astghik hunanyan

Երբ դեռ 15 տարեկան ես, բայց ոչնչի հավես չունենալու հավես էլ չունես

Պիտի ձեզ մի «գերծանրաբեռնված» մարդու «հագեցած» ու «բազմաբովանդակ» առօրյայի մասին պատմեմ։ Ըհը, շատ ճիշտ էլ հասկացաք՝ մարդը ես եմ, գրելուս տոնն էլ՝ հեգնական։

Առավոտյան կամ ես ուշ եմ արթնանում և ուշանում եմ, կամ էլ շատ շուտ եմ արթնանում, բայց մտածելով, որ մի սար ժամանակ ունեմ՝ ոչինչ չեմ անում մինչև վերջին վայրկյանը։ Արդյունքում կրկին ուշանում եմ։

Կյանքիս հերթական երկուշաբթին, ժամը՝ 8:00։ «Սուլթան գուզե ջնջը մըզի, զարթնիր, լաո, մեռնիմ քըզի»։ Էս մի քանի բառը մի քանի անգամ կարդացեք ու այն էլ՝ գոռալով, որ գոնե մի փոքր պատկերացում կազմեք, թե ինչ եմ զգում ամեն անգամ, երբ Նա ինձ արթնացնում է։ Չէ, խոսքը Նար Դոսի «Նա»-ի մասին չէ, այդ անիծյալ «Նա»-ն զարթուցիչս է. ամեն առավոտ արդեն աննկարագրելի ատելի դարձած բառերը կրկնում է, որ արթնանամ, անհավեսությունից պարալիզացված ձեռքիս երկար-բարակ մատների թեթև շարժումով անջատեմ ձայնը, քանի տնեցիք, ավելի ճիշտ՝ քնած տնեցիք, «ազգ ու տակով» վրաս կռիվ չեն եկել։ Ասում եմ՝ ափսոս աքաղաղ չունենք, է, ինքն առավոտ շուտ «տրիվոգը» կդներ, չէի կարողանա ձայնն անջատել ու անզորությունից ոչ էլ կարթնանայի։

Աչքերս կիսաբաց եմ անում։ Չէ, չէ, էս անգամ ոչ կշարունակեմ հանգիստ քնել, իբր ոչ մի տեղից էլ չեմ ուշանում, ոչ էլ ունեցածս «ահռելի» ժամանակը սպանելու համար մի քսան րոպե անիմաստ ֆեյսբուքիս թայմլայնը կթերթեմ, ինչպես սովորաբար շաբաթվա մյուս օրերին եմ անում, մինչև ուշանամ, քեֆս էլ թողնի։ Երկուշաբթին մեր դպրոցում տողանի օր է ի վերջո (չեմ պատրաստվում ասել, որ ամեն երկուշաբթի ամբողջ դպրոցը հավաքվում է դահլիճում՝ հիմնը երգելու, «Հայր մերն» ասելու ու տնօրենի տարբեր գրքերից գտած աֆորիզմները լսելու, լավ, ասել՝ ասել եմ, ոչինչ)։ Պետք է շուտ վազեմ դպրոց, քանի Երազ տատը դռները չի փակել, որովհետև հետո հավես չեմ ունենա սիրտը շահելու հնարներ փնտրելու, որ ներս թողնի: Նրա սիրտը շահելը համարյա այնքան բարդ է, ինչքան Հայաստանում բարեկեցիկ ապագայի մասին մտածելը։

Ոչ մի անգամ թեյս չեմ հասցնում խմել, մի տասը րոպե խախտված հոգեբանությամբ երեխայի նման որոշում եմ՝ ինչ հագնել, մի տասը րոպե էլ ծախսում եմ որոշելու արդյունքում «Անիի ավերակները» դարձած սենյակս հավաքելու վրա, լվացվում ու վազում դուրս։ Դպրոց մտնելուն պես պիտի շնչակտուր բարձրանամ երրորդ հարկ, որտեղ դասարանս է, NASA-ի ինտերնետի նման գերարագ մի քանի էջ գրավոր գրեմ, նոր վազեմ երգելու։ Ու էս ամենի համար պետք է հավես, որը ես ընդհանրապես չունեմ։ Անցանք։

Դասամիջոցներին հազիվ հասցնում եմ մյուս ժամի տնային հանձնարարությունը կատարել, էդ ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը։ Դա է երևի միակ պատճառը, որ ապագա բժիշկ չլինելով հանդերձ, մեկ է՝ բժշկի ձեռագիր ունեմ։ Այ, իսկ երկար դասամիջոցներս երբեք անիմաստ բաների վրա չեմ վատնում. հիմնականում կամ «ծամում եմ», կամ էլ՝ պարում։ Հա ի՞նչ է եղել, որ, մեկը երգում է, մեկը՝ ձայնակցում, մեկը՝ ձևացնում, իբր ձայնակցում է, մի ուրիշը ծափ է տալիս, մնացածս էլ պարում ենք։ Աննորմալ չենք, ուղղակի շատ արվեստասեր ենք (ամբողջ դասարանով հակում ունենք հատկապես դեպի «շախով-շուխով» արվեստը)։

Ժամը մոտավորապես 3-ն է, դասերն ավարտված են, քայլում եմ տուն։ Ավելի ճիշտ՝ վազում, որովհետև ինձ հունից հանում է այն փաստը, որ տանը նոր եփած փլավ կա, իսկ ես նրանից այդքան հեռու եմ գտնվում։ Մտա տուն։ Ոտքերս մի կերպ քարշ տալով հասա խոհանոց. ստուգում եմ՝ ինչ կա կաթսայի մեջ, նոր միայն հետ դառնում՝ կոշիկներս հանելու։ Հաշված վայրկյաններ անց ուտելիքը ստամոքսումս է, ես էլ՝ անկողնուս վրա։

Ժամը մոտավորապես երեքն անց կես է, լիքը դաս ունեմ անելու՝ պարապմունքս չհաշված։ Լավ, հաշվեցի, կարևոր չէ, մեկ է՝ դեռ անկողնուս վրա եմ։ Չէ, չեմ փոխվել, դեռ սպասում եմ, թե երբ է միջիս վաթսունն անց ալարկոտ «ձաձան» հրամայելու, որ հելնեմ, փոխվեմ։ Ժամը հինգն է, ոչ մի փոփոխություն, նույն դիրքով նստած եմ անկողնուս վրա՝ նայում եմ՝ չգիտեմ էլ ուր։ «Ձաձա»-ն էլ դեռ չի շարժվել, կասկածում եմ, որ կշարժվի։ Շարժվե՜ց։ Շարժվեց, երբ ժամը 7-ն էր։ Ու գիտե՞ք՝ ինչ արեց։ Ուղեղիս համապատասան զգայարանին ազդակ ուղարկեց, որ վերցնեմ հեռախոսս ու սկսեմ անիմաստ թերթել ֆեյսբուքյան էջս՝ արդեն խանգարված տեսողությունս էլ ավելի վատացնելով։ Երեկոյան ամենամեծ ցանկությունս շուտ անկողին մտնելն ու ձմեռային վերմակի մեջ փաթաթվելով՝ ջերմություն զգալն է։

Ժամը տասն է, էլի՝ մոտավոր։ Ժամանակն է վաղվա դասացուցակի վրա մի արհամարհական հայացք նետելու, ու «ահ, լավ, հեչ, դասամիջոցներին հաստատ կհասցնեմ գրել» դեմքի արտահայտությամբ քնել շտապելու։

Է՜, մի քանի կադր հետ տվեք. մի լավ հաց եմ ուտում, մի անգամ էլ եմ մի լավ հաց ուտում, էլի մի անգամ, հետո խոզանակում ատամներս ու դրանց վրա փակցված անիծյալ շղթան, նոր ֆանտաստիկ արագությամբ պառկում քնելու։

-Մամ, վաղն առավոտը յոթին կարթնացնես, հելնեմ՝ մի քիչ դաս անեմ։

Առավոտ, ժամը՝ 7:00. քնած եմ։

7:59. մեկ է՝ քնած եմ։

8:00. «Սուլթան գուզե ջնջը մըզի, զարթնիր, լաո, մեռնիմ քըզի»։

Հ.Գ. Որպես կանոն՝ օրվա վերջում անտանելի հոգնած եմ լինում։ Հիմա կասեք. «Պահ, էդ ի՞նչ արեցիր, որ մի հատ էլ հոգնես»։ Ասեմ. միջինում մարդը մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում։ Հումանիտարի կոպիտ հաշվարկով՝ 24 ժամում կատարում եմ 23040-28800 շնչառական շարժում, մի քանի հարյուր հազար անգամ էլ թարթում եմ աչքերս։ Էդ ո՞վ չի հոգնի էդքան գործողություն կատարելուց։ Համ էլ կասեն՝ ծույլ եմ։ Չէ՞ որ ալարել ալարելու համար էլ մեծ ջանք, եռանդ ու էներգիա է պետք։ Ոչ կինետիկ, ոչ էլ պոտենցիալ, խոսքն այն էներգիայի մասին է, որ տասնհինգ տարեկան եմ, բայց արդեն կորցրել եմ։

narek davtyan getahovit

Քո հարմարավետությունից դուրս

Անձրև էր գալիս. իսկական թեյ խմելու և տաք վերմակով ծածկված ֆիլմ դիտելու եղանակ էր: Չէի ցանկանում մտածել, որ դրսում վատ եղանակ է, ուստի վերցրի համակարգիչս ու սկսեցի ֆիլմ փնտրել: Վերջապես գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի: Փորձում էի մի քանի ժամով կտրվել աշխարհից, երբ զանգ ստացա, ինչը փչացրեց իմ ստեղծած «ոչ մի բան չանելու» մթնոլորտը:

Անկեղծ ասած, առաջին անգամն էր, երբ ստացածս զանգը ինձ չհետաքրքրեց, բայց ամեն դեպքում, ինքս ինձ ստիպելով՝ վերցրի հեռախոսը: Պարզվեց, որ այդքան էլ տհաճ զանգ չէր, ինչքան ես մտածում էի: Իմ տարածքային համակարգողն էր, որը փորձում էր վայր գտնել իմ՝ աշնանային արձակուրդը անցկացնելու համար: Մի քիչ վախեցա, երբ տեսա, որ համակարգողն է զանգում: Մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ, և հիմա ինձ հետ կուղարկեն Հայաստան: Եթե չգիտեք, ասեմ, որ ես հիմա Ֆլեքս ծրագրով ապրում և սովորում եմ ԱՄՆ-ում:

Իրականում հիանալի լուր ստացա. իմ ընկերներից մի քանիսը գնում էին հյուսիսային Կարոլինայում գտնվող «Գրեյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և աժդահա լեռներով: Նրանք առաջարկել էին ինձ, որ գնամ իրենց հետ: Ես, իհարկե, համաձայնեցի և միանգամից գնացի իրերս հավաքելու, որպեսզի առավոտ շուտ մեկնենք:

Բավականին ցուրտ էր լինելու, դրա համար վերցրի միայն իմ ձմեռային շորերը: Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ 8 ժամ, և մարդուն, ով ապրել և մեծացել է Հայաստանի պես փոքր երկրում, դա մի մեծ հոգնեցնող ճանապարհ է թվում: Տեղ հասնելուն պես ես միանգամից դուրս թռա մեքենայից, որպեսզի առաջինն զգամ այդ լեռնային թարմ օդը: Երևի ընկերներիցս ամենաերջանիկը ես էի, քանի որ ինչ լքել էի Հայաստանը, լեռներ չէի տեսել: Այն, ինչ շնչում էի այդ պահին, ինձ ստիպեց հիշել Տավուշիս մաքուր, սառը օդը: Օդից արբած՝ անցա գործի: Պիտի սկսեինք վրանները, ճոճերը և այլ մնացած իրերը տեղավորել, քանի որ արդեն մթնում էր, իսկ մենք վրան չունեինք քնելու համար: Ես այդ շաբաթվա օրակարգը մոտավորապես գիտեի, բայց իրականում ավելի շատ բան կար անելու, քան օրակարգում գրված էր: Երևի չէին գրել, որ ավելի հետաքրքիր լինի: Նաև գաղտնի էին պահել այն փաստը, որ վերցնելու էին բոլորիս հեռախոսները:

Առաջին օրը գնացել էինք փոքր արշավի՝ դեպի ջրվեժ: Որոշել էինք գետում լողանալ, բայց այնքան ցուրտ էր, որ երեխաների կեսը չփորձեց անգամ մտածել դրա մասին: Ես և մի քանի հոգի, իհարկե, մտանք ջուրը: Ինչպես իմ այլ ուրիշ որոշումների համար, այս անգամ ևս ես զղջացի ամենաառաջին վայրկյանից, բայց այն փաստը, որ սա երևի հնարավոր կլինի անել կյանքում միայն մեկ անգամ, ստիպեց ինձ մտնել ջուրը:

Երկրորդ օրը մեր պլաններում քարանձավն էր: Իրականում այնքան էլ ուրախ չէի, որ պիտի գնայինք այնտեղ, քանի որ չեմ սիրում փակ տարածություններ, իսկ քարանձավներում շատ վայրեր էին լինելու, որտեղ պիտի քեզ քարշ տալով անցնես փոքր անցքի միջով: Սկսեցի սիրել քարանձավները, երբ մտա ներս: Քարանձավը իմ կյանքի ամենատարօրինակ վայրերից մեկն էր, այն ընդհանրապես նման չէր իմ պատկերացումներին: Իրականում ներսում ավելի տաք է, քան դրսում, և այդ հաստատուն ջերմաստիճանը պահպանվում է ամբողջ տարին: Այնտեղ լույսի ճառագայթ չի կարող թափանցել, ինչի արդյունքում էլ կատարյալ մթություն է: Այդպիսի մթություն շատ դժվար է ստեղծել. երկրի վրա կատարյալ մթություն կա միայն քարանձավներում և օվկիանոսի հատակին: Երբ մենք անջատեցինք մեր լույսերը, դեռևս կարողանում էինք տեսնել այն, ինչ պահպանված էր մեր հիշողության մեջ: Եթե փորձեիր շարժել քո ձեռքը, քո ուղեղը կստեղծեր կեղծ զգացողություն, որ դու տեսնում ես, բայց իրականում դա խաբկանք է, որն ապացուցում է այն փաստը, որ մարդկային ուղեղը հարմարված է եղել անդրերկրյա կյանքին:

Երրորդ օրը ամենասպասված օրերից մեկն էր. պիտի բարձրանայինք ԱՄՆ-ի ամենաբարձր գագաթներից մեկը, դրանից հետո մենք կարող էինք շարունակել արշավը, որը մոտ 12 կիլոմետր էր ձգվելու: Նրանք, ովքեր չէին ցանկանում այլևս քայլել, կարող էին հետ վերադառնալ: Ես շարունակեցի քայլել, իհարկե, այդքան քայլելը դժվար էր, բայց այն ամենը, ինչին ես ականատես եղա, ինձ ստիպեց քայլել առաջ՝ դեպի ավելին:

Ես միշտ սիրել եմ լեռները՝ համարելով, որ դրանք իմ իրական տունն են, և ապրել մի վայրում, որտեղ ընդհանրապես լեռներ չկան, ինձ համար շատ դժվար է:

Հիմա ես վստահորեն կարող եմ համաձայնել այն մտքի հետ, որ ամենալավ ճանապարհորդությունները ոչ պլանավորածներն են, և որ իրական կյանքը սկսվում է քո հարմարավետության գոտուց դուրս:

milena sedrakyan

Հանցագործը երկու շենք այն կողմ

Երեկ մեր շենքից երկու շենք այն կողմ կատարվում էին իրադարձություններ, որոնք ցնցեցին ամբողջ Հայաստանը:

Ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի, ոչ ոք չէր սպասում, որ երեխային մանկապարտեզ ուղարկելն անգամ կարող է վտանգ պարունակել իր մեջ, որ ընտանեկան հարցերն ու միջադեպերը կարող էին ազդել երեխաների վրա: Չեմ ուզում պատմել Արմավիրում երեկ պատանդ վերցված մանկապարտեզի երեխաների շուրջ ծավալված դեպքերի մասին, քանի որ անգամ ուղիղ եթերով բոլորը հետևում էին դրանց: Փառք Աստծո, որ երեխային էլ վտանգ չի սպառնում, և հանցագործը չեզոքացվել է:

Ասել, որ արմավիրցիները մեծ շոկ ապրեցին, նույնն է, թե ոչինչ չասել: Տղամարդիկ բոլորը դրսում էին, շրջապատել էին մանկապարտեզի շենքը: Հայրիկս էլ դեպքի վայրում էր: Ծանոթ-անծանոթ, բարեկամ ու հարևան բոլորն այնտեղ էին և բոլորն էլ պատրաստ էին ամեն վայրկյան ներս մտնելու և օգնություն ցուցաբերելու, զայրացած ու լարված ամբոխը դեմ գնալով հորդառատ անձրևին, համառորեն սպասում էր: Երկու կրակոցներից հետո ուժգին ծափողջյուններով դիմավորեցին ողջ ու առողջ դուրս հանված փոքրիկին: Ոչ մեկին էլ չէր հետաքրքրում. ով է ճիշտ, ով է մեղավոր: Կարևոր էր միայն մեկ բան. ոչ ոք իրավունք չունի երեխաների կյանքը վտանգել, ընտանեկան հարցերը երեխաների կյանքի հաշվին քննարկել:

Փառք Աստծո, ամեն բան լավ վերջացավ, սակայն պարապ մարդիկ մինչև ուշ գիշեր կանգնած էին մանկապարտեզի տարածքում, խանգարելով փրկարաների աշխատանքը և վտանգելով իրենց իսկ սեփական կյանքերը՝ հայկական ձևերով քննարկելով եղածը: Ոստիկանության աշխատանքը, խոստովանեմ, բավականին ծանր էր, որովհետև մի կողմից՝ փորձում էին վնասազերծել հանցագործին, մյուս կողմից էլ՝ պարապ ամբոխին փորձում էին հեռու պահել հանցագործության վայրից, որպեսզի չխանգարեն աշխատանքներին: Եվ երևի ամենաշատը դրա վրա էին չարչարվում…

Հիմա, երբ ամեն բան հետևում է, ես էլ ուշ գիշերին գրում եմ այս մասին, մտածում եմ, որ կարող էր այսպես չլինել, եթե…

Եթե իսկապես մեծահասակներն այդքան մտածում են երեխաների մասին, ինչո՞ւ մանկապարտեզների անվտանգությունը չեն ապահովում: Եթե փորձես մտնել որևէ վարչական շենք, որտեղ պաշտոնյաներ են աշխատում, ապա հազար ու մի արգել պետք է հաղթահարես, հաճախ չես էլ կարողանա հաղթահարել: Իրենք իրենց լավ պաշտպանում են: Իսկ մանկապարտեզ, խնդրեմ, մտեք, բաց է, որ անկյունն ուզում եք, պահա՞կ, ի՞նչ պահակ… Չգիտեմ՝ ուրիշ մանկապարտեզներն ինչպես, բայց հենց այդ մանկապարտեզը, որը մեզնից երկու շենք այն կողմ է գտնվում, վաղուց վթարային է, չվերանորոգած, կոտրված պատուհաններով: Սակայն ծնողները իրենց երեխաներին ստիպված են այս մանկապարտեզ բերել, որովհետև ի վիճակի չեն վճարելու ավելին, ցավոք անգամ այս դեպքից հետո էլ:

Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ ենք ասում՝ ամենալավը երեխաներին, բայց նրանց մասին մտածում ենք վերջին հերթին: Հիմա շատերը մտածում են՝ լավ է, ամեն բան լավ վերջացավ, ոչ մի երեխայի վնաս չեղավ: Բայց վա՞խը, չէ որ այդ երեխաները հոգեկան մեծ ապրումներ ունեցան, և այդ տարիքում դրանք շատ երկար հիշվելու են:

Կասեք՝ էլի բողոքում ես, բայց ինչպես չբողոքեմ, երբ վտանգն ինձնից մի քանի մետր էր հեռու: Համ էլ գոնե հիմա մեծերը դասեր քաղեն:

Meri Muradyan

Ես էլ Տավուշից եմ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին:
Մարզկենտրոնը Իջևանն է՝ Հայաստանի ամենաանձրևոտ վայրը: Տավուշի մարզով են անցնում Աղստև և Դեբեդ
գետերը:
Տավուշ աշխարհի սիրտը Դիլիջանն է՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Դիլիջանի
մասին բազմիցս լսած և եղած կլինեք: Լսած կլինեք նրա հարուստ բնության, հանգիստը անցկացնելու կատարյալ
պայմանների, Պարզ լճի մասին, որը գեղեցիկ է տարվա չորս եղանակներին էլ: Ես Պարզ լիճը սիրում եմ աշնանը,
որովհետև ծառերի գունագեղությունը և լճի գունային համադրությունը ստեղծում են դրախտային գեղեցկություն:
Կողբ գյուղի մոտ է գտնվում Զիկատար սարը, որը Հայաստանի ամենաբարձր անտառապատ սարն է: Կողբ համայնքում
է գտնվում համանուն բնապահպանական կենտրոնը, որը մեծ նշանակություն ունի թե՛ համայնքի, թե՛ Հայաստանի
համար:
Մյուս սարը՝ Սրբասարը, որը ժողովրդի շրջանում հայտնի է Գոգդաղ անունով, նոյեմբերյանցիների համար
համարվում է սուրբ սար: Հովիվների շվիի ձայնը բերող քամիները, հեռվում երևացող անծայրածիր բնությունը
կտրում են քեզ իրական աշխարհից և տանում հեռու-հեռու:
Կյանքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա այդ ամենը:
Գյուղերի ու քաղաքների մեծ մասը սահմանակից է Ադրբեջանին, և մարդիկ լարվածության մեջ են, որ ամեն
վայրկյան կարող է նորից սկսվել թշնամու շիկացած գնդակներով համեմված «հրավառությունը», բայց նրանք չեն
մտածում իրենց հարազատ հողը լքելու մասին:
Մարդիկ ապրում են վախի մեջ և այդ վախի մեջ են մեծացնում իրենց երեխաներին: Նրանք ծառայում են սահմանին
կանգնած զինվորին հավասար, բայց մի տարբերությամբ՝ ողջ կյանքի ընթացքում: Ամեն անգամ Ոսկեպարի մայրուղով
անցնելիս տեսնում եմ Գվարզինը և Ջողազը: Ու ամեն անգամ ցավով եմ նայում այդ տեսարանին, որովհետև
Գվարզինը՝ ամբողջությամբ, իսկ Ջողազը՝ մասամբ, ադրբեջանցիների տիրապետության տակ են այժմ:
Սահմանապահ գյուղերում ապրող երեխաների ջինջ ու անմեղ աչքերը ուզում եմ տեսնել խաղաղության մեջ: Ես էլ
տավուշցի եմ:

seda mkhitaryan

Լուսինեն

Նա սովորական մարդ է, 20 տարեկան մի աղջիկ, որը արտաքինից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից։ Գեղեցկադեմ է, մի քիչ կարճահասակ, ունի կարճ մազեր և կանաչ աչքեր։

Մանկությունից հիշում է. «Երեսառած երեխա էի, բավականին երկար մազեր ունեի, ու միայն մի դեպքում էր, որ դրանք հարդարելիս չէի լացում, երբ հայրս էր դա անում»,- ասում է Լուսինեն։

Լուսինեն իր կյանքի ամենալավ օրը համարում է իր ընդունելության քննության օրը, որովհետև, իր խոսքով ասած, իր «առաջին ինքնուրույն քայլն էր»:

Դա մի օր էր, որն իրեն տարավ դեպի նպատակ։ Իսկ նպատակն էր՝ ընդունվել ՎՊՀ հայոց լեզվի և գրականության բաժին։ Նա առաջին դասարանից էլ գիտեր, որ ուզում է դառնալ մանկավարժ։ Կանաչ աչքերով աղջիկը սիրում է հայոց լեզուն, իսկ գրականությունը նրա տարերքն է։ Լուսինեն ընդունվեց համալսարան։ Սիրում է իր կուրսեցիներին ու նրանցից յուրաքանչյուրի հետ շփվում է որպես առանձին անհատ։ Նա ընկերությունը համարում է մի բան, առանց որի մարդն ապրել չի կարող։ Դասախոսական կազմին անդրադառնալիս Լուսինեի դեմքին ժպիտ հայտնվեց, և նա ասաց, որ այդ անձնակազմի մեջ գտել է մեկին, որը իր կարծիքով ամենաանթերի մարդն է աշխարհում։ Այդ դասախոսը Գայանե Մալումյանն է, որը Լուսինեին դասավանդում է գրականություն։

-Բառեր չունեմ նրա մասին ասելու, բառերը շատ սովորական են նրա մասին խոսելու համար, դա տեսնել ու զգալ է պետք։ Ցանկանում եմ, որ վայելես նրա ուսանողը լինելու պատիվը։

Սակայն Լուսինեի կյանքում տեղի ունեցած մի իրադարձություն ամբողջովին փոխեց նրա կյանքը։

-Կյանքիս ամենավատ օրը հորս մահվան լուրն իմանալու օրն էր, մի քանի վայրկյանում կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Հայրս ինձ համար ամբողջ աշխարհն է, նրա մասին անցյալով խոսել չեմ կարողանում, որովհետև նա ինձ հետ է ամեն վայրկյան։

Սակայն այս դժբախտությունը չկոտրեց Լուսինեին, և նա չհանձնվեց, պայքարեց և կանգնեց սեփական ոտքերի վրա։

Հոր մահվանից հետո Լուսինեի հոգսերը կրկնապատկվել են։ Այժմ Լուսինեն ապրում է ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի` փոքր քրոջ և մոր համար։ Նա աշխատանքի է ընդունվել խանութում։

-Փորձում եմ ամեն կերպ լրացնել այն բացը, որն առաջացել է հորս մահվանից հետո: Ամեն ինչ անում եմ, որ փոքր քույրս ոչ մի բանի կարիք չունենա՝ թե ֆինանսապես, թե հոգեպես։

Աշխատելու փաստը Լուսինեն համալսարանում որպես զենք երբեք չի օգտագործում, չնայած հարկ եղած դեպքում նրան օգնում են և դասախոսները, և գործընկերները։

Կյանքում ամեն ինչի փորձում է հասնել ինքնուրույն, շատ դժվար է օգնություն ընդունում։

Լուսինեն այժմ միայն մի բանի համար է ափսոսում, որ ամաչել է հորից, կուզենար, որ նրա հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենար հասուն տարիքում։

-Մեր վերջին խոսակցությունը հեռախոսով էր։ Ափսոսում եմ, որ լսեցի նրան և համաձայնեցի, որ ավելի ուշ զանգի: Իսկ հայրս առաջին անգամ իր խոստումը չկատարեց…

Նա իրեն համարում է ուժեղ մարդ, և դա իսկապես էլ այդպես է։

Շատ եմ ուզում, որ Լուսինեն երբեք չկոտրվի և հասնի իր նպատակների իրագործմանը:

mariam barseghyan1

Սնահավատ պատմություններ. մաս 1

-Ասում են՝ որ ծիտը տուն ա մտնում, ուրեմն կա՛մ լավ խաբար ես ստանալու, կա՛մ վատ: Ես չէի հավատում, բայց այնպես ստացվեց, որ սկսեցի հավատալ: Մի օր մեր բալկոնում նստած էի, մեկ էլ մի թռչուն դրսից տուն մտավ ու պատին կախած խալու վրա կանգնեց, հետո առանց քշելու արագ թռավ, գնաց: Նշանակություն չտվեցի դրան, որովհետև դե, ծիտ ա, էլի, ի՞նչ անենք, որ տուն ա մտել: Այդ ժամանակ լամպերի գործարանում էի աշխատում ու հաջորդ օրը ինձ հետ աշխատողներին կատակով պատմեցի եղածը: Աղջիկներից մեկն ասեց, որ լավ բան չի եղել ու պատմեց, որ տարիներ առաջ իրենց տուն ծիտ էր մտել ու կանգնել իր տատի գլխին: Ուղիղ մեկ շաբաթ անց տատը մահացել էր: Ես էլ ասեցի, որ ուղղակի համընկել է, բայց մեջս կասկած ընկավ: Ամուսինս Թիֆլիսում էր ու մի քանի օր մերոնց տանն էր մնացել: Երբ վերադարձավ, ասեց, որ ծնողներս լավ են: Բայց մի շաբաթ հետո Թիֆլիսից վատ լուր ստացանք՝ մամաս մահացել էր: Ու այդ օրվանից սնահավատ եմ դարձել, այդ թռչուններին էլ չեմ սիրում:

-Էդ վատը հիշում ես, բա լավն էլ ասա, է: Ազիզ ջան, էդ դեպքից տարիներ հետո, էլի տուն ծիտ մտավ, ու հաջորդ օրը խաբար եկավ, որ մորքուրս գալու է Ամերիկայից: Ու էլի է եղել, որ տուն ծիտ է մտել, ու լավ լուր ենք ստացել,- խոսակցությանը միացավ զրուցակցիս որդին:

Այն, ինչին մենք հավատում ենք, հաճախ իրականության է վերածվում: Մի քիչ լավատեսությունը և սնահավատ լինելու, վախենալու փոխարեն պատահականության սկզբունքին հակված լինելը մեզ չէր խանգարի: Բայց մեր մեջ բացարձակ անվախ մարդիկ չկան, ես էլ եմ սնահավատ, ես էլ կատուներից եմ վախենում, հետո ի՞նչ:

khachik buniatyan

Հարգանք

Ես ապրում և սովորում եմ Ֆրանսիայում։ Կյանքում մտքովս անգամ չէր անցնի, որ Հայաստանից բացի ուրիշ տեղ կարող եմ ապրել, բայց կյանքը լի է անակնկալներով։ Գալով Ֆրանսիա՝ շատ բաներ փոխվեցին իմ բնավորության մեջ։ Առաջին հերթին սկսեցի բոլորին հավասար աչքով նայել՝ չտարբերելով ազգությունը, կրոնը կամ մաշկի գույնը։ Բացի բնավորությունը՝ մտածելակերպումս էլ ահռելի փոփոխություններ կան:

Հայաստանում միշտ մտածել ենք, որ թուրք կամ ադրբեջանցի մարդիկ վատն են։ Այստեղ ունեմ և՛ թուրք, և՛ ադրբեջանցի ընկերներ։ Քիչ-քիչ մտերմանալով նրանց հետ՝ հասկացա, որ այնպիսի ազգ չկա, որտեղ և՛ վատ, և՛ լավ մարդիկ չլինեն։ Ուղղակի մենք միշտ մտածել ենք, որ նրանք վատն են, քանի որ մեր, կարելի է ասել, թշնամի ազգից են։ Միգուցե Հայաստանում կամ Թուրքիայում նույն մարդիկ իրար հետ լեզու չգտնեն, բայց օտարության մեջ բոլորը հավասար են դառնում։

Հարգանք. և էլ ոչ մի բան պետք չէ մարդու հետ շփվելու համար։ Ես քրիստոնյա եմ, ընկերներիս մեծ մասը սևամորթներ և մուսուլմաններ են։ Դա մեր ընկերության մեջ ոչ մի խոչընդոտ չի առաջացնում։

Ապրել և զարգացնել աշխարհայացքը քո մեջ, քո սրտում…

Մնացականը

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Դու շատ սովորական մարդ ես մինչև այն պահը, երբ հասկանում ես, որ ինքնուրույն հասել ես որևէ բանի և ունես ուժ՝ փոխելու աշխարհը:

Հենց այս խոսքով եմ ուզում սկսել այն ամենը, ինչի մասին խոսելն ուղղակի զգացումներով կիսվելու չափ անկեղծ ու պարզ է: Նախ, ուզում եմ մի հարց տալ քեզ: Քո կարծիքով՝ ո՞վ է լավ լուսանկարիչը: Նա, ով որևէ ստուդիայում է սովորել կամ մասնագիտացված կենտրոնո՞ւմ, կարճ ասած՝ մեկն, ում օգնել են սովորել ու ուղղորդե՞լ են: Այս տեսակետին հակառակվելով՝ կպատմեմ մեկի մասին, որին նոր եմ բացահայտել:

«Սևան Ստարտափ Սամիթ 2017»-ին մասնակցում էին նաև լուսանկարիչներ ու լրագրողներ: Սամիթի առաջին օրը մեդիա թիմի հավաք տեղի ունեցավ, որի ժամանակ ծանոթացանք թիմի ղեկավարների հետ: Զգացվում էր, որ երկուսն էլ իրենց գործում շատ լավ մասնագիտացած են, որովհետև ինչ-որ թիմ ղեկավարելու համար բարձր մակարդակի գիտելիքներ են պետք: Իսկ մասնագետ լինելը մեզ մոտ միշտ կապվում է մեծ տարիքի հետ:
Մնացականը լուսանկարիչների ղեկավարն էր: Նրա հետ շփման ընթացքում իմացա, որ դեռ ավագ դպրոցում է սովորում: Լուսանկարչությամբ վաղուց է զբաղվում և, որ ամենակարևորն է, Մնացականն ինքնուս է լուսանկարչության մեջ: Սովորել է ինքնուրույն, նպատակասլացությամբ աշխատել ինքն իր վրա և հասել այն ամենին, ինչին կարող է և չհասնել երկար տարիներ լուսանկարչությամբ զբաղվող մեկը: Մնացականն այժմ աշխատում է ASI Media Agency-ի և Startup Armenia Foundation-ի մեդիա ոլորտում: Որակյալ ու գեղեցիկ լուսանկարներով աչքի է ընկել դեռ անցյալ տարվա Սամիթից, և սա հնարավորություն է տվել նրան սկսելու իր կարիերան: Լուսանկարիչները շատ-շատ են, այս ոլորտում անհրաժեշտ է լինել տարբերվող՝ ունենալով լուսանկարչության ուրույն ոճ, տեխնիկա, գունային համադրում: Հիմա, երբ խոսում եմ նրա հետ, անընդհատ զբաղված է, աշխատանքի է, պատվերներ է ընդունում: Այսինքն՝ արդեն սկսել է ձևավորել իր ոճը, և մեծ պահանջարկ ունի: Սակայն հասցնում է դպրոց հաճախել ու կատարել տնային աշխատանքները բոլորիս նման:
Երբ ավելի շատ շփվեցի նրա հետ, աշխարհայացքս լիովին փոխվեց: Սկսեցի այլ աչքերով նայել ամեն ինչին: Ինչպես նա է ասում՝ սիրելով այն ամենն, ինչն անում ես ժամանակիդ որոշ մասը դրան հատկացնելով, նպատակասլացությամբ ու համառությամբ անընդհատ աշխատելով՝ յուրաքանչյուրն էլ կարող է մեծ հաջողություններ ունենալ: Հաջողություններ, որոնց հիմքը մեր՝ ինքնուրույն ձեռք բերած գիտելիքներն են:
Նրա օրինակն ունենալով իմ կյանքում՝ հասկացա, որ ամենևին էլ պետք չէ ինչ-որ անհասանելի մեկով ոգեշնչվել, ում չես էլ տեսել: Ուղղակի անհրաժեշտ է ուշադիր շուրջդ նայել, արդյոք չկա՞ մեկը քո շրջապատում, որ դառնա քո ոգեշնչման աղբյուրը թեկուզ փոքրիկ գործով:
Կյանքի հետաքրքրությունը կայանում է հենց այսպիսի մարդկանց բացահայտելով: Նրանք հաստատ կան ու արժանի են գնահատվելու ու սիրվելու:

monika mamyan

Թփատակի մորին ու հինգ գզգզված աղջիկները

Ինչ-որ մի ես ամեն պահի փսփսում է.

-Դե՛, հիշի՛:

Սեպտեմբերի 22-ին ես էլի հավես պատառիկ հիշեցի: Սարերում եմ՝ ամենատաքուկ տատիկի, պապիկի ու ծաղիկների գրկում, բայց այս անգամ «եմ» չէ, այլ «ենք»: Չորսով էինք: Ը՜մ, խաբեցի՝ չորսով չէ, հինգով:

Մեր մեջ ասած՝ մեր միջից ամենամեծը տարիքով հիմա ամենափոքրն է հասակով: Մարիամի՜կ: Գայուշը՝ Մարիամիկի փոքր քույրիկը, էնքան համեստ ու լսող աջիկ է: Եթե մի 5 րոպե շատ համոզենք, վստահ կասի՝ մածունը կանաչ է կամ էլ դեղին, իսկ ավանդական տարբերակով՝ սև:

Մեզնից ամենահամեստն ու ամենալացկանը Նանեն էր: Երբ մենք մեծերով զրուցում էինք, ինքն ու փոքր քույրիկը միշտ արևից տաքացած քարերին նստած էին լինում: Ո՞վ ասաց, որ մի տարի մեծ լինելը ընդհանրապես երանգ չի փոխում: Ես կասեմ ավելին՝ ամբողջ պատմության գույներն է փոխում:

Մելինե, Մոնիկա: Էս երկուսը զույգ են ու միշտ իրար հետ: Հա՜, չմոռանամ ասել՝ Մելինեի մոտ էլ Մոնիկան է փոքր քրոջ կարգավիճակում: Մի պահ դուք պատկերացրեք այդ երկու մեծերի վեճը: Ո՞վ կհաղթի: Ոչ մեկը: Էդ ամենից հետո նրանք հազիվ հասցնում էին իրենց գզգզված մազերը հավաքել: Հավաքում էին լացելով, ու հետո էլի լացելով պապիկի օրակարգով սահմանված բոլոր դարակներն էին դասավորում ու հողե հատակն ավլում՝ վստահ լինելով, որ ինչ-որ պահի սալիկի նման կփայլի:

Դե, այս ամենը մեզ երեքիս էլ էր վերաբերում, բայց կարևորը դրա շարունակությունն էր:

Հինգ աղջիկ երեխա՝ մեկը մեկից ահավոր: Տատ ջան, դիմանալ է պետք: Պապիկը էլի կբարկանար ու օրակարգը կհիշեցներ, տատիկը ոչ բարկանալ գիտեր, ոչ էլ սիրելի թոռներին «չէ» ասել:

-Տատի՜կ, մենք գնում ենք մորի քաղելու, ամաններ կտա՞ս:

Տատիկը հերթով դատարկ շշերը կտրում էր, ամուր, ձիգ թելեր էր հյուսում և վերջ:

Տավուշի սարերում 3 բան կա, որոնցից ոչ մեկս երբեք չենք հագենա՝ սառը ջուրը, սարածաղկի հոտն ու թփատակերի մորին: Ով ուզում էր խնդրեր՝ մեր գտածը ոչ ոքի երբեք չէինք տա:

Այ, հենց էդ ժամանակ ես ու Մելինեն ուժով 3 հատիկ մորին չտվինք: Նանիկն անցավ իրենց հռչակավոր թիմ: Բաժանվեցինք երկու մասի՝ 3-2:

Երեսուն, քառասուն, միգուցե նաև հիսուն րոպե անդադար պտտվեցինք ամբողջ անտառով ու լիքը պաշարով, մեզնից գոհ-գոհ հետ գնացինք տնակ: Բան չէր փոխվել էդ ժամանակահատվածում, պայքարող կողմերը զիջումների չէին գնացել:

Պատմությունն ավարտվեց հօգուտ մեզ, ի վնաս Մարիամ-Գայանեի: Նանեն տարավ մորին, ու վերջապես թիմերն ունեցան այս տեսքը՝ 4-1:

arxiv

Լավագույնը երեխաներին

«Ինչո՞ւ երեխաների համար ամեն ինչ վատ է արվում: Լավ նկարիչը մեծերի համար է, իսկ ամենաանպետքը՝ երեխաների: Երեխաների համար գրքեր է գրում ամեն ոք, ով չի ծուլանում. և՛ ոտանավորներ, և՛ երգեր: Ում որ մեծերը լսել չեն ուզում, գնում է երեխաների մոտ: Իսկ մենք էլ հենց բոլորից շատ ենք սիրում լավ հեքիաթներ, նկարներ և երգեր»:

Յանուշ Կորչակ

Այդ դեպքում իսկապե՞ս լավագույնը երեխաներինն է…

Պատժաթոռներ

-Տիկի՛ն Կարապետյան, Տիգրանը այսօր չի գալու՝ մեջքն է բռնվել…

Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսվել են դասերը, բայց Տիգրանը արդեն երկրորդ անգամ է բացակայում՝ պատճառը մեջքն է: Խեղճ տղան ամբողջ դասին մեջքը աթոռին չի հենում, քանի որ այնքան չոր է ու կոպիտ, որ մեռնելու չափ ցավեցնում է:

Կարծում եք՝ արդա՞ր է, որ ուսուցիչները նստում են փափուկ և հարմարավետ աթոռին, իսկ մեզ բաժին են ընկել այս չոր և արդեն օգտագործման համար ոչ պիտանի աթոռները: Կամ ինչո՞ւ են գրասենյակներում պահարաններն այդքան լավը, իսկ մեր պահարանը կոտրվում է անգամ մեկ տետրի ծանրությունից… Այո՛, անարդար է:

Ես հաստատ գիտեմ, որ Տիգրանը վաղը նույնպես դասի չի գա…

Դիանա Շահբազյան, 14 տ.

***

Հացի երեք փշրանք

-Երեխաներ, այս գումարը վերցրեք և գնացեք խանութ և ինչ ուզում եք՝ ձեզ համար գնեք,- ասաց մայրս, որպեսզի ես և եղբայրս պարզապես տանից դուրս գանք, և ինքն ու մորաքույրս հանգիստ զրուցեն:

-Մամ, բայց հաստա՞տ ինչ ուզենք՝ կարող ենք գնել,- համենայնդեպս հարցրի ես:

-Հա, հա, ինչ ուզեք,- իմիջիայլոց պատասխանեց մայրիկս:

Ժպիտը դեմքիս, մեծ վճռականությամբ մորաքրոջս որդու ձեռքը բռնեցի և քարշ տվեցի խանութ:

Նրա տրամադրությունը, չգիտես ինչու, ընկած էր: Սակայն դա երկար չտևեց: Ինչքան էլ նա դիմադրում էր, ես հասա իմ նպատակին: Եվ շուտով ժպիտը կախարդական մի շարժումով հայտնվեց նրա դեմքին: Դա այնքան էլ դժվար չէր:

Երբ հասանք խանութ, ես թխվածք գնեցի, հյութ և առաջարկեցի մի բան էլ ինքն ընտրի: Նա ոչինչ չասաց, սակայն ես գիտեի, թե ինչը կարող է նրա տրամադրությունը բարձրացնել: Դրանք, իհարկե, վնասակար, բայց շատ համեղ պաքսիմատներն էին՝ «Հացի երեք փշրանքը», որ մայրիկը երբեք չէր գնի: Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ դրանք սիրում:

Ուրախ-ուրախ հասանք տուն, թխվածքը դասավորեցի ափսեի մեջ, հյութը լցրեցի բաժակները, իսկ պաքսիմատները տոպրակով դրեցի սեղանին:

Երբ մայրիկները ներս մտան, միանգամից նկատեցին արգելված տոպրակը:

-Այս ի՞նչ եք գնել,- զայրացավ մայրիկս:

-Այն, ինչ ուզել ենք: Դու չասացի՞ր՝ ինչ ուզում եք, գնեք,- հանգիստ ձայնով հիշեցրի ես:

-Բայց սա շատ վնասակար է առողջությանը: Հանկարծ չուտեք: Ավելի լավ է՝ մենք ուտենք, որպեսզի դուք առողջ մնաք,- ասաց մորաքույրս և արագ-արագ սեղանի վրայից վերցրեց «վտանգավոր» պաքսիմատները:

Լուսինե Ալեքսանյան, 14 տարեկան

***

Առանց ընկերների

«Դե արի ու հարմարվի էս անհարմարությանը,- մտածում էի ես,- ախր, սենց ո՞նց կլինի, ես չեմ կարա հարմարվեմ էս նոր դպրոցին: Չնայած ուրիշ ինչ կարամ անեմ, հը՞, ի՞նչ: Էս ամենը ինձնից կախված չի»:

Հիմա էլ լուռ նստած եմ նոր դասարանում, բոլորը աղջիկներ են, ոչ ոք չի խոսում, իսկ ես ուզում եմ ծանոթանալ կողքիս աղջկա հետ: «Ի՞նչ անեմ,- նորից մտածում էի ես,- լավ, հաշվում եմ մինչև տասը, եթե մինչ այդ չխոսեց, ես եմ խոսելու՝ 1, 2, 3… 10»:

-Դու այս դպրոցի՞ց ես,- հարցրի ես:

-Հա:

«Այ քեզ մարդ, նենց կոնկրետ պատասխանեց, որ էլ չկարողանամ շարունակել: Բա հիմա էլ ի՞նչ հարցնեմ»:

-Իսկ դպրոցում բուֆետ կա՞:

-Հա, կա, ոնց չկա,- հարցիս քմծիծաղով պատասխանեց նա:

«Հա, կծիծաղես, բա ինչ կանես, ասա՝ էդ հարցը որտեղից եկավ գլուխդ մտավ, մենակ ես կարայի էս րոպեին սենց անկապ հարց տալ: Է՜, լավ հա, ես էլ չեմ խոսելու, պետքս էլ չի»,- հազիվ զսպելով, որ բարձր չասեմ՝ մտածեցի ես: Ու արհամարհական շարժումներ անելով՝ հանեցի մի թուղթ ու սկսեցի նկարել:

-Իսկ դու ո՞ր դպրոցից ես եկել,- խոսեց կողքիս նստած աղջիկը:

-Երկրորդ,- զարմանալով, որ հարցն ինձ էր ուղղված, կամ որ վերջապես որոշեց խոսել, կարճ կոնկրետ պատասխանեցի ես ու էլի հազիվ ինձ զսպելով, որ բարձր չասեմ, մտածեցի. «Ըհը, հիմա էլ դու տանջվի, իզուր քո պատճառով այդքան բարկացա»:

Ո՞վ հնարեց էս ավագ դպրոցները, հը՞: Եթե մեծահասակների փոխարեն մեկը որոշեր, թե ում հետ ընկերություն անեն, ուր գնան սովորելու ու հաշվի չառնեն իրենց կարծիքը, կհամաձայնե՞ն: Մի՞թե մենք իրավունք չունենք ընտրելու այն, ինչ մենք ենք ուզում…

Սիրան Մանուկյան, 14 տարեկան

***

Մեր կյանքի կակտուսները

-Տիկ, Տիկ, կլինի՞՝ ես էլ ձեզ հետ զբոսնելու գամ:

-Չէ, Մաշ, մենք մեծերով ենք գնում: Գաս՝ ի՞նչ ես անելու:

-Էէ, բայց իմ ծնդդյան օրը քո նույն ընկերները չէի՞ն: Համ էլ, ես այդքան փոքր չեմ,- հետո բողոքեցի մայրիկին,- մա՜մ, ինչո՞ւ ինձ էլ իր հետ չի տանում:

-Նա է մեծը, լսիր նրան:

Ես վերցրի իմ արջուկն ու սկսեցի ինքս ինձ հետ խոսել.

-Ինչո՞ւ են մեծերն այսքան անարդար: Ասում են, թե ամեն ինչ մեր օգտին են անում, բայց հակառակն է ստացվում: Ասում են, թե մենք նրանց կյանքի ծաղիկներն ենք, բայց ծաղիկ ասելով հասկանում են կակտուս: Ասում են՝ մենք ենք նրանց կյանքի իմաստը, բայց կյանքի «արգելակների» նման են վերաբերվում: Երբ պետք է՝ նրանց նրանց համար մենք փոքր ենք, երբ պետք չէ՝ մեծ: Օրինակ, երբ ավագ եղբորս խնդրում եմ ինձ էլ կինո տանի, ասում է՝ դեռ փոքր եմ: Իսկ երբ խնդրում եմ, որ հյութ գնի, ասում է՝ մեծ եմ և ինքս կարող եմ գնել:

Մտքիս թելը կտրելով՝ իմ սենյակ ներխուժեց կրտսեր եղբայրս.

-Մաշ, ընկերներդ են եկել, քեզ զբոսնելու են հրավիրում:

-Հա՞… ասա թող ներս գան, ես հիմա կգամ:

-Ինձ էլ քեզ հետ կտանե՞ս:

-Չէ, դու դեռ փոքր ես:

Մանե Ռոստոմյան, 13 տարեկան

***

Վաղվանից՝ երեխաների ժողով

-Վաղը ծնողական ժողով է,- հայտարարեց դասղեկը,- բոլոր ուսուցիչները բողոքեր ունեն:

Այդ ժամանակ մտածեցի. «Ինչո՞ւ է այդքան «անարդար» երեխաների աշխարհը: Ինչո՞ւ չկան երեխաների ժողովներ, որտեղ կբողոքեն ծնողներից և ուսուցիչներից: Եվ ինչո՞ւ մեծերը տնային աշխատանք չեն անում: Ֆիզիկա, քիմիա, պատմություն, լեզուներ…

Վա՜յ, ինչ մեղք ենք մենք՝ երեխաներս»:

Բայց հետո հասկացա: Չէ որ նրանք էլ են երեխա եղել, դաս արել, նստել անհարմար աթոռներին: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Հետո էլ մենք կմեծանանք և կգնանք ծնողական ժողովների:

Բայց գոնե իրենց «դաժան մանկությունը» հիշելով՝ չկրկնեն նույնը:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ի՞նչ կփոխվեր

Երբ ես տարրական դասարանում էի սովորում, մեր դպրոցը որոշեցին վերանորոգել: Մենք ստիպված եղանք տեղափոխվել ուրիշ դպրոց, և մինչև մեր դպրոցը կվերանորոգեին, պետք է դասի գնայինք երկրորդ հերթով: Դպրոցից անմիջապես հետո ես և քույրս գնում էինք երաժշտական դպրոց: Երբ ես նվագում էի, քույրս էր նստում դասասենյակի բազմոցին և սպասում, իսկ երբ ես վերջացնում էի, մեր դերերը փոխվում էին:

Մի անգամ, երբ սպասողը ես էի, հոգնել էի նստելուց և որոշեցի կանգնել: Հենց կանգնեցի և փոքր-ինչ հեռացա բազմոցից, առաստաղից մի մեծ կտոր պոկվեց և ընկավ բազմոցի վրա: Բոլորս վախեցած շրջվեցինք, հատկապես՝ քույրս և ուսուցչուհիս, որովհետև նրանք կարծում էին, թե ես դեռ նստած եմ բազմոցին: Ուսուցչուհիս, իհարկե, շատ անհանգստացավ, անմիջապես տեղյակ պահեց բոլորին, սակայն ոչ ոք չանհանգստացավ, քանի որ արդեն ուշ երեկո էր:

Իսկ եթե անհանգստանային, դրանից ի՞նչ կփոխվեր:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

2011 թվական