«Ֆելիետոնների և մարզական կյանքը լուսաբանելու համար»
-…Անի Հարությունյան։
Ե՞ս։
Քայլում եմ դեպի բեմը ու շփոթմունքից մտածում ՝ գուցե էլի՞ Անի Հարությունյան կա, հնարավոր ա՝ ես չեմ։ Բայց, չէ, չեմ սխալվել, ես եմ։
Այն, ինչին չես սպասում, ավելի մեծ ու հաճելի անակնկալ է դառնում։
Քայլում էի դեպի բեմը, ու անցածս տարածությունն ինձ թվում էր այն ճանապարհը, որն անցել էի այս մեկ տարվա ընթացքում։ Գրել էի, հաճախ դժվարացել, մտքերս չէին հավաքվել, երբ իրոք հարկավոր էր գրել, նեղացել էի մուսայիցս, նորից համոզել, որ ջղայնացած էի, կանցնի, նա էլ ներել էր, ու միասին հասել էինք այստեղ, այսօր։
Դեպի բեմ տանող այսօրվա ճանապարհն այնքան հարթ ու հեշտանցանելի էր, բայց մինչև այսօրը հասնելու ճանապարհը լի էր դժվարություններով, հաճելի ու երջանիկ պահերով, կարոտած գրկախառնություններով ու արցունքոտ բաժանումներով։
Կյանքում ամենահաճելի զգացումներից մեկն է գնահատված լինելը։ Երբ պատասխանատվություն ես զգում ինքդ քո առաջ, ու այն մեկի, ով քեզ վստահեց, կարդաց, լսեց, մի փոքր վրիպակը ներեց ու գրեց քո անունը թղթին։
Այսօր բոլորին պատմելու օր էր, երջանիկ ժպիտով ու բարձր գլխով տուն մտնելու օր էր, պապիս «ապրես, բալես»-ները լսելու օրն էր, գրկելու ու նորից բաժանվելու օր էր։
Այսօր նորից ու առանց հոգնելու շնորհակալություն ասելու օր էր։
Մի քիչ էլ նյութական ձեռքբերումիցս գլուխ գովեմ, ու վերջ։ Ես ու ընկերս Սան Ֆրանցիսկոյի AIWA կազմակերպության և GoPro ընկերության կողմից ստացանք ներկայիս ժամանակների ամենալավ էքշըն տեսախցիկներից մեկը, ու ասեմ, որ ես մինչև ստանալուս րոպեն էլ չգիտեի, որ մրցանակակիր եմ, թեև ես էի հաղթողներին հայտարարում։ Տեքստի այդ հատվածը հաղորդավարուհու ձեռքում էր։
Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը եւ ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էին ավելի քան երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ «Մանանա» կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները:
Մրցանակներ հանձնվեցին առավել ակտիվ եւ աչքի ընկած պատանի թղթակիցներին, որոնք հրապարակվում են www.17.am կայքում, տարբեր անվանակարգերում, ինչպես օրինակ, «Լավագույն ակնարկագիր», «Լավագույն հրապարակախոս», «Ամենահուզիչ նյութի հեղինակ», «Ամենաստեղծագործ թիմ» և այլն:
Ծրագրի հարյուրավոր մասնակիցները՝ 14-ից 24 տարեկան պատանիներն ու երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից, մարդակենտրոն պատմությունների միջոցով ներկայացնում են իրենց ոգեշնչող մարդկանց, պատմում են, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ գյուղում ամենօրյա կրակոցների տակ, կամ էլ ընտանիքում, որտեղ երկու ծնողներն էլ արտագնա աշխատանքի են մեկնել, գրում են հասարակ մարդկանց հոգսերի եւ ուրախություներրի մասին, ուսման մեջ իրենց հանդիպող խնդիրների եւ շատ ու շատ այլ թեմաներով, ինչպես իրենք են ասում՝ գրում, լուսանկարում, նկարահանում են իրական պատմություններ իրական մարդկանց, նրանց խնդիրների, ուրախությունների և հոգսերի մասին:
«Կարծում եմ, ծրագրի ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ մենք կարողացանք կայացնել Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը որպես գործող լրատվամիջոց։ Մեր աշխատանքի ընթացքում մեր թիմը ականատես եղավ մեզ հետ աշխատող պատանիների ու երիտասարդների աշխարհայացքի կտրուկ փոփոխությանը, նրանք կրթվում ու դաստիարակվում էին որպես երկրի ակտիվ քաղաքացիներ, ում համար մեկ չէ, թե ինչ է կատարվում շրջապատում»,- ամփոփելով նշեց ծրագրի ղեկավար Ռուզաննա Բաղդասարյանը։
Մրցանակաբաշխության ժամանակ հարյուրից ավելի պատանի թղթակիցներ ստացան խրախուսական մրցանակներ, իսկ 25 պատանի թղթակիցներ ճանաչվեցին լավագույնը և պարգևատրվեցին մրցանակներով, որոնք տարբեր տեխնիկայի միջոցներ էին՝ համակարգիչներ, ֆոտոխցիկներ, թաբլեթներ, տեսախցիկներ և այլն: Պատանիներին մրցանակներ շնորհեցին նաև Թուֆենկյան, «Փարոս» հիմնադրամները, «Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս» ընկերությունը, «Արփի Սոլար» ընկերությունը, Փաստաբանների պալատը, «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը, «Մանանաֆիլմս» կինոստուդիան, կանադահայ երիտասարդների «Առագաստ» միությունը, բազմաթիվ անհատներ, որոնք կարևորում են Պատանի թղթակիցների ցանցի աշխատանքը:
«Մանանա» կենտրոնը նպատակ ունի շարունակել աշխատանքը ծրագրի շահառուների հետ եւ մրցանակաբաշխությունը դարձնել ամենամյա։
Այս և հետագա նյութերը նվիրված են Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը: