Ազատ տարածք խորագրի արխիվներ
Վազք
Առավոտյան նախավարժանքը՝ առողջության երաշխիք
4:30 զարթուցիչը զնգաց: Արագ վերցնում եմ հեռախոսս ու զանգում.
-Շող, արթնացի՛ր:
-Ես էլ ուզում էի քեզ զանգել: Լավ, սպասի՝ զանգեմ մյուս երեխեքին արթնացնեմ:
Նույն կերպ արթնացնում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր վաղ առավոտյան՝ դեռ մութ, գալիս են վազելու, մարզվելու և կոփվելու:
5:30. նստած եմ իմ մշտական քարին, որը դարձել է իմ սպասելու վայրը: Սպասում եմ, մինչև երեխաները գան, որ գնանք: Սովորության համաձայն՝ նրանք միշտ կարծում են, թե ես այդ քարի վրա քնել եմ, և դեռ հեռվից բղավում են.
-Անգե՜լ, արթնացիր, Անգե՜լ:
Ճանապարհի կեսը քայլելով, կեսը՝ վազելով հասնում ենք մարզադաշտ՝ ավելի առույգ մարզվելու համար: Ողջ ընթացքում հումորն ու ծիծաղը չի լքում մեզ, դե, երևի պատճառն այն է, որ մենք իրար հետ մեզ լավ ենք զգում: Եվ ինչպես Շողերն է ասում.
-Հա՛մ մարզվում ենք, հա՛մ մեր կյանքն ենք երկարացնում:
Իսկապես, եթե ուզում ես առողջ, կոփված լինել, մի ափսոսիր առավոտյան քունդ և գնա վազելու կամ պարզապես քայլելու (երկուսն էլ նույնչափ օգտակար են, բայց քայլելն՝ ավելի): Հատկապես այս անտանելի շոգ օրերին առավոտյան մաքուր օդն ամեն ինչ արժե:
Հ.Գ. Ընկերուհիս վազքի միջոցով նիհարել է յոթ կիլոգրամ:
Քաղաքի լույսերը
Գիշեր էր: Մտամոլոր նայում էի տան բացված փոքրիկ լուսամուտից: Ընդամենը կարողացա յոթ աստղ հաշվել: Դեռ զգում էի նրա բույրը, հիշում էի նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանը: Լուսինը շատ պայծառ էր ու կարծես իր լույսը փոխանցել էր քաղաքի բոլոր շենքերին: Քթիս տակ երգում էի, երբ նկատեցի կողքի հարևանին, որը նույնպես լուսամուտից դուրս էր նայում, երևի ականջի ծայրով էլ լսում, թե ոնց եմ երգում: Մոռացա երգելու մասին: Ուշադրությունս գրավեցին շատ հեռվում երևացող լույսերը, որոնք նույնպես յոթ հատ էին՝ աստղերի նման…
Դիմացի փողոցի հարևանի շունն արդեն քնել էր, իսկ երեք աղջիկները դուրս էին եկել զբոսնելու, աջ կողմինը շատ գեղեցիկ էր: Նորից զգացի նրա բույրը, արդեն քիչ էր մնում խելագարվեի:
Դըմփ, դըմփ… Լսվեց բարձր առանձնատնից եկող հրավառություն ձայնը: Շատ գեղեցիկ գույներ էին: Սիրում եմ հրավառությունը:
-Հով ջան, գնա քնելու, ժամին նայե՞լ ես:
-Լավ:
Առավոտյան ժամը 08:34 էր, երբ արթնացա ու սպասում էի, որ գիշերը շուտ գա: Կարոտել էի երեկվա քաղաքի լույսերին:
Ամենօրյա հեքիաթային երեկոն
Ամեն երեկո ինձ արդեն ծանոթ անծանոթ մի պապիկ մտովի ինձ տեղափոխում է մանկություն, երբ պառկում էի պահարանի մեջ (ինձ համար ամենահարմար տեղը) ու հեռուստացույցով դիտում «Չեբուրաշկան ու կոկորդիլոս Գենան»:
Այդ պապիկը, հավանաբար, մեր դիմացի շենքից է: Ամեն երեկո նա միացնում է կոկորդիլոս Գենայի երգը՝ «а я игаю на гармошке у прохожих на виду, к сожаленью, день рожденья только раз в году»…
Գիտե՞ք, այս մուլտֆիլմի երգը կարծես բարության չափաբաժին լինի, որն ընդունում ենք ամեն երեկո՝ օրն ավարտելիս: Գուցե դա կո՞չ է, որ չմոռանանք սովետական, հին մուլտֆիլմերը, որոնք բավականին հաջողված են, և որոնցից բավականին շատ բան կա սովորելու:
Ուրիշ էլ ո՞ւր, եթե ոչ Լաստիվեր
Դեպի Լաստիվեր տանող ճանապարհը բնության և արշավների սիրահարների համար է: Ճանապարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է, գրավում է հատկապես էքստրիմի սիրահարներին: Երբ հասանք Լաստիվեր, բնությունը տեսնելուն պես սիրահարվեցի Տավուշի բնությանը: Սկսեցինք շարժվել առաջ, սկզբում ճանապարհը շատ հեշտ էր թվում, բայց հետո սկսեց դժվարանալ: Պետք է անցնեինք 3 կմ ճանապարհ, և նույնքան էլ հետ դառնայինք: Ոտքերով խաչեր էինք անում ու երգով-պարով առաջ գնում: Որքան մոտենում էինք Լաստիվերի ջրվեժին, այնքան ավելի էր մեծանում հետաքրքրությունը: Խըշշ-խըշշ…
Ամբողջ ճանապարհը քարքարոտ էր, ցեխոտ, երևի անձրևի արդյունքն էր: Գնում ենք, էլի ենք գնում, բայց չենք հասնում ջրվեժին… Շարունակում ենք քայլել…

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի
Մեր դեմ իր դուռը բացեց դրախտը: Սկսեցինք հետազոտել տարածքը: Սովորության համաձայն սկսեցինք նկարվել, սելֆի անել: Մի խոսքով՝ հիանալի ժամանակ անցկացրինք… Վերադարձի ճանապարհը նույնպես սկզբում հեշտ էր և հաճելի, բայց երբ ծարավեցինք, իսկ ջուր էլ չունեինք, ճանապարհը սկսեց դժվարանալ: Ճանապարհի կեսից 2-3 հոգով մոլորվել էինք: Ճանապարհին մի սփյուռքահայ ջուր էր վաճառում, հարձակվեցինք ջրի վրա…
Վերջապես դուրս եկանք Լաստիվերից, և առաջին իսկ պատահած տեղում պառկեցինք հանգստանալու… Մեզ տեսնողը կմտածեր, թե անտուն մարդիկ ենք: Մեզ դեռ սպասվում էր երկար ու գեղեցիկ ճանապարհ դեպի Պարզ լիճ…
«Թամբալության» արդարացում
Ու՜ֆ, սենց էլ բան կլինի, ոչ մի գործ չկա անելու։
Երևի հասկացաք, որ էլի պարապ եմ մնացել ու սկսել եմ մտածել։
Չէ, իրականում գործ շատ կա, ուղղակի հավես չկա։ Մի փոքր էլ մտածեցի՝ փորձեցի հիշել, թե նախկինում ինչպես էի տրամադրվում ու գործ անում, իսկ հիմա՝ ոչ:
Խնդիրը բոլորովին այն չէ, որ ես հոգնած եմ, այլ այն, որ երկար եմ պլանավորում ու մտածում ինչ-որ բան անելու մասին: Օրինակ, երբ մտածում եմ գնալ ֆուտբոլ խաղալու ու միանգամից գնում եմ, ինքնըստինքյան թիմն էլ է ձևավորվում, բայց, երբ մտածեմ՝ ում զանգեմ և հերթով բոլորին կանչեմ, արդյունքում ոգևորությունս կկորչի։ Կամ էլ գրելը. մտածելուց անմիջապես հետո սկսում եմ գրել, թե չէ էլի նյութ գրելու ճգնաժամ կսկսի։
Ոչինչ չանելու պատճառ կարող է լինել նաև այն, որ սկսում եմ մի քանի գործ միաժամանակ, և արդյունքում ոչ մեկն էլ չեմ կարողանում ավարտին հասցնել:
Արդարանալ միշտ կարելի է, բայց դրանից օգուտ կա՞:
Երեւան. տոթ կեսօր
- Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի
- Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի
- Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի
- Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Չուխարյանի
- Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի
- Լուսանկարը՝ Մարիամ Պապոյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի
- Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի
- Լուսանկարը՝ Ամալյա Հարությունյանի
- Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի
- Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի
- Լուսանկարը՝ Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի
Ձմեռ, կարոտել եմ քեզ
Չէ, չմտածեք, թե ամառ է, դրա համար եմ ասում, որ կարոտել եմ ձմռան շունչն ու հաճելի ցուրտը: Ես միշտ էլ սիրել եմ այդ եղանակը ու տանել չեմ կարողանում ամռան անհարմար ու տհաճ շոգն ու անհավեսությունը:
Շոգից թմրում ես, թուլանում, անհավես դառնում ու տրամադրությունդ ընկնում է՝ ջերմաստիճանին հակառակ: Ձմռան սառնությունը սթափեցնող է, ձմռան մեջ սեր կա, և վերջապես՝ ձմռանը այնքան շատ են գրկախառնություններն ու համբույները թանկ ու հարազատ մարդկանցից, իսկ հիմա չգիտեմ էլ՝ ինչ անեմ, որ չգրկեն ու չբազմապատկեն շոգի տհաճությունը:
Բոլորն անհավես են ու անտրամադիր, շոգը գորշացրել է կյանքի գույները, իսկ ձյան ճերմակությունից աչքերդ բացվում են: Հա, ձմռանը ցուրտ է, բայց ցրտի դեմ կան միջոցներ: Մրսո՞ւմ ես՝ տաք հագնվիր, իսկ հիմա հակառակ գործողության դեպքում առանձնապես տարբերություն չենք զգում:
Լավ, լավ, արի չբողոքենք ու փորձենք փնտրել ամռան առավելությունները: Մարդիկ քիչ են գումար ծախսում, մրսկանները չեն մրսում, ամեն դեպքում՝ հարազատներիս գրկախառնությունները հաճելի են, ամենալավը՝ ամառը վերջանում է, ու շուտով ձմեռ է:
Ձմե՛ռ, կարոտել եմ, հետ արի:
Երկու բաղադրատոմս՝ մեկի փոխարեն
Ուզում եմ քեզ մի բաղադրատոմս ասել՝ գրելու բաղադրատոմսը: Չնայած, եթե մեզանից մեկն ես, պետք է որ իմանաս դրա մասին:
Մտածում ես՝ բոլոր թեմաները վերջացե՞լ են, էլ թեմա չկա՞ գրելու: Սխալվում ես: Գրելու թեմա միշտ էլ կա, կարելի է գրել ամեն ինչի մասին: Կարելի է անվերջ գրել քո շուրջը կատարվող երևույթների, քո կողքին ապրող և առաջին հայացքից սովորական թվացող մարդկանց մասին: Ուղղակի պետք է տեսնել, իսկ դա միանգամից չի լինում:
Ախ, հա, դու սպասում ես բաղադրատոմսին, իսկ ես փիլիսոփայում եմ: Ուրեմն տես, թե ինչ պետք է անել: Վերցնում ես «Խաբարբզիկի» համարներից մեկը, ունես, չէ՞, և հավանաբար դարակիդ ամենալավ անկյունում ես պահում, ու սկսում ես կարդալ ընկերներիդ հոդվածները: Հավատա, նրանք բոլորն էլ քո ընկերներն են, հետո ի՞նչ, որ շատերին չես ճանաչում: Դու շուտով կընկերանաս նրանց հետ՝ նրանց նյութերը կարդալով, նրանց մտքերին ծանոթանալով:
Դե, տեսնո՞ւմ ես, դուք հենց նոր ընկերացաք՝ առանց դրա մասին իմանալու: Հենց նոր պարզեցիր, որ նա սիրում է նույն գիրքը, ինչ դու: Նրա մյուս հոդվածներն ես կարդում ու տեսնում, որ դուք նաև համակարծիք եք շատ հարցերի շուրջ: Էլ ի՞նչն է մարդկանց այնպես միավորում, որքան ընդհանուր հետաքրքրություններ ունենալը:
Տեսնո՞ւմ ես, մինչ դու կարդում էիր նրա նյութերը նոր հոդվածի գաղափար մտածելու համար, ինչը, վստահ եմ՝ ստացվեց, ձեռք բերեցիր ևս մի լավ ընկեր:
Հ.Գ. Փաստորեն ես միանգամից երկու բաղադրատոմս տվեցի քեզ՝ մեկի փոխարեն:
Երբ կա հնարավորություն և միջոց

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի
Հայաստանում «Ստարտափ Արմենիա»-ն Սևանա լճի ափին իրականացնում է «Սևան Ստարտափ Սամիթ» ոչ ֆորմալ վրանային ճամբարը, որի ընթացքում ստարտափ ծրագրեր ունեցող խմբերը 7 օր համախմբվում են մի տանիքի տակ՝ հաճելի և ինտելեկտուալ միջավայրում, նոր բիզնես գիտելիքներ ստանում, փորձի փոխանակման և ծրագրերի ներկայացման շնորհիվ ձեռք բերում համախոհներ և ներդնողներ: Ծրագրի մեջ ընդգրկվում են կամավորներ, որոնք աջակցում են ճամբարի պատրաստմանն ու կազմակերպմանը և, իհարկե, լավ ժամանակ անցկացնում ճամբարի ընթացքում, լուսանկարիչներ և լրագրողներ, որոնք տարբեր ճանապարհներով հնարավորություն են ստանում ներսից լուսաբանելու ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները և ընդգրկվելու ճամբարի մասնակիցների շարքում: Ճամբարն իր մեջ ընդգրկում է առավոտյան նախավարժանք, բիզնեսի և ստարտափ դաշտի հետ կապված մի շարք վորքշոփեր, Սևանա լճի ափին տեղի ունեցող մի շարք ժամանցային ծրագրեր, «Campfire Talk»-եր, որոնց ժամանակ հայտնի գործիչները կիսվում են իրենց փորձով, պատասխանում մասնակիցների հարցերին և ուղղություն տալիս նրանց:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի
Յոթօրյա ճամբարը նոր դռներ է բացում մասնակիցների առաջ՝ հնարավորություն ընձեռելով նրանց շփվել 1000 և ավելի տարբեր բնավորությունների տեր տարբեր միջավայրերի մարդկանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ֆինանսական աջակցություն ստանալ` ստարտափ ծրագրերի իրականացման համար: Սա նոր և կարևորագույն հարթակ է Հայաստանում, որի գերնպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև սեփական ուժերի գնահատումը: Այս տարի՝ 2017 թվականի հուլիսի 24-ին մեկնարկել է ճամբարը, որի ավարտը հուլիսի 31-ին է: Մասնակիցների թիվն անցած տարվա համեմատ աճել է 2 անգամ՝ դառնալով 1000 և ավելի: Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթի» գործընկերն է Եվրոպական միության կողմից կազմակերպվող «SMEDA» ծրագիրը: Ստարտափ թիմերի թիվը 70 է, իսկ ծրագրավորողների թիվը հասնում է 30-ի: Մրցանակային ֆոնդը այս տարի 40000 դոլար է, սակայն այլ ներդնողների և հովանավորների շնորհիվ այն ընդլայնել է իր մասշտաբն ու դարձել 200000 դոլար: Ինչպես անցած տարի՝ այս տարի էլ ճամբարն իրականացվում է Սևանա լճի ափին՝ վրաններով, 20 ջոկատների կազմակերպմամբ: Մինչ ճամբարային փուլը բոլոր մասնակիցներն անցել են հայտագրման և հարցազրույցի փուլերը և գրանցած հաջողությունների արդյունքում հասել են վերջնական փուլ: Սամիթի շրջանակներում կազմակերպվում են հեքեթոններ, Seed Pitch (ստարտափ ծրագրերի ներկայացում 2 րոպեանոց pitch-ով և 4 րոպեանոց Q&A-ով), Big Battle (ստարտափերը ներկայացնում են իրենց խնդիրը, թե ովքեր կարող են իրենց խնդրին բախվել և ինչպիսի լուծում են տալիս իրենք այդ խնդրին, 3 րոպեանոց Pitch, 4 րոպեանոց Q&A), Yell Extreme Battle (տուրիզմի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Art Lunch Battle (առողջության և սննդի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Janfida Battle (պայքար գյուղատնտեսության հետ կապված ստարտափերի մեջ) և Science Battle (պայքար գիտության ասպարեզի ստարտափերի միջև): Հետևյալ battle-ներից բացի՝ կան հատուկ մրցանակներ լավագույն լուսանկարի, լրագրողական նյութի համար: Վորքշոփերը, թրեյնինգներն ու «Campfire Talk»-երը հնարավորություն են տալիս մասնակիցներին սովորել գտնել ճիշտ խնդիրներ, ուսումնասիրել դրանք, հասկանալ, թե ովքեր են բախվում այդ խնդրին և թե ինչպես կարելի է շահավետ, հարմար և ժամանակակից լուծում տալ այդ խնդրին: Սամիթն իր մեջ ընդգրկում է եզրափակիչ մեծ խնջույք լճի ափին՝ տոնելու համար մասնակիցների հաջողությունները և հաղթանակները:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի
Սամմիթի կազմակերպչական խումբը փորձում է առավելագույնս մոտիվացնել յուրաքանչյուր մասնակցին՝ նրանց լիովին ընդգրկելով ծրագրի մեջ, ապահովելով ժամանցը, անվտանգությունն ու հարմարավետությունը, տալով ընդհանուր և բիզնես ոլորտի գիտելիքներ, ստեղծելով գիտելիքները գործի դնելու լավագույն պրակտիկա: Սևան Ստարտափ Սամիթ-ը կարող է լավագույն հարթակ դառնալ պատանիների, երիտասարդների համար՝ հասնելու այն նպատակին, որը գուցե մի ժամանակ անհասանելի երազանք է եղել, բայց արդեն բարձր մակարդակով կազմակերպված ծրագիր է:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի
Հնարավորությունը կա, միջոցներն առկա են, մնում է միայն մեծ ցանկություն, հավատ նպատակի նկատմամբ և մեծ աշխատասիրություն:
















