Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով:

Հանդիպում Վայոց Ձորի մարզպետարանում
Հուլիսի 11-ին Վայոց Ձորի մարզպետարանում ես, որպես «Վարդաձոր» թերթի լրագրող, ներկա գտնվեցի Վայոց Ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ և շահագրգիռ անձինք:
Հանդիպման ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրին բազում հարցեր, որոնք անմիջական լուծումներ էին պահանջում: Հնչեցին առաջարկություններ, որոնք վերաբերում էին մարզային երթևեկության բարելավմանը, հիվանդանոցներում նոր կադրերի ավելացմանը, մարզական և մշակութային կազմակերպություններում մատուցվող ծառայությունների գները պատերին փակցնելուն, Վայոց Ձորում լրատվության դերի բարձրացմանը:
Մարզպետ Արագած Սաղաթելյանը պատասխանում էր հնչած բոլոր հարցերին և կարևորագույն շեշտը դնում էր կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
Նաև շեշտեց, որ ավագանու նիստերը պետք է ավելի հաճախ լինեն, և հասարակական կազմակերպությունների անդամները նույնպես պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան ավագանու նիստերին և ծանոթանան ՀՈԱԿ-ների՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների» ծախսերին:
Բարձրացվեցին նաև՝ մարզում ճամբարներ բացելու, հաճախակի միջոցառումներ կազմակերպելու, համայնքապետարանի բյուջեները ցուցատախտակներին փակցնելու և թեժ գիծ ունենալու հարցերը:
Թեժ գծի հեռախոսահամար ունենալը մարդկանց հնարավորություն կտա ցանկացած պահի ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Իսկ վերջում առաջարկ եղավ Վայոց Ձորի մարզպետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև «Գործունեության հուշագիր» կնքել, որպեսզի քննարկումներ կազմակերպվեն մարզի կենսագործունեության այլ խնդիրների վերաբերյալ նույնպես:
Մոտ ժամանակներս մարզպետ Արագած Սաղաթելյանը կունենա հանդիպումներ ավագանու անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Անժամանակ
Սա Արարատյան դաշտի առավոտների հետ ոչ մի կապ չունի։ Սա սովորական առավոտ է ու բոլորովին էլ լուսապայծառ չէ։
Այստեղ ծաղիկներն արդեն այրվել են, բայց այս անգամ հաստատ լուսապայծառ արևից։
Այստեղ ջրի առատությունը հակադարձ համեմատական է արևի ուժգնությանը, կամ, գուցե նոր սպասարկող ընկերության «բարեխիղճ» գործունեությանը։
Բայց այստեղ ամենակարևորը առավոտները չեն, ու ոչ էլ երեկոները։ Այստեղ օրերի հերթափոխն ընդհանրապես էական էլ չէ։
Այստեղ ավելի կարևոր է մեր` այդ ժամանակներից ու տարածությունից դուրս լինելը, կամ` դուրս մնալը։ Իսկ դա էլ` երբ քեզ համար ցանկացած ժամանակից ավելի անհրաժեշտ կամ գուցե ոչ անհրաժեշտ, բայց կարևոր մի բան կա։ Հոգ չէ, թե մի օր hետ կնայես ու աշխարհում դրանից անկարևոր բան եղած էլ չի լինի։
Հետո գալիս է դատարկությունը։ Ու դատարկությունը լցնել փորձում ես հնարավոր ամեն ինչով` գիրք, երգ, աշխատանք։ Միայն թե` ազատ ժամանակ չլինի։ Միայն թե` ազատ ժամանակներդ չծախես մարդկանց համար, ովքեր, հաստատ գիտես` ոչինչ չունեն քեզ համար, և դու էլ` նրանց։ Միայն թե` ժամանակդ չծախսես նրանց համար, ովքեր, իրականում ավելի կարևոր են, քան ցանկացած ժամանակ ու ցանկացած չափման միավոր, որ հաշվում է այդ ժամանակը։
Այստեղ` ժամանակներից ու տարածությունից դուրս մենք մտածելու ավելի շատ բաներ ունենք։
Բացում եմ աչքերս` ուղիղ մեկ ամիս ժամանակ ունեմ` վեր ամեն տեսակ ժամանակային կապանքներից։ Մեկ ամսում անգիր հիշում եմ միայն տասը օրեր, իրենց հատուկ ժամերով։ Այդ մեկ ամսում հասցնում եմ լինել Երկրում, բայց դրանից դուրս։ Լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում, բայց չհասկանալ` ինչ եղավ կամ ինչպես։ Ու ոչ էլ հետաքրքրվել` ինչու։ Զարմանալ կարելի է, չէ՞։ Բայց տարվա մեջ մի քանի անգամ թույլատրվում է, հատկապես, երբ ուսանող ես, հատկապես, երբ քեզ համար մեկ ամիս ժամանակ կա` աշխարհի կենտրոնում ու նրանից մի քանի լուսնային տարի հեռու լինելու համար։
Հետո սկսվում է ամառային զորակոչ կոչվածը։ Եվ դու հիշում ես, որ եթե մինչ այս այդ զորակոչը քեզ բաժանում էր քեզանից մի քանի տարի մեծ եղբայրներիցդ, հիմա ինքդ ես զորակոչային տարիքում։ Ոչինչ, որ աղջիկ ես։ Ոչինչ։ Որովհետև հիմա բանակ գնում են քո տարիքի տղաները, ու հիմա զգացողություններդ լրիվ ուրիշ են։ Որովհետև դասընկերներիդ երևի առաջին անգամ տեսնում ես արդեն կարճ, շատ կարճ մազերով, և մինչ երկու տարվա ամրությամբ գրկելն ու հրաժեշտը՝ ամբողջ երկու րոպե ունես` հասկանալու, որ մեծացել ես։ Որ քեզ հետ դասից փախչող, քեզ հետ տան ամենահամով պահածոները բերող ու «քեֆ անող» երեխեքը գնում են բանակ։ Ուրեմն` դու էլ ես մեծացել։ Կամ, գոնե ինչ-որ բան նույնը չի էլ։
Որ նույնը չի լինի։
Որ էդ պահին բանակի, զինվորի մասին հումորները նույնքան ծիծաղելի չեն, որ արդեն ամեն անգամ էդ բառի հետ իրենցից մեկի ձայնը դողում է, ու քոնն էլ։ Որ Նարեկն արդեն «Ես Եղնիկներ եմ գնալու»-ն նույն ձևով չի ասում, ու ընդհանրապես, շատ քիչ է ասում։
Ու, ընդհանրապես, շատ քիչ ենք խոսում։
Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 5

Լուսանկարը` Անուշ Դավթյանի
Նախաճաշից ու սանիտարական ժամից հետո երեխեքին բաժանեցինք ջոկատներով, որ դաս անենք։
«Մանանայում» սովորած խաղը, որ իրարից անկախ մի քանի բառ ենք վերցնում ու դրանցով փորձում ենք պատմություն գրել, ես փորձարկում էի երեխեքի վրա։ Հանձնարարեցի 10 րոպեում պատմվածք գրել, բայց էնպես, որ կարդամ, բան հասկանամ էդ գրածից։
Մի մասը լավ էլ կարողացան։ Ճամբարի տնօրենն էլ հավեսով կարդում էր գրածները։ Վերջում էլ ջոկատի լավագույններին կոնֆետ տվեցի որպես մրցանակ։
Ճաշից հետո գնացինք արշավ։ Էս անգամ ուրիշ սար արդեն։ Ճամբարի հետևով դուրս եկանք, երկար ճամփա գծելով գնացինք սար։ Էնքան էլ սիրուն ուղիղ գծով էինք գնացել, հպարտանում էինք մեզնով։
Մինչև գագաթ ճանապարհը շատ երկար չէր, բայց դժվար էր։ Էդ սարի մոտով գետ է հոսում, ու դրա համար կողքերը լրիվ ճահիճ է դարձել։ Իրար օգնելով, հրելով, քաշելով՝ մի կերպ հասանք սարի փեշերին։
Աստիճանաբար վերև էինք բարձրանում, տեղ-տեղ կանգնում էինք, որ շունչ քաշենք։ Երեխեքն էլ անդադար քաղում էին լիքը-լիքը ծաղիկներ, տալիս էին կամ ջոկատավարներին, կամ իրենց հավանած աղջիկներին։ Վերջում ծաղկեփունջս մի կեպ էի պահում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի
Որ հասանք գագաթին, էդ ինչ սիրուն տեսարան բացվեց… Արփի լիճն էր։
Բացի սիրուն տեսարանից՝ բոլոր օպերատորների կապը մաքսիմալ լավ բռնում էր։ Էս ճամբարը Բերմուդյան եռանկյունու պես է լրիվ։ Ներսում մեկ կապ կա, մեկ չկա։ Եթե կա էլ, հատուկ կետերում. օրինակ՝ ճաշարանի անկյունում, տղաների սենյակի վերջին պատուհանի մոտ, ջոկատավարներից մեկի սենյակի դռան հետևից։
Սարի գլխին երեխեքին մի քիչ ազատություն տվեցի, զանգեցին տուն։ Ջոկատիցս մեկը մոտեցավ, ասում է՝ ընկե՛ր Անուշ, մամաս ուզում է խոսի Ձեզ հետ։ Վերցրի հեռախոսը։ Մաման ասում էր, որ իրա աղջկան նկարեմ, հետո վայբերով նկարները ուղարկեմ իրեն։ Թե բա՝ հուշ ա, թող մնա։
Հետդարձի ճանապարհին ջոկատիցս մի տղա ու մի աղջիկ իրար ձեռք բռնած էին գնում։ Մաքուր օդը մտերմացնում է մարդկանց։ Ու իրենց պատմությունը ընդամենը մի փոքր մաս է էս սիրային տարբեր խաղերից, էս բրազիլական սերիալից, որ կա ճամբարում։
Ամեն առավոտ տեղի «բիբիսիները» տեղեկացնում են, թե ինչ է կատարվել էդ գիշերվա ընթացքում։
Ամեն ցերեկ տեղի «բիբիսիները» պատմում են, թե ինչ նոր արկածներ են եղել պատանի սիրահարների կյանքերում։
Պարապ չենք մնում էստեղ։ Ուրախանում ենք երեխեքի պատմություններով։
Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 5

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի
Այսօր հինգշաբթի է, թերթիս օրը: Եթե լինեի Երևանում, առավոտյան կշտապեի կրպակ` այն գնելու, ու պատմվածքիս հետ աչքի պոչով կկարդայի նաև, թե ինչ են հուշում աստղերն իմ մասին զալցբուրգյան այս շաբաթվա համար, կկարդայի ու չէի հավատա:
Մեկ-մեկ թվում է, թե Երևան գալով` չեմ հավատալու նաև, որ եղել եմ այստեղ, որ քայլել եմ անվերջ Զալցախ գետի կողքով, անցել ամենագեղեցիկ կամուրջներով, տեսել Մոցարտի տունը, տեսել մարդկանց, ովքեր երջանիկ են և չգիտեն` ինչու:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Բայց քանի դեռ այստեղ եմ, հավատալը հեշտ է:
Այսօր դասընթացի հերթական օրն է, օր, որ սկսվեց առավոտյան որքշոփով` քարտեզագրության և վիզուալիզացիայի միջոցով ինֆորմացիա տալու և ստանալու թեմայով: Դասընթացավարը դարձյալ Մարտինն էր, ով, ի դեպ, երբեմն մեզնից հայերեն բառեր է հարցնում, փորձում դրանք ճիշտ արտասանել: Առհասարակ, մեզ ու մեր երկիրը այստեղ բոլորն էլ գիտեն, անգամ զարմանում են, երբ հարցնում ենք` ծանո՞թ եք արդյոք Հայաստանին:
Մարտինը մեզ ցույց տվեց քարտեզներ` տարբեր ժամանակների ու տարբեր երկրների, ապա ծանոթացրեց մի ծրագրի, որ կոչվում է Geocitizen: Սրա միջոցով հնարավոր է գտնել վիճակագրական բազմաթիվ տվյալներ:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Հետո մենք սկսեցինք աշխատել մեր հարցազրույցների վրա, որ վերցրել էինք նախորդ օրը ծրագրավորողներից մեկից, գրի առանք դրանք և միացրինք իրար: Մեր թիմում երեքս էինք` ես, Մարիամը և Սառան` Պորտուգալիայից: Այս աշխատանքները պետք է ստուգվեն մոտակա օրերս և հրապարակվեն Youth Press-ի կայքում:
Արդեն երեկոյան մենք գնացինք Hellbrunn կոչվող վայրը` Water game-ի: Սա մի չքնաղ այգի է` հին կառույցներով, որտեղ ամենաանսպասելի անկյուններից շատրվաններ են միանում ու ջրում քեզ, դե, եթե իհարկե, չես հասցնում փախչել, ինչպես մենք էինք անում:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի
Իսկ փախչել երբեմն պետք է անգամ ամենահարազատ Երևանից, որովհետև այստեղ` Զալցբուրգում, մեզ են սպասում ամենագունավոր շենքերը, գունավոր մարդիկ և գունավոր մի քանի օր ևս:

Դիլիջանյան բանավեճ
Արդեն երեք տարի է, ինչ դպրոցում մասնակցում եմ բանավեճի ակումբի, ու այս երեք տարիներին շատ խաղեր ենք ունեցել տարբեր համայնքների հետ, տարբեր թեմաներով։ Բանավեճ բառը լսելով շատերն այնպես են հասկանում, որ բանավեճը իսկապես վեճ է, բայց այն ընդհանրապես կապ չունի վեճ բառի հետ։ Բանավեճը 5 հոգանոց թիմ է, որտեղ ամեն խոսնակն իր դերն ունի։ Բանավեճը կազմված է փուլերից՝ կառուցողական ելույթ, անդրադարձ ելույթ, հարց ու պատասխանի փուլ, եզրափակիչ ելույթ։ Մենք հանձնարարված թեմայի շուրջ պատրաստվում ենք և՛ կողմ, և՛ դեմ դիրքորոշմամբ, որը անկեղծ ասած, լավ է, հնարավորություն է տալիս ուսումնասիրել տվյալ երևույթի դրական և բացասական կողմերը։ Հուլիսի 4-ից 6-ը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորությամբ, Դիլիջանում էին հավաքվել Լոռվա, Տավուշի, Շիրակի և Արմավիրի հավաքական թիմերը, ու այդ երեք օրերի ընթացքում բանավիճում էինք երեք թեմաներով։ Բանավեճից հետո շատ խորհուրդներ էին տալիս դատավորները, բացատրում էին՝ ինչպես կարող էինք անել, որ ավելի լավ լիներ, ու իրենց տված այդ խորհուրդները մենք կկիրառենք հաջորդ խաղերի ընթացքում։ Դիլիջանում կազմակերպված բանավեճերը ինձ տվեցին ինքնաբացահայտվելու ու ինքնաճանաչվելու հնարավորություն, ես իմ մեջ այլ մարդ գտա, որն անկեղծ ասած, ավելի լավն է, չհանձնվող, չկոտվող, չվախեցող։ Դե բնականաբար ճամբարը չանցավ միայն բանավեճի խաղերով, այն ինձ տվեց հասակակից ընկերներ՝ տարբեր մարզերից, տարբեր հետաքրքրություններով ու նախասիրություններով, նրանց հետ շփվելու և ընկերանալու հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրի հետ հետաքրքիր ու անմոռանալի հիշողություններ ունեմ։ Ուսուցիչների ու դատավորների համբերությունն ու հավասարակշռությունը, նրանցից օրինակ վերցնելն էլ մեծ ձեռքբերում էր ինձ, և ինչու ոչ, նաև մյուսների համար։ Մեր խաղացած «Այլ կերպ»-ը, «Մաֆիան» ու մյուս խաղերը, մեր «Ծաղկաձորն» ու այլ պարերը, մեր ամեն-ամեն արածը կմնա իմ հուշերի, իմ հիշողությունների և իմ սրտի մեջ։
Սիրեցի բոլորիդ շատ-շատ։ Այսպիսով, բերված փաստերն ու փաստարկները ցույց են տալիս, որ բանավեճը միայն խաղ չէ, բանավեճը նոր ընկերներ, նոր մտքեր ու ինքներս մեզ համար նոր «ես» բացահայտելու հնարավորություն տվող ակումբ է։
Ի դեպ, արդեն մեկ տարի է, ինչ ես թղթակցում եմ 17-ին… Երջանիկ եմ:
Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. Օր 4

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Այսօր սովորկանից շուտ արթնացանք, քանի որ ծրագրով նախատեսված էին մի քանի զեկույցներ տարբեր հետաքրքիր թեմաներով, որոնցից առաջինն էր՝ «European Youth Press»-ի անդամ Մարտին Մաշկայի պրեզենտացիան մեդիա գրագիտության և կեղծ լուրերի մասին: Մարտինը ներկայացրեց մեդիա գրագիտության կարևորությունը և լրագրողի, և ընթերցողի համար: Լրագրողը պետք է կարողանա ճիշտ կերպով փոխանցել ինֆորմացիան հոդվածի միջոցով, իսկ ընթերցողը իր հերթին պետք է գտնի և հասկանա այն թաքնված հաղորդագրությունը, որը փորձել է փոխանցել լրագրողը: Մեդիա գրագիտության լայն թեմայից հետո Մարտինը բարձրացրեց մեկ այլ` իմ կարծիքով կարևոր հարց` ինչպես բացահայտել կեղծ լուրերը, վիզուալ օրինակների վրա մեզ հետ քննարկեց նմանատիպ դեպքեր, որոնք ժամանակին հրատարակվել կամ ցուցադրվել են հեռուստացույցով: Նմանատիպ զեկույցները շատ հետաքրքիր և ուսուցողական են այն առումով, որ մենք ոչ միայն լսում ենք զեկուցողի պատրաստած խոսքը, այլև ինքներս այն վերլուծում և ուղղում ենք սխալները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Հաջորդ զեկույցը վերաբերում էր հարցազրույց վարելուն, որը մեզ ներկայացրեց նույն կազմակերպության մեկ այլ անդամ՝ Մարիել Ռաիսման: Զեկույցը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներ: Մարիելը բացատրեց հարցազրույցին պատրաստվելու գործընթացը, թեմայի ընտրությունը, հարցեր կազմելը և այլն: Այս ամենը իհարկե, մասնակիցների մեծամասնության համար նոր բան չէր, սակայն սրանք այն հիմնական կետերն են, որ պետք է իմանա յուրաքանչյուր լրագրող:
Մարիելի ուսուցողական զեկույցից ստացած գիտելիքների հիման վրա նախորդ օրը կազմավորված խմբերը պետք է այսօր սկսեին պատրաստվել ծրագրավորողներից հարցազրույց վերցնելուն: Ամեն մեկս որոշեցինք հարցերը, հերթականությունը, թեման և հետո, երբ եկան ծրագրավորողները, ամեն խումբ սկսեց իր հարցազրույցը: Գործընթացը բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք`լրագրողներս, կատարելագործեցինք մեր գործնական գիտելիքները, իսկ ծրագրավորողները ունեցան հնարավորություն՝ ընթերցողին տեղեկացնելու իրենց ստեղծած հավելվածների մասին:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Այս ամենը տևեց 45 րոպե, և աշխատանքն ավարտելուց հետո մեզ տարան «Salzburger nachrichten» («Զալցբուրգյան պատմություններ») թերթի տպարան: Սակայն մինչ տպարան գնալը մասնակիցների և ծրագրավորողների թիմերը հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել թերթի լրագրող Անգելիկա Վյեննեռոյթերին (Angelika Wiennerroither), պրոֆեսոր Պիտեր Բրուկին, Ուեյս Ջանին և Մարիել Ռաիսմային:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Հնչեցին տարաբնույթ հարցեր` սկսած կեղծ լուրերից և վերջացրած լրագրողների դերով ժամանակակից մեդիա ոլորտում: Անգելիկան իր անձնական օրինակով պատմեց, որ «Պատմություն գրելիս պետք է ինքդ քեզ հարց տաս` իսկ ի՞նչ է այն նշանակում ինձ համար»:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Իսկ Ուեյսը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, նշեց, որ իր հանդիպած «ամենալավ» կեղծ լուրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակահատվածում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի` բազմակնությունը պաշտոնապես թույլատրելու մասին սոցցանցերում տարածված լուրն էր:
Հարց ու պատասխանի ավարտից հետո գնացինք տպարան` տեսնելու հաջորդ օրվա թերթի տպագրության գործընթացը, որն սկսվում էր յուրաքանչյուր էջի համար բարակ թիթեղյա ձևանմուշ պատրաստելով, որը այնուհետև տեղադրվում էր տպող մեքենայի մեջ, որից հետո հազարավոր տպված թերթեր ուղարկվում էին երկրի տարբեր քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներ: Տեսանք նաև թերթի արխիվը, որտեղ պահպանված էր թերթի ստեղծման պահից տպագրված յուրաքանչյուր օրինակ, և անհավատալի էր կարդալ 1945 թվականի դեպքերը ներկայացնող հոդվածներն ու անհայտ կորածների անունները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի
Օրը լի էր հետաքրքիր զեկույցներով, հարց ու պատասխանով, միջմշակութային շփումով և իհարկե տեղական թերթի տպագրատանը անմոռանալի շրջայցով:
Դրախտիկ

Լուսանկարը` Եվա Խեչոյանի
Գյուղ գնալու նախօրյակին ներսումդ մի ինչ-որ անբացատրելի սպասում ու հուզմունք է արթնանում։ Երևի ենթագիտակցորեն կանխատեսում ես գյուղի կողմից էությանդ վրա ներգործվելիք փոփոխություններն ու անկախ քեզանից լցվում սպասումով։ Դրախտիկը միշտ նույնն է, իսկ զգացումներս էնտեղ ոտք դնելիս՝ ամեն անգամ տարբեր։

Լուսանկարը` Եվա Խեչոյանի
Երկարաժամկետ բացակայությունս գյուղի հանդեպ անտանելի կարոտ էր արթնացրել։ Երևի հենց էդ կարոտն էլ ստիպում էր ամեն փոքր ու անկարևոր մանրուքի հանդեպ նրբանկատ լինել։ Մեր Չեսին՝ էն պուճուր, նրբիկ, սև ու սպիտակ շունիկը, հիմա արդեն մեծացել ու կատարում է գյուղի տան պահակի դերը։

Լուսանկարը` Եվա Խեչոյանի
Մեղվափեթակները շատացել են, պապայի հոգսերն էլ հետը։ Էդ մի քանի նորություններն անտեսելով, կարելի է ասել, որ Դրախտիկը նույնն էր՝ նույն հին ու հարազատ Դրախտիկը, նույն դրախտիկյան հոտով ու համով։
Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 4

Լուսանկարը` Անուշ Դավթյանի
Երեխեքի առօրյան աշխատում ենք լցնել դասերով էլ։ Օրինակ՝ այսօր Վարդավառի մասին Աստվածաշնչից տեղեկություններ էր պատմում ջոկատավարներից մեկը՝ ընկեր Անին։
Քանի որ էս երեխեքը բոլորը եկեղեցու խմբակներ են գնում, իրենք ավելի լուրջ են մոտենում հավատքին ու աղոթքներին։
Մեր ճամբարի սարկավագն ասաց, որ մկրտվածները ամեն կիրակի կարող են ու պիտի եկեղեցի գնան՝ հաղորդություն ստանալու։
Ու քանի որ Վարդավառն էլ կիրակի օրն էր, մենք գնացինք ճամբարից մի 400 մետր հեռու մատուռը, որ 2000-ականներին էր կառուցվել։
Դրանից հետո երեխեքին հավաքեցինք ու գնացինք գյուղի մոտի հէկ-ը, որ մի 4կմ հեռու էր (տնօրենի ասելով շատ մոտիկ է, ուղղակի մենք սովոր չենք)։ Ճանապարհին ջոկատս խոստանում էր, որ ընկեր Անուշին ջրելու են։ Բայց հասանք տեղ, մոռացան ամեն ինչ, թռան գետը ու ոտից գլուխ ջուր դառան։ Ընկեր Անուշը չոր էր հետ վերադառնում, մինչև ջրի շշերը չհանեցին ու բոլոր կողմերից չջրեցին։
Ճամբարի բակում էլի մի լա՜վ ջրվեցին, հավեսները հանեցին։
Ճաշից հետո էլի «Պատմական լոտո» էինք խաղում։ Էս երեխեքը ահագին հետաքրքրասեր են, եթե ինֆորմացիան կարողանաս լավ մատուցել, ուշադրություն գրավել։ Կարգին ուրախացա, որ լոտոյից դուրս ասածներս հիշում էին, լատիներեն «veni, vidi, vici»-ն նույնիսկ հիշեցին։ (Մեր մեջ ասած՝ սովորեցրել եմ, որ էդպիսի օղի էլ կա):
Էս գնալ-գալով երկար օրվանից հետո քամվել էի։ Ասում եմ՝ երեխեք, թռանք քնելու, ասում են՝ վա՜յ, բա խաղալը։ Հարցրի՝ հոգնած չե՞ն, ասում են՝ չէ, ի՞նչ եք ասում։ Որտեղի՞ց սրանց այսքան էներգիա։ Էնքան շատ, որ գիշերը չեն քնում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի
Հա, բան պատմեմ, բայց մեր մեջ մնա։
Գնացի տղաների սենյակ, որ հանգստացնեմ։ Էնքան էին աղմուկ անում, որ մինչև իմ սենյակ հասնում էր։ Ես ու ընկեր Վիլենան մտանք սենյակ, խոսում ենք դրանց վրա, որ աղմուկ չանեն։ Մեկ էլ զգամ, որ տարօրինակ են ծիծաղում սրանք։ Ի՞նչ արած լինեն։
Երկու հոգով մտել էին մեկի տեղերի մեջ, մեկին վերմակի տակ էին պահել։ Էն էլ ի՞նչ վերմակ։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի
Ասում ենք՝ Հաբեթ, թռար տեղդ։ Ասում է՝ հանված եմ, ամաչում եմ։ Ի՞նչ կլինեք էդ պահին։
Մի 5 րոպեից էլի մտա սենյակ, էս անգամ լավ էր, ազդվեցին։ Հիմա մենակ սենյակիս աղջիկների նուրբ խռռոցի տակ եմ քնելու։
Անուշ երազներ, ընկե՛ր Անուշ։

Ոգեշնչման աղբյուրը՝ ուսուցիչ
Ուսուցչի մասնագիտությանը միշտ մի տեսակ եմ վերաբերել։ Այդպես էլ դժվարացել եմ հասկանալ՝ իրո՞ք այն այդքան բարդ է ձեռք բերելը, իրո՞ք այդքան գնահատելի է ու այդքան գովասանքի արժանի, որքան ասվում է միշտ։ Մանկուց մեր մեջ սերմանում են այն, թե ուսուցիչը վեհ ու բարձր արարած է, անկրկնելի ու մեծատառով մարդ, հարգանքի ու սիրո արժանի էակ։ Դեռ այն ժամանակվանից, երբ դպրոց ենք գնում, արդեն մեր մտքում ունենում ենք՝ ուսուցիչները ամենից խելացին են, ամենից հոգատարն ու ամենից ամենան։
Չէի ասի, թե այս նախատրամադրվածությամբ ապրելը ճիշտ է։ Նույնիսկ կխիզախեմ ասել՝ սխալ է։ «Ուսուցիչը» կոնկրետ սահմանում ունեցող տերմին չէ, ու ոչ էլ համընդհանուր հասկացություն, ուսուցիչը անհատ է, անհատականություն, և յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է սահմանում իրեն՝ որպես առանձին ու անկախ հասկացություն։
Ցավով պիտի ասեմ, որ վերջին շրջանում (որքանով ես եմ հասցրել նկատել) ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները ոչ այդքան բարի են, ջերմ, օրինակելի և սիրառատ։ Չգիտեմ՝ մեղքը ումն է։ Ասում են՝ նոր սերունդը հարգանք չի ճանաչում, մի կողմից էլ՝ հիմիկվա ուսուցիչները․․․
Այնուամենայնիվ, թաքուն հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ սովորելու տարիներին (երևում է, չէ՞, որ այս տարվանից ուսանող եմ դառնալու) ես հազվադեպ եմ հիասթափություն զգացել «ուսուցիչ» ամենակարող ու ամենաուժեղ տերմինից։ Չեմ թաքցնի, զգալու դեպքում շատ ուժեղ եմ զգացել, բայց հավատացեք, որ տասը տարվա դպրոցական կյանքս առանց այդ հիասթափությունների գուցե թերի թվար: Տխուր է, երբ միայն վատն ենք հիշում, այ, դրա համար էլ ուզում եմ այսօր կիսվել լավով, այն ամենալավով, որ հնարավոր էր ձեռք բերել տասը տարիների ընթացքում:
Ամենալավերի մասին խոսելիս իմ դեպքում թույլատրելի է նաև ստորակետի օգտագործումը, որովհետև իմ ամենալավերը մի քանիսն են, ու ես այնքա՜ն երջանիկ եմ դրա համար: Այսօր կպատմեմ իմ ամենալավերից մեկի մասին, և հույս ունեմ, որ կոգևորեմ ձեզ գոնե այն կեսի չափով, որով նա է ինձ ոգևորել:
-Միսս Թագուհի, դե ինձ լավ բաներ ասեք․․․
-Եթե կյանքը քեզ էսպես փորձություններ է տալիս, փորձիր դրանք պատվով հաղթահարել, ու թող քո ճանապարհին հանդիպած ամեն դժվարությունից կարողանաս պատվով դուրս գալ։
Այս շատ կարճ խոսակցությունը տեղի ունեցավ անցած ամռանը, երբ մենք ավարտում էինք TOEFL-ի վերապատրաստման մեր դասընթացը, ու ինձ թվում էր, որ դա կլիներ իմ ու միսս Թագուհու վերջին հանդիպումը, իսկ ես ուզում էի նրանից վերջին լավ խորհուրդը «կորզել»։
Երկու ամիս անց․․․
-Միսս Թագուհի, եկել եմ․․․
Հիմնական դպրոցս ավարտելուց հետո ես տեղափոխվեցի միջնակարգ դպրոց՝ հեռու քաղաքից, դժվար ու խորդուբորդ ճանապարհով, բայց ջերմ ու նույնիսկ շա՜տ ջերմ: Ու շատ ավելի ջերմ, որովհետև այնտեղ դասավանդում էր հենց միսս Թագուհին:
Քիչ երեխաներ, անսովոր միջավայր, բայց մեկ է՝ անբացատրելի երջանիկ Անահիտ, որովհետև կյանքում ոչ մի անգամ ու ոչ մի ժամանակ ես այդքան սրտատրոփ չեմ սպասել անգլերենի դասերիս, ինչքան սպասում էի այս վերջին տարում: Ես երջանիկ էի այն քառասունհինգ րոպեների համար, որոնց ընթացքում ուժեղանում էի: Այո, իմ անգլերենի դասերը եղել են «մարդաուժեղացման» արագ կուրսեր, որոնք ավելի քան արդյունավետ ու օգտակար գտնվեցին։
Մենք սկսեցինք աշխատել միասին։ Ասում են՝ ես միշտ աշխատասեր եմ եղել, այդ տեսանկյունից մեծ հաշվով նույնն եմ, բայց աշխատելուս ոճն ու ձևը փոխվեցին։
Ես աշխատում էի ամենանվիրական եռանդով՝ շաբաթական երկու քառասունհինգ րոպեի՝ երկու անգլերենի դասաժամի համար։
Ու գիտե՞ք՝ ինչն էր ինձ ավելի շատ ոգևորում: Ես զգում էի, որ միսս Թագուհին էլ է էդպիսին: Հա, արդեն կայացած, հասուն մարդ, բայց նա ինձ հետ հավասար աշխատում էր։ Շնորհիվ միսս Թագուհու ես հասկացա, որ իդեալական ուսուցիչը բնավ էլ նա չէ, ով ամեն ինչ գիտի, այլ նա, ով չիմացած բանը հենց աշակերտի ներկայությամբ կճշտի։ Ու քանի-քանի անգամ ենք դասերի ընթացքում միասին տարբեր բառերի արտասանություն, գործածություն սովորել: Միասին ենք սովորել, ու ես այնքան հպարտ եմ դրանով:
Միսս Թագուհու շնորհիվ ես սկսեցի ինքս իմ մեջ գնահատել այնպիսի բաներ, որոնք առաջ չէի էլ նկատում, կամ էլ նույնիսկ թերություն էի համարում: Հիշում եմ, երբ առաջին դասը սկսեցի ձեռքերով պատմել։ Մինչ այդ միշտ ասում էին՝ ձեռքերդ հանգիստ թող, ու ես դասը պատմելու ընթացքում ստիպված էի կառավարել անընդհատ շարժվել ցանկացող ձեռքերս։ Իսկ Միսս Թագուհին ասաց․
-Ան, բայց պատմելուդ մեջ ամենաշատը էն դուրս եկավ, որ ձեռքերդ ես օգտագործում: Դա փաստում է, որ նյութը բնազդաբար անգիր չես անում, այլ հասկանալով պատում ես ու բացատրում էնպես, ինչպես ինչ-որ մեկին ինչ-որ պատմություն կպատմեիր։ Անկեղծ մարդիկ են ձեռքերով խոսում։
Ու այդ օրվանից ես սիրում եմ իմ՝ խոսելու ընթացքում լեզվիցս առաջ ընկնող ձեռքերը:
Ես հպարտ եմ իմ վատ ձեռագրով, որովհետև միսս Թագուհին ասում է, որ վատ է նրանց ձեռագիրը, որոնց միտքը գրչից առաջ է ընկնում։ Իրենն էլ է էդպես։
-Ամեն պարագայում դու ճարտար լեզու ունես, համոզիչ ու գեղեցիկ խոսք, դու շատ սիրուն ես գրում, Ան,- մի առիթով ասաց միսս Թագուհին, ու ես այդ ժամանակվանից սկսեցի ավելի հաճույքով ու սիրով գրել։
-Էլի ֆիզիկա՞, նորից ֆիզիկա՞, միսս Թագուհի, ինչո՞ւ․․․
Մենք անգլերենով սովորում էինք ֆիզիկայի, կենսաբանության, աստղագիտության, փիլիսոփայության, պատմության, պարի, գրականության ու էդպես լիքը «ություններին» առնչվող դասեր։ Ու մի անգամ միսս Թագուհին ասաց, որ ինձ հետ է ֆիզիկա սովորել։
Դուք՝ ֆիզիկա, իսկ ես՝ այնքան արժեքներ եմ սովորել ձեզնից։ Մենք միասին փորձեցինք դարձնել ինձ less emotional, չգիտեմ՝ ստացվում է, չի ստացվում, դժվար էլ ստացվի, մի տեսակ անհնար է թվում, բայց ես սիրում եմ իմ այն էմոցիաները, որոնք իմ ու Ձեր երկար զրույցների հիմնական թեմաներն էին։ Ես սիրում եմ TOEFL-ի այն հաստ գիրքը, մեր մութ դասարանը, իմ ու Ձեր՝ երեխաների դասից բացակայելու պատճառով մենակ անցկացրած դասերը, շորերիցս կպած վառարանի հոտը ու Ձեր՝ Ան, հեսա մատյանը լրացնեմ, սկսենք-ը։ Ես սիրում եմ իմ՝ Ձեզ երբեմն սեղանին ուժասպառ քնած դիմավորելը ու Ձեր՝«Վեր կաց, զինվո՜ր» արթնացնող կոչը։ Ես սիրում եմ՝ «Ան, մի նոր ծրագիր կա» արտահայտությունը, որից ես զգաստանում էի, հավաքվում ու կենտրոնանում։ Սիրում եմ այն, որ ինձ ճիշտ ուղղություն տվեցիք այն ժամանակ, երբ ես կարող էի ձեռքիցս բաց թողնել կյանքիս ամենամեծ հնարավորությունը։ Անբացատրելի սիրում եմ այն, որ Դուք միշտ available էիք, պատրաստ՝ պատասխանելու իմ ցանկացած տեսակի հարցի։ Այն, որ մենք միասին էինք հագուստ ընտրում իմ քննությունների համար։ Ու այն, որ Դուք հպարտ էիք ինձնով․․․
Ու երբ իմ կյանքի կարևորագույն քննությունից առաջ ասացի՝ միսս Թագուհի, դե մի բան մաղթեք, գնում եմ, Դուք պատասխանեցիք․
-Ես ուզում եմ, որ դու դրսևորես քեզ էնպիսին, ինչպիսին դու իսկապես կաս։ Որ ժպտաս քո լայն ժպիտով ու լինես այ այնքան անկեղծ, որքան դասերի ընթացքում ձեռքերով խոսելիս։ Ուզում եմ՝ բավականություն ստանաս ու վայելես օրը։
Ու այդ ժամանակ ես սիրեցի իմ միջի անկեղծությունը, որից շատ անգամ հիասթափվում էի։
Հիմա, միսս Թագուհի, ես գնում եմ՝ Ձեզ թողնելով իմ անկեղծությունը, իմ լայն ժպիտն ու իմ մարդ տեսակը։ Այն մարդ տեսակը, որի ձևավորման մեջ Դուք անասելի մեծ ներդրում ունեք։
Ես սիրում եմ Ձեզ, իմ ոգեշնչման աղբյուր, իմ թանկ Ուսուցչուհի: