suanna mardumyan portret

Ջուր չկա

Ջրի պակաս ունի նաև մեր գյուղը: Մեծ մասը խմելու ջուր բերում է գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրներից, որոնք բարակ են: Ծայրամասերում գտնվող բնակիչները դիմում են մեքենաների օգնությանը: Կանանց մեծ մասը դույլերով է ջուրը տուն տանում: Բացակայում է նաև ոռոգման ջուրը: Այգիները չորանում են, բերք չի լինում: Անգամ խնդիր է դառնում լողանալը: Ամեն ինչ բարդանում է հատկապես ձմռանը: Ցիստեռների մեջ ջուրը սառցակալում է: Փորձում են նոր ջրագիծ կառուցել, բայց դեռ արդյունքը չի երևում. ջուր չկա:

Զանգ չստանալը դեռ ոչինչ չի նշանակում…

Վերջապես, երկար հանգստից հետո, որն արդեն ձանձրացնում էր, ես գտա ամառային դպրոց…

Սովորական առավոտ էր, ինչպես միշտ քնած էի: Հանկարծ ստացա մի զանգ եղբորիցս: Պարզվեց, որ անցած ամիս ամառային դպրոցի համար լրացրած հայտի համար են իրեն զանգահարել: Ես վստահ էի, որ անցել եմ և հույսով սպասում էի զանգի: Արդեն ժամը 10:00 էր, ակնհայտ էր՝ ես դեռ զանգ չեմ ստացել, իսկ դասընթացի առաջին օրը սկսում  էր հենց ժամը 10:00-ին: Ընկերներիցս  մեկը զանգեց և ասաց, որ N10-րդ դպրոցում է տեղի ունենալու առաջին դասը: Ես ուրախացա և արագ հագնվեցի: Սակայն այդ ուրախությունը կարճ տևեց, երբ հիշեցի, որ ինձ չեն զանգահարել: Բայց միևնույն է, որոշեցի ինքս գնալ և ճշտել, միգուցե շփոթմունք է եղել: Դուս եկա տանից և վազեցի դպրոց: Տարօրինակ էր, բայց այնտեղ բացի ընկերոջիցս ոչ ոք չկար: Զանգահարեցի դասընթացի կազմակերպիչներին, նրանք ինձ հայտնեցին, որ ոչ թե 10-րդ, այլ 17-րդ դպրոցում է տեղի ունենալու դասընթացը: Ընկերս շփոթվել էր…

Արդեն դասից ուշացել էինք, և անգամ 17-րդ դպրոցի տեղը չգիտեինք, սակայն դա մեզ չխանգարեց, մի քանի զանգից և հարցուփորձից հետո մենք հայտնվեցինք ճիշտ տեղում: Բախտս բերեց…

Դասը դեռ չէր ավարտվել: Ճիշտ է, մենք արդեն մեկ ժամ ուշացել էինք, բայց կազմակերպիչները մեզ մեծ սիրով հրավիրեցին ներս: Ընդհանրապես մոռացել էի այն փաստի մասին, որ ինձ չեն հրավիրել դասընթացին: Բարեբախտաբար դա խնդիր չհանդիսացավ, ինձ գրանցեցին առաջին խմբում, և ես դարձա այդքան սպասված ամառային դպրոցի մասնակից: Հետո, իհարկե, հիշելով չստացած զանգի մասին, ես խոսեցի կազմակերպիչների հետ, նրանք ինձ հայտնեցին, որ ես անցել էի, ուղղակի շփոթմունք է եղել կամ էլ զանգահարել են, և մենք չենք պատասխանել:

Արդեն երեք օր է, ինչ ես մասնակցում եմ  վեբ-ծրագրավորման դասընթացին: Այս ընթացքում ես ստացել եմ բազում նոր գիտելիքներ և հմտություններ: Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը շատ մեծ աշխատանք է կատարում, մենք 3 օրվա ընթացքում արդեն կարողանում ենք կայք ստեղծել, տեքստեր տեղադրել և դրանց հետ տարբեր ձևափոխություններ կատարել: Ես գտա ինձ հետաքրքիր և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներով լի ամառային դպրոցը, ծանոթացա նոր մարդկանց հետ: Բազում նոր տպավորությունները և հին ու նոր ընկերներիս հետ  ժամանցը ամբողջովին լցրեցին իմ ազատ ժամանակը: Ձանձրույթը և պասիվ հանգիստը ինձ համար չեն, ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի:

«Մեծական» հոգսեր

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Հարցազրույց իմ քեռու` Արմեն Քոչարյանի հետ

-Քեռի, քանի՞ տարի է պապիկը աշխատել Վանաձորի քիմիական գործարանում:

-Պապիկդ` Մանուչար Քոչարյանը, 50 տարի,  աշխատել է գործարանում իբրև ապարատավար, Սաթ ջան:

-Օ~, 50 տարի:

Ես անկեղծ շատ զարմացա: 50 տարին մեծ ժամանակահատված է, բայց պապիկս իր կյանքի մեծ մասը անց է կացրել այդ գործարանում:

-Իսկ դու քանի՞ տարի ես աշխատում, ի՞նչ մասնագետ ես:

-Երևի 7 տարի կլինի, աշխատում եմ որպես էլեկտրածառայության վարպետ:

-Իսկ պապիկի աշխատելու ժամանակ ի՞նչ էին արտադրում:

-Ամեն  ինչ էլ արտադրում էին` մելամին, կարբիտ, կորումդ, ազոտական պարարտանյութ:

-Իսկ հիմա ի՞նչ եք արտադրում:

-Հիմա չենք արտադրում:

-Ինչո՞ւ,- զարմացած հարցրեցի ես:

-Չեն ուզում` չեն արտադրում, իրենց ձեռքին չի՞:  Բայց պատճառներ իհարկե, կան: Նախ` երկրաշարժի ժամանակ շատ բան վնասվեց, հետո անկախության տարիներին, երբ դուրս եկանք ԽՍՀՄ-ի կազմից, կորցրեցինք թե պատվիրատուներին, թե հումքի շուկան, և այսպես շատ ու շատ պատճառներ կան:

-Քեռի, քիմիական գործարանը ե՞րբ է կառուցվել:

-Սաթ ջան, քիմիական գործարանը կառուցվել է այն ժամանակ երբ մենք դեռ ԽՍՀՄ-ի կազմում էինք, երբ քիմ գործարանը կառուցվեց, Վանաձորը դարձավ քաղաք: Գործարանի աշխատելու տարիներին ամբողջ քաղաքը աշխատում էր, ապրում, իսկ հիմա ապրելը  հարաբերական է: Այնքան մեծ էր ու այնքան աշխատատեղեր ուներ, որ գործարանի մեջ ավտոբուս կար, որը տեղափոխում էր աշխատողներին շենքից շենք: Իսկ հիմա աշխատող էլ չկա, որ տեղափոխեն:

Տարիներ շարունակ գործարանը պահել է ամբողջ քաղաքը, բայց այսօր այդ նույն գործարանը չի աշխատում, մարդիկ գործ չունեն ու կամաց-կամաց լքում են հայրենիքը:

-Քեռի, դու է՞լ ես ուզում գնալ Հայաստանից:

-Չէ, չեմ կարող, ինչքան էլ վատ ապրեմ, չեմ կարող հեռանալ իմ հայրենիքից:

-Գոնե աշխատավարձերը, նրանք, ովքեր աշխատում են, ամեն ամիս վճարո՞ւմ  են:

-Այս տարի դեռ աշխատավարձ չենք ստացել:

-Իսկ գոնե հույս տալի՞ս են, որ կվճարեն:

-Դե~, հույսը վերջինն է մեռնում:

-Քեռի, ինչո՞ւ ես գնում գործի, եթե աշխատավարձ չեն տալիս:

-Բա ի՞նչ անեմ, ուրիշ աշխատանք չկա, գոնե հույս ունեմ, որ տարին մեկ անգամ պիտի աշխատավարձ ստանամ:

Տխուր զրույց ստացվեց, չէ՞:

Չեմ կարող չասել

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Քանի որ ունեմ հանգիստ բնավորություն, ապա ինձ հուզող թեմաներ այդքան էլ չկան: Ինչպես ասում են` աշխարհն էլ կործանվի, ինձ համար միևնույն է: Սակայն կցանկանայի այնուամենայնիվ առանձնացնել մի քանի խնդիրներ: Սկզբում, քանի որ ես ինքս երիտասարդ եմ, բացեմ  «բողոքներիս գիրքը»  և սկսեմ նրանից, որ շատ երիտասարդներ չունեն աշխատանք, այդ պատճառով լքում են երկիրը: Ամենացավալին այն է, որ գնում են կրթված, գրագետ, երկրի համար մինչ այդ ինչ-որ բան անող մարդիկ:

Վերջերս նաև ինձ անհանգստացնում է երկրի սահմաններին լարված իրավիճակը: Հասկացանք թշնամիներ ենք, բայց մինչև ե՞րբ ենք կռվելու: Մեղավորներ կան` երկու երկրների ղեկավարները, ովքեր ձեռքները ծալած հաշվում են, թե ով քանի զոհ տվեց: Հիմա շատերը կմտածեն, թե 19 տարեկան երեխա ես, դու նպատակներ, երազանքներ չունե՞ս, քիթդ մտցրել ես քաղաքականության մեջ, բա քեզ պե՞տք է:

Իհարկե, ունեմ և՜ նպատակներ, և՜ երազանքներ: Ուզում եմ երկիրս խաղաղ տեսնել, մայրերի աչքերին արցունքներ չլինեն, և ոչ-ոք իրեն մխիթարելու համար չասի. «Տղես հերոսի մահով մահացավ»: Ճի՜շտ է, հերոսի մահով, բայց կարող էր նաև ապրել, եթե երկրի ու ժողովրդի մասին մտածող լիներ: Ուզում եմ, որ մարդիկ ունենան աշխատանք, ոչ-ոք չմտածի երկիրը լքելու և ապրուստի միջոցները ուրիշ երկրում հայթայթելու մասին:

գ.Վահագնի, Լոռի

Ամառս նոր դեմքերով

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Ծով, արև, ավազ, միգուցե Էյֆելյան աշտարակ կամ էլ Վենետիկ…

Արդեն սովորական դարձած հանգիստ ոմանց համար, որը ցավոք սրտի, հասու չէ շատ-շատերին: Մեր շենքի բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը, չունեն այդ հնարավորությունը: Տղամարդկանց մեծ մասը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, իսկ ովքեր էլ շարունակում են մնալ և աշխատել այստեղ, այնքան աշխատավարձ չեն ստանում, որպեսզի կարողանան իրենց նման ճոխություններ թույլ տալ:

-Էլի գնում եք վազելո՞ւ, չի՞ լինի` էլ չգնաք, պառկեք ձեր համար քնեք, էլի,- ամեն օր մայրիկիս այս բառերով է սկսվում օրս: Ամեն անգամ նա կրկնում է նույնը, երբ տեսնում է, թե ինչ մեծ դժվարությամբ ենք արթնանում: Այն ժամանակ հայրիկն էլ էր նույնը ասում, երբ դեռ Ռուսաստան չէր մեկնել: Բայց մենք ընկերուհիներով` անդավաճան մեր երկար տարիների սովորույթին, շարունակում ենք գնալ: Բայց ոչ թե վազելու կամ մարզվելու ցանկությունն է, որ ամեն առավոտ մեզ ստիպում է արթնանալ, այլ ընկերներով միասին լավ ժամանակ անցկացնելու:

Ամեն առավոտ, երբ վազելուց ետ ենք վերադառնում, մայրիկը արդենս սրճում է մեր հարևանուհու հետ, որը նոր է տեղափոխվել հարևան շենք: Մենք արդեն նոր հարևան ունենք, որը բնակվում է մեր դիմացի բնակարանում: Սա կարելի է դասել այս տարվա նորությունների շարքին: Հիմա ասեմ, թե ինչու: Մեր նոր հարևանուհին մի շարք նորամուծություններ բերեց իր հետ: Դրանցից է` չրերի պատրաստումը: Մայրիկս տեսնելով նրա պատրաստած չրերը, որոշեց ինքն էլ չիր պատրաստել: Մեր մյուս հարևանուհին հետևելով նրանց օրինակին, ևս պատրաստեց և միշտ ասում էր.

-Արմին, որ ես տեսնում եմ դուք սարքում եք, ես չեմ կարա չսարքեմ,- ու այդքանից հետո միշտ ավելացնում,- բայց ախր, ես այդքան շուռումուռ տալու, նայելու ներվեր չունեմ, է:

Մեր մյուս հարևանուհին մի անգամ խոսքի մեջ նշեց, որ ինքն էլ է որոշել այս տարի չիր պատրաստել.

-Առաջին հարկի նոր հարևանի սարքած չրերը որ տեսնում եմ, հավեսս նենց ա գալիս, ես էլ եմ որոշել այս տարի սարքել:

Եվ այսպես մեր բոլորի մայրիկները միահամուռ կերպով որոշեցին չիր պատրաստել, և այս ամենը շնորհիվ մեր նոր հարևանուհու:

Դե, մեր սիրելի ամառը ինչպես միշտ իր հետ բերում է նաև շատ գլխացավանք: Մայրիկները իրենց ամենօրյա գործի հետ մեկտեղ սկսում են պատրաստել իրենց ավանդական պահածոները, լվանալ արդեն մանրացած բուրդը, բոլոր պատուհաններին օդափոխության հանված բազմագույն անկողիններն են, կամ էլ գորգերի լվացման արարողություն բակերում: Արարողություն, քանի որ դրան ոչ միայն գորգ լվացողն է մասնակցում, այլ օգնել ցանկացող հարևանուհիները, երեխաները, որոնք օգնելու քողի տակ այդ շոգին վայելում են սառը ջուրը և սահում գորգի վրա հավաքված փրփուրների վրայով:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այս տարի մեր թաղամասում երեխաների քանակի մեծ աճ կա: Դա նաև նրանից է, որ շատերը արտասահմանից վեադառնում են` նախընտրելով ամառային արձակուրդները անցկացնել տատիկների մոտ: Երբ գալիս է երեկոյան ժամը վեցը, ամեն կողմից լսվում է երեխաների ճիչը, և մեկ-մեկ այնպիսի մեծ ցանկություն է առաջանում ետ վերադառնալ մանկություն` նամանավանդ, երբ տեսնում ես, որ խաղում են այն խաղերը, որ նրանց տարիքում դու էլ ես խաղացել ընկերներիդ հետ: Մի անգամ մենք էլ ընկերուհիներով որոշեցինք ճանապարհորդություն կատարել դեպի մանկություն: Մի քանի խաղ խաղալու համար մեզնից ժամանակ պահանջվեց թարմացնելու մեր հիշողությունը` կանոնները վերհիշելու համար. «Պա-պա-պա», «Անուն գոռոցի» և ևս մի քանի խաղ, ու կարծես մեր մանկությունը ետ էր վերադարձել, դե, գրեթե ետ էր վերադարձել:

Ինձ թվում էր ամառս անիմաստ ու անհետաքրքիր է անցել, մտածում էի, որ անգամ մի քանի տող էլ չեմ կարող գրել այն մասին, թե ինչպես է անցնում ամառը իմ քաղաքում, բայց արի ու տես, որ հիշողությանս ծալքերում շատ ավելին էր պահվել, քան կարծում էի: Ինձ համար կարևորը  այն է, որ մեր թաղամասը գնալով ոչ թե դատարկվում է, այլ ավելանում են նոր դեմքեր, նոր ընտանիքներ` իրենց հետ բերելով նոր պատմություններ:

Երդվում եմ…

Սրանից երկու տարի առաջ, 2013 թվականի հուլիսի զորակոչի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար ծառայության գնացող  դեռեւս չհասունացած մտքով ու հոգով տղաների մեջ էր նաև մորաքրոջս տղան:

Բայց կային շատ տարբերություններ իր ու մնացած զինծառայողների միջև:

Եղբայրս՝ Սերգեյը, Ռուսաստանից էր եկել, իր պարտքը հայրենիքին  տալու համար: Պարտք, որի մասին ոչ մի տեղ չկա գրառված, և ոչ մեկը չի կարող ասել, որ դու պարտք ունես: Այդ պարտքը հոգու պարտքն է: Կարող ես չանել, չտալ պարտքդ, ավելի ճիշտ, կարող ես ազատվել ծառայությունից, բայց մի՞թե դա ճիշտ է: Ամեն մեկն այս հարցի պատասխանը տարբեր կերպ է պատկերացնում: Ես համարում եմ, որ սխալ է չծառայելը: Ընդամենը երկու տարի ու, վերջ: Ինչևիցե, բուն թեմայից շատ հեռացանք: Փորձենք վերադառնալ:

Նա 22 տարեկան էր, երբ եկավ ծառայելու: Ավելի մեծ տարիք, քան մյուսներինը, ավելի կայացած մարդ մյուսներից:

Նրան ծառայելու ուղարկեցին Ագարակ քաղաքում: Ծառայում էր ու, ինչպես բոլոր զինվորները, երազում էր տուն գալու մասին:

Երդման արարողությունը ցանկացած նորակոչիկի համար մի քիչ հուզումնալից, մի քիչ պարտավորեցնող գործընթաց է:

Եղբորս երդում տալու ժամանակ նրա ծնողները չէին եկել՝ Ռուսաստանում էին: Բայց իրենց փոխարեն գնացել էինք մենք: Մենքի մեջ մտնում են Սերգեյի մորաքույրները, տատիկն ու պապիկը:

Ես հագել էի զինվորական համազգեստ և փոխգնդապետի ուսադիրներ էի դրել:

Մեզ թույլ չէին տալիս, որ անցնեինք գիծը: Անընդհատ բարկանում էին, բայց նորից ու նորից մարդիկ անցնում էին: Միայն ես էի, որ ազատ անցնում էի, իսկ գծի կողքին կանգնած լեյտենանտը չէր կարողանում ինձ ինչ-որ բան ասել. Չէ որ ես կոչումով իրենից «բարձր էի»: Ես անցա գիծը և գնացի կանգնեցի եղբորս կողքին՝ շարքի մեջ, որպեսզի ինձ նկարեն իր հետ:

-Ի՞նչ ես անում: Կբարկանան:

-Սուս մնա: Նայի Մերիին,-ասացի ես և շրջեցի նրա դեմքը:

Նշեմ, որ նա էլ է այն մարդկանցից, որը դեմ է իմ զինվորական դառնալուն: Շատ անգամներ են եղել, երբ հեռախոսազրույցի ժամանակ ես իրենից նեղացել եմ: Բայց իմ սրտի մի անկյունում  միշտ էլ հասկացել եմ, որ չի ստացվելու, խոչընդոտներ շատ են լինելու: Նա ինձ մի անգամ ասաց.

-Կգամ`կխոսենք, ու դու կհասկանաս:

Ի՞նչ է խոսելու, ի՞նչ եմ հասկանալու…

Նա բանակից արդեն վերադարձել է, և երեկ այս երկու տարվա մեջ ես նրան առաջին անգամ տեսա:

Շատ էր փոխվել: Միգուցե միայն ի՞նձ այդպես թվաց, բայց նա արդեն ավելի ձիգ, հպարտ կեցվածք ունի: Ախր, ծառայել է…

Հիշո՞ւմ եք, ես ասացի, որ նա խոստացել էր, որ երբ գա, մենք զրուցելու ենք:

Ես երեկ խոսեցի իր հետ: Չեմ կարող ասել, թե ինչ փոխվեց այդ խոսակցությունից հետո իմ մեջ, բայց հաստատ գիտեմ. մի բան փոխվեց:

Ա՜խ, եղբայրս: Եկար ողջ ու առողջ, պարտքդ տված հայրենիքիդ: Հպարտանում եմ քեզանով: Այն ժամանակ էլ էի հպարտանում, բայց հիմա ուրիշ է:

Երդում տվեցիր երկու տարի առաջ: Միգուցե մի օր էլ ես կանգնեմ զինվորական համազգեստով և ասեմ. «ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»: Չգիտեմ…

Ամեն բան շաղկապված է

Լուսանկարը՝Դիանա Ղազարյանի

Իմ բնակավայրը քաղաք Վանաձորն է, որի խնդիրները գրեթե ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մյուս քաղաքների և գյուղերի խնդիրներից: Հայաստանի ողջ տարածքում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ խնդիրները չեն փոխվում: Ամեն տեղ էլ առկա է գործազրկության բարձր ցուցանիշներ և դրանից բխող անդադար արտագաղթ: Դեռահասների խնդիրները ևս չեն տարբերվում բնակավայրից բնակավայր: Իմ հասակակիցների շրջանում մեծ է պարապության և ձանձրույթի մակարդակը, դեռահասների զբաղվածությունը սահմանափակվում է միայն դպրոցով: Քիչ են արտադպրոցական զբաղմունքները կամ ամբողջությամբ բացակայում են, առկա զբաղմունքներն էլ (պարի, երգի, ասմունքի և այլ խմբակներ) ոչ բոլորին են ֆինանսապես հասանելի: Այս ամենը բերում է նրան, որ նոր սերունդը մեծանում է անտարբեր և անհետաքրքրասեր: Իսկ նրանք, ովքեր ձգտում են ավելիին, դպրոցն ավարտելուն պես լքում են իրենց բնակավայրերը: «Առավել հաջողակները» հեռանում են երկրից, իսկ «քիչ հաջողակները» հաստատվում մայրաքաղաք Երևանում: Այսպիսով, կարելի է եզրափակել, որ միայն գործազրկությունը չէ, որ դատարկում է մեր բնակավայրերը, այլ դեռահասների՝ ապագա սերնդի, պարապությունն ու ձանձրույթը ևս լուրջ պատճառ են:

Վերջապես ես տեսա Էջմիածինը

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Ամառ էր: էքսկուրսիայի օրը որոշված էր: Ուղևորվեցինք Էջմիածին: Բոլորս հավաքվել էինք դպրոցի բակում և սպասում էինք ավտոբուսին:

Սրտումս ինչ-որ կրակ էր վառվում, ու մարմինս անհանգստությունից դողում էր. ես ամեն կերպ փորձում էի պատկերացնել մուտքս դեպի երազանքներիս եկեղեցին:

Վերջապես եկավ ավտոբուսը: Մենք՝ բոլորս, տեղավորվեցինք, ու մեքենան շարժվեց դեպի երկնային երանություն: Ես ամբողջ  ճանապարհին չափում էի ամեն մի կիլոմետրը ու ինչքան մոտենում էինք այնքան ավելի արագ էր սիրտս դողում:

Հասանք… Ավտոբուսը կանգ առավ ու մենք՝ բոլորս, շարժվեցինք դեպի եկեղեցի: Ճանապարհին պատմության ուսուցչուհին ինչ- որ պատմություններ էր պատմում եկեղեցու մասին, բայց իմ միտքը վաղուց պոկվել էր ուղեղիցս ու պտտվում էր խոհերիս շուրջը: Ոտքերս դողալով՝ ինձ առաջնորդում էին հոգումս ծվարած  երազանքի գիրկը,  ու մենք, վերջապես, մտանք եկեղեցի: Այդ պահին սիրտս ուզում էր թռչել տեղից ու փարվել եկեղեցու սրտին: Ոտքերս չէի զգում, հուզմունքից լցվել էին աչքերս: Հոգումս ամեն ինչ խառնվել էր իրար, ուզում էի խոսել, բայց բառերը չէին ուզում դուրս թռչել շրթունքներիցս: Հիացած շրջում էի ու աչքերով կլանում ամեն ինչ, որ հանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Ու այդ պահին ես զգում էի Աստծո ներկայությունը: Ես հավատում եմ նրա մեծ զորությանը:

Երազանքս կատարվեց: Վերջապես ես տեսա Էջմիածինը:

Դա այն մեծ երազանքն էր, որ երկար տարիներ պահել էի սրտիս մի անկյունում՝ սպիտակ քողով ծածկված:

Աստված թևեր տա բոլորիս երազանքներին:

Ահա թե ով է իմ պապիկը

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Պապիկս` Վիգեն Սուքիասյանը,  ծնվել է 1950 թ․ դեկտեմբերի 10-ին Գյուլագարակ գյուղում։ Նրա արմատները Իջևանի Սևքար գյուղից են:

-Որտե՞ղ ես ստացել նախնական կրթությունը, պապիկ։

-Նախնական կրթությունը ստացել եմ Գյուլագարակի միջնակարգ դպրոցում:

-Եվ ավարտել ես մեդալով, այնպես չէ՞:

-Այո, մեդալով եմ ավարտել։

-Իսկ ո՞ր առարկաներն ես շատ սիրել։

-Սիրել եմ ֆիզիկա և կենսաբանություն առարկաները։

-Դպրոցն ավարտելուց հետո գիտեմ, որ սովորել ես Երևանում, որտե՞ղ ես ընդունվել։

-Ընդունվել եմ պոլիտեխնիկ ինստիտուտ, կիբեռնետիկայի ֆակուլտետի էլեկտրոնիկա բաժինը։

-Իսկ որտե՞ղ էիր մնում սովորելուդ տարիներին։

-Ինստիտուտի հանրակացարանում:

-Մենա՞կ էիր մնում, պապ։

-Ոչ, ընկերներիս հետ։

-Իսկ դժվա՞ր չէր, պապ, ընտանիքից հեռու ապրելը:

-Դժվար էր, բայց այն ժամանակ այսքան հեշտ չէր գնալ-գալը, 6-7 ժամ ճանապարհ էինք գնում-գալիս:

-Ինչո՞վ էիք գնում-գալիս։

-Գնացքով։

- Իսկ հաճա՞խ էիր գալիս տուն։

-Տարին երկու անգամ. մի անգամը Նոր տարուն, մի անգամն էլ արձակուրդներին։

-Ավարտելուց հետո ի՞նչ ես արել:

-Ավարտելուց հետո գործուղվել եմ Տաշիր։Այնտեղի միկրո-էլեկտրոնիկայի գործարանում եղել եմ ինժեներ, վարպետ, հետո տեղամասի պետ եմ եղել, այնուհետև արտադրամասի պետ:

-Իսկ ծառայե՞լ ես, պապ:

-Պոլիտեխնիկ ինստիտուտն ուներ ռազմական ամբիոն, սովորելուն զուգահեռ նաև զինվորական գործ էինք սովորում: Ստացել եմ  լեյտենանտի կոչում, այնուհետև ավագ լեյտենանտի կոչում, իսկ յոթանասունութ թվին զորակոչվել եմ սովետական բանակ, որը տեղակայված էր Ադրբեջանի Կուտկաշեն ավանում։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Դժվար չէ՞ր միաժամանակ և՛ ինստիտուտում սովորել, և՛ ռազմական ամբիոնում։

-Մենք շաբաթվա մեջ մի օր էինք հատկացնում դրան, էլի էլեկտրականության հետ էր կապված, բանակին կապով ապահովելու համար։

-Ինչո՞ւ  այդքան ուշ  զորակոչվեցիր բանակ։

-Այդ ժամանակ որպես սպա էի ծառայում։ Այդ ժամանակ նույնիսկ հայրդ էր ծնված։

-Քանի՞ տարի ծառայեցիր։

-Երկու տարի։ Առաջարկություն եղավ մնալ և շարունակել ծառայել հրամանտարի տեղակալ քաղաքական գծով, բայց ես չհամաձայնվեցի, ու հետ եկանք Հայաստան:

-Բա ինչո՞ւ չհամաձայնվեցիր։

-Ասեմ, որովհետև աշխատանքը ծանր էր, և հետո էլ ուղղակի չէի ուզում մնալ այնտեղ։

-Հայաստան գալով ի՞նչ աշխատեցիր։

-Ստեփանավանում կապի հանգույցում (հեռախոսային կապ) ինժեներ աշխատեցի։ Հետո գլխավոր ինժեներ, վերջում էլ տնօրեն։

-Իսկ ո՞ր տարածաշրջաններն էր քո ղեկավարության տակ։

-Տաշիր և Ստեփանավան։

Իդեպ, պապիկիս գրասենյակում կային շատ-շատ ծաղիկներ, որոնք նա մշակում էր և հիմա էլ տանը մշակում է մեծ սիրով։ Մեկը մեկից գունեղ ու հետաքրքիր և մեկը մեկից գեղեցիկ։

-Երկրաշարժի ժամանակ այստեղ եք չէ՞ եղել։

-Այո։Երկրաշարժից հետո ամբողջ երկու տարի վերականգնողական աշխատանքներ եմ տարել։Բոլոր մալուխները տեղաշարժվել էին, ու կապի վիճակը վատացել էր: Սրան հաջորդեց մութ ու ցուրտ տարիները, որի ժամանակ շատ լուրջ էր հեռախոսային կապի հարցը, որովհետև հոսանքը անջատում էին, իսկ մեր մարտկոցները այդքան չէին կարողանում ապահովել։Այս վիճակից դուրս գալու համար մենք մեր կապի աշխատողներով, մեր սեփական ուժերով  նախաձեռնեցինք կառուցել բարձրավոլտ գիծ, գետնի տակի եղած գիծը վերականգնեցինք և միացրեցինք  մեր ուժերով կառուցած ենթակայանին, սա էլ միացնելով մեր հանգույցին, սկսեց կայուն աշխատել կապը։Փաստորեն մենք բարի գործ կատարեցինք մարդկանց համար։Հետո նախկին Ագրոբանկի շենքը մեզ տրամադրեցին: Մենք դա վերանորոգեցինք, թվային կայան տեղադրեցինք ու Ստեփանավանի ժողովրդին այդ ժամանակ կապով ապահովեցինք։

-Ինչքա՞ն ժամանակ տևեց դա։

-Ստեփանավանին կապով ապահովեցինք 1996 թվից մինչև 2005 թիվը։ Հետո ավելացրեցինք ևս 2000 համար, դարձավ 4000-ը, վատ վիճակում գտնվող հաղորդալարերը վերանորոգեցինք, լրիվ նոր ցանց կառուցեցինք: Մի խոսքով, բավականաչափ օգուտ տվեցինք և՛ քաղաքին, և՛ գյուղական բնակավայրերին:

-Իսկ այլ բնակավայրերում կապ չկա՞ր:

-Դե մյուս տեղերում էլ այլ ձևով էին ապահովում: Հայաստանում առաջին թվային կայանը տեղադրվել է Գյումրիում, երկրորդը` Ստեփանավանում։ Իսկ թվային կապը ամենաորակովն է։

-Այդքան տարի աշխատելով դժվար չէ՞ր թոշակի անցնել։

-Իհարկե դժվար էր, բայց հետո քիչ-քիչ հարմարվեցի, որովհետև տանն էլ շատ զբաղմունք ունեմ:

-Ապրես, պապ, հարցազրույցի համար։

-Դու էլ ապրես, Լիլիթ ջան։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Պապիկս հիմա զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մեր բակում ամեն տեսակ բանջարեղեն կա: Զբաղվում է նաև մեղվաբուծությամբ, ճագար ենք պահում, հավ ենք պահում, մի խոսքով, նա մեզ ապահովում է օգտակար, թարմ և բնական մթերքներով: Մենք էլ, ինչքանով կարողանում, օգնում ենք նրանց:

Ինքնության որոնման ճանապարհին

Յուրաքանչյուր մարդ ցանկացած տարիքում կարիք ունի ինքնաարտահայտման: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են փորձում ինքնաարտահայտվել, հետևաբար, ինքնաարտահայտման հարթակները ու ձևերը միշտ չէ, որ նույնն են: Օրինակ, իմ տարիքի մեկը կարող է ինքնահաստատվել լավ սովորելով, մյուսը` ասենք, լավ  պարել, երգել  իմանալով կամ այլ հմտություն կիրառելով, հաջորդը՝ հասարակական աշխատանքներում  ներգրավվելով, մեկ ուրիշը՝ հասարակության մեջ ագրեսիվ վարք դրսևորելով կամ, ասենք, ծխելով ու ոգելից խմիչք օգտագործելով: Սակայն կարծում եմ, որ խնդիրը տվյալ պարագայում ճիշտ  հարթակ գտնելու մեջ է: Եվ ինչո՞ւ ոչ, նաև հասանելիության: Սահմանամերձ գյուղում ապրող իմ տարեկիցը չունի այն հնարավորությունները, ինչը, ասենք, ես կամ, օրինակ` ես չունեմ այն հնարավորությունները, ինչը Երևանում ապրող իմ տարեկիցը: Տվյալ պարագայում  մեզանից  յուրաքանչյուրն ունի բնությունից օժտված նույն կարողությունները, բայց  ինքնաարտահայտման ձևերը սահմանափակ են մեզանից շատերի համար: Երևույթը կարելի է դիտարկել նաև այլ կողմից: Խնդիրը նաև քո կարծիքը չամաչել արտահայտելու, ճիշտ ներկայացնելու, չկոմպլեքսավորվելու մեջ է, իսկ դա յուրահատուկ մշակույթ է, դաստիարակություն, որը պետք է ձևավորվի դեռ փոքր հասակից: Խնդիրն այն է, թե ինչպես սովորեցնել երիտասարդին խելամտորեն արտահայտել իր տեսակետը, ինչպես օգտվել եղած ինֆորմացիայից, ինչպես կիրառել այն: Որպես ամփոփում, ինքնաարտահայտման ազատությունը ինձ համար հասանելիությունն է և դրանից ազատ  ու ճիշտ օգտվելու կարողությունը:

Ինձ համար ինքնաարտահայտման յուրահատուկ պլատֆորմ միշտ եղել է բեմը: Սիրում եմ նաև հասարակական գործերում ներգրավվել, մասնակցել տարբեր ծրագրերի, իմ կարողությունները ներդնել մրցության մեջ: Վերջին տարիներին իմ և իմ տարեկիցներին ինքնաարտահայտման հարթակ տվեց նաև «Մանանա» կենտրոնի  ծրագիրը, հատկապես www.17.am  կայքը, որտեղ մենք բոլորս հնարավորություն ստացանք ազատ արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր փորձով, խոսել մեզ հուզող  խնդիրների մասին ֆիլմերի, լուսանկարների և հոդվածների տեսքով: Դա ինձ հնարավորություն տվեց բացահայտել իմ կարողությունները, զարգացնել ստեղծագործական, վերլուծական  կարողություններս, մտնել հասարակական շփումների մեջ, այսինքն՝ լավագույնս ինքնաարտահայտվել: