hovik vanyan dsex

Չլինեին երգերի անցումների պահերը, բացի վերջինից

-Հով, արի գրկեմ, որ «տռոլիկն» արդեն գնա:

Երկու վայրկյան էլ ուշանայինք, իրոք, «տռոլիկը» գնացած կլիներ, ու նորից 10 րոպե կսպասեինք (չնայած լավ կլիներ. մի անգամ էլ կգրկեր ինձ մինչև գնալը): Դե, քանի որ ես էլ տրոլեյբուս չեմ սիրում, որովհետև շատ դանդաղ է գնում, պետք է ավտոբուսով տուն հասնեի: Մեկ էլ, երթուղային էլ չեմ սիրում, որովհետև հասակս 1.82 է (պատկերացրեցիք արդեն):

19:32 էր: Որոշեցի հաշվել, թե ինչքան ժամանակից տուն կհասնեմ, ու մինչև հասնելս ինձ պետք էր ականջակալներով երգ լսել, հիանալ Երևանի անկյուններով ու հիշել նրան, հիշել ու կարոտել:

Փաստորեն ավտոբուսը շատ լիքն էր, ու ես էլ մոռացել էի, որ մենակ չեմ, բարձր-բարձր երգում էի. “Dancing in the dark, with you between my arms… “

Արդեն 19:54 էր, ու լսում էի «փլեյլիսթիս» 7-րդ երգը: Երբ երգը վերջանում էր, ու պետք է հաջորդն սկսվեր, այդ ընթացքում լսվում էին մարդկանց խոսակցություններից հատվածներ, և ես մտածում էի մարդիկ ինչպես կարող ենք այդքան դատարկ բաներից խոսել: Մտածում էի՝ չլինեին երգից երգ անցնելու պահերը (դեռ չգիտեի վերջինի մասին), որ ես շարունակեի հիշել, կարոտել, զգալ ու երազել:

Ստացվեց, որ 43 րոպեում հասա տուն ու լսեցի 15 երգ, ու 15 անցումի պահ եղավ:

Էս անգամ մի կանգառ շուտ չիջա, այլ 17 կանգառ հետևեցի կյանքին, որն ընդհանրապես նման չէր անցած անգամ մի կանգառ շուտ իջած կյանքին: Էս անգամ կային էդ անտանելի անցումների պահերը (բացի վերջինից), որոնք փոխում էին կյանքի հանդեպ իմ պատկերացումները:

Բայց վերջապես վերջին անցումի պահն էր, որի ժամանակ հասկացա, որ պետք է ուղղակի հավատալ ու երազել, անտեսելով վատն ու անիմաստը:

Օգտակար ու համեղ չիչխան

Լուսանկարը` Անգելինա Մանուկյանի

Լուսանկարը` Անգելինա Մանուկյանի

Շատերին թվում է, թե Մարտունիում հողագործական աշխատանքները ավարտվում են կարտոֆիլը քանդելուց հետո: Սակայն կան շատ բույսեր, որոնք աշնան ցրտերին էլ ու ձմռան նախօրեին էլ օգտագործվում ու մշակվում  են:

Այսօր կցանկանայի խոսել չիչխանի և դրա վերամշակման գործընթացի մասին`տնային տնտեսուհի տիկին Սեդայի հետ:

-Ինչպիսի՞ հատապտուղ է չիչխանը, տիկին Սեդա:

-Չիչխանը շատ համեղ ու առողջարար սնունդ է, հազար ու մի հիվանդություններ է բուժում: Բնությունից տրված պարգև է, որը պահպանման կարիք ունի:

-Ո՞ւմ հետ և որտեղի՞ց եք բերում չիչխան:

-Տղայիս հետ մեքենայով գնում ենք անտառ, կտրում ճյուղեր, բարձում մեքենան ու բերում:

-Վերամշակման գործընթացում, որ փուլն է առավել բարդ ու հոգնեցուցիչ:

-Ամենադժվար գործը մաքրելն է, փշերի միջից այդ մանր հատիկները անվնաս հանելը շատ դժվար է`ժամանակատար: Հատիկները առանձնացնելուց հետո այն լվանում ենք, իսկ հետո հյութաքամիչով առանձնացնում:

-Ի՞նչ զանգված է առաջանում  հյութը հանելուց հետո:

-Առանձնանում է կեղևը ու կորիզները և արդեն խմելու համար օգտագործվող հյութը:

-Իսկ կեղևը ու կորիզները ի՞նչ եք անում:

-Սկզբից դրանք փռում ենք արևի տակ ու թողնում, որ չորանա, իսկ հետո էլ աղում ենք լրիվ իրար  ու ալյուրի նման զանգված դարձնում, վրան մի փոքր ձեթ ենք լցնում ու թողնում 2 ամիս մնա: Այսպես առաջանում է չիչխանի ձեթը, որը շատ օգտակար է: Ձեթի գեղեցիկ գույն տալու համար այդ գազարագույն կեղևը չենք հանում: Ամեն դեպքում ես այդպես ավելի շատ եմ հավանում:

-Ինչքա՞ն ձեթ է գոյանում այդ զանգվածից:

-Դե այդքան էլ շատ չէ, բայց հո լավն է ու շատ օգտակար:

-Իսկ հյութը ինչպե՞ս եք պատրաստում:

-Հյութի պատրաստման համար նախ չիչխանը հյութաքմիչով մի քանի անգամ անցկացնում ենք, որից հետո արդեն առաջանում է վաճառելու համար պիտանի զանգվածը: Գնորդները տանում են և ըստ ճաշակի արդեն շաքարավազով և ջրով բացում ու օգտագործում որպես հյութ, անգամ կարելի է չիչխանից մուրաբա պատրաստել, շատ համեղ է լավաշի ու կարագի հետ:

-Իսկ չիչխանը պահպանման ժամկետ ունի՞:

-Եթե միայն չիչխանն է, առանց որևէ հավելումների շատ երկար կարող ենք պահել: Շատերը օգտագործում են առանց շաքարավազի՝ ճնշումը կարգավորելու համար: Անգամ կարելի է սովորական հատիկները ուտել, երբ ճնշման հետ կապված խնդիրներ կան:

Եթե ուզում եք լինել առողջ, ապա մի մոռացեք բնության այս հրաշքի մասին:

Ծառատունկ սահմանամերձ գոտիներում

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Աշնանային մառախլապատ օրերից մեկն էր։ Առավոտյան դողալով քայլում եմ դեպի դպրոց։ Չզգացի ոնց, բայց շուտ հասա։ Երկրորդ դասաժամն էր, նստած էինք դասի: Մեկ էլ դպրոցի տնօրենը մտավ դասասենյակ և ասաց, որ այսօր պետք է ծառատունկ անենք։

Այս ծառատունկը կազմակերպել էր Պաշտպանության նախարարությունը բոլոր սահմանամերձ գյուղերում։ Բարդու ծառեր էինք տնկում դպրոցի շուրջը։ Ծառերը տնկում էինք այն հատվածներում, որոնք տեսանելի էին թշնամուն։

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Դպրոցի շուրջբոլորը տնկեցինք հարյուրից ավելի բարդու ծառեր։

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Հուսամ մի օր այդ կրակոցները կդադարեն, և ծառերը, որ տնկել ենք, միայն կգեղեցկացնեն և մաքրություն կպարգևեն մեր շրջապատին:

eva khechoyan

Մի մեծացիր առանց ինձ

Անկախ նրանից, թե օրական քանի անգամ կզանգես ու կգրես ընտանիքիդ, երբ նրանից հեռու ես, միշտ կլինեն փոփոխություններ ու նորություններ, որոնց մասին տեղյակ չես լինի:

Երկու ամիս առաջ զանգեցի ընտանիքիս: Սովորականի նման խոսում էինք, երբ քույրս իր լայն, անկեղծ ժպիտով  դեմքը մոտեցրեց էկրանին: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, ինձ թվաց, թե մի բան փոխվել էր: Մի քանի վայրկյան տևեց, մինչև հասկացա, որ ատամներից երկուսը չկան: Երևի նկատեց տարօրինակ, զննող հայացքս ու հայտնեց նորությունը:

-Եվչկա, ատամներս ընկե՜լ են:

Երևի թե քրոջս՝ ատամները կորցնելու փաստն էդքան էլ ազդեցիկ չլիներ, եթե ես էլ մասնակցեի էդ իրադարձությանը: Ընտանիքի երեխայի առաջին քայլերը, առաջին ատամների ընկնելը, առաջին բառերը մեծանալու նշաններն են, ու եթե դու էդ բնականոն ընթացքին անձամբ չես հետևում, քեզ թվում է, թե անսպասելի արագ մեծացավ: Մտածում էի էդ մասին, երբ երկրորդ հոգեբանական հարվածը հասցվեց:

-Եվչկա, մաման հատուկ մանկական «պամադա» ա տվել, որ շրթունքներս պաշտպանված լինեն:

Նախ, ո՞ր օրվանից գիտի, թե «պամադա» ասվածն իրենից ինչ է ներկայացնում: Երկրորդ՝ «պաշտպանվա՞ծ»… Երբվանի՞ց է սկսել օգտագործել էդ բառն ու գիտակցել դրա իմաստը:

Անսպասելի հոգեբանական հարված համար երեք.

-Եվուլ, գիտես, չէ՞, արդեն պարի ու վոկալի եմ գնում:

Մաման երգ է միացնում, քույրս դիրքավորվում է սենյակի կենտրոնում ու սկսում պարը:

Իսկ ես… Ես փորձում եմ համակերպվել քրոջս մեծանալու փաստի հետ:

mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. մաս 3

Շաբաթ օրերը, երբ ընտանիքիս հետ այցելում եմ պապիկիս գերեզմանը, սիրում եմ թափառել մոռացված գերեզմանոցում: Հին գերեզմանաքարեր՝ խունացած նկարներով, ջնջված տապանագրեր, սևազգեստ մարդիկ, խնկի ծուխ… Հասկանում եմ, որ մարդն անցնում է, կորչում հավերժության մեջ: Մնում է միայն մի տապանաքար՝ քանդակազարդ կամ հասարակ, նոր կամ խունացած ու մոռացված: Դա, սակայն, էական չէ: Անշուշտ, տապանաքարի մեծությունը կամ ճոխությունը չի կարող մոռացության տալ հանցագործության ժամանակ դժբախտ պատահարից մահացած մարդու արարքները, այնինչ երբեմն նման ճոխ տապանաքարերի կողքին, մի հասարակ քարի տակ հանգչում է մեկը՝ ընկած ռազմի դաշտում՝ կույր փամփուշտի զարկից: Գուցե ես դա անարդար եմ համարում, բայց հողն ընդունում է անտարբերությամբ: Շրջելով գերեզմանոցում՝ հիշում եմ դրվագներ հորս պատմություններից, երբ զոհվելու հավանականությունն ու ապրելու ցանկությունն ու հույսը մեծ են եղել, բայց, այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությամբ կյանքը հաղթել է մահին:

-Հունվարի 20-ի գիշերը՝ մոտ ժամը տասին, նահանջելով հասանք Սետլար,- մտապահել եմ նրա խոսքերը,- շատ վիրավորներ ու զոհեր ունեինք: Ցրտահարվել էին Ստեփանյան Ալբերտի, Թուխոյան Արմենի վերջույթները: Տղաները հոգնել էին կյանքի ու մահու կռիվ տալուց, քայլում էին՝ մի կերպ ոտքերը քարշ տալով: Սոված, անքուն քայլեցինք մինչև լուսաբաց: Սետլարում մնացինք երեք օր:

Էդիկ Բաբայանը երրորդ օրը բոլորիս հավաքեց մի տան մեջ.

-Երեք օր է՝ հաց չենք կերել: Ով գնա ու Վալերի (Քեռու) սննդի մեքենայից ուտելիք բերի, կստանա կրկնակին: Հը՞, ո՞վ կգնա:

Լռություն էր: Ճանապարհը վտանգավոր էր: Մեզնից յուրաքանչյուրն ուզում էր ապրել, բայց ապրելու համար անհրաժեշտ էր նաև սնվել: Հակոբյան Վահանը, աբովյանցի Սամվելը, Ալիկը և ես գնացինք սննդի հետևից: Հասանք տեղ, սննդի կեսը լցրինք ուսապարկերի մեջ, կեսը՝ ծածկոցի ու փրկվելով թշնամու անընդհատ տեղացող կրակոցներից՝ հասցրինք մարտական ընկերներին:

Մի ուրիշ անգամ հայրս պատմում էր.

-Օմարում էինք: Ցուրտ էր, մշտական մառախուղի մեջ էինք, ու շատ հազվադեպ էր օրը պարզանում: Վազելիս դժվարանում էինք օդի սակավության պատճառով (Օմարի բարձրությունը 3480 մետր է): Պառկում էինք ձյան մեջ, քամին ձյան շերտը լցնում էր մեզ վրա, ձյունը կպչում էր համազգեստին՝ ավելի ծանրացնելով այն: Երբ դիրքը փոխելուց հետո վրաններ էինք գնում, վառարանի մոտ էինք նստում, ձյունը հալվում էր, ու կրկին թրջվում էինք: Չէինք հասցնում չորանալ, երբ կրկին դիրք էինք գնում: Շատերը ցրտահարվում էին, փախչում, ոմանք էլ տաքանալու համար թաց շորերով վառարանին էին նստում, բայց վառում էին իրենց խոնավ համազգեստները: Ավելի դժվար էր ցրտին դիմանալը, քան թշնամու դեմ կռվելը:

Ապրիլի 8-ին երրորդ պոստում էինք՝ 03 դիրքում: Ես ու ընկերս՝ Տերենտը, դեշեկա պոստ գնացինք՝ անփորձ նորակոչիկներին բացատրելու, թե ինչ պետք է անեն: Տերենտը գնաց վրան, և մինչ ես էլ վրան կվերադառնայի, հանկարծ մառախուղը քաշվեց, հակառակորդը նկատեց ինձ ու սկսեց կրակել իմ ուղղությամբ: Դիրքից մինչև վրան հասնելը մեկ վազելով, մեկ պառկելով փորձում էի մոլորեցնել թշնամուն:

-Կրակե՛ք հակառակորդի կողմը, որ կարողանամ վրան հասնել,- ամբողջ ձայնով գոռում էի ես նորակոչիկ դիրքապահներին, երբ արդեն սկսեցին կրակել գնդացիրով:

Վերջիններս, անփորձ լինելով, խուճապահար այս ու այն կողմ էին վազում, բայց չէին կրակում: Այդ ժամանակ չորրորդ պոստից Էդիկ Կարապետյանը նռնականետով խփեց հակառակորդի Կիսալուսին կոչվող դիրքին, ու կրակոցները դադարեցին: Ինքնաձիգս ձեռքումս՝ վազեցի, որքան ոտքերումս ուժ կար, որպեսզի հասնեի վրանին: Հանկարծ ևս մի սնայպերի կրակոց, և ինքնաձիգիս ցեվիոնը փշուր-փշուր եղավ ձեռքերիս մեջ: Աստված այս անգամ էլ փրկեց թշնամու գնդակից:

lida armenakyan

Ես սև կատու եմ

Ես սև կատու եմ՝ անհաջողությունների տոպրակ:

Իմ սիրտը րոպեում կատարում է մոտ 130 զարկ, այսինքն՝ երկու անգամ ավելի, քան մարդու սիրտը: Ես երևի երկու անգամ ավելի եմ ապրում, քան մարդը և խոսքը բացարձակ տարիքի բազմապատկման մասին չէ: Ինձ անիմաստ պետք չէ ծերանալ, որովհետև ես պահեստային 9 կյանք ունեմ: Ու կապրեմ մնացած 8 կյանքերը, իսկ այ դու կմահանաս փոթորիկի ժամանակ: Երևի: Հաստատ: Չէ, սա բոլորովին երեք գլխանի ու թևավոր անեծք չէ: Դու փոթորիկի ժամանակ կմահանաս, եթե վատ վերաբերվես ինձ: Չնայած մեր իրականությունում մենք առհասարակ չենք վերաբերվում իրար: Ուրեմն չես մահանա: Կարող եմ հանգիստ շունչ քաշել: Երևի: Հաստատ:
Ես հուսով եմ, որ դու չունես այլուրոֆոբիա, այլ կերպ ասած՝ վախ կատուներից: Հուսով եմ՝ չունես այլուրոֆոբիա, որովհետև ես ուզում եմ՝ ինձ սիրես: Պահիր ինձ քո փայտե տնակում, որը էս մոլորակի մյուս ծայրին է: Սա խնդրանք է և ոչ հրաման: Ես ընտիր կողակից կարող եմ լինել: Գտիր ինձ Բամբիռի քարաշեն ու շքեղ դղյակի ներսում, ես էնտեղ վազվզող սև կատուն եմ, այլ ոչ դիցուհին: Ցավոք: Երևի: Հաստատ: Հա, ինչ էի ասում, ինձ պահիր քո փայտե տնակում, էնտեղ մենք կլինենք միասին ու մենակ: Տնակում մենք կերգենք whenever I’m alone with you տողը մի հազար անգամ, ավելի ճիշտ, դու կերգես, ես՝ կմլավեմ: Ես անձրևին դուրս չեմ գա, որ հետո չկեղտոտեմ տունդ, լիքը սիրելով անձրևը: Ես տոնածառդ շուռ չեմ տա, որ խաղալիքների հետ հանկարծ սիրտդ չփշրեմ: Ես, ատելով խոստումներ տալը, խոստանում եմ՝ տունդ տակնուվրա չեմ անի: Ես շատ խելոք կպահեմ ինձ, միայն թե դու պահիր ինձ քո սրտում, մտքում, հիշողություններում ու էլ որտեղ կուզես: Ու վերջում, ես կկորչեմ մեր փայտե տնակից ու քո կյանքից, երբ դադարես իմ մասին մտածել, հոգ տանել իմ մասին, գրկել ու սիրել, երբ դադարեմ քոնը լինել, երբ լուսնի մահիկը դադարի ժպտալ, երբ Սիրիուսը դադարի փայլել՝ լինելով ամենապայծառ աստղը, երբ ես, ի վերջո, դադարեմ Զեմֆիրա լսել… Այսինքն երբե՞ք: Երբեք, երբեք: Երևի: Հաստատ:
Ես սև կատու եմ՝ սենտիմենտալության ճիչ:

Sargis Melkonyan

17-ը ստիպում է սիրել

Ես սիրում եմ 17.am-ը ոչ նրա համար, որ թղթակցում եմ, ոչ նրա համար, որ այստեղ գտնվում է Հայաստանի ամենահետաքրքիր մարդկանց հազարյակը, ոչ նրա համար, որ շատ հեղինակների ճանաչում եմ, ոչ նրա համար, որ այստեղ դու կգտնես իրական Հայաստանը, այլ…

Դու սիրահարված կա՞ս։ Ես՝ համարյա ամեն օր։ Ես սիրում եմ 17-ը, որովհետև այն ստիպում է սիրել Հայաստանը։ Ստիպում է սիրել Վանաձորը, հատկապես, երբ այն գրվում է փոքրատառով և սիրով, սիրել Հրազդանն ու գնալ Հրազդան, սիրել Լեռնանիստը, որը միշտ գրվում է «ջան»-ով, սիրել Գյումրին հենց առաջին փողոցից, սիրել Բաղանիսը՝ իր 2 հայտնի ճանապարհներով, սիրել Աշտարակը՝ իր հին կամրջով, սիրել Ապարանի սառնորակ ջուրը, Սյունիքի մեղրի չիրը, Մալիշկայի սոխը, շենիկցիների ֆուտբոլը, Կասկադի 555 աստիճանները, հաշտության նստարանը, այրվող տերևների ծուխը, զարթուցիչի տհաճ ձայնը, սիրել անգամ հարևանությամբ ապրող թշնամի ընկերներիդ։ Որովհետև 17-ը հեռանալու տարիք լինելուց բացի՝ սիրելու տարիք է, որովհետև 17-ն ուղղակի ստիպում է սիրել աշխարհը։ Որովհետև 17-ում հավատում են, որ մեզնից ամեն մեկը կարող է փոխել աշխարհը, որովհետև 17-ում երազում են, որովհետև 17-ը երազելու տարիք է։ Որովհետև աշխարհը փոխելու համար անհրաժեշտ է սիրել, իսկ 17-ը ստիպում է սիրել աշխարհը…

Հ. Գ. Հուսամ քեզ գտար 17-ում, որովհետև 17-ը կորցնելու տարիք լինելուց բացի՝ գտնելու և գտնվելու տարիք է:

arman arshak

Քայլել դեպի նպատակ՝ ԱՐՄԱՏ

Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի մտածել համայնքիս ու նրա խնդիրների մասին, հասկացա, որ առաջնային խնդիրը երիտասարդների ներգրավման պակասն է քաղաքի զարգացման հարցում: Այդ ժամանակից երազանք էր կարծես՝ համայնքում լինել մեկը, ով կհամախմբի մի շարք երիտասարդների, ու կլինի քաղաքի զարգացմանը մասնակցելու իր իրավունքը իրականացնող վառ օրինակ:

Շատ չանցած երազանքս փորձեցի մոդելավորել ու հստակ հասկացա, թե ինչ եմ ուզում ու ինչպես պետք է նպատակիս հասնեմ: Ցանկանում էի ստեղծել երիտասարդական ավագանի, որը իրական ավագանու հետ համատեղ կգործի, վեր կհանի ու կփորձի լուծումներ տալ քաղաքի խնդիրներին: Ամենակարևորը բոլորին իրազեկելն է այն մասին, որ ունենք քաղաքի զարգացմանը մասնակցելու իրավունք, ինչն էլ պատճառ դարձավ info-կանգառներ ստեղծելու գաղափարին:

Նպատակիս շուրջը մտածելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Գարնանը տեսա ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի հայտարարությունը Կոտայքի մարզի երիտասարդների համար: Կազմակերպվելու էր դասընթաց այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում էին լուծել որևէ խնդիր իրենց համայնքում, սակայն բոլոր 25 մասնակիցներից պետք է ընտրվեին երեքը և խմբով աշխատեին որևէ համայնքում: Այդ երեքից մեկը լինելու ցանկությունը շա՜տ մեծ էր: Եվ, շատ չանցած, ես այդ խմբում էի՝ Կոտայքի մարզի նախաձեռնող ակտիվ խմբում, որը հետագայում անվանվեց ԱՐՄԱՏ: Խմբում ինձ հետ են Կարոն և Շուշանը: Լինել խումբ և աշխատանքը կատարել խմբով. ես դա վայելում եմ նրանց հետ: Այսօր կարող եմ ասել, որ ԱՐՄԱՏ-ը՝ Կարոն և Շուշանը, իմ ձեռքը բռնած քայլում են դեպի նպատակ: Նպատակ, որը ունեցել ենք երեքս:

aneta baghdasaryan

Ես, երկար հերթն ու Մանյունյան

Նոյեմբերի 11-ին կայացավ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Չէի կարող չգնալ, քան որ դեռ մանկուց շատ եմ սիրել այդ գիրքը: Անկեղծ ասած՝ զարմացա, երբ իմացա, որ միայն հիմա են այն թարգմանել հայերեն: Գիրքը կարդացել եմ դպրոցական տարիքում: Մեր հարևանուհին ինձ տվեց այդ ժամանակ դեռ ոչ այդքան հայտնի «Մանյունյա» գիրքը ռուսերենով: Գիրքը Նարինեի և Մանյունյայի, նրանց առօրյայի մասին էր Բերդ քաղաքում:

Լուսանկարը՝ Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Անետա Բաղդասարյանի

Շնորհանդեսը լինելու էր Կամերային թատրոնում:

Երբեք գրքի համար այդպիսի մեծ հերթ չէի տեսել: Եվ, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան շատ մարդ կգա շնորհանդեսին: Մուտքից աջ մեկ այլ հերթ էր. Նարինե Աբգարյանի՝ գիրքը ստորագրելու հերթը:

Քսան րոպե է, ինչ կանգնած ենք գիրք գնելու հերթում: Ասում են, չէ՞՝ եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, նրա հետ ճամփա գնա: Այս դեպքում մարդուն ինչ-որ չափով ճանաչելու համար բավական է նրա հետ հերթ կանգնել: Ամենուրեք լսվում էին բողոքի ձայներ: Մեկը բողոքում էր կազմակերպիչներից, մյուսը պահանջում էի իրեն ավելի շուտ սպասարկել, քանի որ հետը երեխա կա:

Լուսանկարը՝ Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Անետա Բաղդասարյանի

Արդեն կանգնած ենք երկրորդ հերթում: Դեռ ամենավերջում ենք: Օդը գնալով պակասում է, և մարդկանց բողոքները շատանում են: Մեկ էլ մի կին ասում է.

-Երեխես վատանա, ձեն կհանեք:

Հսկիչները որոշեցին երեխաներին ավելի շուտ անցկացնել:

-Անետ, պիտի մենք էլ մի հատ երեխա բերեինք մեր հետ:

-Կնոջս զանգեմ, ասեմ՝ երեխային բերի ներս,- ասաց մեր կողքին կանգնած տղամարդը:

Քառասունհինգ րոպե անց հերթը մի քիչ կարգավորվեց, և մենք այլևս ամենավերջում չէինք: Եվս տասը րոպե անց Նարինե Աբգարյանն արդեն բարեմաղթանքներ էր գրում մեր գրքերի մեջ: Ուժասպառ, բայց հաղթական տրամադրությամբ դուրս եկանք թատրոնից:

Մի բուռ գույներ

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Նոյեմբերի 11-ին մեր գյուղի արվեստի դպրոցում առաջին անգամ իրականացվեց ցուցահանդես՝ «Մի բուռ գույներ» խորագրով: Ցուցահանդեսը տեղի ունեցավ գյուղի մշակույթի տանը՝ արվեստի դպրոցի տնօրինության, գյուղապետարանի աշխատակիցների, գյուղի գյուղապետ պարոն Հովհաննիսյանի, ինչպես նաև ուսուցիչների աջակցությամբ: Սրահի պատերին ամրացված էին գորգագործության բաժնի սաների աշխատանքները, նկարչության բաժնի սաների նկարները:

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Որոշեցի մեկ հարց ուղղել պարոն Հովհաննիսյանին.

-Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է նպաստում այս ցուցահանդեսը գյուղի զարգացմանը:

-Նպաստում է այնքանով, որ նայելով, տեսնելով իրենց հասակակիցների աշխատանքները, երեխաների մոտ ցանկություն է առաջանում կերպարվեստով, գորգագործությամբ զվաղվելու: Պիտի ցուցադրենք, որ հասկանանք՝ ինչ ունենք, չէ՞: Եթե տեսնում են, արդեն իրենք են ցանկություն հայտնում մասնակից դառնալու: Ցուցահանդեսը նպաստում է նաև արվեստի ճյուղերը զարգացնելուն:

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

-Շատ քիչ ժամանակահատվածում, որը ուսուցիչներին էր տրված, ամեն ինչ պատրաստվեց: Գյուղի երեխաները շատ տաղանդավոր են: Նրանք շատ կարևոր բաներ են գտել կյանքում ու վերարտադրել են նկարների մեջ, գորգերի զարդանախշերի մեջ: Այս ամեն ինչը իրենց շնորհիվ է: Այսօրվա մեր ցուցահանդեսը ստացվեց,- պատմում է արվեստի դպրոցի տնօրեն տիկին Լիլիթը:

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Ուսուցիչներն են Շահանե Սերոբյանը (գորգագործություն, գոբելեն, կարպետ) և Անի Թադևոսյանը (կերպարվեստ):

-Ինչպիսի՞ մոտեցում եք ցուցաբերում երեխաների հանդեպ:

-Բոլորի հանդեպ աշխատում եմ ցուցաբերել անհատական վերաբերմունք, հաշվի առնելով նրանց ցանկությունները, մտքերը: Փորձում եմ ստանալ լավագույն արդյունք: Երեխաների հետ շփումը ընկերական է: Ես ինձ համարում եմ նրանց ավագ ընկերը և փորձում եմ առավելագույնս իմ գիտելիքները փոխանցել նրանց,- պատմում է Շահանե Սերոբյանը:

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝Անուշիկ Մկրտչյանի