Արհեստն է մարդուն ոսկե բլազուկ

Հարցազրույց ժողվարպետ Անահիտ Ճաթեյանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք տիկնիկագործությամբ:

-Երկար տարիներ աշխատել եմ մանկատանը, երեխաներին ուսուցանել արհեստի տարբեր ճյուղեր՝ թաղիքագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, հելյուն, կարպետ, ասեղնագործ ժանյակ: Արդեն հինգ տարի է՝ զբաղվում եմ նաև տիկնիկագործությամբ, բայց սերը դեպի տիկնիկագործությունն ունեցել եմ դեռ մանկության տարիներից:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Ինչպիսի՞ տիկնիկներ եք պատրաստում:

-Երբ սկսեցի զբաղվել տիկնիկագործությամբ, որոշեցի պատրաստել հատկապես հայկական տիկնիկներ, ու քանի որ մանկատանը արտասահմանցի հյուրեր շատ են լինում, որոշեցինք մեր պատրաստած հայկական տարազներով տիկնիկները նրանց նվիրել:
Սկզբում տիկնիկների հագուստները պատրաստում էինք հելյունով կամ շյուղերով գործած գործվածքներով, հետո արդեն նաև կարպետով՝ մեր հայկական զարդանախշերով զարդարելով: Տիկնիկները հաճախ պատրաստում ենք հեքիաթների, գերդաստանի թեմաներով՝ տատը թոռների հետ, գրկանոց նորածին երեխան՝ մոր գրկում:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Քանի՞ տարի եք աշխատում մանկատանը:

-Արդեն քսանհինգ տարի է՝ աշխատում եմ մանկատանը՝ շատ սիրելով իմ գործն ու երեխաների հետ շփումը:

-Նման ստեղծագործական աշխատանքների նշանակությունն արդյոք մե՞ծ է երեխաների կյանքում:

-Ձեռքի աշխատանքները երեխաների համար թերապիա են հանդիսանում, նյարդային համակարգը թուլացնում, լարվածությունը հանում են, քանի որ նրանք այդ պահին զբաղվում են հաշվարկով, չափելով, կտրելով, կարելով, ինչն էլ մարդուն հավասարակշռված, հանգիստ վիճակի է բերում: Ինչո՞ւ չէ, նաև ծանոթանում են հայկական ազգային զարդանախշերին ու հագուկապին, իրենց իսկ ձեռքով պատրաստում են ազգային տիկնիկներ:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Որտեղի՞ց եք սովորել տիկնիկագործություն:

-Տիկնիկագործության մասին հայկական շատ գրականություն կա հնագիտական թանգարանում: Վերցնելով, կարդալով, կարպետներն ուսումնասիրելով՝ գծապատկերներ եմ անում ու սկսում պատրաստել:
Տիկնիկագործության առումով ինքնուս եմ, իսկ ասեղնագործ ժանյակը սովորել եմ մորիցս ու հիմա սովորեցնում եմ երեխաներին:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Ինչ-որ արհեստի տիրապետող մարդը ինչպիսի՞ն պետք է լինի:

-Առաջնային է աշխատասիրությունը: Ես ինքս կարգախոս ունեմ, որով առաջնորդվում եմ ցանկացած գործ սկսելիս՝ «Աշխատել ցանկացողը ելք է փնտրում, աշխատել չցանկացողը՝ պատճառներ»:
Աշխատելիս միշտ ինքս ինձ կրկնում եմ ու երեխաներին էլ խրատում, որ արհեստը «ոսկե բլազուկ» է: Արհեստ իմացողը մինչև կեսօր է սոված մնում:

arevik poghosyan

Ինչ-որ բան սխալ է

Այսօր արթնացա մի տարօրինակ տագնապի զգացումով։ Ժամը ինն էր, բայց Լուսակերտը դեռ ընկղմված էր խավարի մեջ։ Արդեն ձանձրացնում էին ամառային արձակուրդները, պետք էր մի բան անել։ Շուտ հագնվեցի և դուրս եկա տանից։

Ամեն ինչ նույնն էր. նույնն էին մարդկանց դժգոհ հայացքները, որոնք տանել չեմ կարողանում, նույնն էին ապառիկների ու տոկոսների մեջ սուզված վաճառողների դեմքերը, որ խոստանում էին այլևս պարտքով ոչինչ չտալ, և, իհարկե, նույնն էր իմ Լուսակերտը՝ իր բազմաթիվ խնդիրներով։ Այստեղ ինձ համար ոչ մի արտասովոր բան էլ չկար։ Բայց սիրտս տագնապում էր։ Մտածում էի, թե երբ պետք է մեծանամ, հայտնի ու հարուստ դառնամ, որ կարողանամ այս խեղճ ու թշվառ ժողովրդին մի բանով օգնել։

Ինձ թվում էր, որ մի բան իր տեղում չէ, որ մի բան ներքուստ թաքնվել ու բոլորին ուզում է իրար խառնել։ Այս մտածմունքների մեջ ընկած չնկատեցի, թե ինչպես արևը սկսեց շողալ ու ժպիտը փայլեց դեմքիս։ Հասկացա, որ ինչ էլ լինի՝ լույսը միշտ հաղթելու է, կյանքը՝ շարունակվելու։ Բայց Սարոյանի խոսքը ասես իսկը ինձ համար լիներ. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ձեր լվացքը չորացել է

sona mkhitaryan

Կհարմարվեմ, հաստատ

Սեպտեմբերի 1-ին արդեն ուսանողի կարգավիճակով ժամը 8-ին գնալու եմ կանգառ, սպասելու եմ ուսանողական ավտոբուսին ու գնալու եմ համալսարան: Նոր դեմքեր, նոր շրջապատ, ամեն բան նոր է լինելու: Դասընկերներիցս մի քանիսի հետ նույն համալսարանում ենք սովորելու: Պատմեմ՝ ինչպես ընտրեցի հոգեբանությունը:

Ես, ի սկզբանե Մանեի հետ ժուռնալիստիկայի ֆակուլտետն էի ուզում ընդունվել, բայց դպրոցում դիմում-հայտս սխալ լրացվեց, իսկ ԳԹԿ-ն այլևս չփոխեց այն: Ասացին՝ կարող եմ լրացուցիչ փուլին մասնակցել, բայց էլ չցանկացա: Չմտածեք, թե հիասթափվեցի, կոտրվեցի ու հետ քաշվեցի պայքարելուց: Ոչ: Ուղղակի մտերիմներս միշտ ասում էին՝ լրագրողի աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէ, մանավանդ, որ ես գյուղում եմ ապրում: Մյուս կողմից էլ՝ ես աչքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ու ինձ համար շատ վնասակար կլիներ անընդհատ համակարգչի դիմաց նյութ հավաքելը: Ինչևէ, արդեն ուշ էր որևէ այլ միասնական քննության մասնակցելու համար, ես ունեի մեկ՝ հայոց լեզվի գնահատական, որով դիմեցի ՀՊՄՀ: Ինձ համար վատ մասնագիտություն չկա, կարծում եմ՝ ես ինձ կգտնեմ այս մասնագիտության մեջ, և ամեն բան լավ կլինի: Մեծ հույսեր ունեմ, ուզում եմ իմ առաջադիմությամբ անվճար անցնել կամ որոշակի զեղչի արժանանալ: Դե, բոլորի համար էլ վարձ տալը հեշտ չէ, և չնչին զեղչն էլ մեծ բան է ուսանողի և նրա ծնողի համար: Կարծում եմ` կկարողանամ աշխատանք գտնել այս մասնագիտությամբ: Հա, մեկ էլ ուզում եմ ավագի թեկնածություն դնել:

Երևանում այնպիսի բարեկամ չունեմ, որի տանը կարող եմ մնալ, այդ իսկ պատճառով ամեն օր պիտի գնամ-գամ:

Սկզբում խորթ կթվա այս ամենը, բայց ընթացքում կընտելանամ: 17.am-ի մրցանակաբաշխությանը նվեր ստացած նոթատետրը հատուկ պահել եմ ուսանողական կյանքում օգտագործելու համար:

Ամեն սեպտեմբերի 1-ին ես կիսաշրջազգեստ էի հագնում, բայց այս տարի երևի չեմ հագնի: Կսկսեմ այլ կերպ, կսկսեմ նորից ու նոր էջից: Անհամբերությամբ սպասում եմ իմ ուսանողական առաջին սեպտեմբերի 1-ին:

Նավարկելով ցամաքում. «Կիլիկիա» առագաստանավ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Կարեն Բալայանի նախաձեռնությամբ 1985 թվականին հիմնադրվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, որի ղեկավարը և ակումբի «Կիլիկիա» առագաստանավի նավապետը մինչ օրս հենց ինքն է։ «Կիլիկիան» ծովագնացության պատմության մեջ առաջին նավն է, որ նավարկել է Եվրոպայի շուրջը: Նավն իր ծովային ուղին անցել է 3 տարում՝ լինելով Եվրոպայի ամենահայտնի նավահանգիստներում, ձմեռելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, հատելով Բերմուդյան եռանկյունին և, ի վերջո, հանգրվանելով Սևանի ափին՝ առանց ծածկի և քայքայվելու վտանգի տակ։ Վերջին շրջանում նավապետի և ողջ անձնակազմի համար թերևս ամենամտահոգիչ խնդիրը նավի և ծովային այլ արժեքավոր իրերի համար թանգարան կառուցելն է։ Դա քիչ հետո։ Մի փոքր էլ նավի ու նավապետի մասին։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Ծովային ուղի անցած հայերի գտնելն այնքան էլ հեշտ չէ, ուստի նավապետը «ստիպված» էր պատմել այն ամենի մասին, ինչ կապ ունի կամ կապ է ունեցել հայերի՝ ծովում լինելու հետ։
Պարզվում է՝ Կիլիկյան Հայաստանի հայերը զբաղվել են նաև ծովահենությամբ, ինչի մասին գրված է Ջիովանիոլիի «Սպարտակ» գրքում: Փախուստի դիմելու համար Սպարտակը օգնության է կանչել Կիլիկիայի հայազգի ծովահենների առաջնորդ Տիգրան Ղևանդին, նույնիսկ նախապես որոշակի գումար տվել։ Հայերը, սակայն , ինչ-ինչ պատճառներով չեն գնացել նախատեսված վայրը։ Գուցե հասարակ ծովահենական հնարք է եղել, կամ, հնարավոր է՝ որևէ լուրջ պատճառ, այդ մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն, փաստն այն է, որ հայերը «խաբել են» հռոմեացի գլադիատորներին։
-«Կիլիկիա»-ն իր ուղին անցել է նաև Սպարտակի նշած վայրով,-պատմում է նավապետը,- տեղ հասնելով ասացինք. «Մենք Սպարտակին խոսք էինք տվել գալ, ուղղակի ուշացանք… մի 2000 տարի»:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Հայ նավաստիները մեծ դեր են խաղացել նաև Օսմանյան կայսրության ռազմածովային պատմության մեջ: Թուրքական նավերի անձնակազմը բաղկացած է եղել միայն հայ և հույն նավաստիներից, իսկ թուրքերին սեփական նավերի վրա փաստորեն տեղ չի եղել:

Կիլիկյան Հայաստանի նավատորմը ևս բավական հզոր կառույց է եղել, զարգացած է եղել նաև ծովային առևտուրը: Հենց այդ առևտրական նավերի տեսքով էլ կառուցվել է «Կիլիկիա» առագաստանավը: Կարեն Բալայանը պատմում է, որ կառուցելով նավը ու այն, որքան հնարավոր է մոտեցնելով հին հայկական նավերի ձևին՝ ստացվել է հայկական տրեխի նման նավ: Այս նշանն արդեն բավական էր՝ համոզվելու, որ իրենք ճիշտ ուղու վրա են:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

«Կիլիկիայի» նավարկության ողջ ընթացքը լի է եղել զավեշտալի պատմություններով ու փորձություններով: Հիշելով նավի՝ Երևանում եղած ժամանակը, նավապետը պատմում է, որ երբ առագաստանավը տեղափոխել են քաղաքի փողոցներով՝ մարդկանց զարմանքին չափ չի եղել, մեկն էլ պարզապես չի կարողացել զսպել զարմանքն ու բացականչել.

-Էս գնում եք ձուկ բռնելու…

Նավն այս ընթացքում շատ բան է պատմել Եվրոպային Հայաստանի մասին, ծանոթացրել նրանց ծով չունեցող, բայց երբեմնի ծովային տերությանը, իսկ արդեն երկու տարի է, ինչ չի լողում նույնիսկ Սևանում: «Կիլիկիան» վերանորոգման և ապահով ծածկի կարիք ունի, իսկ անձնակազմն ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել ծովային թանգարան կառուցելու հարցերը: Գրեթե 10 տարի նրանք փորձում են պետության օժանդակությունը ստանալ՝ թանգարանի տարածքը ձեռք բերելու համար, սակայն, մինչ օրս՝ ապարդյուն:

Նավապետը ցանկանում է թանգարան կառուցելուց անմիջապես հետո հայ երիտասարդներին նավաշինության՝ հայկական նավաշինության գաղտնիքներին ծանոթացնել, միասին նոր նավ կառուցել ու Սևան բերել: Ասում է՝ Հայաստանում այս արհեստը կանգ է առել, չնայած երբեմնի ավանդույթներին: Դե, բնական է, երբ երկիրը ծով չունի, բայց…

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Վենետիկում մինչ օրս նավերը կառուցվում են այնպես, ինչպես մի քանի դար առաջ.

-Նոր, ժամանակակից նավերի նախագծեր շատ կան, բայց նրանք պահպանում են իրենց ավանդույթները, մեզ մոտ նման բան չկա:

Հայտնի նավի հայտնի ճերմակ առագաստներն այսօր փակված են, նավի՝ նորից ծովում հայտնվելու հույսերը՝ քիչ, փոխարենը հնարավոր է տարիների աշխատանքը (նավը կառուցվել է սկսած 1991 թվականից) ու կերտած պատմությունը պահպանել ըստ արժանվույն:

«Կիլիկիան» մեծ շանսեր ունի Երևանում էլ ավելի ակտիվացնելու զբոսաշրջությունը, երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու կենտրոն դառնալ, սակայն թե ինչ կլինի հետո՝ նավապետն ասել չի կարող, միայն լավատեսորեն է ապագային նայում:

Seroj araqelyan

Քիչ մնաց

Քայլում եմ գյուղով, չէ, գյուղի կենտրոնով. ճանապարհ, շատ մեքենաներ, աղմուկ, դե Երևան-Վրաստան ավտոճանապարհը անցնում է մեր գյուղով, աղմուկը պարտադիր է, գյուղ է, բայց քաղաքի շարժին հավասար: Լավ, շատ չձգձգեմ՝ ինչու է քիչ մնացել կամ ինչից: Զբաղվելու բան չկա: Իրականում, եթե խոստովանեմ, զբաղվելու շատ բան կա, գյուղի կյանք է՝ հոգս, աշխատանք, խոտհունձ, կարտոֆիլ հանել, խաղողի քաղ, բերքահավաք, անտառային հատապտուղներ պահածոյի համար: Ասացի՝ շատ չձգձգեմ, բայց էլի ձգձգում եմ, ասածս ինչ ա՝ քիչ մնաց, և ես շուտով կկարոտեմ այս ամենը: Սեպտեմբերից Երևան եմ գնալու՝ դասեր, նոր շրջապատ, նոր միջավայր և սովորականից տարբերվող առօրյա: Երբ գյուղում եմ, ասում եմ՝ անելու բան չկա, իսկ երբ լինեմ Երևանում, ասելու եմ՝ անելու բան շատ կա, ուղղակի չեմ հասցնում, կամ անծանոթ լինելու պատճառով մի քիչ քաշվում եմ:

Պատմում էի մեր գյուղի ճանապարհների աղմուկից, որն արդեն սովորական է դարձել, բայց հիմա այդ ճանապարհները շատ են լինելու, աղմուկը՝ էլ ավելի: Աղմուկին սովորել եմ, կհամակերպվեմ: Ինձ մոտ էսպես է. երբ գյուղից անգամ մեկ օրով եմ հեռանում, մտածում եմ՝ վերջ, ամեն ինչ փոխվեց գյուղում, ինչի՞ գնացի: Բայց իրականում գիտեմ, որ ոչինչ էլ չի փոխվել. ինձ չէին սպասում, որ հենց գնամ, նոր զարգացնեն գյուղը: Վեց օրից չորս ամիս գյուղում չեմ լինի, հա, հնարավոր ա ամիսը մեկ՝ շաբաթ, կիրակի օրերին այցելեմ, բայց դա քիչ է: Կարող եմ անգամ ամեն ամիս գալ, բայց այդ 4 ամսվա հետևում կա 2 տարի, որ հենց ինձ է նայում՝ ես երեսս շրջում եմ: Հիմա կմտածեք՝ վախենում եմ ծառայությունից, բայց հավատացեք, ինձ համար մեկ է: Ես սահմանից եմ բանակ գնալու, ու դա նույնն է, որ մի սահմանամերձ գյուղից գնաս մեկ այլ սահմանամերձ գյուղ. ամենահասարակ բաներից է: Չէ, ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում այդ երկու տարին ապրել օտար մի վայրում, անծանոթներից էլ չեմ վախենում, կծանոթանամ և ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի գալու է մի ժամանակ, որ երազելու եմ այս պահի մասին, որ բազկաթոռին նստած նյութ եմ գրում, կամ երբ առավոտը դիմավորում եմ մատիտից սևացած ձեռքերով, ինչու չէ՝ նաև այդ գյուղի մեջ անհավես քայլելու պահն եմ կարոտելու, երբ ամենուր նույն մթնոլորտն էր կանգնած, ամեն օր կրկնվող նույն խոսակցություններն եմ կարոտելու: Բանակում կթեթևանամ օրվա աշխատանքներից, բայց չգիտեմ էլ՝ ուրախ եմ, թե տխուր: Լավ գիտեմ, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կարոտելու եմ այն պահը, երբ գործի էին դնում ինձ, իսկ ես ալարում էի, կամ փնթփնթալով անում:

Մի քանի օր մնաց: Մի քանի օր էլ քայլեմ ու կիսատ թողած գործերս վերջացնեմ, որ գնամ, չասեմ՝ սա մնաց, նա մնաց: Նախորդ նյութում ասացի՝ կպատմեմ, թե ոնց սիրահարվեցի, միայն մի պայմանով՝ եթե ամեն ինչ լավ վերջանա, իսկ այս նյութս կշարունակեմ այն ժամանակ, երբ հասնեմ քաղաք և ապրեմ չորս ամիսը Երևանում:

ruzanna stepanyan

Մի օր կհանդիպենք

Ես երևի միակը չեմ այն պատանիներից, որոնք բազում մասնագիտություններ են ընտրել ապագայի համար՝ ուսուցչից մինչև վարսահարդար, բժշկից մինչև խոհարար։

Այս տարի ես ավարտել եմ 9-րդ դասարանը։ Ուսումս շարունակելու եմ Կապանի համար 2 ավագ դպրոցի հումանիտար հոսքում։  Մենք՝ ապագա հումանիտարներս, արդեն ծանոթ ենք միմյանց հետ։ Երբ սկսեցինք ծանոթանալ, խոսեցինք այն մասին, թե ով ինչ է ցանկանում դառնալ՝ իրավաբան, ուսուցիչ, լեզվաբան: Երբ հերթը հասավ ինձ, և ես ինձնից գոհ ասացի, որ ցանկանում եմ դառնալ լրագրող, աղջիկներից մեկն ասաց.
-Չե՞ս վախենում, որ գլուխդ «ուտեն»։
-Հը՞։ Չէ։ Ինչի՞ց վախենամ։
-Դե, եսիմ, Ռուզիկ։ Լրագրողների կյանքը բարդ ա, անընդհատ քաշքշուկների մեջ են լինում։ Համ էլ չե՞ս տեսել, թե Շամշյանը քանի անգամ ա հիվանդանոց ընկել։
-Չէ։ Չեմ վախենում։
Աղջիկները որոշեցին ինձ տալ «դուխով» մականունը։
Ես ապագա լրագրող եմ։ Հաստատ եմ որոշել։ Ես չեմ վախենում ոչնչից։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև ես լիովին պատրաստ եմ ամեն օրս անցկացնել մի նոր արկած ստեղծելով։ Եվ վերջապես, լրագրող դառնալով՝ ես չեմ սպասի շաբաթվա վերջին, իսկ ցանկացած այլ մասնագետ դառնալու դեպքում այդպես կլինի:
Մի օր կհանդիպենք ես ու դու. ես՝ հեռուստացույցի էկրանին, դու՝ մյուս կողմում: Խոստանում եմ:

valentinaChilingaryan

Սեպտեմբերին ընդառաջ

Երբ դրսում ջերմաստիճանը 45 աստիճանից ավելի է, շատերը մոռանում են ձմռան մառախուղի ու ցրտի մասին, որի համեմատ, ըստ իս, այս ամառ դրախտային եղանակ էր: Շատ սոցիալական ցանցերի օգտատերեր ձմռանը գրում էին. «Ով ամռանը ասի շոգ ա՝ բլոք եմ անելու»՝ երազելով ամռան ջերմության մասին: Բայց ամառն էլ եկավ, մարդիկ էլի բողոքեցին, որ անդիմանալի շոգ է, ու էլի գրեցին. «Ով ձմռանը ասի ցուրտ ա՝ բլոք եմ անելու»: Բողոքող մարդը միշտ ամեն ինչից էլ կբողոքի, կապ չունի՝ ամառ է, թե ձմեռ: Դրա համար կարելի է թեթև նայել ամեն ինչին, եղանակն այնպես օգտագործել, որ մոռանաս ամառվա տապի կամ ձմեռվա ցրտի մասին:

Ամառվա սկզբին ոչինչ չէի պլանավորել, մտածում էի ամեն տարվա պես միայն տանը փակվելով գիրք կկարդամ, ու սովորությանս համաձայն, կազմել էի այն գեղարվեստական գրքերի ցուցակը, որոնք պետք է ընթերցեի: Բայց Աստված մեծ է, ի՞նչ իմանաս՝ վաղն ի՞նչ կլինի: Սկսեցի գրանցվել տարբեր ամառային ծրագրերի ու անցա գործի: Երևի թե ողջ ամառվա ընթացքում ամառային զանազան ծրագրերին համատեղ ոչ մի կոնֆերանս բաց չեմ թողել: Անգամ դրանց զուգահեռ սկսեցի վերից վար ուսումնասիրել աստղագիտությունը: Դե, մենք դպրոցում նման առարկա չենք անցնում, ինչի համար շատ եմ ափսոսում: Բայց, ինչպես ասում են՝ ափսոսում են միայն չկարդացած գրքերի համար: Ուստի ուսումնասիրեցի աստղագիտության հետ կապված շատ գրքեր: «Լույս» հիմնադրամի շնորհիվ էլ մասնակցեցի Փրինսթոնի համալսարանի ուսանող Հայկ Հակոբյանի կազմակերպած գիտության փառատոնին: Շատ ուրախ եմ, որ մասնագիտություն ընտրելու տարբերակներիս ավելացել է նաև աստղագետ դառնալու երազանքը:

Մասնակցելով անգլերեն լեզվով անցկացվող հանդիպումների՝ երեք ամսում գրեթե բարելավել եմ բանավոր խոսքս: Հեռուստատեսությունում էլ գործնական դասերս այնքան խոստումնալից անցան, որ կարելի է ցուցակից չհեռացնել նաև «հեռուստատեսային դեմք» դառնալու երազանքը:

Եվ վերջում՝ մի քանի գրական ակումբների անդամագրվելու հարցազրույցներ եմ տվել, որպեսզի աշունս էլ նույնքան հաճելի անցնի, որքան ամառս: Հույս ունեմ, որ կանցնեմ:

Դե՜, աշունը մոտենում է, դպրոցները կբացվեն, ու բոլորիս համար կսկսվի նոր շրջան: Կարոտել եմ դպրոցն ու դասերը, ուսուցիչներիս ու ընկերներիս, տիկին Աիդային և նրա պատրաստած բուտերբրոտները: Չէ, ես «բկլիկ» չեմ, ուղղակի նորմալ է, որ մարդիկ 3-րդ դասաժամից հետո քաղց են զգում:

Թող լինի հաջող ուսումնական տարի բոլոր կրթական հաստատություններում, որ երբեք սոցիալական ցանցերում չտեսնենք. «Ով չսովորեց՝ բլոք եմ անելու» արտահայտությունը: Հագեցած արձակուրդներից հետո կարելի է նվիրվել խոստումնալից սեպտեմբերին, չէ՞ որ ինչպես ասել է հայտնի պապիկը՝ սովորել, սովորել, սովորել…

elizabet harutyunyan

Դե, օգնե՛ք

Խոսում են 6-8 տարեկան երեխաները.

-Դե, օգնե՛ք, երեկ միասնական ընթրիքի ժամանակ նայում էին ինձ և Սեդային՝ ասելով, որ երբ մեծանանք, պետք է իրար հետ ամուսնանանք, իսկ ես սիրում եմ մեր դասարանի Աննային։ Ի՞նչ անեմ, որ հիասթափվեն ինձանից և իրենց աղջկա համար ուրիշ փեսացու գտնեն։
Երթուղայինում հաճախ են պատահում դեպքեր, երբ ես, լսելով հետաքրքրաշարժ խոսակցություն, հանում եմ ականջակալներս:
-Ալե՛ն, լսի՛, ես գիտեմ, որ լինում են այնպիսի տիկիններ, որոնք տեսնում են՝ իրենց աղջկան սիրող տղան հարուստ է, թե աղքատ, և աղքատ լինելու դեպքում ասում են, իբր տղան լավ կրթված կամ լավ դաստիարակված չէ, այդ իսկ պատճառով համապատասխան չէ իրենց աղջկան։
Ակամա հիշեցի՝ ինչպես էր նույնը կատարվում ինձ հետ։
Ծնողներիս հետ հյուր էինք գնացել հայրիկիս ընկերոջը, որտեղ ինձանից 2 տարով մեծ տղա էր ապրում և մի տարով փոքր աղջիկ։ Անգամ չեմ հիշում՝ ես քանի տարեկան էի, կարծեմ՝ դպրոց էլ չէի գնում։ Սեղանի շուրջը նստած՝ մեծերը խոսում էին, որ համապատասխան զույգ ենք։ Ծիծաղելի է, չէ՞: Այդ ժամանակ ինձ համար շատ անհասկանալի էր, թե ինչու էդպես որոշեցին։ Հիմա հասկանում եմ, որ այդ պահին նրանց դեմքի ծիծաղը իրենց մտահղացման հոյակապության պատճառով չէր, այլ ուղղակի ասում, խոսում, ծիծաղում էին։
-Հասկացա՜, ուրեմն պետք է էնպես անեմ, որ մտածեն՝ անապահո՞վ ենք ապրում։
-Հա՛, ճիշտ հասկացար։
Ինձ հետաքրքրեց այդ երեխայի մտածելակերպը, որտեղի՞ց էր լսել այդպիսի բան։
-Տղա ջան,- դիմեցի ես,- որտե՞ղ ես լսել այդպիսի բան։
-Տանը, հեռուստացույցով էին ցույց տալիս, ողջ ընտանիքով նստած նայում էինք, ինչքան հիշում եմ՝ սերիալ էր։
Մեկ րոպե լռություն տիրեց։ Որոշեցի ասել, որ էլ չնայի էդ սերիալը ընտանիքի մյուս անդամների հետ, սակայն երբ գլուխս բարձրացրի, նրանց տեղն ազատ էր:

amalya harutyunyan

Հոգեբան-լրագրող Ամալյա Հարությունյան

Եթե աշակերտ ես կամ ուսանող, հավանաբար քեզ էլ են հազարերորդ անգամ տվել օգոստոսյան ամենատարածված հարցը.

-Պատրաստվո՞ւմ ես սեպտեմբերին:

Գուցե դու հիշել ես ամենադաժան օրերը ու պատասխանդ «ոչ» է եղել: Կամ էլ երջանկացել ես, որ սկսվելու են հետաքրքիր օրերը ու դրական պատասխան տվել:
Իսկ ես ամեն անգամ պատասխան հարց կտամ.
-Հոգեպե՞ս, թե՞ ֆիզիկապես:
Կասես.
-Երկուսն էլ հարցնում եմ:
Ես էլ կպատասխանեմ.
-Ֆիզիկապես` այո, հոգեպես՝ ոչ:
Հա, որ գաս մեր տուն, կտեսնես՝ դարակիս ամենակարևոր անկյունում սեպտեմբերմեկյան հագուստս եմ դրել, պահարանում՝ կոշիկներս:
Պայուսակս իր իրերով պատրաստ դրել եմ, բայց ինձ համոզել, որ դպրոց չեմ գնալու, դեռ չեմ հասցրել:

Դեռ ոչինչ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, որ ոչ թե 5 րոպե քայլելով հասնելու եմ դպրոց, այլ 30 րոպե երթուղայինով երթևեկելուց հետո՝ համալսարան, որ ոչ թե ունենալու եմ դասասենյակ, այլ լսարան, ոչ թե դասարան, այլ կուրս, դասերը լինելու են ոչ թե 45 րոպե, այլ 90:
Մասնագիտությունս էլ ընտրել եմ, բայց թե ոնց եմ սովորելու, նույնիսկ դա չեմ պատկերացնում:
7-րդ դասարանում էի, երբ հարցրին՝ ինչ եմ դառնալու: Երկար մտածելուց հետո ասացի.
-Հոգեբան կամ լրագրող:
Հետո 5 տարվա ընթացքում է՛լ բժիշկ դարձա, է՛լ դիվանագետ, պատմաբան ու արևելագետ, մանկավարժ ու բանասեր: Բայց երբ 12-րդ դասարանում նորից հարցրին՝ ինչ եմ դառնալու, իմ պատասխանը նույնն էր՝ հոգեբան կամ լրագրող:
Որպես մասնագիտություն հոգեբանությունն ընտրեցի: Որոշել եմ՝ պիտի շատ-շատ լավ հոգեբան լինեմ: Բայց եթե հարցնես՝ ոնց եմ պատկերացնում այդ ճանապարհը, չեմ կարողանա պատասխանել: Անկեղծ ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում:
Ու կյանքիս ամեն մի քայլից առաջ էսպես է: Երևակայությունս լարում եմ ու ինքս ինձ հազարավոր պատկերներ կառուցում, բայց իրականությունը երբեք չեմ պատկերացնում:
Եթե ճիշտն ասեմ՝ վախենում եմ, վախենում եմ նոր միջավայրից, մարդկանցից, նոր ծանոթություններից ու նոր հանդիպումներից: Վախենում եմ նոր շրջապատում սխալվելուց, նույնիսկ խոսելուց եմ վախենում:
Ավագ դպրոցի առաջին օրերն էլ էին էսպես: Եթե միայն իմանաք, թե քանի նկատողություն ու անբավարար գնահատական եմ ստացել այն պատճառով, որ ամաչել եմ խոսել նոր դասարանիս մոտ: Վախենում եմ, որ նույնը կլինի:
Մարդիկ ֆոբիա ունեն մթությունից, բարձրությունից, փակ տարածքից, իմն էլ փոփոխություններից է, այն ամենից, ինչ նոր է կյանքումս, դրան էլ նեոֆոբիա են կոչում:
Բայց ես մի բան էլ գիտեմ. ես ամենահետաքրքիր ու ամենաբազմաբովանդակ տարիներս պիտի անցկացնեմ համալսարանում, որոշել եմ, որ ուսանողական կյանքս պիտի անսահման լավ անցնի: Եթե իմ առաջ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ երբեք չի կանգնեցնի, նույնիսկ նեոֆոբիան:
Ու հիմա դու կարող ես ինձ նորից հարցնել, թե ինչ եմ դառնալու:
Կասեմ.
-Հոգեբան-լրագրող (գծիկը՝ չմոռանաս):
Ամենամեծ ձգտումս էլ ուսանողական կյանքում և հետագայում 2 մասնագիտությունները համատեղելն է: Կապ չունի, թե ինչ կսովորեմ համալսարանում, ես երբեք չեմ դադարի ինձ լրագրող համարել:
Ես նպատակ ունեմ, ուրեմն ամեն ինչ կարող եմ: