ani ghulinyan

Ես այսօրն եմ սիրում

Սերունդների միջև ամենամեծ անարդարությունը առաջընթացն է: Չեմ հիշում` ով է ասել, բայց հիշում եմ, որ նրա խոսքին կարելի է հավատալ: Աշխարհի ստեղծման օրից մինչև այսօր փոխվել է քսան հազար սերունդ, բայց որքան էլ մարդիկ զարգացել, միևնույն է, պահպանել են նույն գործող օրինաչափությունը: Ամեն մի նոր սերունդ նոր հրաշքներ է տեսնում, նոր արհավիրքներ, աղետներ ու հենց դրանով էլ ավելի լավն է դառնում իր նախորդներից: Ո՞վ գոնե մեկ անգամ չի մտածել ժամանակի մեքենա ունենալու ու անցյալում ճամփորդելու մասին: Միշտ էլ այդպիսիք կգտնվեն, որովհետև տարածված բան է` չարժևորել ներկան, երազել անցյալը փոխելու մասին: Երևի թե բոլոր ժամանակներում էլ այսպես է եղել: 21-րդ դարի մարդը երազում է ապրել Պիկասոյի ժամանակներում, Պիկասոն` Գոգենի, Գոգենը` գուցե Վերածննդի, դա Վինչին էլ, ո՞վ գիտե, երևի Արիստոտելի: Հետաքրքիր է, բոլորը ցանկանում են այն, ինչը չունեն, իսկ երբ ունենում են, արդեն այլ բան են ցանկանում: Երևի այս պատճառով են պատերազմներ լինում: Պյութագորասն անկասկած իր տրամաբանությամբ ու խելքով ավելի լավն էր, քան այսօրվա երեխաները, բայց նա հո չէ՞ր կարող Skype-ով խոսել Հռոմում գտնվող իր ընկերների հետ, դրա համար նա կիլոմետրեր պետք է անցներ: Եթե Գրուշին բջջային հեռախոս ունենար, Նապոլեոնը զանգով կտեղեկացներ, որ թշնամուն հետապնդելու փոխարեն հետ գա, ու Վաթեռլոոն այլ կերպ կհիշվեր: Զարմանալի է, թե որքան ծիծաղելի մտքեր են գալիս ու գնում, երբ շուրջբոլորդ հեռախոսներ են, համակարգիչներ, իսկ դրանց արանքում դու ու քո պատմական գրքերը: Ես չէի ցանկանա ապրել անցյալում: Ի՞նչ իմաստ կա անցնել մի բանի միջով, որի վերջաբանը գիտես: Դա նման է ֆուտբոլային խաղի հաշիվը իմանալուց հետո խաղը դիտելուն կամ պատմության ամենակարևոր ինտրիգի լուծումը իմանալով գիրք կարդալուն: Մեր նախնիները այնտեղ` վերևում, հնարավոր է` նախանձում են մեզ, որովհետև մենք ավելի շատ բան ենք տեսել, քան իրենք: Դա բնական է, ես էլ իմ դեռ չծնված հաջորդներին եմ նախանձում, որ դեռ ինչե՜ր են տեսնելու…

Apr 28, 2017

Լավագույնը բոլոր պապիկներից

Մանկությանս լավագույն տարիներն անցել են տատիս ու պապիս տանը: Ես միայն շաբաթ և կիրակի օրերին էի գնում մեր տուն «հյուր», քանի որ ծնողներս աշխատում էին և ինձ ու քույրիկիս չէին կարող խնամել: Այսպիսով, մեր խնամքով զբաղվում էին տատիկս ու պապիկս: Այդ օրերի իմ լավագույն ընկերը պապս էր:

Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել:

Մեր հարևանությամբ մի չար մարդ էր ապրում (համենայն դեպս այն ժամանակ նա ինձ այդպիսինն էր թվում), և նրա թոռնիկները չէին այցելում նրան: Բոլորը նրան «Գոդոլ» էին ասում: Ինձ թվում էր, թե այդ կիսածաղրական, կիսավախենալու անունով մարդը հեքիաթից փախած հրեշ է: Մի անգամ ես զարմացած հարցրի պապիս.

-Պապի՛, Գոդոլը թոլնիկ չունի՞…

Ես զարմանում էի՝ ինչպե՞ս կարող էր մարդ թոռնիկ կամ պապիկ չունենալ: Դա ուղղակի հանցագործություն կարող էր լինել մարդկության հանդեպ: Իմ պատկերացմամբ դրանից կարող էր քաղաքակրթությունը կործանվել:

Պապիկս հողի ու ջրի մի մասնիկն է: Նա միշտ մոտ է կանգնած եղել բնությանը և իր հինգ երեխաներին ու ութ թոռներին ևս այդպիսինն է դարձրել: Բնության ու կյանքի նկատմամբ սերս հենց նրանից է գալիս: Հիշում եմ, երբ մայրիկս մի անգամ բարկացավ վրաս, որ շոկոլադը հողոտ ձեռքերով կերա, իսկ պապիկս սաստեց մորս, վերցրեց ինձ ու նետեց նոր փորված հողի վրա: Ես վերցնում էի հողը, լցնում շոկոլադի վրա և հաճույքով ըմբոշխնում: Ես իմ փոքրիկ թաթիկներով բռնում էի հողի միջի անձրևաորդերին, շոշափում, ուսումնասիրում: Հիմա նոր եմ հասկանում պապիս արածների իմաստը: Նա ուզում էր, որ իմ մատներով շոշափեմ ու ճանաչեմ բնությունը, գտնեմ իսկական երջանկությունը, որ հողի ու ջրի, ծառի ու ծաղկի մեջ է պահված: Նա շատ է սիրում բնությունը: Երևի բնությունն էլ նրան է շատ սիրում: Այդ պատճառով ինչին ձեռք է տալիս, կանաչում է, կյանք ստանում: Նրա այգում երևի մի քանի միլիոն ծառ կա՝ թե՛ պտղատու, թե՛ դեկորատիվ: Այնտեղ աճում է թութ, խաղող, ծիրան, սալոր, բալ, կեռաս, տանձ, խնձոր, ընկույզ, պնդուկ: Դրա մեջ առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, բայց, եթե հաշվի առնենք Հրազդանի ցուրտ կլիման, ապա դա ուղղակի հրաշք է: Նա իր թոռնիկների հետ նաև մի հրաշալի բարդիների պուրակ է տնկել, որտեղ էլ հենց անցնում են մեր ընտանեկան հավաքույթները: Հիշում եմ, երբ փոքր էի, մեր բարդիների պուրակ մի կին էր մտել և բանջար էր հավաքում:

Տատիկս բացատրել էր նրան, որ դա անտառ չէ, ու ինքը շփոթմամբ մեր այգի է մտել, բայց նա այդպես էլ չի հավատացել տատիս: Դե, մենք հասկանում ենք նրան, քանի որ առաջին հայացքից չէիր կարծի, թե դա մարդու ձեռքի գործ է:

Երբ փոքր էի, պապիկիս գլխին միշտ «օյիններ» էի խաղում: Երբ նա ինձնից ջուր էր ուզում, դա իմ գլխում դառնում էր մի նոր չարաճճիության ծրագիր: Ես նրա ջրի մեջ միշտ աղ, պղպեղ ու էլի մի քանի համեմունք էի լցնում, իսկ հետո մի քիչ փորձարկում էի այդ ջրից, գուցե համոզվելու համար, որ չեմ սպանի նրան, և ուրախ դեմքով իմ «ստեղծագործությունը» հրամցնում էի պապիս: Զարմանալի է, բայց նա երբեք ցույց չէր տալիս, որ ջուրը աղի էր, այլ ընդհակառակը, գրկում, համբուրում էր ինձ ու ասում.

-Վա՜խ, էս ինչ խամով ճուրա…

Ես էլ, ամաչելով իմ արածից, գնում էի սովորական ջրի հետևից: Դե, նա էլ երբեք չէր մերժում ինձ ու ամբողջը խմում էր: Բայց դա դեռ ոչինչ: Մի անգամ՝ երեկոյան, որոշեցի պապիկիս ծաղրածու սարքել ու մորաքրոջս շպարի պարագաներով ներկեցի նրան: Այդ ժամանակ նա շատ ծիծաղելի տեսք ուներ: Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարմիր լաքով ներկել էի նաև նրա եղունգները: Հաջորդ օրը նա աշխատանքի գնաց կարմիր եղունգներով, քանի որ մորաքրոջս ացետոնը վերջացել էր: Ես այդ քայլով ստիպեցի, որ բոլորը ծիծաղեն նրա վրա, բայց նա չբարկացավ ինձ վրա: Ախր, չէ՞ որ ես ուզում էի նրան մի քիչ սիրունացնել: Երբ երեխաներով ինչ-որ չարություն էինք անում, բոլորը գիտեին, որ պապիկի մատը խառն է այդ գործում: Նա միշտ մեր «հանցակիցն» է եղել: Այ, օրինակ սրանից երկու տարի առաջ, մենք հիշել էինք մեր ավազակությունները: Ես պապիկիս աղով սուրճ հյուրասիրեցի, նա էլ սկսեց դերասանություն անել. «Վատ եմ, մեռա…»: Մենք էլ շարունակեցինք նրա խաղը: Նախ, զանգեցինք մորաքրոջս ու մայրիկիս ու լացակումած ձայնով ինչ-որ կցկտուր բաներ ասացինք: Հետո համոզեցինք պապիկին, որ պառկի: Նրա կողքը դրեցինք դեղեր, ջուր, ճնշման ապարատ…Հաջորդ պահին մեր բակում էր արդեն երկու շտապօգնության մեքենա, մի քանի տաքսի, հարևաններ, բարեկամներ… Ճիշտ է, մենք էլ, պապիկն էլ մի լավ ծեծ կերանք (մենք մամայի կողմից, պապին՝ տատիի) մեր խաբեության համար, բայց մի լավ զվարճացանք: Դե, շտապօգնության մեքենաներն էլ պետք եկան միայն տնեցիներին ուշքի բերելու համար:

Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.

- Արի գնանք մի բաժակ կաթ խմենք, ասա՛՝ էհ՜:

-Էհ՜,- ասացի ես ժպիտով:

-Գնանք մի քիչ տելեվիզոր նայենք, ասա՛՝ էհ:

-Էհ՜,- կրկնեցի ես:

-Գնանք քնենք, ասա՛՝ էշ,- վերջացրեց պապիկս:

Երկար ժամանակ լռություն էր: Ես ոչինչ չէի ասում: Հետո սկսեցի լաց լինել:

-Հը՞, բալես, ընչի՞ ես լաց ըլնում,- հարցրեց պապիկս փաղաքշական տոնով:

-Պապի, բա որ ասեմ՝ էշ, նեղանա՞ս,- լացակումած շարունակեցի ես:

Պապիկս գրկեց, համբուրեց ինձ և հայտարարեց, որ ես իր ամենախելացի թոռնիկն եմ, և ես դրանից ինձ շոյված էի զգում:

Պապիկս ընդամենը չորս տարի է դպրոց գնացել, բայց այդ փաստը չիմացողը կկարծի, թե նա համալսարան է ավարտել: Նա իր կյանքում շատ գրքեր է կարդացել: Գուցե դրանից է, որ շատ հետաքրքիր պատմություններ գիտի: Նա ինձ համար իսկական հերոս է: Այո՛, նա իմ մանկության, պատանեկության և իմ ամբողջ կյանքի հերոսը կմնա: Իսկական հերոսություն է լինել լավ պապիկ և լավ մարդ: Նա իրական կյանքի հերոս է:

2014/07/29 

Արցախի համը Վանաձորում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչներից շատերն են ստիպված եղել լքել Արցախը՝ տարբեր պատճառներով։

Արդեն երրորդ պատերազմը վերապրած Աստղիկ Հարությունյանը իր տղայի՝ 6-ամյա Հայկի հետ դեռ 2022 թվականի ապրիլին է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից տեղափոխվել Վանաձոր։ Չնայած գյուղը հայկական վերահսկողության տակ է, այնուամենայնիվ՝ ստրատեգիական բարձունքները թշնամու տիրապետության տակ են։ «Եկել եմ միայն նրա համար, որ որդիս էստեղ ապահով լինի, 2020 թվականի կրակոցները դեռ նրա հիշողության մեջ են»,- ասում է Աստղիկ Հարությունյանը և թախծոտ ժպիտով հիշում Արցախն ու հայրենի գյուղ Մաճկալաշենը։

Արցախից Աստղիկն իր հետ հիշողություններ է բերել և Արցախի համը՝ ժենգյալով հացը։
«Այնտեղ ամեն ինչ ունենք՝ խաղողի և թթենու այգիներ, հողամաս, որում տարբեր բանջարեղեններ էինք աճեցնում և մեծ մասը վաճառում, ցորենի արտեր, որոնց մի մասը հիմա ադրբեջանական թիրախի տակ է։ Իսկ այստեղ՝ Վանաձորում, օրվա հացի գումարն աշխատելու համար Արցախի խորհրդանիշ ժենգյալով հացն եմ թխում և վաճառում»,- պատմում է Աստղիկը։
Հարցին, թե ինչու որոշեց ապրուստի գումարը վաստակել հենց ժենգյալով հաց թխելով՝ Աստղիկը պատասխանում է. «Այդպես մտքերով Արցախ եմ տեղափոխվում, հիշողությունները տանում են մեր տուն…»։

Աստղիկի խոսքով՝ դժվարությունները շատ են, բայց ամեն ինչ ավելի է դժվարանում, երբ արցախցիներին առանձնացնում են հայաստանցիներից: «Նույնիսկ երթուղայինի մեջ եմ հաճախ լսում, թե ինչպես են ասում՝ ղարաբաղցիները, կամ՝ դե նրանք մեզ նման չեն, և նմանատիպ արտահայտություններ։ Ախր, ղարաբաղցիներ կամ վանաձորցիներ չկան, մենք բոլորս հայ ենք, վերջ, կարևորը դա է»։

Մի տարուց ավել է՝ Աստղիկն ապրում է Վանաձորում, բայց Արցախի մասին հիշողությունները միշտ թարմ են. «Իմ կյանքի մեծ մասը ես Արցախում եմ անցկացրել։ Երբ նոր էինք տեղափոխվել Վանաձոր, դեռ հնարավորություն կար թեկուզ կարճ ժամանակով գնալ Արցախ, ամիսը մեկ անգամ գնում էինք, այցելում ծնողներիս, իսկ հիմա՝ բլոկադայի պայմաններում, հնարավոր չէ գնալ. ես և որդիս շատ ենք կարոտում Արցախը»։

Աստղիկը հայրենի գյուղի՝ Մաճկալաշենի կարոտն առնում է ժենգյալով հացի մեջ օգտագործվող մոտ 15-20 տարատեսակ կանաչիների բույրից, որն էլ հենց ժենգյալով հացի համեղ բաղադրատոմսի գաղտնիքն է։

«Ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ՝ Վանաձորում, սիրով եմ պատրաստում, հաճախորդներս էլ շատ հավանում են, շատերն ասում են՝ Արցախում փորձել ենք, անգամ այնտեղ պատրաստվածն այսպիսի համ չունի, բայց դե մենք գիտենք, Արցախի հողում աճած կանաչին ուրիշ համ ու հոտ ունի, այն հողի վրա պատրաստած ժենգյալով հացն էլ լրիվ ուրիշ է»։

Աստղիկի պատրաստած ժենգյալով հացերը մատչելի են՝ գինը զգալիորեն տարբերվում է շուկայական գնից։ Իսկ պատրաստման ընթացքը բավականին ժամանակատար է։
«Սկզբում լվանում եմ կանաչին, հետո՝ խմորը հունցում, մինչ խմորը կհասունանա՝ հնարավորինս մանր կտրատում եմ կանաչին, հետո խմորից գնդեր եմ հունցում, բացում գնդերը և կտրատած կանաչին դնում գնդերի մեջ։ Եփում եմ արդեն տաքացված վառարանում»։

Կնձմնձուկ, ճռճռոկ, վարթուկ, պտուտկուն, թրթնջուկ և այլն, սրանք են այն կանաչիները, որոնք յուրահատուկ համ են փոխանցում արցախյան խոհանոցի յուրահատուկ ուտելիքին՝ ժենգյալով հացին։

Աստղիկի խոսքով՝ մի օր անպայման վերադառնալու են Արցախ. «Ես չեմ պատկերացնում, որ երբևէ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ։ Վերադառնալու ենք, անպայման… Իսկ իշխանություններին մի բան կասեմ՝ Արցախը հայկական է և միշտ մնալու է հայկական…»։

Արցախի համն ու հոտը և ավանդույթները կշարունակեն տարածվել Հայաստանում և ողջ աշխարհում։ Իսկ արցախահայությունը՝ իրենց տեսակին բնորոշ՝ հայրենիքում թե հայրենիքից հեռու, կապրի և կարարի հանուն Արցախի՝ մի օր նորից վերադառնալու հույսով՝ հայրենի գյուղ, հայրենի տուն…

 

Bella Harutyunyan

Առանց հետհաշվարկ

Բավականին երկար ժամանակ է, ինչ հոդվածներ չեմ գրում, պատճառը գերզբաղված լինելն է` ընտանիքս, տղաս։ Իսկ հիմա հասկացա, որ արդեն ժամանակն է գրելու ու կիսվելու իմ պատմությամբ այն հարթակում (17.am), ուր վստահ եմ, որ ինձ լիովին հասկանում են։

Դե ինչ, տխուր, բայց արդիական թեմայով եմ ուզում խոսել: Արդեն երկու տարի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից ամուսնացել և տեղափոխվել եմ  Արցախի Մարտակերտ:

Շրջափակումից մոտ մեկ շաբաթ առաջ որոշեցի տղայիս հետ մի քանի օրով Հայաստան գալ, ծնողներս այստեղ են ապրում։ Եկա, և արդեն հինգերորդ ամիսն է լրանում, ինչ տղաս չի տեսնում իր հորը, համացանցով էլ` հազվադեպ, դե Արցախում ինտերնետ գրեթե չկա։

Ու քանի ծնող չի լսել իր երեխայի առաջին բառը, չի տեսել առաջին քայլը անմարդկային շրջափակման պատճառով։

Գիտեք, ամենադաժանը ոչ թե մենակությունն է, այլ անորոշությունը։

Երբ զինվոր ես ճանապարհում ծառայության, թեկուզ ամենավտանգավոր տարածքում, գոնե կա հնարավորություն հետհաշվարկ սկսելու, թե երբ ետ կգա, ամուսինս էլ ծառայում է, բայց ավարտը չի երևում։

Ամենախոր մթության մեջ կա մի աղոտ, աննշան լույս, որը հույս է ներշնչում, էստեղ` չկա։

Նա այս տարիքում հասցրել է մասնակցել երկու պատերազմի, և Աստված չանի, որ սա էլ պատերազմով ավարտվի։

Ապրումներ, որոնք հատուկ են ոչ միայն ինձ, այլ 120 000+ մարդու, ծնողի, երեխայի։ Մթություն, վախ, մենակություն ու խավար։

Մի փաստ էլ է շատ ծանր. Այն, որ չգիտես` ում դիմել այս հարցով, ում մեղադրել։ Ուզում եմ ուժեղ լինենք: Երբեմն թվում է, թե արդեն անհնար է, սակայն երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ քիչ չենք դիմացել, էլի կդիմանանք: Միայն լույսի նշույլը շատ չուշանա, երբ ծնողը երեխայի, թոռան առաջին քայլի ընթացքում կողքին չի եղել, գոնե երեխան նրա վերջին քայլերի ընթացքում կողքին լինի։

120 000 մարդ, եկեք չմտածենք ցեղասպանության, անհայրենիք մնալու և նմանատիպ այլ սահմռկեցուցիչ երևույթների մասին։

Վստահ եմ, որ առանց հետհաշվարկի, միանգամից լույսը կերևա: Ուժեղ մնանք անկախ ամեն ինչից, առավել ևս, երեխաները պետք է սովորեն ամեն պարագայում լինել և մնալ ուժեղ…

Satenik Artenyan

Աղոթք

Լեռներից, այրերից, հայրերից ծնունդ առած հայրենիքս։

ՀԱՅՐ ՄԵՐ։

Մեր կապույտ երկինքներում չվաստակած կարմիր խաղաղությամբ փնտրում եմ քեզ։

Ո՞Ր ՅԵՐԿԻՆՍ ԵՍ։

Ավետարանաց սրբերի մատուռում եռագույնիդ կողքին թշնամին հանգչող կրակ է որոնում։

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ։

Դարեդար իր իսկ ոստանում ոտնակոխ, ոտնատակ։

Էլ եղեռն, էլ գաղթ ու մահ։

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՈ։

Ու քո կամքով պատերազմի դաշտից գոյաքարշ դեպի մանկան օրորոց

ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ։

ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՎ ՅԵՐԿՐԻՍ։

Ու նորից բախտից, ի դարեր քարից քամեցինք ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ,

Ու նշխարդ ապաշխարանք ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ։

Հանց մեր խաչը պայքարի ու սուրը Վանաօծ

Եվ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ

Հայրերի, հայրերի, որդյաց սուրբ արյունը խղճներիս։

Ինչպե՞ս ԵՎ ՄԵՆՔ ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ։

Սուր յաթաղանի դեմ՝ սուրբ Ավետարան,

Կույր հրանոթի դեմ՝ հավատի գմբեթ։

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ։

Աղոթքս առ քեզ,

Առ մեզ,

Առ մեզ։

ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ ։

Պապերից, հայրերից, մայրերից ժառանգեցինք հայրատունը մեր։

Քար ու դավերից, վար ու վերքերից սրտերում մեր նրան պահեցինք անեղծ ու անշեջ։

ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՓԱՌՔ։

Խավարից զատվելով, զարկվածդ վերքերով և սուրբ ղողանջով։

Ծնվի’ր,

Վերածնվի՛ր,

Հավիտյանս հավիտենից, Հայաստա՛նս,

Հանուն հավերժացած ամեն քաջի,

Հանուն օրորոցի մեջ անմեղ քեզ կանչի,

Լեռներիդ մեջ դրոշմված ինքնությունդ պատմողի,

Հաղթանակներիդ մասին երգեր հյուսողների,

Ու քեզ հավատացողների,

Հանուն ընդ մեզ և ընդ քեզ

Սուրբ թող լինի ծնունդը քո…

Meri Araqelyan

Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի

Մեռնում է արդեն դարն այս կատաղի:

Հ. Սահյան

 

Կյանքի և մահվան գաղափարը ինձ ուղեկցել է մանկուց, երբ ես ընդամենը մանկահասակ աղջնակ էի, ով ապրում էր սահմանին՝ կյանքի ու մահվան սահմանին։ Կյանքիս քսաներկու տարիների ընթացքում ծննդյանս երազանքը միշտ եղել է խաղաղությունը: Սահմանին, երբ հասկանում ես «կյանք» բառի իմաստը, պարզ է դառնում, թե ինչու է այն մեկուկես վանկից կազմված, որովհետև կյանքն աչք թարթելու պես արագ է անցնում, ուստի պետք է կարողանալ տնօրինել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը այնպես, որ ապրելն իմաստ ունենա:

Ապրելու հանդեպ ունեցած տենչը մենք ժառանգել ենք մեր նախնիներից. մեր արյան մեջ պայքարի ոգի կա: Մեզ չեն սովորեցրել սիրել հայրենիքը, մեզ ցույց են տվել այն, և մենք սկսել ենք ապրել հայրենիքով, որովհետեւ հայրենիքը լոկ տարածք չէ, հայրենիք ենք մեզնից յուրաքանչյուրը:

Պայթյուն, կրակ, աղմուկ լաց… Երբ սկսվեց պատերազմը, ես ապրում էի ընտանիքիս համար, սահմանին հայրս ապրում էր մեզ համար, հայրենիքն ապրում էր բոլորիս համար: Այո՛, մենք ապրում ենք մեկս մյուսի համար, հանուն հայրենիքի, հանուն վաղվա: Շիրվանզադեն տասնիններորդ դարը «խաբեության» դար է անվանել, իսկ ինձ թույլ տվեք քսանմեկերորդ դարը «գիշատիչների» դար անվանել: Աշխարհը ցանկանում է կուլ տալ քարտեզի վրայի այն կետը, որը Հայաստան է կոչվում: Մենք փուշ կդառնանք, կկանգնենք աշխարհի կոկորդին, բայց կապրենք, կապրենք, որովհետև պարտավոր ենք ապրել, մեզ հարկադրել են ապրել նրանք, ովքեր մեզ հնարավորություն տվեցին ապրելու, բայց իրենք անմահացան:

Քաղաքակրթությունը տեղի է տալիս մարդկային բարբարոսությանը, և մարդիկ նահանջում են բանական լինելուց, քանի դեռ կոթը մեզնից է, մենք նահանջելու ենք: (Իսկ ծառերը հավատում էին կացնին, քանի որ կոթն իրենցից էր): Բայց եւ մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի, մեր անտեր գլխի տերն ենք լինելու:

«Մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, ու գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջև հազար անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը և հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, և դա է ամենակարևորը»:  Էրիխ Մարիա Ռեմարկ

Elen Aleqsanyan

Լավաշը

Թոնրի տակ լավաշ ուտելիս, պապս իր մանկությունից մի պատմություն հիշեց.

-Մատաղդ ըլիմ՝ ալամ աշխարհը գիդէ վօր՝ աշխարհըմըս թոնրի լավաշի ու մոթալի պանրի պես համով բան չկա։ Աշունքեց կամ գարունքը, ռավոդը ծեքին եզները լծեինք, գութանով ցորենի դաշտի ֆողերը վարեինք։ Ֆողը մի կոծի լե նստեր, փիշներուս կապած՝սերմացու ցորենը մեջն ածած դաշտերըմը շաղ տեինք ուրա՜խ-ուրախ երգելով։ Աչկներուս երկնքին ՝ աղոթք անելով ճամփա պահեինք, որ լավ եղանակ անէ, կարկուտ ու սելավ չանէ, արտը նորմալ ծլէ, դուս գա, որ սաղ տարվա հմար հաց ու ապրուստ ունենանք

ՄԵՐ ԱՊՐՈՒՍՏՆ Ի՞ՆՉ Է՝

ՄԻ ԿՏՈՐ ՉՈՐ ՀԱՑ,

ԷՆ ԷԼ ՀԸՐԵՆ ՀԱ՜_ԵՐԿԸՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ։

Թե ղսմաթ էինք ունենըմ, ցորեն էլ էինք ունենըմ, թե խու չէ՝  Աստոծ հեռու տանե, սրա-նրա դռանն էր աչքներում, սրա-նրա բռին մտիկ անեինք, որ մի կտոր ցամաք հաց տային։ Արի՛ գեշ բաները մոռանանք, սև օրեր շատ ինք ունեցիլ։ Ձեռի մանգաղով հասկը հնձեինք, կալներըմը կալսեինք, թաղի կնանիքը ունգուլնին, գլխաշորերը կապած վաքվեին, յիրար քոմակ անեին խխալեին, թե աժմունքն էր իշով, սելով տանեինք ջաղացն աղող, թե քիչ ըլեր՝ մալեթ չունեներ, թաղի կնանիքը էրկանքով` համ երգեին, համ թևահան ըլելով չիմ աղեին, ըժու ծլպատակ արած, նստած, մաղով մաղեին։ Էրկանք պըտըտելը դժար գորձ էր, համա կնանիքը պըտըտեին։ Վենձ տաշտերըմը խմորը ունցեր տան ամենավենձ կնիկը՝ նանը, վերջըմն էլ, որպես հայ քրիստոնյա՝ խմորի վրա խաչ աներ, որ հայն իրա հավատը կորցնե վօչ։ Ակշով խմորը կտրատեին , խոնչեքի վրա գնդեին, սեղանտախտակի վրա գրդնակով բարակ բաց անեին, լավ քաշեին-ձգեին ու սաջի վրա գձեին։ Մի կոծի մներ ու շաջի վրիցը վիր ունեին սիպտակ մեզարների վրա փռեին, որ չորանա։ Ծերքի թխածը՝ առաջի լավաշը թաղի, ընտանիքի հիվանդին տեին, որ համ շուտ սղանա, համ օխնէ։ Մի վախտ էկավ, որ սկսեցին թոնրի միջին հացը, լավաշը թխելը։ Էդ թխելու վախտը ընտանիքի կնանիքն ամենքն իրանց գորձը գիդեին, մինը խմորն ունցեր, մինը գրդնակեր, մինը ձգեր, մինը թոնրի լաշովը տեր, մինը տաք-տաք լավաշը բարակ կեռ էրկաթի ձողով հաներ, մինն էլ փռեր, որ չորանա։ Լավաշ թխելը դժար գորձ էր, համա էդ գորձին տղամարդ չխառնվեր: Ասեին, վօր թոնրի կողքին տղամարդ ա ըրեվըմ՝ լավաշը կուտա գընըմ, ընգնըմա թոնրի մեչը: Դռներին ազատ տեղ չմներ, չիմ լավաշ ըլեր, չորացնեին, որ յեդնուց խոնչեքի, տաշտի միջին փռեին, մի սաղ տարի ուտինք։ Հմի ինչ կա, ապրիլը հեշտացիլ ա, մին ցորենը սերմնացու ինք տենըմ, մին էլ խանութներըմը դասած հացն ու լավաշն ինք տենըմ։ Հայերը լավաշը թխեին օրերի տաք վախտը, վօր ցրտովը չըրչարվին վօչ։ Բա, բալա ջին, օվ աշխատե՝ նա կուտէ:

Shushan harutynyan

Պատերազմ

Պատերազմ

Թող որ վառվեն լույսեր անմար,

Թող որ վառվի կրակն անմար,

Թեժ ու կարմիր կրակի շուրջ

Թող պտտվեն ամենքն հիմա:

 

Բայց թե հնչեն զանգերն բարու,

Ետ չի թեքվի ոչ մի գլուխ:

Աչքերի մեջ կրակն առած,

Կշարունակեն խաղ տալ նրանք:

 

Ետ կդառնան այնժամ միայն,

Թե հասկանան՝ պիտ հանգցնել

Կրակը այն, որ խաբկանք է,

Չարի ծուղակ, բայց մարելու ունի հնար:

 

Չարին ծառա, չարին ծուղակ՝

Պատերազմ է՝  անավարտ…

 

_______

Սգատուն է ու տխուր,

Իմաստունի սիրտը միշտ,

Խրախճանք է, անհոգ կյանք,

Անվախ մարդու սիրտը միշտ…

 

Բառերի մեջ այլազան,

Գործերի մեջ զանազան,

Որոշել էիր դու ընտրել

Մութն ու խավարը,

Իմ ընկեր:

Չէ, ետ պահել չի լինի,

Առաջվանը չէ ամեն ինչ,

Մեծ ես, հասուն, ինքնուրույն,

Ու՞մ խորհուրդն ես լսելու:

Բայց ինչ խղճով ես լռեմ,

Լավ է՝ վատը լինեմ ես:

Հազար խոսքի, խրատի մեջ,

Չարը, բարին հասկանալու,

Խոսել, լռելու մեջ

Մոլորվել ես  միգուցե:

 

Գիտեմ՝ բարդ է, իմ ընկեր,

Բայց միշտ պիտի դու հիշես՝

Սգատուն է ու տխուր,

Իմաստունի սիրտը միշտ,

Խրախճանք է, անհոգ կյանք,

Անվախ մարդու սիրտը միշտ:

Ճիշտ է լռել, հեռվից նայել,

Զվարճանալ՝  թե ճիշտ գիտես,

Բայց բոլորից սուտն ես լսել…

______

Պատրանք

Գույներ ու լույսեր կար անհամար,

Ու լիքը մարդիկ՝  արագ ընթացող,

Մեկը հեռու անկյունում կագնած,

Անցուդարձը այս ուշադիր զննող:

Խաղաղ ու մաքուր փողոցն այդ մեծ,

Բարի, ժպտացող հայացքներ անհերթ,

Շտապելը մոռացած, ընկածին օգնող…

 

Չէ, բավական է, որ ստեմ ես անվերջ,

Սա նկար է, ոչ իրականություն,

Որտե՞ղ եք տեսել այդքան բարություն:

 

Յոթ անգամ

Հավատով անսանձ, ոչ չարով ըմբոստ,

Բարով անսահման, ոչ վատով անեզր,

Վախով չափավոր, ոչ անվախ անչափ,

Հույսին զորավիգ, ոչ կեղծ ու ստին:

 

Հնչում են զանգերը յոթն անգամ հզոր,

Յոթն անգամ գլուխդ խոնարհիր անզոր,

Յոթն անգամ ներում խնդրիր դու Աստծուց,

Ծանրացած հոգուդ, կարծրացած սրտիդ,

Վերևից կիջնի լու՜ռ հանգստություն…

 

______

Դիմակ

Դու քեզ կարող ես ուժե՞ղ համարել.

Չէ որ դու չունես այնքան դիմակներ,

Որ ամեն խոսքի հետ շտապ պիտի փոխել,

Խելամիտ լինել, արագ տարբերել,

Դրությանը հարիր ճիշտ դիմակ ընտրել…

______

Ետ նայեցի՞ր ու տեսա՞ր,

Որ անցել էիր մի ճանապարհ,

Որ բերել էր քեզ խոստանում

Զղջում, ցավ ու տառապանք:

 

Առաջ նայեցի՞ր ու տեսա՞ր

Մարդկանց բազմություն մի խռնված,

Որ անել էր քեզ խոստանում

Անզիրջում դատ ու դատաստան:

 

Ու …հասկացա՞ր, որ կանգ առնել

Ու խուսափել փորձությանը առերեսվել,

Խոստանում է քեզ բերել

Մեծ պարտություն՝ անարգել…

Qristine Hovsepyan

Ցավը

Չեմ հիշում, թե որ թվականն էր, բայց պարզ գիտեմ՝ դեկտեմբերի 7-ն էր։ Դեկտեմբերի 7-ը աշխատանքային օր է, ուստի մենք էլ սիրուն պատրաստվել ու դպրոց էինք գնացել։ Դպրոցում բոլորս տարբեր, բայց միմյանց նկատմամբ անտարբեր չէինք. դա լավ եմ հիշում։ Կարծես սովորական օր լիներ սովորական մարդկանց համար։ Մոռացել եմ արդեն՝ այդ օրը քանի դասաժամ ունեինք, կամ թե զանգերն առհասարակ քանի րոպեն մեկ էին հնչում, կամ էլ թե դասամիջոցներին առավել հաճախ ինչ էինք անում։ Բայց հիշում եմ ձեր աչքերի տխրության քանակը, պարոն Հակոբյան։ Վստահ եմ՝ մեր հանդիպման ժամին Դուք ինձ չեք ճանաչի, սակայն գլխումս կուտակված պատկերների մեջ ձեր աչքերում արտացոլված երկրաշարժը երկար կմնա։

Այս անգամ թվականը գիտեմ, 2022 թվականն էր, օրն էլի դեկտեմբերի 7-ն էր…
Աղոտ եմ հիշում, թե ինչ բառերով մեզ ցույց տվեցիք Սպիտակի երկրաշարժը, բայց Ձեր աչքերը, Ձեր տրտմությունը, Ձեր դեմքի մռայլությունը այսօրվա պես լավ եմ հիշում։ Ինչքա՛ն, ինչքա՛ն շատ ասելիք կար այդ աչքերում, ու մի քանի օրում ինչքա՛ն, ինչքա՛ն փրկության ճիչեր էիք լսել։ Դուք էլ Ձեր տխրության մասին ասելիս երևի չգիտեիք, որ շարքերում նստած աղջիկներից մեկը գրի կառնի Ձեր աչքերի մասին ու դեռ երկա՛ր, երկա՛ր տարիներ կհիշի ու երկրաշարժը կտեսնի Ձեր իսկ աչքերով։ Այդ օրը դուք Ձեզ նման չէիք, Ձեր մարմինն ամբողջությամբ կարծես պատված լիներ Ձեր աչքերով, Ձեր մեծ մարմնից միայն Ձեր փոքր աչքերն եմ հիշում։ Սկսեցիք խոսել, հիշու՞մ եք։ Զարմանալի էր, որ դասից դուրս ինչ-որ բանի մասին էիք ուզում խոսել, բայց զարմանալի թեմա չէիք ընտրել։ Սկսեցիք խոսել, ու ոչ թե շարժվում էր Ձեր բերանը, այլ էլի ու էլի Ձեր աչքերն էին խոսում, Ձեր աչքերն էին դարձել ամենախոցելի մասը Ձեր մարմնի։ Այսինքն նրանք արդեն խոցվել էին, նրանք խոցվել էին փրկվել կամեցողների ու գտնված դիակների պատկերները տեսնելիս։ Դուք էլ էիք խոցվել, ես Ձեզ այդ կողմից երբեք չէի տեսել։ Ձեր աչքերը, պարոն Հակոբյան, Ձեր աչքերն ու դրանց մեջ շողացող արցունքի հատիկները…

Գուցե Դուք այդ պահին կարծում էիք, թե մենք բախտավոր ենք, բախտավոր ենք այնքանով, որ մեր մաշկի վրա խոր ցավ չենք զգացել, Դուք ու մյուս բոլոր ուսուցիչները կարծում էիք, թե մենք բախտավոր ենք… Բայց այդժամ իհարկե ձեզանից ոչ ոք չգիտեր, որ տարիներ անց մեր տղաներից շատերը էլ ողջ չեն լինի, նրանց մայրերն էլ չեն գա դպրոց ու չեն լսի իրենց տղաների չարությունների մասին… Մեզանից ոչ ոք չգիտեր, ոչ ոք չգիտեր, թե ցավն ինչ է, ոչ ոք կյանքի գինը չգիտեր… Մենք հուզվում էինք պատմություններից, որոնք ուրիշի աչքերում ու ականջներում էին մեխվել, իսկ այսօր օդն անգամ արցունքոտ է: Ո՜վ կպատկերացներ, որ մեր ընկերների գերեզմանին ծաղիկ պիտի դնենք, ընկերների, որոնք այդպես էլ չհասցրին կյանքի համն առնել…

dayana amirkhanyan

Կարևորելով կրթությունը

Կյանքում ամեն բան պետք է կարևորել և բալանսավորել, ամեն ինչ պետք է դիտարկել հավասարապես, քանի որ կյանքը գործողությունների շղթա է, իսկ այդ շղթայում՝ տարբեր տարիքներում, պետք է հաջորդական շղթան լինի այնպես, որ կյանքի ամեն փուլ լինի գեղեցիկ և միևնույն ժամանակ, կարևոր։

Եթե նա լիներ գրքի հեղինակ, ապա վստահաբար կլիներ «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի հեղինակը, և Քեյթ Ֆերացու փոխարեն հեղինակի անունը կլիներ Մովսես Մակարյան։ Կրթությունը կարևորելով, և աշխարհի տարբեր ծայրերում ուսանելով, նա արդեն Հայաստանում է իր նորարար գաղափարներով և հայրենիքի զարգացման գործում իր դերը տեսնելով։ 

-Ծննդով Վանաձորից եմ, այնտեղ եմ ծնվել, մեծացել, հաճախել չորրորդ դպրոց, ապա նորաբաց մասնավոր դպրոց, հետո «Էվրիկա» բնագիտա-մաթեմատիկական հատուկ դպրոց, որն էլ կիսատ թողնելով, 14 տարեկանում տեղափոխվեցի Սինգապուր՝ կրթությունս շարունակելու։ Ավագ դպրոցը ավարտել եմ այնտեղ, ուսանելով Միջազգային Բակալավրիատ ունեցող Սինգապուրի ավագ դպրոցներից մեկում  (IB School)։

Առհասարակ և հատկապես Հայաստանում դժվար է պատկերացնել այդ տարիքում արտերկրում կրթություն ստանալը։ Պատճառները տարատեսակ են, և դրանցից ամենակարևորը՝ մենակ չլինելն է։ Մովսեսը իր կրթական ուղին անցել է քրոջ՝ Մարիամի հետ, ով այս պահին բնակվում է Սիդնեյում։ Մարիամը ևս, կրթությունն իր արյան մեջ կրողներից մեկն է, ում համար նույնպես դա հանդիսանում է անհատի և երկրի հիմնաքարը։ 

Ճիշտ է ասված, որ մարդու կենսակերպն ու բնավորությունը դեռ շատ փոքր տարիքից է ձևավորվում։ Բնականաբար դրա վրա ազդում են բազմաթիվ արտաքին գործոններ, բայց այնպիսին, ինչպիսին մենք պետք է լինենք, դեռ գալիս է վաղ տարիքից։ Մովսեսն այս հարցում ևս բացառություն չէ.

-Դեռ շատ փոքր տարիքից միշտ ձգտել եմ ինչ-որ բան անել, նոր գաղափարներ մտածել  և ձեռնարկել ուղիներ դրանք իրագործելու համար։ Վաղ տարիքից թղթի թափոններից փորձում էի նոթատետրեր  պատրաստել։ Թե ինչքանով էին դրանք ստացվում, դա հարցի մյուս կողմն է։ Կարծում եմ, որ այդ տարիքում կարևորն արդեն գաղափարի առաջ գալն էր և ձգտումը ինչ-որ բան անելու։ Փոքր տարիքում շատ հաճախ ծնողներիս հետ մասնակցում էի կարևոր հանդիպումների, որոնք էլ ավելի էին ինձ ոգևորում և դարձնում նպատակասլաց։ Միշտ փորձել եմ ձգտել նորարար բիզնես գաղափարներ ձեռնարկել, որոնք կլինեն չկրկնվող և միևնույն ժամանակ, կարևոր հասարակության համար։

Քույրս միշտ եղել է իմ ճանապարհի կարևոր ուղեկիցը։ Ցանկացած հաստատությունում նա միշտ եղել է առաջինը  և դարձել բոլորիս հպարտության առիթը։

Հաջողությունների և ձեռքերումների մասին խոսելը նա համարում է վաղ, կարծելով, որ դրանք այն են, ինչ պետք է լինի։ Հեռավոր ապագայի համար նպատակներ դնելը շատ կարևոր է, բայց ուղղակիորեն սպասելը նա համարում է ոչ այդքան ճիշտ, կարևոր համարելով՝ հստակ ժամանակում և հստակ վայրում որոշված և իրագործված մտքերը։

-Միշտ ցանկալի է շատ աշխատել, կապեր հաստատել, և բնականաբար երբեք նույն տեղում չլճանալ։ Աշխարհի տարբեր անկյուններում ունեմ ընկերներ, մեծ նեթվորք՝ կապեր, որոնք ամենակարևորն են ցանկացած հարցում, քանի որ միայնակ մարդը մեծ դժվարությամբ կարող է հասնել հաջողության։  

Թիմային աշխատանքը ամեն դեպքում դեռևս թերի է Հայաստանում, չնայած որ դա առավելագույն կարևոր գործիքներից է հաջողության հասնելու համար։ Շնորհիվ միջազգային փորձի, Մովսեսը, ինչպես բոլոր այն մարդիկ, ովքեր կարևորում են նեթվորքը, հաստատում են, որ առանց դրա փոքր ինչ անհնար է քաոսից դուրս գալ, բանակցել, կամ ունենալ այն բոլոր հմտությունները, որոնք էլ մեզ կօգնեն առաջ շարժվել։

-Հայաստանի այս դժվար շրջանում էլ ավելի կարևոր է մոտիվացված աշխատելը, նոր միջազգային կապեր ստեղծելը, և անել անհնարինը, որ մեր հայրենիքն իր դերն ու տեղը ունենա այս աշխարհում։ Այս տեսանկյունից՝ իր դերն ու տեղն ունենա բիզնես ոլորտում։ Բնականաբար տարբեր մշակույթներում ուսանելը, այդ թվում Սինգապուր, Ավստրալիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ֆրանսիա, ԱՄՆ, միշտ էլ օգնել են հասկանալ, որ կրթությունը միայն տեսությունները չեն, այն գործնական աշխատանքներն են։

Կրթություն ասվածը նաև մարդկային փոխհարաբերությունների մասին է, որն առաջին հերթին ընդգծում է մարդու վարվելակերպը իր իսկ շրջապատող աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Անկեղծությունն ու բարությունը կրթության հիմքը պետք է լինել, որ այն չլինի անտեղի կամ ռոբոտացված, և հենց այս հատկանիշներով օժտված երիտասարդի համար, ոչ միայն կարևոր է կրթությունը կամ աշխատանքը, այլ նաև կարևոր է երկրի համար ամուր հիմքերով ընտանիք ստեղծելը, որն էլ հենց լավագույն գործը կլինի հայրենիքի համար։

-Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ միմյանց սիրեն ու հարգեն։ Հայաստանում երևի առաջին հերթին դա կփոխեի, որ մարդիկ ավելի շատ սիրեն իրար, շատ օգնեն, և մեկը մյուսին կարեկից և աջակից դառնան, լինեն ավելի բարի, անկեղծ և հանդուրժող։ Իսկ կրթության մեջ ավելի շատ կցանկանայի տեսնել պրակտիկա, որ դպրոցներում և համալսարաններում փորձի վրա հիմնվեր կրթությունը, և ուսանողները ավելի շատ փորձի փոխանակում անեին միմյանց հետ, թեներսից, և թեդրսից։

Պետք է երիտասարդները միշտ մոտիվացած լինել միջազգային կամուրջ դառնալու և սփյուռքի հետ կապը էլ ավելի ամրապնդելու համար։ Իսկ այս գործում Մովսեսն արդեն հաջողել է։

-Այժմ Ավստրալիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչն եմ, իսկ 2019 թվականից՝ Ավստրալիայում հիմնադրված «Հայկական բիզնեսի զարգացման ասոցիացիա»-ի խորհրդի անդամ։ 2022-ին հիմնադրվեց eatn’act ռեստորանների ցանցը, որի համահիմնադիրներից եմ և տնօրենը։ Այն համարվում է նոր սերնդի արագ ռեստորան։ Առաջին անգամ, հենց առաջին փոքրիկ ռեստորանը բացվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողքին։ Սա ունի ավելի մեծ և միջազգային նպատակներ, և կարծում ենք, որ այն ոչ միայն հայերի սիրելի, այլ ամբողջ աշխարհի սիրելի վայրը կամ այլկերպ ասած՝ պահը կդառնան։

Իդեալական ոչինչ չի լինում,  և այն ինչ կառուցվում է` հաշվի առնելով մեր և շրջակա միջավայրի ցանկությունները, կարող են դառնալ ոչ միայն մեր, այլև հայրենիքի հաջողության շարժիչ ուժերը։ Մովսեսի պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ ցանկացած ժամանակում և ցանկացած հասարակության մեջ, կայուն և հնարավորինս անկախ լինելու համար, նախ, առաջինը պետք է ինքնակրթվել, կարևորել կրթությունը, հասկանալ դրա իրական արժեքը, և այս ամենի հետ մեկտեղ բաց չթողնել այն լավագույն պահերը, որոնք կարող են դառնալ մեր անձնական կյանքի, աշխատանքի ու մեր երկրի զարգացման ուղիներից։

-Իմ ամենաառաջին ու մեծ խորհուրդը նա է, որ երբեք պետք չէ դադարել փնտրել, գտնել, նոր գաղափարներ մտածել և իրագործել։ Լավ կլինի, որ երիտասարդները կարևորեն կրթության ոչ միայն թեորիան, այլ կարողանան այն օգտագործել գործնական կյանքում։ Պետք է կապեր հաստատել և երբեք հետ չկանգնել մեր մտքերից։

Տարիներ առաջ, երբ Վանաձորը դարձավ երիտասարդության մայրաքաղաք, շատ երիտասարդներ անվանվեցին Վանաձորի զարկերակներ, և Մովսեսը լինելով քաղաքից հեռու,  ևս այդ զարկերակներից մեկը կարող էր լինել, քանի որ ինքնակրթվելն առաջին հերթին ոչ միայն մեր անձնային աճն է, այլ կայուն և զարգացած երկիր ունենալու հիմքը։

Հույս ունենք, որ շատ երիտասարդներ Մովսեսի պատմությունից անպայման կմոտիվացվեն, էլ ավելի կկարևորեն կրթությունը, և հետ չեն կանգի իրենց գաղափարներից և կանցնեն գործի։