jemmapetrosyan

Ինչպե՞ս օգնեմ

Փորձեցի հարցազրույց վերցնել պապիցս՝ Հենրիկ Պետրոսյանից։ Պապիս արդեն 77 տարեկան է, ու ինձ թվում է, թե այլևս պետք է հող չմշակի, բայց ինչքան փորձում ենք նրան այդ ամենից հեռու պահել, հիվանդանում է, ու մեզ այնպես է թվում, կարծես մենք ենք այդ հիվանդության պատճառը, այդ իսկ պատճառով այլևս չենք փորձում կտրել իրեն իր սիրած գործից։

 Երբ գնացի պապիկիս տեսակցության, արդեն հողամասը ամբողջությամբ մաքրել էր ու պատրաստվում էր առուները քաշել։ Ճիշտ է, պապիկս բավականին մեծ է, բայց շատ ուժեղ ու դիմացկուն է։ Չի կարող մեկ օր ապրել առանց իր այգու և բանջարանոցի։ 

-Պապ ջան, բարև, ո՞նց ես:

-Լավ եմ, բալես:

Չնայած նրան, որ վատ էլ լինի՝ չի ասի, քանի որ գիտի՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի չթողնենք այլևս գործ անի։

-Էս դասի՞ց ես գալիս:

-Հա, պապի ջան, ասացի՝ գամ-տեսնեմ՝ ոնց ես: Համ էլ ինչո՞վ կարող եմ օգնել:

-Բան էլ չկա, Ջեմ ջան։ Սաղ արել եմ: Մնում ա գնամ՝ սածիլ ճարեմ, որ բերեմ սածիլեմ։

-Այ պապ ջան, դեռ շուտ չի՞:

-Դե չէ, հեսա արդեն մարդիկ դաշտերը կդնեն: Էս հողն ի՞նչ ա, որ շուտ չդնեմ: Ամեն տարի ուշ եմ դրել, էս տարի էլ թող շուտ լինի, որ դուք էլ օգտվեք։ Թե չէ՝ էլ ում համար եմ տանջվում։

-Պապ, ինչի ես, հը՞ն, էսքան շատ տանջվում, քո համար կեր-խմի, ֆռֆռա, էլի։

-Է՜, բալա ջան,- ասաց մի տեսակ հոգոց հանելով:

-Հը՞ն, պապ ջան։

-Այ բալա ջան, ես չեմ ուզում մեռնել, ու որ չաշխատեմ՝ հաստատ մեռնելու եմ։

-Պապի ջան, ինչի՞ ես ըտենց ասում, մենք քո կողքին ենք՝ թոռներդ, տղաներդ, աղջիկդ, հարսներդ։ Թող մենք անենք:

-Այ բալա ջան, որ էդ չանեմ՝ ո՞նց եմ ապրելու։ Կամ սաղ օրը տունը նստած՝ ի՞նչ եմ անելու։ Ի վերջո, չի կարելի, չէ, սաղ օրը տունը նստած։ Հա, ինչքա՞ն կինո կամ սերիալ նայեմ։ Հոգնում եմ, չէ՞։

-Բա չե՞ս հոգնում հողերի մեջ տանջվելուց։ Մանավանդ, որ գիտես՝ օգուտ չկա։ Որ գիտես՝ նորմալ ջուր չկա, կամ էլ, որ նորմալ բերք չի տալիս էս անբերքատու հողը։

-Այ բալա ջան, ինչ ունեմ-չունեմ՝ իմն ա։ Կարո՞ղ ա իմ հողը թողեմ, գնամ ուրիշինը մշակեմ։ Եթե իմը կա, էլ ինչի՞ ուրիշի հողը հարստացնեմ, ինչի՞ ուրիշի հողում տանջվեմ: Հենա, էլի իմ հողում կանեմ, հողս կմշակեմ, հայաթներս կկանաչապատեմ ու թեկուզ մի բան էլ, որ դուք ձեր ձեռքով քաղեք, ես արդեն բավարարված կզգամ: Կզգամ, որ անիմաստ չեմ տանջվում, որ իմ թոռները կարողանում են օգտվել իմ արդար քրտինքով ձեռք բերած բերքից։

-Հիմա ի՞նչ, շարունակելու ես կռի՞վ տալ էս հողերի հետ։

-Քանի կամ, քանի դեռ շնչում եմ ու գոյություն ունեմ ու քանի դեռ կարում եմ՝ ոտի վրա եմ, պիտի աշխատեմ։

Էսպես էլ չշարունակեցի։ Մեկ է, անիմաստ է: Ամեն անգամ բոլորս մեր հերթին փորձում ենք իրեն այս տանջալի հողերից հեռու պահել, բայց… Չնայած ես մի կողմից հասկանում եմ պապիկիս։ Ի՞նչ անի նա, երբ բացի դրանից ուրիշ զբաղմունք չունի։ Հիմա այս ամենից ու այս խոսակցությունից հետո ոչ թե պապիս փորձելու եմ հեռու պահել հողերից, այլ փորձելու եմ օգնել ու ամեն ինչ անել, որ գոնե այս հողերով ապրի և ուրախանա։

diana karapetyan

Զրույց իմ ծառի հետ

Նորից լուռ նայում ես ինձ: Չե՞ս հոգնել այս լռությունից: Ու ես ամեն օր անցնում եմ քո կողքով, ու  դու ամեն օր լուռ նայում ես: Միթե՞ ես քեզ այս ժամանակահատվածում ցավ չեմ պատճառել: Պատճառել եմ, գիտեմ, բայց դու միշտ լռել ես: Միթե՞ ցավից չես ցանկացել բղավել, երբ պոկում էի տերևներդ, երբ բարձրանում էի ճյուղերիդ վրա ու անփութությունից կոտրում էի նրանց, մի՞թե այդ ժամանակ ևս չես ուզել բղավել: Կներես. նեղացել ես, գիտեմ, առաջ շատ ժամանակ էի այստեղ` քո ստվերի տակ անցկացնում, իսկ հիմա… Հիմա ժամանակ չունեմ, ո´չ  խաբեցի, ժամանակ չունենալը արդեն «շաբլոն» դարձած սուտ է, ժամանակ ստեղծելը դժվար չէ. ուղղակի ուրիշ պատճառ չգտա ինձ արդարացնելու համար: Գիտեմ, ինձ պես կարոտել էս այն օրերը, երբ ես անհոգ խաղում էի քո ստվերի տակ, երբ շունիկիս` Գրաֆչիկի հետ թավալվում էինք գետնին թափված քո չորացած տերևների մեջ, երբ հայրիկս ինձ սովորեցնում էր բարձրանալ քո ճյուղերին, երբ նստում էի այս նույն քարին ու խոսում էի քո հետ, պատմում էի, թե ինչ եմ երազում… Այո, կարոտել եմ: Դու կարծես մի դուռ լինես դեպի իմ հիշողությունները: Նայելով քեզ, հիշում եմ այդ օրերը և ժպտում: Բայց կա մի հիշողություն, որը ես միշտ թախծով ու մարմնի սարսուռով եմ հիշում: Հիշո՞ւմ ես այն ագռավին, այո-այո, որ հենց քո ստվերի տակ  հարձակվել էր խեղճ ճնճղուկի վրա, այն ճնճղուկի, որը քո ճյուղի վրա գտնվող բնից էր ընկել: Հիշո՞ւմ ես՝ ինչպես մեկ հարվածով  գետնին տապալեցի նրան, որպեսզի փրկեմ ճնճղուկին նրա ճանկերից: Հիշո՞ւմ ես իմ դեմքի արտահայտությունը, երբ տեսա փոքրիկ ու անօգնական ճնճղուկին, որը հազիվ էր շարժվում: Ես դաժանությամբ էի լցված, երևի հենց այդ դաժանությունը ինձ ստիպեց ագռավի ոտքից պարան կապել, իսկ պարանի մյուս ծայրից քար կապել և տանել փոսի մեջ գցել նրան: Չգիտեմ ինչու այդպես վարվեցի, մի կողմից դա դաժանության նշան էր, բայց ես մտածում էի, որ այդպես ես կփրկեմ էլի շատ ճնճղուկների այդ ագռավի ճանկերից: Ես ագռավի մեջ տեսնում էի դաժանություն, չնկատելով, որ ես ինքս դաժանություն եմ անում: Երբ գցեցի փոսը կանգնել ու դառը հայացքով նայում էի այդ ագռավին,  ու նորից հարց է առաջանում մեջս, ախր, ինչո՞ւ…

Չգիտեմ ինչու, բայց քեզ նայելով միշտ այդ պատմությունն եմ հիշում, աչքիս առջև գալիս է այդ տեսարանը: Այդ ժամանակ ես երկու տարեկան էի, երբ իմ հասակակից աղջիկները տիկնիկներով էին խաղում և մտածում էին, որ կյանքը վարդագույն է, շատերը անգամ քայլել կամ խոսել չգիտեին, ես այդ տարիքում արդեն հասկացել էի, որ մեծերը և ուժեղները միշտ նեղացնում են փոքրերին և թույլերին: Ես արդեն հասկացել էի, որ մենք կորցնում ենք մեզ հարազատ մարդկանց, և որ որքան էլ բարձր բղավենք ու կանչենք նրանց, նրանք չեն արթնանա: Ես այդ ամենը միայնակ եմ հասկացել, ինքս ինձ վրա զարմանում եմ: Երևի պապիկիս կորցնելը հենց առաջին հարվածն էր, իսկ սա` երկրորդը: Հարված, որը ստիպեց ինձ ուրիշ կերպ ընդունել կյանքը:
Ագռավը նեղացնում էր ճնճղուկին, իսկ ես ճնճղուկին փրկելու համար դաժանորեն վարվեցի ագռավի հետ, չգիտեմ արդյո՞ք որևէ կերպ հնարավոր է արդարացնել իմ այդ արարքը: Ո´չ: Անհնար է, քանի որ ես ինքս ինձ չեմ կարողանում արդարացնել: Այդ օրը ես ուզում էի մայրիկին պատմել ինձ հետ կատարվածը, բայց մի պահ հետ կանգնեցի՝ մտածելով, որ մայրիկը չի հասկանա իմ այդ քայլը: Երևի վախենում էի: Չեմ կարողանում ուղեղիցս դա հանել, էհ, չգիտեմ:

Հիմա ինչ-որ մեկը, եթե ինձ այստեղ տեսնի, կմտածի՝ այս աղջիկը գժվել է. նստած ծառի հետ է խոսում և հետն էլ, արցունքներն է սրբում: Ես գնամ, բայց մի օր նորից կգամ, կնստեմ այս քարին` քո առջև, նորից կհիշեմ այն, ինչ կատարվել է, բայց խնդրում եմ, այդ անգամ չլռես: Դու բավականին ժամանակ լռել ես, արդեն ժամանակն է խոսելու:

Հ.Գ Ծառը, որի հետ խոսում էի, գտնվում է մեր տան հետևի բակում: Տարօրինակ չթվա, ես մանկուց խոսում էի այդ ծառի հետ: Պատմությունը, որը ինձ հանգիստ չի տալիս, հենց այդ նույն ծառի ստվերի տակ է եղել, ու այդ պատմությունը մեկ-երկու հոգի գիտեն, թեկուզ նրանք էլ չգիտեն, թե ես իրականում ինչ եմ զգացել դա անելիս: Մայրիկին մի օր պատմեցի, ու նա ուղղակի ասաց, որ փոքր եմ եղել ու չեմ հասկացել: Փոքր եմ եղել, դա ճիշտ է, բայց, որ չեմ հասկացել, թե ինչ եմ անում, դա սուտ է: Ես լավ հասկանում էի, բայց … Չկա ոչ մի բայց: Լավ կլիներ, որ ես դա մոռանայի:

Anna Andreasyan

Իմ ճանապարհին հանդիպող սարսափները. Մաս 2

Իմ հոդվածներից մեկում գրել էի իմ ճանապարհին հանդիպող սարսափների՝ շների մասին: Բայց գիտե՞ք, որ շներով շարքը չի սահմանափակվում: Ուղղակի այս մյուս սարսափը սեզոնային է, այն գործում է միայն գարնանը և ամռանը: Լավ, հերիք չարաշահեմ ձեր համբերությունը և ասեմ, որ մեր պատմության հերոսները մեր գյուղի կովերն են: Ինչպես գիտեք, հենց գարունը գալիս է, և կանաչով է ծածկում դաշտերը, բոլորn իրենց նախիրները տանում են արածեցնելու: Եվ քանի որ կովերի համար հատուկ ճանապարհ չկա, ստիպված եմ լինում միշտ բախվել այս խնդրին: Նրանք գրավում են ամբողջ ճանապարհը ու տեղ չեն թողնում, որ անցնես: Ցրվում են ու անկանոն առաջ գալիս այնպես, որ երբեք չես պատկերացնի նրանց մոտավոր ուղղությունը: Իսկ ինչ վերաբերում է նախրապաններին, ապա նրանք բավական հետ են մնում և նույնիսկ չեն էլ երևում, որպեսզի կարողանան մի քիչ հանգստություն ներշնչել քեզ:

Հենց երեկ ճանապարհին իմ հետևից մի նախիր էր գալիս, ու ես արագ-արագ գնում էի, որ ինձ չհասնեն: Ու մեկ էլ մի նախիր էլ դիմացից հայտնվեց: Ես հայտնվեցի երկու նախիրների արանքում, ու մինչև նրանք անցան, ես կես մարդ դարձա:

Ոչ մի կերպ չեմ կարողանում անգամ տարբեր ժամերի դուրս գալով՝ չհանդիպել նրանց:

 

Anush abrahamyan

«Սառցե» լճի առասպելը

Եթե անգամ դուք մտածեք, թե սա մանկական շարադրության է նման, և ձեր դեմքին երևա մի ժպիտ, որը ծածկում է ներքին մի ծիծաղ, ապա ես կհամաձայնեմ ձեզ հետ: Բայց սա «Սառցե» լճի իմ առասպելն է եղել դեռ շատ վաղուց…

Տարիներ են անցել այն օրից, երբ հասկացա, որ անտառը ինչ-որ մեկի կանաչ երազն է, որ այն ամենը, ինչն արմատներ է ձգում, դառնում է ավելի թարմ՝ դարերի փոշոտ հայացքի ներքո, մեր էությունը դարձնում է ավելի մաքուր ու հստակ, երբեք չի կարող պարտվել:

Դա իմ ու անտառի առաջին բախումն էր: Եկեք տեղափոխվենք մոտ 1930 օր հետ և սկսենք ամենասկզբից: Մեքենան սլանում էր բավականին արագ, և ես հազիվ էի հանդուրժում երկու եղբայրներիս անհանգիստ շարժումները՝ ապակին իջեցնելու նպատակով: Գյուղի սևացած կտուրներին հաջորդեցին չվերջացող ծառերի շղթան ու խորդուբորդ ճանապարհից բարձրացող փոշին, որ միևնույնն էին իմ ծույլ հայացքի համար: Մոտ կես ժամ հետո մեքենան կանգ առավ, ու լսվեցին գոհունակության ճիչեր: Այդ տեղը, հավանաբար, անտառի այն գողտրիկ վայրերից էր, որտեղ թվում է՝ անիվներից բարձրացած փոշին ու շարժիչի ձայնը երբեք չէին հասել: Այդ հատվածը մի կլոր բեմի էր նման, որի շուրջ միակ ունկնդիր ծառերը երբեմն-երբեմն ականատես էին լինում թատերական մի ներկայացման, որ կոչվում էր «Դատարկության շշուկները»: Մի ժամանակ այնտեղ ձյուն է եղել, մի ուրիշ ժամանակ՝ արևն է երգել ու ապրել, մեկ այլ ժամանակ՝ անձրևը: Բեմից քիչ այն կողմ ծովն էր, որ կենդանի էր պահում օրը: Հորեղբայրս երբեմն-երբեմն կրկնում էր՝ այստեղ գայլեր են եղել: Ի հակադրություն իմ վախի՝ երազում էի տեսնել գայլերին, որոնք իրենց դեղին աչքերով կճեղքեին անտառի վրա իջած ծանր մշուշը: Երազում էի տեսնել անտառի թագավորին, որ իմ մանկական պատկերացմամբ ծառե մարմին կունենար, մամուռով պատված ու գունազրկված մի թագ: Նա կկարողանար ինձ պահել իր հսկայական ափի մեջ ու կտաներ ամենաբարձր ծառերի գագաթների մոտ, հսկայական ու պաղ ժայռերի մոտ կտաներ ու վերջապես՝ ծով, և ես ընդմիշտ կպահեի երկնքի ձայնը իմ ականջներում: Անտառի մշուշե ժպիտը ու գայլի ոռնոցը կդառնային «սառցե» լճի իմ առասպելը, որովհետև այդ օրը ոչ միայն արմատավորվեց իմ մանկական հիշողության մեջ, այլ փոխեց իմ հայացքը դեպի բնությունը, իմ ներսում առկա գեղեցիկ, բայց սառցե լիճը սկսեց աստիճանաբար հալվել, իմ ներսում արձագանքում են դեռ անտառի ձայները: Իմ ոսկե հիշողությունը, ծառերը՝ երկնքի կրծքի մեջ խրված, ծովը՝ հողի գրկում նիրհող, հավերժական են…

Ես անընդհատ նայում էի անտառի խորքերը ու փորձում էի նշմարել կամ պատկերացնել նրա՝ թագավորի ձեռքը, որ կկանչեր ինձ՝ իր կարմիր քար ունեցող արծաթե մատանին ցուցամատին հագցրած: Լավ եմ հիշում, թե ոնց ցանկացա վազել՝ թողնելով բոլորին, բայց իմ մանկական վախերը թույլ չտվեցին:

Նստեցինք մեքենան, բոլորը սունկ էին հավաքել՝ բացի ինձնից: Անմիջապես իջեցրի ապակին, որ շնչեմ անտառի օդն ու վերջին անգամ նայեմ հեռուն՝ խույս տալու համար իմ հիասթափությունից: Տարիներ անց միայն կարդացի Չինգիզ Այթմատովի «Սպիտակ շոգենավը», որի հերոսը այդ ժամանակ իմ տարիքին էր: Նա վազեց դեպի ծովն ու ձուկ դառնալով՝ լողաց հեռո՜ւ-հեռո՜ւ: Ո՞վ գիտե, եթե ես այն ժամանակ չվախենայի և վազեի դեպի անտառի խորքը, կկարողանայի՞ արդյոք թռչել, և հանդիպելով անտառի թագավորին՝ կգնայի՞ հեռո՜ւ-հեռո՜ւ:

Ես այդ օրը կարողացա իմ ներսում առկա սառցե լիճը հալեցնել, բայց չգիտեմ՝ դեռ որքան կարձագանքեն իմ մեջ անտառի ձայները: Բայց եթե չցրեք ձեր մեջ նստած թանձր մշուշը, ապա չզարմանաք, երբ այնտեղ հայտնաբերեք գայլերի մի ամբողջ ոհմակ:

Ani asryan

Վրեժը

Աշխարհում քիչ են պայքարող մարդիկ: Մարդիկ, ովքեր ձգտում են ավելիին հասնել, անկախ այն բանից, թե ինչ փորձություններ է պատրաստել կյանքը իրենց համար: Մարդիկ կան պայքարում են սովորելու համար: Շրջապատի մարդկանցից կգտնվի մեկը, ում կյանքը ինչքան էլ հարվածի տարբեր կողմերից, նա, միևնույն է, ոտքի կկանգնի: Մեր դրախտային Դարբասում ապրում է հրաշալի երիտասարդ, ում մասին այսօր ուզում եմ պատմել:

Վրեժ Կարապետյան

26-ամյա երիտասարդ, ով անցել է բազմաթիվ փորձությունների միջով, բայց մնացել է կյանքին «սիրահարված»: Կյանքը նրան սովորեցրել է պայքարել: Ծնվել է Դարբաս գյուղում, գյուղացու ընտանիքում: Սովորական մարդիկ, բայց նրանց զավակը սովորական մարդ չէ: Վաղ տարիքում կորցնելով ծնողներին, մեծացավ տատի և պապի խնամակալության ներքո: 18 տարեկանում երկու եղբորը թողնելով հարազատ մարդկանց խնամքին, գնաց հայրենիքին պարտքը հանձնելու: Ծառայությունից վերադառնալուն պես սկսել է աշխատել World Vision բարեգործական կազմակերպությունում՝ համայնքային կազմակերպիչ: Թեև զբաղված օրակարգ ունի, իր հանգստի ժամանակը տրամադրում է կամավորական աշխատանքին: Աշխատելուն զուգընթաց սովորել և ավարտել է Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը և Հայաստանի ագրարային համալսարանը: Գյուղի բնակիչները հաճախ են պատմում նրա մասին: Ասում են.

-Իրա հումորը անսպառ է:

Քայլում ես գյուղում, մայթեզրին՝ նստարանների նստած մարդկանց խումբը աղմկալից ձայնով քննարկում է անցող դարձողին: Հաճախ եմ լսել գովեստի խոսքեր Վրեժի մասին: Տատիկները ասում են.

-Մալադեց, հալալ ա իրան: Մըծացավ, ախպերներին ինքը պահավ, մեծ մարդիկ տառան, մհեկ մեծ մարդ ա, մեծին հարգող, փոքրերին սիրող: Հենց տեսնմ ա՝ բարևմ ա անպայման:

Սիրում է տխուր մարդկանց ուրախություն պարգևել իր հումորներով: Մի անգամ հումոր արեց, ու բոլորս ծիծաղեցինք, հետո հարցրեցի.

-Իսկ դու ուրա՞խ ես հիմա:

-Ես ուղղակի ուզում եմ բոլորիդ ուրախ տեսնել:

Ասում են նա, ով մշտապես ժպտում է, հենց նրա հոգին է, որ անվերջ արտասվում է:

Մեր ազգին պետք են հենց Վրեժի պես զավակներ, ովքեր չնայած կյանքի դժվարություններին, պայքարում են և իրենց պայքարով ոգեշնչում նաև շրջապատի մարդկանց:

elizabet harutyunyan exvard

Տան ուրվականները

-Շըշշ…

-Հը՞, տեսա՞վ։

-Չէ, Էլիզ, ես հլը իրան չեմ տեսել, սուս, որ չգա մեզ գտնի։

-Մեզ կուտի՞։

-Որ սուս մնաս՝ չէ։

-Ես քնում եմ, որ գա՝ կարթնացնես։

-Էլի՜զ, Էլիզա՜, աղջի, հելի, ինձ մենակ մի՛ թող։

Տարօրինա՞կ է թվում։ Էլ մի զարմացեք ու ծիծաղեք, բոլորդ էլ վախեցել եք տան ուրվականներից ու հրեշներից։

Դե հիմա պատկերացրեք. ես ու հորեղբորս աղջիկը պահարանում, կծկված նստած ենք։ Ձմեռ, կարճ օրեր ու երկար գիշերներ։ Ժամը ութն է, և դրսում մութ է, տան լույսերը՝ անջատված, պատուհանից այն կողմ քամին տակնուվրա է անում ողջ քաղաքը, իսկ ես ու քույրս թաքնվում ենք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչից։ Հա, հա, հենց էն հրեշից, որ գոյություն չունի։ Լավ, հերիք է ծիծաղեք: Մի՞թե դուք էլ չեք եղել փոքր։ Զարմանում եմ հիմա. թաքնվում էինք մահճակալի տակ ապաստանած հրեշներից, իսկ պահարանի միջի հրեշներին հյո՞ւր էինք գնացել։

Լավ, հրեշները հասկացանք, բա լույսե՞րը, ինչի՞ չէինք միացնում։ Մենք ենք մեր վախը ստեղծողը։

-Էլիզ, լսո՞ւմ ես։

-Ա՜, էդ ինքն ա՞։

-Չգիտեմ, Էլիզ, ամեն դեպքում իմացի, որ ես քեզ շատ էի սիրում ու… Հա՜, հիշո՞ւմ ես, որ Նոր տարուն դիմակդ պատռվել էր, էդ ես էի արել, կներե՜ս քուրիկ։

Դռան ճռճռոցներ… Անցավ տասը վայրկյան լռության մեջ, բացվեցին պահարանի դռները։ Խավարի սարսափի մեջ տեսանք մի լույս, մի սիլուետ՝ մայրս էր։

Վա՜խ, մանկություն, ինչ քաղցր, ինչ հեռու ես դու արդեն։ Մանուկ, մի արարած, ում երևակայությունը չունի ո՛չ սկիզբ և ո՛չ էլ վերջ։

Անձրև, մի արի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Վերջապես Մարտունիում էլ գարուն եկավ, բայց էնպես եկավ, որ ինչպես գյուղացիներն են ասում` «Յաս՝ սուս, դու՝ սուս»: Այս արտահայտությունը շատ է օգտագործվում որևէ երևույթի անսովորությունը ցույց տալու համար: Մեկ խաղաղ, տաք եղանակ է, մեկ էլ հանկարծակի այնպիսի քամի է սկսվում, որ լվացքի պարանից շորեր է «գողանում»:

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Իսկ այ, կարկուտը բոլորիս թշնամին է, մանավանդ, որ ծառերը նոր-նոր են ծաղկել: Հասանք անձրևին` ոմանց համար սիրելի, ոմանց համար`ոչ, իսկ մյուսները չեն էլ մտածել, թե անձրևը կարող է գեղեցիկ լինել: Դա մեղադրելու չէ: Չէ՞ որ գյուղացին առաջին հերթին մտածում է ոչ թե անձրևի սիրունության, այլ իր բերքի մասին: Անձրևը խանգարում է փոշոտմանը, վար ու ցանքին և դրսի աշխատանքներին: Հենց այս հոգսերի պատճառով էլ գրեթե միշտ նրա գեղեցկությունը անտեսվում է` հատկապես մեծերի կոցմից: Անձրևից հետո, հատկապես երբ արևում է, բնությունը մի ուրիշ կերպ է գեղեցկանում՝ չհաշված ջրափոսերով «հարուստ» ու ցեխոտ ճանապարհները:

susanna geghamyan

Լիճքի բարբառը

Ինչպես յուրաքանչյուր մարզ և գյուղ, իմ գյուղը նույնպես առանձնանում է իր տարբերվող բարբառով և խոսելաձևով: Լիճքը ունի շատ յուրահատկություններ, բայց բարբառը լիովին տարբերվում է, և քանի որ 17.am-ում շատ եմ կարդացել, որ թղթակիցները ներկայացնում են իրենց գյուղի բարբառը, այսօր որոշեցի հետ չթողնել նաև իմ գյուղը և ընթերցողին ներկայացնել Լիճքի բարբառը (Գոլավարի): Հա, չմոռանամ ասել, որ մեր բարբառը մի ուրիշ քաղցրություն ունի, իհարկե ինձ համար: Լավ, չերկարացնեմ: Սկսե՞մ: Լավ, արդեն սկսեցի:

ուդա – այստեղ,

ունա – այնտեղ,

դոր – ուր

օրի – ինչու

իմա՞լ իս – ո՞նց ես

դորա կերտաս – ուր ես գնում

ինչ ա կսիս – ինչ ես ասում

իդմա – այսպես

կարտոլ – կարտոֆիլ

Եվ մի շարք այսպիսի հետաքրքիր բառեր: Ուզում եմ ասել, որ վերը նշված բառերի մի մասը (ուդա, ունա, դոր) չեն կարդացվում այնպես, ինչպես գրվում են: Մենք արտասանում ենք այնպիսի հնչյուններ, որոնք չկան այբուբենում: Այդ տառերը կան միայն Լիճքի այբուբենի ու լիճքեցու տառապաշարի, բառապաշարի մեջ… Եվ գուցե դու, սիրելի ընթերցող, այսպես կարդալով՝ չկարողանաս ճիշտ արտաբերել մեր բարբառի բառերը, դրա համար, եթե հնարավորություն լինի և գաս Լիճք, ապա անգամ կողքից լսելուս կարող ես սովորել մեր բարբառը: Այն հնարավոր է, որ մի քիչ էլ կոպիտ հնչի, բայց լիճքեցու համար իր բարբառը յուրահատուկ է: Իհարկե շատ բառեր կան, որ կգրեի, ուղղակի դա կթողնեմ մյուս անգամ կամ գուցե ընկերներս գրեն, բայց ամեն դեպքում, մեր բարբառն էլ հարուստ է տարատեսակ քաղցր բառերով:

Կողբ հիմնադրամը ներկայացնում է

Մայիսի 13-ին Լոֆթում տեղի ունեցավ հանդիպում պատմաբան և հրապարակախոս Համլետ Դավթյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կողբ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը։ Հանդիպման նպատակն է՝ համահարթակ ստեղծել, որտեղ նոր գաղափարներ կծնվեն։ Հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանն ասաց, որ հանդիպումները շարունակական են լինելու, իսկ թեմաները՝ հանդիսատեսի կողմից առաջարկված;

Հանդիպման ընթացքում Համլետ Դավթյանը սիրով պատասխանում էր ներկաներին հուզող հարցերին, շարադրում իր տեսակետները:

Լուսանկարները՝ Դիանա Շահբազյանի

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը

Զրուցակիցս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանն է:

Լուսանկարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

Լուսանկարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

-Պարոն Խաչիկյան, պատմեք Ձեր գործունեության մասին: Մինչ մասնաճյուղի տնօրեն աշխատելը ի՞նչ ոլորտում էիք աշխատում:

-Աշխատում եմ 2011 թվականից: Մինչ այդ աշխատել եմ Ազգային Ժողովում, ՄԱԿ-ի ազգային գրասենյակում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, որպես դոցենտ, որպես փորձագետ տարբեր աշխատանքներ եմ կատարել: Տեղափոխվել եմ այստեղ աշխատելու այն ժամանակ, երբ բուհը ընդամենը երեք տարվա գործունեություն ուներ: Դեռևս չկային շրջանավարտներ: 91 ուսանող կար: Այս պահին արդեն 280 ուսանող ունենք: Բացվել է մագիստրոսական կրթական ծրագիր, հեռակա կրթական համակարգ է ներդրվել, ու համագործակցում ենք տարբեր միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ Խաղաղության կորպուսի, նաև IT ոլորտի տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:

-Տնտեսագիտության ո՞ր ճյուղերն են դասավանդվում:

-Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, զբոսաշրջության կառավարում:

-Իսկ այս տարի որքա՞ն շրջանավարտ եք ունենալու:

-Այս տարի ունենալու ենք 82 շրջանավարտ: Առկա բակալավր, հեռակա բակալավր և մագիստրատուրայի գծով վեց խումբ են ավարտելու:

-Իսկ ուսման մակարդակը բարձրացնելու համար ի՞նչ աշխատանքներ են տարվում:

-Հիմնականում միջազգայնացման հետ կապված գործընթացներ են: Օրինակ, արդեն ուսանող ունենք, որը սովորում է Եվրամիությունում, մայիսին հետ է գալու: Դասախոսներից արդեն երկու անգամ գործուղվել են Եվրոպական տարբեր առաջատար բուհեր: Համագործակցում ենք նմանատիպ տարբեր բուհերի հետ: Փորձում ենք միջազգային ծրագրերը ներդնել նաև մեր բուհում: Առայժմ միջազգայնացումը համարվում է հիմնական ուղղություն:

՞նչն եք կարևորում դասախոսների մեջ պրոֆեսիոնալիզմը, թե՞ մարդկային հատկանիշները:

-Դրանք դժվար է տարանջատել մեկը մյուսից, գերադասել կամ ավելի ցածր դասել, բայց բոլոր դեպքերում պրոֆեսիոնալիզմը իհարկե կրթական համակարգի առումով ունի էական նշանակություն:

-Արդյոք հնարավո՞ր է բոլոր ուսանողներին վերաբերվել նույն կերպ, թե՞ կան ուսանողներ, որոնք հատուկ վերաբերմունքի են արժանանում:

-Կան ուսանողներ, որոնց վրա ավելի շատ ենք աշխատում՝ գիտելիքը ըմբռնելու տեսանկյունից: Նրանց հետ աշխատատար գործընթացներ շատ են իրականացվում, այդ առումով հատուկ վերաբերմունքի արժանացող ուսանողներ կան: Բայց ընդհանուր ստանդարտները, չափանիշները բոլորի համար նույնն են, և փորձում ենք տեղավորվել այդ շրջանակների մեջ:

-Իսկ ի՞նչը կուզեիք փոխել համալսարանում:

-Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի մեծացնել հետազոտական բնույթի աշխատանքները:

-Ուսանողների մեծ մասը տնտեսագիտության ո՞ր ճյուղն են ավելի շատ նախընտրում:

-Ֆինանսները:

-Ինչո՞ւ:

-Չեմ կարող ասել, երևի հնչեղություն ունի, բոլոր դեպքերում, պարբերաբար ֆինանսներում մրցակցությունն ավելի բարձր է լինում:

-Իսկ մասնագիտական գրականությամբ որքա՞նով եք ապահովված:

-Մասնագիտական գրականություն կա, բայց հայերենով  քիչ է, օտար լեզուներով գրականությունը ուսանողներին այդքան էլ հասանելի չէ՝ լեզվի իմացության պատճառով: Հիմնականում ուսանողները օգտվում են օնլայն գրադարաններից, որոնք հասանելի են համացանցում: Ունենք նաև համակարգչային սրահ ինտերնետով ապահովված, ուսանողներն այնտեղ նստում և աշխատում են:

-Որո՞նք են մերօրյա երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրները, ի՞նչ հիմնախնդիրների հետ են առնչվում ուսանողները:

-Ամենամեծ հիմնախնդիրը երիտասարդության շրջանում անտարբերությունն է, կյանքի նկատմամբ ոչ լիարժեք պատկերացումներ ունենալը, երևի տարիքայն առանձնահատկություն է, որ չեն կարողանում կողմնորոշվել կրթության առումով: Մի տեսակ մատների արանքով են նայում, բայց դա չէի ասի միայն երիտասարդության խնդիրն է, դա հասարակության խնդիրն էլ է: Իհարկե, նաև բուհի խնդիրն է: