Ձմռան մի բքառատ օր մեզ համար դասի էինք նստած, ու մեկ էլ տեղեկանում ենք, որ լրագրողներ են գալու դպրոց: Առաջին շաբաթն էր, ինչ ձմռան երկարատև արձակուրդներից հետո դասի էինք եկել, իսկ այդ շրջանում շատ ակտուալ էր դպրոցներում սենյակային ջերմաստիճանների ստուգումը: Մենք էլ կարծեցինք, թե գալիս են ստուգելու, նկարահանելու և հեռուստացույցով ցույց տալու, ինչպես Գյումրիի շատ դպրոցներ: Դե այդ կասկածանքն էլ սրտներում տնօրենն ու ուսուցիչները ասում էին.
-Երեխաներ, ինչի դասասենյակներում ցո՞ւրտ է, որ վերարկուներով եք նստել: Հանեք շուտ վերարկուներդ, թե չէ եկողը կմտածի` դպրոցը չի ջեռուցվում:
Մենք ծիծաղով վերաբերվեցինք այդ խուճապին: Ապա պարզվեց, որ բոլորովին այդ չէ նկարահանման թեման, պարզապես եկել էին նկարահանելու «Հայաստանի Սիբիրը»: Դե քանի որ եկել էին դպրոց, պետք է խոսեին նաև աշակերտները: Մեր տնօրենը որպես «գրագետ աղջիկ» ինձ առաջարկեց.
-Մեր Մարիամը` դպրոցի լավագույն աշակերտներից է…
-Լավ, որ այդպես է, հենց Մարիամից էլ հարցազրույց կվերցնենք,- ընդհատեց և միանգամից ավելացրեց լրագրողը:
-Մարիամ ջան, ուզո՞ւմ ես` մազիկներդ հավաքի,- նկատեց տնօրենը: Ես ծիծաղեցի: Դե, այդ դիտողությունը հատուկ է բոլոր ուսուցիչներին, պարզապես ավելի կոպիտ ձևով:
-Չէ, թող չհավաքի, մազերը մեզ չեն խանգարի,- ասաց լրագրողը:
Եկավ խոսելու իմ հերթը: Ես խոսեցի, պատմեցի Ամասիայի, մեր զբաղմունքի, ապա իմ նպատակների մասին: Մի որոշ ժամանակ բոլորս սպասում էինք այդ հաղորդման հեռարձակմանը: Անցավ մեկ ամիս և ավելի, հանկարծ ես մի օր համացանցում տեսա, որ այդ երեկո արդեն կհեռարձակվենք:
Հաղորդումը հեռարձակվեց: Արձագանքը մեծ եղավ: Հենց այդ երեկո համարյա բոլոր հարազատներս զանգահարեցին և ասացին, որ տեսել են, շնորհավորեցին: Համայնքում նույնպես «իմ հեռուստացույցում հայտնվելը» մեծ արձագանք ունեցավ: Իմ մայրիկի գործընկերներից մեկը նույնիսկ ասել էր.
-Աղջիկդ ապագա արդարադատության նախարարն է լինելու:
Նրանց այդ միտքը բխել էր իմ այն խոսքից, որ ես կրթություն ստանալուց հետո անպայման վերադառնալու եմ իմ համայնք, աշխատանք եմ գտնելու և օգնելու եմ իմ հայրենիքին: Ուսուցիչներից շատերը իմ խոսքն ընդունեցին որպես կեղծավորություն:
-Դե հա, իհարկե, տեսախցիկի դիմաց այդպես էլ ասելու էիր, թե չէ` հետ գաս, ի՞նչ անես:
Ես լռեցի: Համարյա ոչ ոք չգիտակցեց իմ խոսքերի լրջությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի
Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ Ամասիան: Շատերն այն համարում են ճահիճ, հեռու մայրաքաղաքից, մեծ հնարավորություններից: Խուլ, ցուրտ տեղ են համարում շատերը, բայց բոլորը չարաչար սխալվում են: Եթե չսիրենք այն տեղը, որտեղից եկել ենք, չենք հարմարվի երբևէ մեր ուզած բարեկեցիկ բնակավայրին, որովհետև չենք գիտակցի, որ դա հենց մեր հայրենիքն է:
Ձեզանից շատերը հիմա որևէ արտառոց բան չեք տեսնի իմ հայրենասիրության մեջ, կամ որ հարցազրույցի եմ մասնակցել, բայց ինձ նման հասարակ դեռահասի համար, որի ձգտումներն ու նպատակները դեռ ավելի են վեր սլանալու, հավատացեք, ամեն բան այդ մի փոքրիկ տեխնիկական սարքի մեջ հայտնվելով է ամեն ինչ սկսվում:
Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:
Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց… Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը:



















