Seroj araqelyan

Քիչ մնաց

Քայլում եմ գյուղով, չէ, գյուղի կենտրոնով. ճանապարհ, շատ մեքենաներ, աղմուկ, դե Երևան-Վրաստան ավտոճանապարհը անցնում է մեր գյուղով, աղմուկը պարտադիր է, գյուղ է, բայց քաղաքի շարժին հավասար: Լավ, շատ չձգձգեմ՝ ինչու է քիչ մնացել կամ ինչից: Զբաղվելու բան չկա: Իրականում, եթե խոստովանեմ, զբաղվելու շատ բան կա, գյուղի կյանք է՝ հոգս, աշխատանք, խոտհունձ, կարտոֆիլ հանել, խաղողի քաղ, բերքահավաք, անտառային հատապտուղներ պահածոյի համար: Ասացի՝ շատ չձգձգեմ, բայց էլի ձգձգում եմ, ասածս ինչ ա՝ քիչ մնաց, և ես շուտով կկարոտեմ այս ամենը: Սեպտեմբերից Երևան եմ գնալու՝ դասեր, նոր շրջապատ, նոր միջավայր և սովորականից տարբերվող առօրյա: Երբ գյուղում եմ, ասում եմ՝ անելու բան չկա, իսկ երբ լինեմ Երևանում, ասելու եմ՝ անելու բան շատ կա, ուղղակի չեմ հասցնում, կամ անծանոթ լինելու պատճառով մի քիչ քաշվում եմ:

Պատմում էի մեր գյուղի ճանապարհների աղմուկից, որն արդեն սովորական է դարձել, բայց հիմա այդ ճանապարհները շատ են լինելու, աղմուկը՝ էլ ավելի: Աղմուկին սովորել եմ, կհամակերպվեմ: Ինձ մոտ էսպես է. երբ գյուղից անգամ մեկ օրով եմ հեռանում, մտածում եմ՝ վերջ, ամեն ինչ փոխվեց գյուղում, ինչի՞ գնացի: Բայց իրականում գիտեմ, որ ոչինչ էլ չի փոխվել. ինձ չէին սպասում, որ հենց գնամ, նոր զարգացնեն գյուղը: Վեց օրից չորս ամիս գյուղում չեմ լինի, հա, հնարավոր ա ամիսը մեկ՝ շաբաթ, կիրակի օրերին այցելեմ, բայց դա քիչ է: Կարող եմ անգամ ամեն ամիս գալ, բայց այդ 4 ամսվա հետևում կա 2 տարի, որ հենց ինձ է նայում՝ ես երեսս շրջում եմ: Հիմա կմտածեք՝ վախենում եմ ծառայությունից, բայց հավատացեք, ինձ համար մեկ է: Ես սահմանից եմ բանակ գնալու, ու դա նույնն է, որ մի սահմանամերձ գյուղից գնաս մեկ այլ սահմանամերձ գյուղ. ամենահասարակ բաներից է: Չէ, ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում այդ երկու տարին ապրել օտար մի վայրում, անծանոթներից էլ չեմ վախենում, կծանոթանամ և ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի գալու է մի ժամանակ, որ երազելու եմ այս պահի մասին, որ բազկաթոռին նստած նյութ եմ գրում, կամ երբ առավոտը դիմավորում եմ մատիտից սևացած ձեռքերով, ինչու չէ՝ նաև այդ գյուղի մեջ անհավես քայլելու պահն եմ կարոտելու, երբ ամենուր նույն մթնոլորտն էր կանգնած, ամեն օր կրկնվող նույն խոսակցություններն եմ կարոտելու: Բանակում կթեթևանամ օրվա աշխատանքներից, բայց չգիտեմ էլ՝ ուրախ եմ, թե տխուր: Լավ գիտեմ, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կարոտելու եմ այն պահը, երբ գործի էին դնում ինձ, իսկ ես ալարում էի, կամ փնթփնթալով անում:

Մի քանի օր մնաց: Մի քանի օր էլ քայլեմ ու կիսատ թողած գործերս վերջացնեմ, որ գնամ, չասեմ՝ սա մնաց, նա մնաց: Նախորդ նյութում ասացի՝ կպատմեմ, թե ոնց սիրահարվեցի, միայն մի պայմանով՝ եթե ամեն ինչ լավ վերջանա, իսկ այս նյութս կշարունակեմ այն ժամանակ, երբ հասնեմ քաղաք և ապրեմ չորս ամիսը Երևանում:

ruzanna stepanyan

Մի օր կհանդիպենք

Ես երևի միակը չեմ այն պատանիներից, որոնք բազում մասնագիտություններ են ընտրել ապագայի համար՝ ուսուցչից մինչև վարսահարդար, բժշկից մինչև խոհարար։

Այս տարի ես ավարտել եմ 9-րդ դասարանը։ Ուսումս շարունակելու եմ Կապանի համար 2 ավագ դպրոցի հումանիտար հոսքում։  Մենք՝ ապագա հումանիտարներս, արդեն ծանոթ ենք միմյանց հետ։ Երբ սկսեցինք ծանոթանալ, խոսեցինք այն մասին, թե ով ինչ է ցանկանում դառնալ՝ իրավաբան, ուսուցիչ, լեզվաբան: Երբ հերթը հասավ ինձ, և ես ինձնից գոհ ասացի, որ ցանկանում եմ դառնալ լրագրող, աղջիկներից մեկն ասաց.
-Չե՞ս վախենում, որ գլուխդ «ուտեն»։
-Հը՞։ Չէ։ Ինչի՞ց վախենամ։
-Դե, եսիմ, Ռուզիկ։ Լրագրողների կյանքը բարդ ա, անընդհատ քաշքշուկների մեջ են լինում։ Համ էլ չե՞ս տեսել, թե Շամշյանը քանի անգամ ա հիվանդանոց ընկել։
-Չէ։ Չեմ վախենում։
Աղջիկները որոշեցին ինձ տալ «դուխով» մականունը։
Ես ապագա լրագրող եմ։ Հաստատ եմ որոշել։ Ես չեմ վախենում ոչնչից։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև ես լիովին պատրաստ եմ ամեն օրս անցկացնել մի նոր արկած ստեղծելով։ Եվ վերջապես, լրագրող դառնալով՝ ես չեմ սպասի շաբաթվա վերջին, իսկ ցանկացած այլ մասնագետ դառնալու դեպքում այդպես կլինի:
Մի օր կհանդիպենք ես ու դու. ես՝ հեռուստացույցի էկրանին, դու՝ մյուս կողմում: Խոստանում եմ:

valentinaChilingaryan

Սեպտեմբերին ընդառաջ

Երբ դրսում ջերմաստիճանը 45 աստիճանից ավելի է, շատերը մոռանում են ձմռան մառախուղի ու ցրտի մասին, որի համեմատ, ըստ իս, այս ամառ դրախտային եղանակ էր: Շատ սոցիալական ցանցերի օգտատերեր ձմռանը գրում էին. «Ով ամռանը ասի շոգ ա՝ բլոք եմ անելու»՝ երազելով ամռան ջերմության մասին: Բայց ամառն էլ եկավ, մարդիկ էլի բողոքեցին, որ անդիմանալի շոգ է, ու էլի գրեցին. «Ով ձմռանը ասի ցուրտ ա՝ բլոք եմ անելու»: Բողոքող մարդը միշտ ամեն ինչից էլ կբողոքի, կապ չունի՝ ամառ է, թե ձմեռ: Դրա համար կարելի է թեթև նայել ամեն ինչին, եղանակն այնպես օգտագործել, որ մոռանաս ամառվա տապի կամ ձմեռվա ցրտի մասին:

Ամառվա սկզբին ոչինչ չէի պլանավորել, մտածում էի ամեն տարվա պես միայն տանը փակվելով գիրք կկարդամ, ու սովորությանս համաձայն, կազմել էի այն գեղարվեստական գրքերի ցուցակը, որոնք պետք է ընթերցեի: Բայց Աստված մեծ է, ի՞նչ իմանաս՝ վաղն ի՞նչ կլինի: Սկսեցի գրանցվել տարբեր ամառային ծրագրերի ու անցա գործի: Երևի թե ողջ ամառվա ընթացքում ամառային զանազան ծրագրերին համատեղ ոչ մի կոնֆերանս բաց չեմ թողել: Անգամ դրանց զուգահեռ սկսեցի վերից վար ուսումնասիրել աստղագիտությունը: Դե, մենք դպրոցում նման առարկա չենք անցնում, ինչի համար շատ եմ ափսոսում: Բայց, ինչպես ասում են՝ ափսոսում են միայն չկարդացած գրքերի համար: Ուստի ուսումնասիրեցի աստղագիտության հետ կապված շատ գրքեր: «Լույս» հիմնադրամի շնորհիվ էլ մասնակցեցի Փրինսթոնի համալսարանի ուսանող Հայկ Հակոբյանի կազմակերպած գիտության փառատոնին: Շատ ուրախ եմ, որ մասնագիտություն ընտրելու տարբերակներիս ավելացել է նաև աստղագետ դառնալու երազանքը:

Մասնակցելով անգլերեն լեզվով անցկացվող հանդիպումների՝ երեք ամսում գրեթե բարելավել եմ բանավոր խոսքս: Հեռուստատեսությունում էլ գործնական դասերս այնքան խոստումնալից անցան, որ կարելի է ցուցակից չհեռացնել նաև «հեռուստատեսային դեմք» դառնալու երազանքը:

Եվ վերջում՝ մի քանի գրական ակումբների անդամագրվելու հարցազրույցներ եմ տվել, որպեսզի աշունս էլ նույնքան հաճելի անցնի, որքան ամառս: Հույս ունեմ, որ կանցնեմ:

Դե՜, աշունը մոտենում է, դպրոցները կբացվեն, ու բոլորիս համար կսկսվի նոր շրջան: Կարոտել եմ դպրոցն ու դասերը, ուսուցիչներիս ու ընկերներիս, տիկին Աիդային և նրա պատրաստած բուտերբրոտները: Չէ, ես «բկլիկ» չեմ, ուղղակի նորմալ է, որ մարդիկ 3-րդ դասաժամից հետո քաղց են զգում:

Թող լինի հաջող ուսումնական տարի բոլոր կրթական հաստատություններում, որ երբեք սոցիալական ցանցերում չտեսնենք. «Ով չսովորեց՝ բլոք եմ անելու» արտահայտությունը: Հագեցած արձակուրդներից հետո կարելի է նվիրվել խոստումնալից սեպտեմբերին, չէ՞ որ ինչպես ասել է հայտնի պապիկը՝ սովորել, սովորել, սովորել…

elizabet harutyunyan

Դե, օգնե՛ք

Խոսում են 6-8 տարեկան երեխաները.

-Դե, օգնե՛ք, երեկ միասնական ընթրիքի ժամանակ նայում էին ինձ և Սեդային՝ ասելով, որ երբ մեծանանք, պետք է իրար հետ ամուսնանանք, իսկ ես սիրում եմ մեր դասարանի Աննային։ Ի՞նչ անեմ, որ հիասթափվեն ինձանից և իրենց աղջկա համար ուրիշ փեսացու գտնեն։
Երթուղայինում հաճախ են պատահում դեպքեր, երբ ես, լսելով հետաքրքրաշարժ խոսակցություն, հանում եմ ականջակալներս:
-Ալե՛ն, լսի՛, ես գիտեմ, որ լինում են այնպիսի տիկիններ, որոնք տեսնում են՝ իրենց աղջկան սիրող տղան հարուստ է, թե աղքատ, և աղքատ լինելու դեպքում ասում են, իբր տղան լավ կրթված կամ լավ դաստիարակված չէ, այդ իսկ պատճառով համապատասխան չէ իրենց աղջկան։
Ակամա հիշեցի՝ ինչպես էր նույնը կատարվում ինձ հետ։
Ծնողներիս հետ հյուր էինք գնացել հայրիկիս ընկերոջը, որտեղ ինձանից 2 տարով մեծ տղա էր ապրում և մի տարով փոքր աղջիկ։ Անգամ չեմ հիշում՝ ես քանի տարեկան էի, կարծեմ՝ դպրոց էլ չէի գնում։ Սեղանի շուրջը նստած՝ մեծերը խոսում էին, որ համապատասխան զույգ ենք։ Ծիծաղելի է, չէ՞: Այդ ժամանակ ինձ համար շատ անհասկանալի էր, թե ինչու էդպես որոշեցին։ Հիմա հասկանում եմ, որ այդ պահին նրանց դեմքի ծիծաղը իրենց մտահղացման հոյակապության պատճառով չէր, այլ ուղղակի ասում, խոսում, ծիծաղում էին։
-Հասկացա՜, ուրեմն պետք է էնպես անեմ, որ մտածեն՝ անապահո՞վ ենք ապրում։
-Հա՛, ճիշտ հասկացար։
Ինձ հետաքրքրեց այդ երեխայի մտածելակերպը, որտեղի՞ց էր լսել այդպիսի բան։
-Տղա ջան,- դիմեցի ես,- որտե՞ղ ես լսել այդպիսի բան։
-Տանը, հեռուստացույցով էին ցույց տալիս, ողջ ընտանիքով նստած նայում էինք, ինչքան հիշում եմ՝ սերիալ էր։
Մեկ րոպե լռություն տիրեց։ Որոշեցի ասել, որ էլ չնայի էդ սերիալը ընտանիքի մյուս անդամների հետ, սակայն երբ գլուխս բարձրացրի, նրանց տեղն ազատ էր:

amalya harutyunyan

Հոգեբան-լրագրող Ամալյա Հարությունյան

Եթե աշակերտ ես կամ ուսանող, հավանաբար քեզ էլ են հազարերորդ անգամ տվել օգոստոսյան ամենատարածված հարցը.

-Պատրաստվո՞ւմ ես սեպտեմբերին:

Գուցե դու հիշել ես ամենադաժան օրերը ու պատասխանդ «ոչ» է եղել: Կամ էլ երջանկացել ես, որ սկսվելու են հետաքրքիր օրերը ու դրական պատասխան տվել:
Իսկ ես ամեն անգամ պատասխան հարց կտամ.
-Հոգեպե՞ս, թե՞ ֆիզիկապես:
Կասես.
-Երկուսն էլ հարցնում եմ:
Ես էլ կպատասխանեմ.
-Ֆիզիկապես` այո, հոգեպես՝ ոչ:
Հա, որ գաս մեր տուն, կտեսնես՝ դարակիս ամենակարևոր անկյունում սեպտեմբերմեկյան հագուստս եմ դրել, պահարանում՝ կոշիկներս:
Պայուսակս իր իրերով պատրաստ դրել եմ, բայց ինձ համոզել, որ դպրոց չեմ գնալու, դեռ չեմ հասցրել:

Դեռ ոչինչ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, որ ոչ թե 5 րոպե քայլելով հասնելու եմ դպրոց, այլ 30 րոպե երթուղայինով երթևեկելուց հետո՝ համալսարան, որ ոչ թե ունենալու եմ դասասենյակ, այլ լսարան, ոչ թե դասարան, այլ կուրս, դասերը լինելու են ոչ թե 45 րոպե, այլ 90:
Մասնագիտությունս էլ ընտրել եմ, բայց թե ոնց եմ սովորելու, նույնիսկ դա չեմ պատկերացնում:
7-րդ դասարանում էի, երբ հարցրին՝ ինչ եմ դառնալու: Երկար մտածելուց հետո ասացի.
-Հոգեբան կամ լրագրող:
Հետո 5 տարվա ընթացքում է՛լ բժիշկ դարձա, է՛լ դիվանագետ, պատմաբան ու արևելագետ, մանկավարժ ու բանասեր: Բայց երբ 12-րդ դասարանում նորից հարցրին՝ ինչ եմ դառնալու, իմ պատասխանը նույնն էր՝ հոգեբան կամ լրագրող:
Որպես մասնագիտություն հոգեբանությունն ընտրեցի: Որոշել եմ՝ պիտի շատ-շատ լավ հոգեբան լինեմ: Բայց եթե հարցնես՝ ոնց եմ պատկերացնում այդ ճանապարհը, չեմ կարողանա պատասխանել: Անկեղծ ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում:
Ու կյանքիս ամեն մի քայլից առաջ էսպես է: Երևակայությունս լարում եմ ու ինքս ինձ հազարավոր պատկերներ կառուցում, բայց իրականությունը երբեք չեմ պատկերացնում:
Եթե ճիշտն ասեմ՝ վախենում եմ, վախենում եմ նոր միջավայրից, մարդկանցից, նոր ծանոթություններից ու նոր հանդիպումներից: Վախենում եմ նոր շրջապատում սխալվելուց, նույնիսկ խոսելուց եմ վախենում:
Ավագ դպրոցի առաջին օրերն էլ էին էսպես: Եթե միայն իմանաք, թե քանի նկատողություն ու անբավարար գնահատական եմ ստացել այն պատճառով, որ ամաչել եմ խոսել նոր դասարանիս մոտ: Վախենում եմ, որ նույնը կլինի:
Մարդիկ ֆոբիա ունեն մթությունից, բարձրությունից, փակ տարածքից, իմն էլ փոփոխություններից է, այն ամենից, ինչ նոր է կյանքումս, դրան էլ նեոֆոբիա են կոչում:
Բայց ես մի բան էլ գիտեմ. ես ամենահետաքրքիր ու ամենաբազմաբովանդակ տարիներս պիտի անցկացնեմ համալսարանում, որոշել եմ, որ ուսանողական կյանքս պիտի անսահման լավ անցնի: Եթե իմ առաջ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ երբեք չի կանգնեցնի, նույնիսկ նեոֆոբիան:
Ու հիմա դու կարող ես ինձ նորից հարցնել, թե ինչ եմ դառնալու:
Կասեմ.
-Հոգեբան-լրագրող (գծիկը՝ չմոռանաս):
Ամենամեծ ձգտումս էլ ուսանողական կյանքում և հետագայում 2 մասնագիտությունները համատեղելն է: Կապ չունի, թե ինչ կսովորեմ համալսարանում, ես երբեք չեմ դադարի ինձ լրագրող համարել:
Ես նպատակ ունեմ, ուրեմն ամեն ինչ կարող եմ:

Փակոցի օր

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

«Փակոցի օր ա էսօր»՝ այսինքն խառը, գունավոր ու հավես օր:

Այդ օրը պահածոյացնում ենք բանջարեղենից պատրաստված տարբեր ուտելիքներ կամ, այլ կերպ ասած, ձմռան պաշարի 50%-ն ենք պատրաստում:

Փոքր ժամանակ ուղղակի ատում էի այս օրը, որովհետև այդ ամբողջ օրվա ընթացքում ես պարզապես «ոտքի տակ ընկնող» էի: Հիմա ուրիշ է. հիմա ես մայրիկի «աջ ձեռքն եմ»: Անկեղծ ասած, այս դերը ավելի հաճելի է ու ոչ նվաստացուցիչ, ի տարբերություն «ոտքի տակ ընկնող»-ի:

Չմտածես, թե «փակոցի օրը ինչ-որ համագյուղական օր է նշանակված, ո՜չ, յուրաքանչյուր տուն ինքն է ընտրում այդ օրը:

Հիմա սիրում եմ այդ օրը. հավաքվում են բոլոր հարևանները, ու միասին անցնում ենք գործի: Դե՜ ինչ, մեծացել եմ, ես եմ դրսի գործերի ղեկավարը: Դրսի գործերն էլ սմբուկի, բադրիջանի ու տաքդեղի խորովումն է թեժ կրակի վրա, մաքրումը: Որպես «ղեկավար»՝ բաշխում եմ բոլոր գործերը՝ ինքս մասնակցելով բոլորին:

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Մայրս էլ տանը տարաների մեջ է լցնում մշակած բանջարեղենը ու փակում:

Ճիշտ է, վերջում ոտքից գլուխ ծխի մեջ ու մատներս սևացած են լինում, բայց դա չի խանգարում, որ ուղղակի սիրահարված լինեմ այս գործընթացին:

Որպես չգրված կանոն, «փակոցի օրը» վերջանում է միասնական ընթրիքով ու ժամը 23:00-ից ոչ շուտ:

Այս օրը կողմնակի մարդկանց (չհաշված օգնող հարևան-բարեկամներին) մուտքը մեր տուն չի խրախուսվում:

dayana amirkhanyan

Ճանապարհին

Վանաձոր-Երևան երթուղի: Նորից հարազատ դարձած ճանապարհը, նորից նույն երգը, որը սիրում եմ լսել երկար ճանապարհին: Անձրևը վազում էր մեզ հետ, ես էլ ընկերացա մի կաթիլի հետ, բայց հանկարծ նա անհետացավ, չքացավ՝ մեքենայի պատուհանից սահելով ցած: «Լավ, ինչ արած, անհետաքրքիր կերպով երկու ժամ ճանապարհ կանցնեմ»,- մտածեցի ես: Վա՜յ, ինչի՞ է ձայնը գլուխը գցել.

-Մա, այ մա… Մամ ջան, լսե՞ս գը, կըսեմ, օր ընգերս էլ է փրգվել ու սաղ է մնացել, հիմի կերթամ մայրաքաղաք. լսել եմ, օր ոտքը վնասել է: Մամ ջան, քանիմ օր հեդո գուկամ, չանհանգստանաս:

Լավ, հասկացա՝ ոգևորված է, դրա համար էլ ճչալով է խոսում: Անցավ փոքր-ինչ ժամանակ, արևը գնալով մայր էր մտնում, իսկ այդ բարձր ձայնով խոսացող տղան սկսեց ինչ-որ անուններ թվարկել.

-Ռոբերտ, Հարութ, կատակասեր Գևս, ոնց եմ կարոտել քեզ, Տիկո…

Այս անունների շարքը դեռ շարունակվում էր. նա կամ չէր նկատում, կամ էլ չէր հասկանում, որ բոլորն իրեն են նայում: Նրա թվարկած անուններն այնքան հարազատ էին, կարծես երկար ժամանակ է, ինչ ծանոթ էին բոլորիս: Հետո նա սկսեց երգել «Արի իմ սոխակ»-ը, կարծես ոչ թե նրա շուրթերից, այլ հոգուց էին նոտաներ լսվում: Ի՞նչ էր կատարվում նրա հետ՝ անբացատրելի էր: Հետո նորից զանգեցին, ոչ ոք չգիտեր, թե ում հետ է խոսում կամ ինչ հարցեր են նրան տալիս:

-Ասա, ապ ջան, ինչխ չգիտե՞ս, օր ես Թալիշ կծառայեի, ո՞նց ըսեմ, ես էլ չհասկցա՝ մեր բուժքույրը գուլար, խաբար ըրին տղերքը, օր… օր…

Այս անգամ ես այնքան էի ուզում, որ նա ավելի բարձր խոսեր, ես հասկանում էի, որ իմ կողքին մերօրյա հերոս է նստած:

-Խաբար ըրին, օր…

Նրա արցունքները չէին թողնում, որ նա խոսեր:

-Սկսվե՜ց. պատերազմը սկսվեց…

Նա անջատեց բջջայինը, հետո անընդհատ ուզում էր մի բան ասել, բայց արցունքները չէին թողնում: Իր մեջ ուժ գտավ, ատամները սեղմեց ու շշնջաց.

-Ա… Ախպեր… Ախպերներս:

Ուղևորները քարացել էին, քարացել էին նրանց աչքերը: Ես չեմ հիշում նրա անունը, միայն գիտեմ, նա գյումրեցի է ու ծառայել է Թալիշում:

-Ապրիլն էր արդեն. երկրորդ օրը: Ընգերս ու ես խորաթա կենեինք, Բագրատս, ինչխ եմ կարոտել քեզ, ախպերս, նա կսեր, օր ամիսըմ մնաց, օր տուն երթա: Բագրատը կսեր, օր շատ կուզի Լեննագանը տեսնի: Մեր հրամանատարը ներս մտավ, հոնգուր-հոնգուր գուլար: Քա, խոսե՝ կկրգնեինք մենք՝ մոռացած, որ հրամանատարի հետ ենք խոսում: Ասաց. «Հինչ գիդամ (չգիտեմ) ինչ կլի, տղեք ջան, բայց պտի պաշտպանենք Արցախը: Կզնվիլ եմ (ջղայնացել եմ), շըրըշուղ արեք (փնտրեք) տղերքին, ասեք՝ պատերազմ ա, ես դրանց թուրք, ու…»: Կներեք, չեմ կռնա խոսամ, ախպերներիս կարոտել եմ, հրամանատարիս ու էն համով-հոտով ղարաբաղցու, չէ՝ կուզեմ ըսեմ՝ արցախցու բարբառը:

Նա այլևս չխոսեց, հանդարտվեց մի պահ: Ժամանակ անցավ ու նորից բղավեց.

-Ծո, լսե՛, իմ ախպերները իմ հոգում են, կմեռնիք դուք էլ, ձեր երկիրն էլ, ըբը քյալա տվինք, մեկ ա՝ չեք հասկնա՝ հայը ապրել գիտի, կռվել ու զոհվել գիտի հերոսի մահով, ոչ թե ձեզ նման մեռնի՝ վախկոտի մահով…

Այս երկինքը միայն մերն է

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա են գտնվում իմ գյուղը և իմ երկինքը, այո՛, հենց իմ: Շիրակի մարզ, գյուղ Թավշուտ: Չէ՛, դե լավ, չլինեմ այդքան եսասեր, մեր, մեր գյուղն ու մեր երկինքը։

Կյանքի որոշ փուլերում եղել եմ Հայաստանի շատ մարզերում, ու ոչ մեկ-երկու օրով։ Եղել եմ շատ գյուղերում ու քաղաքներում, ու այն, որ բոլոր տեղերում ամեն ինչ տարբեր էր, բնական էր ու հասկանալի, բայց երկի՞նքը: Չէ՞ որ այն նույնը պետք է լինի։ Շարունակ մտածում էի դրա մասին ու ի վերջո հասկացա՝ երկինքն ամեն տեղ տարբեր է, ու բոլոր մարդկանց համար էլ է տարբեր:

Ես սիրում եմ իմ (մեր) գյուղի իմ երկինքը: Ոչ մի տեղ երկինքը այդպիսին չէ, ոչ մի տեղ այդքան գեղեցիկ չէ: Երբ նայում եմ երկնքին (հա, ի դեպ, ես այն եզակիներից եմ, ով երբեք չի երազել թռչելու մասին), մտքերս թռչում են, տարածվում ամենուր, հոգիս խաղաղվում է, ժպտում եմ, տխուր պահերին երկինքն ինձ ուրախություն է պատճառում: Ես սիրում եմ հենց այս երկինքը:
Մի քանի օրից տեղափոխվելու եմ Երևան՝ սովորելու, ու ինձ՝ բացի հայրական տնից հեռանալն ու ծնողներիս կարոտելը տանջում է այն միտքը, որ չեմ տեսնելու այն, ինչը միշտ ինձ հետ է, այն, ինչն ինձ պետք է: Կդիմանա՞մ:

anahit badalyan (kapan)

Ուսուցչուհի եմ

Ես սիրում եմ հանգիստն ակտիվ կազմակերպել ու այն համեմել հագեցած օրերով: Վերջին տարիներին իմ ամառային
արձակուրդներն իմ կամքից անկախ այդ սկզբունքով են ընթանում: Ես աննկարագրելի ուրախ եմ, որ իմ հայրենի
քաղաքում կարողանում եմ անընդհատ հետաքրքիր զբաղմունքներ գտնել ու երբևէ չձանձրանալ: Արդեն երկրորդ
տարին է, ինչ ես Կապանում հանդես եմ գալիս իբրև կամավոր: Ես այստեղի ամերիկյան անկյունում ու նորաբաց
էլեկտրոնային գրադարանում երեխաներին անգլերեն լեզու եմ դասավանդում: Դա անչափ հաճելի ու դուրեկան
զբաղմունք է ինձ համար: Շնորհիվ կամավորության ես անընդհատ սովորում եմ, ուսումնասիրում, փնտրում, որոնում:
Սովորեցնելու համար նախ պիտի անընդմեջ ինքդ սովորես: Ես փորձում եմ ամեն անցնող դասընթացի հետ բարելավել
դասավանդելու իմ մեթոդները, նյութը մատուցելու տեխնիկան, երեխաների հետ շփվելու մշակույթը և այլն: Այդ
փոքրիկներն ինձ անընդհատ նոր դռներ բացելու բանալիներ են տալիս: Նրանցից յուրաքանչյուրը օժտված է
բնավորության այնպիսի գծերով, որոնք բնորոշ են հենց միայն իրենց, և հենց այդ բնավորությունների
բազմազանությունն է, որ առաջ է բերում բոլորին հասանելի ու ընդունելի ձևով ներկայանալու անհրաժեշտություն:
Նորագույն տեխնոլոգիաներն այսօր շատ են օգնում. դասընթացների մեծ մասը ձգտում եմ վարել՝ երեխաներին
տարբեր տեսանյութեր ցուցադրելով: Դրանք մարզում են նրանց ոչ միայն տեսողական հիշողությունը, այլ նաև
լսողությունը, ու ականջը կարծես «ընտելանում» է անգլերենին:

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Օրեցօր ավելի եմ կապվում աշակերտներիս հետ և
զգում եմ, որ նրանք նույնպես հասցրել են սիրել մեր դասերը ու, ինչո՞ւ ոչ, նաև՝ ինձ: Ամեն անգամ ստուգողական
աշխատանք հանձնարարելիս ուրախանում եմ՝ տեսնելով, որ թեման յուրացրել են: Սիրով և ոգևորությամբ եմ
պատասխանում երեխաների ամենատարբեր հարցերին, ինձ դուր է գալիս, որ նրանք ազատ են ու անկաշկանդ:

Մանուկ հասակում հաճախ եմ երազել ուսուցչուհի դառնալու մասին, բայց մեծանալով հասկացել եմ, որ ծանր գործ է
և ամենևին էլ ինձ համար չէ: Հիմա մեծ հաճույքով եմ դասավանդում երեխաներին, ուրախ եմ, որ կարողանում եմ
ծառայեցնել գիտելիքներս խելացի և ուսումնատենչ երեխաներին: Ամռան շոգն ի վիճակի չեղավ կոտրել նրանց և իմ վճռականությունը, ու մենք ամեն շաբաթ պարապեցինք: Շոգի դեմ մենք մեր մեթոդներն ունեինք. դասերից մեկը կազմակերպեցինք բնության գրկում:

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Արդեն 10-րդ դասարան եմ, բայց միայն հիմա եմ գիտակցում ուսուցչի գործի պատասխանատվությունն ու
կարևորությունը: Ու այս ամենի հետ մեկտեղ բախվել եմ մի պարզ ճշմարտության. ուսուցչի գործը ծանր ու խրթին չէ,
այլ՝ հաճելի և պատասխանատու: Եթե դու սիրով ես անում այն, ապա ծանրությունը վերածվում է թեթևության և
հաճույքի, իսկ դժվարությունը՝ պատասխանատվության:

seda mkhitaryan

Նախաուսանողական անհանգստություն

Ինչպես յուրաքանչյուր լավ բան, ամառն էլ շուտով կավարտվի, իսկ ամռան ավարտը մեզ կտանի ուսման: Շատերին
այնտեղ, որտեղ արդեն մի քանի տարի է՝ սովորում են, իսկ ոմանց էլ, հանձինս ինձ, նոր ուսումնական
հաստատություն։
Վախեր չունեմ, անհանգիստ չեմ, կարծում եմ՝ կկարողանամ հարմարվել ու ընտելանալ նոր միջավայրին, կգտնեմ
նոր ընկերներ: Այսքանը պատկերացրի, իսկ իրականում վախեր ունեմ ու անհանգստանում եմ: Ինչպե՞ս կլինի,
կկարողանա՞մ հաղթահարել տնից հեռու ապրելու դժվարությունը, կսովորե՞մ քաղաքին, կկարողանա՞մ ինքնուրույն
գնալ համալսարան, հե՞շտ կմտերմանամ կուրսեցիներիս հետ: Չգիտեմ, ամեն դեպքում՝ կփորձեմ, և բացի դրանից՝ ես
ուսանող քույր ունեմ, ու հույսս նրա վրա է, մինչև ես ամեն ինչ կսովորեմ ու կանեմ ինքնուրույն։
Եթե անկեղծ՝ դեռ լիովին չեմ կարողանում պատկերացնել, որ սեպտեմբերի մեկին դպրոց չեմ գնալու, իմ դասարան
չեմ մտնելու: Երբ դեռ չէի ընդունվել, անհանգստանում էի, որ հնարավոր է՝ չստանամ անհրաժեշտ միավորներ
քննություններից, ու ֆիզիկայի ուսուցչուհիս ասաց. «Մնացած աշակերտները ինչպես են ընդունվել, դու էլ
կընդունվես», և ընդունվեցի: Հիմա էլ ես եմ ինքս ինձ ասում. «Ուրիշներն ինչպե՞ս են սովորել ու հարմարվել, դու էլ
կսովորես»: