anushmkrtchyan

Մեր թաղը

 Ես ապրում եմ «աշխարհից հեռու», բայց  այս աշխարհի մի մասը գյուղում՝ Շենիկում: Գյուղս մեկն է Արարատյան դաշտի այն գյուղերից, որտեղից ամեն առավոտ կարելի է տեսնել Արարատը: Գյուղիս մասին խոսելիս ակամայից ուզում եմ ասել.

-Սա իմ գյուղն է

Չափսերով այնպիսին,

Որ կարող եմ վերցնել հետս,

Երբ մի ինչ-որ տեղ գնամ:

Այո, գյուղս փոքր է: Բոլորը ճանաչում են իրար, և դա ինձ դուր է գալիս: Այս փոքրիկ գյուղի մի փոքրիկ անկյունում է գտնվում մեր թաղը: Մեր թաղի համբավը տարածված է ամբողջ գյուղով: Այնտեղ, ուր ավարտվում են դպրոցի դասերը, այնտեղ, ուր կյանքը դառնում է պայծառ ու լուսավոր, երբ ամեն ինչ դառնում է դրական, սկսվում են մեր թաղի իրիկունները: Հավաքվում ենք  ընկերներով ՝ տղա, աղջիկ, և սկսում ենք ասել ու խոսել, խնդալ ու  խաղալ մինչև որ մութն ընկնի: Ամառները ավելի  երկար ենք մնում դրսում: Մեր երգիծաբանները  իրենց կատակներով ապահովում են  մեր ծիծաղը, հաճախ նույն կատակը մեկից ավելի անգամ կրկնելով: Դե, էլ ի՞նչ հավաքներ առանց խաղերի:

Խաղում ենք, խաղում, այնքան, մինչև հարևանուհին բողոքում է մեր  ձայներից:

Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում «ցոգոլի սեզոնին»: Մեր հավաքույթները համեմվում են ցոգոլի թթու ու հյութեղ համերով: Իսկ հարց չառաջացա՞վ, թե որտեղից այդ ցոգոլները. դե, իհարկե, մեր հարևանի այգուց:

Քանի որ խոսք գնաց հարևանի այգուց ու ցոգոլներից, պատմեմ մի դեպք:

Ամառ էր: Մեր թաղի իրիկուններից մեկն էր: Սովորականի պես նստած էինք, ու միտքներս ընկավ հարևանի այգու ցոգոլները: Անգիր գիտեինք  հարևանի գործի ժամերը: Բախտներս բերեց, ու նա տանը չէր: Սովորաբար ցոգոլի գնում էինք բոլորով: Ամեն մեկս մի աշխատանք էր կատարում՝ մեկը քաղում էր, մյուսը ծառի տակից բռնում, երրորդը՝ հսկում, որ մարդ չգա:

Արդեն այգում էինք: Դեռ մի քանի հատ էլ չէինք  քաղել, հանկարծ լուր բերին, թե տանտերը գալիս է: Ուր որ է` ուզում էինք  փախնել, բայց չհասցրինք: Տանտերը եկավ: Մի քանի  փոքր ծառեր կային  այգում: Մի 6 հոգով թաքնվեցինք դրանց հետևում: Դեռ թաքնված էինք, երբ սկսվեց ուժեղ անձրև: Մեկն ասում էր.

-Էկեք դուրս գանք: Ավելի լավ է` բռնվենք, քան թրջվենք:

-Չէ՛, չէ՛, որ բռնվենք, էլ ցոգոլի երես չենք տեսնի,- գոչում էր մեկը մի ուրիշ կողմից:

Այսպես երկար որոշում էինք դուրս գալ, թե ոչ, իսկ անձրևը գնալով ուժեղանում էր: Չնայած ընկերների հետ արժեր ժամերով մնալ անձրևի տակ ու թրջվել: Երևի մեր բախտից էր, որ անձրևը շուտ կտրվեց: Հարմար առիթ գտանք, որ ոչ ոք չտեսնի ու դուրս թռանք այգուց: Ոտքից գլուխ ջուր էինք եղել:

Բոլորը անձրևի ժամանակ մեզ էին փնտրել, իսկ մենք ասացինք, թե թաքնվել էինք մի ծառի տակ, որ չթրջվենք: Մեր հավաքած  ցոգոլների կեսն էր մնացել միայն: Դրանք էլ կերանք ու գնացինք տուն:

Այս դեպքից հետո էլ երբեք հարևանի այգի չմտանք ցոգոլ հավաքելու, անգամ երբ տանը չէր: Բոլորս  «կշտացել» էինք գլխներիս եկածից:

Չնայած դրան, մեր թաղում իրիկունները հիմա էլ անցնում են ուրախ ու  առաջվա նման, դե իհարկե, առանց ցոգոլի:

Եվ վերջում, եթե օրերից մի օր մեր հարևանը կարդա սա, թող ների մեզ, ու մեր  պատանեկան արարքները:

hermine zaqaryan

Եկեք տարբեր լինենք

Մարդիկ շատ հետաքրքիր արարածներ են և նման են իրար ոչ միայն արտաքինով, այլև նաև արարքներով: Հետաքրքիր է, չէ՞: Երեկ ես քայլում էի Սիսիանի մարդաշատ հրապարակով, և մտածում էի. հաստատ ես կամ էստեղ գտնվող մարդկանցից ոչ մեկը չի գոռա, չի պարի, չի ծիծաղի, չի խոսի, չի երգի ու շատ այսպիսի «չի»-եր: Բայց ո՞րն է դրա պատճառը: Մի՞թե պարելը, երգելը, ծիծաղելը վատ բաներ են: Ոչ, բայց բոլորիս համար ընդհանուր ինչ-որ կանոններ են ստեղծված: Կարելի է ասել` չգրված կանոններ, բայց մի՞թե մենք չենք կարող ապրել ինքներս մեր կանոններով, թե՞ այդպես կարգ ու կանոն չի լինի: Բայց հիմա էլ չկա այդ կարգ ու կանոնը: Ո՞րն է ավելի լավ` ապրել ուրախ, կարգ ու կանոնով, թե՞ տխուր: Կամ եթե ինչ-որ մեկը որոշում է ինքը ստեղծել իր կանոնները, մենք չենք ընդունում, փորձում ենք փոխել, դարձնել մեզ նման: Բայց ինչո՞ւ, ո՞րն է դրա իմաստը: 

Մարդիկ չեն ընդունում, որ իրար նման են, թեկուզ ինչ-որ բաներով: Բայց ո՞վ է ասել, որ մենք պետք է լինենք նման: Օրինակ, մեզնից ո՞ր մեկը կմտածեր, որ կծած խնձոր կարելի է պատկերել հեռախոսի վրա: Բայց այսօր աշխարհի բնակչության մեծ մասը օգտագործում է այդ հեռախոսները: Եկեք անենք ինչ-որ մեր սիրտն է ուզում, եկեք տարբեր լինենք և միգուցե մենք էլ մի այդպիսի գաղափարի հեղինակ դառնանք:

Եկեք նման չլինենք մյուսներին, այս նման աշխարհում եկեք տարբեր լինենք:

նարեկ բաբայան

Ես մայրիկ եմ և տնային տնտեսուհի

Հարցազրույց  մայրիկիս՝ Արուս Բաբաջանյանի հետ               

-Մամ, կպատմե՞ս քո մասին:

-Սիրով։ Ես տնային տնտեսուհի եմ, ինչ-ինչ պատճառներով ուսումս կիսատ եմ թողել։ Պետք է կառավարիչ դառնայի, սակայն դեռ դպրոցից սիրել եմ մանկավարժի աշխատանքը և երազել եմ դառնալ տարրական դասարանների դասվար։ Երազանքս որոշ չափով կատարվել է, քանի որ հիմնականում զբաղվում եմ երեխաներիս դաստիարակությամբ և օգնում նրանց ուսման մեջ։

-Որոշ տնային տնտեսուհիներ իրենց գործը ձանձրալի են համարում, համամի՞տ ես այդ կարծիքի հետ։

-Իմ կարծիքով ձանձրալի է այն գործը, որը սիրով չես կատարում: Երբեմն օրերը միօրինակ են անցնում, բայց ես փորձում եմ ինձ համար հետաքրքրություններ գտնել։

-Օրինակ, ինչպե՞ս։

-Օրինակ՝ գտնում եմ նոր ճաշատեսակների  բաղադրատոմսեր և փորձում եմ պատրաստել, ֆիլմեր եմ դիտում, կարդում եմ, և այլն…

-Լա՛վ, իսկ բացի մանկավարժից, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կուզեիր ունենալ։

-Կուզեի դերձակ-մոդելավորող դառնալ,մի քիչ կարում եմ, բայց կցանկանայի մասնագիտանալ այդ գործում։

-Իսկ ինչո՞ւ դերձակ-մոդելավորող։

-Միշտ սիրել եմ հագնվել յուրովի, ուզում եմ կրել իմ մոդելավորած հագուստը։

-Իսկ ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում։

-Սիրում եմ քաղաքային ոճը և իհարկե, դասականը։

-Իսկ ինչպե՞ս ես անցկացնում հանգստյան օրերը։

-Ընտանիքիս հետ,որովհետև մնացած օրերին բոլորն իրենց գործերով են զբաղված:

-Ո՞րն է քո կարծիքով իդեալական արձակուրդը։

-Իդեալական արձակուրդն իմ կարծիքով առօրյայից կտրվելն ու բնության գիրկն ընկնելն է։

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր դեռ չեն ամուսնացել և չգիտեն, թե ինչ է նշանակում լինել տնային տնտեսուհի և ընտանիքի մայր։

-Խորհուրդ եմ տալիս աղջիկներին, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, կամ, եթե տնային տնտեսուհիներ դառնան, միշտ լինեն կանացի, գեղեցիկ,բարի և ուժեղ։ Այս է լավ մայր դառնալու գրավականը։

nane tsaturyan

Ուզում եմ առաջվա նման լինի

Ես հաճախ եմ տատիկիս հարցնում, թե առաջ ինչպես էր, մարդիկ ինչպես էին ապրում մեր կողմերում: Նա ինձ պատմում է: Մի անգամ պատմեց նաև, որ իրենք ադրբեջանցիների հետ եղել են բարեկամական կապերի մեջ: Ես շատ զարմացա, նա ասաց.

-Դե, մենք ադրբեջանցիների հետ շատ մոտիկ էինք: Մենք իրանց տուն էինք գնում, իրանք գալիս էին մեր տուն: Գնում էինք առևտուր անում, իրանք էլ մեզ մոտ էին գալիս: Հետո գնում էինք իրենցից միրգ էինք բերում՝ թութ, բալ, ծիրան: Մեկը մեկի տուն գնալ-գալ ուներ:

Մի ադրբեջանցի էլ գնում էր Նոյեմբերյան` բազարում առևտուր անում: Անունը Ալի էր: Ինքը Ղազախից էր:  Էդ մարդը բերում էր մեզ համար մեծ արկղով վարունգ, պոմիդոր, դնում նստարանին ու վազելով գնում: Մենք էլ իրանց համար հավեր ենք տանում Ղազախ: Իրանք գալիս էին մեզ մոտ տավարած աշխատում: Մեզ հետ նույն սարում անասուն էին պահում: Մենք շատ նորմալ էինք իրար հետ: Բայց թե ինչ եղավ, որ ամեն ինչ խառնվեց՝ չիմացա…

Եվ ես մտածում եմ. ինչ լավ կլիներ, որ հիմա էլ այդպես լիներ, և այս պատերազմը մեկընդմիշ ավարտվեր:

Մեր գյուղի աղբյուր-հուշարձանը

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Մեր գյուղի` Բաղանիսի կենտրոնում կա մի աղբյուր-հուշարձան: Այն կառուցվել է 1965 թվականին և նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացի հերոսամարտիկների հիշատակին: Մեր գյուղից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 148 մարդ: Աղբյուր-հուշարձանի մարմարե սալիկի վրա փորագրված են 46 զոհվածների անուն-ազգանունները: Նրանցից  22-ը երիտասարդներ էին, չամուսնացած: Ոմանք էլ ընտանիքի միակ տղան էին: Նրանց ծնողները, ինչպես ասում են, աչքները ճամփին սպասելով մահացան, ու օջախի ծուխը կտրվեց:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Մենք միչև հիմա, ամեն տարի մայիսի 9-ին հավաքվում ենք և՛ ուրախանում, որ հաղթել ենք այդ պատերազմը, և՛ տխրում զոհված մարդկանց համար:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Գետահովիտ` աշխարհի հրաշալիքներից ամենագեղեցիկը

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Իմ գյուղը Գետահովիտն է (նախկինում այն կոչվել է Թալա), որը գտնվում է Տավուշի մարզում: Այն դրախտավայր է՝ շրջապատված սաղարթախիտ անտառներով ու լեռներով: Հպարտ եմ, որ ծնվել ու մեծացել եմ այստեղ: Եթե այստեղ չապրեի, գուցե գյուղի անունն անգամ լսած չլինեի, բայց այժմ ես ինձ երջանիկ եմ համարում, որ հենց այս գյուղի բնակիչ եմ:

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Իմ գյուղը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին. ամեն եղանակի նա յուրովի է գեղեցկանում: Սիրում եմ գյուղիս ամեն մի անկյունը, ամեն ծառ ու թուփ: Ամեն անկյունում կա ինչ-որ բան, որ ինձ իմ մանկությունն է հիշեցնում, և ես մտովի վերադառնում եմ մանկություն, երբ աշխարհը դրախտ էր թվում, իսկ մարդիկ՝ հեքիաթի հերոսներ: Սիրում ու անսահման հարգում եմ համագյուղացիներիս, որոնք ինձ համար օրինակ են եղել և կլինեն ամբողջ կյանքում: Ինձ համար չկա աշխարհում մեկ այլ վայր, որն այդքան հարազատ ու սիրելի լինի, որքան իմ գյուղը՝ Գետահովիտը:

Իմ գյուղն աշխարհի հրաշալիքներից ամենագեղեցիկն է ինձ համար:

nane davtyan

Իմ մանկության ուղեկիցները

Մի տեսակ հիշողության շունչ եմ զգում, չգիտեմ՝ ինչո՞ւ, ումի՞ց, բայց զգում եմ: Հիմա էլ խաղալիքներս եմ հիշել, որ մայրս գաղտնի տանում ու նետում էր թաղամասին մոտիկ ձորը, ու երբ խաղալիքներս չէի գտնում, վազում էի ձորը՝ խաղալիքներիս տոպրակը փնտրելու: Գնում էի` ինքս իմ մեջ նրանց խնդրելով, որ մի քիչ էլ դիմանան, մինչև հասնեմ: 

Անվախ մարտիկի նման իջնում էի, փնտրում ու հետ բերում, մորս պատկերացումներով, տան երեսին շաղ տված «զիբիլներին»՝ իմ բարեկամներին: Տոպրակից հանում էի շնչհեղձ եղած ընկերներիս, լողացնում, տուն տանում: Հետո նստեցնում էի իրենց տեղերում: Տիկնիկներով չէի խաղում, պարզապես պիտի նրանց իրենց տեղերում նստած տեսնեի: Սիրում էի ամեն բան իր տեղում լինի…

Հիշում եմ նաև մեր բակի ավազե թումբը, որը ինձ հնարավորություն էր տալիս զարկ տալ երևակայությանս և սարքել ամենաանհավանական մեծ ու սիրուն տնակը՝ մեծ պատշգամբով, աստիճաններով ու քարե մարդկանցով: Հիշում եմ մայրիկիս դժգոհ դեմքը, երբ տեսնում էր իր ավազացեխոտ, մազերը աչքերին ընկած, թափթփված շրջազգեստով ու ճարտարապետի հպարտ հայացքով աղջկան:

Հիմա արդեն չեմ խաղում ո՛չ տիկնիկներով, ո՛չ էլ տնակներ պատրաստում, բայց ամեն անգամ, երբ աչքս ընկնում է պատուհանագոգին նստած տիկնիկներին, մանկությունս կինոժապավենի նման անցնում է աչքերիս առաջով, ես լուռ ժպտում եմ…

Հայաստանը հոլանդացիների աչքերով

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Դպրոցում հերթական միջոցառումներից մեկն էր կազմակերպվել: Այս անգամ հերոսները հոլանդացիներն էին, իսկ ավելի կոնկրետ հիմա ներկայացնեմ բովանդակությունը:

Ինչպես ասում են, «մի մարդու պես» հավաքվեցինք դահլիճում, հյուրերը ներկայացան, և երբ թարգմանչուհին ասաց, որ պիտի հայերեն երգեն, և մասնավորապես, Սայաթ-Նովա: Բոլորս զարմացանք ու մեջներս կասկած առաջացավ. արդյո՞ք կարող են պատվով դուրս գալ:

Հավատացեք, այնպես երգեցին, որ անգամ փշաքաղվեցինք: Հայացքներից երևում էր, որ հասկանալով ու զգալով են երգում: Կատարեցին Էրեբունի-Երևանը, Կռունկը: Մենք էլ ձայնակցում էինք: Մեջս միանգամից ցանկություն առաջացավ հետները խոսելու ու մի երկու հարց տալու, ու ես ինձ չկորցրի: Երբ ելույթն ավարտեցին, թուղթ ու գրիչս վերցրի, վազեցի թարգմանչուհու մոտ, մի քանի տեղեկություն իմացա երգչախմբի մասին ու սպասեցի հարմար առիթի՝ հետները խոսելու համար:

Դպրոցի աշակերտներն էլ ոգևորվել էին ու հոլանդացիների հետ հայրենասիրական երգեր էին երգում, հետն էլ պարում, սովորեցնում: Մեկ էլ նկատեցի, որ հյուրերից մեկը ֆրանսերեն է խոսում, ու էլ սրանից հարմար ի՞նչ հնարավորություն: Ֆրանսերենի ուսուցչուհիս ծանոթացնում էր դպրոցին, ես էլ արագ գնացի ու որսացի պահը:
-Bonjour.
-Oh, bonjour. Sa va?
-Sa va bien, mercie beaucoup.
Չեմ ասի, թե ֆրանսերենից փայլում եմ, բայց դե ուսուցչուհուս օգնությամբ տակից դուրս եկա:
-Դե, ընկեր Դերունյան, օգնում եք` մի երկու հարց տամ:
Հարցերս տվեցի, ֆրանսերենի խմբի աշակերտներով մի փոքր զրուցեցինք, ու ես թռա լսածս ու գրածս իմի բերելու: Իրավիճակը փոքր ինչ խառն էր, բոլորն ուզում էին հոլանդացիների հետ խոսել, ֆոտոներ անել, դրա համար էլ իմ արած փոքրիկ գործից էլ բավական գոհ մնացի:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Պարզվեց, որ հոլանդական «Կռունկ» սիրողական երգչախումբը արդեն երեք տարի շարունակ գալիս է Հայաստան՝ մեր մշակույթին ու կյանքին ծանոթանալու ու նաև երկու երկրների միջև բարեկամական կապ հաստատելու համար: Երգչախմբի ղեկավարը Ինգրիդ Վան Ռուին է: Նա նշեց, որ երգչախումբը ոգեշնչված է Խաչատուր Ավետիսյանով: Իրենց խմբում կան նաև հայեր, ովքեր էլ սովորեցնում են հայերենի արտասանությունն ու բացատրում են խոսքերը:
2014 թվականին ճանաչողական այցով գնացել էին նաև Գյումրի:
Ասում են, որ Հայաստանը շատ են հավանել, գեղեցիկ երկիր ունենք,ամեն խաչքար իր յուրահատուկ պատմությունն ունի, (հպարտ-հպարտ ժպտում էի), հարցրի՝ ինչ տպավորություններ ստացան օրվա միջոցառումից, ասացին, որ շատ հավանեցին, հյուրասեր ենք, աշակերտներն ու ուսուցիչներն էլ շատ հաճելի ու խելացի մարդիկ են: Առաջին անգամ են տեսնում, որ մի ազգ այսքան հյուրընկալ լինի: Հյուր են գնում, տանտերերը մի լավ սեղան են գցում ու ժպիտներով էլ ճանապարհում: Սկզբում կարծում էի, թե այս վերջին շրջանի դեպքերի համար են եկել Հայաստան, ու հարցրի նաև, թե երկրում տիրող իրավիճակին ծանո՞թ են: Ասաց, որ ոչ, միայն գիտեն ցեղասպանության մասին, որ մեզ կոտորել են, ու դրա համար իրենք շատ են ցավում:
Հետաքրքիր և ուրախ մարդիկ էին:
Ուզում եմ, որ շատ ազգեր մեզ ճանաչեն ու հետաքրքրվեն մեր մշակույթով: Այն իսկապես շատ հարուստ է ու գեղեցիկ, և բավականություն և ուրախություն ես զգում, որ օտարներն այդքան զգացական ու գեղեցիկ են ներկայացնում քեզ, քո իսկ երաժշտությունն ու արվեստը:

tatev aghazaryan

Օտարությունը երբեք հայրենիք չի դառնա

Հարցազրույց  հայրիկիս՝ Ռոստամ Աղազարյանի հետ

-Հայրիկ ջան, ո՞րտեղ ես ծնվել: Պատմիր մի փոքր այդ մասին:

-Ես ծնվել եմ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Փերիա գավառի՝  հայկական Սանգիբարան գյուղում:  Նույն թվականին տեղափոխվել ենք Իսպահան քաղաք՝ Նոր Ջուղա:

-Իսկ ի՞նչ եղավ այնտեղի հայության հետ:

-Հիմա Սանգիբարանում ոչ մի հայ չկա: 1972 թվականին ոմանք գնացել են Թեհրան, Նոր Ջուղա, մնացածն էլ` Հայաստան:

-Իսկ ինչպե՞ս էիք Նոր Ջուղայում պահպանում ձեր հայությունը:

-Իրանի Իսլամական Հանրապետությունը տվել էր մեզ իրավունքներ և հարգում էր մեր կրոնը, մշակույթը: Այնտեղ ունենք 12 հայկական եկեղեցի, մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ դպրոց, ավագ դպրոց, «Հայագիտական» համալսարան: Անգամ հայկական անուններով փողոցներ ունենք` Հովհաննես Շիրազի, Եփրեմ Խանի, Սասունի փողոցը, այլն…

-Ե՞րբ և ո՞ւմ հետ եկար Հայաստան:

-Հայաստանի անկախացումից հետո հրավերք ստացանք Հրազդան քաղաքից՝  հորեղբորս կողմից: 1991 թվականին ծնողներիս և քույրերիս հետ եկանք Հայաստան:

-Ո՞ր թվականին ծանոթացար մայրիկիս հետ, և ինչպե՞ս ընդունեցին քեզ այստեղ:

-1992 թվականին ծանոթացա կնոջս՝ Շուշան Գրիգորյանի հետ: Շատ մտերիմ էինք, և ծնողներս ուրախացան, որ հայ աղջիկ եմ կնության առնում:

-Երբ, որ ծնվեց եղբայրս, ինչո՞ւ որոշեցիր ընտանիքով  գնալ Իրանի Իսլամական Հանրապետություն:

-Առաջին հերթին ծնողներս երազում էին, որ տունը լցվեր թոռնիկի ուրախ ծիծաղով և երկրորդ, կինս ծանոթանար հայկական համայնքների հետ:

-Ինչպե՞ս էր այնտեղ կյանքը: Ինչո՞վ էիր զբաղվում:

-Այնտեղ ունեինք մեր ճաշարանը: Ընտանիքի պայմանները լավ էին: Թեև, իսլամական հանրապետությունում ունեինք իրավունքներ, բայց հայրենիքը միշտ էլ  ձգում էր: Այնտեղ զբաղվում էի սպորտով (թեքվանդո, բռնցքամարտ), կազմակերպում էի սպորտային միջոցառումներ, իսկ ազատ ժամանակ, որպես հոբի, նկարչություն էի անում նկարիչ Երվանդ Նահապետյանի հետ: «Արարատ» մարզամշակութային կենտրոնի ղեկավար Թաթուլ Օհանյանի շնորհիվ ունեցա մի քանի նկարչական ցուցահանդես:  Միշտ ներկա եմ գտնվել մայիսի 28-ի մարզական միջոցառումներին:

-Ինչո՞ւ որոշեցիր չտեղափոխվել ԱՄՆ`  քույրերիդ և եղբայրներիդ հետ, և վերադարձար  Հայաստան:

-Երկար տարիներ` ապրելով օտարազգիների հետ, միշտ երազել եմ ապրել Հայաստանում: Ապրելով նրանց հետ, դու կամաց-կամաց ձուլվում ես: Իմ կարծիքով, դա կարելի է, այսպես ասած  «սպիտակ ջարդ» անվանել:  Հայրենիքը մեր տունն է, և եթե հայը մտածում է, որ պահի իր ինքնությունը, մշակույթը, լեզուն, ուրեմն  պետք է ապրի Հայաստանում:

Երբ բոլոր բարեկամներս գնացին ԱՄՆ,  մենակությունը ինձ համար շատ դժվար էր, և երբ վերադարձանք Հայաստան, դու անընդհատ  զարմանքով հարցնում էիր ինձ, թե արդյո՞ք մենք հայ ենք: Իմ դրական պատասխանից հետո դու շատ էիր ուրախանում, որ մենք ապրում ենք Հայաստանում:

-Կարողացա՞ր շարունակել քո սպորտային գործունեությունը Հայաստանում:

-Որոշ չափով կարողացա շարունակել Աշտարակում, իսկ Երևանում`մարզադահլիճների, նորմալ պայմանների բացակայության պատճառով` չշարունակեցի: Բայց  շատ կցանկանայի:

-Կցանկանայի՞ր նորից ապրել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

-Ոչ, քանի որ այստեղ ամեն ինչ հարազատ է: Ճիշտ է, Իրանը իմ երկրորդ հայրենիքն է, սակայն այնքան ջերմ չէ, ինչպես Հայաստանը

-Իսկ ինչո՞ւ չես ուզում, որ մենք գնանք ԱՄՆ: 

-Ես չեմ արգելում, ուղղակի, դուք  պետք է ծառայություն մատուցեք հայրենիքին, այլ ոչ թե օտար երկրի անունը, դրոշը բարձրացնեք: Մարդը, եթե հայրենիքում չի ապրում, կարծես արմատից կտրված ծառ լինի: Եթե դուք ընդմիշտ հեռանաք հայրենիքից, ձեր սերունդները անհետ կձուլվեն օտարներին:

-Իսկ ինչ-որ բան ունե՞ս ավելացնելու:

-Խոսքս եզրափակիչ դարձնելու համար կասեմ Գյոթեի խոսքերը` «Օտարությունը երբեք հայրենիք չի դառնա»:

Կյանք արժեցող խաղաղություն

Սուրբ գործը, որ միշտ իրականացվում է մեր զինվորների կողմից, արժանի է մեծարման:

Իրենց տաքուկ անկողինը դարձրին հայոց հողը, իսկ բարձը՝ քարը: Հանուն ինչի՞: Հանուն այն ազգի, որը գոյատևել է հարյուրավոր տարիներ, ապրել օտարների լծի տակ, ապրել և պայքարել: Նրանք առանց երկմտելու իրենց կյանքն են զոհաբերում հանուն մի բուռ ազգի, որ այդ մի բուռը հայինը լինի, հանուն խաղաղության:

Տասնութ-քսանամյա պատանիներ, ովքեր գիշերները արթուն են մնում միայն ազգին պաշտպանելու, իրենց մայրերի և քույրերի խաղաղ անդորրն ապահովելու համար, որ ազգը խաղաղ ապրի, և հայը հավերժ գոյատևի:

Ապրում են նույն մարզում, նույն շրջանում և նույնիսկ նույն տանը:

Մակիչ Բաղատի Ասրյան, այն պատանիներից մեկը, ով զոհվեց Ֆիզուլի-Հորադիս պաշտպանական դիրքերում: Բազմաթիվ մարտերում հերոսական հաղթանակ տարավ: Սրաթև արծվի պես առաջ նետվեց և գրավեց թշնամու դիրքերը: Հաղթանակները, որ հաջորդում էին ոգևորիչ և հուսադրող էին: Սակայն թշնամու արկը մահաբեր եղավ նրա համար: Այդ հողը ներկվեց արյունով, հայ քաջի արյունով: Հզոր մարտիկ, քաջ տղա, ով առաջին զոհված ազատամարտիկն էր մեր ձորերի: Նա չուներ երեխա, կին, բայց զոհվեց հանուն այն նորածին մանկան, ում առաջին ճիչը պետք է լսվեր խաղաղ հայրենիքում: Զոհվեց հանուն իր ընտանիքի: Բայց ինչ ընտանիք, երբ մենք ամեն գիշեր դուռը կողպելուց հիշում ենք նրա բացակայությունը և ցավ ենք ապրում:

Երջանիկ մարդիկ մեր գյուղում կային, երջանիկ օրեր և ժամեր նույնիսկ:  Ժամանակը կանգ առավ, երբ մեր գյուղ բերեցին նրա աճյունը:

Մարտի 8, մայրության օր: Սովորաբար մայրերին նվիրում էին վարդեր, բայց իմ տատիկին նվեր բերեցին իր զավակին: Ամբողջ տունը սգով լցվեց, բայց արցունքները չէին կարող հետ բերել իմ հորեղբորը: 1994 թվականին այդ շրջանում շատ զոհեր եղան: Ավելացավ որդեկորույս մայրերի թիվը: Այն տոկուն և իրենց որդիների պես արի հայ մայրերի, ովքեր իրենց որդիների ծանր ու դժվար կորուստը մխիթարում էին վաղվա խաղաղ ու երջանիկ երկնքի տակ խաղացող, աճող, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհող հայ երիտասարդի մեջ: Տատս սպասում էր իր զավակին՝ վահանը ձեռքին, բայց նրան տուն բերին վահանի վրա:

Ժամանակին չգնահատեցին նրա արիությունը, և դա նորից ցավ եղավ մեր ընտանիքի համար: Միայն 2002 թվականին Մակիչ Բաղատի Ասրյանին պարգևատրեցին «Արիության» մեդալով: Տարիներ անցան, 2011 թվականի փետրվարի 2-ին ծնվեց փոքրիկ Մակիչը: Տունը նորից լցվեց մանկան ճիչով, և կարծես թե նա հորեղբայրս լինի, ով պետք է տասներեք տարի հետո գնա հայկական բանակ` իր պարտքը կատարելու, բայց վերադառնա վահանը ձեռքին:

Շատ բան ունեմ ձեզ պատմելու, բայց ևս մեկ հերոսի կյանքին ծանոթանալու համար այսքանն էլ երևի բավական է:

Ճանաչենք մեր հերոսներին: