Ազատ տարածք խորագրի արխիվներ

jora petrosyan

Վերջապես…

Ի՞նչ էին անում բոլոր աշակերտները ամռան այս երկու ամիսներին. դե, բնականաբար, հանգստանում էին: Ճամբարներ, սեմինարներ…

Իսկ ի՞նչ էի անում ես: Ես մինչև հիմա պարապում էի: Վերջապես վերջացրի: Ինչպես սիրում եմ ասել՝ Դոբին ազատ է: Եկել է հանգստանալու ժամանակը: Բայց ի՞նչ հանգստանալ կամ ինչպե՞ս հանգստանալ, երբ հիշում ես, թե որքան հանձնարարություն ունես: Ինչպես իմ շա՜տ սիրելի ուսուցչուհին՝ Աղաջանյանն է ասում՝ ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Պետք է հիշել, որ միասին նպատակ ունենք ու պիտի հասնենք դրան: Իսկ նպատակին հասնում են միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ: Ուսուցչուհիս ինձ տալիս է ոչ միայն գիտելիքներ կենսաբանությունից ու քիմիայից, այլ նաև կյանքի դասեր ու խորհուրդներ, որոնք էլ ավելի կարևոր են: Նա գիտի, թե ինչպես աշակերտին տրամադրել պարապելու ու գիտի աշակերտին իր նպատակին հասցնել:

Վերջապես օգոստոսն է, պիտի հանգստանամ: Էլի մեքենայով գնում եմ Ռուսաստան: Հուսանք, որ այս անգամ նորից ստիպված չեմ լինի մի քանի ժամ անցկացնել թշնամու հետ մեկ սենյակում:

Հայաստան-Վրաստան-Վլադիկավկազ-Մոսկվա-Պետերբուրգ: Հետաքրքիր է անցնելու: Երկար ճանապարհ՝ սիրելի մարդկանց հետ: Բայց ինչպես ասել էի, ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Հենց դրա համար ինձ հետ վերցրել եմ իմ բոլոր գրքերը, շտեմարանները:

Դե, ընկերներ, ի գո՜րծ: Ինձ հետաքրքիր ճամփորդություն ու նպատակային պարապմունքներ, իսկ ձեզ՝ ակտիվ հանգիստ:

Դեպի խաղը, միսիս Հադսոն, դեպի խաղը

Screen Shot 2017-07-27 at 4.47.40 PMԼոնդոնի հերթական անձրևոտ երեկոներից մեկն էր: Նստած իմ բազկաթոռի մեջ, ծխելով ծխամորճս՝ թերթում էի ֆեյսբուքիս նորությունների շարանը: Հավատարիմ ընկերս՝ բժիշկ Վաթսոնը, նստած էր իմ առջևում. իր բժշկական սերիալներից էր նայում: Վաղուց ոչ մի հետաքրքիր բան մեզ հետ չէր կատարվել, անհետաքրքիր, գորշ օրերից իմ օրգանիզմն արդեն զզվել էր: Ինձ գործ էր պետք: Վաթսոնն ուշադրություն չէր դարձնում վրաս, անգամ բուխարու վառ կրակը չէր շեղում նրա ուշադրությունն իր հեռախոսի էկրանից: Բայց շուտով ֆեյսբուքը կարողացավ ինձ օգտակար լինել, երբ տեսա այդ հայտարարությունը: Գրված էր, որ իմ մասին ինչ-որ նոր կայք է բացվել, ու էլի մի քանի տող բան, որը, ես իհարկե չկարդացի, այլ միանգամից բացեցի կայքը: Հայտնի պրոֆիլս դիմավորեց ինձ: Տրամադրությունս կտրուկ բարձրացավ, կայքի նկատմամբ հետաքրքրությունս ցրեց գործի պակասից առաջացած վատ մտքերը: Սկսեցի թերթել կայքի բոլոր բաժինները, երբ մի պահ քարացա: Այնտեղ իսկապես հետաքրքիր գործ կար: Բաժիններով առանձնացված էին գործերը, որոշները պարզից էլ պարզ էին, իհարկե, ոչ ձեզ համար, իսկ որոշներն իսկապես հրաշալի էին՝ իսկական ծննդյան նվեր: Շտապեցի pdf տարբերակով ներբեռնել գործը, որ երկար մտորեմ: Ամեն մի նոր գործ տեսնելիս արյունս եռում էր. մասնագիտական հետաքրքրասիրություն, ինչ արած:

-Իմ կյանքը նորից վերաիմաստավորվեց,- բացականչեցի ես, այս անգամ արդեն գրավելով Վաթսոնի ուշադրությունը:

-Գործ ես գտել, ի՞նչ է,- ծածուկ հետաքրքրությամբ հարցրեց նա: Վերջերս նրա կլինիկայի գործերը սարսափելի վատ էին գնում: Նա, իհարկե, չէր խոստովանում, բայց անդադար թերթերը փորփրելն ու իր հիվանդներից չխոսելը հենց դրա մասին էին վկայում:

-Այո, բարեկամս, և ոչ միայն մեկը,- տեղիցս վեր ցատկեցի ես ու նրան նետեցի իր վերարկուն,- չի կարելի նստել տանը, երբ Լոնդոնում այսպիսի բաներ են կատարվում:

Լոնդոնի անձրևներն ու մշտական խոնավ եղանակն այլևս ինձ չէր անհանգստացնում: Ես գործ ունեի: Խաղն սկսված է:

Հ. Գ. Ուզո՞ւմ ես հետևել իմ՝ անկրկնելի խուզարկու Շերլոկ Հոլմսի և իմ անբաժան ընկեր բժիշկ Վաթսոնի արկածներին արդեն հայերենով, այցելիր http://www.holmes.am կայքը, գտիր նոր գործեր, բարեկամս, ու անցիր գործի: Կայքում նույնիսկ աուդիոգործեր էլ կարող ես գտնել, եթե սիրում ես, որ գործը քեզ անձամբ են պատմում: Կարող ես սկսել բացահայտել քո շուրջը թաքնված առեղծվածները, իսկ երբ հայտնվես փակուղում, նամակ գրիր ինձ, ես անպայման կօգնեմ քեզ: Հասցեն անփոփոխ է՝ Բեյքր սթրիթ, 221 Բ, անունը՝ Շերլոկ Հոլմս:

Bike Camp

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ուզում եմ պատմել մի նախաձեռնության մասին, որը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում: Հեծանիվների մրցարշավ, որին մասնակցում էին լեռնային հեծանվորդներ, քայլարշավի գնացողներ, յոգայով զբաղվողներ և այլք: Դե, ցանկացած նախաձեռնության համար աջակցողներ են պետք, այս ծրագրին էլ աջակցել է Երիտասարդական հիմնադրամը, իսկ գումարի մնացած մասը հավաքվել է անդամավճարներով:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանն ասում է, որ գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Eco Lab»-ի շրջանավարտ: «Eco Lab»-ից հետո ստացած փոքրիկ դրամաշնորհով Էմման ստեղծեց հեծանվային արահետ Վանաձորում: Արահետը կառուցելուց հետո երիտասարդների հետաքրքրվածությունը մեծ է եղել, և նա որոշել է հեծանվորդների ճամբար՝ «Boo Bike Camp» կազմակերպել, որտեղ կհավաքվեն հեծանվորդներ և կծանոթանան արահետին, կշփվեն իրար հետ, նոր գաղափարներ կծնվեն: Ճամբարի օրերը շատ հագեցած էին, և տղաներին հավասար՝ աղջիկները նույն պես լավ հեծանիվ էին վարում: Տարբեր մարդիկ՝ տարբեր տեղերից ու տարբեր մասնագիտությունների տեր, հավաքվել էին մեկ նպատակով՝ հեծանիվ վարելու:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Արմինեն ուսուուցչուհի է և սկսնակ հեծանվորդ, նա ասում է.

-Ինձ առաջին հերթին գրավեց գաղափարը՝ ունենալ լեռնահեծանվային սպորտի այգի, իսկ վայրը շատ ճիշտ էր ընտրված: Ստեղծված էր միջավայր, որտեղ հեծանվորդները կարող էին հանգիստ շփվել իրար հետ, սովորել նոր հնարքներ: Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ինքս իմ ուժերը բացահայտելու՝ առանց վախենալու սլանալ լեռներում, քանի որ վստահ էի, որ մի բան լիներ՝ ինձ ամեն կերպ կօգնեին:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Հնարավորություն տվեց տղաների հնարքները վայելելու, որոնցից տպավորված եմ: Եթե ինչ-որ բան ուզենամ, հանգիստ կարող եմ դիմել լավ հեծանվորդ տղաներին, որ օգնեն, կամ էլ հավաքվենք ու վարենք. նրանք մեզ՝ աղջիկներիս, ավելի լավ վարել կսովորեցնեն: Ամենակարևորը՝ ինքս իմ առջև նպատակ եմ դրել ամեն կերպ բարելավել իմ հեծանիվ վարելու հմտությունները, որ հաջորդ ճամբարին մասնակցեմ ու ավելի լավ արդյունք գրանցեմ: Տպավորված եմ և ուրախ, որ կա նման հնարավորություն և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառուների համար:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Իսկ եթե դու դեռ չես կարողանում հեծանիվ վարել, ապա օգտագործիր ամառային արձակուրդներդ կամ էլ հանգստյան օրերդ, գտիր մեկին, ով քեզ քշել կսովորեցնի, որովհետև հաջորդ «Bike Campin»-ին շատ քիչ ժամանակ է մնացել:

nina arsutamyan portret

«Արմաթի» ճամբարը

2017 թվականին մեր դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի սաներից եմ նաև ես: Իմ ինֆորմատիկայի ուսուցիչ ընկեր Ջանունցն ասաց, որ եթե ցանկանում եմ մասնակցել, ապա պետք է ունենամ մի նորարարական գաղափար: Ես շատ էի ուզում մեկնել ճամբար, ձեռք բերել նոր ընկերներ: Երեք օր մտածեցի, թե ինչ նորարարական գաղափար հորինեմ, և հանկարծ մտածեցի՝ լրագրող ռոբոտ, որը կարող է անել ցանկացած լրագրողի գործ:

Չգիտես՝ ինչու, ցանկացած ճամբար մեկնելուց առաջ սկսում եմ մտածել, որ լավ չի անցնելու: Կրկին նույն մտահոգությամբ էլ գնացի:
Գնացինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարը: Առաջին օրն էր: Սենյակներն արդեն բաժանել էին, մեր սենյակում ինն աղջիկ էինք:
-Եկեք ծանոթանանք, երեխեք ջան, 10 օր իրար հետ ենք մնալու,- սենյակում արդեն բոլորն ընտրում էին իրենց անկողինները, իսկ ես շարունակում էի խոսել:
Ծանոթացանք: Մի օրվա մեջ ես, Արմինեն և Սոֆին դարձանք անբաժան եռյակ: 10 օրերի ընթացքում միշտ իրար կողքի էինք նստում:
Արդեն գնացինք և տեղավորվեցինք տաղավարում: Բոլոր 45 մասնակիցներն էլ ունեին իրենց նախագիծը, որն էլ ներկայացրինք: Երբ ավարտվեց 45 հոգու գաղափարների ներկայացումը, սկսվեց քվեարակությունը: 30 րոպե տևեց քվեարկության հաշվարկը: Ընտրվեցին լավագույն 7 գաղափարները, և ստեղծվեց 7 խումբ:
Ճամբարում դասընթացներ էին անցկացվում տարբեր բնագավառներից՝ «Picsart»-ից մինչև «U!com»:
Վերջին օրը առավել լավ 7 գաղափարներից ընտրվեցին լավագույն 3-ը:
Այդ ճամբարից միշտ կհիշեմ ես, թե ինչպես երկրորդ օրը երկու անգամ ջրվեցի, թե ինչպես էի ամեն օր թրջված գնում սենյակ, թե ինչպես էին տղաները գլխիս լցնում իրենց սափրվելու փրփուրը: Կարող եմ անվերջ թվել մեր չարաճճիությունները:
Մտքումս այնքան հիշողություններ կան, այնքան հետաքրքիր դեպքեր են խճճվել, որ չեմ կարողանում մտքերս լրիվ հանձնել թղթին: Չեմ կարողանում, քանի որ կարոտել եմ բոլորին:

syuzanna kharatyan

Կիկոսի մահը

Երբ տանը մենակ ես լինում, ինչ խենթություն ասես, որ մտքովդ չի անցնում:

Մտածում ես, պատկերացնում ու որոշում օր և ժամ, որ իրագործես նպատակդ, հաճախ դու չես որոշում այդ օրը, քանի որ դա տոն է, և ոչ միայն դու ես նշում, այլ քեզ նման հազարավոր մարդիկ։ Այդ օրը, որի մասին մտածում, երազում և պատկերացնում էի, մեր վերջին զանգի օրն է, որը ոչ հեռու ապագայում է՝ ընդամենը 3 տարի հետո (դե, ես մտածում եմ, որ 3 տարին շատ շուտ կանցնի): Արդեն նաև համացանցն էի փորփրել, թե ինչ համազգեստ պետք է հագնենք աղջիկներով և այլն… Բայց այս ամենից զատ պարզվեց, որ իմ դասընկերներն էլ են ամեն օր մտածում վերջին զանգի մասին, ու այդ խենթ միտքը ամառ օրով մեզ հավաքեց իրար գլխի: Սկսվեցին բուռն քննարկումները: Դե, մեր ժամանակներում «իրար գլխի հավաքվելը» հանդիպումը չէր, այլ ֆեյսբուքը և դասարանական զրուցարանը։ Տեսաֆիլմեր էինք միմյանց ուղարկում, քննարկումներ անում։

-Կարանք էս վիդեոն մեր օրինակով անենք:

-ՉԷ՛, դա հարմար չի, էս մեկն ավելի լավն ա:

Նմանատիպ շատ երկխոսություններ ունեցանք։ Դա էլ հերիք չի, սկսվեցին հեռախոսազանգերը: Զանգում էինք հատկապես նրանց, ովքեր այդ պահին օնլայն չէին։ Նրանք էլ միացան մեզ ու սկսվեց նոր մտքերի շարանը:

Հետո խելքի եկանք ու հասկացանք, որ մինչև 2020 թվականը դեռ այնքան ժամանակ կա, որ կհասցնենք մտածել, փորփրել ու իրագործել:

Ու այդպես մի վայրկյանում անհետացան մեր վառ երազանքներն ու մտածմունքները, որոնք կապել էինք մեր վերջին զանգի հետ:

monika mamyan

Իմ գրիչը իմ զենքն է

Սովորականի նման իմ պատուհանից դուրս եմ նայում. ինչ-որ բան եմ փնտրում: Աստղե՞ր. այսօր նրանք չքացել են: Իմ ժպի՞տը, որ միշտ մեխի պես գամվում է թափանցիկ ապակուն: Ես նրան էլ չեմ կարող գտնել ո՛չ հայելու մեջ, և ո՛չ էլ քաղաքի՝ գիշերային լույսերից ժպտացող աչքերում: Երանի թե ես էլ մոլորվեի նրանց հետ, որ գտնեի հանգստությունս: Մի տաքուկ գրքի տողերում թաքնվել եմ ուզում. այդպես, միգուցե, մարդկանց հաջողվի կարդալ ինձ, կամ էլ անտարբեր (ինչպես և հաճախ ես, երբ ընթերցում եմ) մտքերի մեջ թավալվելով՝ թերթեն այդ էջը: Ես կհասկանամ, չեմ էլ դժգոհի, չէ՞ որ զգացմունքային ամենաթեժ ու փոշիացնող պահերն ապրել են իմ ամեն մասնիկի հետ հավասար, երբ այդ սուր զգացմունքը սոսնձի նման կպչում է մարմնիդ, նվագում իր հոգու նվագը՝ հենց քո ամենաթեթև նյարդային լարերի վրա: Ծնվում են նոր, ուրիշի նոտաներով նվագված շարժումներ: Դառնում կա՛մ թատրոնի տիկնիկ՝ չունենալով սեփականը, կա՛մ էլ կոտրված մի մատիտ, որ ցանկացածը իր թեթև խոսքով ջնջում է քեզ, քո յուրաքանչյուր գծած ու գծագրած պատմությունը:

Չէ՛, ես չեմ կարող հասարակ ժպիտով նայել, թե ոնց եմ ժամացույցի փոքր սլաքի նման՝ և՛ արագ, և՛ մի պահ էլ, թվում է՝ դանդաղ, դառնում փոշի, ձուլվում քո շնչած և արտաշնչած օդի հետ: Այսքանից հետո մնում է աղաղակել, շուրջդ հավաքել բոլորին. հասկանում եմ՝ իմը չէ՛:

Անգամ պայքարում սիրել եմ միայնությունը: Կարծես թե դարձել եմ մի ուրիշ աշխարհ, բայց այստեղ էլ, միևնույն է՝ պատերա՜զմ, քաո՜ս: Հակառակ կողմում իմ մյուսն եսն ու երեսն են: Երկու դեպքում էլ և՛ ես հաղթում եմ, և՛ նույն ժամանակ զգում պարտվածի ցածր աստիճանը: Բայց ո՛չ, ես վրիպեցի, կամ էլ պարզապես թերացա իմ խոսքերի մեջ. ի՞նչ պատերազմ առանց զենքի ուժի:

Ներսիս պատմությունը վստահել գիտեմ միայն իմ գրչին: Իսկ կաթիլ-կաթիլ գլորվող արցունքներս, ինչևէ, գիտեն ինձ, 18 տարին բավական էր, որ պատմություններս ժապավենի նման շարակցեն մեկը մյուսին: Բայց երբ նրանք թափվել են ցանկանում, անգամ ծոծրակիս չհասած ցնդում են՝ իմ ներսի փոթորկվող ալիքներին նույնիսկ հանգստություն չտալով: Իսկ իմ անկոտրում զենքը, որը վերջերս գտա, փոթորկվող ծովը վերածում է հանդարտահոս գետակի, երբ նայում եմ, ուրեմն հաճույքի սահմաններն արդեն հատվել են:

Շատ անգամներ է նա ինձ օգնել, ներսիցս ցրել աղտեղությունը: Ամեն մասնիկ, ամեն տառն ու բառը գրելիս նա զգում է իմ ապրածը: Երբ ուրախ եմ, ժպիտը թափվում է իմ աչքերից, «ուրախ է» նաև նա: Կկարդա ժպիտիս տակ թաքնված ամեն իմաստ: Ինչպես Չապլինի համար հայելին էր դարձել միակ ընկերն ու զենքը, այնպես էլ ինձ համար իմ գրիչն է:

Խոսքերիս ճշգրիտ արժեքը չի՛ ստի: Հազար ու մի նժարով կկշռի, կչափչփի ու ինձ կտա իրական գինը, թե պետք լինի, անգամ մանրադրամն էլ կխնդրի:

Անկեղծությունը սեր է, որ շատ ժամանակ ինձ մղում է դեպի մեծ պայքարի հանուն այն արժեքավորի, որ կա մեր ամեն օրվա մեջ: Իմ զենքով, թեկուզ՝ շատերին անլսելի ձայնով, հայհոյում եմ անպատկառությունն ու անամոթությունը, փորձում այրել բռնության սերմերը, մասնատել թշնամությունը, չնայած՝ շատ ժամանակ օգտվում եմ այդ խորշելի ստի ծառայություններից:

Խոսքի ու գրչի ուժն անընկճելի է: Եվ ինչո՞ւ կռվել ավերիչ ու արյունաբեր զենքերով, եթե խոսքիս զենքով կռվում է գրիչս: Իմ գրիչը իմ զենքն է:

Կարբի համայնքի երիտասարդական խորհուրդը

Հուլիսի 14-ը Կարբի համայնքում շատ կարևոր օր էր: Երեսունից ավելի խելացի, գործունյա երիտասարդներ ջանք ու եռանդ չխնայեցին գյուղն ավելի զարգացնելու համար: Նպատակն էր՝ գյուղում ստեղծել երիտասարդական կենտրոն: Կենտրոնի ֆինանսավորմանը աջակցել է «ԿԱԶԱ» հիմնադրամը: Ակումբի բացման գործում իրենց մեծ ներդրումն ունեն Անուշ Խուդավերդյանը, Ծաղիկ Գրիգորյանը, Անի Սարգսյանը և շատ այլ բանիմաց երիտասարդներ: Ներկա էին խորհրդի բոլոր անդամները, դպրոցական աշակերտներ, համայնքապետարանի անձնակազմը և Կարբիի բնակիչները: Իհարկե, որոշ խնդրիների պատճառով հետաձգվեց բացման օրը, բայց այն երկար սպասեցնել չտվեց: Երեխաները միշտ դժգոհում էին, որ գյուղում չկա ժամանցի վայր, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել: Իսկ այսօր այդ խնդիրն արդեն կարելի է համարել լուծված: Ամեն շաբաթ և կիրակի օրերին կրկին գործի են անցնելու երիտասարդական խորհրդի անդամները՝ համայնքի երիտասարդների օրը ավելի լավ, զվարճալի և գիտելիքներով լեցուն դարձնելու համար: Այս ակումբը առաջինն էր, բայց համոզված եմ, որ ոչ վերջինը:

Գավառում Վարդավառ է

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մա՛ր, զարթնի՛ր, արդեն սկսել ենք,- արթնացրեց քույրս ուրախ բացականչությամբ:
-Ժամը ութի՞ն,- փնթփնթալով վեր կացա ես:

Մինչ պատրաստվեցի ու դուրս եկա, պարզվեց, որ բավականին ուշացել եմ ու, ինչն ամենացայտունն էր, միակ չթրջված մարդը դրսում։ Չհասցրեցի ջրով լի դույլս բարձրացնել, երբ հետևից ինչ-որ մեկն իր դույլը գլխիս դատարկեց, իսկ առջևից էլ երեխաները «Մարիամին չենք ջրել» բացականչությամբ դեպի ինձ էին վազում։ Մնում էր միայն փախչել ու հուսալ, որ ջուրը շատ սառը չի լինի։
Ես էլ թրջվեցի։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ջրում էինք առանց թիմերի բաժանվելու՝ ով ում պատահի։ Ոչ ոք չէր մնում չոր հագուստով, եթե նույնիսկ պատշգամբում էր։ Չէ՞ որ շենքի բարձր հարկերից նույնպես ջրի շիթեր էին բաց թողնում։ Որքան վերև՝ այնքան ապահով:
Շուտով մեզ՝ երեխաներիս, միացան նաև մեծահասակները՝ հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները։ Արկածները դեռ նոր էին սկսվում։ Անծանոթ մարդկանց չէր փրկում նույնիսկ «մոտս հեռախոս կա» կամ «կարևոր տեղ եմ գնում» արտահայտությունները:
Երբ նկատեցի, որ շարժն աշխուժացավ, ու կարելի էր հետաքրքիր կադրեր որսալ, տուն գնացի, որպեսզի վերցնեմ տեսախցիկս ու լուսանկարներ անեմ։
Հասկացա, որ դրսում անհնար կլիներ մոտենալ մարդկանց ու չփչացնել տեսախցիկը։ Որոշեցի գործել պատուհանից ու պատշգամբից։ Սկզբում ամեն ինչ լավ էր, ու կարծես ոչ ոք ինձ չէր նկատում։ Մեկ էլ հանկարծ զգացի, որ թրջվում եմ։ Վերևի հարկի հարևանն էր։ Չգիտեր, որ նկարում եմ։ Այժմ թրջվեցի ոչ միայն ես, այլև տեսախցիկս։ Այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նկարներ պահպանել։ Դրսում ջրոցին դեռ երկար շարունակվեց։ Մեկը քամում էր թրջված մազերն ու շորերը, մյուսը արևկող պատին հենվում՝ չորանալու, մյուսներն էլ շարունակում էին խաղը:

anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը:

Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում: