Մայիսի 18-ը Հայաստանում և աշխարհի մոտ 150 երկրներում նշվում էր թանգարանների միջազգային օր: Այն հռչակվել է թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին:
Առաջին հայացքից կարելի է ասել՝ սա մի տոն է, երբ թանգարանները անվճար են, ու կարելի է այցելել ու ժամանակ անցկացնել, անգամ չորոշելով՝ որն արժե գնալ կամ, առհասարակ, մեզ ինչ է տալիս թանգարան գնալը:
Սակայն թանգարան գնալը, թանգարան մտնելը և թանգարանի ցուցադրությունները յուրացնելը էսթետիկ հաճույք են, ինչպես նաև թատրոնը, որտեղ հազվադեպ ենք լինում․ ժամանա՞կն է քիչ, թե՞ հետաքրքրությունը:
Երեկ թանգարանների միջազգային օրն էր, հասցրի լինել միայն Հայաստանի պատմության թանգարանում, որը հիմնադրվել է 1919 թ.-ին, իսկ այցելուների համար բացվել է 1921 թ.-ի օգոստոսի 20-ին: Ինչո՞ւ լինել հենց հենց այս թանգարանում։ Առաջին՝ այն գտնվում է Հանրապետության հրապարակում, որի կողքով բազմիցս անցած կլինեք, և որ ամենակարևորն է, այնտեղ ներկայացված են մեր ազգի պատմությունը, մշակույթը, ցուցադրված են մեր երկրի տարբեր տարածաշրջանների տարազներ, զարդեր, կարևոր անձանց որոշ անձնական իրեր։ Շատ հետաքրքիր էր Անի քաղաքի և նրանում գտնվող եկեղեցիների մանրակերտը, որտեղ ներկայացված էին քաղաքի եկեղեցիները և պարիսպները, որոնք կառուցվել են տարբեր արքաների կողմից։ Հետաքրքիր էր տեսնել արքաների հատած դրամները, նրանց զենքերը, տարբեր ժամանակներում կիրառված սրերը, նիզակները, վահանները։ Կարծես պատմության միջով անցնես, ու ամեն անգամ մի բաժին մտնելիս՝ նոր մի զգացողություն է համակում քեզ։ Հաճելին այն է, որ այլազգիները նույնպես սիրով ու հետաքրքրությամբ էին նայում ցուցադրվող յուրաքանչյուր դետալի:
Իհարկե, այսքանը շատ քիչ է, որ պատկերացնեք այն հաճույքը, որը տալիս է այդ թանգարանը (անգամ վիքիպեդիան այդ հարցում չի օգնի): Եվ սա միայն մեկն է այն թանգարաններից, որ կան մեզ մոտ:
Կարևորն այն է, որ թանգարան մտնելիս հասկանանք՝ ուր ենք եկել և ինչ ենք ուզում տանել այստեղից:


Այսօր էլ ուզում եմ խոսել ինձ պատահած ամենահիշարժան դեպքերից մեկի՝ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի կողմից անցկացվող բանավեճերի ճամբարի մասին: Երեք օր, հա, կարճ ժամանակ էր, բայց ես այնքան շատ հիշողություններ ունեմ, որ եթե սկսեմ բոլորը պատմել, քեզ կթվա, թե երեք շաբաթ եմ էնտեղ եղել: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ուզում ես ժամանակը հետ տալ: Լավ, չխոսեմ իմ էմոցիաների մասին, այլ սկզբից ասեմ, թե ինչ բանավեճերի մասին է խոսքը:
Վեդու գրադարանում կատարվեց ուսումնասիրություն, որի արդյունքում գրադարանի նախկին արխիվային տարածքը որոշվեց հանձնել Վեդու երիտասարդներին՝ ոչ ստանդարտ սրճարան կառուցելու նպատակով: Վեդու համայնքապետ Վ. Բարսեղյանը պատրաստակամություն հայտնեց երիտասարդներին օգնել թե՛ շինարարական աշխատանքներում, և թե՛ մնացած բոլոր այն աշխատանքներում, որտեղ կարիք կլինի: Վ. Բարսեղյանը հորդորեց երիտասարդներին ավելի ակտիվ լինել, մասնակցել ՏԻՄ քննարկումներին, բարձրաձայնել ու քննարկել ցանկացած թեմա համայնքապետարանի հետ:


