valentina chilingaryn

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Վալենտինա Չիլինգարյան

17-ը փայտե տնակ է, որտեղ՝ մի վառարանի շուրջ հավաքված են ամենասիրառատ ու ամենաջերմ մարդիկ։ Էն օրը, երբ նյութս կայքում է դրվում, էդ օրը միշտ տոն ա։ Ամեն անգամ նույն երեխայական խանդավառությամբ ու թաքուն ցնծությամբ եմ դիմավորում նոր բալիկիս՝ նյութիս որպես բազմազավակ մայր։ Շատ տարօրինակ սիրով եմ կապված բոլոր նյութերիս հետ, ու երբ ինչ որ մեկը հարցնում է, թե ո՞րն է իմ ամենասիրելի նյութը, վարանում եմ պատասխանել, որովհետև դա նույնն է, երբ ասում են` երեխաներիցդ ու՞մ ես ամենաշատը սիրում։ Դե, իհարկե՝ բոլորին։ 17-ը էն միակ հարթակն է, որ զբաղված թե չզբաղված լինելիս, միշտ կապը չի կտրվում։ 17-ը միշտ օգնում է արտահայտել զգացմունքներս ու մտքերս, բողոքել ամեն ինչից, երևակայորեն ստեղծել ինչ որ մեկի, ֆիքսել ամենատարօինակ խոսակցություններն ու պահերը, գրել, աճել, զարգանալ։ Գրելը միշտ օգնում է հանգստանալ, կտրվել առօրյայից, լուծումներ փնտրել, մտովի մոռանալ բոլորի մասին կամ բոլորին գրողի ծոցը ուղարկել։

Թեկուզ անցնի 17 տարի, մեկ է՝ էլի թռվռալով գալու եմ, ու հերթով էդ բոլորից (որոնց նախորդ պարբերությունում գրողի ծոցն էի ուղարկել) հարցնեմ. «Իսկ նոր նյութս կարդացե՞լ եք»։

2 տարի առաջ էր, երբ փայլուն աչքերով տրանսպորտի մեջ տեսա առաջին նյութս։ Վեհաբար կարդում էի բոլորի մոտ, լսում շնորհավորանքներ, խրախուսական խոսքեր, խորհուրդներ։ Ա՜յ մարդ, էդ ոնց էի վեհացել, հասնել չէր լինում: 17-ը ամրապնդեց էն ձգտումս, որ պետք է կրթությունս շարունակեմ մեդիա ոլորտում։ Ես իմ նյութերի օրը 2 անգամ ավելի շատ եմ սիրում ընկերներիս, որովհետև էդ օրերին միշտ բարի են լինում ու մեծ ոգևորությամբ սպասում են նոր քննարկումների։ Ա՜յ, օրինակ Ռաֆոն։ Ինձ թվում է, եթե ես տանջվեմ, գիշեր ու զօր քրտնաջան աշխատեմ, աշխարհի ամենաթույն նյութերը գրեմ, մեկ է՝ ինքը միշտ կասի․ «Լավն էր նյութդ, բայց դե էն լուսնին չի հասնի, արա էն ի՜նչ լավն էր քո լուսինը»։ Մկոն ամեն նյութի ժամանակ ասում ա․ «Էնպես կուզեմ քեզ տեսնեմ որպես մեր Հանրային լրատվականի հաղորդավար, տեսնես էդ ժամանակ էլ լուրջ չես կարո՞ղ լինել»։ Դե Արթուրին գիտեք, անհավես սատկում է։ Էն ու՞ր, կարդալն ու՞ր։ Ի դեպ, բացահայտել եմ, որ սկսել է տառապել ցունդոկուով (հիվանդություն, ըստ որի մարդիկ գնում են գրքեր, շարում են դրանք իրար վրա և չեն կարդում ոչ մեկը): Իսկ Լիանան միշտ ինձնից առաջ կիսվում է նյութովս ֆեյսբուքի իր էջում։ Ես միշտ ուրախանում եմ, որ ծանոթներս, ընկերներս, բարեկամներս հիշում են նյութերս, ու երբեմն խոսքի մեջ կիրառում են ինձ` հիշեցնելով երեխաներիս մասին։ Ու ի վերջո, 17-ի միջոցով ես առաջին անգամ ստեղծեցի իմ սիրուն՝ Ջորջին, ում հետ մինչև կյանքի վերջը կապրեմ երջանիկ։ Ես հպարտանում եմ, որ 17-ի տաքուկ տան փոքրիկ բնակիչներից եմ, ու եթե 17-ը ուտելիք լիներ, այն կլիներ մեծ խոզի շաուրմա՝ ամեն ինչով ու կծուն շատ, իսկ եթե լիներ ըմպելիք, կլիներ թարմ բույրով տաք առավոտյան սուրճ։ Դժվարանում եմ հատուկ համեմատություններ փնտրել, որ արտահայտեմ սերս 17-ի նկատմամբ, ուղղակի պետք է ասել, ես ապրում ու մեծանում եմ 17-ում։ Ու էստեղ Ձախ Հարութի ՝ «Էլ չենք լինի 5 տարեկան, ա՜խ դեռ երեկ, տարիներն ուր անցան, փնտրում եմ քեզ հիմա իմ առաջին նյութի քնքշանք, լա՜, լա՜, լա՜…» երգը։

nelli khachatryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Նելլի Խաչատրյան

Հեչ եղե՞լ է, որ մտածեք` ի՞նչ կլիներ, եթե օրինակ մի 5 տարի առաջվա դուք թերթեիք օրինակ, այժմյան ձեր ֆեյսբուքյան էջը։ Եթե հասկանում եք, որ հաճելիորեն կզարմանար ձեր հին ես-ը , էդ պիտի որ լավ նշան լինի։

Կներեք, բայց պաթոսն է մեջս արթնանում։ Իմ 5 տարի առաջվա ես-ը էջս թերթելուց քիչ չի որ կզարմանար, մի հատ էլ երազանքների իրականացմանը կհավատար։ 5 տարի առաջվա ես 17.am-ից ավագ սերնդի`  «Խաբարբզիկի» էջերն էի թերթում, թաքուն ուզում հայտնվել դասընթացների ժամանակ արված լուսանկարներում, միջոցառումների մասնակցել, ուզում էի նյութս  հայտնվեր ամսագրում, նկարածս լուսանկարներն էլ` շապիկին։ Չեմ ասում էն մարդկանց մասին, որոնց չէի տեսել, բայց նյութերն անգիր էի արել, իրենց արդեն «լավ» ճանաչում էի ու նույնիսկ սոցկայքերում էի գտել։

Հիմա էդ մարդկանց մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մի քանի հոգու էդպես էլ չհանդիպեցի, բայց որ պատահաբար տեսնում եմ, ժպիտս չեմ կարողանում զսպել: Իհարկե, շատերին լավ էլ չեմ հիշում, բայց էդպես էլ չհանդիպած մարդկանցից Լորիկին ու Նորայրին եմ հիշում ու պատահաբար տեսնելուց մտածում. «Հա, հա, ես ձեզ գիտեմ։ Եթե չեմ սխալվում ու նյութերից ճիշտ եմ հիշում, Լաուրայի տատիկն էր իրեն Լորիկ ասում ու հետո էդպես էլ մնացել է»:

Ու ամեն ինչ էնպես դասավորվեց, որ դասընթացների մասնակցեցի, տպագրվեցի, նույնիսկ երկրից դուրս գնացի` Գերմանիա (էդ արդեն նախկին ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր), մենակ նկարածս լուսանկարը չհայտնվեց շապիկին, բայց չեմ դժգոհում, իմ լուսանկարը հայտնվեց։

5 տարի առաջվա ես գնում էի կայքի շնորհանդեսին ու արդեն մտածում «Խաբարբզիկից» բացի էստեղ էլ եմ ուզում տպագրվել։

Պաթոսը միջիցս չի գնում, պիտի ասեմ, որ կյանքիս լավագույն հիշողությունները 17֊ի, «Խաբարբզիկի» ու «Մանանայի» հետ է կապված։ Ուզում եմ էս ամենը մենակ ինձ հետ չլինի։ Ուզում եմ 17.am֊ը էնքան ապրի, ինչքան նախկին ինձ նման երազող պատանիները։ Իսկ էդ պատանիները էնքան էն լինելու, ինչքան ապրի 17.am֊ը։ Զգո՞ւմ եք… Շրջան ստացվեց: Բարեբախտաբար շրջանը սկիզբ ու վերջ չունի:

mariam tonoyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Տոնոյան

Հաջողակ թիվ է 17-ը։ Այն հաջողակ է իմ և 17.am-ի մնացած թղթակիցների համար։ Հիմա, երբ կարծես հասկանում եմ, թե ինչ կարևոր դեր ունի իմ կյանքում 17.am-ը (որն իհարկե պարզապես կայք չէ, որտեղ հրապարակվում են երիտասարդների ակնարկներն ու հոդվածները), մի պահ ափսոսում եմ, որ իմ ապրած 17 տարիներից դեռ միայն երկուսն եմ նվիրել այս կայքին թղթակցելուն։ Ինչո՞ւ։

Մի պահ պատկերացրեք: Դուք հետաքրքրված եք, անտարբեր չեք ձեր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, ունեք քննադատական, վերլուծական մտածողություն, սիրում եք ստեղծագործել, զգում եք, որ ձեր առաքելությունը ոչ միայն կյանքը ապրելը, տեսնելն ու հասկանալն է, այլ նաև այն բարելավելը, ինչ-որ բան դեպի լավը շարժելը, այդ գործում շատերին ներգրավելն է՝ արածի, տեսածի մասին բարձրաձայնելով։ Ու հանկարծ ձեր կյանքում կախարդանքի պես մի բան է կատարվում: Ձեր մտքով անցած բոլոր պլանների համար պարարտ հող է առաջարկվում, որ ծաղկեցնեք, բազմացնեք, իրագործեք ու տարածեք ձեր մտահղացումները։ Դուք ամեն քայլափոխի սովորում եք մի նոր բան, ամեն սովորածը կիրառում եք գործնականում: Դուք ուզեք, թե չուզեք, դառնում եք ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ, աստիճանաբար ձեր կարծիքի հետ մարդիկ հաշվի են նստում, և ի վերջո դուք հասնում եք ձեր ուզած փոփոխությանը։ 

Մեկ այլ անբացատրելի զգացում է, երբ ձեր գրած հոդվածներին, ակնարկներին, առհասարակ ձեր մտքերին արձագանքում են ընթերցողները։ Ոմանք օգտակար քննադատությամբ են հանդես գալիս, ոմանք համաձայնում են ձեր կարծիքի հետ, ոմանք էլ ձեր իսկ տողերը բացատրում են ավելի խորությամբ, ավելի հետաքրքիր ենթատեքստով, քան դուք էիք գրելիս փորձել փոխանցել։ Գրելով դուք հասկանում եք ձեզ, գիտակցում, թե ինչ է ձեր ուզածը, ձեր մտածելակերպի եզրերն ընդլայնվում են, իսկ արտահայտվելու կոմպլեքսները՝ աստիճանաբար վերանում։

Դուք ունեք հնարավորություն կարդալու ձեր հասակակիցների նյութերը, մեդիա ճամբարների ժամանակ հանդիպել Հայաստանի բոլոր մարզերից շա՜տ խելացի մարդկանց հետ։ Գուցե անհավատալի թվա, բայց իրո՜ք, 17.am-ի թղթակիցները Հայաստանի ամենախելացի, ամենանպատակասլաց, ամենաբազմակողմանի զարգացած երիտասարդներն են, որոնցից միշտ կարելի է մի նոր բան սովորել, միշտ հպարտանալ նրանց ցանկացած ձեռքբերմամբ, և ինչն ամենահաճախ ուրախացնում է ինձ՝ հանդիպել 17-ի այն թղթակիցներին, որոնց միայն լուսանկարով եք տեսել, բայց լավ ծանոթ եք նրանց հոդվածներին ու արդեն մի ներքին կապվածություն եք զգում դեպի նրանք։ Փորձը ցույց է տվել, որ դա ամուր ընկերության սկիզբն է։

Բացելով 17.am կայքը, դուք տեսնում եք ֆոտոշարքեր, հոդվածներ, ֆիլմեր, թվում է, թե սովորական կայք է, ոչնչով այլ կայքերից չտարբերվող, բայց այդ ամենից անդին, կայքի վարագույրից այն կողմ 17.am-ը, «Մանանա» կենտրոնը իր անձնակազմով, իր թղթակիցներով մի մե՜ծ ընտանիք է։

Պատկերացրեցի՞ք։ Հաճելի է, չէ՞։ Իսկ այսօր մեր 17.am-ը 5 տարեկան է։ Շնորհավորանքներս բոլորիս։

anush davtyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անուշ Դավթյան

Մեր համալսարանում էինք, Հենրի Կյունիի անվան դահլիճում նստած՝ ուշադիր նայում էի Լիլիթի կես սպիտակ, կես սև մազերին, շատ էր դուրս գալիս։ Մեկ-մեկ հայացքս թեքում էի տիկին Ռուզանի վրա, որ ուշադրությունս տեղում պահեմ, լավ լսեմ՝ ինչ է ասում։ Ուզում էի բոլոր ասածները հիշեմ, որ մի օր էլ ես դիմեմ։

Տիկին Ռուզանն ասում էր, որ չսպասեմ նոր workshop-ի, ուղղակի դիմեմ, նյութ ուղարկեմ, ու եթե ստացվի, միանամ 17-ին։ Մենակ ինչ-որ բան անելու մտքից սարսափում էի։ Դրա համար մի քանի ամիս սպասեցի workshop-ին։

Վերջապես եկավ էդ օրը։ 2017 թիվն էր, որ միացա 17-ին, ու հենց նոր էս տողը գրելուց հասկացա 17-17 պահը։ Բայց որ հետ եմ նայում, միշտ ինքս ինձ ասում եմ՝ անցած ամառ եմ միացել։ Էդ անցած ամառը 2 տարի առաջ էր, բայց երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի մտածում, որ չեմ մերվում ընդհանուր մասսայի հետ, որովհետև բոլորը մի լավ բան անում էին (հետաքրքիր նյութեր գրում, սիրուն ֆոտոներ անում, ֆիլմերի մտքեր հղացնում), իսկ ես ուղղակի եկել նստել էի։ Ինչ հաճելի էր սխալվելը, ու ինչ հաճելի էր 17-ին միանալը։

Իմ 17-ը էն տեղն է, ուր ես պատմում եմ այն ամենը, ինչի մասին մտածում եմ, ինչն ինձ հուզում է, ինչից ուղղակի ուզում եմ խոսել, բայց զրուցակից չունեմ։

Իմ 17-ն էն տեղն է, որը ինձ սովորեցրել է հետևել մտքերիս, որովհետև ոնց պարզվեց, մաման կարդում է նյութերս՝ անկախ էն հանգամանքից՝ տարածել եմ դրանք իմ էջում, թե՝ չէ։

Իմ 17-ը էն տեղն է, որի մասին հպարտորեն նշում եմ ինքնակենսագրականիս մեջ, որովհետև սրանից ավելի լավ փորձ չէր կարող լինել էս տարիքում հարցազրույց վարելու, միտք ձևավորելու համար։

Իմ 17-ը էն տեղն է, որն ինձ տվել է անթիվ ծանոթներ ու ընկերներ ամբողջ Հայաստանով, ում «սթորիներից» իմանում եմ եղանակը բոլոր մարզերում և ում հետ ազատ ճանապարհորդում եմ դեպի նոր երկրներ։

Ես սիրում եմ իմ 17-ը, հուսամ, որ ինքն էլ՝ ինձ։

anahit baghshetsyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անահիտ Բաղշեցյան

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հիմա գտնվում եմ տասնվեցերորդ ժամային գոտում`  17-ից մի հազար ժամային գոտի, մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ: Բայց ինչպես ասում են` անկեղծ սերը հեռավորությանը կարող է դիմակայել: Ու իրոք… Ես էս սերը զգացել եմ 17-ում առաջին նյութս հրապարակվելու ու 17 ոտք դնելու պահից սկսած, զգում եմ արդեն մեկ տարի ու 8 օր առանց մեկ վայրկյան ընդհատման: 

Եթե մտածում եք, թե 17-ը պատանի թղթակիցների հարթակ է, կշտապեմ հիասթափեցնել:  17-ը առաջին հերթին ընտանիք է ու ամուր տանիքով տուն: Ընտանիք, որտեղ հավաքվել են տարբեր հետաքրքրություններ, նախասիրություններ ու տարբեր ճակատագրեր ունեցող մարդիկ: Բայց այդ բոլոր տարբերություններով հանդերձ, նրանք բոլորն ունեն մի ընդհանուր գիծ` hենց ինքը` 17-ը: Էստեղ դու տարվա ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի կարող ես քեզ զգալ տանը, նույնիսկ եթե նստած ես Սայաթ-Նովա փողոցի կեղտոտ նստարանին: Կարող ես քեզ զգալ Հայաստանի գյուղերից մեկում, երբ ավտոբուսի մեջ նստած անթարթ հեռախոսի էկրանին նայելիս լինես: 17-ը մի մեծ աշխարհ է, որ տեղավորվել է Երևանի հին փողոցներից մեկում ու իրար կապել Հայաստանի բոլոր հավես պատանիներին:

17-ը իմ կյանքում առաջին հերթին հեղաշրջում է, որ ստիպել է ինձ դառնալ ավելի համարձակ, ավելի անկաշկանդ, ու ինչու չէ, ավելի ստեղծարար: Հեղաշրջում, որ ամուր թելերով ինձ կապել է տարբեր մարդկանց ու ու երևի թե չի էլ պատրաստվում կտրել դրանք երբևէ:

17-ը սիրո ու նորարարության հարթակ է, պատրաստ քեզ հուզելու, գրավելու ու զարմացնելու նույնիսկ մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ…

aneta baghdasaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անետա Բաղդասարյան

«Ես Անետան եմ, մի ն-ով, մի տ-ով»։ Հենց այս բառերով երկու տարի առաջ ես դարձա քո թղթակիցը։ Երբ համալսարանական կյանքիս առաջին օրը լսարանում լսում էի «էն լրագրող աղջկան», ով, իր մասին պատմելիս, նշեց, որ «Մանանա» կենտրոնում քո խմբագիրն է, պատկերացում անգամ չունեի, որ ինձ համար անծանոթ այդ բառակապակցությունը 10 ամիս հետո կդառնա կյանքիս մի մասը։ Հայերենով գրելուց բավականին հեռու լինելով, որոշեցի ուժերս փորձել և ուղարկեցի իմ առաջին «Ինչն է ինձ հուզում» նյութը մեդիա դասընթացներին մասնակցելու համար։ Ու հիմա վստահությամբ կարող եմ ասել, որ դա իմ կայացրած սակավ ճիշտ որոշումներից մեկն էր։

Մինչ այդ մեդիայի հետ միայն ոչ անմիջական կապ ունենալով այժմ ինքս եմ մեդիա ստեղծում։ Չէ, ես ոչ այդ ոլորտում տաղանդավոր էի, ոչ էլ փորձառու, երբ սկսեցի նյութեր ու հարցազրույցներ գրել։ «Մանանա» կենտրոնում ես սովորեցի լրագրող լինել, սովորեցի հարցազրույց վարելու կանոններն ու մանրուքները, իմացա, թե ինչպես է պետք ֆոտո անել, ֆոտոռեպորտաժ անել, որ մի ամբողջ պատմություն կարողանամ պատկերել միայն ֆոտոներով։ Ու երբ մի օր առաջին նյութս հայտնվեց քո մոտ, հասկացա, որ սա այն է, ինչը երբեք չեմ թողնի։ Քեզ  հետ ես աճեցի որպես անհատականություն ու սովորեցի չամաչել սեփական մտքերից, սովորեցի դրանք արտահայտել ու կիսվել դրանցով։Հիմա էլ, երբ մի բանի պակաս եմ զգում, երբ չգիտեմ, ինչից եմ նեղված, բացում եմ քեզ ու կարդում նյութերը, որոնք ժամանակին հուզել են ինձ, նայում եմ «Հայաստանի լույսն ու մութը» ֆիլմը, որից աչքերս արցունքոտվում են ամեն անգամ։

Ուրախ եմ, որ դու կաս, որ քո շնորհիվ ամեն անգամ բացահայտում եմ նոր երիտասարդների, իրենց խենթություններով, արկածներով, մտորումներով ու հույզերով, որ կարողանում եմ բոլորի հետ կիսել մտահոգություններն ու լիաթոք ծիծաղել հիմարությունների վրա։ Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից ընկերացա քեզ հետ, որ ինձ դարձիր քո մի մասը, ու դու էլ դարձար իմ մասնիկը։

Ծնունդդ շնորհավոր, ընկե՛րս։ Շնորհավոր, իմ 17.am:

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Շուշան Վահանյան

Մինչև կանցնեմ բուն նյութին, նախ ուզում եմ շնորհավորել մեզ՝ 17-ցիներիս, քանի որ մեր մտքերի փոքրիկ անկյունը արդեն հինգ տարեկան է: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ «Մանանայի» թիմին, որ մեզ՝ պատանիներիս և երիտասարդներիս համար ստեղծեց մի մեծ հարթակ ազատ խոսելու և արտահայտվելու տարբեր թեմաների մասին: Նրանք ստեղծեցին մի մեծ ու համերաշխ ընտանիք:

Երբ առաջին նյութս հրապարակվեց կայքում, ուրախությանս չափ չկար: Առաջինին հաջորդեցին մյուս նյութերը, և այդպես մի քանի ամիս շարունակ: Հետո ես պասիվացա, համալսարանը, դասերը, քննությունները, հետո արդեն այս ամենին զուգահեռ սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ: Ի դեպ, ես աշխատում եմ դպրոցում՝ աշխարհագրության ուսուցչուհի, և հաճախ է առիթ լինում աշակերտներիս պատմելու 17-ի մասին: Այս ամենի հետ ես շարունակում էի կարդալ կայքում հրապարակված բոլոր նյութերը, բայց ես չէի հասցնում ոչինչ գրել:

Ահա այսօր այդ օրն է, պատահական չեմ որոշել այսօր գրել: Մեր 17-ցի երեխեքից շատերն ինձ հիշեցրին, թե ինչ օր է ապրիլի 30-ը: Պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունից անցել է արդեն երկու տարի: Շատերը այս նախադասությունը կարդալուց ոչինչ միգուցե չհիշեն, անգամ չիմանան էլ, բայց այ, եթե 17-ցիները կարդան, ի՜նչ երջանիկ հուշեր կարթնանան նրանց մոտ, չեք էլ պատկերացնի:

Երբ ինձ «Մանանայից» զանգահարեցին և ասացին, որ Շիրակի Բանդիվան գյուղից գամ Երևան, քանի որ 100 մրցանակակիրների մեջ կամ նաև ես, ուրախությունից վազում էի մեր տան մի ծայրից մյուսը: Ես այդ ժամանակ դեռ 17 տարեկան էի:

Դժվարությամբ, բայց Բանդիվանից հասա Երևան, մոտ 2.5 ժամ, և մենք արդեն Երևանում էինք, Կամերային տան դահլիճում:

Նախ հայտարարվեց հատուկ անվանակարգերում հաղթած երիտասարդների անունները: Ի՜նչ գեղեցիկ ու հիանալի լուսանկարներ էին, նյութեր ու վավերագրական ֆիլմեր: Իսկապես արժանիներն էին հաղթել:

800 թղթակիցներից մրցանակներ ստացան 100-ը: Նրանց մեջ էինք ես և Մարիամը՝ Բանդիվանից: Մարիամն իմ մանկության և երկար ճանապարհների ընկերն է:

Գիտեք, մեծ հպարտություն է երբ մեծ ու գեղեցիկ դահլիճում, երբ շատ մարդիկ են հավաքված, մեկ էլ բեմից կարդում են նաև քո անունը, անհնար է նկարագրել այդ պահի իմ զգացողությունները:

Անցել է արդեն երկու տարի, բայց այդ պահերը ինձ մոտ դեռ թարմ են, երբ հիշում եմ` ժպտում եմ ու մի քիչ էլ հուզվում:

Հավատացեք, 17-ը մեր կյանքի փոքրիկ լույսերից է: «Մանանա» կենտրոնը մեզ տվել է ամենակարևորը՝ երջանիկ և հիշարժան պահեր:

17-ցիները ինձ հետ համաձայն կլինեն. 17-ը մեր մտքերի տաքուկ և ապահով անկյունն է:

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սերյոժա Առաքելյան

Արդեն 3 տարի է, ինչ համագործակցում եմ 17-ի հետ: 3 տարի է, ինչ զբաղվում եմ նյութ գրելով, ֆոտոներ անելով և թղթակցի վկայականը ներկայացնելով հարցազրույցներ վերցնում ինձ անծանոթ մարդկանցից: Նյութ գրել, ֆոտո անել, ֆիլմերի սցենար գրել մի շատ լավ կայքի` 17.am-ի համար ու նրա անունից:_MG_3924 Կայք, որը ինձ ճանապարհ ցույց տվեց, տարավ առաջ, տվեց նոր շրջապատ և ճանաչելի դարձրեց: Այս ամենի համար ես շնորհակալ եմ կայքին, կայքի հիմնադիրներին և այն ողջ անձնակազմին, ովքեր մինչև հիմա կան և գրում են կայքին: DSC_0184

Այնքան շատ են մաղթանքներս, որ չգիտեմ` որտեղից սկսել, որտեղ ավարտել: Կայքը 5 տարեկան է դարձել, բայց ինձ համար կարծես թե այնքան հին է, որ մտածում եմ անգամ ծնողներս են գրանցել ինձ այստեղ մինչ իմ ծնվելը:

Ծնունդդ շնորհավոր 17: Այն, ինչ ինձ տվել ես, ինձ հետ կլինի միշտ` ազատ խոսելու և գրելու, անկրկնելի պահը տեսնելու ու կանգնեցնելու, ինքնաարտահայտվելու և առանց լարվելու ճիշտը պնդելու հնարավորությունը:

sona mkhitaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սոնա Մխիթարյան

Առաջնահերթ նշեմ ամենամեծ ձեռքբերումս, որին հասել եմ 17-ի շնորհիվ, դա իմ համարձակ լինելն է ազատ արտահայտվելու մեջ: Ես կարող եմ գրել ամենատխուր թեմաներից, որոնք կարող են կապված լինել շրջապատի, ապրելավայրի, նույնիսկ ընտանիքի հետ: Կարող եմ գրել այնպիսի թեմաներից, որ ընթերցողը ինձ ասի` բա չե՞ս վախենում: 

17-ը, իսկապես, շրջադարձային եղավ իմ կյանքում` 16 տարեկանից սկսած: Հնարավոր է քաղաքում ապրողների համար ինչ-որ միջոցառումներին բեյջեր կախելը սովորական բան է, բայց էդ շրջանում,  երբ մասնակցում էի որքշոփի, ինձ էնքան էր պարտավորեցնում էդ բեյջը, որի մեջ իմ անունն էր, որն ուղղակի անունս հիշելու համար էր, ես ուզում էի միշտ կրեի, որ ինձ մեծ զգայի, կամ դա մեծ լինելու հետ հնարավոր է կապված էլ չի:

Երբ իմացա, որ ընտրվել եմ որպես մեդիա ճամբարի մասնակից, բառիս ուղիղ իմաստով 7-րդ երկնքում էի: «Մամ, ինձ ճամպրուկ ա պետք, մամ նոր բաներ պիտի առնենք, մամ էս բլուզը տանե՞մ, թե՞ էն կանաչը»:

«Մանանա», դու չես պատկերացնի, թե դու ինձ ոնց ես մոտիվացրել ամբողջ կյանքի համար, թե ինչքան էնտուզիազմ ես ներարկել ինձ:

Դու ինձ տվել ես լիքը ընկերներ Հայաստանի ամբողջ տարածքից, էնպիսիններին ես տվել, որ մենք երբեք չենք հանդիպել, բայց վիրտուալ հարթակում շփվելով բավականին մտերիմ ենք:

Դու ինձ տվել ես ճանաչում. «Վայ, մեր 17-ի Սոնան ա»:

Դու ինձ տվել ես կրեատիվ մտածողություն, զարգացած լինելու մակարդակ, 16 տարեկանից ուղի ես հարթել ու ձեռքս բռնած օգնել ես ինքնակերտման ճանապարհին:

Դու ինձ դարձրել ես քոնը, իսկ ես քեզ դարձրել` իմը, մերը:

Մեր 17, շնորհավոր բոլորիս 5 տարին:

ella mnacakanyan yerevan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Էլլա Մնացականյան

Այսօր պարզեցի, որ իմ 17-ն արդեն ուղիղ 5 տարեկան է դառնում: Պարզեցի լրիվ պատահաբար… Դե՜, այնպես, ինչպես այս երկուշաբթի հանկարծ պարզեցի, որ ժամանակն անտանելի արագ է ընթանում, ու որ քննաշրջանի սկզբին ուղիղ 2 շաբաթ է մնացել: Ժամանակն անտանելի արագ է ընթանում նաև 17-ի հետ ու 17-ի «կողքին», որտեղ գտնվում եմ արդեն 2 տարի: Ես 17-ի «կողքին» եմ հայտնվել 2 տարի առաջ՝ մայիսին, երբ նա արդեն 3 տարեկան էր, ու 17-ը դարձել է իմ կյանքում հարազատ ու սիրելի՝ այն ընկերների նման, որոնք հարազատ չեն մեզ արյամբ, բայց մեր կյանք են գալիս մեր գիտակցական ինչ-որ տարիքում, մեր ապրած ինչ-որ տարիներից հետո ու, հարազատանալով, մնում այնտեղ հավերժ: 17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…