Իմ էջը խորագրի արխիվներ

mariam abrahamyan new

Ինձ մանկություն կտանե՞ք

Երբեմն ամենադժվարը հենց զգացածն արտահայտելն է, բայց, երբ թուղթը, գրիչն ու մի բաժակ տաք թեյը ձեռքդ առնես՝ կտրամադրվես։
Ներսումս միայն մի ցավ է ապրում՝ կարոտի ցավ, շա՜տ կարոտի։ Կարոտ առ անհոգ մանկություն, դեպի այնտեղ, ուր լաց էի լինում  ծնկների ցավից, մի կոնֆետ ավել ստանալու, տատիկի հետ գնալու, կամ պապիկի մոտ մնալու համար, ջերմում էի, որովհետև աշխատանքի բերումով հայրիկը մի քանի շաբաթ պիտի բացակայեր երկրից։
-Մա՜մ, տվածդ միակ ապտակն եմ կարոտել, ապակեպատ մարմինս եմ կարոտել ու քո հեկեկոցն եմ կարոտել (էլ երբեք քեզ այդ վիճակում չտեսնելու մտքերով)։Մա՞մ, մի անգամ էլ կապտակե՞ս, խնդրում եմ, ապտակիցդ մանկության հոտ է գալիս։
Ստեփանյան Մարիամին եմ կարոտել, նրա հետ արկածներս եմ կարոտել։
-Մա՞ր, կգա՞ս բարձրանանք ծառերի վրա, մի հատիկ  խակ միրգ պոկելու համար։ Կգա՞ս նորից մեր անձնական տունը կառուցենք՝ ճյուղերից, խոտերից ու այն ամենից, ինչ ձեռքներս կընկներ։
Էն անծանոթ տատիկին եմ կարոտել, որ ամեն անգամ փայտը ձեռքն առած, իր ծառերի միրգը փչացնելու համար, ընկնում էր մեր հետևից։
-Պա՞պ, նորից կզանգե՞ս ու հարցնես, թե ո՞ր գրիչներից եմ այս անգամ ուզում հետդ բերես աշխատանքից գալուց։ Էլի ուսերիդ կդնե՞ս, որ ամբողջ աշխարհին վերևից հպարտ նայեմ։
-Հոպա՞ր, կարծում ես քեզ մոռացա՞: Չէ՛, կգա՞ս գնանք էլի մազերս գունավոր թելերով հյուսելու։Ինձ էլի կասե՞ս Չոչո, որ գժվեմ ու նեղանամ։
- Հո՜ք, քեզ ամբողջ մի մանկություն եմ պարտք։ Հպարտանում էի, է, որ ասում էին` էս ի՜նչ նման ես հորաքրոջդ։Ասում էի` հեսա կմեծանամ, իրա նման սիրուն կդառնամ։
- Իմ Արև տատի, էն ի՜նչ տվեցիր ինձ ողջ կյանքում, երբեք, ոչ ոք չի կարող տալ, իմ արև։ Ինձ սիրո՜ւն հեքիաթ ես տվել, տա՛տ։ Հիշու՞մ ես՝ ոնց էի թղթիկները շրթներկոտ շուրթերով համբուրում, վերջում էլ բզեզիկներ նկարում ու Մոսկվայից ուղարկում Հայաստան։
- Պապի՞, հը՞, ո՞նց ես, հիմա ինչի՞ց ես բողոքում, փնթփնթանս։ Ամբողջ աշխարհից հետս բողոքեցիր ու ինձ մի աշխարհ սեր ու ջերմություն տվեցիր։

Մանկությո՜ւն, մի անգամ էլ կգա՞ս, դե՛, թեկուզ երազում, թեկուզ սև ու սպիտակ, թեկուզ այն պահերով, որտեղ լացելու կադրեր են։
Էնքա՜ն փոքր էի, էնքա՜ն ուրիշ, հիմա արդեն մեծ եմ՝ չափահաս, հիմա արդեն կյանքս ուրիշ է, բարդ, ու էլ որոշումներս ընտանիքիս անդամները չեն կայացնում՝ գործս հեշտացնելով։ Արդեն ինքնուրույն եմ… Արդեն ամեն ինչ գլխապտույտ բարդ է։
Ինձ մանկություն կտանե՞ք։

Ester Asatryan

Միասնականները մոտենում են

Միասնական քննություններն են մոտենում, իրենց հետ բերելով հիասթափությունների մի մեծ ու անբաժանելի շղթա։ Վախ: Վախ` չարդարացնելու բոլորի սպասելիքները, և այդ վախը ինձ ու կարծում եմ բոլորին խանգարում է կենտրոնանալ ամենակարևոր խնդրի վրա։ Այդ վախը ինձ ստիպում է դառնալ ռոբոտ, պատրաստվել քննություններին և ոչ թե ստանալ գիտելիք, դառնալ մեքենա, որն ուղղակի կկրկնի իրեն տրված նյութերի իննսունինը տոկոս անիմաստ հատվածը: Այն հատվածը, որը ես քննասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոռանալու եմ (եթե իհարկե, արդեն չեմ մոռացել)։ Ես (և բոլորս այս շրջանում) պայքարում եմ, այո՛, պայքարում եմ սովորել տասներկու տարվա նյութը մեկ տարում, և ինձանից պահանջում են անել անհնարինը՝ ասելով, որ մենք «կենսագրություն ենք կերտում»։ Կենսագրությո՞ւն. կենսագրություն` հսկայական հիասթափությունների, սթրեսների հաշվին։ Իհարկե, այս շրջանում բոլորն են պայքարում ինչ֊որ բանի համար, բայց շատերի պայքարն ինձ համար պարզապես ինքնահաստատման ձև է, ցույց տալ որևէ մեկին կամ մի քանիսին, որ գիտեն ավելին, քան դիմացինը։ Պայքարում են նույնիսկ ուսուցիչներս, որն  ինձ համար պայքար չէ։ Նրանք ինձ ու իրենց բոլոր դիմորդներին տեսնում են պոտենցիալ 20-ներ ու դրա հետ մեկտեղ մտածում ոչ թե մեր (իմ), այլ այն մասին, որ իրենց աշակերտը ստանա բարձր միավոր («Դե, մեր անունն է, վերջիվերջո, երեխեք ջան»)։ Պարզ է, հիասթափություն եղել է նաև իրենցից (մասամբ), բայց ամենամեծ ձեռբերումներից էր Իմ Ավոյանը, որն ինձ բացի անգիրներ տալուց սովորեցրեց այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴ լինելու համար։

Կստեմ, եթե ասեմ, որ չեմ տխրի բարձր միավոր չստանալուց, բայց բոլորս կստանանք այնքան, որքան սովորել և աշխատել ենք: Էնպես որ, աշխատենք մեզ համար, մեր հանգստության ու մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, որ խաղաղ մտնենք քննասենյակ։

Իսկ վերջում մի քանի խորհուրդ, որոնք ձեզ հետ կիսում եմ սեփական փորձիցս: Առաջինը. պահեք ձեր կողքին էն մարդկանց, ովքեր հավատում են ձեզ, որովհետև ես, զգալով այդ հավատը, անում եմ այնպիսի բաներ, որոնց մասին չէի էլ պատկերացնի, որ կարող եմ։

Հաշվի չառնեք երբեք, թե ինչ կասեն ու կմտածեն ուրիշները, որովհետև իրենք չեն անցկացրել էն անքուն գիշերները, իրենք չեն անցել էն լարվածության միջով, ինչ դուք։ Չթողնեք նույնիսկ ձեր ծնողներին, որ իրենց չիրականացած երազանքները տեսնելով ձեր մեջ, ձեզ դարձնեն իրենց կամակատարը։ Արեք այն, ինչ ցանկանում եք, նույնիսկ եթե դա կլինի բուհում չսովորելը. կոտրեք կարծրատիպերը, ցույց տվեք, որ նախասիրություններն ու երազանքներն ավելի բարձր են, քան անվանի համալսարաններում սովորելը։

Հ.Գ. Մնացած զգացողություններով կկիսվեմ, երբ ավարտվի ինձ այսքան հիասթափություն ու սթրես պատճառող, բայց միաժամանակ հաճելի ու բացահայտումներով լի շրջանը:

nina arustamyan

Ես դեռ սպասում եմ

Շուրջ երկու շաբաթ է, ինչ գրում եմ ու ջնջում։ Գրում եմ ու ջնջում․․․

Քաջություն չի հավաքվում ներսումս, որ այս անգամ բարձրաձայնեմ կորստիս մասին։

Կորստիս։

Երբեք չեմ կարողացել խոսել իր մասին ինչ-որ մեկի հետ այնքան ազատ, որքան որ ինքս ինձ հետ ամեն գիշեր՝ քնելուց առաջ։

Ես կորցրել եմ նրան, ում երբեք չէի ցանկանա կորցնել, և իհարկե, երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքիս կարևորագույն շրջանում կկորցնեմ նրան և կորստից հետո անգիտակցաբար կամ գուցե և գիտակցաբար կփոխվեմ 180 աստիճանով: Որ կդառնամ ուրիշ մարդ, ով կսկսի պայքարել իր ապրած ամեն ժամի համար, որ կսկսի պայքարել միայն ու միայն՝ «լավ մարդ» տիտղոս թողնելու համար․․․

Մեր կյանքի ապրած ամեն շրջանում մենք կորցնում ենք, բայց մինչև թանկին չենք կորցնում, չենք հասկանում, որ մինչև այդ կորցրածները այդքան էլ կարևոր չէին, չնայած, կորուստները կարևոր կամ անկարևոր չեն լինում:

Ես այս անգամ, ներսիս ինչ-որ քաջության շնորհիվ կխոսեմ:

-Մարա՜լս, բան պետք չէ, արի՛ , նստի՛ր կողքս։

Հորեղբորս վերջին խոսքերն էին մեր տան մեջ, ու ձեռքս ամուր բռնած էր այն ժամանակ, երբ իրեն պետք է տեղափոխեինք հիվանդանոց․․․

Կորցրեցի նրան ինչ-որ անփույթ մեկի պատճառով, ու միայն ես չկորցրեցի, կորցրեցինք բոլորս, կորցրեցին նրանք, ովքեր ճանաչում էին և խոսել էին Տիգրանի հետ գոնե 5 րոպե, նրա հետ հաց կիսողը, մեկ բաժակ օղի խմողը։

Մանկությունից նրա հետ կապված ինչ-որ չվերջացող հիշողություններ կան իմ սրտում, որ անգամ քնածս ժամանակ եմ հիշում։

Մանկությունից մինչև պատանեկություն իր հետ, ու պատանեկությունից մինչև ամբողջ մի կյանք` առանց նրա։

Դժվար է, իհարկե, դժվար է մտնել այն տուն, որտեղ չկա նա, բայց ամեն անգամ մեր խոսակցությունների երկրորդ բառը սա է․

-Հոպարը, որ ասում էր, է՜․․․

Որ ասում էր…

Հորեղբայրս դեռ մանկուց ասում էր, որ պետք է մոդել դառնամ։ 3-4 տարեկան հասակում հեռախոսով ես մոդա էի ցույց տալիս ու ամեն անգամ հորեղբորս գովերգող խոսքերը փոքրիկ Նինային էլ ավելի էին ուժեղ դարձնում, որ մեծանա ու դառնա մոդել․․.

Ես Տիգրանին չեմ համարել հորեղբայր․ ես Տիգրանին համարել եմ ծնող, իմ երկրորդ հայրը, ով մինչև վերջին օրերը ինձ կողքին էր նստեցնում ու զրուցում, թե ինչպես էր անցնում իմ պարի մրցույթը Ծաղկաձորում, թե ինչպես էր ամեն անգամ ամառային արձակուրդների ժամանակ տան դռան դիմացից ժպիտով նայում, թե  ինչպես եմ  ինձնից մեծ ու ծանր ճամպրուկով բարձրանում  տուն, թե ինչպես ենք երեք քույրերով հպարտ-հպարտ մտնում տուն։ Հորեղբորս ամեն հայացքը խորհուրդ էր, ամեն բառը՝ վերլուծելու արժեք ունեցող ինչ-որ նվեր, և հետը մի բաժակ սուրճ խմելը հանգստություն։

Ամեն անգամ կոտրվելուց հիշում եմ իր խորհուրդները, թե ինչպես պետք է ինքնակամ վեր կենալ, թե ինչպես կարող եմ պայքարել ինքս ինձ համար, թե ինչպես կարող եմ նույնիսկ ծնողներիս ասել՝ ինչ անեն, որն է ճիշտ․․․

Ամեն անգամ ինչ-որ միջոցառում, ճամբար մասնակցելու հրավեր ստանալուց ուղեղումս Տիգրանն է, մտածում եմ․

-Կողքս լիներ, կգրկեի ամուր ու կասեի. «Բա, հոպար, առաջ եմ գնում, է՜»․․․

Առաջ եմ գնում…

Այո՛, բայց միևնույն ժամանակ, մտքումս միայն ու միայն Տիգրանի անունն է։

Երկու տարի է, ինչ կորցրել եմ, բայց դեռ սպասում եմ, որ ներս կգա, որ իր սթափեցնող հայացքով կնայի ինձ ու մի բաժակ դառը սուրճ կուզի․․․

Ես դեռ սպասում եմ:

nareohanyan

Կյանքն անիվ է

Ուսանողականս երկրորդ-երրորդ ամիսներն էին, պատմության դասն էր։ Սեղանին հենված՝ գրում-ջնջում էի, (չեմ հիշում՝ ինչ, բայց հիշում եմ, որ ամենևին կապ չուներ պատմության հետ)։
Ամբողջ ուշադրությունս միանգամից սևեռվեց դասախոսին, երբ խոսքի մեջ համեմատություն անելով ասաց՝  կյանքն անիվ է։ Պահը բաց չթողնելով՝ մտքիս խորքերում մտովի գրեցի «կյանքն անիվ է» արտահայտությունը ու ականջի ծայրով լսելով դասախոսին՝ անցա գրել-ջնջելու ոչ այնքան հասկանալի արվեստին։
Մի քանի օր անց կյանքը որոշեց պարապ չթողնել մեզ և ուղարկել փոփոխություններ, կապ չունի՝ լավ թե վատ։ Փոփոխություններ, որոնք ստիպեցին ոչ թե մտքի մեջ գրել, այլ հասկանալ, որ իսկապես անիվ է կյանքը։ Անիվ, որի գլորվելու ընթացքում մեկ վերևում ես, մեկ էլ պարզապես գետնի վրա։ Վերևում բոլորն էլ կարողանում են դրսևորվել, ինքնավստահ լինել, ուժեղ ու…  Բայց հենց որ փորձում են շարժվել առաջ, հասկանում են, որ առաջ «գլորվելու» համար մի պահ պետք է գետնի վրա մնալ։ Ուզած- չուզած մնում են, բայց միայն նրանք են կարողանում բարձրանալ, ովքեր պատրաստ են կա՛մ տանուլ տալ սեփական կյանքը, կա՛մ հասնել ամենաբարձրին։ Իսկ մնացած բոլորը գնում են, որովհետև դա ավելի հեշտ է, քան մնալն ու պայքարելը այն ամենի համար, ինչը սիրում են կամ ուզում են ունենալ։
Եվ ինչ ուզում եք՝ ասեք, կյանքը անիվ է։ Ու երբ անիվն այլևս չի գլորվում, ուժեղներն արդեն վերևում են լինում, իսկ ներքևում մնում են վախկոտները։

anush margaryan ararat

Պատմություններ օվկիանոսի այն կողմից

Ողջու՛յն, մեկ դարաշրջան է չենք հանդիպել․․․ Իրականում, եթե իմ դասընկեր Դավիթը լսեր սա, ապա կասեր, որ հումորի զգացումս ինչպես միշտ, ինչ-որ մեկի բռունցքներին է բախվել։

Սակայն Դավիթն այժմ բանակում է, ինչպես իմ մյուս ընկերները, որոնց անչափ կարոտել եմ։ Բայց վստահ եմ, որ եթե Դավիթը կամ նրանցից որևէ մեկը կարդար հոդվածս, ապա կասեր, երջանիկ է, որ ինձ հետ հանդիպումը ևս երկու տարով հետաձգվել է։ Դե՛, ես չեմ նեղանում, որովհետև գիտեմ, որ կատակում են (հը՛մ, իրականում գիտեմ, որ չափից շատ եմ խոսում ու երբեմն առիթ եմ հանդիսանում, որ նրանց նեյրոնները ինքնասպան լինեն)։

Լավ, անցնեմ բուն նյութին։ Ինչպես տեսնում ես՝ այս ընթացքում բոլորիս կյանքում ինչ-որ փոփոխություն է եղել։ Օրինակ, իմ կյանքում ավելացել է ակնոցը, նաև՝ քաշս։ Հա՛, քիչ մնաց մոռանայի․ նաև երկիրը, որտեղ ապրում եմ։ Այս փոփոխությունները ՖԼԵՔՍ փոխանակման ծրագրի շնորհիվ է, որն ինձ հնարավորություն է տվել մեկ ակադեմիական տարի ուսանել ԱՄՆ—ում` Կանզաս նահանգի Հատչինսոն ավագ դպրոցում։

Բայց ավելի կարևորն այն է, որ երկար դադարից, մաքառումներից, հերթական «ալարումների» տեղատարափը հաղթահարելուց հետո, ես կրկին վերագտա գրելու ցանկությունս։ Այսօր եկել եմ, որ օվկիանոսի այն կողմից քեզ հետ կիսվեմ իմ փոքրիկ պատմություններով ու զրույցներով, որոնք հուսամ քեզ դուր կգան։ Ուզում եմ նաև նշել, որ հնարավոր է` դրանք քեզ անավարտ անհեթեթություններ թվան, բայց ինձ համար ինչ—որ խորհուրդ ունեն․․․

 

Միսս Ստատսմենը

-Good morning. My name is Anush. I am an exchange student from Armenia,- ողջունեցի կենսաբժշկության ուսուցչուհուս առաջին ուսումնական օրը։

-Բարև, ո՞նց ես, ես լավ եմ,- պատասխանեց նա ինձ հայերենով՝ հանգեցնելով բբերիս լայնացմանը և դոպամինիս մակարդակի բարձրացմանը։

Սկզբում մտածեցի, որ նա հայ է, ու արդեն պատրաստվում էի հայկական ավանդական քոչարին միացնել, խորոված պատրաստել ու նշել այդ փաստը։ Չեմ թաքցնի, այդ մի քանի նանովայրկյանների ընթացքում հազար ու մեկ վարկած մտածեցի նրա հայ լինելու ու հայերեն խոսելու փաստի մասին, սակայն դրանք ապացուցելու ճանապարհին, միսս Ստատսմենը (այդպես է ուսուցչիս անունը) առաջ քաշեց այնպիսի փաստեր, որոնք միանգամից հերքեցին դրանք։ Նա պատմեց, որ ծնվել է Գլենդելում ու շրջապատված է եղել հայերով։ Իրականում, հաճախ կատակում է, որ կիսով չափ հայ է։ Ավելին, առաջին եռամսյակում չկար մի դասաժամ, որ Հայաստանի պատմությունից, մշակույթից, խոհանոցից ու սովորություններից չխոսեինք։ Միսս Ստատսմենը հիշում է, որ ապրիլի 24-ին գրեթե ոչ ոք դպրոց չի գնացել, որովհետև դպրոցում մեծամասամբ հայեր են եղել, ու իր ընտանիքն էլ, ինչպես ամեն հայ ընտանիք, անսահման ցավով է լցվել այդ օրը։

Նա ամենից շատ սիրում է պատմել, թե ինչպես են հայ տատիկներն ու պապիկները խնամում թոռնիկներին, երբ ծնողները գնում են աշխատանքի։ Նաև հաճախ դժվարանում է առանձնացնել իր ամենասիրելի հայկական ուտելիքը և բոլորին հորդորում է այցելել Հայաստան։ Երբեմն դասերից հետո միասին թերթում ենք նրա ֆեյսբուքյան ընկերների ցանկը, փնտրում հայերի ու երկար զրուցում նրանց մասին։ Միսս Ստատսմենը սիրում է պատմել իր հայ ընկերների մասին, թեպետ երբեմն դժվարանում է արտասանել Իշխանուհու կամ էլ Ոսկեհատի անունը։ Արդարության համար նշեմ, որ այս վեց ամիսների ընթացքում նա միակն է, ով ճիշտ է արտասանում անունս․ դեռ մի բան էլ՝ իսկական հայի նման։ Ինձ հանդիպելու հաջորդ օրը նա ոգևորությամբ պատմում էր, որ խոսել է իր մայրիկի հետ, ով Գլենդելում ուսուցիչ է, ու պատմել է իմ մասին։ Մենք որոշեցինք երբեմն խոսել նրա մայրիկի հետ տեսազանգով, որպեսզի տեսնեմ նրա հայ աշակերտներին։ Միսս Ստատսմենի դասերին ես ինձ տանն եմ զգում։ Իզուր չէ, որ նա իմ ամենասիրելի ուսուցիչն է այստեղ։

 

Իմ անսովոր անունը

Ամերիկայի պատմության դասաժամ, երբեմնի Անուշ, ում այժմ դիմում են ամեն կերպ՝ բացի Անուշից, ու անհամար հարցեր․․․

-Հե՜յ, Անուկ, Ռումինիայում կովեր կա՞ն,- հարցրեց դասընկերներիցս մեկը։

-Անուշ, Արմենիա, այո՛, կան,- արդեն հազարերորդ անգամ ուղղելով, սեփական նեյրոններիս մահը տեսնելով, բայց խոհեմաբար ժպտալով պատասխանեցի ես։

Երկու րոպե լռություն․․․

-Աշուն, իսկ խոտ ունե՞ք,- լսվեց դասարանի մյուս ծայրից։

Թեպետ ես կուզեի գարուն լինել կամ գոնե ամառ, բայց ինչ արած, համակերպվել է պետք:

-Դե հա, ունենք: Ինչ-որ բան պիտի լինի՞, որ այդ խեղճ կովերն ուտեն,- փորձեցի սրամտել ես։

-Ա՜շ, Աշո՜տ, իսկ խնձոր ունե՞ք։

Այս սա արդեն չեղավ․․․ Անկեղծ ասած, դժվար է զսպել ծիծաղդ, երբ քեզ դիմում են եղբորդ անունով։ Իրականում, այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են ու կարդում հոդվածս, գիտեն, որ բնույթով համբերատար չեմ, սակայն ուզում եմ շնորհավորել նրանց․ համբերատար դառնալը, երևի, իմ փոխանակման տարվա ամենամեծ ձեռքբերումն է։

-Ը՜մ, ունենք, կախարդական համ ունի,- պատասխանեցի ես ու մտքումս ավելացրի,- բայց ի տարբերություն այստեղի խնձորների՝ Մոխրոտի քեռակին կախարդուհին թղթից չի պատրաստել, այլ արևից։

Երանի հիմա այդ խնձորներից մեկը այստեղ լիներ՝ կանա՜չ, խրխրթա՜ն… Երանի հիմա ուտեի ու այնպե՜ս խրթխրթացնեի, որ մամաս կողքի սենյակից ամեն անգամվա նման բղավեր, որ դուռը ծածկեմ, կամ էլ անձայն ուտեմ, կամ էլ ուրիշ սենյակում ուտեմ։ Ու ես շարունակեի այդպես ուտել, որովհետև խնձորն այդպես են ուտում:

Հետաքրքիր է, եթե մի փոքր կարոտելու տրամադրություն ունես, ինչքա՜ն կարոտելու բաներ կարող ես գտնել: Նույնիսկ ամենափոքր ու աննշան բաները կարող են բացել մտքերիդ կծիկը, թափանցել հոգուդ մեջ ու քեզ հիշեցնել, տխրեցնել ու․․․ Առաջին արցունքդ արդեն պատրաստ է ցած սահել։

 

Մետրո, տաք շոկոլադ…

Փակիր աչքերդ ու մտովի վերադարձիր այնտեղ, որտեղ ամենից շատ կուզեիր կրկին լինել․․․ Դե՜, օրինակ այն այգին, որտեղ սիրում ես նստել ամռանը ու սուզվել ժամանակի մեջ, չնկատել շուրջդ ոչինչ, մոռանալ խնդիրներդ, խմել հյութդ և ուտել սիրելի բուլկիդ: Կամ էլ այն պոնչիկանոցը, որտեղ մի անգամ պատահաբար թափել ես ձեռքիդ կակաոն, հետո արագ անձեռոցիկները լցրել վրան, որ ոչ ոք չնկատի, թե ինչ անփույթ ես: Այն փողոցը, որ քեզ տանում է տուն՝  գարնանը լի կանաչով ու թռչունների ծլվլոցով, ամռանը՝ երեխաների բղավոցներով ու աղմուկով, աշնանը՝ ջրափոսերով, իսկ ձմռանը՝ ցեխով, մինչև ծնկներդ կեղտոտված հագուստով՝ ողողված քո անուշադրության մասին ընկերներիդ բողոքներով ու հորդորներով։ Մեր մոլորակը լի է նման վայրերով․ վայրեր, որոնք կարող են փողոցն անցնող կնոջ համար ոչինչ չնշանակել, իսկ մեզ համար լինել ամենախաղաղ ու տաքուկ անկյունն աշխարհում։

Ահա այդպիսի մի վայր է ինձ համար Մետրոն, որը ես գտա այստեղ ժամանելուս առաջին օրվանից: Բայց այս Մետրոն նման չէ աշխարհի մյուս մետրոներին․ այն տաքուկ է, հարմարավետ, չափից շատ համեղ ու մտերմիկ։ Մետրոն սուրճի խանութ է, որտեղ չի կարելի գնալ առանց գրքի։ Մի վայր, որտեղ կարող ես գնալ, երբ տխուր ես, երբ ուզում ես հանգստանալ ու կտրվել առօրյա հոգսերից, որովհետև մարդիկ այնտեղ ջերմ են, բարի, տաք շոկոլադն այնտեղ ազդում է ավելի արագ, քան հանգստացնող հաբերը, իսկ այ, բանանով ու ընկույզով թխվածքի մասին ավելի լավ է լռել․․․

Երեկ, նման շաբաթվա մյուս օրերին, ես վերցրի գրքերս ու քայլեցի դեպի Մետրո։ Այս անգամ որոշել էի փորձել հաղարջով կեքս, բայց, ինչպես հետո պարզվեց, բանկային քարտս դեմ էր դրան։ Երբ քարտս պարզեցի վճարելու, համակարգը մերժեց այն։ Ես շփոթված ներողություն խնդրեցի, որին ի պատասխան վաճառողն ինքը սիրալիր ներողություն խնդրեց՝ ցավելով, որ քարտիս հետ ինչ-որ բան այն չէ։ Ես քայլեցի դեպի սրճարանի իմ սիրելի անկյունը։ Հենց նույն պահին ինձ մոտեցավ վաճառողը՝ ձեռքին հաղարջով կեքս։ Նա պնդեց, որ այն պարզապես նվեր է՝ այս արևոտ օրվա առթիվ։

Ուրիշ ի՞նչ անել, եթե ոչ ժպտալ, վայելել կեքսդ ու հուսալ, որ Հայաստանում էլ մի օր բոլոր սրճարանները ու դրանց վաճառողները կնմանվեն Մետրոյին։

Ինձ թվում է, երբ վերադառնամ Հայաստան, ամենաշատը հենց այս վայրն եմ կարոտելու:

Razmik Gasparyan zinvor 2

Ես արդեն զինվոր եմ

Հունվարի 30, հինգշաբթի, կեսգիշերից 3.5 ժամ անց: Նստած եմ լսարանում՝ գրիչը ձեռքիս, մտքերս եմ շարադրում (այո՛, այս անգամ ոչ թե հեռախոս կամ նոթբուք, այլ՝ թուղթ ու գրիչ)…

-15 օր առաջ…

…Փակվեցին ավտոբուսի դռները: Ակվարիումի տեսք ունեցող ավտոբուսը 4 կողմից շրջապատել էին էմոցիաներով լեցուն հարյուրավոր մարդիկ: Մեկն ուրախ էր, մյուսը՝ տխուր, մեկն արտասվում էր, մյուսը՝ ծիծաղում, մեկը բացված  շամպայնից թրջված ձեռքն էր մաքրում, մյուսը՝ արցունքները. մի խոսքով` էմոցիաների տարափ էր:

Վերջապես շարժվեց ավտոբուսը, մարդիկ մնացին ետևում: Հասանք: Անծանոթ-ծանոթ մարդիկ, անծանոթ միջավայր: Բուժզննում անցնելուց հետո սկսվեց մեր կյանքի րոպեներն անիմաստ սպանելու առաջին օրը: Այդ օրը ոչ մի էական բան չկատարվեց, բացի նրանից, որ մոտ մեկ ժամվա ընթացքում բոլորս դարձանք միանման (հագուստներով) ու սկսեցինք փնտրել մեկս մյուսին: Արդեն հաջորդ օրը, երբ բոլորիս ճակատագիրը պարզ դարձավ, տեսանք մեր հարազատներին, բաժանվեցինք նրանցից և նրանցից էլ, որոնց հետ մեկ օրվա ընթացքում հասցրել էինք մտերմանալ. ամեն մեկս գնաց իր ճակատագրով որոշված տեղը, հա, մոռացա ասել, խոսքը բանակի մասին է: Արդեն 15 օր է, ինչ հայկական բանակի Ռազմիկ եմ (կամ ռազմիկ, տարբերությունը էական չէ):

15 օրը շատ քիչ է դատողություններ անելու, հասկանալու ու ըմբռնելու համար էն ամեն ինչը, որը կատարվել ու կատարվում է քեզ հետ: Բայց, իհարկե, կան բաներ, որ արդեն իսկ հասկացել եմ բանակում:

Ամենաառաջին բանը, որ պատկերացրի ու հասկացա, դա «մեկ մարդու պես» արտահայտությունն է: Պարզ արտահայտություն, որի լիարժեք իմաստը կհասկանաս միայն բանակում: Երկրորդ ու ամենակարևոր բանը, որը հասկացել եմ, դա ազատության արժեքի գնահատումն է: Բանակում դու գրեթե 99%-ով անազատ ես: Ամեն օրը մի բան է սովորեցնում, ավելի ճիշտ՝ հասկացնում, տեղիք տալիս գնահատելու էն արժեքները, էն ազատություններն ու հնարավորությունները, որոնք ունեցել ու ունենալու ես…

Կյանքի բերած փոփոխությունները, որոնք իրենց հետ բերում են դժվարություններ, սահմանափակումներ ու արգելքներ, միշտ էլ առաջին հայացքից տհաճ ու անհաղթահարելի են լինում, ինչպես ծառ տնկել, խնամել, ջրել և աճեցնելն է դժվար: Բայց տանջանքով աճեցրած ծառի պտուղները այնքանով են համեղ, ինչքան որ կյանքի բերած դժվար փոփոխությունների արդյունքներն են կարևոր ու կենսական կյանքի հետագա տարիների համար:

Մի քիչ երկար ստացվեց, ու չգիտեմ՝ հետաքրքրեց, թե ոչ, բայց սա դեռ ամենը չէ: Դեռ սպասեք հաջորդ նյութերիս, որտեղ կփորձեմ պատմել ավելի հետաքրքիր բաներ ու կկիսվեմ էն ամենով, ինչը հասկացրել է ինձ բանակը: Լավ, ես արդեն գնամ, կանգնեմ պահարանի կողքին, օրապահներով տեղերը փոխելու ժամանակն է:

Հ.Գ. Չգիտեմ՝ ոնց ու ով է ուղարկելու նյութս, բայց եթե կարդում եք, ուրեմն մի հնար գտել եմ:

17-ի կողմից. Բարի ծառայություն քեզ, սիրելի Ռազմիկ: Միշտ կսպասենք նյութերիդ:

Lilit Hovsepyan Erevan

Աշխատել այսօր

Վաղն ամեն բան լավ կլինի, վաղը կլրացնեմ բացթողումներս, վաղը կխոսեմ դրա մասին, վաղն անպայման կսկսեմ առողջ սնվել․․․ Ծանոթ արտահայտություններ են, չէ՞։

Թերևս ամենալավ արդարացման ձևը. ինչու՞ անեմ հիմա, եթե կանեմ վաղը․․․ Սուտ, որը ամեն անգամ ստիպում է մեզ զբաղվել ինքնախաբեությամբ․․․ Պատճառը` չունենք այն ամենը, ինչ ուզում ենք, ուստի շարունակ հորինում ենք պատճառներ․․․ Եթե չանես հիմա, չես անի նաև վաղը, հետևաբար չես ունենա ԱՐԴՅՈՒՆՔ, ահա թե որն է խոսողների և գործողների տարբերությունը․․․

Հաջողությունը հեշտ չի տրվում, դրա համար անհրաժեշտ է գործել ու ներկա անելիքները վաղվան չթողնել։ Մեզնից շատերը երազում են հաջողության հասնել, մինչ այդ ուրիշներն արթնանում ու աշխատում են դրա համար։ Դե, սա էլ ես չեմ ասել, Ցուկերբերգի մտքերից է: Մի բան գիտի էլի, որ ասում է: Եկեք լսենք իրեն, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ երազելը շատ կարևոր է, ուղղակի պետք չի միայն երազել։ Սա բոլորիս հասանելի մեծ գործիք է, որի միջոցով կարող ենք կառավարել ենթագիտակցությունն ու հասնել երազանքներին: Բայց եթե դուք պատկերացնում եք ձեր կյանքը շքեղ տանը, բայց չեք պատկերացնում, թե ինչպես կարող եք հասնել դրան, այդ ամենն այդպես էլ կմնա երազանք։ Հետևաբար պետք է երազել, ունենալ կամքի ուժ և պայքարել երազանքների համար, չհուսահատվել ձախողումներից, քայլել առաջ ու միշտ հիշել, որ այն ամենը, ինչը մեր ուղեղը ունակ է պատկերացնել և հավատալ, հնարավոր է նաև նվաճել․․․

shushannaHakobyan

Սպասում

Արդեն մտքում անճարությունից ձեռքը թափ տվեց։ Այ, հիմա կանցնենք հարձակման. ինձ վրա ռումբ կնետեն, ինձ վրա կկրակեն, ես կսպանվեմ, ու թքած ամեն բանի վրա… Բայց էդպես չի, ախր, մարդը հենց նրանով է մարդ, որ նրա համար երբեք միևնույնը չի կարող լինել, թե իրենից հետո ինչ կլինի։

Եվ եթե դարեր առաջ մի ինքնակալ ասել է, «Ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղ», ապա նա մարդ չի եղել, կամ ասել է հուսահատությունից, երբ հոգու խորքում տանջվել է իրենից հետոյի համար, այն ամենի համար, ինչ թողնում է, ինչի նկատմամբ ուզած-չուզած իր ես-ը դառնալու է անտարբեր, որովհետև վեր է ածվելու հողի…

***

Մարդիկ միշտ սպասում են։ Հա՛, նրա բնույթն է այդպիսին։ Սպասում է մեծ ու փոքր, կարևոր ու անկարևոր տարատեսակ բաների, բայց մեծ մասամբ չի էլ գիտակցում, որ սպասում է, և առավել ևս` չի գիտակցում, թե ինչքա՜ն բանի է սպասում ինքը։ Փորձիր փողոցում մոտենալ մեկին ու հարցնել, թե ինչի՞ է սպասում նա։ Թերևս զարմանա.

-Ոչ մի բանի էլ չեմ սպասում, – կասի, բայց մի փոքր խորացիր, հարցեր տուր զանազան բաների մասին ու կտեսնես, որ սպասում է:

Սպասում է` գլխացավի անցնելուն, լույսը բացվելուն, քննությունների ավարտվելուն, ինչ-որ մեկի ծննդյան օրվան, աշխատավարձը ստանալուն, եղբոր բանակից տուն դառնալուն… Հազա՛ր ու մի բանի, բայց միևնույնն է` չգիտի, որ սպասում է։

Եվ այս ամենի արանքում երևի միայն մեկն է, որ հստակ գիտի` ինչի է սպասում, ու նաև գիտի, որ անհնար է իր սպասումը որևէ բանով փարատել: Կյանքի նույնը մնալն ու չփոխվելն անլինելի է, երբ նրա վրայից շունչն է պակասում։

Հա՛, ինչ-որ մեկն էլ արդեն երկար ժամանակ սպասում է վաղուց հողի վերածված մեկին…

mariam tonoyan

Ինչպես է ծնվում իմ բանաստեղծությունը

Երբ գիշեր է՝ ինքդ քեզ հաշվետու լինելու ամենահարմար պահը օրվա մեջ, երբ մտքերդ մասնակցում են քո ու քո, քո ու աշխարհի, քո ու մարդկանց, մարդկանց ու  աշխարհի անվերջանալի թվացող շղթայական ռեակցիային: Երբ գիշերվա ժամը 4-ը արդեն սարսափելի չի թվում, ակամա դառնում ես փոքր ինչ ավելի խելացի։ Երբեմն մանրուքներին կարող ես գլոբալ նշանակություն տալ, երբեմն ահռելի երևույթներին նայել որպես չնչին իրադարձությունների։ Իրար հաջորդող տարատեսակ մտքերը, որոնց եթե ազատություն տաս, ամենատարբեր ժանրերի ծավալուն ստեղծագործություններ կարող են դառնալ, սկսում են ինչ-որ խորհրդավորության պատճառով  քեզ դուր գալ: Ու եթե դու համարձակություն ես ունենում այն ինչ-որ տեղ գրի առնել (պետք է միշտ բարձի տակ թուղթ ու մատիտ ունենալ), ապա այն կարող է ինչ-որ բան իրենից ներկայացնել, որը կհետաքրքրի նաև մյուսներին։ Շուրջդ, մտքումդ կատարվող ամեն բան կարող են ազդել մտքերիդ դասավորման վրա. մեկի դեմքին սազող պեպեններին նայելով կարող ես մտորել, թե ինչու են այդ փոքրիկ ցաներին հաճախ արևհամբույրներ ասում, մեկի ադամախնձորի վերուվայրումները կարող են քեզ ստիպել մտածել՝ թե այդ դեղձի կուտ հիշեցնող մարմնի մասն ինչու է հենց այդպես կոչվում կամ միթե այն ներսում ինչ-որ բան չի խազում խոսելիս։ Ինչ-որ տարօրինակ թվացող բառ, չգիտես որտեղից հիշողությանդ մեջ մնացած խոսք, գրքի բովանդակություն, ամեն բան կարող է փոխանցվել գրչիդ՝ քո զգացողությունների, երևակայության ու ստեղծագործ մտքի ուղեկցությամբ։

Չափածո ստեղծագործության իմ մուսաներից մեկը Հերման Հեսսեն է՝ իր կյանքով, իր թողած ժառանգությամբ, իր գրական հերոսներով ու գերմանական փիլիսոփայությամբ։

Երբ օրվա ընթացքում կարդում եմ Հեսսեի գրքերը, որոնց գլխավոր բովանդակային նյութը աշխարհի հետ հարաբերության մեջ մտած Մարդն է՝ իր անձնական տառապանքով ու դեպի իրեն ու իր ներսը տանող բազմաթիվ ուղիներով, գիշերային մտորումներս նվիրում եմ Մարդուն՝ արարչագործության պսակին, որ և՛ ընդհանուր է՝ որպես մարդկություն, և՛ անջատ՝ որպես առանձին մարդ-անհատականություն։ Թղթի վրա գրում եմ խոհերիս առաջին, ոչ ամբողջական լուծումը՝

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար` պարզապես լինելու համար։

Յուրաքանչյուր մարդու հետ նոր ծանոթություն պատահականություն է՝ երջանիկ, կամ ոչ այնքան, երբեմն՝ ենթագիտակցորեն վաղուց պլանավորված։ Յուրաքանչյուր մարդ-պատահականություն քո կյանքում արդեն իսկ հանելուկ ու առեղծված է պարզապես իր գոյությամբ։ Իսկ թե ինչքանով կբացահայտես նրան՝ միայն քեզնից է կախված։ Մարդն այնքա՜ն  կատարյալ է որպես Աստծո կերտվածք, բայցև այնքա՜ն անկատար երբեմն։

Մտքերիս զարգացումը կանգ է առնում կիսաստված մարդու հավատալիքների մոտ։ Հեսսեն երբեմն ստիպում է խճճվել միստիկայի, ամենատարբեր հավատալիքների ու սիմվոլների մեջ։ Բայց որքան ավելի շատ են հոգեհարազատ դառնում տարատեսակ հավատալիքներն իրենց խորհրդավորությամբ, ես ավելի ու ավելի եմ կապվում Աստվածաշնչին, որ թույլ է տալիս հույսով լցվել ամենաանհավանական թվացող երևույթների հանդեպ։ Գիտությամբ ու փաստերով ուսումնասիրություններ կատարող Մարդն, այնուամենայնիվ, չի դադարում հավատալ, որ Երկրային կյանքն ընդամենը մի փոքրիկ ժամանակահատված է հավերժության մեջ, բայցև հավերժության էությունը բացատրել չի կարողանում։

Մարդը, Սերը, Հույսը, Հավերժությունը և Ժամանակը, Իմաստության Զվարթությունը կամ Արթնացումը, որ տարբեր հավատալիքների մեջ մաքրամաքուր, մեղքերից ազատված մարդկային դրությունն է, Սպասումը և Հոգին՝ որպես մարմնի կենարար հեղուկ և ինքնին Կյանք, կարևորագույն նշանակություն ունեցող կետերն են և՛ Աստվածաշնչում,  և՛ Հեսսեի վեպերի բովանդակության մեջ։ Այս մտքերի հորձանուտի մեջ ես թղթի վրա զատում եմ իմ զգացմունքները և ընկալումները՝ հավատարիմ մնալով և՛ Հեսսեին, և՛ Աստվածաշնչին, և՛ Մարդուն։

Երբ մատիտս վայր եմ դնում, սկսում եմ մտքումս կարդալ.

 

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար պարզապես լինելու համար։

Թեև անմտադիր, բայց զգուշորեն՝

Եղար, որ մի դաս ինձ ուսուցանես։

 

Եղար, որ հիշեմ,

Որ պետք է սիրեմ իմ մերձավորին՝

Իմ իսկ անձի պես։

Բայց հեռավո՜րս,

Օրենքն անտեսած՝ սիրեցի և քեզ։

 

Եղար, որ ցավամ, եղար, որ ցավեմ,

Որ երջանկանամ անգամ վշտի մեջ

Ու որ երբեմն գլուխս կորցրած՝

Մի հիվանդությամբ ինձ ապաքինեմ։

 

Մտքերս հասցնելով մի այլ եզերքի՝

Եղար պարզապես, որ ես ի վերջո

Ժամանակին սահմանում տամ մի՝

Որն հավերժ նույնն է, բայց միշտ՝ նորովի։

 

Եղար, որ օգնես անգիտակցաբար,

Արթնացում կոչես զվարթությունս խոր,

Թույլ չտաս երբեք իզուր ափսոսել

Սպասման վրա վատնած ոչ մի օր։

 

Եղար… որ կյանքում ես ցանող լինեմ,

Ով բերքհավաքի սպասում ունի ո՛չ երկրի վրա,

Ում դիափոշին մի օր այլևս

Քամու ձեռքն ընկած, անարժեք դարձած՝

անտեր կմնա։

 

Իսկ քննադատությունները թողնում եմ ձեզ։ Դուք էլ մտորեք Մարդու մասին, նրա տեղի ու դերի, նրա սկզբի ու հետագա ճանապարհի մասին, համաձայնեք, կամ վիճեք ինձ հետ՝ ձեր իսկ բանաստեղծությամբ։ Ես կսպասեմ։

anna vardanyan

Եղբայրս զինվոր է

Օրեր առաջ ճանապարհեցինք եղբորս բանակ` մաղթելով լինել արժանի զինվոր հայրենիքի համար։Առանց հուզմունքի հնարավոր չէր ճանապարհել զինվորին: Նախորդ օրը, որ պետք է բանակ ճանապարհեինք քեռուս տղային, հավաքվեցինք իրենց տանը, հայրենասիրական երգեր երգեցինք, ոգևորեցինք, հուզվեցինք… Երգում էինք` հուզմունքը հաղթահարելու համար: Մինչ այդ խորությամբ չէինք զգացել, թե որքան շատ ենք սիրում Գառնիկին: Երբ խոսք բացվեց, թե ով պետք է գնա հավաքակայան, բոլոր տղամարդիկ կտրականապես դեմ էին, որ կանանցից որևէ մեկը գար: Ուստի այդ օրն էլ հաջողություն մաղթեցինք և գնացինք տուն:  Հաջորդ օրը մայրս սովորականից շուտ տուն եկավ դպրոցից, բոլորս միաբերան հարցրեցինք.

-Մամ, Գառնիկից ի՞նչ կա:

-Ղարաբաղ…

Ոչ ոք տրամադրություն չուներ: Քիչ-քիչ սկսեցինք համակերպվել: Քեռակնոջս հետ խոսելիս մի քանի հարց տվեցի:

-Եթե տղա ունենք, ուրեմն պիտի սպասեինք էս օրվան:

-Ի՞նչ զգացողություններ ունեիր ճանապարհելիս:

-Համ հուզված էի, համ էլ հպարտ էի, որ զինվոր տղա ունենք: Բացակայությունը զգալի է տանը: Միայն թոռնիկս է, որ մի քիչ լրացնում է իր բացը, զբաղվում ենք, ցրվում ենք, բայց դե չէ, ամեն մեկը իր տեղը ունի։

-Ի՞նչ ես մտածում, ոնց պիտի անցնի էս երկու տարին:

-Մեր ուզածն էն է, աշխարհը խաղաղ լինի, մեր զինվորներն էլ ծառայեն ու վերադառնան։

-Վերադարձը ինչպե՞ս ես պատկերացնում:

-Հուզվում եմ, Աննա, չեմ կարող ասել, չկա այնպիսի օր, որ տանը չխոսենք կամ չմտածենք իր մասին…

Զինվոր եղբայր ունենալը հպարտություն է… Նոր եմ հասկանում, բանակի տոնի իմաստը: Շնորհավո՜ր հայոց բանակի օրը, շնորհավոր տոնդ, իմ զինվոր եղբայր: