Երբ մտածողությունդ փոքրիշատե հասունանում է, ու սկսում ես լրջորեն մտածել ապագայիդ մասին, իրենց լուծմանն սպասող խնդիրների շարքում առաջին տեղում իր դիրքերն է ամրապնդում ապագա մասնագիտության ընտրության հարցը։ 
Իհարկե, ես ևս առիթ եմ ունեցել դեմ առ դեմ կանգնելու այս խնդրին (այսուհետ նրան կանվանենք «Կամակոր») և պարտավորված եմ եղել ընդունել ինձ համար «ճակատագրական» որոշում։ Կամակորը փորձում էր ինձ պարտադրել իր քմահաճույքները՝ խոսելով մե՛կ հարազատներիս, մե՛կ ուսուցիչներիս, մեկ էլ՝ ընկերներիս լեզվով։ Կենսաբանության ուսուցչուհուս, հարազատներիս ու ընկերներիս աչքերում ես լավ բժիշկ էի երևում, հայոց լեզվի ուսուցիչներս ապագաս տեսնում էին գրականության քառուղիներում կամ լրագրության ոլորտում։ Իսկ Կամակորը երևի ուրախանում էր՝ տեսնելով իմ տարակուսանքը… Բայց պետք էր ծնկի բերել Կամակորին։ Դրա համար որոշեցի դեմ գնալ նրա ցանկություններին, ողջամիտ ու հավասարակշռված դատողություններ անել և կողմնորոշվել. ժամանակ չէր մնացել, այդ տարի ավարտելու էի դպրոցը։
Ու որոշեցի դառնալ ծրագրավորող, դառնալ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների մի մասնիկը, ընդգրկվել կայծակնային արագությամբ զարգացող հոսանքի մեջ ու քայլել ժամանակին համընթաց։ Դե, հայրիկս, որպես իսկական հայ տղամարդ, բնական է, չէր ողջունում իմ «տղայական» մասնագիտությունը։ Վերջին ժամանակներում, երբ ուսումնասիրում էի հայ գրողների ստեղծագործությունները, անհագուրդ ցանկություն ունեի դառնալ գրականագետ կամ գրաքննադատ, բայց իմ ընտրության հիմք էին հանդիսացել հազար ու մի լուրջ պատճառներ, որոնք շրջանցել չէի կարող։ Ես կշռադատել էի իմ մասնագիտության ընձեռած անգնահատելի շատ հնարավորություններն ու մեծ պահանջարկը, անդադար համեմատել էի մյուս մասնագիտությունների հետ. գերազանցությունը փակ աչքերով էլ տեսանելի էր։
Ես պատկանում եմ մարդկանց այնպիսի խմբի, ովքեր գնահատում են իրենց կարիերան և կյանքում մեծ տեղ են հատկացնում նրան, ովքեր բաց չեն թողնում իրենց գիտելիքների ու հմտությունների շրջանակն ընդլայնելու ոչ մի հնարավորություն ։ Հիմա, երբ ինձ հաջողվել է լեզու գտնել Կամակորի հետ, և նա «թույլ է տվել» հաղթել իրեն, ես հստակ քայլերով գնում եմ երազանքներիս, ավելի ճիշտ կլիներ ասել՝ նպատակներիս ընդառաջ։
Թեև չկարողացա մուտք գործել գրականության ասպարեզ, այնուամենայնիվ ինձ հնարավորություն ընձեռվեց սովորել վեբ-ծրագրավորում, և շուտով ամբողջական տեսքի կգա իմ առաջին վեբ-կայքը՝ նվիրված Պարույր Սևակին։ Կայքը իմ հաջողության սանդուղքի առաջին աստիճանն է, իմ առաջին քայլն է՝ ուղղված նպատակներիս իրականացմանը, իմ՝ գրականությանը հրաժեշտի ելույթն է…
	
	

Ամեն ինչ սկսվեց հենց այն ժամանակ, երբ ես ավելի լրջորեն և ուշադիր լսեցի կլառնետի վայելուչ հնչյունները: Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ հաճախել երաժշտական դպրոց: Քանի որ հայրս նույնպես կլառնետ է նվագում, դա շատ դուր եկավ նրան, և ինձ ուղարկեց երաժշտական դպրոց: Իմ կլառնետի ուսուցիչը  հայտնաբերելով իմ մեջ գործիքին տիրապետելու տաղանդը, հաճախակի ինձ ներկայացնում է տարբեր մրցույթներում և փառատոներում, որտեղ ես մեծ հաջողությամբ եմ հանդես եկել: Այս ասպարեզում իմ ամենամեծ հաջողությունն այն էր, որ 2013 թվականի ապրիլին մասնակցեցի Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնին: 2500 մասնակցի մեջ հայտնվեցի լավագույն 30 պատանի երաժիշտների շարքում և ստացա դիպլոմ «Լավագույն կատարող» անվանակարգում: Վերջերս` հունիսին, UNESCO-ի նախաձեռնությամբ Երևան էր հրավիրվել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փողային բաժնի ամբիոնի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանը: Այցի նպատակն էր`ստուգել երեխաների ունակությունները: Լոռու մարզից ինձ ընտրեցին գալ Երևան և մասնակցելու այդ լսումներին: Պարոն Բաղդասարյանը  ինձ մասնագիտական օգտակար խորհուրդներ տվեց, հորդորեց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեմ դասական կատարմանը, և ասաց, որ ունեմ շատ լավ տվյալներ բարձրակարգ երաժիշտ դառնալու: 
-Մանե, կցանկանա՞ս  ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:
