Մշակույթ խորագրի արխիվներ

Anush abrahamyan

Հրաշքը

«Բախտը ժպտաց, և ճակատագիրը ծիծաղեց, երբ նա մոտեցավ օրորոցիս…»

Նաթալի Մերչենթ, «Հրաշքը»

Շատ տարիներ առաջ Պալացիոն պաղպաղակի խանութի առջև տեսնում է մի արտասովոր արտաքինով աղջնակի և միանգամից հասկանում, որ իր ստեղծագործելու ժամանակը եկել է: Բազում անքուն գիշերներից հետո ծնվում է նրա առաջին վեպը՝ «Հրաշքը»: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտվել գրքի մասին, բայց բոլոր կարծիքների հիմքում էլ նույն հուզականությունն է: Բառերը կարող են քեզ հասցնել մինչև երկինք, բայց այդ բառերը երբեք չեն կարողանա բացատրել՝ ինչ է երկինքը: Օգյուստը կամ Օգին ծնվել է դեմքի թերություններով, ու լինելով 10 տարեկան, արդեն մոտ 27 վիրահատություն է տարել, որոնք խորը սպիներ են թողել նրա դեմքին: Նրան ուղղված նամակ էի գրել, որից էլ ներկայացնում եմ մի հատված:

«Հիմա ինքս ինձ չեմ ցանկանում խոստովանել, որ մի պահ չէի սարսռա քո տեսքից: Բայց դա միայն իմ մի ակնթարթի սխալը կլիներ: Օգի՛, դու հավանաբար չգիտես, որ քո պատմությունը գրի է առնվել, ու ես քո մասին արդեն շատ բան գիտեմ: Հուսամ դրա պատճառով դեմքդ կրկին չես ծածկի վերմակով ու լաց չես լինի, քանի որ դա ինձ չի խանգարում ավելի շատ սիրել քեզ: Պետք է ասեմ, Օգի, որ քո կողմից միանգամից հինգերորդ դասարան ընդունվելը իսկապես խիզախ քայլ էր: Երեխաները, իհարկե, քեզ «հրեշ» ու «գարշելի» էին կոչում, բայց դու հաղթահարեցիր ամեն ինչ ու հաղթեցիր բոլորին: Դու կարողացար քո գործերի հուշարձանը կանգնեցնել բոլորի հիշողության մեջ: Դա չափազանց կարևոր է: Դու պայքարեցիր արևի տակ քո տեղն ունենալու համար, թեև հիմա բոլորը չէ, որ կարող են այդպես: Դու արժանացար հոտնկայս ծափահարությունների, և դա ամենակարևորն է: Հիշո՞ւմ ես, դու քեզ սովորական երեխա էիր համարում՝ արտասովոր տեսքով, բայց հիմա դու սովորական ես միայն քո արտաքինով: Գիտեմ, Ջուլիանին արդեն ներել ես քեզ վատ բառեր ասելու համար, հավատա, նա արդեն գիտակցում է իր քայլերի անհեթեթությունը: Ես քո կանոնը շատ լավ եմ հիշում. «Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը»: Այսքանը, Օգի՛, մի օր անպայման կհանդիպենք: Դու լավագույն սովորական երեխան ես, ում երբևէ ճանաչել եմ»:

Հիմա դու գիտես, թե ով է Օգին, և եթե փողոցում երբևէ հանդիպես անսովոր արտաքինով մի երեխայի, քո տարօրինակ հայացքով մի՛ այրիր նրա երեսը ու աչքի տակով անընդհատ մի նայիր նրան, քանի որ նա միշտ ձևացնում է, թե չի նկատում, ախր, նա Օգին է: Ինչևէ: Այժմ պետք է գրեմ իմ կանոնը. «Ամեն մեկն իր պատմության գլխավոր հերոսն է, ուստի փորձեք բացասական կերպար չլինել»:

Astghik Ghazaryan

Մաստերը

-Մաստե’ր, ա’յ Մաստեր, րեխին պատմի աքսորի մասին…

-Ի՞նչ:

-Է՜, բալա ջան, լավ չի էս մաղբուն չլածը…

-Դե տյու պատմի, Սեդիկ տատ:

-Էնքան պյան ա լել, էնքան եմ տանջվել սաղ կյանքս…

Իմ հերը Հայրենական պատերազմի վախտը գերի էր ընգել, մհանեն էդ էր: Մաստերանք էլ մթամ թե դաշնակի ընտանիք են լել, հլա ծերոնք էլ են սպասիլիս լել, վեր աքսորիլ դեն:

Քառասնինը թիվն էր: Երկու տավարնի վագոն իրար կողքի քյըմ ին, զուգարան էլ չի լել… Մեկ էլ վե՞ր քաղաքըմն էր, գիդըմ չեմ, վետն արին, քսան օր ոտով ճամփա քյացինք… Ալթայսկի կրայ, Զավեն Իլիչ գյուղն էր… Քյացել ենք, սրա-նրա տանը կցել, վերջը հայերը տներ են պատել: Բայց մեզ նեղցրել չեն, հարգըմ էլ ին: Իմ պյուճուր քիրն էլ ընդի…մահացավ… Քոռանամ ես… Անունն Ասյա էր… Թոքաբորբ ընգյավ, թույլ չին տալիս, վեր հիվանդանոց տանենք… Արդեն մտիցս էլ ա ընգել` ինչ ին ասըմ, հա´, կամանդիր: Եթե նա թույլ էր տալիս, նոր տանըմ ին հիվանդանոց:

Կոլխոզըմն ենք աշխատել: Տրակտրի վրա եմ աշխատել, բիցեպշչիկ եմ լել, կոմբայնի վրա եմ աշխատել, թոռն եմ հնձել, խոտ հվաքել, ստոկնի տրել, տասնիրեք տարեկանից աշխատել եմ…

Այ էս ձև ա լել, ցավդ տանեմ, շան քթիցը ճյուր եմ խմել… Իմ մերը քշերնին սպասիլիս ա լել, վեր կարող ա դագաղս պիրեն, տրակտրի տակն ընգյած լեմ… Մինչև լիսանըմ էր, խյաբար ին պիրըմ, վեր ցեպի տակը չեմ ընգել, սաղ եմ, նոր հանգստանըմ էր… Իմ հետի աքսորված կնանիքն էլ ինձ ծոցերնըմը պռկցնըն ին, վեր քշերը վախեմ վեչ: Տհե եմ լել, ցավդ տանեմ, տհե´ կյանք եմ քաշել…

Ընդեղ շեմք շեմքի հրևան ենք լել մենք ու Մաստերանք, իրա մերն ասել ա` էս րեխին ուզենք: Տասնվեց տարեկան ի, դպրոց ի քյըմ: Մի կյոշըցի աղջիկ կար, էս բեմուրազը մթամ նրան էր ուզըմ… Ինձ հըմար էլի են ուզողնի էկած լել, մերս ասել ա` պյուճյուր ա, տալիս չենք, հա´, բայց դե շեմքըմն էր, համաձայնվեցին, հրսանիք արին, տարան: Տհե աքսորատեղը ամուսնացա, Սլավիկն էլ մի տարեկան ա լել, Մարետն էլ` փորըմըս, վեր էկել ենք հիսունվեց թվին:

Յեդով Մաստերը քյացել ա իրա մոր վեսկրնին պիրել: Հիշըմ չեմ` վեր թվին էր, մի էրկու տարվա էկած ինք, իմ հերը փող տվուց, զապարոժեց առավ, Մաստերը թաքուն փող հվաքեց, րեխեքն էլ սոված-ծարավ, ես էլ հետերնուն… Ծյուկ-մուկ առավ, մաքրիլ տվեց, սևքարցի հնգերոջը վեր կալավ, քյացին, նա իրա ախպոր վեսկրնին պիրեց, սա` իրա մոր:

Մաստե´ր, հլա էն երգը երգի:

-Վե՞րը:

-Էն վեր ասըմ իր` մերս մեռավ չգիտեմ վեր թվին, հերս չգիտեմ ինչ ըլավ:

-«Հայեր, հայե՞ր»-ը…

-Հա´:

Ես պանդուխտ եմ, այս տեղերին ծանոթ չեմ,
Ասա´, քույրի´կ, որն է ճամփան Բինգյոլի:
Շրվեշարան եկան-անցան ուղտերը,
Ասա´, քույրի´կ, որն է ճամփան Բինգյոլի:

Մերս մեռավ էն սովերի տարումը,
Հերս զոհվեց էն թուրքական կռվումը:
Հայե´ր, հայե´ր, հայե´ր, հայե´ր, հայե´ր ջան,
Աղաչում եմ, ինձ էլ տարեք Հայաստան:

mariam tonoyan

Քրիստոնյան

Ծերուկը կաղալով առաջ էր շարժվում ձեռնափայտի օգնությամբ։ Չնկատելով շուրջը եռացող աշխարհը՝ մրթմրթալով անցավ ծառուղով ու նստելով նստարանին՝ խորը հառաչեց.
-Ձախողում, ամեն գործում ձախողում ու սննկացում…
Վեր կացավ, առանց շրջանցելու ջրափոսերը, առաջ գնաց ու փորձելով հավասարակշռված քայլել՝ դժվարությամբ ուղղեց ծերությունից կռացած մեջքը։ Մեկ-երկու քայլ ևս, ու դեն նետեց ձեռքի օղու դատարկ շիշը և հուսահատ մենախոսելով՝ մոտեցավ հսկա դռանը։ Վերջին հույսն ու մխիթարությունը միայն այստեղ էր, այս դռնից այն կողմ՝ եկեղեցու պատերի ներսում…
Կար ժամանակ, երբ ինքն էլ հավատում էր ու երբեմն լինում էր եկեղեցում։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ շռայլ ու հարուստ կյանքն իր ապրելակերպից եկեղեցու դերն ու հավատը դուրս էր մղել։ Գուցե այդ է պատճառը, որ այժմ ոչինչ ու ոչ ոք չունի։
Երերուն քայլերով առաջ անցավ, մոտեցավ մոմավաճառի խցիկին, ձեռքը գրպանը տարավ, բայց ոչինչ չհանեց այնտեղից։ Գրպանը պատռված էր, իսկ վերջին մետաղադրամներն էլ անզգուշորեն այդ գրպանն էր լցրել։

Մեկ տարի, երկու, երեք… Գնալով կյանքը դարձել էր ավելի խղճուկ ու անտանելի։ Քաշվեց եկեղեցու վեհ պատերի մի փոքրիկ անկյունն ու, վախվորած այս ու այն կողմ նայելով, դողացող ձեռքով խաչակնքեց։ Գլուխը հենեց պատին ու ցածրաձայն աղոթք մրմնջաց, որն ավելի շատ պայման, քան աղոթք էր հիշեցնում։ Պայման՝ վերականգնելու կորցրած փառքն ու հարստությունը՝ իր քրիստոնեական հավատին դառնալու դիմաց։
Հազիվ ոտքերի վրա կանգնելով՝ շարժվեց դեպի դուռը, փակեց այն իր հետևից, քայլեց դեպի մոտակա այգին, մի ծառի շվաքում՝ խոտերի վրա պառկեց ու հայացքը եկեղեցու խաչին հառած՝ գալիքի հույսով քուն մտավ։

elada

Հարսնացուն Հէրևանից

Վա՜յ, Հոռոմ տատ…

Ինչպես ինքն է իրեն բնորոշում՝ մոդայիկ («Ինչի՞, ինձ ի՞նչ ա հելե որ. մեռե՞լ եմ, ի՞նչ ա, որ չկարենամ մանիկյուր քսեմ մատներիս»), աշխարհ տեսած տատիկ («Է՛լ Ամերիկա եմ գնացե, հուր ասես չեմ գնացե»), ով հաճախ է լինում մեր տանը: Հա՛, չմոռանամ նաև՝ Հոռոմ տատը ծխում է, և նա 78 տարեկան է … Դեռ մեր բակ չհասած՝ ես լսում եմ արդեն նրա բարձր, ղժղժան երանգներով, էներգիայով և մուննաթով լի ձայնը…

Նաև Հոռոմ տատը ոչ մի հնդկական սերիալ բաց չի թողնում: Իր այս օրերի երազանքը հնդկական խանութ մտնելն է և իրեն սարիներ գնելը: Ինչպես Հոռոմ տատն է ասում՝ «Զնգռտիկներ (թևնոցներ) էլ պտի առնեմ Հէրևան մոլից, որ սարիի հետ հագնեմ սիրուն-սիրուն…»

Հոռոմ տատը տատիկիս հետ զրույցում շատ է օգտագործում հետևյալ բառակապակցությունը.

-Վա՜յ, քա աղջի, բա չիմացա՞ր…

Այս տողերից կարելի է հասկանալ, որ Հոռոմ տատը նաև սիրում է բամբասել, որը բոլոր տատիկներին էլ բնորոշ է, բայց նրա թեմաներն անսպառ են. գյուղի բոլոր, չէ՛, ինչո՞ւ միայն գյուղի, նաև հարակից գյուղերի նորությունները գիտի:

Մրջյունը կարող է դարձնել փիղ, փիղը՝ մրջյուն, և այդպես շարունակ:

Երբ Հոռոմ տատը կրկին անգամ եկավ մեր տուն, այս անգամ խոսակցության թեման այլ էր: Ես նրան խնդրեցի, որ պատմի իր ամուսնությունից, թե ինչպե՞ս է Երևանից եկել գյուղ՝ հարս, որը շատ հետաքրքիր է, հին ժամանակներին վարքուբարքը, կենցաղն ու մարդկանց նիստուկացը կարող եք իմանալ նաև:

Նստեք իմ կողքին և ուշադիր լսեք. Պատմում է Հոռոմ տատը:

 

«1946 թվին էկանք Մարաշ: Իմ հերանց տները Մարաշ էր, հորքուր Սոնոն էլ՝ մարդուս հորքուրն էր, հարևան էր մեզ Մարաշում: Էտի հա գալըմ էր մեր տուն՝ մամայիս հետ կոֆե էին խմըմ, բաժակ էր նայել տալըմ մամայիս…

Հա ասըմ էր.

-Ես պտի Հոռոմին ուզեմ իմ ախպոր տղին:

Որ գալըմ էր մեր տուն, ինձ ասըմ էր՝ հարս ջան, ո՞նց ես:

Ասըմ ի.

-Ա՛յ կնիկ, ի՞նչ հարս… Ես քո հարսը չեմ,- ասըմ ի:

Ես որ արդեն մի տարվա աշխատող էի՝ աշխատըմ էի հիվանդանոցում, ցրիչ էինք աշխատըմ, Մարուշն էլ՝ իրար հետ էինք աշխատըմ, հորքուր Սոնոյի աղջիկը, էտ էլի ասըմ էր.

-Քեզի պտի ուզեմ իմ քեռու տղին:

Վերջը…Ըտենց մի օր գործի ենք էլի էթում: Առավոտ ժամը 8-ին Մարուշենց դռնով դե անցնըմ ի, Մարուշին ձեն տվի, ասի.

-Մարու՛շ, քելա արի գործի:

Էս Մարուշը, թե՝ աղջի՛, հլը կայնի՛, ա՛յ Հոռոմ, հլը կայնի-կայնի…

Հա՛, դու մի ասա, Հմայակն էլ գյուղից էկել ա հորքուր Սոնոյենց տունը…

Հմայակը՝ սպիտակ մայկով, սև շալվարը հագին, մե սիրուն տղա: Հելավ կայնավ ճամփին: Էս Մարուշն ասեց.

-Աղջի Հոռո՛մ, ա՛յ էսի իմ քեռու տղեն ա: Քեզի պտի ըտան ուզեմ:

Ասի.

-Ձենդ կդրա, լա՞վ: Ես գյուղ տեղ մարթի չեմ էթա՝ հըմա տենց…

Հմայակն էլ կայնած՝ ընձի սենց մի թավուր նայեց, բայց չէր խոսցրե վափշե, ու մտավ ներս:

Ես կայնա: Բա՝

-Արի՛ ներս, արի՛ ներս, արի առաջ,- հորքուր Սոնոն ասավ:

Ասի, թե՝

-Չէ՛, ուշանըմ ենք գործից: Մարու՛շ, շու՛տ արա:

Ու տենց… էտ մի օրն եմ տեսե հիրան, էլ չեմ տեսե Մարաշում:

Հորքուր Սոնոն՝ մի օր, երկու օր… Էկան, մեկ էլ տենամ՝ հորքուր Սոնոյի մեծ տղեն էկավ Հմայակի հետ մեր տուն: Թե հորս հետ ինչ խոսացին, ինչ չխոսացին… Հետո մամայիս ասեցին, թե՝ Անիկ տոտա, բաժակներս նայի: Ու նայեց մաման, բայց չգիտեմ ինչ ասեց, որովհետև, որ մեկը գար մեր տուն, ես կյանքում չի հըլնի ղոնախի դեմը: Էթըմ ի իմ սենյակ՝ էն վախտ ըտնեց բան կար:

Մի օր, երկու օր հետո նորից Հմայակը էկավ, թե բա՝

-Գարսո քեռի,- պապաս ջրբաշխ էր, բաղչի ջրերն էր բաժնում,- ե՞րբ եք ջուր տալու՝ բաղչեքը ջրենք:

Դե որ իրանք էլ նոր էին էկե, նոր հողամաս էին դրե, ծառ ու ճյուղ էին դրե:

Պապան ասեց՝ մի շաբաթից: Դե, գերեզմանների մոտից մինչև Հին Նորք, շաբաթը մի մայլա ըտենց ջուրը բրախում էր՝ ժողովուրդը բախչա էին ջրում:

Հետո չգիտեմ՝ պապայիս հետ ինչ ա խոսացե, ինչ չի խոսացե, բայց մամաս դանկի վրա էր էթում: Չէր ուզում, թե՝ ես տեղացու աղջիկ չեմ տա…

Մնաց: Մեկ էլ մի օր ժամը հի՞նգն ա, թե՞ վեցն ա. մամաս լվացք ա արե, շաբաթ օ՞ր էր, կիրակի՞ օր էր… Տեղաշորը թափե դուսը… Ես էլ հարդուկ եմ անըմ, որ մամաս տեղաշորը հավքա՝ «ուբոռկա» ենք անըմ… Ապրիլի մեջն ա, էլի: Մեկե հիրիկուն կեսրարս էկավ՝ թրքոտ բուշլաթով, «կիռզվի» սապոգներով, ոտերը սաղ թրիք: Գոմերից առեր ին, էկե, բայց Հմայակը երկու օր առաջ էր էկե: Հմայակը ֆերմայի հաշվառիչ էր: Վիլիսով էկան կեսրարս, կեսուրս իրար հետ էկան…

Կեսրարս ջուր ուզեց, մամաս ասեց՝ ջուր տուր, տարա: Կեսրարս ոտից գլուխ չափեց: Դե, Հմայակն էլ կողներն էր նստած, հետո կոֆե տարա: Կոֆե-մոֆե խմին, թողին գացին: Հըմի ես չգիտեմ՝ ինչ էղավ, բայց որ հետո Հմայակը ջղայնանըմ էր, բոռըմ էր վրես, կիսրարս ասըմ էր.

«Դու ես հավնե, դու ես ուզե, մեզի պատճառ չբռնես»: Բայց կիսուրս՝ սև, լիլիպուտ, սիֆաթ չկար վրեն, իմալ մեռել ըլներ:

Ընձի-ընձի ասեցի՝ էտի է՛տ տղի մաման ա: Կեսրարս էլ՝ փռչոտ, կեղտոտ: Ես ըտենց բան չի տեսե: Էտ ձևի ընդունինք: Էկան, գնացին, մի շաբաթ հետո՝ մայիսի 1-ի օրը, էկան էլի ստանք: Ոսկեղեն-մոսկեղեն չին բերե: Արշոյի կնգա մատանին էին բերե, էկան խոսք առնելու՝ մի հատ կանյակ էին բերե, 1 կիլո շակալադ, ոսկի չին բերե: Ասել էին՝ տանենք, կարող ա հավնի-չհավնի…

Վերջը, ինձ մարթի ա տվել պապաս: Իմ մամաս սաղ օր քըրֆըմ էր, ասըմ էր՝ դու ես տվե իմ աղջկան, ես չեմ տվե: Մենք իրավունք չունեինք ասեինք՝ հա՛, ուզըմ ենք կամ չենք ուզըմ: Չէ՛, տենց բան չի հելե: Աղջկան չին հարցնըմ, համ էլ էն վախտ տենց բաներ մեր մտքով չէր անցնըմ՝ մարդ առնեինք, նշանվեինք, մարդի էթայինք… էտենց բաներ մեր մտքով վաբշե չէր անցնըմ: 20 տարեկան ես նոր գնացի մարդի: Ու բերին Արշոյի կնգա մատանին դրին: Մատանի չին առե, հետո բանջար- մանջարի գնացին, բանջարը ծախին, Հմայակը ժամացույց բերեց, կախեց իմ թևը: Էտ վախտ ուրեմն խոսքը տված է՜ր:

Իսկ նշանդրեքին էլ մեծ սեղան քցին հերանցս հայաթը: է՜… Եքա ժողովուրդ, բան, նշանդրեք արին, ծանդր նշանին:

Դե որ ասի՝ էն Արշոյի կնգա մատանին, հլա մատս էր: Կիսուրս նոր պետք ա մատանի առներ ընձի, դներ մատս: Վերջը: Մինչև էտ էթըմ էինք գործի Մարուշի հետ, էտ Արշոյի կնիկը, թե բա՝ էտի իմ մատանին ա, հան, տուր: Ես էլ բանից բեխաբար, որ հիրա մատանին են դրե մատս…

Ես էլ վերցրի, տվի:

Մի շաբաթ անցավ, Հմայակը էկավ: Հմայակը որ էկավ, Մարուշը խաբար էր տվե Հմայակին, թե՝ «Ա՛յ տղա, խաբա՞ր ես՝ Վարդուշը Հոռոմի ձեռից մատանին վեկալեց: Էնի ուզեց, Հոռոմն էլ տվեց»: Հմայակն էլ թե՝ ո՞նց թե: Գնացել էր Վարդուշին ասել էր, Վարդուշն էլ թե՝ «Բա էտի իմ մատանին էր, հընչի՞ մնար քո նշանածի մատը»:

Հմայակը հետո գնացել էր գյուղ, բանջար էր բերե, բոխի էր բերե, մանդակ էր բերե, շուկան ծախել էր, էկավ ընձ էլ վերձեց, գացինք մի հատ ոսկի մատանի առանք՝ սիրուն, կարմիր քարով մի մատանի:

Վերջը, հարսանիքս արինք սեպտեմբերի 18-ին: Էս մայլեն ինչքան մարդ կար, հարսանիք էին էկե: Շեպիլի «բոռտավոյով» բերին ընձի, հանին, դրին կաբինեն՝ քավորկնգա հետ, Հմայակին հանին վերև՝ կուզովը:

Հագել էի սպիտակ հարսի շոր, քողը սպիտակ թագով՝ երկար շոր էր, իմ հոր տունն էլ պսակ ենք հելե: Իմ հերը տերտերը բերեց, պսակ արին, նոր բերեցին: Իմ հերը ասավ՝ «Առանց պսակ ես աղջիկ չեմ տա»: Դե, մեր օրենքն ա տենց, առանց տերտերի աղջիկ չին տա: Հետո հարսնըքի վախտը կեսրարս ու կիսուրս գյուլաշ հասան: Էն վախտ վիդեո-միդեո չկար, մենակ նշանվելու վախտն ենք նկարվե, նկարը կա:

Վերջը… Երկու տարի էրեխա չեմ բերե, հետո ունեցա 6 էրեխա՝ 2 տղա, 4 աղջիկ, բայց ա՛յ բալամ, էն վախտ էրեխա հեշտ էինք պահըմ, ոնց որ հեքիաթ լիներ: Չէ, հըմի՝ 2 հատ ունենըմ են, քաշվըմ են ղրաղ…

Հետո, ա՛յ բալա ջան, էնքան տփին, էնքան տփին, բայց ես մնացի, ոչ մի տեղ չգնացի…»

Ինչո՞ւ է մայրամուտը կարմիր

Լուսանկարը` Նարինե Գաբրիելյանի

Լուսանկարը` Նարինե Գաբրիելյանի

Երեկո էր: Պապիկիս հետ քայլում էինք գյուղի ճանապարհով, ակամայից քայլերը տարան մեզ դեպի լիճը:

Շատ փոքր էի, բայց պարզ հիշում եմ, որ պապիկս միշտ ինձ պատմում էր այդ լճակի մասին: Ամեն անգամ նույն պատմությունն էր պատմում, ես էլ ամեն անգամ հաճույքով լսում էի: Այս անգամ էլ, երբ նստած էինք լճի ափին, սպասում էի նույն պատմությանը, բայց…

-Դաժան տեսարան ա, չէ՞:

-Ի՞նչ տեսարան, պապի:

-Մայրամուտը:

-Դաժա՞ն: Բայց ինչի՞:

-Չգիտե՞ս: Մայրամուտի սպանությունն է: Գիշերը սպանում է Արևին, իսկ մենք հիանում ենք այդ դաժան տեսարանով:

Երբ լսեցի՝ հասկացա , որ պապիկիս նոր պատմություն է ուզում պատմել:

-Նոր պատմությո՞ւն ես ուզո՞ւմ պատմել:

Պապիկս ժպտաց, հայացքից հասկացա, որ գուշակեցի:

-Շատ տարիներ առաջ, գուցե նաև դարեր առաջ, Արևը յուրահատուկ մի ծաղիկ ուներ: Առավոտյան Արևի ծառաները հսկում էին ծաղկին, իսկ գիշերները ծաղիկը մնում էր առանց հսկողության: Մարդիկ շատ էին լսել ծաղկի մասին, նույնիսկ ասում էին, թե իբր, ով պոկի ծաղիկը, անսահման հարստությունների տեր կդառնա: Եվ ահա մարդիկ հարմար առիթ ընտրելով՝ պոկեցին ծաղիկը:

Առավոտյան Արևը գնաց իր ճառագայթներով շոյելու ծաղկին, բայց չգտավ: Երկար ման եկավ, բայց չգտավ:

Լուսանկարը` Նարինե Գաբրիելյանի

Լուսանկարը` Նարինե Գաբրիելյանի

Մի անգամ, երբ Արևը տան պատուհաններից մեկում նկատեց իր ծաղկին՝ զայրացած իր կիզիչ ճառագայթները ուղղեց դեպի այդ տունը և այրեց: Այդպես մարդիկ վճարեցին իրենց ագահության դիմաց, իսկ Արևը դրանից հետո ամեն անգամ քուն մտնելիս, իր հետ հետ տանում է ծաղկին, որն իր փայլով երկինքը ներկոմ է կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին…

Artyom Avetisyan

Հնչյուններ Լիճքից

Իմ գյուղը՝ Լիճքը, բացի թարմ ու գրավիչ գեղեցիկ բնությունից, աշխատասեր գյուղացիներից, կենսուրախ ու ժպտադեմ մանուկներից, տարբերվում է նաև իր իր բարբառային քաղցրությամբ, խոսելաձևի հատկանիշներով ու յուրահատկություններով:

Նախ ասեմ, որ գյուղս սկզբից կոչվել է Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, այնուհետև՝ Գյոլ, Գել, Գյոլ- Քենդ, իսկ 1946 թվականից անվանվել է Լիճք: Լիճքեցիները այնքան միասնական, համախմբված և «պաշտպանող ու պաշտպանվող» ժողովուրդ են եղել, որ ստացել են «արյունախում» մականունը:

Լիճքի բարբառը սերում է Ալաշկերտի բարբառից, քանի որ մեր նախնիները գաղթել են հենց Ալաշկերտից և հարակից վայրերից, իսկ դրա մասին ես արդեն պատմել եմ: Դե ինչ, ձեզ եմ ներկայացնում Լիճքի բարբառային բառերից՝ իրենց բացատրություններով:

Ասրցնել- արգելափակել

Ակռկել- լռել

Բիար- անմշակ հող

Բեխաբար- անտեղյակ

Գռշտել- հրել

Գուփ- փոս

Դխիրել- անկանոն դասավորել

Դեմուդարձ ընկնել- կարոտ զգալ

Եքա- շատ

Երես-բերես- դեմ առ դեմ

Զեբուն- նիհար

Զըխըթել- ուտել (ասում են բարկացած ժամանակ, կոպիտ բառ է, oրինակ՝ գնա հազ զըխըթի- գնա հաց կեր)

Էտմլա- այդպես

Ընոկի- այդ պատճառով

Ըռութ- առվի կամ գետակի բերան

Թալվա- գոմ

Թփխուկ- նստած (ասում են զայրացած ժամանակ)

Ժժնուկ- խառնված

Ժուռընկան- ոչ գործունյա մարդ

Իդահախ- այս անգամ

Իստըկել- մաքրել

Լավոթել- խայտառակել

Լղջուկ- ճզմած

Խստու- դիտմամբ

Խիբիլիկ- փոքր

Ծակռտուկ- ծակծկված

Ծմըռտկալ- ձգվել

Կակխնալ- փափկել

Հելուգ- դուրս եկած

Հուշիգ- կամաց

Ղուվաթ- ուժ, կարողություն

Ճոռթուգ- լոճած

Ճոռբերան- բերանը ծուռ

Մամշել- բորբոսնել

Մռփել- քնել

Նըղնըղել- սրբել

Նեմռուտ- գոռոզ

Շաղթա- ցրտահարում

Չուֆթել- հարվածել (սովորաբար՝ կենդանիները)

Չռպադան- լեզվանի

Պասմա- փռած գոմաղբ

Պլպլուն- փայլփլուն

Ջաղդա- ճամփա

Ջալագնդուկ- տրորված

Ռանչպար- հողագործ

Ռըկուկ- վրդովված

Սոլեր- կոշիկ

Սաբախտան- առավոտ

Տուզախ- ձկնորսական ցանց

Ցլացի- սահեցի

Ցան- չորացրած գոմաղբ

Ուրանք- իրենք

Ուրին-ուրին- ինքնիրեն

Փլստալ- ոտքը սահել

Քեփլտալ- սայթաքել

Օզրուգ- ծռված

Օռփեվերի- այրի կին

Ֆռռալ- զբոսնել

Ֆտսել- շոգել

Բառերի մեծ մասը չեն արտասանվում այնպես, ինչպես գրված են: Ը, հ, ու և այլ տառերով սկսվող բառերն արտասանելիս դրանք փոխվում են այլ հնչյունների, որոնք ընդհանրապես գոյություն չունեն այբուբենում, բայց հնչում ու ապրում են լիճքեցու հոգում:

araqs aharonyan kotayk

Գրականության թեմատիկա

Կարդում ես գիրք. կարծես` ամեն ինչ լավ է, սիրուն նկարագրված, հավես ու հարուստ բառաֆոնդով, թեմատիկան ընդհանուր առմամբ հետաքրքիր է, կերպարները` ոչ սովորական: Մի խոսքով` ամեն ինչ տեղը-տեղին, բայց մեկ է` ինչ-որ բան այն չէ, զգում ես միայն, որ այն, ինչ անում ես` կոչվում է ընթերցանություն: Չկան սիրուն ու սուր երկխոսություններ, փիլիսոփայական ու հոգեբանական կծու մտքեր, որ մի պահ ասեն` կանգնի՛ր, ո՞ւր, այստեղ պետք է մի պահ մտածես, սա հեշտ կուլ գնացողներից չէ: Որ այնպիսի զգացողություն լինի, ասես` էնտեղ ես ու մի սիրուն անկյունում նստած, ձեռքդ այտիդ հենած`ուշադիր գործողություններին ես հետևում: Որ կողքի աղմուկը բացարձակ չլսես, որ քեզ կանչեն, ու դու մի քանի անգամից հետո միայն արձագանքես, որ հիշես անելիք ունես, բայց ոտքերդ կապված լինեն ու չկարողանաս կտրվել: Էնպիսի տողեր լինեն, որ մարդուն ուղղված սարկազմից` մի այտիդ վրա քմծիծաղի բարակ երանգ տարածվի ու մի ունքդ սովորության համաձայն թռնի վերև: Պիտի կերպարն էնպիսինը լինի, որ ուզենաս կանչել մի բաժակ դառը սուրճ խմելու ու կարդալու ընթացքում ծագած մի քանի հարցերի պատասխանները պահանջես, իսկ հետո, երբ նրա պատասխաններից նեղն ընկնես` մի մեծ կում սուրճիցդ խմես ու մտածկոտ-կիսաանջատված հայացքով ասես. «Դաաա՜»:

Այ, էդպիսի սիրուն ու դաստիարակիչ գործեր են մեզ պետք, թե չէ` ինչ…

«Նոր գույներ»

Երեկ գնացել էի մեր գյուղի` Արարատի մարզի Նորաշենի պարի դպրոց: Պարի համույթը կրում է «Նոր գույներ» անունը: Հաճելի մթնոլորտ էր, մինչ ղեկավարի գալը շփվեցի երեխաների հետ:

Մի անուշիկ աղջիկ` Ջեմմա անունով, հարցիս, թե սիրով է հաճախում պարի, տվեց հետաքրքիր պատասխան.
-Անկեղծ ասած, սկզբում՝ չէ, անգամ ստիպողաբար էի գալիս: Բայց հիմա ժամերն եմ հաշվում, որ պարի գամ:
Ընկերուհիս` Սյուզին, նույնպես «Նոր գույներ» պարային համույթից է: Երբ նրան եմ հարցնում, պատասխանում է հետևյալ կերպ. «Պարը իմ կյանքն է»:
Մեր գյուղում քիչ են այսպիսի ժամանցային, հետաքրքիր վայրերը, և գուցե դա է պատճառը, որ երեխաների ցանկությունը մեծ է հաճախել պարի:
Սկսեցինք զրուցել, խնդրեցի, որ պատմեն, թե ե՞րբ և ինչպե ՞ս ստեղծվեց խումբը, ի՞նչ պլաններ կան առաջիկայում:
Իմացա, որ համույթը իր գործունեությունը սկսել է  5 տարի առաջ: Չնայած մանկահասակ տարիքին, մեծ են ձեռքբերումները: Դե ինչ խոսք, դժվարություններ լինում են, միշտ և ամեն պարագայում կան խոչընդոտներ, բայց դրանց հետ մեկտեղ համույթը հաստատուն քայլերով առաջ է շարժվում:
«Երաժշտական կոլիզեյ» և «Նազանք» մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը: Նաև մեկ անգամ մենահամերգով ներկայացել են Արտաշատ քաղաքում: Իմացա նաև, որ պատրաստվում են հաջորդին:
Կարծում եմ, մեր գյուղի երեխաներին և երիտասարդներին նման մշակութային դաստիարակության օջախներ շատ են պետք:

Զրուցեցի նաև խմբի ղեկավարի` Հրաչ Շագոյանի հետ, կամ ինչպես իրենք են դիմում, ընկեր Հրաչի հետ:
-Ընկեր Հրա´չ, ինչո՞ւ համույթը անվանեցիք հենց «Նոր գույներ»:
-Քանի որ պարային ոճերը բազմազան են, իսկ երեխաները տարբերվում են մեկը մյուսից, այդ պատճառով էլ հենց «Նոր գույներ»:
-Ո՞վ որոշեց, կամ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք պարով զբաղվել:
-Երևի մայրս, նա էր ցանկանում, որ պարող դառնամ, իսկ քույրս պատճառ հանդիսացավ, որ ես խորացա այս բնագավառում:
-Քանի՞ տարի է, ինչ պարում եք:
-Չեմ հիշում, բայց 14 տարի է, ինչ պրոֆեսիոնալ պարող եմ:
-Հե՞շտ է աշխատել տարբեր տարիքի և բնավորության տեր երեխաների հետ:
-Հեշտ է, ամեն մեկի հետ խոսում ենք «իրենց լեզվով»: Պետք է փորձել հասկանալ ամեն երեխայի և ինչու չէ, նաև օգնել:
-Ի՞նչ կցանկանայիք դառնալ, եթե ոչ պարող:
-Երաժիշտ, ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժինը:
Հարցին, թե որն է ձեր հաջողության բանաձևը, ընկեր Հրաչը ծիծաղելով պատասխանեց.
-Ինչի ես հաջողա՞կ եմ. չէ, ուղղակի պետք է մարդ լինել, որ քեզ սիրեն ու հարգեն, այ դա է հաջողությունը:
-Կհիշե՞ք ձեր այն ուսուցիչներին, ովքեր օգնել են ձեզ ձեր կայացման ճանապարհին:
-Շատ անուններ կարող եմ տալ, բայց իմ լավ ուսուցիչը, այն մարդը, ով ինձ օգնեց կայացման գործում, Նորայր Մեհրաբյանն էր:

Շուտով փորձը պետք է սկսեր, և այլևս հարցեր չտվեցի: Դիտում էի փորձը, թե ինչպես են իմ համագյուղացի երեխաները կերպարանափոխվում, դառնում փոքրիկ պարուհիներ, ու էլի համոզվում, որ չկան մեծ ու փոքր բեմեր, միգուցե գյուղինն ավելի մեծ է ու կարևոր:

svetlana davtyan

Լավագույն ժամանակը

Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը

 Մարսել Պրեվո

Գրքեր կարդալու համար երևի թե ամենալավ շրջանը ամառն է: Իհարկե, դպրոցը ինձ չի խանգարում գիրք կարդալ, բայց ամռանը ազատ ես, չունես գործեր, չկան դասեր, կարող ես առավոտից մինչև ուշ գիշեր հանգիստ կարդալ: Սիրում եմ կարդալ արկածային գրականություն, պատմվածքներ, սիրային պատմություններ: Կարդում եմ ամեն ժամանակ, անգամ, երբ տխուր եմ լինում, կարդում եմ և մոռանում եմ տխրությանս մասին՝ տարվելով կերպարների կյանքով: Իհարկե, ես սիրում եմ հայ գրողների ստեղծագործությունները, բայց արտասահմանյան գրականությունը տարբերվում է: Շատ սիրելի գրողներ ունեմ որոնցից են՝ Ալեքսանդր Դյուման, Վիկտոր Հյուգոն, Գարսիա Մարկեսը, Բալզակը և այլն: Բայց բոլոր գրողներից ինձ համար տարբերվում է Գարսիա Մարկեսը իր «Հարյուր տարվա մենություն» վեպով:

Գրողներ իրենց ամբողջ կյանքը նվիրում են իրենց աշխատանքին, գրում են ամբողջ կյանքի ընթացքում և մեծ ժառանգություն են փոխանցում ապագա սերունդներին: Գրքեր կարդալու միջոցով կարողանում ես ավելի շուտ ճանաչել մարդկանց, շատ հաճախ կյանքիդ մեջ բախվում ես մի է իրավիճակի, որը կարծես կարդացել ես, կարողանում ես հասկանալ, թե ինչ քայլ կատարես:

Ասում են՝ գրքեր այրելուց բացի կա ավելի մեծ մեղք՝ դա գրքեր չկարդալն է: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդ հանցագործներից չեմ: Բոլոր մարդիկ, անկախ տարիքից, պետք է կարդան գրքեր: Հիմա ամառ է, գրքի հետ ծանոթանալու լավագույն ժամանակը:

Արզականի արվեստի դպրոցը

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Կոտայքի մարզի Արզական գյուղի հիմնախնդիրներից մեկն եմ ուզում ներկայացնել այսօր: Արզականի արվեստի դպրոցը, որն այսօր ունի բոլորիս օգնության կարիքը: Արզականի արվեստի դպրոցը մշակույթի միակ հաստատությունն է գյուղում: Ճիշտ է, բարվոք չեն պայմանները, բայց դա երեխաներին չի խանգարում, որպեսզի ունենան մեծ հաջողություններ և տարբեր ասպարեզներում հնչեցնեն «Արզականի արվեստի դպրոց» անունը: Ես նույնպես դպրոցի շրջանավարտ եմ, և գիտեմ, թե ինչ մեծ ազդեցություն է թողնում դպրոցը երեխաների վրա:

Ահա մի քանի հարցազրույց դպրոցի մանկավարժների հետ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Արզականի արվեստի դպրոցի տնօրեն Թամարա Խաչատրյան

-Կպատմե՞ք դպրոցի սկզբնավորման մասին:

-Դպրոցը բացվել է 1995 թվականին և արդեն 20-22 տարվա պատմություն ունի, որպես Ալափարսի երաժշտական դպրոցի մասնաճյուղ է բացվել, իսկ 1997 թվականից արդեն ինքնուրույն արվեստի դպրոց է և հենց կոչվում էԱրզականի արվեստի դպրոց:

-Ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակում է գտնվում դպրոցը:

-Եթե շենքային պայմանները նկատի ունեք, ապա բոլորիս հայտնի է, և անզեն աչքով բոլորն են տեսնում, որ դպրոցն անմխիթար վիճակում է, ընդհանուր հիմնանորոգման կարիք ունի ողջ շենքը, դասասենյակները փոքր ինչ վերանորոգվել են, և գույքի հարցն ենք լուծել ու աշխատում ենք: Կարևորը որակը ապահովել, մինչև որ հնարավոր լինի շենքը վերանորոգել: Իհարկե վերջինս մեզանից կախված չէ, դա մեծ գումարների հետ է կապված: Եվ համայնքապետն է ուշադրություն դարձնում, և մենք ենք անընդհատ հիշեցնում, փորձում հովանավորներ գտնել, սակայն առայժմ ոչինչ տեղից չի շարժվում:

-Իսկ ի՞նչ բաժիններ ունի դպրոցը:

-Արվեստի դպրոցն այժմ ունի կերպարվեստի բաժին, պարարվեստի, դաշնամուրային, ասեղնագործության, հարվածային գործիքների, որի մեջ դհոլն է մտնում, այսքանը:

Իհարկե, ցանկալի է վոկալի բաժին ունենալ նաև: Շատ երեխաներ ունենք գյուղից, որոնք հաճախում են Չարենցավանի արվեստի դպրոց կամ երաժշտական դպրոց՝ հենց վոկալ բաժնի համար: Դրա համար ցանկալի կլինի հենց մեր գյուղում ունենալ, մեր դպրոցում բացել բաժինը, ինչն առայժմ հնարավոր չէ: Ուզում ենք բացել նաև դուդուկի բաժին, ժողովրդական գործիքների բաժին ունենալ, որն անհրաժեշտություն է՝ հիմա արդեն ծրագրով, բայց դա էլ բյուջեի հետ կապված խնդիր է:

-Իսկ աշակերտների թիվը բավարա՞ր է:

-Այո, կարելի է ասել բավարար է, գնալով շատանում է երեխաների քանակը: 93 երեխա հիմա ունենք, 10 երեխա դուրս եկան, շենքային պայմանների պատճառով. ձմռանը հիվանդանում էին, չէին գալիս:

-Համերգային ծրագրերով հաճա՞խ եք հանդես գալիս:

-Ունենում ենք շատ համերգային ծրագրեր, ոմասնակցում ենք բոլոր տոնակատարություններին: Արվեստի դպրոցը դահլիճ չունի, օգտվում ենք հանրակարթական դպրոցի դահլիճից: Փոքրիկ միջոցառումներ հենց դասասենյակում ենք փորձում անցկացնել՝ գրական, երաժշտական ցերեկույթներ ենք անցկացնում դասարաններում, խմբակային համերգներ՝ հենց դասասենյակներում: Երեխաները ցույց են տալ իրենց սովորածը, որպեսզի թե իրենք, թե ծնողները պատկերացնեն, թե ինչպես են աշխատել:

-Ունե՞ք սաներ, որոնք հաջողությունների են հասել արվեստի դպրոցի շնորհիվ:

-Մեր աշակերտները մասնակցել են հանրապետական մրցույթների, փառատոների: Այս տարի մեր աշակերտները պատվով ներկայացրել են և՛ Արզականը, և՛ արվեստի դպրոցը, վերադարձել հաղթանակներով: Նշեմ, որ պարարվեստի բաժինն ենք առաջին անգամ ներկայացրել հանրապետական փառատոնին և 3-4-րդ տեղեր ենք ունեցել: Դա մեզ համար մեծ պատիվ է ու մեծ ձեռքբերում, որովհետև «Արտ-Մյուզիք» հանրապետական մրցույթի շրջանակներում շուրջ 200 երեխաներ էին մասնակցում՝տարբեր շրջաններից ու մարզերից, և 3-րդ տեղ զբաղեցնելը, առաջին իսկ մասնակցությունից, դա արդեն իսկ հաջողություն է մեզ համար:

Հիմա «Եվրոպան հանուն խաղաղության» փառատոն է հայտարարված: Կերպարվեստի բաժնի սաները մասնակցելու են այդ փառատոնին:

-Իսկ առջևում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

-Առջևում նոր բաժինների բացվելու ակնկալիքներն ունենք, նաև բարելավել, շենքային պայմանները: Իսկ ուսումնական առումով ասեմ, որ նոր փառատոներ ունենք, որին պետք է մասնակցեն մեր աշակերտները:

-Ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել:

-Կցանկանայի, որ արժանավայել պայմաններում մեր դպրոցը դասավանդումներն իրականացներ, իսկապես ունենայինք և՛ շենքային, և՛ գույքային բարվոք պայմաններ, շատ լավ կահավորված դասասենյակներ: Ակնկալիքներ ունենք ու շատ լավ աշակերտներ էլ ունենք, որոնք մեծ հաջողությունների կհասնեն:

Արզականի արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Մինասյան

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք Արզականի արվեստի դպրոցում:

-6 տարի է արդեն:

-Ի՞նչ ոճի պարեր կարող են սովորել դպրոցի երեխաները:

-Բնականաբար, եթե արվեստի դպրոց է, մեզ մոտ կլինի և՛ դասական, և՛ հայկական, և՛ ժողովրդական, և՛ ժամանակակից, և՛ պարահանդեսային:

-Իսկ ինչո՞ւ է աղջիկների թիվը գերակշռում տղաների թվին:

-Տղաները քիչ են, տղաների նախասիրություններն ուրիշ են՝ կարատե, սպորտ, իսկ աղջիկները մեծ ցանկություն ունեն պարել սովորելու: Նույնիսկ իմ պատանեկության տարիներին էլ. մեր անսամբլում էլ 16 տղա էր, 22 աղջիկ: Էն ժամանակ էլ հազվագյուտ էիր տեսնում, որ տղաների թիվը հավասար լիներ՝ ասենք՝ 4 աղջիկ, 1 տղա, կամ՝ 2 աղջիկ 1 տղա: Տղաները «աղջկական» գործ են համարել և հիմա էլ համարում են պարելը:

-Ունե՞ք խնդիրներ, որոնք առաջնային են:

-Շա՜տ… Օրինակ, հայելիներ չկան, դասասենյակը շատ փոքր է, հենափայտերը հենափայտ չեն, դահլիճ չունենք, դաշնամուր նորմալ չկա և ամենակարևորը՝ եթե այս հարցազրույցը մի քանի հովանավորներ տեսնեն և մեզ աջակցեն, որպեսզի մենք ունենանք տարազներ, շատ շնորհակալ կլինենք:

Արզականի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ուսուցիչ Արամ Ենգիբարյան

-Որպես երիտասարդ սերընդի ներկայացուցիչ, հե՞շտ է աշխատել երեխաների հետ:

-Ընդհանուր առմամբ, այո: Մի քիչ երեխայից էլ է գալիս, մի քիչ էլ ինձնից: Հեշտ է հատկապես շատ փոքրերի կամ ավելի լուրջ հետաքրքրություն ունեցող երեխաների հետ, քան, ասենք, պասիվ երեխաների հետ:

Երեխաները դեռ նկարիչներ չեն, բայց շատ շնորհալի են: Կան երեխաներ, որ կարող են հետագայում շարունակել լուրջ զբաղվել նկարչությամբ:

-Հաճա՞խ են կազմակերպվում ցուցահանդեսներ:

-Երեխաների աշխատանքներով՝ հաճախ: Եվ ունենում ենք այ այսպիսի հաջողություններ (մատնացույց է անում պատվոգրերը և մեդալները):

Բայց մեզ նույնպես աշխատելու բավարար պայմաններ են պակասում. Սենյակը փոքր է, նկարելու առարկաներըծ չկան, օրինակ՝ գիպսից տերևներ, գիպսից գլուխներ մարդկանց և այլն: Երեխաները գալիս հասնում են նրան, որ պիտի արդեն դեմք նկարեն, բայց չկան այդ առարկաները, որ նայեն, նկարեն:

Արզականի արվեստի դպրոցի երգչախմբի ղեկավար Հերմինե Ավետիսյան

-Ի՞նչ հաջողությունների ունի երգչախումբը:

-Փառատոների այս տարի առաջին անգամ ենք մասնակցել և ունենք դափնեկրի կոչում, չնայած նշեմ, որ մեր սաները հիմնականում երաժշտականի երեխաները չեն, ամենակարևոր փաստն է դա, նկարչությունից հաճախող, պարարվեստից հաճախող երեխաներն են, գրեթե 6-7 աշակերտ են ընդամենը երաժշտականի սան, բայց ունենք լավ արդյունքներ:

-Ինչ ստեղծագործություններ են երգացանկում:

-Բաժինը այնպիսին է, որ հիմնականում դասականի, կլասիկայի վրա է հիմնվում, բայց մենք ունենք նաև ժամանակակից ստեղծագործություններ, միջոցառումների ժամանակ փորձում ենք էստրադա էլ օգտագործել:

-Ի՞նչ ծրագրեր ունի երգչախումբը: 

-Մեծ ծրագրեր, բայց ամեն բան սկսվում է վերանորոգումից: Չես կարող աշխատել և մեծ արդյունք ստանալ, երբ դասաժամին քամին պատուհանից դեպի դուռ է փչում, դռնից՝ պատուհան, երեխաները մրսում են, բացակայում են, երաժշտական գործիք չունենք, երեխաները, սոլֆեջիոի որոշակի ինտերվալներ կան, չեն երգում, որը ազդում է երեխաների լսողության վրա:

Արզականի արվեստի դպրոցի ասեղնագործության բաժնի ուսուցչուհի Արմինե Ասատրյան

-Ինչպե՞ս են երեխաները ընտրում ասեղնագործության բաժինը:

-Անցած տարիների համեմատ, կարելի է ասել, այդքան շահագրգռված չեն, բայց շատ լավ երեխաներ շատ ունենք:

-Այս բաժնում ի՞նչ կարող են սովորել երեխաները:

-Չենք ուզում, որ մեր դարերով եկած ասեղնագործությունը անհետանա, դրա համար ուզում ենք անպայման երեխաները հաճախեն, տեսնեն, կարողանան ասեղնագործել, հմտանան թե՛ հայկական ժայնակագործության, Մարաշի, Այնթապի ասեղնագործության մեջ:

-Ձեր աշխատանքային տարիների ընթացքում դեպք եղե՞լ է, երբ տղաները հետաքրքրվեն այս արվեստով:

-Ոչ, բայց ես ուսանող տարիներին լավ վարպետներ եմ տեսել, որոնք տղամարդիկ են եղել, զարմացած եմ մնացել: Ու հիմա էլ կան շատ լավ տղամարդ վարպետներ:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունեք, որոնք առաջնային են:

-Դե մեր բաժնում խնդիրներ չկան, երեխաներն են բերում իրենք իրենց կտորները, թելերը:

Ես զրուցեցի համարյա բոլոր ուսուցիչների հետ: Տեսա աշխատանքները, հիշեցի նաև իմ հաճախած տարիները, ինչ է առհասարակ տալիս արվեստի դպրոցը երեխային, և կարող եմ միանալ նրանց և ասել՝ Արզականի արվեստի դպրոցը անհրաժեշտ է մեր գյուղի երեխաներին, ուստի պետք են հովանավորներ, շահագրգիռ կառույցներ, որպեսզի իսկապես դպրոց հաճախող, արվեստի հետ շփվող երեխան հնարավորություն ունենա բացահայտելու և զարգացնելու իր շնորհները: