Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հիմա գտնվում եմ տասնվեցերորդ ժամային գոտում` 17-ից մի հազար ժամային գոտի, մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ: Բայց ինչպես ասում են` անկեղծ սերը հեռավորությանը կարող է դիմակայել: Ու իրոք… Ես էս սերը զգացել եմ 17-ում առաջին նյութս հրապարակվելու ու 17 ոտք դնելու պահից սկսած, զգում եմ արդեն մեկ տարի ու 8 օր առանց մեկ վայրկյան ընդհատման: 
Եթե մտածում եք, թե 17-ը պատանի թղթակիցների հարթակ է, կշտապեմ հիասթափեցնել: 17-ը առաջին հերթին ընտանիք է ու ամուր տանիքով տուն: Ընտանիք, որտեղ հավաքվել են տարբեր հետաքրքրություններ, նախասիրություններ ու տարբեր ճակատագրեր ունեցող մարդիկ: Բայց այդ բոլոր տարբերություններով հանդերձ, նրանք բոլորն ունեն մի ընդհանուր գիծ` hենց ինքը` 17-ը: Էստեղ դու տարվա ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի կարող ես քեզ զգալ տանը, նույնիսկ եթե նստած ես Սայաթ-Նովա փողոցի կեղտոտ նստարանին: Կարող ես քեզ զգալ Հայաստանի գյուղերից մեկում, երբ ավտոբուսի մեջ նստած անթարթ հեռախոսի էկրանին նայելիս լինես: 17-ը մի մեծ աշխարհ է, որ տեղավորվել է Երևանի հին փողոցներից մեկում ու իրար կապել Հայաստանի բոլոր հավես պատանիներին:
17-ը իմ կյանքում առաջին հերթին հեղաշրջում է, որ ստիպել է ինձ դառնալ ավելի համարձակ, ավելի անկաշկանդ, ու ինչու չէ, ավելի ստեղծարար: Հեղաշրջում, որ ամուր թելերով ինձ կապել է տարբեր մարդկանց ու ու երևի թե չի էլ պատրաստվում կտրել դրանք երբևէ:
17-ը սիրո ու նորարարության հարթակ է, պատրաստ քեզ հուզելու, գրավելու ու զարմացնելու նույնիսկ մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ…


Կայք, որը ինձ ճանապարհ ցույց տվեց, տարավ առաջ, տվեց նոր շրջապատ և ճանաչելի դարձրեց: Այս ամենի համար ես շնորհակալ եմ կայքին, կայքի հիմնադիրներին և այն ողջ անձնակազմին, ովքեր մինչև հիմա կան և գրում են կայքին: 

17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…


Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:

