյ, չէ, «չայ» խմել (թեյը մի տեսակ պետք է սրճարանում խմել)։ Երևի էս մտքերով մարդիկ փողոցում քայլում են, էն ջրափոսի վրայով թռչում ու բացում ընտրատեղամասի դուռը։ Խուճապ։ Ինչքան էլ քեզ բացատրեն կամ տեսանյութով ընտրելու կարգը նայես, մեկ է, մտածում ես՝ երբեք ինքնուրույն չես հասկանա՝ առաջինը որ սեղանին մոտենալ։ Այ էս խուճապն արտահայտող դեմքով մարդիկ մտնում, հետո կանչող ձայներին արձագանքելով՝ մոտենում են սարքին, որ մատնահետք ստուգվի։ Սարքը չի ճանաչում։ Մյուսինն էլ չի ճանաչելու։ Գյուղը, որտեղ դիտորդ էի, ոչնչով չտարբերվելով մնացած գյուղերից՝ ստիպում է մարդկանց էնքան աշխատել, որ մատնահետքը կորցնեն։
Անձը հաստատող փաստաթուղթը, իհարկե, բերել են, որ մոտենան մյուս սեղանին… Չէ, էն տատին ոնց որ չի բերել։ Հիշողություն..․ Ինքն իր վրա ջղայնացավ։ Երևի կգնա, էլ չի գա։ Հազիվ էր քայլում։
-Բայց էսքան թուղթ ինչի՞ եք տալիս, է, էսքանը ի՞նչ եմ անելու, ինձ մեկը հերիք է։
Չէ, դե կարգն է, ինչքան էլ որոշած են գալիս, պետք է բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները վերցնել։ Դե, հիմա հերթ կանգնեք, որ մտնեք քվեախցիկ։ Վայ, էն երեխեքն առաջին անգամ են քվեարկում, նվերը չտվին, կրծքանշան ա, ուրիշ բան չի, առաջ նայեք` Ձեր հերթն եկավ, մտե՛ք, ինչ էլ ուրախ ա դուրս գալիս, սպասեք, է, մի շտապեք՝ դրոշմը կպցնեն։
Էն տատին հետ եկավ, ասում ա՝ անձնագիրս բերել եմ։
Ընտրողների մեծամասնությունը 60-ն անց էին։ Երևի թեյը նրանց էլ չի գրավում, բայց մի տեսակ ուրիշ հայացքով էին տուն վերադառնում․ իրեն կարևորված զգացող մարդու հայացքով։
Ընտրություն կատարելը նախ և առաջ պատասխանատվություն է: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, մեր հասարակության մեծամասնությունը չի գիտակցում դա: Այս ընտրությունների ժամանակ եթե ընդունենք, որ մարդկանց, օրինակ, 30%-ը երկրում չէր, կամ այլ պատճառներ ուներ ընտրության չգնալու համար, ապա ես ուղղակի համոզված եմ, որ մի 20%-ին էլ դա ուղղակի հետաքրքիր չէր: Չէ, ես չեմ խոսում ընտրությանը մասնակցողների քանակից, ես խոսում եմ, նրա մասին, որ մեր երկրի համար նման կարևոր պահի կան մարդիկ, ովքեր թքած ունեին այս ընտրությունների, հետևաբար նաև երկրի ապագայի վրա: Մեր հասարակության մեջ գրեթե գոյություն չունի այն գաղափարը, որ մեր մի քվեն ինչ-որ բան փոխելու առարկայական ուժ ունի: Շատ երիտասարդներ, այդ թվում նաև ես, այս տարի առաջին անգամ էի ընտրում: Եվ հնարավորություն ունեի քաղաքացիական պարտքս կատարել և քվեաթերթիկի վրա նշում անելով լիովին գիտակցել, որ հիմա ես էլ եմ պատասխանատվություն կրելու: Որ հետագայում խորհրդարանում ընդունված ցանկացած որոշման համար, հենց ես եմ պատասխանատու: Ուրախ եմ, որ այս անգամ ընտրողներից և ոչ մեկը, իրավունք չի ունենա ասել, որ մեր վատ սոցիալական պայմանների կամ այլ խնդիրների համար կառավարությունն է մեղավոր: Ոչ՛, մենք պետք է լիովին գիտակցենք, որ ամեն ինչ՝ թե՛ լավ, թե՛ վատ, միայն և միայն մեր ընտրության արդյուքն է լինելու: Ու այս անգամ չենք կարող մեր ընտրությունը քվեները կեղծելու տակ թաքցնել, որովհետև հիմա կարծես թե բոլորս համոզված ենք ընտրությունների արդար լինելու մեջ: Հուսով եմ, որ այս ընտրությունները թույլ կտան նոր կառավարությանը ամրապնդել իր դիրքերը և սկսել գործել ի շահ ժողովրդի: Ակնկալում եմ տեսնել արարքների համար պատասխանատվություն կրող նոր կառավարություն և իրապես հասուն հասարակություն: Չնայած գրեթե համոզված եմ, որ ակնկալիքներս չեն արդարացվելու: Մեր ազգը երբեք այնքան հասուն չի լինի, որ` ում ես ընտրելու հարցին, պատասխանի, որ դա ընտրական գաղտնիք է: Եվ նույն կերպ էլ այնքան հասուն չի լինի, որ չհարցնի դրա մասին: Քո ընտրության մասին բարձրաձայնելն էլ, լռելն էլ քո ընտրությունն է, հարցը դրա մեջ չէ: Հարցը իրավական գիտակցության բացակայությունն է…





