Ամեն ինչ մաքուր էջից

Եկա՜վ։

Եկավ ու բերեց երազանքներ, բերեց հանգստություն, բերեց մաքրություն, ու ստիպում է բոլորին ուրախ լինել։

Տները, փողոցները, ծառերը, շուրջ բոլորը ամբողջովին սպիտակ են, կարծես ձյունե հեքիաթ իջավ վերևից։ Ձյան մաքրությունը, սառնությունն ու թարմությունը ստիպում է քեզ երազել, անվերջ երազել, ստեղծել քո երևակայական ընկերոջը, ով քեզ հետ թեյ կխմի, քեզ հետ դրսում կխաղա, քեզ ամուր կգրկի ու չի թողնի, որ մրսես, քեզ հետ կքայլի երկար, վերջ չունեցող  ու սպիտակ  ձյան շերտով ծածկված փողոցներում։ Ստիպում է կարոտել մարդկանց, դեմքեր, ժպիտներ, իրադարձություններ…

Անվերջ ձյուն գար, փակեր ամեն ինչ, սխալները, կորուստները, պարտությունները, մեր ապրած ու չապրած վատ օրերը։ Ուզում եմ ձյան փայլող ու մաքուր շերտի վրա կառուցվեն ամենամաքուր հարաբերությունները, մեր նպատակները, հաղթանակները, երջանիկ օրերը։ Ձյունը թարմություն բերեց բոլորիս կյանքում։

Անհաղթահարելի ցանկություն

-Ան, Հասմիկի հետ գնալու ենք գրադարան էսօր, կարո՞ղ ա գաս։
-Հա, անպայման կգամ։

«Ջա՜ն, ինչ լավ ա, համ էլ ֆոտոներ կանեմ»,- մտածեցի ես ու իջա տուն` սպասելու Հասմիկի զանգին։
Կես ժամ հետո Հասմիկը զանգեց, և ես դուրս եկա տնից։ Ձյուն էր գալիս, ահավոր ցուրտ էր, բայց դա ինձ չէր խանգարում ֆոտոներ անելու համար։ Հասմիկն ու Օֆելը հեռվում կանգնած դողում էին, ու լսվեց Հասմիկի ձայնը.
-Ա՜ն, արագացրու, ցուրտ ա, հերիք ա նկարես։
-Հա, եկա, Հաս։
Մինչև ես նկարում էի, նկատեցի, որ ընկերուհիներս գնում են։
-Երեխե՜ք, սպասեք, գալիս եմ։
Վերջապես հասա աղջիկներին, էլի ֆոտոներ էի անում։ Հանկարծ նկատեցի, որ մենակ եմ, ոչ Հասմիկը կար, ոչ էլ Օֆելը, նույնիսկ չէին էլ երևում։
Ո՞ւր կորան`մտածեցի ու վազեցի առաջ։
Այնքան հաճելի էր մոտիկից «ծանոթանալ» գյուղիս հետ, այն էլ ձմռանը։ Գյուղում ամեն ինչ ինձ գեղեցիկ էր թվում, և ես չէի ուզում նույնիսկ մի պահը բաց թողնել։
Ահա հասանք գրադարան, վերցրեցինք մեր ուզած գրքերը և դուրս եկանք։ Գրպանիցս հանեցի հեռախոսս, միացրեցի տեսախցիկս և սկսեցի էլի նկարել։
-Ըհը, էլի հեռախոսը վերցրեց,- հոգոց հանեց Օֆելը և Հասմիկի հետ անցան առաջ։
Ահա մի նոր գեղեցիկ տեսարան՝ կովերի մի խումբ։ Բարձրացրեցի հեռախոսս, որ նկարեմ, մեկ էլ մի կով՝ գլուխն իջեցրած, աչքերը վրես հառած՝ մոտեցավ ինձ, նրան հետևեցին մյուս կովերը։
-Երեխե՜ք, կովերը՜,- վախից գոռացի ես ու փորձում էի դուրս գալ այդ լաբիրինթոսից։ Իսկ ընկերուհիներս հեռվում կանգնած ծիծաղում էին։
-Էդ նրանից ա, որ մեզ չես լսում: Ասեցինք էլ` արի մեզ հետ։
-Հա, վերջ էլ չեմ նկարի,- հաստատակամ ու վճռական ասացի ես։
-Ա՞ն։
-Հաս, էս մեկն էլ նկարեմ, ու վերջ: Սպասեք` գալիս եմ:

Լվացքների մայրաքաղաք

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

Չորրորդ եղանակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում մեր թղթակիցները նկարել են ձմեռային օրվա իրենց հանդիպած ամենավառ պահը։

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Կուտե՞ս

Արարատի մարզ, գյուղ Մրգավան

Ուշ աշունը Եղեգնաձորում

Եղեգնաձորում աշնանային գեղեցկությունը փոքր-ինչ ուշանում է, սակայն արտահայտվում է այնքան գեղեցիկ, որ անգամ բնիկ եղեգնաձորցին նկարներում չի ճանաչում իր քաղաքը։ Տեսնելով խայտաբղետ աշունը՝ անկախ քեզանից սկսում ես ժպտալ, որովհետև զգում ես, որ բնությունն անգամ մտածում է քո տրամադրության մասին։ Բայց մի գեղեցիկ աշնանային օր արթնացա ու տեսնելով դրսի համատարած սպիտակը, զարմացա ու նույն վա յրկյանին վազեցի ինձ համար տարօրինակ աշանային ձյունը նկարելու։ Ոմանք հիմա կասեն, թե ձյան տարօրինակը ո՞րն է, սովորական ձյուն է, էլի։ Տարօրինակն այն է, որ առաջին անգամ էի տեսնում հոկտեմբերյան ձյուն ու կասեմ, որ ինձ համար հոկտեմբերյան ձյունն ավելի հաճելի էր, քանի որ ճերմակ ձյան և աշնանային երանգների համադրությունը ավելի գրավիչ է:

Եղանակը

Մեզ դեռ ճամբարի ժամանակ էին ասել, որ նոյեմբերի 17-ին պետք է նկարենք մեզ շրջապատող կյանքը: Սկզբում ես արդեն մտքումս պատկերացնում էի, թե ինչ կնկարեմ: Ես պատկերացնում էի, որ կգնամ այն վայրը, որը մենք անվանում ենք «ակումբ», որտեղ ամեն օր հավաքվում են մեր` Ցամաքաբերդ գյուղի տարեց մարդիկ: Տարբեր խաղեր են խաղում՝ նարդի, բլոտ և այլն: Ես որոշեցի նրանց նկարել, հետո պատկերացնում էի, որ կգնամ խաղահրապարակ, որտեղ հավաքվում են երեխաները, ֆուտբոլ, պահմտոցի և տարբեր խաղեր են խաղում, նրանց էլ կնկարեմ:

Երբ նկարահանման օրվան մնացել էր մեկ օր, հիշեցի, որ իմ ֆոտոխցիկը լիցքավորված չէ: Ես արագ դրեցի լիցքավորման և քնեցի: Առավոտյան արթնացա ու տեսա, որ ձյուն է եկել: Հիշեցի, որ նախորդ օրը համացանցում կարդացել էի, որ ձյուն է գալու, բայց իմ բնավորության համաձայն, ուշադրություն չէի դարձրել: Այդ ժամանակ հօդս ցնդեցին նկարահանման հետ կապված իմ բոլոր պատկերացումները:

Ինչպես ամեն օր, մի կերպ արթնանալով, գնացի դպրոց՝ հետս վերցնելով լիցքավորված ֆոտոխցիկս։ Դասերի ժամանակ մտածում էի, թե ինչ կարելի է նկարել: Դասերն ավարտվեցին, և ես այդպես էլ չորոշեցի, թե ինչ եմ նկարելու: Բոլորս տուն էինք գնում: Դպրոցի ճանապարհը լի էր աշակերտներով: Ես մտածեցի, որ եթե այդ տեսարանը նկարեմ, գեղեցիկ կլինի: Արագ հանեցի ֆոտոխցիկս և նկարեցի։ Հետո որոշեցի գնալ ակումբ՝ մտածելով, որ գոնե մի երկու հոգի կլինեն այնտեղ, և ես նրանց կնկարեմ: Գնացի, մարդ չկար: Գնացի տուն: Ճանապարհին հանդիպեցի մեր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներին: Նրանցից մեկին հարցրեցի.

-Անունդ ի՞նչ է:

-Մարիամ:

-Մարիա՛մ, դու ձնագնդիկով խաղալ գիտե՞ս:

-Հա՛, գիտեմ,-ծիծաղելով ասաց նա:

-Ինձ ձնագնդիկով կխփե՞ս, քեզ նկարեմ:

-Չէ…

-Ինչո՞ւ:

-Չեմ ուզում:

Երկար համոզելուց հետո վերջապես խփեց ինձ, և դա եղավ իմ ամենաստացված նկարներից մեկը:

Ես գնացի տուն, մտածում էի` էլ ինչ նկարեմ: Դրսից ձայներ էին լսվում: Ես գնացի դուրս ու տեսա, որ մի քանի հոգի սահնակով սահում են: Շատ ուրախացա և արագ վազեցի այդ կողմ: Նրանք սարից իջնում էին, ես նրանց նկարում…

Եվ եկավ այն ժամը, որ ես պետք է գնայի պարապմունքի, ճանապարհին նկարեցի թռչուններին, հետո նկարեցի տրակտորով գործ անող մարդկանց և ավարտեցի նկարահանումներս:

Ճիշտ է, ձյան պատճառով ես քիչ նկարներ ունեցա, բայց ամեն մի նկարը մի պատմություն էր պատմում։ Պարապմունքս ավարտելուց հետո եկա տուն և նկարներս արագ ուղարկեցի «17.am-ին»: Պարզվեց՝ ես պիտի վիդեո նկարեի: Շատ տխրեցի, որովհետև շատ գեղեցիկ վիդեոներ կարող էի նկարել: Բայց ինձ 17-ից հուսադրեցին. « Ոչինչ, հաջորդ անգամ կնկարես»: Ավարտվեց իմ օրը, ու ես հասկացա, որ եղանակի տեսությանը անպայման պետք է հետևել, որպեսզի այսպիսի խնդրի առաջ չկանգնեմ։