shushan stepanyan portret

Դու

Դու, որ սովոր էիր կյանքի ամենասիրուն ու հեռավոր ճախրանքներին, այժմ քեզ ամենակարճ թռիչքն անգամ դժվար է թվում: Քեզ թևաթափ են արել, դու թուլացել ես ու չես էլ կարող երազել անգամ, որ նորից կթռչես: Եվ հենց այն պահին, երբ ավելի սառնասիրտ լինեն ու քեզ թողնեն առանց թևերի, առանց այն թևերի, որոնցով դու թռել ես դեպի քո երազանքների հեռու-հեռուները, հենց այդ պահին կզգաս ուժեղ լինելուդ, ամենահեռուն թռչելու իսկական անհրաժեշտությունը ու կանգ չես առնի: Կանգ չես առնի, քանի որ տեսակիդ մեջ դու պարտվել չունես, ինքդ քո առաջ նվազել չունես: Առաջ կշարժվես, բազում անհաջող փորձեր կանես, պահ առ պահ ինքդ քեզնից կհոգնես, կյանքից կսրտնեղես, բայց չես դադարի թեկուզ մտովի քո երազանքի թևերով ճախրել:

Բա՛րև: Շատերը քեզ պես երևի արդեն ինձ, նյութերս մոռացել են: Ես էլ կարծես մոռացել եմ ինձ՝ համակարգչի առջև նստած ինչ-որ նյութ խմբագրելիս ու քո դատին հանձնելիս: Երկար ժամանակ չգրելուց հետո դժվարանում եմ հստակ ինչ-որ թեմայի, ինչ-որ մեկի մասին գրել, խոսել. մտքերս դեռ խառն են ու չխմբավորված: Այս անգամ ուղղակի ուզում եմ ասել, որ եթե դու էլ ինչ-որ մի պահի ինձ նման դադարել ես լավը տեսնել ու սպասել, հուզվել ես, ես-իդ հետ կռվել ու արդյունքում նորից պարտվել, բնավ մի՛ նեղվիր, որովհետև քեզ պես հենց ես էլ շատ եմ սրտնեղել ու այնքան տխրել իմ առջև ծառացած  փորձություններից, անհաջողություններից, որ արդեն հիմա՝ մի քիչ մեծ ուշացումով, հասկանում եմ, որ չարժեր այդքան սրտնեղել ու խեղճ հայացքով նայել ձախողումներիդ:

Մի պահ եկավ, երբ իսկապես ինձ թվում էր, որ վերջ, կյանքս էլ իմաստ չունի, երազանքներս արդեն կորել են, բոլոր արժեքավոր բաներն ու երևույթներն արդեն անպետք են, շրջապատող ոչ մի բան ինձ չի երջանկացնում, հենց այդ ժամանակ հասկացա, որ պիտի կանգնեմ, որ պիտի քայլեմ ու ճախրանքի պատրաստ մտքերս մարզեմ ու առաջ շարժվեմ: Հասկացա, որ ամեն ինչ ինձնից է կախված ու իմ մտքերից, իմ կամքի ուժից: Ամեն օր նստում, ինքս ինձ համոզում էի, որ չէ, միևնույնն է, ես անհաջողակ եմ ու ոչինչ չեմ կարողանա անել: Եվ իհարկե, գրեթե մի տարի այդ վիճակում էի: Փաստորեն, լավ էլ սրտովս էր տրտնջալն ու անհաջողակ ձևանալը:

Աստիճանաբար, երբ սկսեցի բարեխղճորեն արժևորել ունեցածս, մի կողմ դնել նորը փորձելու վախերս ու գիտակցել, որ ոչինչ միանգամից չի լինում ու ձախողվելն էլ բնական է, բայց դրանից հետո ավելի ուժեղ դառնալը՝ պարտադիր, ես քիչ-քիչ նորից հավատացի «ամեն ինչ լավ կլինի»-ին ու ներսիս լույսի դատարկ տեղը լցվեց: Իմիջիայլոց, չգիտեմ՝ այս աշխարհում կա՞ ինչ-որ մեկը, որ ինձ նման այդքան վախենում է մի նոր բան փորձել: Անգամ եթե դա շատ հեշտ մի բան է ու ուժերիս սահմաններում, ես, միևնույնն է, վախենում եմ ու մտածում՝ բա որ չստացվի՞: Է, հա, թող թեկուզ և չստացվի, բայց ես գոնե փորձեմ: Նման տեսակ վախն էլ է ինձ խանգարում, որ հասնեմ ուզածիս, հասնեմ այն ամենին, ինչ ուզել եմ անչափ։ Հիմա էլ ինչ-որ չափով հուսահատ, ինչ-որ չափով հուսառատ հենված եմ աթոռիս ու երկնքին եմ նայում. գիտեմ, որ տիեզերքն արդեն առաջինը կարդաց տողերս ու ինձ ասաց. «Ա՛յ հիմար աղջիկ, քանի անգամ քեզ ասեմ՝ հավատա ու կհասնես, մի՛ սրտնեղիր ու միայն դրական մտքերով, սպասումներով լցրու ներսդ, որ հենց այդպես էլ լինի: Տիեզերքը կարդում-լսում է, ու իմ քրիստոնեական հավատն էլ հենց նույն գաղափարին է՝ հավատա ու կտեսնես, անգամ մանանեխի հատիկի չափ հավատ ու վերջ…

Գրածս կվերընթերցեմ ու կփորձեմ ինքս ինձ լսել, խորհուրդներիս հետևել:

Քեզ էլ ուզում եմ ասել, որ չհուսահատվես ամեն մի անարդար փորձությունից, ուզում եմ ասել, որ ամեն ինչ քո ձեռքերում է ու քո ուժերի սահմաններում:

Արվեստ առանց սահմանների

Կիպրոսի Լառնակա քաղաքում հունիսի 1-10-ը տեղի ունեցավ «Art without Borders» (Արվեստ առանց սահմանների) խորագրով նախագիծը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կիպրոսի հնգական երիտասարդ արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է «ERASMUS+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակներում՝ Կիպրոսի Ազգային գործակալության աջակցությամբ: Նախագծի Հայաստանյան համակարգողն է Երջանիկ երիտասարդություն ՀԿ-ն:

Այս երկրների երիտասարդներին միասին հավաքելու գաղափարը ծնվել է նրանից, որ այդ երկրներն ունեն որոշակի դժվարություններ իրենց սահմանների վերաբերյալ, իսկ նպատակը՝ արվեստը, որպես մասնակիցներին միավորող միջոց օգտագործելով,  ցույց տալ, որ նրանք կարող են խոսել արվեստի լեզվով:

Համակարգողները մասնակիցներին պատահականորեն, այլ ոչ թե ազգային խմբերով տեղաբաշխելով սենյակներում, լավ հնարավորություն ստեղծեցին հաղորդակցվել և համագործակցել նախագծի հենց սկզբից:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին տեղական ՀԿ-ներ Նիկոսիայի բուֆերային գոտում, որը գտնվում է հունական և թուրքական հատվածների միջև, ծանոթացան նրանց խաղաղասիրական ծրագրերին, գործունեությանը։

Ավանդական արվեստի, արհեստների և ընդհանուր առմամբ երկրների ներկայացումներով՝ մասնակիցներն ավելի խորը պատկերացում ստացան միմյանց ավանդույթների և ապրելակերպի մասին:

Յուրաքանչյուր երկիր արվեստի և արհեստի տեխնիկաների ներկայացման և միասնաբար ստեղծագործելու նպատակով կազմակերպեց աշխատարան: Դրանց ընթացքում վրացական թիմը իրականացրեց շապիկների դիզայնի և նկարչության աշխատարան, ռուսները ներկայացրեցին կեչու ծառի կեղևից ավանդական ապարանջանների պատրաստումը և կավից քանդակների ստեղծումը, իտալացիները իրականացրեցին իտալական նկարիչների գլուխգործոցների ժամանակակից ինտերպրետացիան ինտերակտիվ ձևով, հույները ցուցադրեցին նկարչություն սև ներկապատ կտավների քերծելու միջոցով: Հայկական թիմի հետ մասնակիցները կտորի վրա նկարեցին հայկական զարդանախշերով գունագեղ գորգ, իսկ թուրքական թիմը ցույց տվեց Էբրուի հինավուրց արվեստը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին վերացական նկարներ ջրի վրա:

Այս բովանդակալից սեմինարներին հաջորդեցին բազմաբնույթ մշակութային րնթրիքներ, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց ուտեստները և ըմպելիքները: Սկսած իտալական մակարոնեղենից մինչև հունական տզատզիկի, թուրքական Էզոգելին ապուր ու հայկական հաճարով սնկով փլավ, վրացական լոբիոյից մինչև ռուսական ակրոշկա՝ բոլորը մասնակիցների ձեռքով պատրաստված: Մասնակիցները ծանոթացան այլ երկրների խոհանոցներին և գնահատեցին միմյանց խոհարարական հմտությունները:

Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանային տարաձայնություններ ունեցող երկրների մասնակիցները, որոնք կարող էին միմյանց հանդեպ բացասական կարծրատիպեր ունենալ, աշխատել են որպես մեկ թիմ, միասին հաղթահարել են դժվարություններ: Ավարտին մասնակիցները հանդես եկան նոր նախագծերի գաղափարներով և համագործակցության առաջարկներով, որոնք բոլորը ընդունեցին բաց սրտով, դե իսկ արվեստագետները միմյանցից բաժանվել են միասնության զգացումով և քաջալերված են խաղաղության տարածման և առկա դժվարությունները լուծելու համար երկխոսելով։

Փառանձեմ Հովհաննիսյան

anna  andreasyan

Հետավարտական մտորումներ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե տեղյակ էլ չեք՝ վերջերս ավարտեցի դպրոցը: Վերջին զանգից հետո բավականին ազատ ժամանակ եմ ունեցել՝ զբաղվելու իմ ամենասիրած գործերից մեկով՝ մտածելով, կամ ավելի ճիշտ՝ վերլուծելով անցած-գնացած 12(13) տարիները: Բոլորս էլ, անկախ նրանից՝ դպրոցը սիրել ենք, թե ոչ, լավ ենք սովորել, թե ոչ, չենք կարող չընդունել, որ ավարտելով դպրոցը՝ կյանքի մի մեծ փուլի հրաժեշտ ենք տալիս: Հիմա ես 18 տարեկան եմ: Այսինքն՝ կյանքիս երկու երրորդը անցկացրել եմ դպրոց հաճախելով: Չեմ ուզում արդեն ծեծված բառերով գովերգել դպրոցը ու դրա տված գիտելիքները: Բայց նաև չեմ կարող չխոսել այն ամենից, ինչ ստացել եմ դպրոցից: Ուրեմն սկսենք սկզբից:

Իմ դպրոցը փոքր է՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցն է, 1-ինից մինչև 12-րդ դասարաններում սովորող մոտավորապես 250 աշակերտով: Աղոտ կերպով հիշում եմ ինձ առաջին դասարանում, և ինչքանով որ հիշում եմ, ոգևորված էի: Միշտ էլ պատկանել եմ աշակերտների այն խմբին, որը սիրել է դպրոց գնալը: Շատ առարկաներ իմը չեն եղել, որոշներն էլ շատ եմ սիրել, բայց դպրոցը սիրելը երբեք էլ դրանով պայմանավորված չի եղել, ես այնտեղ միշտ հաճույքով եմ գնացել: Իհարկե, տարբեր ժամանակներ դպրոցը սիրելու պատճառները տարբեր են եղել: Մի ժամանակ, երբ դպրոցից դուրս առաձնապես ներգրավված չէի այլ բաներում, այն միակ լուսավոր կետն էր կյանքումս: Այն, առօրյայի մի մաս լինելով, ինձ միշտ կտրում էր ձանձրացնող առօրյայից: Հետո էլ, եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, միայն ընկերներին տեսնելը բավարար էր, որ ցանկանայի դպրոց գնալ:

Հետո, վեցերորդ դասարանում, մեր դպրոց նոր ուսուցիչներ եկան: Դե, փոփոխությունը հաճելի է, մի տեսակ թարմ շունչ է հաղորդում: Նրանց գալը հենց այսպիսի ազդեցություն էլ ունեցավ: Սկսեցի էլ ավելի մեծ ոգևորությամբ սովորել: Իրականում, մարդիկ հաճախ շատ ուշադրություն չեն դարձնում այն կարևոր հանգամանքին, որ ուսուցչին սիրելը կարող է սեր ձևավորել նաև առարկայի հանդեպ: Իհարկե, աշակերտն էլ պետք է ձգտումը ունենա ու սովորել ցանկանա: Բայց իմ սեփական փորձից վստահեցնում եմ, որ երբ սեփական ցանկությունը և արտաքին ազդեցությունը միախառնվում են, արդյունքը, անշուշտ, չի հիասթափեցնում:

Հենց այս ժամանակ էր, երբ մաթեմատիկան, որից ի սկզբանե շատ ավելի լավ էի, քան մյուս առարկաներից, և որը բոլորի կողմից համարվում էր իմ տարերքը, սկսեց իր տեղը զիջել լեզվին, գրականությանն ու պատմությանը: Մի կողմ դրեցի բժիշկ, հաշվապահ, ծրագրավորող դառնալու միտքը և սկսեցի պատկերացնել ինձ պատմաբանի, իրավաբանի, լրագրողի դերում: Այս ընթացքում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէր անցնում, մի տեսակ տեղս չէի գտնում, մեկ մի բան էի որոշում, հետո՝ մյուսը, մի օր տրամադրությանս ոչինչ չէր հասնի, իսկ հաջորդ օրը հետս խոսել չէր լինում (չնայած՝ այս հարցում առանձնապես բան չի փոխվել): Երևի տարիքից էր, հետո էլ ես ինքս ինձ միշտ էլ շատ եմ քննադատել: Ինձ միշտ թվացել է, թե ես ամեն ինչ պետք է իմանամ ու սխալվելու իրավունք չունեմ: Այս պատճառով էլ հաճախ ստիպված եմ լինում ինքս ինձ բացատրել, որ ես չեմ կարող դեռ պատանեկան տարիքում միանգամից հասկանալ ու ըմբռնել կյանքի ամբողջ փիլիսոփայությունը՝ իր բոլոր շերտերով ու առանձնահատկություններով, ժամանակ է պետք: Կամ գուցե երբեք էլ չհասնեմ այդ կետին: Բայց լավ, էլի թեմայից շեղվեցի:

Հասել էինք այնտեղ, որ վեցերորդ դասարանից մինչև երևի տասներորդ դասարան գաղափար չունեի՝ ինչ եմ ուզում անել, ու ինձ մնում էր դպրոցում լավ սովորելն ու ակտիվ լինելը: Չմտածեք՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց հստակ գծագրի պես հայտնվել աչքերիս առջև, ուղղակի արդեն վերացական պատկերները որոշակի հստակություն էին ձեռք բերում: Այստեղից արդեն գիտեք՝ գնացի իմ փոխանակման տարին անցկացրի ԱՄՆ-ում ու նորից վերադարձա իմ դպրոց:

Ես միշտ հոգուս խորքում գիտեի, որ դպրոցն ու ես այդքան հեշտությամբ իրարից բաժանվողը չենք: Այս վերջին տարին՝ տեսներեքերորդը, շատ խառն ու մշտական զբաղվածության մեջ անցավ: Գիտեք նաև այն, որ սկզբում բողոքում էի այս ավելացած դպրոցական տարուց: Բայց հիմա հասկանում եմ, որ այս տարին ինձ տվեց լավագույնը, որ կարող էի պատկերացնել: Դե, իսկ այդ լավագույնը թող մնա իմ փոքրիկ գաղտնիքը, ինչպես բոլոր նվիրական ու կարևոր բաներն են մնում այդպես էլ չբացահայտված:

Հիմա վերջապես ասեմ, թե ինչն եմ այդքան շատ սիրել իմ դպրոցում: Պատկանելու զգացողությունը: Ամեն անգամ դպրոց մտնելիս ես ինձ լիարժեք դրա մի մասն եմ զգացել: Այն ժպիտները, որ ինձ հանդիպում էին միջանցքում, դասասենյակում, դպրոցի բոլոր անկյուններում, ունեին իրենց մեջ մի սրտացավ վերաբերմունք, որ մեկ էլ միայն տանն է լինում, երբ քեզ թույլատրում են, ներում են կամ արտոնում են զուտ նրա համար, որ դու իրենցն ես:

Երկար տարիների ընթացքում ձևավորված հարաբերութուններ է ներկայացնում դպրոցը, երբ մարդիկ գիտեն՝ ում ինչն է բնորոշ, ով ինչ սովորություն ունի, կամ ասենք, ով որ կողմի աստիճաններով է նախընտրում բարձրանալ երկրորդ հարկ:

Այսպիսի մանրուքներն են, որ դպրոցը դարձրել են հարազատ: Հո հենց այնպես չի՞ առաջացել այն հայտնի արտահայտությունը, թե դպրոցը մեր երկրորդ տունն է:

arxiv

Մնաս բարով

Առավոտ էր: Բոլորս քնած էինք: Մահճակալների կողքին կային ճամպրուկներ: Մենք պատրաստվում էինք գալ Երևան: Քնած ժամանակ զգացի, որ ինչ-որ մեկը լպստում է դեմքս: Բացեցի աչքերս ու տեսա մեր շանը` Մուրոյին: Հետո շրջվեց ու ոտքերը դնելով դեմքիս վրա` սկսեց լպստել քրոջս: Նա էլ արթնացավ, ու մենք հագնվեցինք: Մուրոն գնաց հարևան սենյակ: Երբ բոլորն արթնացան, ես հարցրի մայրիկիս, թե ինչու Մուրոն բոլորիս համբուրեց: Մայրս էլ պատասխանեց, թե երևի զգում է, որ գնալու ենք, դրա համար էլ տխրել է: Առաջին անգամ առավոտյան հյուրասենյակում տեսա պապիկիս:

-Պապ, վա՞տ ես զգում, ինչո՞ւ այգի չես գնացել:

-Չէ, շատ լավ եմ:

Ու ես հասկացա, որ պապիկս ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել մեզ հետ: Զգացի, որ նրա աչքերը թախծոտ են, մոտեցա ու գրկեցի նրան: Մեքենան եկավ, ու պապիկը ճամպրուկները տեղավորեց մեքենայի մեջ: Հետո վերցրեց մի բաժակ ջուր: Թախծոտ աչքերով նայում էր մեզ: Գրկեց ու համբուրեց: Հետո մենք գրկեցինք շանը, ու ես զգացի, որ նա ամբողջ ուժով պոչը շարժում է: Ես տխրեցի. նա մտածում էր, որ մենակ կմնա, ու ոչ ոք նրա հետ չի խաղա: Երբ արդեն տեղավորվել էինք մեքենայի մեջ, ու մեքենան շարժվեց, պապիկը մեքենայի հետևից ջուր շփեց: Պապս և Մուրոն դեռ երկար ժամանակ կանգնած էին կողք կողքի ու նայում էին մեր հետևից:

Եսթեր Սահակյան, 13 տարեկան

2005 թվական

aneta baghdasaryan

Երեկ ամեն ինչ վերջացավ

Սովորական մի շաբաթ օր էր, առավոտյան ժամը ութն անց կես, կամ էլ արդեն ինն էր։ Դեռ մինչև վերջ չարթնացած, պատերին քսվելով ու կահույքից բռնվելով, նա հասավ խոհանոց, միացրեց թեյնիկն ու գնաց կողքի սենյակ։ Բոլորը դեռ քնած էին, իսկ ով էլ քնած չէր, վաղուց գնացել էր տանից։ Նստեց սեղանի մոտ ու դեռ կիսափակ աչքերով նայեց թղթերի կույտին, որոնք երկու շաբաթ է, ինչ կուտակվում են գրասեղանի անկյունում։

Չէ, խաբում եմ, սովորական շաբաթ չէր։ Սովորական չէր, որովհետև սեղանի մոտ նստածին այդ երեք հարազատ դեմքերն արդեն նայում էին ոչ թե համակարգչի էկրանից, այլ շրջանակի ապակու տակից։ Նրանք նման չէին երեկվա նույն երեքին, որոնք բաժանել էին համակարգչի էկրանը երեք ոչ հավասար մասի՝ պարբերաբար մեկով պակասելով ու ավելանալով։ Թեյնիկն ուժեղ ձայնով անջատվեց, կարծես թե ցանկանում էր ամեն ձևով արթնացնել նոր արթնացած, բայց արդեն հոգնածին։ Դեռ երկար էր եռման ջրով լի թեյնիկը միայնակ սպասելու խոհանոցում, քանի որ մի քանի րոպե առաջ թեյ խմել ցանկացողը գլուխը դրել էր սեղանին և տեղից բարձրանալու ցանկություն չուներ։

Շաբաթը իրոք սովորական չէր․ նկարում նրանց մեջ ավելի շատ կյանք կար, քան երեկ համակարգչով խոսելիս, և, ընդհանրապես, վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Միայն չորրորդն էր, որ չէր փոխվել՝ գլուխն ափի մեջ դրած, հայացքն ու մտքերը Աստված գիտի՝ որտեղ։ Նկարի փոշին սրբեց ու տեղը դնելուց հետո մի կերպ տեղից բարձրացավ ու գնաց խոհանոց։ Արդեն ոչ բավականաչափ տաք թեյ, թխվածքաբլիթ և կրկին սեղան ու նկար։

-Ի՞նչ ես տենց նայում, դու էլ չես հավատո՞ւմ, որ երեկ վերջինն էր։ Տես, իսկ երրորդը հավատում ա ու շատ էլ ուրախ ա։ Ի՞նչ, չորրո՞րդը, ինքը միշտ ա էդպես, ուշադրություն մի դարձրու։

Դեռ երեկ՝ այս նույն ժամին, նրանցից երկուսը միացրին վիդեոչաթն ու սկսեցին աննպատակ կարդալ առաջին չորս հարցը, հույս ունենալով, որ դրանք վերջին անգամ են կարդում։ Վերջին անգամ էր նայում արցունքներից լղոզված տառերով այդ հարցաշարին, ինչից հետո գնաց թեյ խմելու։ Իսկ հիմա թեյն արդեն սառել էր, թխվածքաբլիթն էլ առանց թեյ էլ չէր ուտվի։

Նկարից էլի չորրորդը նույն դեմքով նայեց նրան, կարծես թե ասում էր․

-Ի՞նչ ես նստել, ոչ մեկը քեզ համար թեյ չի բերելու։ Չնայած ինչի՞ եմ էս ասում․ անիմաստ ա ամեն ինչ, միևնույն ա, չես գնալու։

-Գնում եմ, գնում, էլի սկսեց մուննաթը։

-Ես լինեի քո տեղը, չէի գնա, – ասաց երրորդը,- հանգիստ նստի տեղդ ու ոչ մի բան մի արա, մեկ ա պրծել ենք։

Երրորդը ճիշտ էր, բայց նա դեռ ցանկանում էր թեյ խմել։ Նորից գնաց խոհանոց ու միացրեց թեյնիկը՝ այս անգամ մնալով այնտեղ մինչև ջուրը չեռա։ Տաք թեյ խմելու հույսով հասավ սեղանին ու մեկ անուշադիր շարժումով հերթական անգամ գցեց շրջանակը՝ ինչպես միշտ դեմքով ներքև։

-Էլի դու զարմացա՞ծ ես։ Քեզ երբ գցեմ, միշտ այս նույն դեմքով ես։ Բայց այս անգամ ոնց որ շատ վախեցար, հա՞։ Կարևորը, ապակին չջարդվեց։

Նորից նայեց թղթերի կույտին, մոտիկ քաշեց ու սկսեց դասավորել ու առանձնացնել, ինչից հետո տեղավորեց դարակի մեջ, որ մոռանա, մինչև մի երրորդ կուրսեցի չհարցնի դրանց գոյության մասին։

Ամեն դեպքում դա սովորական շաբաթ օր էր, անսովոր էր միայն այն, որ այդ երեքին էլ համակարգչով չի տեսնի․ կտեսնի միայն նրանց նկարներն ու դրանց կողքը հայտնվող նախադասությունները կկարդա, երբ կվիճեն միասին հավաքվելու օրվա ընտրության մասին։ Կհիշի, որ էլ պետք չէ կարդալ ու հասկանալ այդքան պարզ, բայց միևնույն ժամանակ, բարդ թվացող առարկան, կուրախանա, որ արդեն ժամանակ կունենա գիրքն ավարտելու ու նորը սկսելու համար։ Կնայի դատարկ սեղանին դրված նկարին․

-Դե, երևի ճիշտ ես անում, որ ժպտում ես։ Երեկ ամեն ինչ վերջացավ։

anyuta paronyan

Ֆուտբոլի արքան

Հարցազրույց ֆուտբոլիստ Վահե Մանուկյանի հետ, որը ոչինչ չխնայելով՝ օր ու գիշեր մարզվում է իր երազանքին հասնելու համար։ Երազում է դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, որով կհիանա ամբողջ աշխարհը։ Նա իր աշխատասիրության շնորհիվ հասավ բաղձալիին։ 16-ամյա ֆուտբոլիստը հիմա խաղում է Իտալիայի Gassino թիմում։

-Մի փոքր պատմիր քո մասին։

-Ես Վահեն եմ, Երևանից։ Սկզբում միտք չկար ֆուտբոլի գծով առաջ գնալու, հաճախում էի կարատեի, բայց հասկացա, որ այս մարզաձևն իմը չէ և հիասթափվեցի։ Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆուտբոլի մարզիչ էր, նա ինձ կանչեց իր թիմ մարզվելու։ Այդպես սկսեցի ֆուտբոլի հաճախելը։ Երևանում չորս տարի հաճախել եմ ֆուտբոլի։

-Ո՞ր դիրքում ես խաղում։

-Հարձակվող եմ։

-Իսկ ո՞րն է քո սիրած խաղային դիրքը։

-Հենց հարձակվողի դիրքն եմ շատ սիրում, որովհետև սիրում եմ շատ գոլեր խփել։

-Ինչպե՞ս սկսվեց քո հաջողակ կարիերան, ինչպե՞ս հայտնվեցիր Իտալիայում։

-Ես սկզբից իմ թիմում՝ Ալաշկերտում էի խաղում, իմ տարիքայինների հետ։ Հետագայում մարզիչս նկատեց իմ առաջընթացը և ինձ տեղափոխեց մեկ տարով մեծերի թիմ, որոնք մասնակցում էին Հայաստանի առաջնությանը։ Սկսեցի շատ գոլեր խփել։ Երեք առաջնության մասնակցեցի այդ թիմի հետ։ Դրանից հետո որոշեցի, որ կարիերաս պետք է շարունակեմ Եվրոպայում։

-Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիր Իտալիա և խաղացիր Gassino թիմում։

-Մենք նկարահանել էինք իմ բոլոր խաղերը և ուղարկել էինք Իտալիա։ Ծանոթ մարդ ունեինք այնտեղ։ Նա էլ ֆուտբոլի ասպարեզում ծանոթ ուներ, այդպես տեսանյութն իրեն ուղարկեցինք, նա էլ փոխանցեց այդ մարդուն։ Նրանք հավանեցին իմ խաղը և ինձ կանչեցին Իտալիա։

-Իտալիայում մարզվելուն զուգահեռ սովորո՞ւմ ես։

-Այո, սովորում եմ ամենալավ քոլեջներից մեկում։

-Ինչ-որ կոնկրետ մասնագիտությո՞ւն, թե՞…

-Չէ, կոնկրետ մասնագիտություն չէ, մաթեմատիկայի գծով է։

-Արդյոք վերադառնալո՞ւ ես Հայաստան, ի՞նչ ապագա պլաններ ունես։

-Շատ կուզեմ վերադառնալ Հայաստան, իմ ընկերներին ու հարազատներին տեսնելու նպատակով, բայց դեռ հնարավոր չէ։

-Ինչպե՞ս ես տեսնում ֆուտբոլիստի քո ապագան, որտե՞ղ ես այն տեսնում։

-Իմ երազանքը «Յուվենտուսում» խաղալն է, բայց դրա համար շատ աշխատանք ունեմ դեռ անելու։

-Որտե՞ղ էր ավելի դժվար մարզվելը։

-Իտալիայում, որովհետև այստեղ պարապմունքները ավելի դժվար են և ծանրաբեռնված։

-Ի՞նչ մշակութային դժվարություններ ես ունեցել իտալացիների հետ շփման մեջ։

-Միակ դժվարությունը լեզվի իմացությունն է եղել, բայց հիմա տիրապետում եմ իտալերենին 80 տոկոսով։

-Ըստ քեզ՝ որո՞նք են քո ուժեղ կողմերը։

-Մինչև վերջ պայքարելու ունակությունը։

-Արդյո՞ք ունես որևէ մականուն, իհարկե, ֆուտբոլի հետ կապված։

-Այո, Բոմբեր։

-Ի՞նչ կմաղթես սկսնակ ֆուտբոլիստներին։

-Խորհուրդ կտամ, որ երբեք չհանձնվեն և պայքարեն իրենց երազանքի համար։

mariam nalbandyan

Իմ ու քո ազատության մասին

Հաստատ չեմ սխալվի, չէ՞, եթե ասեմ, որ դու յուրահատուկ բարձր ես գնահատում ազատությունը։ Դե, ոչ ոք էլ հաստատ իրեն ստրկության չէր վաճառի, բայց դու մի քիչ բոլորից շատ ու յուրահատուկ ձևով ես գնահատում ազատությունը։ Ես, օրինակ, մորս պատմելով, նորածին ժամանակներս բարուրից միշտ դուրս էի գալիս, մինչև օրս կիպ շորեր, նույնիսկ՝ ջինսեր չեմ կարողանում հագնել, որովհետև սահմանափակում են ազատությունս, քնելիս էլ, նույնիսկ ամենացուրտ ձմռանը, չեմ կարողանում հաստ վերմակ գցել վրաս, որովհետև ծանր է, չեմ կարողանում շարժվել ու ինձ անազատ եմ զգում։

Հետո, երբ մի քիչ մեծացա, տեսա որ նույն իմ ազգանունը ունեցող մի մարդ ինչ-որ սիրուն տողեր է գրել ազատության մասին։ Ավելի ուրախացա, ու ինձ ավելի ազատ զգացի։ Ինձ թվաց՝ էս աշխարհում ոչ ոքի համար էլ ազատությունը այնքան կարևոր չէ, ինչքան իմ։ Հետո էլի մեծացա, ու ավելի շատ մարդկանց հանդիպեցի։ Իսկ հիմա գիտեմ, որ յուրաքանչյուրն էլ իրեն ահավոր ազատ է համարում, իր չափ ազատ չկա, որովհետև ցանկացած մեկի հետ այդ թեման բացես՝ պատրաստ կլինի աչքերդ հանել՝ բացատրելով, որ դու սխալ ես հասկանում ազատությունը, այ ազատությունը, էդ իր ազատությունն է։ Հիմա արդեն գիտեմ, որ իմ՝ ազատությունը սիրելու մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա, բոլորն են էդպիսին։ Ես դա գոնե հասկացել եմ։

Դու բոլորին գոռում էիր, որ քեզնից ավելի ազատը չկա, որ քեզ համար քո ազատությունից ավելի կարևոր բան չկա, իսկ հիմա դու քեզ արդեն լրիվ ազատ չես համարում, որովհետև ընդամենը ձեռք ես բերել ընկերուհի։ Ասում ես՝ եթե ինչ-որ մեկի նկատմամբ զգացմունքներ ունես, արդեն լրիվ ազատ չես։

Դու քեզ ազատ ես համարում, որովհետև չես ամաչում փնթիության աստիճանի կարճ հագնել, ինչ-որ անկապ, անդուր սանրվածք անել ու քննարկել անձնական՝ խիստ անձնական թեմաները հանրության առաջ։

Ասե՞մ, թե ես ինչու եմ ինձ ազատ համարում։ Ազատ եմ համարում, որովհետև ես դրա վրա թքած ունեմ։ Լիքը բաներ այս կյանքում ինձ պարզապես մեկ են։ Նախորդ թվարկածս էլ։ Ինձ համար միևնույնն է, ինչ են քննարկում մարդիկ, ով ում ինչպես է վերաբերվում, մեր ամենօրյա ամենակարևոր նորությունների մեջ հայտնված ինֆորմացիայի ուղիղ 50 տոկոսը ինձ համար միևնույնն է։

Ինձ համար մեկ է, երկրի վարչապետը ում հետ հանդիպեց, ինչ արեց, որովհետև ես, քաղաքականությունից բան չհասկացող մարդ, ինձ պարտավոր չեմ զգում այժմ հետաքրքրվելու դրանով, որովհետև մի տարի առաջ ինչ-որ ցույցերի եմ մասնակցել։ Ես ինձ ազատ եմ համարում քաղաքականությունը չներառելու իմ հետաքրքրությունների մեջ, ու անտարբեր լինելու հիմա քաղաքական ամեն ինչի նկատմամբ։ Ու դա բացարձակ կապ չունի մի տարի առաջվա դեպքերի հետ։ Ես ինձ համարում եմ ազատ, որովհետև ճանաչածս մարդկանց մեծ մասի նման էդ դեպքերից հետո չեմ սկսել հետաքրքրվել դրանով։

Ես ինձ ազատ եմ համարում, որովհետև շանս ունեմ սպորտով զբաղվելու։

Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է իսկական ազատությունը ինձ համար, ու աշխարհում էլի հազարավոր մարդկանց, սկսեք սպորտով զբաղվել։ Զգացումը, որ դու անում ես դա, քեզ էնպիսի ուժ է տալիս, որ թվում է՝ քեզ էլ չեն կանգնեցնի։ Ոչ ոք այս աշխարհում էլ չի կարող կանգնեցնել քեզ։ Ոչ ոք չի կարող ազդել քո վրա, հունից հանել քեզ։ Որովհետև ամենալավ հանգստացնող միջոցն էլ է սպորտը։ Վազում ես, ու թվում է՝ եթե ուզես, հիմա ոտքով օվկիանոսի վրայով Կանադա կհասնես։ Ես, ընդհանրապես, սպորտից շատ հեռու մարդ էի, մի քանի ամիս առաջ եմ սկսել՝ կյանքում առաջին անգամ։ Իսկ հիմա կախվածության պես մի բան է, որովհետև փոքր սրահում, որտեղ հավաքվում են մի խումբ իրար հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, ու իրար հետ ինչ-որ հավես վարժություններ են անում, մեռնում են ամենաչար մտքերը։ Ամենաչար բնավորությունները, ամենանյարդային ու անհանգիստ մտքերը։ Լավ տանջվելուց հետո եմ ինձ ազատ զգում, ոչ թե վերջին քննությունից դուրս գալուց։ Եվ ոչ էլ ավելի ազատ կզգամ, երբ համալսարանն ավարտեմ։ Որովհետև զոռով չեմ գնում։ Ու եթե խելքիս փչի՝ չեմ մտածի ու դուրս կգամ։ Ամենավերջին տարում, եթե միայն խելքիս փչի։

Իմ ազատությունը երբեք ոչ մի ընդհանուր բան չի ունենա քո ազատության հետ, ու դա չի նշանակում, որ մենք իրար հետ ընդհանուր բան չունենք։ Իմ ազատությունը ոչ մի ընդհանուր բան չունի մյուս 7 միլիարդ ազատությունների հետ, բայց ես կհարգեմ դրանք բոլորը։ Որովհետև կարևոր է, որ իմ ազատության սահմանները չհատվեն քո ազատության սահմանների հետ։ Իսկ էդպես չի լինի, եթե բոլորս մեր ազատությունը ունենանք մեր գլխում։

Դեղինից դեղինն Աշտարակում

Հունիսի 2-ին Աշտարակի ավագ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ 100 մետր երկարությամբ դեղինից դեղին Color Transition Wall-ի բացման պաշտոնական արարողությունը: Ժամանակակից քաղաքային արվեստով պատը գեղեցկացնելը աշտարակցի երիտասարդ Արման Ստեփանյանի մտահաղացումն է:

5 տարի առաջ, երբ Արմանը դեռ ուսանող էր, միտք առաջացավ ավելի գրավիչ դարձնել պարիսպը:

-Նորայր Սիսակյանի դպրոցի ճակատային հատվածում, որը բաժանում է դպրոցը բնակելի շենքեր տանող ճանապարհից, 100 մետր երկարությամբ պարիսպ կա,- ասում է Արմանը,- արահետով անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, բայց ճանապարհը լքված ու անմխիթար տեսք ուներ: Մտածեցի ինչ-որ կերպ բարելավել տարածքի վիճակը:

2016 թվականին Արմանը գույնզգույն խցաններից Գևորգ Չաուշի դիմանկարն էր պատրաստել պատի վրա՝ հենց այն հատվածում, որտեղ վերջանում էր բնակելի շենքեր տանող արահետը: Իսկ ահա այս տարի Արմանը կարողացավ իրականություն դարձնել նաև այս գաղափարը՝ շնորհիվ Աշտարակի քաղաքապետարանի և Awesome Foundation Yerevan-ի:

Նախագիծը տվյալ տարածքի 3 կարևոր խնդիրներ է լուծում:

1-ինը` սոցիալական խնդիր, քանի որ տարածքում բացակայում էր լուսավորությունը, և մեծ դժվարություններ էր առաջացնում գիշերային ժամերին տեղաշարժվելիս:

2-րդը՝ բնապահպանական խնդիր, քանի որ տարածքը բավականին աղտոտված էր:

3-րդը՝ գեղագիտական խնդիր, քանի որ պատը մոխրագույն էր և լքված պարիսպ էր հիշեցնում:

-Եթե այս 3 խնդիրները, համապատասխանաբար, կարմիր, կապույտ և դեղին գույներով տեղադրենք սկավառակի վրա և այն պտտենք, կստանանք գույների բոլոր երանգները, ինչը և իմ նախագծի լուծումն է,- ասում է Արմանը:

modern art5

100 մետր երկարությամբ և 2 մետր բարձրությամբ բետոնե պատը ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում ներկվել է դեղինից դեղին գունային անցումով, որն առաջին անգամ կիրառվել է դիզայնի առաջին դպրոցում՝ Բաուհաուսում (Գերմանիա):

Այնուհետև պատը լուսավորելու համար օգտագործվել է 100 լուսադիոդ՝ պատի ամբողջ երկայնքով, որոնք եռակցել է Արմանի հայրը:

Բնապահպանական խնդիրը լուծելու համար էլ հավաքվեցին շենքի բնակիչները, փոքրիկ կամավորները, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի անդամները, ովքեր տարածքը մաքրեցին խոտից, մետաղի ու պլաստիկի թափոններից:

Հիմա երեկոյան երեխաները բաց տարածքում տարբեր խաղեր են խաղում, իսկ մարդիկ հաճույքով են գնում-գալիս արահետով: Տարածքն էլ հրաշալի վայր է լուսանկարվելու համար, ու եթե ֆեյսբուքյան ու ինստագրամյան պրոֆիլների սիրուն նկարներ են պետք, եկեք Աշտարակ, գտեք ձեր սիրելի գույնն ու նկարվեք:

arxiv

Եղբայր ունենալու և չունենալու մասին

 Եղբայրս

Երեկ փոքր եղբորս երկու հատ կոնֆետ տվեցի։ Եղբայրս կոնֆետ շատ է սիրում, բայց չկերավ։ Նա դեռ կարգին խոսել չգիտի և մի կերպ հասկացրեց, թե էլ կոնֆետ չունե՞մ։ Ես ասացի՝ չէ։ Եղբայրս կոնֆետն արդեն բացել էր։ Տխուր-տխուր նայեց կոնֆետին, տվեց քրոջս։ Մյուս կոնֆետն էլ բացեց ու տվեց մայրիկիս։ Հետո լուռ նստեց մի անկյունում։ Ես շատ ամաչեցի։ Ձեռքս մտցրի գրպանս ու էլի երկու կոնֆետ հանեցի։ Եղբայրս մեկը տվեց ինձ, բայց ես չվերցրի, ասացի, որ երկուսն էլ ինքն ուտի։

Դավիթ Մարտիրոսյան, 9 տ․

 

Ինչո՞ւ եմ ես կռվում

Քանի որ ես չունեմ քույր կամ եղբայր, կռվում եմ ինքս ինձ հետ։ Օրինակ, ինձ մի համով, քաղցր բան են նվիրում, և ես մտածում եմ․ եթե ասեմ մայրիկին, թե ուզո՞ւմ է ինքն էլ ուտել, կարող է համաձայնել, և ինձ քիչ կմնա։ Բայց մյուս կողմից՝ անհարմար է չասել։ Ոչ ես, ոչ մայրիկը բան չենք ուզում։ Նաև այսպիսի բան էլ է լինում։ Ուսուցչուհին չի եկել։ Բոլորը փախչում են, ես էլ եմ փախչում, բայց հետո մտածում եմ․ բա որ մեկը վաղը ուսուցչուհուն պատմի, որ փախել ենք, բոլորին «2» է շարելու։ Եվ սկսում են կռվել իմ մեջ ապրող երկու մարդիկ՝ փախնե՞մ-չփախնե՞մ, փախնե՞մ-չփախնե՞մ։ Մի խոսքով, Կիկոսի պատմությունն է։

Կոնստանտին Բեգիջանյան, 4-րդ դասարան

anush davtyan

Կսպասեմ քեզ, Բոբ

Անցած ամիս էր, որ հայտարարեցի.

-Ես երջանիկ եմ։ Ունեմ երկու հատ կակտուս ու շուն։ Ես երջանիկ եմ։

Շոգերից չէ, բայց փախնում էի Քյավառ, որ շանս տեսնեմ։

Հիշում եմ վերջին իրիկունը, որ տեսա։ Գրկած բերել էի տուն, դրել էի գիրկս ու սիրում էի։ Պապին եկավ, գրկիցս առավ ու սկսեց փորը մերսել։ Բոբը նվնվում էր, բայց զգում էինք, որ չէր ուզում պապին կանգ առնի։

-Ի՞նչ ա, շո՜ւնս,- պապին առաջին անգամ ասաց «շունս» Բոբին, ու մի պահ ինքն էլ զարմացավ ու քաշվեց իր ասածից, բայց հետո դուրն եկավ, նորից ասաց։

Տատին կողքի բազմոցին էր, բարեկամի ուղարկած նկարներն էր նայում։ Թեմայից դուրս բան ասեմ։ Տատիս տեխնիկայի հետ շատ լավ է, հա. մենակով միկրոալիքային վառարանն էլ կմիացնի, սերիալն էլ կդնի, երեխու նկարներն էլ կնայի։

-Արի երեխո՛ւն նայի։

-Ես ստեղ իմ երեխուն եմ նայում,- ու էլի փորը մերսում էր պապին։

Մի 5 րոպեից Բոբը ակտիվացավ, պապիկի վրայով ման էր գալիս, լպստում էր ձեռքերը։ Ահավոր շատ էի ուզում գիրկս վերցնեմ, սիրեմ։ Բայց ավելի հաճելի էր նայել, թե ոնց է պապին խաղում հետը։

Առաջին օրը, որ տեսա Բոբին, փոշու ու ներկի մեջ կորած էր։ Լողացրի, չորացրի, դարձել էր սև փրչոտ գունդ։ Ավելի փափուկ իրեն չեմ հիշում, քան էդ պահին էր։ Բոբն ուներ ուղիղ երեք օր՝ ինձ համոզելու, որ ինքն իմ տեսած ամենահիմար շունն էր։

Էն շունը, որ փոսն ընկավ, տեսավ՝ չի կարողանում դուրս գալ, սկսեց ուղղակի պտտվել փոսի մեջ։ Կողքը կանգնած մոտիվացնում էի, դուրս էի կանչում, մի կերպ քաշեց հանեց իրեն։ Ու երկու րոպե հետո փոսի բերանին կանգնած ներքև էր նայում։ Հաջորդ վայրկյանին արդեն փոսի մեջ էր։

Բոբը երկու ճանապարհ ուներ այգի մտնելու, երկուսին էլ քաջածանոթ էր։ Մեկը՝ յասամանի ծառերի կողքով էր, որտեղով մենք էինք մտնում սովորաբար, մյուսը՝ գետի կողմից էր, էդտեղով պապան էր գնում, երբ գործ էր անում։ Բայց Բոբը վարդերի թփի մեջ մտավ, խրվեց ու մնաց փշերի մեջ, մինչև հանեցի։

Բոբը էն քիչ շներից էր, որ վերջը բռնեց իր պոչը, բայց էդ իրեն բան չասաց։ Բռնում թողնում էր անընդհատ, հետո գլորվում էր կողքի, ու նորից նույնը։ Հիշում եմ, որ պոչի հետ երկար խաղալուց հետո գալիս, պառկում էր ոտքերիս կողքը, ես էլ ընտրյալ էի ինձ զգում, մտածում էի, որ ինձ իր տիրոջ պես է ընդունում արդեն։

Բոբը գնդակով խաղալ չգիտեր։ Չէ, լուրջ, ոչ թե չէր սիրում, այլ չգիտեր։ Նայում էր գնդակին, գնդակը նայում էր Բոբին, ու ոչ մի բան։ Մենակ թե մի անգամ մեջքի վրա փռված էր, մատներս էր փորձում կծել, ես էլ գնդակը բերանը դրեցի։ Երևի էդ պահին հասկացավ, որ գնդակը առհասարակ կարելի է բերանը դնել ու խաղալ։ Բայց դրանից հետո էլ երբեք մոտիկ չգնաց գնդակին։

Գիտե՞ք՝ ինչի Բոբ։ Որովհետև Թաթիկն ու Կրեմիկը բավականաչափ առնական չթվացին մնացածին, իսկ Բոբը գինով կուտվեր։ Հետո Բոբ անունը շատ հավես է երկարացվում։ Սենց ասում ես Բո՜բ, ու «ո» տառը ձգելու ժամանակից կախված զգացվում է՝ էդ ջղային ասած էր, թե՝ ոնց։

Մի անգամ էի շատ ուժեղ վախեցել Բոբի համար, երբ տիզ էի գտել մաշկին կպած։ Էդ ինչ ահավոր էր։ Ճմռթված ու անհասկանալի ինչ-որ մարմնագույն պարկ կպած էր շանս վզից ու արյունն էր խմում։ Տզից համ զզվում էի, համ վախենում։ Տարա պապիկի մոտ, մտածեց կեղտ էր ուղղակի, բայց որ ձեռք չտվեցի ու էդ «ուղղակի կեղտը» ոտքերը չբացեց։ Սարսափ։ Ես Բոբին էի բռնել, պապին՝ դանակը։ Դրեց մաշկին ու քերելով պոկեց։ Գետնի վրա արդեն դրա հարցերը լուծեցինք։ Բոբի հեչ պետքն էլ չէր, երկու րոպե հանգիստ էր մնացել, հիմա էներգիա էր կուտակվել մեջը, սկսեց վազել էլի։

Շատ հիմարն էր Բոբս, բայց իմ երազանքների շունն էր։ Որ իմացա՝ էլ չկա, հարմար պահ չեղավ, որ լացեմ իր հետևից, իսկ Բոբի հետևից արժեր լացել։ Ու եթե Собачья жизнь-ի գոնե կեսը ճիշտ է, Բոբս հետ կգա մի ուրիշ շան տեսքով։ Ու պապին էլի կխղճա, կվերցնի, գրկած կնստի ու կասի` շունս։

Հ.Գ. Բոբի հիշատակին։ Կսպասեմ քո վերադարձին։