IMG_20201003_205828_913

Հաղթանակից ժամեր առաջ

Աստծո 7-րդ օրն է, ինչ երկինքը եռագույն է հագել։ Սահմանին՝ ամեն խրամատում հայոց որդոց ուժն ու խելքն է, ամեն հայ մոր աչքին որդու պատկերն է, իսկ ականջին՝ զրնգուն ձայնը։ Ամեն օջախում, ամեն կտուրի տակ, ամենքի սրտում միայն հպարտություն ու ցավ է, իսկ ահա ամեն արցունքիս մեջ էլ աղոթքի մի տող է։ Թերևս այս անավարտ շարքն ավարտվեց, բայց կասեմ, հոգուս խոսքը նոր պիտի թրծեմ…

Ես ՀԱՅ եմ, հայ եմ ծնվել դեռ էն սկզբից, ու դեռ մորս արգանդում ես ծովից ծով հայրենիք էի ստեղծում իմ մեջ, ու այն թրծում որպես մի կամքի դեսպան, ու երբեք չնահանջող իմ սրտում այն պահում որպես ոսոխի դեմ կռվող մի մարտիկ՝ հայի արյունով ու խելքով։ Շատ շուտով քսանս կբոլորեմ ու իմ խռոված հոգում դեռ պահում եմ այդ անխռով մարտիկին՝ Հայաստանիս։

Լսի՛ր, քեզ մի բան ասեմ, հիմա ամեն բջջիս մեջ մի հայրենիք ունեմ՝ հզոր ու անկոտրում, բայց լավ իմացիր, հայրենիքի համար պետք չէ գոռալ ու կոկորդ պատռել, ուղղակի այն ունեցիր ներսումդ, ու ուղղակի կերակրիր այն աղոթքով ու հավատով, ու մի օր էլ կտեսնես, որ սահմանին կանգնած կռիվ է տալիս ու արյուն թափում։ Քանի՜ հայրենիքներ ունենք հիմա սահմանին կանգնած, հաշվե՞լ ես։ Մինչ դու հաշվես, ես կասեմ. ես այնքան թա՜նկ հայրենիքներ ունեմ հիմա կանգնած սահմանին, որ հաստատ ինչ էլ լինի, Հայաստանի վիզը ծուռ չեն թողնի։

Ես լավ եմ հիշում. Ապրիլյանի ժամանակ 9-րդ դասարանում էինք ու հանդարտ նստած էինք դասի, երբ սահմանից ձայն լսվեց։ Ու հա՜, մենք չէինք էլ պատկերացնում, որ մի քանի տարի անց մեր կողքին նստած տղերքը կանգնելու են Ապրիլյանի տղերքի կողքին ու հայրենիք պաշտպանեն։ Նրանք իմ մանկությունն են, իմ պատանեկությունը, ու մի խոսքով ասած՝ իմ մանկությունը պատանեկությանս ձեռքը բռնած՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու։ Նրանք հերոս են ինձ համար, ու հեչ պարտադիր չի, որ մի սխրանք գործեն, որովհետև հայրենիքի համար ոսոխի առաջ կանգնելը արդեն սխրանք է։

Երեկ ակամա ականատես եղա մի պատկերի, որը երբեք չեմ մոռանա։ Մի քաջ զինվոր էր՝ հանգիստ ու խաղաղ տոնով պատմում էր, թե ինչպես էր վիրավորում ստացել արկի բեկորներից, ու չէր էլ զգում, թե իր ուսին հենված մոր հոգում քանի աշխարհներ են փլուզվում, մայրը լուռ էր, բայց հայացքը գոռում էր, իսկ երկնքին հառած աչքերով էլ՝ արդարություն պահանջում։ Մյուս զինվորն էլ մորը կարոտած սրտով, վիրավոր ոտքով սպասում էր ապաքինվելուն, որ նորից վերադառնա ընկերների մոտ, հասնի դիրքին ու անդավաճան զենքին։ Իսկ ահա վերջինը, որի ձայնը մի քանի օր շարունակ մայրը չի լսել, տանկեր է խոցում ու անկոտրում մնում։ «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա»,- ճիշտ է ասել մեծն Սևակը, իսկ ես ճիշտ կլինեմ, եթե վերջում ասեմ, որ ուղղակի ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Դու թիկունքի զինվորն ես

Հոդվածը գրվել է սեպտեմբերի 29-ին

Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը կրակ է բացում Արցախի ուղղությամբ, և արդեն զենքն է ուղղում դեպի ՀՀ-ի բնակավայր Վարդենիսը։ Ադրբեջանական վայրագությունների դեմ առաջնագծում պայքարում են հայոց բանակը և հայ կամավորները, իսկ արդյո՞ք մենք այստեղ կռվում ենք։ Այո՛, կռվում ենք։ Թիկունքի հիմնական ճակատը սոցիալական հարթակն է, որտեղ հակառակորդը իրեն բնորոշ ագրեսիվ կերպով գրոհում է, իսկ հայերն իրենց բնորոշ կերպով պայքարում են ու չեն հանձնվում։ Այս վճռական պահին շատ կարևոր են բոլորիս մտածված և ճիշտ գործողությունները, առաջին հերթին՝ սառնասրտությունը և ապատեղեկատվությունից ձերբազատումը։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր գործի կարևորությունը, որը կարող է դրսևորվել տարբեր գործողություններով։ Սննդի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքագրում, արյան հանձնում, մեդիագրագիտություն և պաշտոնական տեղեկատվության ընթերցում, ահա այն ցուցակը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Գիտակցաբար և անգիտակից թշնամուն օգնելը պարզապես արգելվում է, հետևաբար մի տարածեք ռազմական տեխնիկայի տեղաշարժման մասին լուսանկարներ և տեսագրություններ, մի տարածեք կամավորների տեղաշարժման մասին ինֆորմացիա, ինչպես նաև զինվորների անձնական տվյալները՝ այդ թվում զոհվածների, քանի որ թշնամին այն շատ դեպքերում պղծում է։

Ժպտա՛, քո ժպիտը ուժ և կորով է զինվորին։

Հաղթում ենք

Երբ վտանգը թակում է դուռդ, սկսում ես վերաիմաստավորել, գնահատել կյանքդ: Մենք՝ հայերս, միշտ էլ ստիպված ենք եղել վտանգի առաջ կանգնել, բայց մեր ազգային հպարտությունը  մեզ երբեք թույլ չի տալիս վտանգի առջև խոնարհվել, ծնկի գալ: Դա մեզ համար չէ: Պայքարելն ու հաղթելը մեր արյան մեջ է: Այն, որ այսօր մենք կանք (մինչդեռ ոմանք նախատեսում էին միայն մի հայ թողնել, և այն էլ … թանգարանում), ապացույցն է այն բանի, որ մենք լինելու և պայքարելու ենք միշտ: Գնդակի սկզբունքով ենք ապրում. որքան մեզ ուժեղ են հրում, այնքան ավելի առաջ ենք գնամ:

Այսքան ցավ ու արհավիրք տեսած ազգին հաղթել կլինի՞:

Մեր ողջ ուժը մեր միասնականության մեջ է, և սրանք պարզապես ծեծված խոսքեր չեն: Հայերի մեջ հենց այն եմ սիրում, որ խաղաղ պայմաններում, որքան էլ վիճեն, մեկը մյուսին վատություն անեն և նույնիսկ ատեն, միևնույնն է, անգամ մի փոքր վտանգի դեպքում ամեն ինչ մոռանում են, պայքարում, մեկ հոգի դառնում:

Մենք ուրիշ ենք ամեն ինչով: Մեզ չեն դաստիարակել այնպես, ինչպես իրենց: Փոքր ժամանակ անդադար ընտանիքիս անդամներից լսել եմ այն, որ հակառակորդի փոքր երեխաները մեղավոր չեն, այն, որ իրենց ազգի մեջ էլ շատ կան լավ մարդիկ, սովորեցրել են չատել, բայց և չմոռանալ և ուրիշներին էլ անընդհատ հիշեցնել մեր պատմական անցյալը: Բայց մի՞թե նրանց երեխաները նույնպես դաստիարակվում են այսպես:

Մենք անկաշկանդ նայել ենք նրանց արտադրած ֆիլմերը, երկրպագել նրանց դերասաններին, երգիչներին և հետևել ենք այն սկզբունքին, որ արվեստը ազգություն չի ճանաչում: Բայց  այն պահից, երբ տեսնում ես քո այդքան սիրելի թուրք երգիչների ու դերասանների արձագանքը այս վիճակին, ներսումդ արթնանում է ազգային արժանապատվությունը: Ա՛խր, այլևս ինչպե՞ս սիրես մարդկանց, որոնք արդարացի են համարում մեր քաջորդիների, մեր հզոր եղբայրների մահը: Ու մի կողմ դնենք բանականությունը և այն միտքը, որ բնական է նրանց` իրենց ազգին պաշտպանելն ու արդարացնելը, քանի որ  նրանք էլ այդպես են դաստիարակվել: Ո՛չ, ո՛չ, ես ու ինձ հետ նաև իմ շատ հայրենակիցներ այսուհետ լրիվ ուրիշ ձևով ենք նայելու կյանքին: Որքան էլ լավ ֆիլմեր կամ երգեր լինեն, ամեն անգամ դրանց նայելիս կամ լսելիս, աչքիս առաջ է գալու հայ զինվորի հերոսական կերպարը, ու ինքս ինձ մեղավոր եմ համարելու:

Այս մի քանի օրում մենք շատ բան սովորեցինք: Սկսեցինք գնահատել մեր կյանքի ամեն մի վայրկյանը ու շնորհակալ լինել զինվորներին, որ հսկում են մեր երկրի սահմաններն ու մեզ տալիս են ապրելու և գործելու  հնարավորություն: Սա ժամանակ է, երբ անկախ քեզնից սիրում ես բոլոր հայերին՝ բացառությամբ նրանց, որոնց առանձնապես չի էլ հետաքրքրում ներկա իրավիճակը: Ցավոք, այդպիսի մարդիկ ևս կան, և այդպիսինների հետ առնչվելը վերջին օրերին իմ նյարդային համակարգի  թույլ կողմն է դարձել:

Սա ժամանակ է, երբ ուրիշ ուղղությամբ մտածել հնարավոր չէ, երբ քեզ մեղավոր ես համարում ժպտալու, երգեր լսելու, սնվելու և քնելու համար, քանզի քեզ մի միտք է անդադար տանջում. սահմանին կանգնած զինվորը ո՞վ գիտի՝ հիմա ինչպես է:

Սա ժամանակ է, երբ հոգուդ ողջ էությամբ հպարտ ես հայ լինելուդ համար:

Սա ժամանակ է, երբ ամեն մի զոհվածի համար սգում ես հարազատին հավասար, ա՛խր, քիչ ենք այնքան, որ մերն է ամեն մեկը, հիմա չկան հարազատ կամ օտար զինվորներ, սահմանին կանգնած յուրաքանչյուր հայ զինվոր, որը պայքարում է մեր խաղաղ կյանքի համար, մեր հարազատն է, մեր հոգեկից եղբայրը:

Մենք էլ ունենք համբերություն, և այն արդեն սպառվել է: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ զիջումների պայմանով: Մինչ այս, զիջել ենք այնքան, որ մեզ մի փոքր հող է մնացել, որն էլ մեզ համար սոսկ հողատարածք չէ, այլ սրբություն, հայրենիք, որը երբեք չենք կորցնելու, որովհետև մենք դրա իրավունքը չունենք: Մեր հերոսները արյուն են թափել և շարունակում են թափել մեր հայրենիքի համար, և հիմա այն զիջելը ուրիշ ի՞նչ կհամարվի, եթե ոչ մեղք: Մեր հերոսների կյանքի գնով պահած հողը մենք շենացնելու ու պաշտպանելու ենք առմիշտ:

Մենք իրավունք չունենք հանձնվելու, ինչ էլ լինի, մենք հաղթելու ենք, և դրանում կասկած չկա: Ես դրանում համոզվել եմ արդեն` տեսնելով հայրենակիցներիս մտահոգությունն ու քաջությունը միաժամանակ:

Պարտվելու մասին խոսք գնալ անգամ չի կարող: Մենք կարողացել ենք հաղթել մահվանը, դառը ճակատագրին ու նենգ թշնամուն: Եվ այսպես է լինելու միշտ: Մեր հաղթանակների մասին դեռ շատ է խոսվելու, ու մի օր էլ հպարտությամբ պատմելու ենք մեր երեխաներին ու թոռներին, թե ինչպես ենք հաղթել այսօր:

Մենք հաղթել ենք, հաղթում ենք ու հաղթելու ենք միշտ:

Լեռներդ չեմ գնահատել…

Կներես, իմ սիրու՜ն։

Կներես, որ վիրավորվել եմ հաճախ քեզնից։ Լեռներդ չեմ գնահատել, ճերմակ ջրվեժներդ չեմ գնահատել, սառը ջուրդ չեմ գնահատել։

Եթե ամբողջ կյանքումս էլ ներողություն խնդրեմ, էլի քիչ կլինի։ Չեմ հասկացել, որ դու ես իմ սերը, իմ ամենասիրունը, որ քեզնով եմ խաղաղ, քեզնով եմ քայլում դեպի առաջ՝ դեպի բարձրն ու մեծը։

Հիմա չեմ էլ կարող սերս ու նվիրվածությունս քո հանդեպ արտահայտել։ Բայց իմացի՛ր՝ սիրում եմ քեզ, էլ կյանքում չեմ նեղանալու նվիրածդ քաղցր ջրից, մայրամուտներից, ամենակապույտ ու պարզ երկնքից։

Այսօր արտասովոր տխուր ես։

Կապույտ երկինքդ բաց երկնագույն է դարձել, գունաթափվել է, կապույտի մեջ մխրճված շենքերդ փոքրացել են, էլ չեն երևում, զավակներդ էլ անհանգիստ աչքեր ունեն, իմ սիրու՜ն։

Ների՛ր, զավակներիցդ ոմանց չհասցրինք պաշտպանել, փրկել: Երկինք գնացին զավակներդ։

Տներում ողբ կա, ների՛ր քեզ ցավեցնելու համար։

Բայց գիտե՞ս, ողբը միախառնվել է ազատատենչ ոգու հետ։ Արի ոգիդ գերազանցում է քեզ նվիրած ողբին։

Ապրե՛ս, իմ սիրու՜ն, չես թուլացել՝ գիտեմ, տեսնում եմ։ Դու էլ գիտես՝ կողքիդ ենք լինելու, չենք թողնելու լաց լինես, աչքերդ կկարմրեն, մեր ամենաթա՛նկ։

ԵՊՀ-ն մեր զինվորին

Երևանի պետական համալսարանը արդեն երկու օր է, ինչ օգնություն է հավաքում: Ուսանողները բոլոր արկղերին մակագրում են՝ «Հաղթել ենք, սպասում ենք, տղաներ ջան, բոլորդ հետ վերադառնաք»: Բոլոր մթերքները և հագուստները տեսակավորված են, ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Ամեն ինչ առաջնագիծ ուղարկելու համար է՝ սուրճ, դեղորայք, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ: Ամեն արկղի մեջ փոքրիկ բացիկներ ենք դնում: Համալսարանից կամավոր մեկնած տղաները արդեն առաջնագծում են: Հոգով ու սրտով մենք տղաների կողքին ենք:

Հաղթելու ենք:

Զգոն մնա՛, քաղաքացի

Սարսափելի զգացումները դադար չեն տալիս։ Էս ամենի մեջ անհասկանալի սիմվոլիզմ կա, հայրենասիրություն, ընտանիքի ու աշխարհի հանդեպ սեր: Շանդ ու կատվիդ հետ էլ ինչ որ էմոցիոնալ կապ ես զգում: Նեղվում ես, որ լեզու չունեն ու չեն կարող իրենց զգացածը արտահայտել։ Հա՛, էդ կրակոցների տակ երևի ամենաանկենդանն էլ կենդանանում ու զգացածի մասին խոսել ա ուզում։

Դու սահմանին կանգնել չես կարող, բայց պատուհանի մոտ կանգնելով, էդ կրակոցները լսելով (ես Ճամբարակում եմ ապրում), թվում է, թե զենքը ձեռքիդ է, ու պատրաստվում ես կրակել։ Շարքային քաղաքացի, կրա՛կ…

Կողքի սենյակից Փաշինյանի ձայնը էնքան վախեցնող ա հնչում, ասում է.

-Մենք զոհվելու ենք հանուն մեր հայրենիքի։

Հա, մենք ոչինչ անել չենք կարող, մեզ մնում է զգոն-զգոն հետևել լուրերին, հետևություններ անել, վախենալ, հետո ինքներս մեզ սփոփել։

Էս ամենի մեջ ամենասարսափելին գիտե՞ք որն ա։ Մարդկանց մի տեսակ կա, որ սիրում են խուճապահար լինել ու խուճապի վատնել բոլորին: Սոցկայքում փոստ անել, բոլորին խառնել իրար, 4 տարեկան երեխու հետ էլ դնել քննարկել, որ` պապան սահմանին ա ու կարող ա չգա էլ։

Աշխարհը արդեն քնել ա  կորոնավիրուսի պատճառով, մենք էլ անմարդկային ու ամենահասարակ նորմերին չտիրապետող մարդկանց պատճառով քնել չենք կարողանում։

Խաղաղությունը պատերազմով պետք է նվաճել, միգուցե պա՞հն ա։

Պահպանության աղոթք

Երբևէ չէի ցանականա գրել այս մասին, չէի ցանկանա տեսնել և զգալ այն ամենը, ինչը հիմա եմ ապրում։

Առավոտ էր… Թվում էր, թե սովորական առավոտներիցս մեկն է, մինչև այն պահը, երբ կարդացի համացանցի լուրերը:

-Մա՜մ, պատերազմ ա՞… Հա սկսվել ա, ռմբակոծել են, մա՜մ…

Երանի սխալ լիներ, սուտ լիներ ամեն կարդացածս բառը։

Միայն խնդրում եմ Աստծուց խաղաղություն, տղերքիս` ուժ ու հավատ։

Գրում եմ այն հույսով, որ առավոտ արդեն ամեն ինչ վերջացած է լինելու, մատուռում զինվորներիս համար վառած մոմերս չեն մերժելու խնդրանքս, աղոթքներս զուր չեն անցնելու…

Վստահ եմ, լավ է լինելու, մեր եղբայրներն են կանգնած սահմանին, իրենք լավ գիտեն իրենց գործը, իրենք գիտեն, որ սպասում ենք, որ պիտի անպայման վերադառնան։

Վստահ եղիր, սիրելի ընթերցող, Զինվորդ վերադառնալու է:

Եկեք աղոթենք աշխարհի խաղաղության և մեր զինվորների համար:

Հայր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո,

Որպես յերկինս և յերկրի։

Զհաց մեր հանապազորդ

Տուր մեզ այսօր։

Եւ թող մեզ զպարտիս մեր,

Որպէս և մեք թողումք մերոնց պարտապանաց։

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա զմեզ ի չարէ։

Զի քո է արքայութիւն և զօրութիւն

Եւ փառք յաւիտեանս: Ամէն:

karin eranosyan

Չծնված անձրևներ կամ մեռած արևներ

Եթե ամեն անգամ

քեզ հիշելիս՝

ինչ որ մեկը մահանար,

այնքա՜ն սիրուն կլիներ

կյանքը,

աշխարհը։

Չեմ ասի,

թե մարդիկ չէին լինի,

մի քիչ

ծաղկեցված կստացվեն տողերս։

Բայց հա՛,

քիչ մարդիկ կլինեին

կամ միայն դու,

առաջինն ավելի նախընտրելի է։

Ես կընտրեի իմերին,

դու էլ կլինեիր

մոլորակումս։

Իրական մոլորակումս։

Իսկ հեքիաթումս միշտ կաս,

էլի եմ ասել։

Եթե ամեն անգամ

քեզ հիշելիս՝

արևներ մեռնեին,

քիչ կլինեին արևները,

մեկը կլիներ՝

միայն կուլոնս։)

Եթե ամեն անգամ

քեզ իմ մեջ սպանելիս՝

անձրևներ ծնվեին,

հիմա

ամեն օր անձրև կգար։

Տեսնու՞մ ես,

չեմ կարողանում սպանել քեզ։

Բայց

անձրևներ շատ եմ սիրում։

Ի՜նչ ափսոս,

համարձակություն չունեմ՝

անձրևների տեղատարափ ստեղծելու։

Meri Gevorgyan tavush 2

«Բանաստեղծության հազարամյա խորհուրդը»

Փորձում էի գրել մի փոքրիկ էսսե մեր հայ բանաստեղծների մասին: Հետո կարդացի Հրանտ Թամրազյանի «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը» գիրքը, որը ավելի լայն և պատկերավոր է նկարագրում մեր մեծերի գործն ու գործունեությունը։ Գրում եմ այդ գրքով ներշնչված:

Բանաստեղծ. կյանքի ծովի մեջ երերող, աստվածայինի և սատանայականի միջև տառապող այդ անհատը։ Բանաստեղծն է թանձր մթնոլորտից բարձրացնում բանական մարդու և կյանքի լուսավոր գաղափարը։ Ծանր գիշերների մթնոլորտում նրանք հաճախ են զբաղվում ինքնախարազանմամբ։

Ես բանաստեղծ չեմ, սակայն փորձում եմ բանաստեղծական փոքրիկ շտկումներ կատարել։

Մեր մեծերի հպարտ ու հզոր սրտերը, ազատ ու ստեղծագործ մտքերը նոր ուժով շարունակել են վեճը կյանքի և աշխարհի դեմ, ինչպես Թումանյանը, ինչպես Դուրյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցը և շատ ու շատ ուրիշներ։

Իսկապես, թե՛ վաղ շրջանի օրագրերը, թե՛ նախորդող մի շարք բանաստեղծություններ, որոնք հնչել են մեր բանաստեղծների շուրթերից, ցույց են տալիս, որ կյանքի տրամադրություններն ու խոհերն ունեն հեռու և մոտ ակունքներ՝ նման տրամադրություն, արդեն և հայրենիքի, և կնոջ սիրո առիթով, հնչում է 1903 թվականին.

Օտար, ամայի ճամփեքի վրա

Իմ քարավանս մեղմ կը ղողանջե,

Կանգնի՛ր, քարավանս, ինձի կը թվա,

Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչե։

Մի ուրիշ հզոր ու դառնացած բանաստեղծ՝ Ֆրիկը, միջնադարյան քաղաքական ու բարոյական անլուր աղետների մեջ գրում է.

«Այս կնայքը գուբ է խավար,

Եվ ի ձեռինդ լապտեր չունիս»։

Այս մեծ թեման՝ աշխարհի և մարդու մասին, այս բարոյական հակամարտությունը շարունակվում է հետագա բոլոր դարերում։

Այս ամենը ես ասում եմ, քանի որ ճիշտ չեմ համարում մեր հայ գրականությունից «հայ» բառի անտեսված դուրս շպրտումը: Գիտենք, որ մեր հայ բանաստեղծներն են բերել իրենց ապրած ժամանակի շունչը, նրանց ցավի և ատելության մեջ է երևում մի ուրույն հոսանք, որ կոչվում է ժամանակակից ապրումների բաղադրիչ։ Եվ «հայ» բառը հանելով, ես դառը խոսք եմ ասում «մունդիրներին» և մեր հնազանդ ժողովրդին։

elita balyan

Ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը

Ողջույն, հուսամ լավ ես ու տրամադրությունդ էլ բարձր է: Եթե` այո, ապա զինվիր համբերությամբ,  ես քեզ պատրաստվում եմ պատմել մի շատ երկար պատմություն։

-Էլի՜տ, արի տուն։

-Մամուլ, լավ էլի, մի քիչ էլ խաղամ։

-Հերիք ա, բալես, արի տուն: Վաղը էլի կխաղաս, արդեն ուշ ա։

-Լավ, մամ, հեսա գալիս եմ։

Այսօրվա պես հիշում եմ, երբ փոքր էի, ամեն անգամ մայրս բակից ինձ  տուն էր կանչում, իսկ ես տրտնջում էի ու անվերջ խաղալ էի ուզում։  Առավոտյան մորիցս վաղ էի արթնանում ու առանց մի բան ուտելու վազում էի դուրս, որ ցեխից կիսատ մնացած խմորեղենս  ավարտին հասցնեմ, հետո աղցան պատրաստեմ,  որի մեջ լցնում էի  աչքս շոյող ու ձեռքիս ամենահասանելի խոտերն ու հատապտուղները։  Մինչ ես աղցանս էի պատրաստում, մայրս  տանը արդեն համեղ ուտելիքներով լի սեղան էր բացում ու ինձ մի կերպ տանում էր լոգարան, որ ձեռքերս լվամ ու հաց ուտեմ։ Արագ ուտում էի ու վազում դուրս` իմ փոքրիկ խաղասրահն ու բոլորին անհասանելի աշխարհը։ Իմ ամեն օրը սկսվում ու ավարտվում էր այսպես, մինչև սկսեցի դպրոց գնալ։ Դասից գալիս էի ճաշում, արագ դասերս ավարտում ու վազում խաղալու։ Երբ մի քիչ մեծացա, էլ դրսում ցեխից խմորեղեն  ու գունավոր աղցան չէի պատրաստում։ Մեր տան փոքրիկ ուսուցչուհին էի դարձել,  ով անվերջ տիկնիկներին դաս էր տալիս ու երբեմն էլ բարկանում աղմկելու համար։

Տարիները անցան, ու  ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը դարձավ հասուն աղջիկ։ Ամիսներ առաջ լրացավ 18 տարեկանս, ու մայրս ինձ մեր` Կալավան գյուղից ուղարկեց քաղաք՝ քրոջս մոտ, որպեսզի ընդունվեմ համալսարան։ Ես ամբողջ օրը տանն էի լինում ու պարապելուց բացի ուրիշ զբաղմունք   չունեի, ուստի քրոջս խնդրեցի ինձ համար աշխատանք գտնել, ու նա չմերժեց ինձ։

Անցավ մի քանի օր, ու քույրս ինձ համար աշխատանք գտավ հենց այն նույն խանութում, ուր ինքն էր աշխատում։ Ինձ կանչեցին պրակտիկայի, որից հետո պարզ կդառնար` կմնա՞մ աշխատելու, թե ոչ։

Պրակտիկան տևեց երեք օր, ու ինձ ընդունեցին աշխատանքի։ Ասեմ, որ արդեն մի ամիս է, ինչ աշխատում եմ ու շատ ուրախ եմ։

18-ս լրանալուց հետո  շատ բան փոխվեց կյանքումս: Սկսեցի ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական ու պատասխանատու դարձա։ Ու նաև հասկացա, որ ժամանակը կանգ չի առնում: Այն սլանում է արագ ու անաղմուկ։ Դեռ երեկ ես մայրիկի փոքրիկ ու նվնվան աղջնակն  էի, իսկ այսօր արդեն հասուն մարդ, ով  էլի վերջ չի տվել իր նվնվոցներին։

Եթե առաջ մորս ձայնից էի արթնանում, հիմա զարթուցիչիս ձայնից եմ արթնանում։

Ժամը ուղիղ 7:30 է,  զարթուցիչս զնգաց:  Կներես, պիտի գնամ, որ աշխատանքից չուշանամ։