Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ինժեներական լաբորատորիա Քարինջում

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

-Էրեխեք, էս ինչ շատ մեքենաներ են գալիս դպրոց, ինչ խաբար ա՞..

-Չգիտե՞ք, էսօր ռոբոտաշինության էրեխեքի համար ինչ-որ լաբորատորիա են բացում:

Դպրոց եկած մեքենաներից մեկի վրա «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» կազմակերպության լոգոն էր, մյուսի վրա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  «Արմաթ»-ի լոգոն էր: Առաջինը բոլորիս ծանոթ էր: Նրանք առաջին անգամ չէին մեր դպրոցում, իսկ այ երկրորդը, առաջին անգամ էր:

Մենք հետո իմացանք, որ «Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:

Հենց այս երկու կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ մեր դպրոցում  այս տարվա փետրվարի 22-ին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Մեր դպրոցի Սմարթ սենյակում արդեն 6 ամիս է, ինչ գործում է ռոբոտաշինության խմբակ, որում  ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր մեծ ոգևորությամբ սովորում են խոստումնալից ապագա ունեցող մի գործ՝ ռոբոտաշինություն: Նրանք դեռ սովորում են, բայց շատ շուտով կկարողանան նաև ստեղծել իրենց մտածած ռոբոտները։

Խմբակի անդամներից Աննան նշում է, որ իրենց դասերը անցնում են շատ ընկերական միջավայրում, նոր գիտելիքներ են ստանում ոչ միայն ռոբոտաշինությունից, այլև մաթեմատիկայից ու անգլերենից: «Ինձ ոգևորում է այն փաստը,  որ ես կարող եմ ստեղծել ինչ-որ սարք, որը կենթարկվի ինձ»,- նշում է Աննան, ով մասնակցել է Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին և ոգևորվել իր հասակակից մյուս երեխաների աշխատանքներով։

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը անցավ շատ հաճելի մթնոլորտում:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝  ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Խմբակի երեխաները ցույց տվեցին իրենց դեռևս փոքրիկ ծրագրերը, սակայն տրամադրված 3D տպիչ սարքը և CNC շաղափային հաստոցը նրանց հնարավորություն կտա ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ պատրաստելով նորանոր հետաքրքիր և օգտակար ռոբոտներ։

Կողբի գեղարվեստի դպրոցը

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

ԿԳԴ-ն՝ Կողբի գեղարվեստի դպրոցը, շատ մեծ նշանակություն ունեցավ և հիմա էլ ունի տասնյակ երեխաների կյանքում: Համեստ և միևնույն ժամանակ պայծառ ու լուսավոր կենտրոնը Կողբի և շրջակա գյուղերի համար, թերևս միակն է իր տեսակի մեջ:
1999 թվականին Կարապետ Ղուլիջանյանի շնորհիվ բացվեց Կողբի գեղարվեստի դպրոցը: Նրանց 18 տարիների անձնվեր աշխատանքից հետո շատ երեխաներ գտան իրենց տեղն այս կյանքում:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

12 տարի շարունակ Կողբից ոչ հեռու գտնվող սարերից մեկում կազմակերպվում է պլեներ: Այն սովորական պլեներ չէ: Արվեստ, մաքուր բնություն, երաժշտություն, կրակի շուրջ նստած հետաքրքիր ու ջերմ երեկոներ:
Գեղարվեստի դպրոցը առանձնահատուկ է նաև նրանով, որ այնտեղ բացի նկարչության բաժնից կա նաև գորգագործության, ոսկերչության, հագուստի մոդելավորման և կավագործության բաժիններ:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ գեղարվեստի դպրոց և բառերով նկարագրել չեմ կարող, թե ինչպիսի պահեր եմ ապրել այնտեղ: Դպրոցը մեծ դեր ունեցավ իմ կյանքում, հատկապես մասնագիտական կողմնորոշման հարցում:
Կողբի գեղարվեստի դպրոցն ինձ համար միակ վայրն է, որը տալիս է կյանքում կարևոր երեք բան՝ գիտելիք արվեստի մասին, հրաշալի ընկերներ և անմոռանալի պահեր:

hasmik vardanyan

Սերիալներին համընթաց

Իչա, Տապասիա, Չակոր, Քուշի, ինչո՞ւ չէ՝ Արնո, Ռուշանյան, Քարամյան, անընդհատ լսվող անուններ: Երևի արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ ուզում գրել`այո՛, սերիալների՝ ինչպես հնդկական, այնպես էլ՝ հայկական: Իմ կարծիքով սերիալները ստեղծված են ժամանակ սպանելու կամ պարապությունը փարատելու համար: Մարդկանց մի մասն ուղղակի ապրում է սերիալներով: Հայաստանում հնդկական կինոարտադրությունն ավելի մեծ փառք է վայելում, քան հայկականը: Լա՛վ, ինչևէ, շարունակեմ: Տեղափոխվենք Հնդկաստան․հնդկական սերիալներում շատ է աբսուրդը: Բոլորս էլ նկատած կլինենք, որ այսպես կոչված՝ կինոյի միջի տղան, ինչպիսի իրավիճակում էլ գտնվի՝ մի քանի օր քաղցած, ծեծված, երբ աղջիկը հայտնվում է, ինչ-որ գերբնական ուժ է ծնվում տղայի մեջ, ու կապ չունի այդ պահին իշխողն ով էր, կամ ում ձեռքում էր զենքը, արձակում է ամուր կապված շղթաններն ու փրկում աղջկան: Լա՛վ, հասկացանք, որ սերիալ է, կարող է և մի փոքր էլ չհամապատասխանի իրականությանը, բայց այսքա՞ն:

Վերադառնանք Հայաստան: Հայկական սերիալներում կան անհավանական իրավիճակներ, բայց երևի դրանք շատ ավելի քիչ են: Հայկական սերիալներում ամեն ինչ շատ միապաղաղ է: Դեպքերը շատ դանդաղ են առաջ գնում: Օրինակ, եթե տեսել ենք առաջին սերիան ու հետո 40 սերիա չենք տեսել, հետո նայենք հաջորդը՝ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ սայլը տեղից չի շարժվել: Բայց գիտե՞ք հետաքրքիրն այն է, որ երկու տեղում էլ կան բացասական կողմեր, բայց կարծում եմ, որ հնդկականը ավելի բարձր մակարդակի վրա է:

Գրում եմ այս մասին, բայց զգում եմ, որ չեմ կարողանում ավարտել մտքերս: Մտածում եմ․ «Ինչո՞ւ գրեցի այս մասին»,- և ինքս ինձ պատասխանում․

-Երևի այն պատճառով, որ ես էլ իմ ավանդը ունենամ սերիալային քննարկումներում:

anushik davtyan

Եթե վստահ ես քո ուժերին

Նախկինում հաճախ էի ասում, որ աշխատասիրության շնորհիվ յուրաքանչյուր նպատակի էլ հնարավոր է հասնել, եթե իսկապես ցանկություն կա: Այդ դեպքում ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել: Հիմա իմ սեփական փորձով եմ դա հասկացել: Մեկ տարի առաջ քննությունս անհաջող հանձնելուց հետո որոշեցի չհանձնվել և պայքարել մինչև վերջ: Մինչև իսկական քննությունս մի քանի անգամ փորձնական քննություններ հանձնեցի, ստացա բավարար միավորներ՝ 79 և 82: Մինչ քննության օրը համոզված էի, որ հաստատ շատ լավ եմ հանձնելու, բայց այնպես ստացվեց, որ քննությանս օրը հիվանդացա, նախորդ օրն էլ այնքան էի պարապել և քննության մասին մտածել, որ մոռացել էի ինչ-որ բան ուտել: Բացի այդ, մի քիչ անվստահ էի զգում, որովհետև ինքնուրույն էի պարապել: Քննության ժամանակ ինձ շատ վատ էի զգում: Արդեն մտածում էի՝ վերջ, աշխատանքս ջուրն ընկավ:

Գնահատականը քննությունից տասն օր հետո են ասում: Այսպիսով, մոտ տասն օր տանջվեցի՝ մտածելով, որ շատ վատ եմ հանձնել: Բայց պարզվեց, որ 88 եմ ստացել: Այդքան բարձր երբևէ չէի ստացել:

Հիմա հաստատ կարող եմ ասել, որ եթե լինենք աշխատասեր և նպատակասլաց, ոչինչ չի կարող մեզ խանգարել, որ հասնենք հաջողության՝ ո՛չ հիվանդությունը, ո՛չ վատ տրամադրությունը և ո՛չ էլ անինքնավստահությունը:

Թումանյանը 148 տարեկան է

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

Հովհաննես Թումանյան

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ամենայն հայոց բանաստեղծը, մեծ խաղաղասերն ու հայրենասերը  դարձավ 148 տարեկան: Իսկ մենք էլ, որպես նրա հայրենի գյուղի հաջորդ սերունդներ, մեր պարտքն ենք համարում ամեն տարի` փետրվարի 19-ին, բանաստեղծին սիրելի պարերով  ու երգերով շնորհավորել նրա ծննդյան օրը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Այս օրը Դսեղի տուն-թանգարանի բակը մարդաշատ չի լինում: Մարդաշատ լինում է միայն ասենք՝ 140, 145 ամյակներին: Հիշողները ասում են, որ հարյուրամյակն էլ բավականին մեծ շուքով է նշվել: Հիմա էլ պատրաստվում ենք հարյուր հիսուն ամյակին: Վերջին ամիսներին շատ էր խոսվում թանգարանի բակը ձևափոխելու և նոր բաներ ավելացնելու մասին:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ հայ ջութակահար Աշոտ Տիգրանյանը պատրաստվում է հարյուր հիսուն ամյակին ընդառաջ միջոցներ տրամադրել՝ թանգարանի բակում սրճարան, տաղավար, հանգստի գոտի կառուցելու համար: Նախատեսվում է անցյալ տարի հատված սոճիների կոճղերի վրա թեմատիկ քանդակներ անել, որպեսզի երկու տարի անց թանգարանը ունենա ներկայանալի տեսք:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Թումանյանի ծննդյան օրը շնորհավորելու լավագույն միջոցը նրա գործերը անընդհատ ընթերցելն է: Ու չնայած  տասնյակ տարիներ են անցել, Թումանյանի ստեղծագործությունները միշտ էլ մնում են արդիական, կարդացվող և ուսանելի:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Վերջին ամիսը

Տարին ունի 12 ամիս և 4 եղանակ, և պետք է յուրաքանչյուր եղանակին բաժին հասնի 3 ամիս, բայց բոլորս էլ նկատել ենք, որ ամիսների կեսն անցնում է ձմեռային սպիտակ ծածկոցի տակ: Ու հիմա բոլորը դժգոհում են այս ցրտաշունչ ձմռան մատուցած անակնկալներից:

Արդեն ձմռան երրորդ ամիսն է`փետրվարը, ու այնպիսի տպավորություն է, թե նոր է սկսում ձմեռը…

Ձմեռն իր հետ բերում է շատ դժվարություններ: Հոգսերը շատանում են, հաց վաստակելու հնարավորությունները՝ քչանում: Չեմ սիրում ձմեռը և գուցե երբեք էլ չսիրեմ: Արդեն մի քանի օր է, ինչ եղանակը հուշում է գարնան գալստի մասին: Եվ ես ինքս էլ սպասում եմ գարնան զարթոնքին: Մնում է, որ ցուրտ հոսանքները կրկին չթափանցեն Հայաստան:

Astghik Ghazaryan

Մո’ւկը, մո’ւկը

Կաթնատամների փոխարինման տարիքում ատամնաշարից պակասող ամեն մի ատամիկի հետ կորցնում էի մի ժպիտ. նեղանում, աստիճանաբար փակվում էր ժպիտիս բացվածքը կամ էլ քողարկվում ձեռքով` վախենալով քույրերիս, եղբայրներիս կամ էլ ընկերներիս կողմից արժանանալ «սեպռիկ» մականվանը: Լուսանկարչական ալբոմում սկսում էին նվազել նկարները, որտեղ լայն ժպտում եմ, կամ էլ որոնց նայելիս հասկանում ենք, որ զոռով են նկարել:

Ա՜խ, այդ ատամը, որի պակասը ինձ ստիպում էր ամաչել: Որտեղի՞ց իմանայի, որ տարիներ անց կարոտելու եմ անատամ ժպիտներս:

Բայց անատամության դեմ պայքարում ես ունեի մի հավատարիմ ընկեր, որին թերևս ճիշտ կլինի կոչել դաշնակից: Նա մեր տան մուկն էր, որն ապրում էր ներքնահարկում: Երբ ընկնում էր հերթական ատամս, այն բռանս մեջ սեղմած` վազում էի, գտնում հատակի մի ճեղք, որտեղից ցած էի գցում ու արտասանում.

-Մո’ւկը, մո’ւկը,
Ա’ռ իմ փչացած ատամը,
Տու’ր ինձ քու ոսկի ատամը:

Այսպես տեղի էր ունենում վաղ շուկայական հարաբերություններին բնորոշ փոխանակման պես մի բան. ես տալիս էի ընկած ատամս` ակնկալելով նրանից ստանալ «ոսկի ատամ»: Եվ ատամը չէր ուշանում:

Այս ամենը սովորեցրել էր տատիկս, և նրա յոթ թոռներն էլ այս դժվարությունները հաղթահարել են մեր մկնիկի միջոցով:

Այսօր էլ ես ունեմ քո օգնության կարիքը, մո’ւկ: Երևի մոռացել ես ինձ ու չգիտես, որ ես  արդեն մեծ եմ, ու ժամանակն է, որ իմաստության ատամներս բերես: Բայց ի տարբերություն այն Աստղիկի, որին լավագույնս բնութագրում էր իր անվան վերջին մասնիկը, ես քեզ տալու ոչինչ չունեմ: Իսկ դու երևի սպասում ես, որ առաջին հերթին ստանաս, ապա տաս: Ու ցավալին այն է, որ մարդիկ էլ են քեզ պես մտածում:

Մո’ւկը, մո’ւկը…

karine nahapetyan

Թող չխանգարեն

Քեզ չէին խաբել:

Ի սկզբանե ասել էին` կյանքը նվեր է:
Երևակայությունդ է մեղավոր, որ նվերը կարմիր ժապավենով զարդարած ես պատկերացնում: Բայց, այնուամենայնիվ, կարմիր ժապավենի առկայության բացակայությունը թող չխանգարի քեզ հստակ իմանալ, որ կյանքը նվեր է, պարգև:
Նվերդ վերցրու, սիրածդ ֆիլմի անունը տուր նրան, վրան փորագրիր սիրածդ գրքի տողերը և վայելիր այն քո սիրած երգի հնչյունների ներքո:
Կյանքդ վերցրու քեզ հետ քաղաքում զբոսնելիս, բայց յուրաքանչյուր անկյունից լսվող նույն անճաշակ երգերը թող չխանգարեն կարծել, որ քո երգերը քոնն են, այնտեղ դու ես և դրանց հայտնիության ու արժեքի մասին քչերը գիտեն:
Երգեր կան, որի մի կտորն ենք մենակ սիրում, բայց առաջ չենք տալիս ու համբերատար սպասում ենք այդ կտորին: Թող այդ մի քանի «երկար ու ձիգ» րոպեները չխանգարեն սպասել ու սրտի թրթիռով լսել այն սպասված ու սիրելի կտորը:
Կյանքդ գրկած մտիր որևէ ուսումնական հաստատություն, ուսումնասիրիր ամեն ինչ: Եթե, այնուամենայնիվ, սիրես մաթեմատիկան ու լինես ռեալիստ, խնդրում եմ, թող մաթեմատիկական հմտություններդ չխանգարեն եղելության ու հորինվածքի միջև մեծի նշանը դնել հորինվածքի դիմաց. դա քեզ կապրենցի:
Կյանքդ շալակած կքայլես արդեն: Այն լցված կլինի հազար ու մի անուններով: Մի հարց կգա ու կկանգնի քո ճանապարհի վրա. իսկ ո՞ւր է հիմա նա: Մինչև դու շփոթված շուրջդ կնայես, իբրև թե քեզ բռնացրել են հանցանքի վայրում, ես կամաց կասեմ ականջիդ` թող անունների բազմությունն ու ծանրությունը չխանգարի քեզ հիշել նրան, ում անվան բոլոր տառերն են գրված մեծատառ ու սիրուն ձեռագրով:
Թող չխանգարեն հիշել նրան, թող չխանգարեն:
Չխանգարեցին: