marat sirunyan

Գյուղի նոր կառույցն ու հին դարդերը

Ծանո՞թ եք գյուղական կյանքին, գյուղացու առօրյային: Այն սկսվում ու ավարտվում է աշխատանքով։ Զարմանալի կթվա, բայց գյուղում ապրողները մեծ մասամբ իրենց տաժանակիր աշխատանքը սիրով են անում ու աշխատելուց չեն տրտնջում, մեր մեջ ասած՝ տրտնջալը ոչինչ էլ չի փոխելու․ ոչ իրենց ուսի բեռն է թեթևացնելու, ոչ՝ սրտինը․․․

Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է աշխատավորի համար կարևորագույն բաներից մեկը․ իհարկե՝ հանգիստը։ Բայց արի ու տես, որ շատ գյուղական բնակավայրերում չկան այնպիսի կառույցներ, որտեղ գյուղացին կարող է աշխատանքից հետո անցկացնել իր հանգիստը, շփվել համագյուղացիների հետ, մի փոքր ցրվել առօրյա հոգսերից։

Մեր գյուղը՝ Լեռնավանն էլ այդ գյուղերից մեկն էր․ գյուղում չկար ոչ երիտասարդների, և ոչ էլ ծերերի համար նախատեսված ժամանցի որևէ կենտրոն, որտեղ իրենց ազատ ժամանակը կկարողանային անցկացնել գյուղացիները՝ ահել ու ջահել: Այդ ժամանակն անցկացնում էին բաց երկնքի տակ, կամ մի խարխլված վագոն-տնակում, որը ձմռանն այնքան էլ չէր տարբերվում բաց երկնքի տակ գտնվելուց, և որը տարիներ շարունակ համարվում էր գյուղի ժամանցի կենտրոնը։ Կասեք՝ թող լավ եղանակին հավաքվեն, իսկ ես կասեմ, որ լավ եղանակին գյուղացին դաշտից ու հանդից տուն չի գալիս, վատ եղանակին է, որ ստիպված հանգստանում է: Ինչպես հասկացաք, սա մեր համայնքի կարևոր խնդիրներից մեկն էր, որն իր լուծումը ստացավ բոլորովին վերջերս։

Ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի այցը գյուղ բարի եղավ, և դրա արդյունքում հուլիսի 9-ին տեղի ունեցավ համայնքի նորակառույց Ժամանցի կենտրոնի բացումը, որ կառուցվել էր «Համբարձումյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Գյուղացիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին կառույցի բացմանն ու իրենց երախտագիտությունը հայտնեցին բարեգործին: Արդեն թե երիտասարդները, և թե ծերերը կարող են օգտվել այդ կառույցի բարեկեցիկ պայմաններից։ Իհարկե, շնորհակալ գործ էր արվածը, ու դրա շնորհիվ գյուղի խնդիրները մեկով պակասեցին, սակայն ցավոք, դրանով գյուղացու դարդ ու ցավը չվերջացավ, ու դեռ չբուժված շա՜տ ու շատ գանգատներ մնացին, որոնցից որոշների մասին գյուղացիներից մի քանիսը պատմեցին ինձ հետ զրույցում, ինչը նորակառույց ժամանցի կենտրոնի բացման արարողության կադրերի հետ ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած տեսանյութում։

Հուսանք, որ մի օր էլ հերթական հոդվածով կպատմեմ նոր կառուցվող շինությունների ու գյուղացիների իրականացած ցանկությունների մասին։

davit aleqsanyan

Երկու օր հանգիստ

Ամառ է, և սա նորություն չէ, կարծում եմ։ Դե քանի որ ամառ է, ուրեմն պետք է քրտնաջան աշխատել՝ այգին ջրել, կոմպոտ փակել, իսկ տղամարդիկ անասունների համար պետք է խոտ բերեն։ Այս հարցերում մեր ընտանիքը բացառություն չէ։

Արդեն մի քանի օր է, ինչ արթնանում եմ ժամը 6-ին, որ գնամ խոտ հնձելու, կամ ասենք, խոտ հավաքելու։ Բայց չես կարող քեզ համար հեշտ լինելու պատճառով հնձածը միանգամից հավաքել: Պետք է անպայման մեկ օր անցնի հնձելուց հետո, հակառակ դեպքում, համ անասունները լավ չեն ուտի, ու խոտը կփչանա, կամ ասենք, տուկ կապելուց լավ չի կապվի, և անիմաստ փող կծախսվի։ Դրա համար մի օր գնում ենք հնձում, հաջորդ օրը նոր հավաքում։ Մեզ այս պահի դրությամբ հարկավոր է 1300 հատ տուկ,բայց մենք ունենք 300 հատ։ Չնայած դեռ տուկ ենք անում, բայց գյուղի խոտհարքները չեն հերիքի, կհերիքեին, եթե հնձեինք Մեծ հողեր կոչվող հանդամասը։ Ինչո՞ւ չենք հնձում։ Ասեմ։ Բաղանիսի այդ հանդամասը գտնվում է ուղիղ թշնամու դիրքերի առաջ։ Եթե փորձ անես հնձել, կրակահերթերը կուղղվեն քո ուղղությամբ:

Օրեկան հնձվորները հնձում են 2-3 հեկտար խոտհարք։ Ոմանք իրենց ուտելիքը տանում են իրենց հետ, ոմանք գալիս են տուն՝ հաց են ուտում, մի քիչ էլ հանգստանում են ու նորից գնում են հնձի։ Հնձվորները հիմնականում լինում են 25-40 տարեկան տղամարդիկ։ Ոմանք իրենց տեխնիկայով են հունձ անում, ոմանք էլ գերանդիներով։ Կան ընտանիքներ որտեղ տղամարդը արտագնա աշխատանքի է գնացել։ Իրենք Էլ իրենց անասուններին պահելու համար խոտը գնում են կամ բանվորներ են վարձում, որպեսզի բերեն իրենց խոտը։

Հիմա անձրևներ են, և անձրևին չես կարող խոտ հնձել կամ հավաքել, այդ իսկ պատճառով ես այս երկու օր է՝ հանգստանում եմ։

tatevik haroyan

Գիշերվա առեղծվածը

Արարատյան դաշտի աստղազարդ մի երեկո էր, երբ ես որոշեցի դուրս գալ բակ ու իբրև թե զով եղանակին գիրք կարդալ, բայց դրա փոխարեն «վայելեցի» սարսափելի շոգն ու մոծակների ներկայությունը: Հազիվ էի մի քանի էջ կարդացել, երբ ծառերի հետևից ինչ-որ ձայներ լսվեցին: Նայեցի այդ կողմը, ոչինչ և ոչ ոք չկար, բայց հենց այդ պահից ինչ-որ վախ սողոսկեց մեջս, ու ամեն մի տող կարդալիս նայում էի այդ ուղղությամբ:

Երբ արդեն մոռացած ձայնի մասին կրկին լարված գիրքս էի կարդում, նորից ձայներ լսվեցին: Ծառերն սկսեցին իրար գալ, նրանք կարծես դևի կերպարանք առած եկել էին մեր բակ: Գիշերն ամեն ինչը վերափոխել էր: Այն ծառը, որն առավոտները ծառավարի կանգնած էր իր տեղում, հիմա քայլում է, ուզում է խոսել, վաշ-վիշ է անում: Այդ պահին մտքիս եկավ Թումանյանի «Լոռեցի Սաքոն»: Նա էլ գիշերվա ահասարսուռ տեսարանից խելագարված իրեն Դեբեդը (բնագրում՝ Դևբենդ) նետեց և մահացավ:

Հանկարծ սթափվեցի ու սկսեցի ծիծաղել: «Ախր, սա զուտ երևակայության և գիշերվա ներգործության արդյունք է, Տաթևիկ, հանգստացիր»,- հորդորում էի ինձ:
Ու չնայած գիրքս այդպես էլ կիսատ մնաց, բայց ինձ մի բան պարզ դարձավ: Անգամ խիզախ մարդը, ինչպիսին լոռեցի Սաքոն էր, կխելագարվեր գիշերվա ահից, այն էլ Լոռվա սարերում: Ես էլ արդեն դևերի ներկայությունն էի զգում, բայց Թումանյանն օգնեց ինձ սթափվել ու հասկանալ, որ սա զուտ պատրանք է, որը գիշերվա ներգործությամբ և վախի առկայությամբ դառնում է սարսափելի մի բան: Մտածում էի՝ ախր, այդքան էլ վախկոտ չեմ, որ այդպես խառնվել էի իրար, բայց արի ու տես, որ գիշերը դևից էլ վատը դուրս եկավ, ավելի վախենալու դարձավ, քան սարսափ ֆիլմը ու վախեցրեց ինձ:
Երբ մի օր էլ կրկին նստեմ գիշերը դրսում գիրք կարդալու, չնայած, որ լույսը միացրած է, բայց մի փոքր այն կողմ ծառերի ստվերներն են ու դիվահար ճյուղերը, ես կհիշեմ այս օրը ու լոռեցի Սաքոյին: Թեև էլի ծառերը ոտքեր կառնեն, որ գան դեպի ինձ, այդ ժամանակ այլևս չեմ վախենա ու միայն մի լավ կծիծաղեմ:

Հուսամ, որ այդպես կանեմ:

tina maqoyan

Ների՛ր, մա՛մ

Բարև, մա՛մ։ Ո՞նց ես, ի՞նչ ես անում… Երկար ժամանակ է՝ չենք խոսել։ Գիտե՞ս, մա՛մ, կարոտել եմ քեզ շատ։ Գիտեմ, մա՛մ, քեզ երբեք չեմ ասել, որ կարոտում եմ, որ սիրում եմ շատ-շատ… Կներես, էդպիսինն եմ, ինչ անեմ, չեմ կարողանում զգացմունքներիս մասին խոսել, իսկ դու մտածում ես, թե քեզ չեմ սիրում։

Մամ, ախր քեզնից թանկ էլ ո՞ւմ ունեմ, ո՞նց կարող եմ չսիրել նրան, ում շնորհիվ ես գոյություն ունեմ։ Ուզում եմ էս նամակի միջոցով զգացմունքներիս գոնե 1%-ը նկարագրեմ։ Մամ, կյանքի էս դժվար փուլում մենք միասին չենք։ Էնքան եմ զգում կարիքդ… Գիտե՞ս, էնպես կուզեի հիմա կողքիս լինեիր։ Գլուխս դնեի ծնկներիդ ու մի կուշտ լաց լինեի։ Մանրամասն պատմեի էն բոլոր դժվարությունների ու ձախողումների մասին, որ պատահեցին ճանապարհին էս մեկ տարվա ընթացքում՝ երբ բաժանվեցինք իրարից, երբ որոշեցի, որ ես արդեն մեծ եմ, ես կարող եմ ինքնուրույն որոշում կայացնել ու կարող եմ քեզնից հեռու ապրել։

Խոստովանում եմ, մա՛մ, փոշմանել եմ, սխալվել եմ, խաբվել եմ… Կուզեի բարկանայիր ու ասեիր, որ դու զգուշացրել էիր, իսկ ես քեզ չլսեցի… Բայց, չէ… Դու երբեք էդպես չէիր ասի, այլ ուղղակի ամուր կգրկեիր ու կասեիր. «Ես քեզ սիրում եմ, իմ աղջիկ»։

Մամ, հիշո՞ւմ ես, ինձ հրաժեշտ տալուց ասացիր. «Կներես, իմ աղջիկ, ես չէի ուզի էսպես լիներ, բայց խոսք եմ տալիս՝ շուտ կվերադառնամ»։ Իրականում ես պիտի ներողություն խնդրեի, որ ցավ եմ պատճառել քեզ, որ մենակ եմ թողել։

Մա՛մ, իսկ հիշո՞ւմ ես, հաճախ էիր ասում. «Ի՞նչ էի անելու առանց քեզ, պստլոս, մամայի օգնական…»։ Իսկ ե՞ս, մամ, իսկ ե՞ս ինչ էի անելու առանց քեզ։ Ես էդպես էլ «մամայի օգնական» չեղա։ Ների՛ր, մա՛մ։ Սիրում եմ քեզ։

valentinaChilingaryan

Ապրիլյանն ու կյանքը դրանից հետո

-Հարո՛ւթ, ինչ-որ նորություն կա՞ աշխատանքիցդ:

-Չէ, դեռ մերժում եմ ստանում ամեն տեղ: Անգամ զինգրքույկիս չեն նայում: Օ՜ֆ, չգիտեմ վերջը ինչ ա լինելու:

Միշտ հպարտությամբ եմ խոսում լավագույն ընկերներիս մասին: Հարութը ապրիլյան պատերազմի մասնակից է, բայց դժվար է նրա բերանից որևէ խոսք քաշել պատերազմի մասին, որովհետև այնտեղ կորցրել է իր մանկության ընկերներից մեկին: Երբ առաջին անգամ փորձեցի տեղեկություն ստանալ, հազիվ լսելի ձայնով ասաց.

-Գրկումս էր, երբ վերջին երեք անգամ շնչեց: Կորցրի նրան:

Պատերազմից հետո կյանքին այլ աչքերով է նայում: Երբ սարսափելի իրադարձություններ եմ պատմում, սառած հայացքով նայում, ոչինչ չի ասում: Տխուր հարցնում եմ.

-Բա չվախեցա՞ր:

-Ինչի՞ց:

-Դիակներից:

-Ըհըն:

Հիմա աշխատանք է փնտրում: Ո՞ւմ են պետք զինգրքույկը, դիպլոմն ու մեդալը: Հնարավորություն ունի երկրից ընդմիշտ գնալու և կյանքը վայելելու, բայց «գլխի այծերը» չեն թողնում.

-Հա՛ր, քո տեղը լինեի, կգնայի ԱՄՆ ու ոչ էլ հետ կգայի: Կսովորեի, կաշխատեի ու անհոգ կապրեի:

-Բա երկի՞րդ: Ո՞նց հեշտ թողնեմ գնամ: Էս երկրի սահմանը պահելիս ձմռանը նեղություն ու անքնություն եմ քաշել, էս երկրի համար լավագույն ընկերոջս կորցրի: Ո՞ւ: Հայրենիքիս քաղցրությունը ԱՄՆ-ում հնարավորություն կունենա՞մ զգալու:

-Հարո՛ւթ, հայրենասիրական պաթոսի ժամանակը չի: Գնա, սովորիր, աշխատիր ու ապրիր: Տեղավորվի, ինձ էլ կկանչես:

Անկեղծ ասած՝ հասկանում եմ Հարութին: Տարիներ առաջ շատ էի մտածում արտասահմանում ապրելու մասին, բայց հիմա կյանքս Հայաստանից դուրս չեմ պատկերացնում: Լավ երկիր է, թե վատ՝ իմն է: Բայց ես էլ եմ ուզում, որ ընկերներս լավ ապրեն, լավ աշխատանք ունենան: Այդ խոսակցությունից հետո պիտի խոսեի մյուս ընկերոջս՝ Ռուբենի հետ: Նա էլ է քառօրյայի մասնակից, բայց դեռ սովորում է ԵՊՀ-ում: Ռուբենին բոլորն են ճանաչում, անսպառ տաղանդով երիտասարդ է: Հպարտանում եմ, երբ ամեն անգամ խոսում եմ նրա մասին՝ վերջում հավելելով՝ լավագույն ընկերներիցս ա, բա՜:

-Ռուբ, ի՞նչ արեցիր:

-Չգրեցին:

-Ո՞նց:

-Դե, ասացին, որ չեն գրի զինգրքույկումս, թե ապրիլյան պատերազմի մասնակից եմ: Դիմել եմ արդեն նախարարություն, ասել են՝ մինչև օգոստոսի 15-ը կլինի, բայց չեմ հավատում:

-Լավ չի:

-Աչքերս ապշահար չռել էի: Հիշեցի, ոնց էի պայթյունից հետո հայտնվել հիվանդանոցում:

-Բայց ի՞նչ են ասում:

-Ասում են՝ դու կռիվ արե՞լ ես:

-Ախր, դրանց ձեռքը կջարդվի՞, որ գրեն: Անգամ մանրամասն փաստերն եք ներկայացրել:

-Չգիտեմ, բայց վարձիս օրը մոտենում ա: Ուզած-չուզած 500 հազար դրամն առանց զեղչելու պիտի մի ձև մուծեմ:

Մի ընկերս ունի զինգրքույկ, որի մեջ նշված է իր մասնակցությունը ապրիլյան պատերազմին, բայց օգուտ չունի, իսկ մյուս ընկերս պայքարում է ունենալու համար՝ հուսալով, որ անպայման դա կլուծի իր ֆինանսական խնդիրները: Ինձ մնում էր միայն վերադառնալ տուն և ողջ երկար ճանապարհի ընթացքում լավ խորհել: Գուցե մի նոր բան մտածեմ:

Քարերին նստած տատիկների զրույցը

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Դուրս եկա փողոց: Դրսում՝ քարի վրա, նստած էին հարևան տատիկները: Լուռ նստեցի նրանց կողքին, լսեցի, թե ինչ են խոսում: Նրանք դժգոհում էին, որ երեխաները բարձրագույնն ավարտում են ու նստում են տանը: Քանի որ ես էլ անելու բան չունեի, սկսեցի Թամար տատիկին հարցեր տալ: 

-Թամար տատի, որտե՞ղ ես ծնվել: 

-Ես ծնվել եմ գյուղ Անգեղակոթում: Իմ ծննդավայրը Անգեղակոթն է, որն էլ շատ սիրում եմ:

-Իսկ ի՞նչ ես աշխատել: 

-40 տարի աշխատել եմ գրադարանում, լավ եմ աշխատել: Իմ աշխատանքից ես հաճույք էի ստանում, իմ 2-րդ տունն էր գրադարանը, շատ իմ սիրում կարդալ, արժանանում էի միշտ խրախուսանքի:

-Քանի՞ երեխա ունես: 

-Ունեմ հինգ երեխա, հետո… Էլ ի՞նչ ասեմ:

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

-Հպարտանո՞ւմ ես նրանցով, Թամար տատի: 

-Այո: Բա ինչ եմ անում, իմ երեխաներով շատ-շատ եմ հպարտանում, հինգն էլ խելոք են: Երեք աղջիկ ունեմ, երկու տղա: Աղջիկներս ամուսնացել են, մեկը երկու երեխա ունի, մյուսը՝ երեք: Հետով… Փոքր տղաս դեռ նոր է ամուսնացել, երեխա չունի: Մեծ տղաս՝ Մկրտիչ Արզումանյանը, երկու երեխա ունի՝ մի տղա, մի աղջիկ: Հետով էլ ի՞նչ ասեմ, մասնակցել է պատերազմի, վիրավորվել է Լաչինը գրավելու ժամանակ, 2-րդ կարգի հաշմանդամ է, շատ հայրենասեր տղա է: Նա էս պատերազմին մասնակցել ա, ապրիլյան պատերազմին նույնպես մասնակից ա եղել, հա: Էլ ի՞նչ ասեմ:

-Թամար տատի, ո՞ր թվականին տղադ գնաց պատերազմ:

-Սովետական բանակից հենց եկավ, էդ ազգային շարժումները սկսվեցին, այդ ժամանակներից հենց ինքը մասնակցել էր պատերազմների: Նախիջևանի սարերն էին գնում, մասնակցում էին խմբով: Մեր սահմանակից սարերից, որ կրակում էին, ինքը մասնակցում էր: Ազատագրական շարժումների ժամանակ ջոկատ կազմեցին: Վուրգի ջոկատն էր՝ Վոլոդյա Կարապետյանի գլխավորությամբ: Մասնակցեցին Լաչինի ազատագրմանը, դրանից հետո՝ պատերազմին: 1993թ. մարտի 31-ին շատ ուժեղ կռիվ եղավ, վիրավորվեց: Դրա հետ մեկտեղ՝ Վուրգը մահացավ իր աչքի առաջ, իր ձեռքերի մեջ: 12 հոգի ևս այդ օրը մահացան, որից 7-ը մեր գյուղից էին, մնացածը՝ Բարձրավանից, Բռնակոթից: Քանի՜ տղերք մահացան կռիվների ժամանակ: Մուկուչը շատ ծանր վիրավոր էր: Բոլորը մեզ մեր տանը ցավակցեցին, հետո գնացինք Գորիս, տեսանք՝ վիրավոր է: Շատ ծանր վիճակով տեղափոխեցին Երևան՝ ուղղաթիռով: Մի քանի անգամ վիրահատվեց, մի փոքր ապաքինվեց, հիմա էլ 2-րդ կարգի հաշմանդամ է:

-Նա ինչպիսի՞ տրամադրությամբ գնաց Լաչին: 

-Ինքը իսկի մեզ չի ասել: Ես չէի հավատում, որ կռիվ ա գնում: Ասաց, որ գնում են գրավյալ տարածքները պաշտպանեն, ասաց՝ մենք կռվի չենք մասնակցում, բայց առաջին օրվանից էլ ինքը մասնակցել ա: Դե, մեզ խաբեց: Ասում էր, որ ինքը չգնա, մյուսը չգնա, բա էլ ո՞վ գնա: Բոլորն էլ գնում են, ես էլ պիտի գնամ, պաշտպանեմ մեր հայրենիքը:

Էսպես ամռան մի սովորական օր քարերին նստած տատիկները պատմեցին մեր պատմության ծանր ու հերոսական օրերից, որ կերտվել է իրենց վիշտ ու արյունով:

anush davtyan

Զգուշացե՛ք, կանայք են

-Քեզ 15 օր ժամանակ։

-Հը՞, ո՞նց թե 15 օր, հլը մի հատ եմ արել, չեմ հասցնի։

-Ոչինչ, սովորի՛։

«Տասնհինգ օրը» առաջ երկու ամիս էր, իսկ օրվա վերջում ընդհանրապես տասը դարձավ։ Խոսքը վարել սովորելու դասընթացների մասին է։ Դե, հայրիկս անհամբեր սպասում է, որ գնանք վարորդական իրավունք ստանալու քննության։ Ես էլ եմ սպասում, բայց ինչքան ուզում եմ, երկու էդքան էլ՝ ոչ։ Հիմա, որ պաշտոնապես վարորդ լինեմ, պիտի ավելի շատ խոսեն վրաս։ Առանց էդ էլ ամեն օր դրա մեջ եմ.

-Շատ ռիսկով ես քշում, ջա՛նս։ Քուր ու ախպեր ոտը դնում են գազին։ Հանգիստ քո համար գլվլացրո՛ւ, հիմի սովորի՛ պավառոտ մտնել, նորմալ քշել, արագությունը ինքն իրան կգա,- էսքանը լսել եմ միայն տան ճանապարհին։ Էլ պապիկի հետ մեքենա չեմ քշի, շատ է խոսում վրաս։

Փողոցում շատ հետաքրքիր են նայում ինձ։ Օրինակ՝ հայրիկիս ընկերները միշտ ասում են. «Յա՛, էդ աղջկա՞դ ես սովորացնում», «Էս եզդայի՞ եք հելել, պռավա հանե՞լ եք արդեն»։ Դասարանիս տղաների մեծ մասն ամեն օր ղեկի է նստում, հանդիպում ենք իրար հաճախակի։ Մի անգամ էլ լսեցի. «Ա՞ն, էդ անցնում ես ու սիգնալ էլ չես տալի՞ս»։ Անկեղծ ասած՝ ամաչում եմ։ Դե հերիք չէ՝ աղջիկ է ղեկին, մի բան էլ տարիքով փոքր եմ։

Որ հարմար պահ եմ գտնում, սկսում եմ կողքերս նայել.

-Էն մեր դպրոցից ա, էն ձախի աղջիկը։ Նորվա նիվան էլ «իրավներից» մեկինն էր, համարների մեջ լիքը ինը կար, չէ՞։

-Աղջի՛կ ջան, էդ դու հասցնում ես կողքերդ էլ նայե՞ս,- ծիծաղում էր հայրս,- չգիտեմ, ուշադիր չէի։

Հիմա ավելի հաճախ եմ ղեկին կին տեսնում։ Առաջ ինձ թվում էր, թե շատ չեն, բայց պատկերացրեք՝ Գավառ էլ են հասել։ Երևի շատ խորն է մեր մեջ նստած, որ կինը չի կարող վարել։ Միշտ անսովոր մի բան եմ զգում, որ նկատում եմ։

Ընդհանուր հաշվով՝ վատ չեմ վարում։ Ամեն անգամ, որ տուն եմ գալիս հերթական «դասընթացից», տատիկս հարցնում է.

-Հը՞, ո՞նց քշեցիր։

Միշտ անորոշ պատասխան եմ տալիս.

-Կարևորը՝ չեմ խփել։

Ես էլ չգիտեմ, թե ոնց եմ վարում։ Հայրս շատ չի մեկնաբանում, ոչ էլ գոռում է շատ։ Ուղղակի մեկ-մեկ ղեկն է բռնում, ճիշտ ուղղություն տալիս, մեկ-մեկ էլ զգուշացնում է, որ արգելակեմ ճիշտ պահին, բայց դե միշտ ուշացնում եմ։

Երբ շտապելու առիթ չունեմ ու ուղղակի ինչ-որ տեղ եմ գնում տրանսպորտով, միշտ հետևում եմ երթևեկությանը։ Պատկերացնում եմ, որ էդ երեք գծերից մեկով իմ փոքր կարմիր մեքենան է գնում, իսկ հետո պատկերացնում եմ, թե ոնց են բոլորը նյարդայնանում իմ՝ 20 կմ/ժ արագությամբ վարելուց։ Հա, մեկ էլ վթար է աչքիս առաջ գալիս։ Ու պարտադիր ձախ կողմից։

Ասում են, որ սկսնակ վարորդները մինչև երեք տարի պիտի մեքենայի ապակուն զգուշացման նշան փակցնեն, որ մնացածը իմանան՝ ղեկին «խամ» վարորդ է, զգույշ լինեն։ Ես երևի չհանեմ էդ նշանը։ Տեսե՞լ եք, որ բարձրակրունկ կոշիկ են պատկերում կարմիրով եզրագծված եռանկյունու մեջ։ Էդպիսի մի բան էլ կփակցնեմ անպայման։ Ես ինձ համար չեմ ասում, է։ Դուք եք դիմացողը։ Ինչպես ասում են սիրածս ֆիլմում. «Երջանիկ խաղ ձեզ, և թող հաջողությունը միշտ ձեր կողքին լինի»:

Հ. Գ. Առավոտյան 5 օր դարձավ։

Այգեձորյան օրագիր (Մաս 1)

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Նորից աչքերիս առաջ մեր հին ու հարազատ Այգեձորի անտառներն են: Սահմանամերձ գոտու՝ Շամշադինի շրջանում գտնվող այս հրաշագեղ գյուղը հայտնի է իր ջերմ հյուրընկալությամբ:

Ահա մոտենում ենք այն ծանոթ տանը, որի պատերը ջերմություն են շնչում: Մեզ դիմավորում է Գյոզալ տատը: Իհարկե, երկար-բարակ բացատրելու կարիք չկա, Գյոզալ տատի անունն իր մեջ ամփոփում է այս կնոջ ընդհանուր բնութագիրը: Ժամանակները փոխվում են, իսկ նա միշտ նույնն է՝ ծաղկավոր գլխաշոր, երկար ծամ, չարչարված ձեռքեր ու հոգատար հայացք: Նրա ամուսինը՝ Յուրիկ պապը, իր կնոջ բացարձակ հակապատկերն է՝ տաքարյուն ու ըմբոստ տղամարդ, և գուցե հենց այս հակադրությունն է նրանց փոխըմբռնման ու բազմամյա միության գլխավոր գրավականը:

Գյուղը փոխում է էությունդ, կենսակերպդ և անգամ մտքերիդ ուղղությունը: Ի տարբերություն քաղաքի՝ գյուղն իր կյանքը սկսում է լուսաբացի հետ, և առավոտյան ժամը 5-ին արթնանալն իրենից բացարձակ դժվարություն չի ներկայացնում:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Առավոտյան արթնանալուն պես վազում եմ այգի, քաղում սիրածս ամառային խնձորներից, ու խնձորները ձեռքիս, իջնում գետի ափը: Սա առավոտը սկսելու լավագույն տարբերակներից է:

Երբ վերադառնում եմ՝ Գյոզալ տատն արդեն սեղան է գցում: Հողամասից բերված թարմ կանաչու բույրը տարածվում է սենյակում, տատը կտրում է տնական պանիրը, սեղանին դնում նոր թխած հացն ու իր ձեռքով հավաքած ուրցի թեյը: Բացվում է Այգեձորյան առավոտը:

gohar hakobyan (ararat)

Ես 17-ի թղթակից եմ

17.am կայքի մասին առաջինը Արաքսից եմ լսել: Ինձ պատմել էր իր գրած նյութերի ու կայքի մասին: Միշտ մտքումս էր Արաքսի ասածները: Ուզում էի ես էլ գրել, բայց համարձակություն չունեի, ավելի շատ ամաչում էի:

Ամեն օր բացում էի 17-ի էջը, նայում, կարդում թղթակիցների հոդվածները ու սովորությանս համաձայն բարձր մտածում.
-Կարո՞ղ ա ես էլ փորձեմ… Հը՞ն, չէ, Գոհար, գժվեցի՞ր: Դու ի՞նչ գիտես, երկու բառ չես կարողանում իրար կապել, ուր մնաց՝ հոդված գրես, հա, բա չէ՞:
Սա էր իմ պատասխանը այդքան մեծ ցանկությանս:
Ապրիլ ամիսն էր, լավ հիշում եմ, սովորականի նման համակարգչի առջև նստած կարդում էի 17-ի նյութերը, ու հանկարծ դողացող ձեռքս փորձեց նամակ գրել: Մտա 17-ի ֆեյսբուքյան էջը, նամակ գրեցի, որ ես էլ եմ ուզում թղթակից դառնալ: Չհասկացա, թե ոնց, բայց էնքան ինքնավստահ էի գրում, ես ինքս էլ զարմացել էի:
17.am-ը տվեց իր էլ.փոստի հասցեն: Ես նյութ ուղարկեցի ու անընդհատ ինձ նույն հարցն էի տալիս՝ ինչո՞ւ արեցի: Բա որ չհավանե՞ն, ինչ ամոթ ա, Գոհար…
Մի քանի օր անց նամակ եկավ…17.am-ից էր: Նյութս որոշել էին տպագրել: Ուրախությանս չափ չկար: Այնքան էի ուրախացել, որ բոլորին պատմում էի՝ ծանոթ լիներ, թե անծանոթ: Սկսեցի գրել մի կողմ թողնելով վախերս ու ամաչկոտությունս (չնայած այն միշտ ինձ հետ է):
Շնորհակալություն քեզ 17.am, որ թույլ տվեցիր  ինձ ներկայանալ և գնահատեցիր աշխատանքս:

Ես քեզ սիրում եմ…

Mishel Harutyunyan

Նոր հաղորդում

Ես իմ նյութերից մեկում անդրադարձել էի «Վերադարձ հեռուստաընկերություն» թեմային:
Ինչպես նշել էի, պատրաստվում էինք նոր հաղորդաշար սկսել, որը արդեն կյանքի է կոչվել:

Այն որոշեցինք անվանել «Հետաքրքիր է իմանալ»:
Այս ծրագիրը մանկապատանեկան ուսուցողական հաղորդաշար է, որի ընթացքում խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, հարցազրույցներ ենք անում…
Արդեն սկսել ենք առաջին նկարահանումները: Այդտեղ շատ հետաքրքիր է անցնում ժամանակս, երբեք չեմ ձանձրանում:
Կան բաներ, որ չգիտեմ, բայց ընթացքում ինձ ամեն ինչ սովորեցնում են:
Լինում ենք տարբեր տեղերում:
Հարցազրույցներ ենք անում տարբեր մարդկանց հետ` կլինի ուսուցիչ, քաղաքացի և մեկ այլ մարդ:
Իսկ անձնակազմը ուղղակի հիանալի է: Մենք միմյանց հետ անմիջական ենք: Եթե ինչ որ հարց եմ ունենում կամ խորհրդի կարիք, կապ չունի՝ գիշեր է թե ցերեկ, նրանք միշտ պատրաստ են օգնել ինձ:
Այնքան ուրախ եմ, որ աշխատում եմ այդտեղ, դա իմ ամենամեծ երազանքն էր՝ աշխատել լրագրող-հաղորդավար: