valentina

Խճճուկ

Հա՜, բայց այնուամենայնիվ, պիտի փորձեիր, պիտի գնայիր, պիտի քայլ անեիր: Պատճառ ես փնտրում: Դու քեզ ես խաբում, ախր, ինձ չես խաբում: Մարդ ինչքան աննորմալ լինի, որ սովորի, պարապի, բայց առավոտյան արթնանա, հանկարծ որոշի, որ չի ուզում գնալ, մերժման նամակ ուղարկի ու օրվա պլանները 180 աստիճանով փոխի:

Դու մի՛ ափսոսիր քո սխալ արարքների համար: Դու դրանք արել ես անցյալում, ուրեմն թող անցյալում, ինչի՞ ես ծանր բեռի պես քարշ տալիս: Ա՜, թեթև ապրի, էլի, էդ էլ մոդուլով անհավասարում չի, որ չես կարողանում լուծել: Ինչ արել ես՝ լավ ես արել: Ժամանակը քո ձեռքն ա, ոնց ուզում ես` «լցրու», ուզում ես` վերջում դեղին սրտիկներ նկարի սովորությանդ համաձայն, միայն մի՛ կանգնիր ու ափսոսիր: Չկատարած արարքների համար են ափսոսում:

-Վա՜յ, մի հատ երկուսդ էլ սուս մնացեք, գնում եմ դաս անեմ, եղա՞վ: Չգա՛ք,- բղավեցի ես ձախ ու աջ ուսերիս նստած ծովախոզուկների վրա, որոնք միշտ հայտնվում են այն ժամանակ, երբ որոշում պիտի կայացնեմ: Ի տարբերություն շատ մարդկանց, իմ ուսերին նստող երկու մարդուկներն էլ բարի են: Երևի մեր միջի չար մարդուկը ես եմ, որը միշտ լի է «դատարկ» ու «հիմար» կասկածներով, ծայրահեղ փոփոխական որոշումներով և տեղը չնստող սնդիկ բնավորությամբ: Եթե շատ մարդիկ ուզում են վերացնել իրենց բնավորության վատ գծերը, ապա ես անգամ չեմ սկսի քայլեր անել դրանք վերացնելու համար: Որովհետև ես ես եմ: Ես այսպիսին եմ, որովհետև ես Վալենտինան եմ, ես չեմ կարող լինել Գեղանուշը կամ, վատագույն դեպքում, Բարսեղը: Կամ մաթեմատիկական երրորդ աքսիոմով հակադարձած՝ ես Վալենտինան չէի լինի, եթե այսպիսին չլինեի: Հետո էլ մարդը չփոխվող տեսակ է: Սուտ է, մեծ վարդագույն տուփի մեջ դրած գեղեցիկ սուտ, ասեմ ավելին՝ վրան էլ կարմիր «բանտիկ», որ մարդ փոխում է իր բնավորությունը: Բնավորության գծերը անկանխատեսելի են, էն իմ սիրած ռեցեսիվ գեների նման, որ միամիտ չեն ճնշվում, թաքնվում են ԴՆԹ-իդ գաղտնի տնակների տանիքների տակ, ու մեկ էլ մի օր այնպես են դրսևորվում, որ ամաչում էլ ես զարմանալ: Էդ ժամանակ առաջացած զարմանքը համազոր է, երբ օրինակ, պատահաբար իմանում ես, որ Վարազդատ անունով մի տղա քեզ անվանում է խճճված անունով աղջիկ: Աա՜, Վարազդա՛տ, եթե դու հիմա նստած կարդում ես սա, կամ վատագույն դեպքում կանգնած ես, ապա հավատա, նստի՛ր: Հաջորդ նյութս կլինի «Ինչպես անհետացավ Վարազդատը», «Փնտրենք Վարազդատին միասին», «Արի տուն, Վարազդատ», «Ո՞ւր է Վարազդատը» վերնագրերից մեկով կամ, լավագույն դեպքում, եթե տրամադրությունս բարձր լինի՝ «Երեք պատճառ Վարազդատից լրագրողին չխճճելու համար» վերնագրով: Չէ՜, լավ, մի՛ տխրիր, էդքան չեմ խճճի քեզ: Միայն նշտարիկ ու վերջ:

Թեմայից չշեղվելով կամ էլ շեղվելով, որովհետև էս խճճուկը կոնկրետ թեմա չունի, պետք է նշեմ, որ խճճուկը իմ հեղինակային նորաբանությունն է: Եթե լեզվի տեսչությունից ընթերցողներ լինեն, թող մտածեն այս բառը գործածության մեջ դնելու մասին: Հիմա մոդա է, չէ՞, հեղինակային նորաբանություն ստեղծելը: Ինչ վեհ ենք, չէ՞ դառնում: Բա մոդան, էդ շատ կարևոր է, ախր, ո՞նց չնմանվենք ուրիշներին, ամոթ ա, չէ՞, հանկարծ տարբեր միտք արտահայտենք: Վա՜յ, էդ հանցագործություն է: Պիտի սահմանափակ մտածելակերպով ապրենք, ինչ տվել են, դրանով բավարարվենք, ոչնչի մասին չբարձրաձայնենք՝ աննկատ, ինչպես ցորենի մեջ թաքնվող արտույտը, կամ մահճակալի տակ ընկած գուլպայի զույգը, ինչու չէ, բուտերբրոտների մեջ սեղմված հոթ-դոգը: Վա՜յ, բա որ մազերդ դեղին ես ներկում, ա՜յ էդ «ամոթագույն» արարքն է, որ կարող ես անել: Էդ ժամանակ գետինը պիտի մտնես կամ օճառն ու պարանը ձեռքդ մտնես լոգարան: Չնայած դրա հակառակ պատկերն էլ է գործում: Եթե ուզում ես տարբերվել, պիտի անպայման մազերդ կապույտ լինեն, հա՜, չմոռանանք դաջվածքների մասին: Օրինակ, եթե քիչ ես ուզում տարբերվել, կարող ես միայն հավերժության նշանը դաջել դաստակիդ, եթե քչից մի քիչ շատ, կարող ես թիթեռնիկ դաջել ուսիդ, իսկ եթե, ուշադրություն (էս մասը կարդալ սև ակնոցով ու պարտադիր լուրջ դեմքով), ուզում ես աննախադեպորեն ու բացառիկորեն շատ տարբերվել, կարող ես ողջ ձեռքիդ վրա բազմազան, երբեմն գունագեղ դաջվածքներ անել: Չէ՜, մի՛ սահմանափակվիր միայն դաջվածքներով ու մազերի գույնով: Շատ պարտադիր է, որ վեհ միտք արտահայտես, որ դու աթեիստ ես, որովհետև ոչնչի չես հավատում: Մինչդեռ աթեիզմի մասին ոչ մի նյութ չես կարդացել ու չգիտես, որ աթեիզմը ոչ թե հավատ չունենալն է, այլ կոնկրետ Աստծո գոյությունը չընդունելը: Էնպես չի` ես շատ բան գիտեմ Աստծո մասին, կամ էն հավատացյալներից եմ, որ ամեն կիրակի եկեղեցի են գնում, ուղղակի կարծում եմ, որ եթե մի բանի չես հավատում, ուրեմն էդ կա, չէ՞, որ չես հավատում: Էս միտքը հայտնի փիլիսոփաներից մեկինն էր, չմտածես` իմն է, ես վեհ չեմ, էլի:

Եթե ավելի լուրջ նայենք էս խճճուկին, ծիծաղելի կթվա, որովհետև տարբերվելը, ըստ իս, մտածողության ձև է: Ես չեմ ասում, որ դեմ եմ գունավոր մազերին կամ դաջվածքներին, աթեիստներին կամ հավատացյալներին: Ընդհակառակը, կողմ եմ դրանց գործածությանը, ասեմ ավելին` ես էլ եմ աթեիզմ ու դեիզմ ուսումնասիրում, որովհետև կասկածներով եմ մոտենում մեր կրոնին ու փնտրում եմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, որ հարցականներ չլինեն: Էնպես չի` մեծ բան եմ անում, էլի վեհության դրսևորում չի: Բայց էդ արտաքին «եսիմինչիկներով» չի, որ մարդը պիտի տարբերվի:

Մտածող մարդիկ քչացել են, հիմա եմ հասկանում, թե ինչ էր ասում ընկեր Գրիգորյանը: Ասում է ՝ բոլորը ռոբոտ են դարձել, ոչ մեկի մտքով չի անցնում մտածի, թե ինչ է անում, կարևորը անի, որ երևա` իբր անում է: Ասում է` կապիկությունների հետևից են ընկնում: Էդպես է, չէ՞, բոլորը ցանկանում են կարծիք արտահայտել, բայց ոչ մեկը չի ուզում մտածել: Ես էլ երբեմն չեմ մտածում, և սխալ արարքներիս պատճառով ծովախոզուկներիս հանում եմ քննարկման ուսերիս վրա:

Ու վերջում, չնայած էս խճճուկը վերջ չունի, միշտ կարելի է բացել, ուզում եմ ընկերոջս միացրած սիրելի տրակտորից, որ անջատեմ` գլուխս հանգստանա:

gohar hakobyan (ararat)

Անձրևային առավոտ

Բացում եմ աչքերս: Զարթուցիչն անվերջ սուլում է: Նորից պինդ փակում եմ աչքերս, փորձում պատկերացնել երազիս շարունակությունը:

Ահ, արթուն եմ: Սովորականի նման վեր եմ կենում, ևս մեկ օր սկսվեց: Արթնանալուց հետո օրս ինձ չի հերիքում: Անկեղծ ասած, ես շատ եմ հոգնում` նույն դասերը, պարապմունքները, անկապ ժպիտով մարդիկ: Ես հոգնում եմ ոչինչ չանելուց:
Բայց ես սիրում եմ ամեն նոր օրը: Երևի այն բանի համար, որ կյանքը նոր գույներ վերցնի էդ նոր օրից, բնությունը ուրախանա, ու մարդիկ մի քիչ երջանիկ լինեն: Ուղղակի պետք է սիրել ամեն բացվող նոր օրը: Այն մեզ ապրելու նոր շունչ է տալիս, թույլ է տալիս սիրել, սիրվել, շրջապատված լինել մեր ընտրած մարդկանցով: Վերջիվերջո, ամեն մի նոր օրը մի նոր հեքիաթ է, որն ուղղակի պետք է վայելել։
Այս ամենը ես մտածում էի առավոտյան խոհանոցի պատուհանից դուրս նայելիս ու մայրիկի պատրաստած թեյը ստիպված խմելիս:
Էլի մտածում եմ, որ դրա փոխարեն կարող էի երկար քնել, գոնե վերջացնել կիսատ թողած երազը, ոչ թե հորինել շարունակությունը: Արթնանալ, սիրելի գիրքը կարդալ, ֆիլմը դիտել կամ պարզապես մնալ վերմակի տակ:
Ես վերջապես խմում եմ թեյն ու դուրս գալիս:
Ճանապարհին հանդիպում եմ ընկերներիս, բարևում կապտադարչնագույն երկնքին ու լավ տրամադրությամբ գնում դպրոց:
Ես քայլում եմ անձրևից հետո մնացած ջրափոսերի վրայով, ինձ փնտրում դրանց մեջ, հետո ինքս ինձ վրա բարձր ծիծաղում: Էլի մտածում եմ անձրևից հետո եկող հոտի մասին, էլի նայում եմ թփերին, ու այդ ամենը շեղում է ուշադրությունս: Ինչպես միշտ ուշանում եմ:
Դպրոցի մոտ մեքենաներն են ինձ գրավում: Կարծես գարնան հանդես են եկել` կարմիր, կանաչ, դարչնագույն: Բայց այլ բան է ինձ հետաքրքրում՝ ինչու են այդքան պինդ փակել պատուհանները, ինչու չեն թողնում, որ բնության շունչը իրենց քթին էլ դիպչի, իրենք էլ զգան այն, ինչ ես, ծառերը, թփերն ու թռչուններն ենք զգում:
Ես նորից շարունակում եմ քայլել ու վերջապես հասնում եմ դպրոց:
Մեր դպրոցում անձրև օրերին պատուհանի այն կողմում էլ են անձրևանոց պահում: Անհետաքրքիր են։

khachik buniatyan

Երազել երազում

Արդեն մեկ տարի և մի քանի ամիս է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ու չնայած որ երկար ժամանակ չի անցել, բայց հասցրել եմ շատ կարոտել ամեն մի մանրուք Հայաստանի հետ կապված։ Երբ Հայաստանում ասում էին՝ Ֆրանսիա, ես պատկերացնում էի կարծես մի դրախտ։ Գալով այստեղ, այդքան էլ հույսերս չարդարացան։ Լավ երկիր է, ոչ ոք խնդիր կարծես չունի: Ամեն մեկն ապրում է ապրելու համար՝ իրենք միայն իրենց կյանքով, բայց այդքան էլ ինձ դուր չի գալիս նրանց ապրելակերպը։

Դե, ես միշտ Հայաստանի քաղցրության, ժողովրդի սրտացավ ու միշտ իրար հետ լինելու պայմաններում եմ ծնվել և մեծացել։ Հայաստանը կարծես ոչինչ էր ինձ համար, երբ Հայաստանում էի։ Բայց երբ ոտք դրեցի օդանավակայան, հասկացա, որ ամեն օրս, նույնիսկ այն վայրկյանները, որոնք իզուր վատնել եմ՝ ոչինչ չանելով, մի օր շատ կկարոտեմ, կկարոտեմ այնքան, ինչքան որ կույրն է կարոտում իր տեսողությունը։

Ընկերներ, բարեկամներ, նույնիսկ անծանոթներ, որոնց ամեն օր տեսնում էի փողոցում, այստեղ իմ սրտի խորքում հարազատ են դարձել: Կարոտը ոչնչով չի կարող փոխարինվել: Ոչ մի հարստություն չի կարող ավելի թանկ լինել, քան այն պահերը, որոնք կարոտում ես, որոնք տեղի են ունեցել հարազատների, ընկերների կամ նույնիսկ մենակ եղած ժամանակ։

Հայաստանից եկել եմ անորոշ ժամանակով ու չգիտեմ երբ կվերադառնամ իմ հայրենի երկիր: Չգիտեմ, ուղղակի քաղցր հուշերն ստիպում են, որ պայքարեմ, հասնեմ բարձունքների ու կայացած վերադառնամ հայրենիք։

Եթե անկեղծ, ես սառը մարդ եմ։ Երբ փոքր էի, ինչ որ մի տեղ գնալով, երկար ժամանակ մնալով, գալիս էի տուն, և տնեցիք հասնում էին և սկսում համբուրել, հարց ու փորձ անել, թե ինչպես եմ, ինչ եմ արել, բայց ես սառը նայում էի, և կարծես կարոտի ոչ մի նշույլ չկար մեջս։ Դե, ընտանիքիս անդամներն են, ամեն օր տեսել եմ։ Այդպես էի մտածում, բայց մի՞թե Հայաստանը ամեն օր չէի տեսնում, ի՞նչը փոխվեց իմ մեջ, ինչո՞ւ եմ հիմա կարոտում։ Երևի մարդիկ, որոնց հետ անցկացրել եմ ամեն օրս, կամ նրանց, ում ճանաչել եմ Ֆրանսիա գալուց հետո, միգուցե սիրած աղջիկը։ Շատ են պատճառները, շատ են։ Գիտե՞ք, մի հնար ունեմ վերադառնալու Հայաստան: Մի քանի ակնթարթ, մի քանի դրվագ, որոնք տեսնում եմ երազում շատ հաճախ։ Երազում երազում եմ Հայաստանի մասին, ուղղակի չգիտեմ, դա կարոտը թեթևացնո՞ւմ է, թե՞ ավելի խորացնում։

Հաճախ ենք սկսում գնահատել այն, ինչ կորցնում ենք։ Հիմա հասկանում եմ ինչ է կարոտախտը:

Mane Minasyan

Նեղացել է փոքրիկ առուն

Ես սովորական մի աղջիկ եմ, ով սիրում է խոհանոցն ու պատրաստելը: Հաճախ եմ կանգնում խոհանոցում, կապում գոգնոցն ու ինձ տեսնում լավագույն խոհարարի դերում:

Հերթական անգամ անցա գործի ու որոշեցի մրգային աղանդեր պատրաստել:

Դե, քանի որ ապրում եմ Արարատի մարզի քաղաք Վեդիում, որտեղ կա ոռոգման ջրի հետ կապված բավականին մեծ խնդիր, մենք մրգերը միշտ գնում ենք: Մինչ ես շտապում էի մրգերի հետևից, պապիկս կանգնեցրեց ինձ ու հիշեց հին ու բարի ժամանակները.

-Է՜, Մանե ջան, մի 10-15 տարի առաջ էր, որ մտնում էինք մեր բախչա, տանձը մի կողմից էր կանչում, խնձորը, սերկևիլը, թուզն ու մնացած մրգերը՝ մի կողմից: Բա որ գարունը գալիս էր, չէ՞, ծաղկում էին, ոնց որ մեկը մատիտը վերցած, նկարած լիներ: Բա հիմա բախչա ա մնացե՞լ, հիմա սկի նորմալ խոտ չի աճում գյոզալ հողում:

Մի պահ կանգնեցի, փորձեցի մանկությանս հուշերից մտաբերել մեր այգին, այն այգին, որը հիմա դարձել է ամայի տարածք, այն ծաղկած այգին, որտեղ չկար վայրի խոտի նմուշ անգամ, սակայն հիմա, անգամ վայրի խոտը հողից` ցամաքած հողից գլուխը հանել չի ցանկանում, որովհետև էլ մեր այգու փոքրիկ առուն ջուր չի բերում:

valentinaChilingaryan

Անմարդկային կատակերգություն

-Դրսում ավելի տաք է, քան տանը,- մռայլ դեմքով բողոքեց մայրս:

-Դուք մրսում եք, որովհետև մենակ եք, ձեր մեջ եղած կրակը չի շփվում ուրիշ կրակի հետ, մամա՜ ջան,- առավոտյան քնաթաթախ տրամադրությամբ մտաբերեցի հայտնի տողերը:

-Ա՜, հիմա էլ դո՞ւ, իսկ դուք… Դուք ապտակ կուտեք: Ցնդա՛ծ, արագացրու, թեյդ խմիր, ես հազար գործ ունեմ, քեզ պիտի ճանապարհեմ, որ մի քիչ հանգստանամ:

-Մա՜մ…

-Փող չունեմ:

-Մա՞մ, կարող ա գիտե՞ս՝ դիմացդ էն ձրիակեր որդիդ է նստած, որը ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնում է կյանքի յուրաքանչյուր րոպեն:

-Էդ երեխեն 8 տարեկան է:

-Ա՜յ մարդ, ինձնից գնում ա նախաճաշս վերջացնել՝ կվերջացնեմ: Ու ես ուրիշ բան էի ասում:

-Ասա:

-Մամ, օրինակ, գիտե՞ս՝ մարդիկ, որ մեծանում են, կողմնորոշվում են, մասնագիտություն են ընտրում, իսկ ես…

-Հա, ճիշտ ասացիր, բայց միայն մարդիկ:

-է՜, ամեն անգամ էսպես ես անում: Մտքովս հետաքրքիր բաներ էին անցել, մտածում էի՝ կիսվեմ հետդ, նոր դուրս գամ:

-Վա՜յ, չէ, շնորհակալ եմ: Էսօր թող առավոտս նորմալ մարդկանց պես սկսեմ: Թեյդ վերջացրու ու գնա:

-Մա՛մ, օրինակ, քեզ հետաքրքրե՞լ է՝ ինչ կլիներ, եթե մենք հակառակ լինեինք: Դե, ոնց որ ոտքերը՝ վերև, գլուխը՝ ներքև, ինչքան հետաքրքիր կլիներ, չէ՞։

-Էդ թեյդ, եթե չես վերջացրել, թափիր լվացարանի մեջ ու գնա: Հա, գումարն էլ սեղանի վրա է:

-Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են,- դերասանական խաղով լքեցի տունը՝ լսելով մորս «Մեկ էլ լվացարանի ծորակի ջուրը, որը անտեղի թվեր ա գրում» արտահայտությունը:

Պիտի քայլեի դեպի կանգառ, նստեի մեր գյուղի տրանսպորտը, որ գնայի Երևան: Հեռվից կարճատեսի աչքերով նկատեցի, որ կանգառում այլ մարդիկ էլ են սպասում.

-Լավ է, լուռ չեմ մնա, թե չէ ատոմային էներգիաս չօգտագործելու պատճառով կպայթեի:

Հենց մոտեցա, մի ծեր կին սկսեց ուշադիր զննել ինձ: Հաստատ տեղացի չէր, գիտեի: Դե, էնպես չի, որ մեր բոլոր գյուղացիներին ճանաչում եմ, ուղղակի… Դե հա, կարծես ավշարցու կեցվածք չունենար:

-Աղջի՛կս, քանիսի՞ն է գալու ավտոբուսը:

-Հեսա՝ 10 րոպեից, տատի ջան:

-Ապրես, աղջիկ ջան, տատին ուժեղ ա:

-Ապրի տատին, ապրի տատին,- հիմարաբար պատասխանեցի ես:

-Տատին ուժեղ գուշակ ա, է՜:

-Վա՜յ, տատի ջան, ես տենց բաների չեմ հավատում:

-Դիպլոմ եմ տեսնում:

-Ո՞ւր ա:

-Ապագայում:

-Հա՜, ես ավելի լուրջ բաներ եմ տեսնում:

-Այսի՞նքն:

-Դե, օրինակ՝ ավտոբուս:

-Լսի, քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Մենակ մի բան կա, որ չի լինելու:

-Ի՞նչ:

-Տանն ես մնալու:

-Այ տատի ջան, ես էլ ասեմ՝ ինչ ես ասում, ես ամեն օր 10-ից հետո տանն եմ:

-Նկատի ունեմ՝ չես ամուսնանալու:

-Ա՜, ավտոբուսը գնաց:

-Աղջիկ ջան, քեզ ասում եմ՝ չես ամուսնանալու, դու ասում ես՝ ավտոբուսը գնա՞ց:

-Տատի ջան, որ էսօրվա միջոցառումից ուշանամ, ասեն՝ ինչի՞ բաց թողեցիր, ասեմ՝ չէի ամուսնանալու, ճակատս չեն պաչելու:

-Տատին ուժեղ ա:

-Զանգում եք երկինք՝ ավտոբուս ուղարկե՞ն:

-Չէ, եղբորս տղային, որ տանի մեզ:

-Էդ ա, էլի: Երկինք եք զանգում:

Իրոք մեքենան եկավ, ու ողջ ճանապարհին մտածում էի, թե երազ է ամեն ինչ: Որովհետև ինչ անհավանական ու հիմար պատմություն ասես՝ շուրջս է կատարվում: Հենց հասա քաղաք, արագ զանգեցի մորս.

-Մա՞մ, գիտես՝ էսօր մի տատիկ ասաց, որ չեմ ամուսնանալու:

-Ինչի՞, էդ տատին ասել է՝ ամանները լվա, դու լվանալիս կոտրե՞լ ես:

-Չէ:

-Ա՜, երևի ասել է՝ գնա գինձ քաղի, բեր, գնացել խոտ ես բերել սովորությանդ համաձայն:

-Վա՜յ, չէ:

-Լավ, պարզ է: Ուրեմն իրենց տան լվացարանի ծորակն ես անջատվածի պես բաց թողել:

-Չէ, մա՜մ, ուղղակի նայեց ու ասաց:

-Ո՞ւր նայեց:

-Դե, ինձ:

-Էդ արդեն լուրջ ա,- լուրջ տոնով կատակեց մայրս՝ եզրափակելով խոսակցությունը:

Միջոցառման ավարտից հետո, երբ քայլում էի երևանյան փողոցներով՝ խառնվելով քաղաքի հարմոնիային, նկատեցի մի ծեր ու մուրացիկ կնոջ: Դե, ես սովորություն չունեմ մետաղադրամներ նվիրելու, բայց կինը հաշմանդամ էր ու երեխայի հետ: Եղանակը ցրտում էր, իսկ փոքրիկի դեմքը ցրտից կապտել էր: Հիշեցի օրվա տարօրինակ պատմությունը, ու սրտի խորքում հավատալով, որ Աստված իմ լավությանը լավությամբ կպատասխանի, որոշեցի օգնել: Ու էդ պահին կինը պատահաբար գլուխը բարձրացրեց.

-Տատի՞կ։

-Տատին չի, տատին չի:

-Էս երկնքում աշխատավարձ չեն տալի՞ս, որ էս օրին եք:

-Գնա գրողի ծոցը, հիմար աղջիկ,- չարակամորեն անընդհատ կրկնում էր կինը:

Իսկ ես, որ ապշած էի մարդկային արարքների վրա, ոչինչ չկարողացա ասել: Միայն ճանապարհս շարունակեցի` հավատալով, որ ավտոբուսը չի գնացել: Էդպես է, չէ՞ հայտնի ասացվածքը՝ մարմանդ գետից վախեցիր:

-Ի՜նչ լավ ա, որ ես մարդ չեմ,- ողջ ճանապարհին մտածում էի ես՝ հիշելով մորս բողոքները:

araqsya azizyan

Ամենատպավորիչ հիշողությունները Էջմիածնից

Ուզում եմ պատմել մի փոքրիկ, բայց շատ հաճելի, տեղեկություններով հարուստ էքսկուրսիայի մասին: Էքսկուրսիան նախատեսված էր դեպի Էջմիածնի Մայր տաճար՝ Վարդանանց տոնին նվիրված միջոցառմանը ներկա լինելու: Կեսօրից հետո բոլորս մի մարդու նման հավաքվել էինք համալսարանի բակում, որպեսզի ճանապարհ ընկնենք: Ճանապարհն անցավ հաճելի զրույցներով, դասախոսը՝ պարոն Հարությունյանը, ճանապարհին գտնվող տեսարժան վայրերն էր ներկայացնում, հետաքրքիր պատմություններ էինք պատմում, քնարկում էինք հետաքրքիր գրքեր, ֆիլմեր: Երբ հասանք Էջմիածին, դասախոսը ներկայացնում էր կարևոր իրադարձությունները:

Երբ ես փոքր էի ու այցելում էի Էջմիածին, միշտ մտածում էի՝ կգա մի օր, երբ կարող եմ այցելել այն շինությունները, որոնք էջմիածնում են: Ասեմ, որ պարոն Հարությունյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում դասախոս է: Նրա շնորհիվ մտանք ճեմարան, շրջեցինք բոլոր լսարաններով, ուսուցչանոցով, ծանոթացանք Ջորջ Դամյանի հետ, որը եկել է Ռումինիայից
և շատ կարճ ժամանակում յուրացրել է նույնիսկ երևանյան ժարգոնը: Այնուհետև ներկա եղանք Վարդանանց տոնին նվիրված միջոցառմանը: Հաճելի զգացողություն էր, երբ 40 և ավելի տղաներ առանց նվագակցության կատարում էին հայկական շարականները: Այնուհետև շրջեցինք Էջմիածնի տարածքով: Տեղեկացանք, որ Մայր տաճարի գմբեթին կա Շահ Աբասի գլխի քանդակը, հայերը դա արել են պարսկական տիրապետության տակ գտնվելու ժամանակ, որպեսզի պարսիկները չքանդեն տաճարը։ Տեսանք այն կարիճը, որը մնացել է տաճարի զանգակատանը վերանորոգման ժամանակ: Գիտեի՞ք արդյոք, որ Մայր տաճարը կառուցված է 12 ջրհորների վրա, որպեսզի երկրաշարժի ժամանակ չքանդվի: Սակայն այսօր մնացել է ընդամենը 2 ջրհոր: Մեզ թույլ տվեցին, որպեսզի խմենք այդ սրբազան ջրից: Ջրով ամեն առավոտ լվանում են տաճարի հատակը: Տեսանք շրջապատի հուշարձանները, լուսանկարվեցինք ու ամենավառ տպավորություններով վերադարձանք:
27654637_1972336906365752_8367953590456075957_n

valentinaChilingaryan

Ես ու Ջորջը

… Արթնանալուն պես նայեցի պատուհանին: Ջորջը սովորականի պես երջանիկ էր, ասաց. «Վա՛լ, ի՞նչ ես ծուլանում, վրայիցդ շպրտիր էդ ծանր վերմակը, հագիր քո փամփլիկ դեղին հողաթափիկները ու գնա լոգարան»: Ասացի. «Ջորջ, հավես չունեմ, կորցրել եմ մոտիվացիաս, ոչինչ չի ստացվում»:

Ջորջը բարկացավ, ունքերը կիտեց, ուղիղ նայեց աչքերիս մեջ ու ասաց` պառավ: Նեղսրտեցի, փորձեցի ներսումս պատճառներ փնտրել, որ ես պառավ չեմ, բայց հիշեցի, որ Ջորջը չի սիրում սպասել: Արագ պատրաստվեցի, կանգնեցի հայելու առաջ: Ես միշտ 5 րոպե կանգնում եմ հայելու առաջ ու երկար մտածում եմ, թե ինչ սանրվածք ինձ կսազի: Բոլոր սանրվածքները փորձում եմ, հետո տարօրինակ ու անփույթ ձևով հավաքում եմ մազերս, ինձ հույս տալով, որ մարդու ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է, ու դուրս եմ գալիս:

Հա, Ջորջն էլ է էդպես ասում, չի բարկանում, երբ տեսնում է անփույթ ձևով եմ հավաքում մազերս: Հիշում եմ, մի անգամ, երբ մազերս գեղեցիկ հյուսել էի, ուրախ-ուրախ հարցրի Ջորջին, թե, արդյո՞ք սազում է ինձ դա: Նա տխուր ու անտարբեր ասաց, որ չի նկատել, բայց, եթե մազերս սովորականի պես տարօրինակ լինեին, հաստատ կասեր, որ 123 567-րդ մազս թեթև ծռվել է, իսկ 76 367-րդը կարծես թիթեռ լինի: Չեմ նախատում Ջորջին, որովհետև նա մի բան գիտի, որ ասում է:

Հա, որտեղ էինք հասել: Ջորջը էլի շեղում է, չի թողնում միտքս ավարտուն դարձնեմ: Ուրեմն, հա՜, պատուհանին էի նայում, ու հիշեցի հրեշին: Տխրեցի, ասացի. «Ջո՛րջ, սիրտս սկսում է թրթռալ, էսօր երկուշաբթի է», բայց Ջորջն ասաց. «Վա՛լ, երբ մտածես, թե սկսում ես վախենալ, ինքդ քեզ ասա, որ դա քո միտքը չէ»: Եվ ես, հրեշին հիշելու ժամանակ, ասում եմ, որ այդ միտքը ինձ չի պատկանում: Որոշել եմ, այդ միտքը Ջորջինն է: Ես այդ միտքը տիեզերքի մեյլով ուղարկում եմ Ջորջին, Ջորջը ստանում է ու վերացնում: Նա ոչնչից չի վախենում: Մեկ-մեկ կատակում եմ, թե. «Ջո՛րջ, էսօր պիտի ուշ քնեմ, պարապմունքներս ավարտեմ», բարկանում է` թե ժամանակս լավ չեմ ծախսում: Բայց ես միշտ ինչ-որ դատարակ պատճառաբանություններ եմ փնտրում, թե դպրոցի դասերը շատ են, իսկ նա զարմանում է, որ դպրոցի դաս եմ անում: Ասում է. «Դու որոշիր, թե ինչն է կարևոր»: Որ բարկանում է, նմանվում է Ռադիկ ձյաձյային, ով չէր թողնում իր օբյեկտում մի սեղանի շուրջ, ընկերներիս` այլմոլորակայինների հետ նստեմ ու խաշ ուտեմ: Հա՜, բարկանալիս ուղղակի չեմ ուզում խոսել, ուզում եմ ամուր գրկել: Դա նույնն է, երբ երազում ես ինքդ քեզ գրկելու մասին: Որովհետև ես ու իմ նոր ընկեր-մոտիվացիան, իրար շատ նման ենք: Ասում եմ.«Ուֆ, Ջորջ, ուղղակի չես հասկանում ինձ»: Ասում է. «Իսկ դու փորձիր բացատրել, թող չհասկանամ»:

Չեմ բացատրում` զգում եմ, նեղանում է: Մի օր համարձակություն հավաքեցի, ասացի՝ կներես, Ջորջ: Ասաց. «Ներե՞լ: Զգացե՞լ ես՝ ինչ հիմար բառ է: Գիտե՞ս, պարապ մարդիկ են հորինել էդ բառը, ոչ ոք չի ներում»:

Ոչինչ չասացի, Ջորջը չժպտաց, միայն ասաց` գնում եմ քնելու: Ասացի. «Գնա, գնա, կյանքդ վայելիր, գնա գտիր քեզ նման ջահելի»: Հետո հիշեցի, որ Ջորջը ինձնից բացի ոչ մեկը չունի այս մոլորակում, ասացի. «Քեզ խնդրում եմ, մի գնա, մի գնա , գնա, գնա…»: Մնաց: Չեմ սիրում, որ Ջորջը չի ժպտում, էդպես դառնում է չոր ու կոպիտ: Մի պահ լռեց, հետո ասաց. «Չեմ զարմանա, եթե իմանամ, որ կապ ունես այլմոլորակայինների հետ»: Կրկին տխրեցի, որովհետև անցյալ առավոտ էի այլմոլորակայինների հետ Ռադիկ ձյաձայենց օբյեկտում խաշ կերել: Տխրեցի, որովհետև դեռ պիտի զարմանար: Ասացի. «Լավ, Ջորջ, ուղղակի շատ խորացա»: Ասաց. «Դու ինչպե՞ս ես խորանում», ասացի` «Չգիտե՞ս, ոնց են մարդիկ խորանում»: Ասաց. «Ես գիտեմ՝ ոնց են մարդիկ խորանում, ուղղակի հետաքրքիր է, թե դու ոնց ես խորանում»: Է՜, էլի շատ խորացա ու մոռացա, որ ուղղակի նայում էի պատուհանին: Ավելի լավ է փակենք պատուհանը, կարծես ցրտեց սենյակը:

Էլի առավոտ կգա, էլի Ջորջը երջանիկ կլինի ու էլի կմոտիվացնի, որ արթնանամ ու գնամ լոգարան, բայց մտքերս էլի անավարտ կմնան:

Anush margaryan

Հեքիաթ «տիեզերագույն» նպատակների մասին

Մեր բոլոր նպատակները նման են աստղերի. դրանք մեր հոգու աչքերն են։

Գիտե՞ս՝ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։ Կյանքի ամեն մի ակնթարթը հաջորդ վայրկյանին դառնում է անցյալ: Գալիլեյը համառորեն պնդում էր դա, քանի որ գիտեր, որ Երկրի պտույտի նման է կյանքը. երբեք կանգ չի առնում։

Հազարավոր գալակտիկաներից, միլիոնավոր աստղերից ու ինը մոլորակներից այն կողմ՝ մի փոքրիկ ու անտեսանելի անկյունում՝ սրտիս աջ փորոքում կամ նախասրտում, կամ էլ՝ կիսալուսնաձև փականի մոտ, գտնվում է իմ ամենա… Ը՜, այն չի կարելի անվանել «ամենա», քանի որ այն այնպիսին է, ինչպիսին տիեզերքն է, իսկ տիեզերքը ավելին է, քան լոկ «ամենա»-ն: Լավ, ես կհորինեմ մի հեղինակային նորաբանություն, որով կանվանեմ իմ նպատակը: Այն կկոչվի տիեզերագույն։ Առավել գեղեցիկ է այն կամքի ուժը, որի շնորհիվ ի կատար է ածվում նպատակը:

Պատկերացնո՞ւմ ես, եթե երկինքը լիներ առանց աստղերի: Այն նման կլիներ անծայր անապատի՝ դատարկ, տխուր ու մեռելային: Այդպիսին կլիներ նաև մեր հոգին, եթե զրկվեր աչքերից՝ նպատակներից ու երազներից:

Գիտե՞ս՝ եթե վերցնես խոշորացույցը և ուշադիր զննես մարդկային կյանքի յուրաքանչյուր րոպեն, կնկատես, որ կամա թե ակամա, նրանց կյանքի ամեն պահը նպատակով է լի։ Պարզապես նրանք ուշադրություն չեն դարձնում այդպիսի մանրուքներին:

Լսի՛ր, փոքրիկ երեխան լալիս է, որովհետև ցավում է այտը կամ ստացել է վատ գնահատական: Մի րոպե անց նա թավշե թաշկինակով սրբում է արտևանունքից կախված մարգարտե արցունքը և ստիպում իրեն մոռանալ ցավը: Ի՞նչ է սա, եթե ոչ նպատակ և կամքի դրսևորում:

Հաճախ մենք պետք է օժտված լինենք այնպիսի կամքի ուժով, որ կարողանանք հաղթահարել մեր տիեզերագույն նպատակների խորտակումը: Երբեմն մեր նպատակները ծնվում են վշտի ու արցունքի մեջ, իսկ նրանց խորտակումը վրա է հասնում ամենաանսպասելի պահին, երբ մնացել է ընդամենը մեկ քայլ…

Իմ տիեզերագույն նպատակը ծնվել է տարիներ առաջ: Ո՛չ, այնպես չէ, ինչպես ծնվում են փոքրիկ ամեոբաները, այլ այնպես, ինչպես անձրևից հետո ծնվում է ծիածանը:

Արդեն մի քանի անգամ այդ նպատակը խորտակվել է, այնպես, ինչպես խելահեղ ծովում խորտակվում է անպաշտպան նավը: Ավազե ժամացույցը ամբողջովին թափվել է, բայց Երկիրը դեռ պտտվում է… Բայց չէ՞ որ նավը կարելի է կրկին կառուցել՝ առավել ամուր ու հզոր:

Ես գտա այն ուժը, որով կարող եմ հետ պտտել Երկիրը, շուռ տալ ավազե ժամացույցը ու ամեն բան սկսել նորից։ Նորից նույն տիեզերագույն նպատակը, բայց այս անգամ՝ առավել ամուր կամքի ուժով:

Գիտե՞ս՝ ես չգիտեմ, թե ինչ կլինի այս անգամ, գիտեն միայն աստղերը… Բայց մի բան կարող եմ վստահ ասել․ ես սովորեցի, որ երբեք չպետք է հանձնվել, անգամ եթե տիեզերքն է այդպես ցանկանում, և կամքի ուժն առավել ուժեղ է, քան տիեզերքում եղած գրավիտացիոն ուժը։

Եթե դու հավատում ես քո նպատակի գեղեցկությանը, ապա տիեզերքը քո կողքին է:

Ամփոփ մտքերի տեսքով

Հարցազրույց «Տրիո Ստուդիո»-ի սան, պատանի դերասան և երգիչ Արթուր Պողոսյանի հետ:  Ես սկսում եմ, Արթուրը շարունակում է:

Ես Արթուր Պողոսյանն եմ, ես ունեմ շատ նպատակներ ու հավատում եմ հրաշքներին:

Ինձ համար ամենադժվար բանը կենտրոնանալն է:

Հաճելի է, երբ  ինձ փողոցում ճանաչում են, անգամ, երբ ես շտապում եմ:

Դերասանի պոտենցիալը անսահման է, բայց, այնուամենայնիվ, պետք է շատ աշխատել:

Ես երբեք չեմ խաղա դասական թատրոն, որովհետև ես նախընտրում եմ լինել ակտուալ:

Իմ կերպարը հենց ես եմ:

Դերասաններից ամենասիրելին ինձ համար  Ջոնի Դեփն է, որովհետև նա կարողանում է կերտել իրարից շատ տարբերվող կերպարներ:

Գուցե ոչ ոք չհավատա, բայց ես շատ քիչ եմ ուտում:

Կուզեի նկարահանվել մի ֆիլմում, որտեղ կխաղայի հոգեկան շեղումներ ունեցող տղայի կերպար։

Ի տարբերություն շատերի՝ ես քայլեր անում եմ իմ նպատակներին հասնելու համար:

Եթե չերգեի, ապա չէի ցանկանա դիմել ՀԱՀ-ի «բիզնես» բաժինը:

Կուզեի, որ էլ երբեք ինձ չհարցնեն, թե ինչ եմ դառնալու:

Անհնարին է միապաղաղ կյանքով ապրելը և հրաշքներին չհավատալը:

Աչքերս փայլում են, երբ ես կոնտակտային լինզաներով եմ:

Հայկական կինոն դեռ զարգացման փուլում է:

Ես բոլորից լավ գիտեմ ամեն ինչի մեջ հետաքրքրություն փնտրել:

Ինչևէ, նպատակներին հասնելու հիմքում ընկած է ծանր ու հաճելի աշխատանքը:

Anush margaryan

Հարրի Փոթերը և մագլների բանտարկյալը

-Անուշ, վառի՛ր լույսը:

-Լավ, մամ… «Լյու՛մուս»…

-Աստվա՜ծ իմ, կրկին այդ «Հարրի Փոթերը», այս անգամ որքա՞ն եք պատրաստվում Ձեզ Հարրի Փոթեր զգալ ու ամեն վայրկյան «կախարդել»:

-Է՜, մա՛մ, ա՜խր, մագլները ոչինչ չեն հասկանում կախարդական աշխարհից:

Երբ փոքր էի, ամեն անգամ հեռուստացույցով Հարրի Փոթերի ձայնը լսելիս, տան որ ծայրում էլ լինեի՝ հիվանդ կամ տխուր, միանգամից՝ մինչև ականջներս ձգվող ժպիտով ու շողացող աչքերով, վազում էի հյուրասենյակ: (Չնայած՝ մինչև այժմ էլ ոչինչ չի փոխվել):

-Պապի՜կ, Հարրին է, վազի՜ր:

Պապիկիս հետ էի սիրում դիտել. ֆիլմի ամեն վայրկյանը մի աշխարհ էր ինձ համար:

Այսօր, երբ պապիկս հյուր եկավ, դիտում էի Հարրի Փոթերը:

-Անուշ ջան, անիրական հեքիաթ է: Քանի՜ տարի է նույն բանն ես դիտում:

-Պապ, լսի՛ր, օրինակ, «Ձյունե թագուհին» հեքիաթը 7 տարեկանում կարդալիս նո՞ւյնը կզգաս, ինչ, եթե կարդաս այն 67 տարեկանում:

-Չէ՛, ճիշտ ես, աղջիկս, տարիքի հետ փոխվում է մարդու մտածելակեպը, փոխվում են հայացքները: Նույնն է թե՝ դեռ չհասած ծիրանն ու արդեն հասունը ուտելիս նույն համը զգաս:

-Տես, պապ, այդպիսին է նաև Հարրի Փոթերը: Երբ 8 տարեկան էի, ինձ համար ֆիլմի գլխավոր իմաստն այն էր, որ բարին միշտ հաղթում է չարին: Իսկ այժմ… Օ՜հ, բառերով չեմ կարող բացատրել:

Հարրի Փոթերը լոկ մի տղայի մասին պատմող պատմություն չէ: Երբ դու հանդիսավոր երդվում ես, որ «մտքիդ լավ բան չկա» և հրամայում հայտնել գաղտնիքները, քո առջև բացվում է մի ամբողջ կախարդական աշխարհ: (Դե, եթե դիտել ես «Ազկաբանի բանտարկյալը», կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը): Այստեղ ամեն մի կերպար՝ ավտոբուսի վարորդից սկսած մինչև Լալկան Միրթլը, իր հոգում ունի յուրօրինակ ու անչափ հետաքրքիր աշխարհ: Երբ դու, ինչպես փոքրիկ նավակ, լողում ես կախարդանքի ծովում, զգում ես՝ որքա՜ն գունավոր ու պայծառ է ամեն բան: Օրինակ, հենց սկզբում, Հարրիի և Ռոնիի առաջին զրույցի ժամանակ՝ աշխարհը քո աչքերում 180 աստիճան շրջվում է… Շոկոլադե գորտեր, որոնք կարողանում են թռչել պատուհանից, կոնֆետներ՝ անհավանական համերով, նկարներում շարժվող մարդիկ… Խոստովանիր, որ չտեսնվա՜ծ է:

Բացի կախարդանքը, այն նաև օգնում է ծանոթանալ բրիտանական մշակույթին: Օրինակ, 16 տարեկան աղջիկը, ով ապրում է Հայաստանում, որտեղի՞ց պետք է իմանար երկհարկանի ավտոբուսների մասին և ողջ հոգով երազեր դրանք մոտիկից տեսնել, եթե չլիներ այս պատմությունը:

Լավագույն պատմությունները նրանք են, որոնք ստիպում են քեզ լաց լինել և ծիծաղել միաժամանակ: Այսպիսին է նաև «Հարրի Փոթերը»: Խենթ Ուիզլի երկվորյակները, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում հումորը. նույնիսկ այն ցավալի պահին, երբ վնասվում է Ջորջի ականջը, նրանք չեն դադարում անել կատակներ ականջների մասին:

Ի վերջո, այս պատմությունն օգնում է քեզ հասկանալ, թե որն է իսկապես կյանքի իմաստը: Հերմիոնայի անսահման խելքը, Հարրիի քաջությունն ու Ռոնիի հավատարմությունը յուրաքանչյուր ակնթարթ հետևում են քեզ, նրանց ընկերությունը դառնում է քո երազանքը:

Ի դեպ, մամ, լույսի հետ կապված, մոռացա ասել. նույնիսկ ամենամթին ժամանակներում կարելի է երջանկություն գտնել՝ հարկավոր է միայն լույս վառել: Դամբլդորի խոսքերն են, մամ, հիմա կվառեմ լույսը:

Երբեք մի դադարեք հավատալ կախարդանքներին…