Ազատ տարածք խորագրի արխիվներ

Դրախտային դասարաններ

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

 -Ընկե՛ր Ավանյան, ես կարծում եմ, որ դրախտը հենց մեր դասարանում է եղել:

-Այդ ինչպե՞ս, Լիլիթ ջան։

-Դե, այս դասարանը այնքան տաք է, որ դրախտ է հիշեցնում,-ծիծաղելով ասացի ես։

Իմ դպրոցը Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն է: Այստեղ սովորում եմ 6 տարեկանից և այժմ էլ շարունակում եմ սովորել: Դպրոցում կան այնպիսի դասարաններ, որտեղ դաս անելը շատ հաճելի է: Այդպիսի դասարաններից են` քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները: Անգամ ցրտաշունչ ձմռանը, այս դասարաններ մտնելով, կարող ես պատկերացնել, թե ամառ է: Էլի կարոտեցի ամառը, լա՛վ, թողնենք ամառը և անցնենք առաջ…

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Դրախտային դասարանների դռները բացվում են մի միջանցքից, որտեղ նույնպես ամեն ինչ ոգեշնչող է և խրախուսող: Առջևում Անդրանիկ Օզանյանի կիսանդրն է, իսկ դիմացը շարված են բազմաթիվ ցուցափեղկեր, որոնց մեջ դրված են մեր գյուղի հերոսների նկարները և նրանց շքանշանները: Այդ միջանցքից բացվում են 3 մեծ դասարանների դռներ, դրանցից մեկն էլ ՆԶՊ-ի դասարանն է: Քիմիայի դասարանը մի հսկա դասարան է՝ լի քիմիական նյութերով և սարքավորումներով: Իսկ առջևում ծաղիկների մի այգի է: Մի հիասքանչ բնություն՝ լցված մաքուր օդով: Դե, պատկերացրե՛ք, այդքան ծաղիկներ և ինչքա՜ն թթվածին են արտադրում: Հրաշք է, չէ՞, մի դրախտ է այդ դասարանը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Այժմ անդրադառնամ ֆիզիկայի լաբորատորիային: Ֆիզիկայի դասասենյակում նույնպես թթվածնի պակաս չունենք, օդը մաքուր է և շատ տաք: Այս դասարան մտնելուն պես՝ բոլորս հարձակվում ենք ջրի վրա: Ընկեր Ավանյանը միշտ կատակով ասում է․

-Ինչքա՜ն շատ եք սիրում լաբորատորիայի ջուրը:

Եվ իսկապես՝ շատ համեղ և քաղցր ջուր է: Գալիս և նստում ենք պատուհանի կողմի շարքում և մի լավ կարմրում ենք տաքությունից: Այդ ջերմության տակ էլ վայելում դրախտային դասարանի հմայքը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Երբ զանգը հնչում է, դուրս ենք գալիս և գնում դեպի մեր դասարան, այս անգամ՝ հովանալու:

Հ.Գ․ Սիրելի՛ ընթերցող, եթե քեզ հետաքրքրեցին մեր դրախտային դասարանները, ապա արի Լիճք: Գրկաբաց կընդունենք:

Հրաժեշտ ձմռանը

Ժամանակից շուտ սկսված ձմեռը կարծես իր ավարտին է հասնում։ Հետհայացք այդ ցուրտ ու միևնույն ժամանակ լուսավոր օրերին՝ ֆոտոշարքի տեսքով։ Բարի վայելում։

Բուն Բարեկենդան

Lilit Grigoryan

Սինուսոիդի ամենաբարձր կետում

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Սինուս, կոսինուսների պատճառով  կյանքից  հոգնած, ծանր-ծանր պայուսակներով դասերից աղջիկներով հետ էինք վերադառնում տուն…. Արևոտ օր էր, բայց էդ արևն էլ մի տեսակ չէր ուզում մեզ նայել, ախր, շատ  տհաճ դեմքերով էինք, ոնց որ թաղումից վերադառնայինք:

Մեկ էլ նայում եմ աջ ու ձախ, մարդ չկա, ու ամենահետաքրքիրը այն էր, որ հետս աղջիկներ էին, բայց  ինչ-որ պապիկի ձայն եմ լսում: Շրջվեցի, ինչ տեսնեմ. մի ծեր խանութպան՝ ոլորած բեղերով, իրենից  գոհ-գոհ խոսում է աղջիկների հետ: Որոշեցի ավելի մոտենալ, լավ չէր լսվում:
-Մեր ազգի հպարտությունն  եք դուք, նազանի, հրաշք, իսկական տան ու օջախի աղջիկներ: Ախր, ես ձեզ շատ եմ սիրում ու հարգում,- լսվում է այդ ծերուկի  ձայնը բեղերի տակից, լավ էլ բարձր բասով:
Ուղեղս անջատեցի, հետո միացրի: Ախր, էս պապիկն ով է, է՞: Մեր հավեսը ու ինքը …
Նայեցի աղջիկներին: Լավ էլ ուրախ – զվարթ, ոնց որ իրենք չէին երկրաչափության  դժոխքի կրակներում այրվում  մի քանի րոպե առաջ:
Մեկ էլ պապիկը  խոժոռ հայացքով  նայեց ինձ, հետո էնպես ժպտաց, որ անկարելի էր հոգնած դեմքդ հարյուր ութսուն աստիճանով  չշրջել:
-Ախր, շատ լավն եք ,է… Մեր նազանքով, սիրուն, աննման հայուհիներ: Անցնում-գնում եք, ես սենց ուրախանում եմ, էլի, ախր, շատ սիրուն եք, է…
Վայ, սենց  բան չկար, ո՞վ կարող է մեզ ժպիտ պարգևել էն ժամանակ, երբ մենք  սթրեսի տիրակալներ ենք: էս պապիկի մոտ միշտ ստացվում է, միշտ: Ասածս ինչ է. էս  անկապ կյանքում մեկ էլ էնպիսի մարդիկ են հայտնվում, չգիտես՝   ասես շնորհակալությո՞ւն , թե՞: Թե ի՞նչ: Պիտի ասես՝ շնորհակալություն, որ քեզ տարերային  աշխարհից քաշում-հանում են իրենց պարզ ու անմիջական խոսքով:

Ու էսպես  հենց  երկրաչափության բեռի տակ ճկռում եմ, բեռս թեթևացնողներից  մեկն էլ այդ ծերուկն է դառնում, նրա խոսքը հրաշքներ  է գործում:

marta minasyan

Ծնունդը՝ հեչ, կինոն՝ մեջ

Հայրիկիս ծննդյան օրն էր: Բոլորս էլ շատ ուրախ էինք: Ամեն բան շատ լավ էր ընթանում. պարում էինք, երգում ու ծիծաղում: Անգամ տորթը մատուցելիս հնդկական պար պարեցինք:

Խնջույքի ընթացքում ես մի պահ մտածեցի, որ մի բան պակասում է. ինչ-որ արտասովոր բան պիտի պատահի, ինչպես ամեն տարի: Մեկ րոպե էլ չանցավ և կատարվեց շատերի համար անսպասելի, բայց ինձ համար սովորական մի բան: Կրտսեր քույրիկս համակարգչով միացրեց իր սիրելի կորեական սերիալը (դորաման) և հանկարծ սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Քիչ հետո պարզվեց, որ այդ ֆիլմում իր սիրելի կերպարը մահացել է: Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ նա շարունակում էր լացել: Այդ պահին ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել մոլի երկրպագու:

-Տնաշեն, պապայիդ ծնունդն ա, իսկ դու լացում ես,- ասաց հյուրերից մեկը:

Hripsime Vardanyan

Իսկ դրսում ձմեռ է

Փակում եմ աչքերս ու բացելիս հայտնվում անտառում: Նստած մի հաստաբուն ծառի տակ` կարդում եմ իմ ամենասիրելի գիրքը: Շուրջս լռություն է տիրում, և հեռվում լսվում են միայն թռչունների ձայները: Արևի` երկնքից ուղիղ ներքև ընկնող ճառագայթների մեջ երևում են քամուց շարժվող փոշու հատիկները: Այնպես կլանված եմ կարդում գիրքը, որ չեմ էլ նկատում, թե արևը ինչպես է սահում ներքև: Զգում եմ դեմքիս վրա արևի շողերը և փորձում եմ նայել վերև: Չնայած փչող սառը քամուն՝ մայր մտնող արևի շողերը դեռ տաքացնում են: Մի պահ մտածում եմ, թե ինչպես այս տեսարանը և հոգի ջերմացնող արևը կներկայացնեին գրողները: Բոլորին տրված չէ բնության հրաշքները նկարագրել այնպես, որ ընթերցողն իրեն զգա բնապատկերի մի մասը:

Հանկարծ ձեռքիս վրա զգում եմ մի թաց կաթիլ, հետո՝ ևս մեկը: Սկսվում է ամառային տեղատարափ անձրևը: Փակում եմ գիրքս և վազում եմ տուն: Վազում եմ ու զգում, թե ինչպես եմ թրջվում: Տան ճամփան մի տեսակ երկարում է: Կանգնում եմ, պինդ փակում աչքերս ու բացելուն պես հատնվում իմ սենյակում՝ պատուհանագոգին նստած:

Իսկ դրսում ձմեռ է:

Ինժեներական լաբորատորիա Քարինջում

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

-Էրեխեք, էս ինչ շատ մեքենաներ են գալիս դպրոց, ինչ խաբար ա՞..

-Չգիտե՞ք, էսօր ռոբոտաշինության էրեխեքի համար ինչ-որ լաբորատորիա են բացում:

Դպրոց եկած մեքենաներից մեկի վրա «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» կազմակերպության լոգոն էր, մյուսի վրա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  «Արմաթ»-ի լոգոն էր: Առաջինը բոլորիս ծանոթ էր: Նրանք առաջին անգամ չէին մեր դպրոցում, իսկ այ երկրորդը, առաջին անգամ էր:

Մենք հետո իմացանք, որ «Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:

Հենց այս երկու կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ մեր դպրոցում  այս տարվա փետրվարի 22-ին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Մեր դպրոցի Սմարթ սենյակում արդեն 6 ամիս է, ինչ գործում է ռոբոտաշինության խմբակ, որում  ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր մեծ ոգևորությամբ սովորում են խոստումնալից ապագա ունեցող մի գործ՝ ռոբոտաշինություն: Նրանք դեռ սովորում են, բայց շատ շուտով կկարողանան նաև ստեղծել իրենց մտածած ռոբոտները։

Խմբակի անդամներից Աննան նշում է, որ իրենց դասերը անցնում են շատ ընկերական միջավայրում, նոր գիտելիքներ են ստանում ոչ միայն ռոբոտաշինությունից, այլև մաթեմատիկայից ու անգլերենից: «Ինձ ոգևորում է այն փաստը,  որ ես կարող եմ ստեղծել ինչ-որ սարք, որը կենթարկվի ինձ»,- նշում է Աննան, ով մասնակցել է Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին և ոգևորվել իր հասակակից մյուս երեխաների աշխատանքներով։

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը անցավ շատ հաճելի մթնոլորտում:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝  ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Խմբակի երեխաները ցույց տվեցին իրենց դեռևս փոքրիկ ծրագրերը, սակայն տրամադրված 3D տպիչ սարքը և CNC շաղափային հաստոցը նրանց հնարավորություն կտա ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ պատրաստելով նորանոր հետաքրքիր և օգտակար ռոբոտներ։

Կողբի գեղարվեստի դպրոցը

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

ԿԳԴ-ն՝ Կողբի գեղարվեստի դպրոցը, շատ մեծ նշանակություն ունեցավ և հիմա էլ ունի տասնյակ երեխաների կյանքում: Համեստ և միևնույն ժամանակ պայծառ ու լուսավոր կենտրոնը Կողբի և շրջակա գյուղերի համար, թերևս միակն է իր տեսակի մեջ:
1999 թվականին Կարապետ Ղուլիջանյանի շնորհիվ բացվեց Կողբի գեղարվեստի դպրոցը: Նրանց 18 տարիների անձնվեր աշխատանքից հետո շատ երեխաներ գտան իրենց տեղն այս կյանքում:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

12 տարի շարունակ Կողբից ոչ հեռու գտնվող սարերից մեկում կազմակերպվում է պլեներ: Այն սովորական պլեներ չէ: Արվեստ, մաքուր բնություն, երաժշտություն, կրակի շուրջ նստած հետաքրքիր ու ջերմ երեկոներ:
Գեղարվեստի դպրոցը առանձնահատուկ է նաև նրանով, որ այնտեղ բացի նկարչության բաժնից կա նաև գորգագործության, ոսկերչության, հագուստի մոդելավորման և կավագործության բաժիններ:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ գեղարվեստի դպրոց և բառերով նկարագրել չեմ կարող, թե ինչպիսի պահեր եմ ապրել այնտեղ: Դպրոցը մեծ դեր ունեցավ իմ կյանքում, հատկապես մասնագիտական կողմնորոշման հարցում:
Կողբի գեղարվեստի դպրոցն ինձ համար միակ վայրն է, որը տալիս է կյանքում կարևոր երեք բան՝ գիտելիք արվեստի մասին, հրաշալի ընկերներ և անմոռանալի պահեր: