Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…
-Տեսա՞ք` ոնց ա մեքենան մտել Սիրուկանց տանիքը (ի դեպ, Սիրուկ տատիկը հայրիկիս տատիկի ընկերուհին է)…
Այդ պահին ամեն կերպ ուզում էի պատկերացնել «բեռնատարը տանիքում», բայց քանի որ չէր ստացվում, որոշեցի գնալ և աչքովս տեսնել։ Վազեցի սենյակ, որտեղից երևում էր տանիքը։ Հասկանում եմ, որ չեք կարող պատկերացնել դա, բայց հավատացեք, իրականություն էր։ Նախ ասեմ, որ մեր տների վերևում կա մեկ այլ թաղամաս, և տներն իրարից բաժանվում են ցանքատարածություններով։ Պատահաբար վերևից, առանց միջամտության, բեռնատարը իջել էր` ջարդելով ճանապարհի խոչընդոտները (ծառեր, ցանկապատ) և մտել տանիք։
Այդ ժամանակ տատիկը իր ծոռան հետ նստած էր բակի նստարանին: Բարեբախտաբար նրանք չէին վնասվել:
Հաջորդ օրն էր, պարապմունքից վերադարձի ճանապարհին մեր թաղամասում ուղղակի տեղ չկար քայլելու։ Ցեխն ու ջրափոսերը, որ թողել էին տրակտորներն ու կռունկը, ուղղակի անտանելի էին, բայց պատկերացնելով, թե ինչ էր կատարվել դրանից առաջ, ես լուռ գնացի տուն։ Տանը մեծ ոգևորություն էր տիրում.
-Շամշյանն եկել ա նկարել…
-Շամշյանի ոտքը սայթաքեց…
-Վա~յ, տեսա՞ր բոյն ինչ կարճ էր,- իրար հերթ չտալով ասում էին տնեցիները:
Մի քիչ կատակեցինք ու տատիկս (հայրիկիս տատիկը) ասաց.
-Կարևորը` պետությունն օգնի վերանորոգեն տանիքը: Մեծ կին ա:
Ճիշտն ասած, չէինք սպասում, բայց արդեն մի քանի օր է անցել, և շնորհիվ Ճամբարակի քաղաքապետարանի, տանիքը վերանորոգված է:

Մարդը կարոտող տեսակ է
Տառե՞րը սովորեցինք առաջին դասարանում, թե՞ տառեր սովորելու մեթոդները: Կանոննե՞րն էր դժվար մեզ համար, թե՞ այն ամենը, ինչ կոչվում էր այբուբեն: Երկրորդ դասարանում ինչ-որ նոր բան սովորեցինք ու ակամայից սկսեցինք կարոտել տառեր սովորելու մեթոդները: Մեզ առաջին դասարանի սովորածը հեշտ էր թվում, ավելի հաճելի էր կրկնելը սովորածդ, քան նոր բան սովորելը: Յուրացրածդ ասելն ու կրկնելը մի օր մեզ ձանձրացնելու էր. դժվար էր մեզ համար նորը սովորելը, հինն էլ կրկնել տաղտկալի… Հենց այդ ժամանալ էր, էլի, որ փոխվեցինք երրորդ դասարան: Դե հինգերորդ դասարանից հիասթափությունների դասերն են սկսում, ութերորդում սիրահարվում ես, հետո նորից հիասթափվում:
Դպրոցական կյանքը ընդհանուր առմամբ մի շղթա էր, լավ ու վատ օրեր իրար հետ միացրած, հաճախ համեմված բարձր ու ցածր գնահատականներով: Գնահատականներն էլ դառնում էին մեր ուրախության կամ տխրության պատճառը: Հիմա էլ, երբ ավարտեցի դպրոցս, սկսեցի կարոտել դպրոցական օրերս, երբ տխում էի ցածր գնահատականներիս պատճառով: Հիմա կողքից նայում ու հասկանում եմ, որ այդ գնահատականները ինձ ոչինչ չսովորեցրեցին, իսկական դասերը կարելի է առնել այդ տխրությունից: Իսկ եթե տխուր օրերն էլ միացնես իրար, կարելի է ստանալ հաստափոր մի գիրք. ամեն մի օրվա համար ստեղծում ես մի հերոս. հրաշք գիրքը արդեն պատրաստ է: Մեծ գրողներն էլ երևի այդպես ես սկսում:
Այո՜, մարդիկ այդպիսին են. չենք էլ նկատում, թե ինչ ենք անում հիմա, բայց այն կորցնելուց հետո սկսում ենք կարոտել: Հիմա էլ եմ կարոտում: Կարոտում եմ իմ քաղաքը, իմ տունն ու շենքի անկյուններում դրված փայտե նստարանները:
Ուսումս շարունակելու համար ես գնացի իմ քաղաքից, չէ՜, չեմ կորցրել այն ու էլ չեմ էլ կորցնի. ուղղակի ժամանակավորապես հեռացել եմ` առանց նեղանալու ու առանց նեղացնելու: Անիմաստ թափառումներս եմ կարոտել ու ինձ հետ անիմաստ թափառողներին, դեղնած ծառերն ու նրանց տերևները, որ հավաքում էի ինչ-որ մի բան մակագրում ու թողնում գրքերիս էջերի հետ ապրելու: Այդ նույն գրքի հերոսներին եմ կարոտում, որոնք այնքան են հարազատանում, որ դառնում են իմ օրվա մի մասը (տեսնես` հե՞շտ է ապրել տերևների հետ), ու հաճախ ինչ-որ երևույթի հանդիպելիս մտածում ես, թե ինչ կաներ այդ հերոսը, եթե լիներ իմ փոխարեն:
Այդ աշունն եմ կարոտել, Վայքի աշունը, որ միանգամից զգացնել էր տալիս: Երևանում ծառեր չկան, ինչպես կամ ինչից են հասկանում, որ աշուն է: Աշնան հոտն ու կամակոր եղանակն եմ կարոտում, որ թե միայն պատուհանից նայեիր, ամառային կհագնվեիր, իսկ երբ դուրս գայիր, ձմեռային հագնվելու կարիք կզգայիր: Կարոտել եմ հարբուխը նույնիսկ, որի պատճառը հենց այդ եղանակն էր: Կարոտել եմ այդ բոլոր պատճառները: Ախր, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր` հեռվում, կարծես ինչ-որ մեկը բամբակով ծածկած լիներ սարերի գագաթները, կարոտել եմ հազիվ վառվող լապտերները, աղոտ լուսավորված փողոցները, բայց լուսավոր մարդիկ, ում հանդիպում էիր կիսախավարի մեջ ու գրկախառնվում` առանց բարևելու ու անունը հարցնելու: Ախր, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր`հեռվում… Միգուցե գեղեցիկ էր, որովհետև հեռվո՞ւմ էր:
Մի օր էլ ես երևի Երևանը կկարոտեմ, այս անհարմար տունն ու փոքրիկ խոհանոցը…
Ինչպես ենք սնվում դպրոցում

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի
-Լավ էլի: Ինչքան երեխա կա…
Փնթփնթացի ես, ճզմելով փոքրերին և հիշելով, թե ինչպես չէի սիրում, որ իմ փոքր ժամանակ ինձ էին ճզմում, հասա առաջին գիծ:
-Ինձ երկու հատ խորիզով բուլկի,- ասացի ես, հիշելով “old but gold” արտահայտությունը, քանի որ արդեն 2 տարի է, ինչ ես բացի խորիզով բուլկուց ու «թաթիկից» ուրիշ ոչինչ չեմ գնում բուֆետից:
Բուֆետի աշխատողը չլսեց: Լավ, փորձենք նորից:
-Ինձ երկու հատ խորիզով բուլկի:
-Ի՞նչ ես գոռում, աղջի՛կ,- ավելի բարձր գոռալով պատասխանեց բուֆետի աշխատողը:
«Այ, եթե դասամիջոցին 1 րոպե մնացած չլիներ, կասեի` ինչ եմ գոռում»,- մտածելով և ավելի դժգոհ դեմք ընդունելով՝ կրկնեցի ուզածս և վերցնելով ստամոքսիս և ուղեղիս համար այդքան ահրաժեշտ բուլկիները, առանց ծանր վնասվածքների դուրս մղվեցի սոված աշակերտների այդ գազազած և ուշացող ամբոխից:
-Արագ ուշացանք,- ասաց ընկերուհիս:
-Հա լավ, կհասցնենք էլի:
Ու արդեն դանդաղ քայլելով, ուտելով բուլկիս ու մաքուր օդը ագահորեն շնչելով մտա դպրոց: Բախտս բերել էր. ուսուցչուհին չէր եկել:
Ախր, դասամիջոցը պետք է պարտադիր լինի 10-15 րոպե, այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Ախր, նույնիսկ բժիշկներն են ասել, որ ուտելիքը պետք է առնվազն 1 րոպե ծամել, իսկ մեկ բուլկին պատկերացնո՞ւմ եք ինչ մեծ է 5 րոպեում ուտելու համար: Բացի այդ երեխաներին անհրաժեշտ է 5 րոպե մաքուր օդ շնչել, որպեսզի ուղեղներս արթնանան, աշխուժանան: Իսկ քանի որ ուղեղներն էլ իրենց տերերի նման ուշ են արթնանում, պետք է այդ արարողությանը մի փոքր շատ ժամանակ հատկացնել:
Միայնակ կատուն
-Մյաու, մյաու, մյաու:
-Վայ, Սոն, կատուն եկավ, գնամ մի քիչ հաց տամ, թող ուտի,- ասում է փոքր եղբայրս:
-Սպասիր, գամ` միասին գնանք:
Ես ու եղբայրս դուրս ենք գալիս, որ կատվին կերակրենք…
Մի քանի տարի է, ինչ այս կատուն գալիս է մեր բակ: Համարյա ամեն օր տեսնում ենք նրան: Ես ու եղբայրս նրա անունը Մուրզիկ ենք դրել: Երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե ինչ անուն տանք նրան: Մի օր մի հետաքրքիր պատմվածք կարդացինք, որի հերոսը կատու էր, իսկ կատվի անունը Մուրզիկ էր, և որոշեցինք նրան էլ Մուրզիկ անվանել: Մուրզիկը մի գեղեցիկ ընկերուհի ուներ և շատ էր սիրում նրան, լինում էր նաև այնպես, որ միասին էին գալիս մեր բակ, և մենք խաղում էինք նրանց հետ:
Մի օր էլ Մուրզիկը կրկին եկավ մեր բակ: Երբ մենք տեսանք նրա դեմքը, շատ վախեցանք, այն ամբողջովին արյունլվա էր եղել և ծածկվել էր վերքերով: Տեսնես` ի՞նչ էր եղել: Մենք փորձեցինք հարևաններից հարցնել, գուցե նրանք իմանային:
Պարզվեց, որ Մուրզիկի ընկերուհին ընկել էր մեր հարևանի շների ձեռքը: Մուրզիկը փորձել էր պաշտպանել, բայց չէր կարողացել: Մենք շատ տխրեցինք: Նայում էինք Մուրզիկի աչքերին և տեսնում էինք նրա աչքերում թաքնված անսահման թախիծը…
Այդ դեպքից հետո Մուրզիկը ուշ-ուշ էր գալիս մեր բակ: Միշտ տխուր էր լինում, մեզ հետ չէր խաղում: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա իրեն լավ զգա, չտխրի: Բայց միևնույն է, նա այլևս առաջվա Մուրզիկը չէր:
Այս ամենից հետո ես հասկացա, որ կենդանիները որոշ դեպքերում ավելի շատ բան են հասկանում, քան մենք կարող ենք պատկերացնել: Չէ՞ որ նրանք էլ զգացմունքներ ունեն:

Հեծանիվով
Ցանկացած մարդ ունի սիրած զբաղմունք, որով զբաղվում է ազատ ժամանակ, կամ փորձում է ամեն կերպ գտնել այն, թեկուզ, փոքր, բայց հաճելի ժամանակը, որը կարող է տրամադրել իր հոբիին: Երբ փոքր էի, ինը, թե տասը տարեկան, դեռ հեծանիվ վարել չգիտեի: Ծնողներս, եղբայրս, պապս ամեն ինչ անում էին, ամեն բան առաջարկում, որ գոնե նստեմ, կողքից բռնեն` փորձեմ վարել, բայց ես վախենում էի: Շատ ուժեղ վախ ունեի այդ երկու ակնանի փոխադրամիջոցից: Մի շոգ ամառվա առավոտ, երբ միայնակ դրսում նստած էի, որոշեցի իջեցնել նստարանը և նստել: Իջեցրեցի, նստեցի, հիշեցի եղբորս տված խորհուրդները և շարժեցի ոտնակները: Ի զարմանս ինձ սկսեցի առաջ շարժվել, ուզեցի` թեքվել ու հետ գնալ, բայց ընկա: Ուրախությունից անգամ քերծվածքներս չնկատեցի և վազեցի մորս մոտ: Կանչեցի և ցույց տվեցի, ինչպես եմ վարում: Մի քանի անգամ ընկնելուց հետո, արդեն բավականին վարժ էի վարում: Ու չէի էլ կարող պատկերացնել, որ այն հեծանիվը, որից այդքան վախենում էի, մի քանի տարի հետո կդառնա իմ հոբին: Հիմա ամեն օր երեկոյան, երբ բավականաչափ մութ է, դուրս եմ գալիս հեծանիվ վարելու: Փոքրիկ լապտերը ամրացնում եմ ղեկին, որը լուսավորում է ինձանից մոտ 3-4 մետր հեռավորություն, միացնում եմ ականջակալներս ու սկսում վարել: Գիտեմ, որ չի թույլատրվում ականջակալներով վարել, բայց հնարավորինս զգույշ եմ և մեքենաների լույսերը տեսնում եմ ու կողմնորոշվում: Հրաշք է մթության մեջ հեծանիվ վարելը` մթություն և ադրենալին սիրողների համար: Պաշտում եմ արագությունն ու քամին: Երազում եմ ունենալ պրոֆեսիոնալ հեծանիվ, որով կկարողանամ մասնակցել հեծանվային արշավների:
Փոստատար-ատաղձագործը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի
Նրա ընտանեկան կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել. միայնակ երեք երեխա է մեծացրել՝ աղջիկը արդեն ամուսնացել է և ունի երկու երեխա: Տղան բանակում է, պահում է հայրենիքի սահմանները, իսկ մյուս տղան դեռ սովորում է դպրոցում` հինգերորդ դասարանում: Ունի նաև հիվանդ մայր, ում խնամք է հարկավոր: Տան պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Եվ ինչպես բոլորս գիտենք, հնարավոր չէ սովորական փոստատարի աշխատանքով պահել հիվանդ մորն ու դպրոցական երեխային: Ու այստեղ նույնիսկ չեն կարող օգնել հմուտ ձեռքերը:
Մանկությունը մի թռչուն է…

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
Ես գալիս էի պարապմունքից ու արդեն այնքան հոգնած էի, որ չէի կարողանում կռանալ ու տերևներ հավաքել: Իսկ Հասմիկը, որ ծիծաղելով շորի մեջ տերևներ էր փաթաթում, որ տաներ շաղ տար Անիի վրա, նույնիսկ չնկատեց, որ արդեն «ծեր 17-ամյա աղջիկը», արդեն հիացմունքով ու կարոտով է մտածում խաղի ու տերևների մասին: Ու այդ 17-ամյա աղջիկը հասկացավ, որ.
«Մանկությունը մի թռչուն է,
Թելով կապված մեր սրտերին,
Թելը պոկվում ու նա թռչում է
Ու հեռանում է մեզանից…»
Ու մի բան էլ: Շատերին թվում է, թե իմ ծննդավայր Ամասիայում միայն լեռներ են, մարգագետիններ ու արոտավայրեր: Բայց Ամասիայում նաև այգի կա: Եթե չեք հավատում, նայեք լուսանկարը:
Վազքս

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Է՜հ, ինչպես միշտ, արթնացել եմ զարթուցիչից մեկ րոպե առաջ, որ անջատեմ ու նորից քնեմ: Հա, վայելելով լուսաբացը՝ նորից ընկնում եմ մահճակալիս ու նորից վազում: Է՜հ, Էս ի՞նչ երազ է: Ո՞ւր եմ գնում: Ի նչի՞ համար: Անցնում եմ փակ տների մոտով: Հա, բայց հենա, Աշոտենց տունը բաց ա, Տյոմենցն էլ: Տեսնում եմ՝ վազում է մեկը: Աշոտի շորերով, բայց Արտյոմի վազելու ձևին նման: Տեսա՝ ով է: Լավ, հեսա կհասնեմ, կհարցնեմ:
Ա՜խ, մա՛մ… Լավ էլի, արդեն հասնում էի: Մաման էլի «պատահաբար» բացեց ու փակեց դուռը, որ քիչ մնաց՝ մահճակալիցս ընկնեի: «Ա՜խ, լավ էլի,- մտածում եմ ես,- չեմ ուզում էսօր դպրոց գնալ»:
-Մա՛մ, առաջին ժամը ֆիզկուլտ ա, կլինի՞ երկրորդ ժամից գնամ,- արդեն լվացվելիս հայելու դիմաց «պարապում» եմ ես, չնայած գիտեմ, որ դպրոցը դատավճիռ ա:
-Մա՛մ, բարլուս,- ձայնիս խեղճ տոն տալով՝ ասացի ես,- մա՛մ, փորս ցավում ա, չեմ էթում դպրոց,- բայց մայրս մի քննող հայացք գցեց դեմքիս, ու ես ասացի,- լավ, լավ, գնում եմ:
Չէ, չստացվեց: Նույն «մանյովրը» էլ շաբաթը երկու անգամ չեմ կրկնի: Ա՜հ, էլի դաս չեմ արել: Էն ֆիզիկայի գիրքն ո՞ւր ա, է: Լավ է, ֆիզիկան ծանր ա, մենակ հանրը կտանեմ: Հասա խաչմերուկին: Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ. հողաթափերով եմ դուրս եկել տնից:
Լավ ա ֆիզկուլտի կոշիկները մոտս են. նստեցի մի փոշոտ քարի ու հագա իմ բոթասները:
-Ալո, Ռա՛ֆ, Մովսիսյանին կասես՝ թող բացակա չդնի, հեսա եկա:
Վազում եմ գյուղի ճանապարհներով. ու էլի դատարկ փողոցներ, փակ դռներ: Լևոն պապը ասաց.
-Արի՛, է՜, արի՛ տենամ:
-Լևոն կակո, վռազ եմ, ուշացա:
-Լավ, դե քել:
Չէ՛, բաց դռները շատ են, բայց Արտյոմենց ու Աշոտենց դռները փակ են: Երազում չէի հիշում, որ գնացել են գյուղից:
-Ռա՛ֆ, հո բացակա չի՞ դրել, ասա՝ հասնում ա:

Երազանքների քաղաք Երևան
Կյանքում լինում են հաղթանակններ և պարտություններ, և մի հաղթանակի դուռ էլ ես բացեցի մեկ ամիս առաջ, որը կոչվում է Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան:
Նոր կյանք, նոր շրջապատ, նոր ընկերներ, և վերջապես, նոր քաղաք, անծանոթ վայրեր, անծանոթ դեմքեր, որոնց մեջ փնտրում ես գոնե մեկ ծանոթ մարդ, բայց առաջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ ոք ինձ ծանոթ չէր, բացի քույրիկիցս:
Ես շրջապատված էի անծանոթներով:
Սեպտեմբերի մեկ, օտար փողոցներ, օտար դեմքեր, անհանգստություն, չգիտեմ ինչպես, բայց հայտնվեցի համալսարանում: Համալսարան հասնելուն պես ամեն ինչ փոխվեց, մթնոլորտը այնքան ջերմ էր, որ ես ինձ անծանոթ չէի զգում: Ամեն ինչ սպասվածից ավելի լավ էր:
Սիրում եմ նոր ծանոթություններ ունենալ և միանգամից սկսեցի փնտրել իմ համակուրսեցիներին:
Այդ օրվանից արդեն մեկ ամիս է անցել, ես հարմարվել եմ միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ, սիրել իմ համալսարանը, դասախոսներին, ընկերներին: Դժվարին գործերից մեկի պատասխանատվությունը վերցրել եմ վրաս, խմբի ավագն եմ, դժվար է, բայց միևնույն ժամանակ, ես իմ գործը հաճույքով եմ կատարում:
Հիմա ես իմ երազանքը իրագործել եմ շնորհիվ իմ ծնողների: Ես իմ երազանքների քաղաքում եմ՝ Երևանում: Տարիների երազանքս կատարված է, ես ապրում և սովորում եմ մայրաքաղաքում: Այս երազանքների քաղաքը շատ դժվարություններ ունի, որը հաղթահարելը բավական դժվար է: Հոգսերը շատ, շատ են՝ ուսման վարձ, վարձակալած բնակարանի վճար, տրանսպորտի վճար և այսպես շարունակ: Մայրաքաղաքում ամեն ինչ այնքան մատչելի չէ, ինչպես մարզերում:
Մյուս դժվարին հարցերից մեկն էլ հեռու լինելն է ծննդավայրից, ընկերներից, ընտանիքից:
Այսպիսի շատ խնդիրների առաջ կանգնած եմ ես, իմ ընտանիքը և ինձ նման շատ ուսանողներ: Այս հարցերի հակառակ կողմում պայծառ ու արևոտ շողեր կան, որը կոչվում է ուսանողական կյանք: Ուսանող լինելը մի մեծ բերկրանք է:
Եվ այսպես կյանքի մի դուռ էլ փակվեց և մյուսն էլ բացվեց` մեզ հրավիրելով մեկ ուրիշ աշխարհ, որը կոչվում է ուսանողական կյանք:
Բոլոր երազանքները իրագործվում են, ինչպես որ իմ երազանքը իրագործվեց, բայց երազանքը և իրականությունը իրարից շատ տարբեր են:
Ծաղկաձոր, օր առաջին. Ծանոթություն
Արարատ, Գեղարքունիք, Երևան, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ… Սրանք այն մարզերն են, որտեղից հավաքվել է պատանի թղթակիցների մեր խումբը ծաղկաձորյան մեդիա ճամբարում:
-Ամենալավ աշնանային արձակուրդը,- վստահ եմ՝ վերջում կհաստատեն բոլորը:
Մանանա կենտրոնում հավաքվելուց հետո մենք ճանապարհ ընկանք դեպի Ծաղկաձոր: Քսան հոգուց ավելի էինք, որոնցից ոչ բոլորն էին իրար ճանաչում: Հետևաբար մտավախություն կար՝ կմերվեի՞նք իրար և կդառնայի՞նք արդյոք միասնական թիմ, թե` ոչ: Բայց…
-Այ կտեսնեք՝ էս ընթացքում էնքան եք կապվելու իրար, որ չեք էլ ուզելու տուն վերադառնալ,- ասաց աղջիկներից մեկը և չսխալվեց:
Առաջին օրը ծանոթության օրն էր: Մենք ներկայացանք, պատմեցինք, թե ինչպես ենք դարձել Պատանի թղթակիցների ցանցի անդամ, ինչպես սկսվեց մեր պատմությունը Մանանայի հետ, լրացրեցինք հարցաթերթերը, քննարկեցինք մեր անելիքները, կազմեցինք շաբաթվա օրակարգը:
Մեր անբաժան ընկերը դարձավ սրահի դաշնամուրը, որով լցվեցին նաև մնացած բոլոր օրերը: Դե, ջերմ մթնոլորտի մասին խոսելն անգամ ավելորդ է: Երեկոյան մենք հավաքվեցինք և հետաքրքիր խաղերով ավարտեցինք մեր առաջին օրը՝ մեծ ակնկալիքներով և հույսերով (որոնք, վստահ եմ՝ արդարացան բոլորիս մոտ) սպասելով ամեն հաջորդ օրվան: