Իմ գյուղը խորագրի արխիվներ

«Էրտանք քեֆի»

Մարտ ամիսն է։ Եվ ինչպես միշտ, այն իր տարերքի մեջ է։ Տանից դուրս գալ հնարավոր չէ։ Ձմեռը չի ցանկանում հրաժեշտ տալ Կաքավասար գյուղիս։ Եվ միշտ է այդպես եղել։ Ցանկացած մեկը, ով գեթ մեկ անգամ էլ այցի է եկել գյուղ, շատ մեծ դժվարությամբ է բաժանվել։ Եվ այս ամենը ասում եմ, ոչ լոկ այն պատճառով, որ Քեֆլիս շատ հարազատ է ինձ, և որ շատ եմ սիրում, այլ նաև նրա համար, որ մի քանի օր առաջ ակամայից մասնակից էի եղել հայրիկիս և իր ընկերոջ հետաքրքիր պատմություններին և հիշողություններին, որոնք առնչվում էին գյուղի պատմության հետ։ Եվ այդ ժամանակ առաջին հարցը, որն անմիջապես ծագեց մտքումս, հետևյալն էր.

-Լա՛վ, հբը ընչի՞ հենց Քեֆլի։
Պատասխանը, որը հնչեց, ավելի քան ոգևորող և հպարտացնող էր։
-Մեր գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռը, որը միջնադարի կառույց է, հայտնի է եղել մեր տարածաշրջանի տարբեր անկյուններում։ Եվ Շիրակի դաշտավայրի տարբեր ծայրերից Թուխ Մանուկ այցելած ուխտավորները, մեծ շուքով և խանդավառությամբ, երգ ու պարով մի շարք տոներ նշել են հենց Թուխ Մանուկ մատուռի մոտակայքում։ Գյուղի բնությունով հիացած, մարդիկ ամեն անգամ գալով այստեղ, ասել են՝ էրտանք քեֆի։ Այստեղից էլ առաջացել է մեր գյուղի Քեֆլի անվանումը,- հպարտորեն իր պատմությունն ավարտեց հայրիկս։
Այժմ պարզ էր, թե ինչու են գյուղիս բնակիչներն այսքան առատաձեռն, բարի ու հյուրասեր, ինչու չէ, նաև «քեֆչի»։
Բայց սա դեռ բավական չէ.
-Քեֆլիից հետո, ընչի՞ հենց Կաքավասար։
Հայրիկս, տեսնելով ոգևորվածությունս, ժպտաց և հպարտորեն շարունակեց.
-Եկավ մի ժամանակ, երբ գյուղին անհրաժեշտ էր նոր անվանում։
Գյուղը գտնվում է սլացիկ լեռների ստորոտում։ Եվ այն սարը, որ գտնվում է հենց գյուղի դիմաց, կիսով չափ անտառապատ է։ Եղանակների տաքանալուն պես, անտառը լցվում է իրեն հարազատ դարձած բնակիչներով, որոնց թվում են նաև փոքրիկ և անպաշտպան թռչնակները՝ կաքավները, որոնք շատ հաճախ են այցելում գյուղի բնակիչներին։ Եվ այն գեղեցիկ անվանումը, որով կարելի էր վերանվանել գյուղը, ոչ այլ ինչ է, եթե ոչ Կաքավասար։
Դե ինչ, ամառը համեցեք:

Մեր հացը

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Շատերի կարծիքով լավաշը թխվում է մեկ ճանապարհով՝ հատուկ սարքով: Բայց մեր լավաշը՝ գյուղիս լավաշը, ուրի՜շ է, ուրի՜շ: 

Ժամանակի հետ մոռացվում է մշակույթը, որը ստեղծվել է մեծ դժվարությամբ: Տարիներ առաջ գյուղի փողոցներով անցնելիս վայելում էի նոր թխած հացի անուշ բույրը, բայց հիմա այդ բույրը մնացել է թոնրի պատերի ներսում: Հիմա մարդիկ հացը գնում են կամ թխում համապատասխան սարքով, իսկ թոնիրները մամռոտվել են, կամ քայքայվել են դրանց պատերը: Այնքան ցավոտ է մշակույթը կորցնելու փաստը: Թոնրի բույրը եկվորներին հուշել է, որ գյուղում դեռ շունչ կա, մարդիկ դեռ ապրում են այդտեղ: Առաջ գյուղի ընտանիքներին հաշվում էին ծխացող ծխով՝ այսքան ծուխ: Եթե տանը ապրող կար, ապա անպայման կամ թոնիրն է վառել, կամ վառարանը: Իսկ հիմա, հիմա կողպեքներն են հուշող աղբյուր հանդիսանում: Թոնրում հաց թխելը իմ մանկության լավագույն հիշողություններից է: Այսօր մանկան պես երջանկացել էի, մայրական տատս թոնրի լավաշ էր թխել և ինձ համար էլ էր ուղարկել: Այդ մի քանի հացը կարծես հագեցրեցին կարոտս:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Մարդիկ ամբողջությամբ չմոռացան մշակույթը: Ճիշտ է, նրանք փակեցին թոնիրները, բայց դրանից բացի տատիկները ստեղծել են նոր միջոց լավաշ թխելու համար: Այս մեկն էլ անվանում են սաջի հաց: Երբ մեր հացը վերջանալու շեմին է լինում, ես ու մայրիկս միասին թխում ենք սաջի վրա: Սաջը կլորավուն, երկաթից պատրաստված սարք է, որը տեղադրվում է կրակի վրա: Մինչ երկաթը կտաքանա, մայրս գրտնակում է խմորի գունդը և տաքանալուց անմիջապես հետո խմորի բացված գունդը տարածում է սաջի երկայնքով: Պատմեմ իմ աշխատանքի մասին:

Ես վերցնում եմ երկաթից պատրաստված թրանման գործիքը և կանգնում կրակի մոտ: Երբ հացը շրջելու է լինում, այդ գործիքի օգնությամբ շրջում եմ, իսկ թխելուց հետո տեղավորում եմ սեղանին: Հացերը դարսերով շարում ենք, որպեսզի հետո չորացնենք: Այսպես են վարվում մի քանի ընտանիքներ: Այս միջոցով փորձում են պահպանել գյուղում ծխացող ծուխը՝ հրապուրիչ բույրով:

Երանի ժամանակը հետ գար, ապրեի այն երանելի պահերը, որոնք այլևս չեն կարող կրկնվել:

Albina

Իլորցիները

Հաճախ մեզ՝ լորեցիներիս, անվանում են իլորցի, այն էլ՝ ճոտ։ Անկեղծ ասած, ես չեմ սիրում, երբ մեզ այդպես են անվանում։ Համագյուղացիները նույնպես չեն սիրում, հատկապես երիտասարդները, որովհետև այդ անվանումը եկել է շատ հին ժամանակներից։ Մեր տատիկներն ու պապիկներն արդեն սովոր են այդ արտահայտությանը, նույնիսկ խոսելիս հաճախ են օգտագործում Իլորը՝ Լորի փոխարեն: Լավ, իսկ թե ինչո՞ւ են մեզ այդպես անվանում, ես հիմա կպատմեմ…

Տատիկս պատմեց, որ շատ տարիներ առաջ կային գյուղեր, որոնք հարկեր էին վճարում վանքերին ու մոտակա եկեղեցիներին: Այդ գյուղերի մեջ մտնում էր նաև մեր գյուղը: Այսպես ստացել ենք այդ անվանումը։.

-Տա՛տ, բա մենակ մեր գյո՞ւղն է, որ նման մականուն է ստացել։

-Չէ, հա՛, ա՛յ բալա, հո՞ւնց կիլի՝ մենակ մեր կեղն ըլնի, հինչ ա, դու լիսալ չե՞ս, թե մեր հարևան գյուղերը հինչ անուններ ունին։

-Հա՛, դե լսել եմ, տատի։

-Բա՛, բալա։ Էհ, երանեկ էր էն թվերը, ճիշտ ա՝ մի քիչ նեղված էինք ապրըմ, բայց լավ էինք ապրըմ։ Ամեն հինչ կար. աշխատանքի տեղեր կային, գործ կար, բայց այ տենց, մեր ըշխատանքի կեսը տալիս էինք պետությանը:

-Դե, տատի, հիմա էլ աշխատանք չկա, բայց էլի նույն վիճակն ա։ Լա՛վ, թեմայից շեղվեցինք ոնց որ… Փաստորեն, դրա համար են մեզ անվանում «Ճոտ իլորցի»։

-Հա՛ բալա, հենց դրա համար:

meri antonyan shirak

Ուշացում

Ուրբաթ առավոտ էր, սովորականի պես արթնացա շատ ուշ: Դասերի սկսելուն մնացել էր ընդամենը 10 րոպե, իսկ տնից մինչև դպրոց ճանապարհը շատ երկար էր։ Արագ հագնվեցի և շտապեցի դպրոց։ Ամբողջ ճանապարհին վազել էի․ հոգնածությունս հաղթեց պարտաճանաչությանս, և որոշեցի մի քիչ նստել և հանգստանալ։ Պատահաբար նստել էի այն տեղում, որտեղ նստում էին մեր գյուղի պապիկները, երբ տեսա, որ նրանք արդեն գալիս են, արագ վեր կացա, չնայած շատ էի ուզում նստել: 

Պապիկները մեր գյուղի ամենատարեց մարդիկ են: Նրանք տեսան, որ ամբողջ ճանապարհին վազել էի, և չթողեցին վեր կենալ քարից, մինչև կհանգստանայի: Խնդրեցի, որ պատմեն մեր գյուղի պատմությունը։ Նրանք պատմեցին գյուղի ամրոցի մասին, քանի որ ես հետաքրքրվում եմ պատմությամբ: Ուզում էի իմանալ այդ ժամանակի բոլոր իրադարձությունների մասին: Տպավորությունն այնպիսին էր, ասես ոչ թե խոսում էի մեր գյուղի պապիկների հետ, այլ պատմաբանների: Նրանք շատ մանրամասներ գիտեին: Պատմում էին, որ ամրոցը, որին մեր գուսանագյուղցիները Ղուլա էին անվանում, եղել է Անիի պաշտպանական ամրոցներից մեկը, և Անիում գտնվող Տիգնիս ամրոցի հետ հաղորդակցվել են հայելիների և գետնափոր թունելների միջոցով։

Այնքան տպավորիչ էին պատմում, որ ժամանակի զգացումը կորցրել էի: Հանկարծ նայեցի ժամացույցին և տեսա, որ ուշացել եմ: Հասա դպրոց: Բարեբախտաբար առաջին ժամը Հայոց լեզու էր, իսկ ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև մեր Հայոց լեզվի ուսուցիչը շատ բարի է և ըմբռնումով մոտեցավ ուշանալուս: Ես պատմեցի պապիկների հետ իմ զրույցի մասին: Նա ասաց, որ այն, ինչ լրացնում է մեր գիտելիքները պաշարը, արժանի է գովասանքի, և հավելեց. «Երանի բոլոր ուշացումների հիմքում ընկած լինի հետաքրքրասիրությունը»։

Կոթի. վերջապես արևը տաքացնում է

Lilia Apresyan

Իմ Վահան գյուղը

Մեր գյուղը մի փոքր ընտանիք է: Էստեղ մարդիկ իրար սիրում են, հաճախ էլ՝ կռվում, հետո էլի հաշտվում՝ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ: Մեր փոքր ընտանիքում ամեն ինչ պարզ է ու շիտակ. մարդկային հարաբերությունները, կյանքը, օդը, ջուրը, մի խոսքով՝ ամեն ինչ:

Մեր գյուղը մնացած գյուղերից էդքան էլ չի տարբերվում: Չնայած, չէ: Շատ գյուղերից տարբերվում է ասֆալտի (արդեն մաշված), ճանապարհային լուսավորության, մշտական գազի ու լույսի առկայությամբ:

Մեր հրաշք գյուղը դեռ Արցախյան ազատամարտի տարիներից անվանում են Վահան: Գիտե՞ք, թե ինչու: Ասեմ: Երբ սկսվել է ազատամարտը, գյուղը իսկական վահան է եղել ամբողջ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի համար: Սակայն տարբեր ժամանակներ գյուղն ունեցել է տարբեր անվանումներ՝ Ռուբենակերտ, Օրջոնիկիձե: Տեղացիներն անվանել են նաև Ջրդխան: Ջրդխա՞ն: Զարամացաք, չէ՞: Կզարմանաք, բա ի՞նչ կանեք:

Մեծ տատիկս (այսինքն՝ հորս տատիկը, էլի) մի օր պատմեց «Ջրդխանի» պատմությունը: Տատի խոսքերով, գյուղում մի խան է ապրելիս եղել: Էդ խանի ժամանակ գյուղում էնքա՜ն ձյուն է եկել, որ խանը նույնիսկ չի կարողացել իրենց գոմի դուռը բացի ու ճարահատյալ թողել է գյուղից փախել: Գյուղի անունն էլ մնացել է Ջրդխան (ջուր- կապված ձյան հետ և խան):

Դե, թե որքանով է էս պատմությունը ճիշտ, որքանով՝ սխալ, դա չգիտեմ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր պատմություն է:

Գյուղն ազատամարտի դեռ առաջին օրերից մեծ մասնակցություն է ունեցել հայրենի երկրի պաշտպանության սրբազան գործին: Գյուղի ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է 16 հայորդի, որոնց անմար հիշատակին է նվիրված գյուղի հուշահամալիրը:

Մեր գյուղում, մեր ընտանիքում՝ Վահանում, մարդիկ միշտ պատրաստ են իրար օգնել:

Էստեղ հարևաններն իրար օգնում են ամեն հարցով, պետք եղած ժամանակ հաց են տալիս, «մածնի մերան», հավի կուտ, ալյուր, իսկ երբ հետ են վերադարձնում, չեն վերցնում: Բայց, հե-հե՜, երբ մի օր էլ վիճում են, ամբողջը հիշում են ու երեսով տալիս…

Գյուղացու կյանքը հեշտ չի. ամեն օր առավոտ ժամը 5-ին վեր կաց (ամառը), մի բաժակ սուրճ խմի ու արագ գնա գոմ, կովերին կթի և ուղարկի արոտի, որ էդ խեղճերն էլ էդտեղ սովամահ չլինեն: Հավերին կուտ տուր, մեկ էլ ոչխարներին ուղարկի արոտի: Հետո արի տուն ու հազիվ հասցրու մի էրկու գործ արա, մեկ էլ, հո՛պ, կտեսնես տավարն արոտից էկավ: Էլի գնա գոմ ու էդքանը տեղավորի, կթի, ջուր տուր… Ու էլի զանազան գործեր: Ու ո՜չ երանի նրան, ում տնտեսությունը մի քիչ մեծ է:

Վերջ, օրը վերջացավ, մեծերի ասած՝ «մթինն ընգավ»:

Էսա գյուղացու օրը: Ամբողջ օը չարչարվի, ստեղծի, որ քո էրեխեն ոչ մեկից հետ չընկնի: 12 տարի դպրոց ուղարկի, մեկ էլ մտածի, թե ոնց ես քաղաք տեղ պահելու, սովորեցնելու, էդքան ծախսերն անելու:

Մի խոսքով, հեշտ չի գյուղացու կյանքը: Ու ամեն դեպքում, գյուղացու չարչարանքի, աշխատանքի շնորհիվ է, որ ունես կայուն գյուղատնտեսություն:

Ինչևէ, ժողովուրդ ջան, էս էլ մեր Վահան գյուղը, որտեղ մարդիկ իրար սիրում են, հաճախ էլ՝ կռվում, հետո էլի հաշտվում՝ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ:

Ամասիա. Այստեղ իջևանում են ձմեռները

-Ցուրտ ձմեռ էր…,- հանգցնելով գլանակը մոխրամանի մեջ՝ ասաց պապիկը: Բայց  ձմեռը դեռ չէր վերջացել նրանց գյուղում: Ձմեռը կվերջանար միայն այն ժամանակ, երբ իրենց տներում այլևս վառարան վառելու կարիք չի լինի, անասունները հանդ կելնեն: Վառելիք ու անասնակեր այլևս պետք չի լինի: Իսկ դա հավանաբար կլինի մայիսի սկզբներին:

Այս դեղին սովետական ավտոբուսը հայտնվելով գյուղի ծուռումուռ ճանապարհներին ՝ հասկացավ, որ դեռևս այս գյուղերի համար գարունը սարերի հետևում է:

Օրացույցները չէ, որ բերում են գարունը

«…Օրացույցները չեն, որոնք բերում են գարունը, ոչ էլ աքաղաղները՝ լուսաբացը: Հաճախ օրացույցային ամենաստույգ ձմռանն ավելի մոտ կարելի է զգալ գարնան ներկայությունը, քան երբ գարուն է…»

Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

Artur Sahakyan

Ասե՞մ՝ ինչպես է ապրում գյուղացին

Շատերը հաճախ մտածում են՝ գյուղացիներին ի՞նչ է եղել որ։ Կով ու ոչխար ունեն, կպահեն, կապրեն, էլի։ Ես ինքս գյուղից եմ՝ Գուսանագյուղից, Արթուր է անունս, 16 տարեկան եմ։ Դե, քչից շատից գիտեմ գյուղացու կյանքը։ Աշխատել, տանջվել ու քրտնել՝ սրանք են գյուղացու հիմնական բնութագրիչները: Օրինակ բերե՞մ: Կզարմանաք, սկզբից մի փոքր քմծիծաղ կտաք, բայց գիտեի՞ք, որ գյուղացին չի կարող սովորական հանգստի գնալ 2 կամ թեկուզ 1 օրով, քանի որ գոմում նա ունի իր ապրելու թերևս ամենամեծ միջոցներից մեկը՝ կով ու ոչխարը, հավ ու ձագը: Նրանց կերակրել է պետք, կթել… Դե, հա, գյուղացիները նաև ունեն վարելահողեր, գարու ու ցորենի դաշտեր, բայց արի ու տես, այդ ամենն էլ, իր հերթին, ունի իր դժվարությունները: Երբ փոքր էի, պապիկս միշտ ասում էր.

-Թոռներիս տանելու եմ գյուղից։ Լավ կսովորեն, մարդ կդառնան, մարդավարի կապրեն։

Միշտ ցավով էի լսում այդ բառերը, մտածում էի՝ բա իմ գյո՞ւղը, բա ֆուտբոլն ու հալամուլա՞ն, յոթ քարն ու պահմտոցի՞ն, բա ընկերներս ու էն մեր տան հետևի քարը, որը իր տեսքով ու դիրքով էր տպավորվել մեջս։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա պապիկիս ասածի էությունը: Ճիշտ է, առանց քրտնելու վաստակելն ու ապրելը դժվար է, բայց գյուղացու տանջանքը… Մի բան էլ հիշեցի մեր մեծերի խոսքերից, ասում էին. «Աղքատ մարդը խելքից է աղքատ»:

Եվս մի բան գյուղացիների, գուցե նաև ոչ միայն գյուղացիների մասին։ Մեր երկրում ամեն տարի կա «ծաղկում ապրելու» շրջան: Դա ինչ-որ պաշտոնյայի ընտրական քարոզարշավի սկզբնական շրջանից մինչև ընտրության ավարտն ընկած ժամանակահատվածն է։

Կուզենայի երկրիս կառավարությունը թույլ չտար մտածել այս թեմայի մասին, թույլ չտար ոչ թե արգելելով, այլ բարելավելով գյուղի ու գյուղացիների վիճակը՝ թեկուզ ինչ-որ չափով:

Այսքանից հետո կարող եմ միայն մի միտք ասել, որը ենթակա չէ փոփոխության՝ սիրում եմ գյուղս՝ իր բոլոր անկյուններով: