
Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Հանդիպում «Միհր» պարային թատրոնի հետ. Ցոլակ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան և Շողակաթ Մլքե-Գալստյան
-Կպատմե՞ք «Միհր» թատրոնի մասին:
Ցոլակ Մլքե-Գալստյան – Մեր թատրոնը կոչվում է «Միհր», հիմնադրվել է 2003 թվականին: Մենք չենք փորձում նման լինել եվրոպական պարային թատրոններին: Եվրոպական պարային թատրոնները շատ բարձր որակի են, բայց մի թուլություն ունեն` էմոցիոնալ չեն: Մենք փորձում ենք լինել ոչ թե շարունակողը եվրոպական պարային մտածողության, այլ հայկական պարային մտածողությունը բերենք այդ հարթության վրա: Այսինքն, էմոցիոնալ շարժումային գործողությունները լինեն մեր մենթալիտետին մոտ, բայց եվրոպական որակի:
Քանի որ ժամանակին մենք և պարսիկները եղել ենք հեթանոս, ունեցել ենք նույն աստվածությունը` Միհր: Որոշեցինք թատրոնի անունը դնել Միհր, որովհետև ուզում էինք և մեր ազգի, և ակունքի հետ կապված անուն լինի: Միհրը և հայերեն, և պարսկերեն բառ է: Նաև բացի ռուսերենից, մյուս բոլոր լեզուներով գեղեցիկ է հնչում: Դա շատ կարևոր է, որովհետև մեր թատրոնը հենց միջազգային կառույց է: Հայաստանում տարվա մեջ ունենում ենք երեք-չորս ելույթ, իսկ արտասահմանում` քսան-երեսուն: Միհր նշանակում է Արև, Արեգակ: Մենք ունենք ներկայացում «Ակունք», որտեղ պատմվում է աստվածներին վերաբերող լեգենդների մասին:
Արդեն նշեցի, որ մեր թատրոնը պարային թատրոն է: Ի՞նչ է պարային թատրոնը: Այդ ժանրը պետք է մի քանի ձևով բացատրել: Գոյություն ունի երեք մեծ շարժում թատերական ուղղություն` բալետը, մնջախաղը և պարային թատրոնը, որը տերմին է անգլերենով` contemporary dance, նշանակում է ժամանակակից պար: Անցյալ դարի 60-ականներին մի շարք մեծ անուններ, ինչպիսիք են` Պինա Բաուշը, Ժոզեֆ Նադջը (Josef Nadj), դուրս եկան բալետից, նրանք ուզում էին շարժվել ավելի ազատ, անսահմանափակ: Դրա համար ժամանակակից պարի մեջ մի քանի կարևոր բան կա` առաջինը, որ պարողները չունեն պուանտներ, բալետային մասիկներ, որպեսզի պարողը զգա գետինը, պարելիս հպվի: Ժամանակակից պարում կոնկրետ շարժումներ, ինչպես ասենք բալետում, մնջախաղում, չկան: Յուրաքանչյուր բեմադրիչ յուրովի է ներկայացնում, դրանով էլ այս ուղղությունը այժմ շատ արդիական է: Ժամանակակից պարը ներկայացում է, որը ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ: Պարային թատրոնում յուրաքանչյուր շարժում ունի հստակ նշանակություն, գաղափար, և դա ավարտվում է հանդիսատեսի հստակ գիտակցմամբ, թե ինչ էր կատարվում: Պարն այստեղ չի վերաբերվում ուղղակի շարժումերին, դա շարժումային, թատերական մտածողություն է: Օրինակ` Պետրոս Ղազանչյանը մեր թատրոնի մենակատարն է, նա պարող չէ, պարող-դերասան է, ոչ թե ուղղակի գեղեցիկ շարժվում է, այլ կոնկրետ բան է մեզ պատմում բեմից:
-Ինչպե՞ս առաջացավ թատրոն ստեղծելու գաղափարը:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Ես և քույրս` Շողակաթը, ուզում էինք ստեղծել երիտասարդների հավաքվելու և ստեղծագործելու տեղ, որտեղ երիտասարդները ոչ թե սովորում են իրարից, այլ միասին ստեղծագործում են: Հետո, երբ հավաքվեցինք տասը հոգով, զգացինք, որ միշտ ինչ-որ թատերական ուղղությամբ ենք մտածում, և այդ գաղափարն արդեն վերածվեց թատրոն ստեղծելու մտքի: Եվ 2003 թվականի կեսերից մենք արդեն կոչվեցինք ոչ թե «Միհր», այլ «Միհր» թատրոն: Ես թատրոնի մարդ եմ, թատրոնը աշխարհի ամենագեղեցիկ արվեստներից է, և հաճելի է դրանով զբաղվել: Երբ զգում ես, որ հանդիսատեսը քո ներկայացումից ինչ-որ բան վերցրեց, դրանից ավելի հաճելի բան չկա: Օրինակ` մենք հիմա վերադառնում ենք Ղարաբաղից, ուր տարել էինք «Հայկական հեքիաթներ» նախագիծը, խաղում էինք գյուղերում` երեխաների համար: Եթե այդ երեխաներից մեկը, կամ երկուսը դրանից ինչ-որ բան վերցնի, կամ հետագայում ինքը կազմակերպի, դա կլինի ամենահաճելի բանը: Դու ստեղծում ես ինչ-որ բան, որ ոգեշնչես ուրիշին, նա էլ ստեղծի, և այսպես առաջանում է արվեստի հավերժ շղթան:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
-Ինչո՞վ է Ձեր թատրոնը տարբերվում այլ թատրոններից:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Առաջին տարբերությունը` մենք ժանրային առումով միակն ենք տարածաշրջանում: Պարային թատրոն Կովկասում մեզնից բացի չկա: Հայաստանում կա Մնջախաղի պետական թատրոն, Բալետի և օպերայի թատրոն, փոքր խմբեր, որոնք զբաղվում են ժամանակակից պարերով, բայց մեզ նմանը տարածաշրջանում չկա: Իրանում կան, բայց քանի որ Իրանը բարդ երկիր է, (աղջկան չի կարելի բեմում դիպչել, ամբողջովին փակ պիտի լինի), մրցունակ չեն այնտեղի թատրոնները: Թուրքիայում ու Ռուսաստանում շատ կան ուժեղ պարային թատրոններ, բայց այս տարածաշրջանում մենք միակն ենք:
Մենք չենք աշխատում գումար աշխատելու կամ հայտնի լինելու համար, մենք զբաղվում ենք արվեստով: Մենք ամեն օր ունենք փորձ, բացի կիրակի օրերից, և դա համոզելու, զարմացնելու համար չէ, ուղղակի եթե ամեն օր փորձ չունենանք, մենք չենք ունենա լավ պարողներ, կամ դերասաններ:
-Ձեր ներկայացումների գաղափարները ձե՞րն են, թե՞ ձեզ համար պիեսներ են գրում:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Սովորաբար ինչ-որ գաղափար է ծնվում, որից հետո ունենում ենք ներքին քննարկում: Մենք ունենք ընդամենը մեկ աշխատանք, որը գրական հիմքի վրա է, դա «Սանասար և Բաղդասարն» է: Մնացած բոլոր աշխատանքները դրանք պիեսներ են, որոնք գրված են իմ կողմից, բայց այստեղ շատ կարևոր է մեր իմ թիմի մասնակցությունը: Մեր պիեսները մի քիչ այլ են. դրանք պիեսներ չեն, որտեղ կան երկխոսություններ, այլ պիեսներ են, որտեղ կան գործողություններ: Հետևաբար այդ գործողությունների շղթան ես միշտ քննարկում եմ:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
-Մի ներկայացման պատրաստման համար ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:
Պետրոս Ղազանչյան -Նայած ինչ ներկայացում: Օրինակ` մեր վերջին ներկայացման` «Մենության ձայնի» վրա աշխատել ենք երկու տարի: Եվ դա լրիվ ուրիշ ուղղություն է, ուրիշ ոճ է:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Մենք համարյա ամեն տարի պրեմիերա ունենք: Բայց այնպիսի բարդ ներկայացումները, ինչպես օրինակ «Մենության ձայնը», շատ ավելի երկար աշխատանք են պահանջում: Մենք ստեղծել ենք երկու նոր երաժշտական գործիք, որի վրա նվագում ես շարժվելով (պարային գործիքներ): Այդպիսի բան աշխարհում չկա: Դու շարժում ես անում, գործիքը ձայն է արձակում. մեկը հարվածային է, մյուսը` ձայնային: Մոտավորապես մեկ տարի մենք պատրաստում էինք այդ գործիքները, որոնք և դեկորացիա են, և երաժշտական գործիք: Հետո ևս մեկ տարի արդեն բեմադրական փուլն էր: Բայց մեր մեկ այլ ներկայացման` «Զինվորների» պատրաստման համար պահանջվեց մեկ ամիս: Մենք ունենք ներկայացումներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծում ենք թրեյլերներ (trailer): Թրեյլերները նման չեն ներկայացմանը. վերցված են մի քանի հատվածներ, ուրիշ է երաժշտությունը: Դրանք պարզապես փոքրիկ գործեր են, որոնք մենք ուղարկում ենք միջազգային փառատոների: «Զինվորները» և «Մտքերի երկխոսությունը» աշխատանքների թրեյլերները հիմա մասնակցում են ժամանակակից պարային թատրոնների կինոփառատոնին:
Ներկայացման պատրաստման ժամանակը կախված է մարդկանց քանակից, դեկորացիայից, հագուստից, ընդհանուր բեմական ձևավորումներից: Մեր ամենաերկար աշխատանքը «Մենության ձայնն» է, իսկ ամենակարճը` «Զինվորները»: Ինչպես նաև ունենք մահվան մասին մոնոներկայացումների շարք, որոնք նույնպես կարճ են: Բայց ամենաքիչը մեկ ամիս է անհրաժեշտ ներկայացման համար:
-Մինչ օրս ի՞նչ հաջողությունների եք հասել:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Սկսենք այնտեղից, որ 2003-ին մենք ստեղծվեցինք, 2006-ին մտանք միջազգային շուկա և սկսեցինք մասնակցել միջազգային թատերական պրոցեսներին: 2006-ին Պրահայում ես ստացա Եվրոպայի լավագույն երիտասարդ խորեոգրոֆ, այսինքն` պարային բեմադրիչ: Մինչ օրս մենք շատ ունենք մրցանակներ, 2008-ին Մոսկվայում ստացել ենք արվեստում նոր ձևեր գտնելու մրցանակ, Բելգիայում, Մինսկում` փառատոնի լավագույն ներկայացում: Ես և իմ թատրոնը Քեմբրիջ քաղաքի պատվավոր հյուրեր էինք: Մինչ օրս մենք մասնակցում ենք միջազգային հեղինակավոր փառատոների, ստանում ենք մրցանակներ, բայց դա կարևոր չի, կարևորը ներկայացումների որակն է, որը միշտ պետք է բարձրացնել: Ես մեր որակից դեռևս գոհ չեմ: Մի կարևոր փաստ նշեմ` մենք չունենք հայկական մրցանակ, բայց ես դրանից չեմ նեղվում, որովհետև մեծագույն ռեժիսորներից մեկը` Ֆեդերիկո Ֆելինին, չունի ոչ մի իտալական մրցանակ:
-Թատերագետները ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ներկայացումներին:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Մենք ունենք թատերագետների երկու սերունդ` հին սերունդը, որը մեծացել է սովետական արժեքային համակարգով և ընդհանրապես չի հասկանում` մենք ինչ ենք անում, և նոր սերունդը, որը մեծանում է այդ սովետական արժեհամակարգ ունեցող թատերագետների կրթությամբ: Մենք ապրում ենք մի երկրում, որը ունեցել է շատ բարդ շրջան, երբ մեդալ էին տալիս նրանց, ովքեր նկարում էին Լենին, խաղում էին Լենին: Եվ նման մարդիկ այժմ մեր կառավարությունն են, մեր թատերագետներն են, ռեժիսորները: Եվ հիմա մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ դեռ կա այդ սովետական արձագանքը:
-Ինչպե՞ս եք Հայաստանից դուրս դարձել հայտնի:
Շողակաթ Մլքե-Գալստյան -Սկսում ես նրանից, որ մասնակցում ես Հայաստանում տեղի ունեցող միջազգային փառատոներին: Այդպես մենք մասնակցեցինք թատերական փառատոնի, որտեղ մեզ նկատեցին ու հրավիրեցին: Միանգամից հայտնի դառնալ հնարավոր չէ, անդադար աշխատում ես, թղթեր ես լրացնում: Այդ ամենը շատ բարդ աշխատանք է: Եթե առաջ դու արտիստ էիր, և դա քեզ բավական էր, ապա հիմա պետք է իմանաս անգլերեն, լավ շփվես մարդկանց հետ, իմանաս համաշխարհային պատմություն: Դրսում մարդիկ միանգամից ուզում են իմանալ, թե դու ով ես, գիտե՞ս արդյոք աշխարհում ինչ է կատարվում, ներկա գրականությունը ով է գրում, ներկա ռեժիսորներն ովքեր են: Միանգամից ուշադրություն են դարձնում, թե ով ես դու և ինչ ես ստեղծում, որովհետև հիմա դա շատ կարևոր է: Եթե դու վատ մարդ ես, ստոր ես, քո արվեստը ուրիշ է ստացվում: Կան նաև մարդիկ, ովքեր անընդհատ փոխում են իրենց գույնը, քամելեոնների նման: Մեր արվեստում շատ կարևոր է ունենալ հստակ գույն:
-Ներկայացումների ժամանակ պարային շարժումները դոգմատիկ են, թե՞ դուք եք մտածում և բեմադրում:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Դոգմատիկ լինել չի կարող, հակառակ դեպքում դա արդեն մերը չի լինի: Բալետը ունի կլասիկ խորեոգրաֆիա, որը պետք է օգտագործել: Եթե չես օգտագործում, դա արդեն բալետ չի: Մենք չունենք կլասիկ խորեոգրաֆիա, մենք ստեղծում ենք մերը: Սկզբում ուղղակի մտածում ենք այդ շարժումների մասին, ես տալիս եմ էտյուդներ, յուրաքանչյուրը կատարում է իր ձևով: Հետո գրվում է պիեսը, երբեմն օգտվում եմ էտյուդներից, երբեմն` ոչ: Իրականում ամենակարևորն այն է, որ ոգեշնչվում ենք իրականությունից: Ամեն ինչ զրոյից է ստեղծում, ընդհանրապես դոգման լավ բան չէ: Մենք անընդհատ փորձում ենք անել այնպիսի բաներ, որ մենք էլ դեռ չենք արել, մեզ էլ է հետաքրքիր:
-Ձեր հիմնական թատերախումբը քանի՞ հոգուց է բաղկացած:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Երեք` ես, Շողակաթը և Պետրոսը: Երկրորդ կազմը բաղկացած է քսան հոգուց: Բայց երկրորդ կազմը ամեն օր փորձերին չի գալիս, գալիս է միայն նախագծերի ժամանակ:
-Ձեր թատրոնի դերասանները ի՞նչ կարողություններ պետք է ունենան:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Պետք է կարողանան շարժման և դրամատիկ թատրոնի սինթեզը կատարել: Դա շատ բարդ է, որովհետև պետք է լինեն և շարժվող, և դրամատիկ, իսկ այդպես շատ քիչ է լինում, որովհետև շարժվող մարդիկ քիչ դրամատիկ են, և դրամատիկ մարդիկ քիչ շարժվող են:
Շողակաթ Մլքե-Գալստյան -Շատ հաճախ շարժվող մարդիկ դեմքի որևէ արտահայտություն չեն ունենում: Իսկ մեր մոտ ի սկզբանե դրված է, որ ամբողջ մարմնով պետք է արտահայտել էմոցիան: Դա շատ բարդ է, արվեստը մաշում է մեզ հոգեպես: Անընդհատ վախենում ես, որ կդառնաս «դիմակային» դերասան, այսինքն, միայն մի բան կկարողանաս խաղալ: Երբ քեզ մոտ ինչ-որ կերպար ստացվում է, ամենադժվարը այլ կերպար ստեղծելն է: Շատ դժվար է խաղալ հին դերերը, որովհետև դու արդեն այն չես, ինչ առաջ: Եվ երբ հանդիսատեսը քեզ մոտ է նստած, զգում ես նրա շունչը, սկսում ես վախենալ, որովհետև չի կարելի, որ հանդիսատեսը զգա, թե դու ինչ օր ես ունեցել այսօր: Մարդու շարժումները նրա մասին ամեն ինչ պատմում են, այդ պատճառով էլ շատ բարդ է կերպարի մեջ մտնել ամբողջությամբ:
Ժամանակակից պարի առաջին պայմանը ազատությունն է, ընդհանրապես արվեստում չկա «չի կարելի»: Չկա մի բան, որ ուզում ես անել, բայց չի կարելի:
-Բեմադրելու ընթացքում առաջանո՞ւմ են անհամաձայնություններ դերասանների հետ:
Շողակաթ Մլքե-Գալստյան -Միշտ առաջանում են: Հատկապես իմ և Ցոլակի միջև: Թվում է, թե մենք շատ համերաշխ պետք է լինենք, միասին ենք ստեղծել թատրոնը, և այլն, բայց չկա մի բան, որ մեզ մոտ ընդհանուր է:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Շողակաթը միշտ խմբագրում է իմ շարժումները: Լսում է ասածս, կրկնում է այնպես, ինչպես ես եմ ուզում, բայց երբ գալիս է բեմադրելու պահը, նկատում եմ, որ նոր շարժումներ է ավելացրել, որոշ դետալներ չի անում: Լավ ռեժիսորի և դերասանի միջև անհամաձայնությունը բնական պրոցես է, որը նաև գեղեցիկ է, բայց միայն այն դեպքում, եթե անհամաձայնությունը կերպարային է:
-Ձեր «Մտքերի երկխոսություն» ներկայացման մեջ օգտագործում եք տարբեր նյութեր` ջուր, ավազ, ալյուր: Բեմի վրա տեխնիկական ի՞նչ դժվարություններ են առաջանում:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Այդ ներկայացումները բացօթյա են: Հանդիսատեսը մեզնից գտնվում է ավելի մեծ հեռավորության վրա, քան բեմի դեպքում: Նյութերը կարող են լցվել դերասանների աչքերի մեջ, խանգարել, բայց այդ ամեն ինչը հաշվարկվում է փորձերի ժամանակ: Ամենադժվար փորձը բոլոր դեպքերում պրեմիերան է, որը ամենավատ ելույթն է: Միակ բանը, որը կանխատեսել և դրան պատրաստվել չես կարող` եղանակն է: Երբ այդ նյութերի վրա անձրև է գալիս, ամեն ինչ շատ է դժվարանում, անընդհատ լարվում ես: «Մտքերի երկխոսություն» ներկայացման մեջ այդ երեք նյութերը ներկայացնում են մտքերի երեք տեսակները. ավազը ծանր մտքերն են, ալյուրը` թեթև, իսկ ջուրը այնպիսի մտքերն են, որոնք չես հասկանում: Եվ այդ երեք նյութերի շնորհիվ կատարվում է մտածողություն: Ներկայացումը տևում է երեսուն րոպե, որոնցից միայն տասն է նյութերով: Նյութերը ցույց են տալիս միայն կերպարների բնույթը, բայց կերպարները ունեն նաև առանց նյութի տեսարաններ ու գործողություններ:
-Որտե՞ղ են տեղի ունենում ձեր փորձերը:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Հիմնականում վարձում ենք տարածք: Այդ հարցում մեզ շատ են օգնել Նարեկացի արվեստի միությունը, «Հայարտը»:
Շողակաթ Մլքե-Գալստյան -Մեզ համար կարևոր պայման է միայն, որ ներքևի հարկում մարդ չլինի: Կար ժամանակ, որ ընդհանրապես տարածք չէինք գտնում, փորձ էինք անում տանը` Ցոլակի սենյակում: Բացօթյա փորձեր էլ ենք ունեցել, երբեք չենք դադարեցրել փորձերը:
-Դուք ունենում եք հյուրախաղեր: Ո՞վ է ձեզ հովանավորում:
Շողակաթ Մլքե-Գալստյան -Ղարաբաղ գնալը պատվեր էր: Հովանավորել է Եվրոպական «Ղարաբաղի օպտիմիզացում» կոչվող ֆոնդը: Գնացել ենք հինգ գյուղ, և մեր բոլոր դեկորացիաները թողնում էինք երեխաներին:
-Ներկայացումներից հետո ինչպե՞ս եք իմանում, արդյոք Ձեր ասելիքը տեղ հասավ:
Ցոլակ Մլքե-Գալստյան -Ներկայացումից հետո փոխվում և դուրս ենք գալիս հանդիսատեսի մոտ, ծանոթանում ենք նրանք կարծիքներին: Բայց հանդիսատեսի կարծիքին մեծ տեղ տալ չի կարելի, որովհետև այդ դեպքում կամ կմտածես, որ հանճար ես, կամ կմտածես, որ տականք ես: Հանդիսատեսի կարծիքին պետք է շատ զգույշ վերաբերվել, որովհետև նա կամ շատ մեծարում է, կամ շատ իջեցնում: Մենք մեծարանքի հետ ենք շփվում մեծամասամբ, որին պետք է շատ զգույշ վերաբերվել, որ չկոտրվես: Բայց լսում ես նաև ինչ-որ օբյեկտիվ կարծիքներ, որոնք անհրաժեշտ է ֆիքսել:
Հարցազրույցը գրի առավ Մարիամ Նալբանդյանը։

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես իմ կյանքում չունեմ այնպիսի մի անձնավորություն, որին կցանկանայի նմանվել, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կյանքը, մտածողությունը, ոճը, արդուզարդը, քայլվածքը… Այն, ինչ գեղեցկացնում է ուրիշին, միգուցե ուրիշին տգեղացնի։ Փորձում եմ իմ հարազատներից վերցնել նրանց դրական հատկանիշները, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ։ Պապիկս, տատիկս և հորաքույրներս եղել են մանկավարժներ, ցանկանում եմ նրանց նման լինել խելացի և վաստակավոր։ Ցանկանում եմ հայրիկիս նման լինել կարգ ու կանոնով, կոկիկ, ազնիվ, ընկերասեր, խելացի։ Մայրիկս, մորաքույրս և տատիկս նույնպես մանկավարժներ են։ Ցանկանում եմ մայրիկիս նման լինել ճշտապահ, պարտաճանաչ, գեղեցիկ, կոկիկ, մորաքրոջս նման հեզ, մեղմ բնավորության տեր անձնավորություն, տատիկիս նման լավ մարդ, խելացի և հարգված անձնավորություն։ Պապիկս շինարար է` ցանկանում եմ նրա նման լինել կառուցող, որպեսզի կարողանամ այս բարդ կյանքում ինձ համար կառուցեմ նորանոր բարձունքներ։ Ճիշտ է, իմ հարազատներն էլ ունեն թերություններ, բայց ես նրանցից ընկալում եմ միայն լավը։


Մեզանց շատերը, եթե ոչ բոլորը, մանուկ հասակում ունեցել ենք մեր հերոսները: Իմ հերոսները շատ էին` «Սարդ մարդը», «Հալկը», «Հզոր ռենջերները» և այլն: Ցանկանում էի լինել հզոր, ինչպես Հալկը, կամ խիզախ Սարդ մարդու պես, և հաճախ նմանակում էի նրանց: Երբ դարձա ութ տարեկան, հասկացա, որ ես եմ իմ հերոսը և սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես «ուժեղ տղա» դառնալ: Այդ ժամանակ մեր գերդաստանում գործում էր չգրված մի օրենք` բոլոր տղաները պետք է զբաղվեին սպորտով, իսկ ավելի կոնկրետ` ձյուդոյով: Եվ քանի որ ես բացառություն չէի, նույնպես սկսեցի զբաղվել ձյուդոյով: Առաջին տպավորություններս այնքան էլ հուսադրող չէին, որովհետև նորեկ էի և բոլորին թե’ ֆիզիկապես, թե’ տեխնիկապես զիջում էի: Սակայն նոր ընկերներս ինձ ոգևորում էին և հույս տալիս, որ դա դեռ սկիզբն էր: