anush nurijanyan ararat

Դեռահասության խնդիրներ

Բարև ընկե՛ր: Ես 17 տարեկան եմ. չտարբերվող արտաքինով, մի քիչ վախկոտ ու մի քիչ փակ բնավորությամբ դեռահաս: Վախենում եմ տարբեր երևույթներից՝ բարձրությունից, մթությունից ու ամենասարսափելին՝ շներից: Վախենում եմ նաև կյանքի՝ իմ դիմաց դրած ընտրություններից, մեծանալուց ու հիասթափվելուց (ի դեպ, վերջին երկուսը ուղիղ համեմատական են իրար): Ինչևէ, չեմ ուզում շատ խորանալ, անցնեմ բուն թեմային:

Վերջերս տարբեր՝ ծանոթ, «կյանք տեսած», տարիքով մարդկանց հետ խոսակցություն եմ սկսում դեռահասության մասին: Ներկայացնեմ դրանցից մեկը՝ հարևանուհուս՝ Սեդա «տոտայի» հետ.

-Սեդա տոտա, հիշո՞ւմ ես քո պատանեկությունը:
-Հա, ոնց չէ: Ի՜նչ տարիներ էին, ամեն ինչ կտայի, որ գոնե մի օրով հետ դառնայի 16-18 տարեկան ժամանակներս:

-Ինչի՞, էդքան լա՞վ էր ամեն ինչ էն ժամանակ:

-Շա՜տ: Ա՛յ, մեր պատանեկությունը ուրիշ էր, բա չէ ձերը. ամբողջ օրը ինտերնետում:

-Դե ինչ անենք, դարի թելադրանքով ենք շարժվում: Բայց համաձայնիր՝ ինտերնետով, թե առանց դրա, դեռահասների համար ամեն ինչ շատ բարդ ա ու դժվար: Հենց 15-18 տարեկանն ա ամենադժվար տարիքը:

-Ի՞նչ ես խոսում: Էդ տարիքը ծաղկման տարիքն ա, ամենաերջանիկը պիտի լինի: Էդ հիմիկվա երիտասարդությունն ա բարդացնում ամեն ինչ: Հետո մեծանում ես, ու սկսվում են իսկական դժվարությունները: Անիմաստ բաների մեջ մի խորացիր ու վայելիր էս տարիներդ…

Ես աշխատում եմ այս նոտայի վրա միշտ ավարտել խոսակցությունը, լուռ համաձայում եմ ասվածների հետ, բայց իրականում լրիվ հակառակն եմ մտածում:

Ըստ իս, դեռահասությունն այն տարիքն է, երբ սկսում ես հասունանալ ու հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Հենց այս տարիքում է ամեն ինչ իրար խառնվում: Մտքերդ քոնը չեն, իսկ քո մտքերը չեն հասկացվում: Եթե հաշվի չառնենք շատ ու շատ դեռահասների համար մեկ խնդիրը՝ անպատասխան սերը, կան շատ ուրիշ կրիտիկական պահեր, որ անընդհատ կաթվածահար են անում մեզ՝ դեռահասներիս:

Կխոսեմ ամենահասարակից՝ մասնագիտության ընտրություն: Հենց այս տարիքում մենք պիտի ընտրենք կյանքի էնպիսի ուղի, որ հետո չզղջանք մեր ընտրության համար: Կյանքի համար ամենակարևոր ընտրությունը կատարում ենք այն տարիքում, երբ մենք կարող ենք մոտավորապես 2 ժամ հագուստ ընտրել խանութում, փորձել, փնտրել ու գտնել մեր ստանդարտներին համապատասխան հագուստ, գնել, հասնել տուն ու փոշմանել: Հասկանո՞ւմ եք: Էսպիսի հոգե-զգայա-կենսաբանական անորոշ վիճակում պիտի կատարենք ընտրություն ու այնպիսի ընտրություն, որը մեծ դեր կխաղա ոչ միայն մեր ապագա նյութական կամ անձնական կյանքում, այլև հսկայական հետք կթողնի մեր՝ որպես մարդ, որպես անհատականություն ձևավորվելու գործում: Այդպիսով ընտրում ենք ոչ միայն մասնագիտություն, այլ մի ամբողջ կյանք՝ հույսով, որ մի օր չենք արթնանա ու զղջա կատարած ընտրության համար:

Հ.Գ. Գուցե մտքերս ծայրահեղական թվան, բայց կարծում եմ ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել մեծերին՝ ինչ ասել է դեռահասություն և անցումային տարիք:

Mane Minasyan

Իմ 2017-ը

2017-ը նոր կյանքի սկիզբ էր, կամ էլ, այսպես ասած, հրաժեշտ մանկապատանեկան ու անհոգ կյանքին:

Իմ 2017-ը սկսվեց տևական բաժանումով՝ եղբայրս բանակ գնաց: Դրան հաջորդեց կյանքում առաջին այցս Ղարաբաղ, որին շատ էի սպասել: Ինձ համար այնտեղ ամեն բան հետաքրքիր էր ու հարազատ: Այնտեղ ակամա ուժ ստացա, որովհետև Արցախում չես կարող ուժեղ չլինել:

Մյուս ամիսներին պարապում էի ընդունելության քննությունների համար: Դիմորդ էի, շրջանավարտ: Վերջին զանգի փորձեր, վերջին դաս, ավարտական երդում ու վերջին անգամ դպրոցի դահլիճում կանգնած՝ թաց աչքեր: Հունիսի 30-ին գնացի վերջին քննությանս և ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Համալսարան, նոր կյանք ու նոր ընկերներ: Այս կյանքի ընթացքին շատ արագ հարմարվեցի ու 12 տարվա վաստակավոր աշակերտից դարձա նորաթուխ ուսանող: Տես, աչքս թարթեցի, ու արդեն ավարտվում է առաջին կիսամյակը:

Դե ինչ, սիրելի 2017, գնա, միևնույնն է՝ միշտ էլ մնալու ես որպես նոր կյանքի սկզբի տարեթիվ:

Anush margaryan

Չուղարկված նամակ

Ողջո՜ւյն, ես Անուշն եմ: Ապրում եմ Երկիր մոլորակում: Հարյուրավոր գալակտիկաներից, միլիոնավոր աստղերից ու ինը մոլորակներից այն կողմ գտնվում է իմ աշխարհը: Այն լի է ուրախությամբ ու տխրությամբ, սիրով ու ջերմությամբ, հոգսերով ու խնդիրներով, հույսերով ու երազներով: Կարծում եմ՝ արդեն հասկացար, որ այն նման չէ Ալիսայի հրաշքների աշխարհին: Բայց ես սիրում եմ իմ փոքրիկ աշխարհն այնպես, ինչպես դու սիրում ես շոկոլադե պաղպաղակ:

Գիտե՞ս, թե որքան եմ փորձել ուղարկել քեզ այս նամակը, բայց հաջորդ վայրկյանին մտածել եմ, որ քեզ հետաքրքիր չի լինի կարդալ այնպիսի աշխարհի մասին, որտեղ հրաշքներ չեն լինում: Ո՛չ, չմտածես, որ ես հեքիաթային աշխարհներ չեմ սիրում: Անկեղծ ասած՝ եթե ինձ մնար, կուզեի, որ անունս Սպիտակաձյունիկ լիներ, իսկ աշխարհս՝ թզուկներինը:

Լսի՛ր, ես քեզ կպատմեմ մեր աշխարհի մասին: Ուզում եմ այն ներկայացնել իրական գույներով, այնպիսին, ինչպիսին կա: Քո բարության մոլորակից այն շատ է տարբերվում: Կարծում եմ՝ լսել ես, որ մեր աշխարհում կեղծիքն ու չարությունը երբեմն բույն են դնում. նրանք նման են թռչունների: Լսե՞լ ես կետուսի մասին: Նրա մարմնի գարշահոտ ճարպի մեջ գտնվում է անուշաբույր համպարը, որից ստանում են օծանելիք: Այդպիսին է նաև մեր աշխարհը: Այն արտաքինից կարող է վատը թվալ, բայց որքա՜ն բարություն կա ներսում: Քեզ ուզում եմ հրավիրել մեր աշխարհ, կարող ես գալ ընկերներիդ հետ:

Օ՜, մայրս է կանչում…

-Գալի՜ս եմ, մայրի՛կ:

Կներես, ընկեր, նամակս անավարտ մնաց: Ես այն էլի չուղարկեցի քեզ…

Մեր սեղանից ձեր սեղան

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը`Մանե Մինասյանի

Դեկտեմբերի 9-ին «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում` զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակներում անցկացվեց Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառ:

Տոնավաճառին մասնակցում էին Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ և Ուրցաձոր գյուղերի բնակիչները` վաճառելով տարվա ընթացքում իրենց ամբարած գյուղական մաքուր սնունդը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը`Մանե Մինասյանի

Բացի սննդից, գյուղերի երեխաները վաճառքի էին հանել նաև իրենց ձեռքի գեղեցիկ աշխատանքները` նկարներ, տոնածառի խաղալիքներ, ամանորյա հուշանվերներ և այլն:

Որպես սպառողներ ներկայանում էին մայրաքաղաքից եկած հյուրերը, ովքեր չէին կարողանում կողմնորոշվել, որ սեղանից, և որը գնել, որովհետև յուրաքանչյուր սեղան գերազանցում էր մյուսին:

Կոմպոտից մինչև հաց-պանիր-կանաչի:

Հաց-պանիր-կանաչուց մինչև խորոված ու պլեճ:

Թոնրի տաք լավաշ ու հորած պանիր:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը`Մանե Մինասյանի

Մի խոսքով, այս ամենը պետք էր տեսնել ու համտեսել (գյուղացիները նաև կազմակերպել էին համեղ հյուրասիրություն):

Միջոցառմանը ներկա էր նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով շնորհավորեց բոլոր արտադրողներին, կազմակերպիչներին և կամավորներին կատարած քրտնաջան աշխատանքի համար:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը`Մանե Մինասյանի

«Գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում մեծ ներուժ ունի, և այս նախաձեռնությունը ևս մեկ ապացույց էր, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք հաջողությունների հասնել»,- ասաց նա:

Angelina Karapetyan

Ինչ-որ բանի պակաս կա

7:50: Զարթուցիչը զնգաց: Մի կերպ անջատում եմ և՛ հեռախոսիս, և՛ զարթուցիչի ձայնը, գրկում արջուկիս ու քնում, բայց հինգ րոպե հետո ինչ-որ բան հուշում է, որ ուշանալու եմ (այդպես էլ չիմացա, թե ով կամ էլ ինչ է դա): Արագ-արագ արթնանում եմ, կամաց-կամաց գնում լվացվելու ու մի կերպ գալիս եմ հագնվելու: Տաք-Տաք հագնվում եմ ու դուրս գալիս տանից: Փողոցը չոր է՝ ծածկված բաց դարչնագույն հողով, ծառերն ազատվել են իրենց հագուստից, մի՞թե չեն մրսում: Ծառերը, մարդիկ և կլիման հակասում են միմյանց: Երբ շոգ է, ծառերը ծածկված են սաղարթով, իսկ մարդիկ պայքարում են տապի դեմ, և հակառակն է լինում ձմռանը: Ինչևէ:

Ինչ-որ բանի պակաս կա իմ բնակավայրում, իմ մարզում: Սպիտակի պակաս կա, նրբության պակաս կա:

3:05: Վերջացան դասերը: Վերադառնում եմ դպրոցից: Դուրս եմ գալիս փողոց թե չէ՝ տեսնում եմ ձմեռվան պատրաստվող շատ մարդկանց: Ամեն մեկն իր գործին է: Վաչիկ «ձաձան» իր գառանն էր մորթում, մյուսները փայտն էին շարում՝ ցուրտ ձմռանը դիմակայելու համար, կանայք ծառերից ընկած վերջին տերևներն էին մաքրում գետնից: Չէ՞ որ ձմեռ է: Արարատի մարզում ձմռանը բնորոշ է միայն այն, որ առավոտյան խոսելիս գոլորշի է դուրս գալիս բերանից:

Արդեն երեկո է: Ականջի ծայրով լսում եմ «Լրաբերը»: Բոլոր մարզերում արդեն կա ձմռան շունչը, սպիտակը, սպիտակ հեքիաթը: Թարմություն, հանդարտություն ու մաքրություն բերողը:

Քննարկում էինք դասը, երբ ուսուցիչը հարցրեց.

-Ի՞նչ է հարկավոր ձեզ երջանիկ լինելու համար:

-Ձյուն,- պատասխանեցի ես:

Երազանք է դարձել ինձ համար ձյունը: Քայլում եմ փողոցով ու երազում, որ երկնքից սպիտակ մի փաթիլ ընկնի վերարկուիս վրա: Ի՞նչ է հարկավոր երազանքների իրականացման համար:

Հ.Գ. Կարծես թե քիչ-քիչ երազանքս իրականանում է:

valentinaChilingaryan

Գրողը տանի, էլի՞ շուն

-Անցի՛ր, աղջիկ ջան, նրանք միայն ուզում են քեզ հետ խաղալ:

-Վա՜յ, ինչ խաղալ: Մի հատ բռնեք, ես անցնեմ, էլի:

-Բռնել եմ, անցի:

Գրողը տանի, երբ ամեն առավոտ պիտի գնամ դասի, անպայման փողոցի թափառական շները պատրաստ ինձ են սպասում: Եթե հիմա փորձեմ սուբյեկտիվորեն առաջ քաշել այն վարկածը, որ բոլոր շները պետք է այրվեն դժոխքի կրակներում, ապա շան հավատարիմ պաշտպանները կսկսեն ինձ համոզել, թե շունը մարդու բարեկամն է կամ շները երբեք չեն վնասում մարդկանց: Բան չունեմ ասելու, թող ես թվամ շատ չար մարդ, բայց, գրողը տանի, գոնե չնչին բան հարկավոր է ձեռնարկել դրանց դեմ:

Հենց հատեցի խաչմերուկը, հեռվում նկատեցի իմ կողմ սլացող մի ահռելի գազանի, մի հսկա չափերով հրեշի, մի շան, որը երախը բաց վազում էր իմ կողմ: Շտապեցի դեպի հարևան ամենամոտ տունը, սկսեցի ուժեղ թակել դարպասն ու խնդրել ներս թողնել ինձ: Ներսից մի փոքրիկ երեխա արձագանքեց.

-Ի՞նչ ես ուզում:

-Դուռը շուտ բացի, երկու րոպե ներս գամ ու կգնամ: Ուղղակի շնից եմ վախենում:

-Չեմ բացելու:

-Հո դու… Ը՜, դուռը բա՛ց:

-Մամաս ասել ա, որ անծանոթ մարդկանց առաջ դուռ չբացեմ, կարող է գող լինես:

-Հա, բայց ես գող չեմ: Ես ձեր հարևանն եմ, դուռը բա՛ց:

-Ես քեզ չեմ տեսել էսքան ժամանակ:

-Որովհետև ես առավոտյան դուրս եմ գալիս այն ժամանակ, երբ դու դեռ քնած ես, և վերադառնում եմ, երբ արդեն քնել ես:

-Ճիշտ գողերի պես:

-Չես բացո՞ւմ:

-Չէ:

Բանակցություններս ապարդյուն ավարտվեցին, փոքրիկը դուռ չբացեց իմ առջև, բայց հսկա գազանը թեքվեց դեպի կենտրոնական փողոց: Հա, երևի հասկացաք, որ տառապում եմ կինոֆոբիայով: Բայց, ինչպես հասարակ մահկանացու, ինձ հույս եմ տալիս, որ դա ոչինչ է: Չէ՞ որ Սերգեյ Եսենինը ուներ սիֆիլոֆոբիա (վախ ոստիկանությունից) կամ կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը, Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը ունեին տաֆեֆոբիա (վախ կենդանի թաղվելուց): Թրիլլերի հանճար Ալֆրեդ Հիչկոկը տառապում էր օվոֆոբիայով՝ օվալ առարկաներից վախով, Իոսիֆ Ստալինը՝ տոկսիկոֆոբիայով (վախ թունավորումից), Պոլ Սեզանը՝ հապտոֆոբիայով (վախ դիպչելուց), իսկ Զիգմունդ Ֆրեյդը՝ ձարխոտերից:

Դե, հա էլի, վախն էլ չի խանգարել այս մեծություններին ապրել, բայց ավելի լավ է՝ հեռվից չգամ ու ասեմ, որ եթե ոչ մեկը քայլեր չի ձեռնարկելու թափառող շների դեմ, գոնե կարելի է ամեն 200 սմ-ը մեկ էդ մարդկանցից կանգնեցնել, որ ամեն անգամ պահեն այդ գազաններին՝ անպաշտպան մարդիկ անցնեն: Հա, չեմ ասում տանեն շներին այրեն դժոխքի կրակներում, այլ առաջարկում եմ գոյատևման համար տարածք հատկացնել, խնամակալության տակ առնել:

Իմ կյանքի ամենավատ դրվագները կապված են շների հետ: Երբեմն էլ փողոցում կարելի է հանդիպել գյուղացիների շներին, որոնք ազատ թափառում են: Թե ասա՝ շուն ունեք, ձեր տանը պահեք, էլի: Որ չեն թիթիզանո՜ւմ:

Պիտի ընդունենք, որ հոգեբանական վախերն ավելի ծանր են, քան ֆիզիկականները, սակայն դրանք ունեն մի ընդհանրություն: Բոլոր տեսակի վախերն էլ ստեղծում ենք մենք: Առաջ էլ է, չէ՞, այդպես եղել: Հեթանոսական ժամանակաշրջանում մարդիկ վախեցել են ամպրոպից, ստեղծել են ամպրոպի աստված: Ուղղակի չեմ հասկանում՝ ինչն է անհասկանալի շան մեջ, որ վախենում ենք: Ախր, բոլոր շներն էլ ունեն հասկանալի ատամներ, հասկանալի քամու արագություն և հասկանալի երախ:

Ոչինչ անհասկանալի չէ:

astghik qeshishyan

Մի կտոր իմ իրականությունից

Առավոտյան 6:27 Alarm-ն է զանգում:  Ինչ-որ սղոցող աղմուկ: Որովհետև մի բան վաղուց եմ հասկացել. սիրելի երգերը զարթուցիչ դնել չի կարելի: Սա նախնանախնական արթնացուցիչն է: Անջատում եմ, ժպտում. դեռ 2 ծըլնգ քնելու ժամանակ կա: 6:43 հաջորդ զանգն է: Երբեմն չձգելով ցավոտ պահը՝ հենց էդ ժամանակ էլ զարթնում եմ: Երբեմն էլ սպասում եմ 6:47-ին. (զույգ ու կլոր թվերը տանել չեմ կարողանում) հայրիկը թեյ է բերում ու համոզում, որ ես դժբախտ չեմ, որ բոլորն էլ ի վերջո արթնանում են: Սենյակում կատարյալ մութ է ու ցուրտ: Նայում եմ Արևիկին՝ քնած է: Մի օր ես էլ 4-րդ կուրս կլինեմ, եթե գոյատևեմ: Հագնելու բան եմ ընտրում՝ քանդրտում եմ դարակները, թափրտում շորերս, որովհետև եթե ես քիչ եմ քնում, թող մյուսները շատ հավաքեն: Գիտեմ՝ հիմարություն է, հատկապես, որ էդ «մյուսները» սովորաբար հենց ես եմ լինում: Աստիճաններով իջնելիս ուտում եմ, մեքենայում՝ կոշիկներիս թելերը կապում:

Միշտ ծայրահեղ ատել եմ ուշանալը: Արևը նույնիսկ կատակում էր, թե առաջին ժամադրությանս մի քանի ժամ շուտ եմ գնալու ու սպասեմ: Հիմա անտարբեր եմ: Ուսանողական ավտոբուսի շարժվելու ճիշտ ժամը անցել է: Հանգիստ եմ ու չեմ զանգում վարորդին, որ սպասի. ոնց էլ լինի, ուրիշ ուշացածներ ու զանգածներ կլինեն:  Ու, իհարկե, չեմ սխալվում: Բարձրանում ենք ավտոբուս: Տղաները տեղ են  զիջում: Ուզում եմ ասել՝ չէ, մերսի, նստեք: Չէ՞ որ ես գիտեմ, որ չի կարելի ամեն անգամ էդպես շահագործել նրանց: Բայց թքած, նստում եմ: Պատահում է՝ առանց շնորհակալություն հայտնելու:
Գիշերը մի 3-4 ժամ եմ քնում: Մի օր՝ 3 ժամ. դաս եմ անում, որ ուսանողականում քնեմ, մի օր՝ 4 ժամ. քնում եմ, որ ուսանողականում դաս անեմ: Էս ավտոբուսում միշտ Էդվարդ Նորթընի Fight Club-յան հայտնի դեմքով եմ, որովհետև everything is a copy of  a copy of a copy of a … Իջնելիս վճարում եմ մեր «անվճար ուսանողականին»: Վարորդը՝ Սիմոնը, որ իմ ու Արևի թեթև մտքով Սայմըն է դարձել, ինչպես միշտ, բարի-դեբիլոտ ժպտալով վերադարձնում է մանրը: Մոտավորապես էսպես ես բարևում եմ մետրոյի՝ ժետոն վաճառող կանանց: Ու ինչպես իրենք են իմ բարևն անպատասխան թողնում, էնպես էլ ես՝ Սայմընի ժպիտը:  Օրիգինալ սիրային եռանկյունի ենք:

Չեմ իջնում էնտեղ, որտեղ ԵՊՀ-ում սովորող երեխեքն են իջնում: Շատ քայլել ու մենակ քայլել: Սա, եթե դրական լիցքեր չի տալիս, գոնե բացասականից է մի քիչ մաքրում:
Հասնում եմ համալսարան՝ շնչակտուր: Կես ժամից ավել ժամանակ դեռ կա, բայց արագ քայլելը չբուժվող հիվանդություն է: Բարևում եմ շենքի մաքրուհիներին, գնում՝ 4-րդ հարկի հայելուն այցի: Դասամիջոցներին էստեղ փումփուլիկաաղջիկախառը ռոմանո վիճակներ են: Հիմա մենակ ես եմ: Օ՜, որքան գոհ է հայելին դրանից: Մեյքափով մաքրում եմ Էդվարդ Նորթընին, ժպիտ եմ նկարում ու գնում լսարան: Երաժշտություն եմ լսում, ծիտիկների հետ շփվում (Ռոմանոյի չէ՝ իսկական), գրատախտակին Բարսայի լոգոն նկարում, հաստ տառերով YNWA գրում: Հետո կամաց-կամաց գալիս են երեխեքը: Իսկ ես արդեն մի քիչ պայծառ եմ:  «Ինչի՞ ես տխուր» հարցի ամենահեշտ պատասխանն եմ գտել. ուղղակի աշխատում եմ տխուր չերևալ:
Դասերից հետո համալսարանում իվենթ կար: Էս անգամ մնացի: Արդեն ժամը 4-ն է, կուրսեցիներս տանն են, ես՝ երկրորդ տանս՝ Մետրոնոմում: (Եթե ուշացել ես ուսանողականից, հեհե, հաջորդ ավտոբուսը ժամը 6-ին է: Իսկ եթե դրանից էլ ես ուշանում, հաջորդը ուժս կինո ժանրից է, չեմ պատմի): Մտածում եմ, եթե Նոր տարվան Մետրոնոմի Հանրապետության նախագահը պարգևներ բաժանի, ինձ առաջինն ա «պատվավոր քաղաքացի» տալու: Բայց ես չեմ գնա, որովհետև ոչ մի տեսակի նախագահից չարժի մեդալ ստանալ, կամ ավելի ճիշտ՝ որովհետև հոգնած կլինեմ: Հետո կայարան եմ գնում՝ մետրոյում սիրահարվելով կամ էլի մետրոյին սիրահարվելով: Ավտոբուսում տեղ եմ պահում ու չվում պոնչիկանոց: Մի հատ թռչնի կաթ: Նայն, հարուստ չեմ, ուղղակի ատում եմ պոնչիկը:
Ավտոբուսը գնում է, գնում է, գնում է… Ես փակում եմ աչքերս, դնում ականջակալներս, որ չտեսնեմ, չլսեմ բարձրահասակ, մկանուտ տղաներին, որոնց կարող էի սիրահարվել, բայց որոնք ոստիկան են ու հրճված պատմում են, թե ոնց են ցուցարար ծեծել: Ավտոբուսը գնում է: Ես համարյա լացում եմ: Ավտոբուսը դեռ գնում է… Մի քանի հավերժություն անց քայլում եմ գյուղի մութ ու դատարկ փողոցներում ու 15 րոպեով սիրում մեր գյուղը: Հետո տանն եմ: Մի քանի ժամ նստում եմ անջատված, էս ընթացքում կարող եմ ժպիտոտ նկար փոսթել՝ տափակ գրությամբ կամ քո նկարը լայքել: Հետո, երբ կուրսեցիներս գնում են քնելու, ես միանում եմ ու անցնում դասի:
3-ն անց ա: Ուզում եմ օրագրիս պատմել, թե ինչքան սիրահարված եմ ու ինչքան կոտրված: Բայց հոգնած եմ, թող մնա վաղը:
…Հոգնած եմ AC/DC լսելուց ու երևակայելուց, թե Դինի Impala-յում եմ, ու սլանում ենք Թեքսասի անմեքենա, անծայր փողոցներով, երբ իրականում Սիմոն-Սայմընի ուսանողականում եմ, գնում ենք հավերժական հյուսիս-հարավով ու լսում «Գիտե՞ս՝ հիմա ինչ կուզեի»: Հոգնած եմ Լուսառատի փողոցներում Englishman in New York լսելուց, արթհաուս ֆիլմի աղջիկ ապրելուց, պարապելով ֆուտբոլ լսելուց…

Հահ, սրանք երևի անցյալում կմնան: Հիմա այնքան հոգնած չեմ, որ նյութ եմ գրում: Այսուհետ գոնե մի քանի ամիս Երևանում եմ ապրելու ու… Ու ուշանալու եմ դասից՝ առնվազն կես ժամ: Վրեժ է, սիրելի՛ս:

Mane Minasyan

Եթե չեք սիրում սովորել, համալսարան մի եկեք

Փոքր տարիքից սովորություն ունեմ ամեն երեկո օրացույցից ջնջել անցնող օրվա ամսաթիվը: Տարիների սովորություն դարձած գործողությունն էի կատարում հերթական անգամ, երբ նկատեցի, որ նոյեմբերն արդեն երկու մասի է բաժանվել՝ անցյալում ավելի մեծ քանակով օրեր թողնելով:

Սեպտեմբեր 2017, հոկտեմբեր 2017 ու նոյեմբեր 2017-ի կես: Ահա այն ժամանակահատվածը, որ ես ու հասակակիցներս ապրում ենք նոր ու ավելի հագեցած, հետաքրքիր ու, ինչու չէ, նաև բարդ ու ավելի պատասխանատու կյանքով, որը մեկ բառով անվանում ենք ուսանողություն:

Վստահ կարող եմ ասել, որ մենք՝ ուսանողներս, այս ամենին հասնելու համար անցել ենք տարբեր փորձությունների միջով:

Այս նոր փուլի, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ, հուսով եմ, բոլորս էլ ինչ-ինչ հույսեր ենք կապել, մտովի այն հազար անգամ կառուցել ու քանդել ենք:

Արդյոք որքանո՞վ են արդարացել հույսերը, ինչքանո՞վ էին դրանք համապատասխանում մեր սպասումներին, փորձել եմ պարզել՝ զրուցելով հասակակիցներիս հետ:

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անյան պատմում է, որ իր մանկության երազանքներից մեկն է եղել հեռուստաստուդիայում աշխատելը: Փոքր տարիքից բոլորն իրեն ասել են, որ հաղորդավարուհու կեցվածք ունի: Անյան պատմում է, որ ինչպես բոլոր դեռահասների գլխում, այնպես էլ իր, հազարավոր մասնագիտություններ են պտտվել, մինչև վերջապես ընտրել է այս ուղին: Նա նաև նշեց, որ իր սպասումներն ու իրականությունն իրարից այդքան էլ տարբեր չեն, իսկ նպատակները կամաց-կամաց իրականանում են: Գիտի, որ սա այն մասնագիտությունն է, որն իրեն հնարավորություն կտա ներկայանալ իր բոլոր կարողություններով:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սիլվին էլ պատմում է, որ փոքր տարիքից երազել է դառնալ դերասանուհի, սակայն տանը համաձայն չեն եղել: Բայց մի օր հեռուստացույց դիտելու ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս լրագրողի աշխատանքը և որոշել է սովորել այդ մասնագիտությունը: Նշում է նաև, որ ունի այդ մասնագիտությանը բնորոշ շատ հատկանիշներ՝ ակտիվ է, հետաքրքրասեր, շփվող ու զրուցասեր:

Սիլվին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր շատ հետաքրքրասեր են, սիրում են ակտիվ կյանք, ունեն գրագետ ու ճկուն խոսք, գալ ու սովորել այս ֆակուլտետում, որովհետև ժուռնալիստիկան հենց այդ մարդկանց համար է: Սակայն այս ֆակուլտետ պետք է մասնագիտությունը սիրելով գալ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որին պետք է ամբողջ սրտով ու հոգով նվիրվել: Սիլվին նշում է նաև, որ երբեք չի զղջա, որ ընտրել է հենց այս համալսարանն ու այս բաժինը:

Իսկ ահա Սոնան, ով սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում, պատմում է, որ սկզբում ամեն ինչ խորթ է եղել, անգամ մտածել է, որ սխալ ու իրեն ոչ համապատասխան բաժին է ընտրել: Սկսել է համեմատություններ տանել դպրոցի ու համալսարանի միջև և մինչև հիմա էլ այն կարծիքին է, որ դպրոցն ուրիշ է և միշտ ուրիշ կմնա իր կյանքում, բայց ուսանողական կյանքն էլ իր համն ու հոտն ունի, իսկ կուրսի մասին միայն լավը կարող է ասել:

Զրուցելով մյուս ընկերներիս հետ՝ լսել եմ շատ նման ու տարբեր կարծիքներ: Նրանցից ոմանք անգամ ստիպված են դասի գնում, որովհետև իրենց ընտրած մասնագիտությամբ չեն սովորում, ընկերներ էլ ունեմ, ովքեր իրենք են ընտրել, սակայն փոշմանել են: Իսկ համալսարանն այն վայրն է, որտեղ պետք է գալ սիրով ու սովորելու ցանկությամբ:

Առայժմ այսքանը, իսկ հիմա շարունակեմ դասերս, չէ՞ որ ես էլ առաջին կուրսի ուսանողուհի եմ, ով գնում է իր նպատակի հետևից:

gohar hakobyan (ararat)

Զինվորի հետ, զինվորի կյանքով

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Այդ օրը այն գեղեցիկ ու լուսավոր օրերից մեկն էր, երբ երազանքս իրականացած եմ համարում: Ամբողջ գիշեր անհամբերությունից աչք չէի փակել, սպասում էի, թե երբ կլուսանա:
Ահա, տեղում ենք, բացվեցին դարպասներն ու իմ առաջ պատկերվեց զինվորական կյանքը:
Երբ կանգնում ես նրանց կողքին, տեսնում դեմքերը՝ ժպտուն ու հարազատ, բայց սպասումով ու կարոտած, ինչ-որ տագնապ ես զգում: Քայլերս տարան դեպի շարքերը: Շուրջբոլորս հարազատ դեմքեր էին, որոնք ժպտում էին իրենց անծանոթ մարդկանց:
Սիրտս լցված էր, ես ուզում էի արտահայտել հուզմունքս, բայց հավատացեք՝ բառերն անգամ անզոր են նկարագրելու զգացածդ, երբ զինվորներին ես տեսնում:
Ես ապրեցի զինվորի հետ, զինվորի կյանքով:

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Առավոտյան շարահրապարակում էինք: Այնուհետև լսարանում ծանոթացանք զինվորի առօրյայի, նրա հոգսերի ու ուրախությունների հետ: Իսկ հետո ականատեսը եղանք փոքրիկ, բայց խորհրդավոր միջոցառման: Անակնկալ էր զինվորների ելույթը: Ես երբեք չէի պատկերացնի, որ օրերից մի օր գնալու եմ, տեսնելու ու զգալու եմ այն, ինչ հիմա եմ զգում:
Ես ամբողջ ընթացքում մուլտֆիլմի հայտնի աղջկա նման բերանս բաց շրջում էի: Կյանքում չէի մտածել կամ պատկերացրել, որ զինվորն էր ինձ օգնելու զենք բռնել, քանդել կամ հավաքել այն:

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Լուսանկարը՝ Գոհար Հակոբյանի

Ես շփոթված դեսուդեն էի նայում, փորձում էի կողմնորոշվել: Ճաշարանում զինվորները հավասար իրար մեջ են բաժանում այդ օրվա աղցանը, հաճույքով վայելում են սառը թեյը կամ կոմպոտը:

Նաև նվեր ստացա. աղոթագիրք զինվորից: Սա էլ հպարտություն զգալու առիթ էր ինձ համար:

Ինչպես անցկացնել աշնանային արձակուրդները

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են դպրոցական աշնանային արձակուրդները, որոնք մեկ շաբաթ են տևելու: Մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչով կարող է զբաղվել դպրոցականը իր արձակուրդի ընթացքում: Այդ պատճառով մեր թղթակիցները հարցումներ անցկացրին տարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում: Տեսնենք, թե ինչ են խորհուրդ տալիս ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ դպրոցականներին. ինչ անել, ուր գնալ, ինչով զբաղվել աշնանային արձակուրդների ժամանակ: 

Տավուշի մարզ, գ. Ներքին Կարմիրաղբյուր 

-Խաղերով զբաղվի, դասերով զբաղվի, էլ ինչո՞վ զբաղվի, թող ծնողին օգնի (Լաուրա Սազբանդյան, 71տ., վաճառողուհի):

-Էս սահմանի՞ն, ստեղ րեխա կա՞, վեր մեկ էլ հանգստանա: Եթե սահմանըմ ենք` վետներս մեր կարպետնու գորա պետք ա մեկնենք (Ռոմիկ Ադամյան, 80 տ.):

-Պետք ա քնան՝ մի տեղով մակարդակնիքը փոխեն, ես 50 տարի աղաք եմ դպրոցը պրծել: Էն ժամանակ կոմունիստների վախտն ա լել, էն ժամանակ սկի ծնողնիքը հիլ չեն արել՝ րեխեքը տանից տուս կան: Իրավունք չեն ունեցել, վեր կինո քնան, էն վախտ նոր էր «վեչեր-մեչերը» ադաթ ընգնըմ: Բայց հմի կարան րեխեքը ազատ էքսկուրսիա քնան, տա շատ լավ ա (ժենյա Առաքելյան, 67 տ.):

-Մեծերի տուն գնացեք, օգնեք իրենց, հնարավոր է՝ փայտերը կոտրած լինեն, դասավորած չլինեն, գնացե՛ք օգնեք, ձեզ էլ լավ կզգաք (Էմմա Ադամյան, 53 տ.):

-Ֆիզկուլտով թող զբաղվեն, տատիկ-պապիկին էլ չմոռանան (Վեներա Ադամյան, 69 տ.):

-Տասերո՛վ, տասերո՛վ, ջա՜ն, մաթեմը, մաթեմը շատ եմ սիրըմ (Արտյոմ Գալստյան, 9 տ.):

-Եթե դրսում մարդ ունեն, թող գնան՝ հանգստանան, օդը փոխեն, մեր էս գյուղիցը մի շաբաթով կտրվեն, իսկ եթե չկա էդ մարդը, թող ծնողներին օգնեն, գյուղում տհենց հետաքրքրություն չկա, վեր րեխեն դպրոցից դուրս զբաղվի (Նարգիզ Հովհաննիսյան, 44 տ.): 

-Թող գրականություն կարդան, թող Աստվածաշունչ կարդան, ամենալավ պանն ա (Սվետա Չոբանյան, 47 տ.):

-Գործ արեք ծեր տներըմը, ընկերների հետ խաղ արեք, վատ գործերով չզբաղվեք, ծեր ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք (Վերա Ադամյան, 83 տ.):

-Գիրք կարդան առաջինը, ամենավստահելին գիրքն է, շախմատ թող խաղան, միտք զարգացնեն (Աստղիկ Առաքելյան, 33 տ.):

Լիա Ավագյան

***

Երևան

-Առաջարկում եմ, որ դպրոցականները գնան կինո կամ թատրոն, կարդան գրքեր և ամեն առավոտ գնան վազելու (Էսթեր Մխիթարյան 28տ., գրող, հրապարակախոս):

-Գիտե՞ք` արդեն աշնանային տոներին գումարվել է ևս մեկ, այն էլ մեկ շաբաթ տևողությամբ աշնանային արձակուրդը: Բայց դե, եկեք լիարժեք չտրվենք «տոնին»: Վերջապես հիշենք վերոնշյալ տոնի իմաստը. hանգստանալ դպրոցական առօրյայից, ոչ թե ուսումից: Հետևաբար, չմոռանանք օրվա որոշակի, թեկուզ չնչին հատվածը տրամադրել դասերի կրկնողությանը կամ ամրապնդմանը: Նաև մի՛ մոռացեք, որ դրսում ամենագեղեցիկ եղանակն է ընկերների հետ հավաքվելու, կինոթատրոն կամ թատրոն գնալու ու պարզապես միմյանց հետ լավ և առողջ ժամանակ անցկացնելու համար (Լիլիթ Խլոյան, 26տ., ուսուցիչ):

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

-Միանշանակ, ազատ ժամանակ թող շատ կարդան: Դա կարևոր է: Ես չեմ կարդացել, գոնե իրենք թող կարդան (Անդրանիկ Հարությունյան 35տ., դերասան, հումորիստ):

-Իմ փորձից ելնելով՝ հորդորում եմ, որ ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնեն խաղահրապարակում և հաճախեն սպորտային մարզումների (Հովհաննես Բաչկով, 25տ., բռնցքամարտիկ):

-Ես կարծում եմ, որ հանգիստը լավ բան է, երբ տրվում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Խորհուրդ եմ տալիս դպրոցականներին էդ մի շաբաթը հանգստանալ: Ուղղակի հանգստանալ: Ուրիշ բան անել պետք չի: Նաև կառաջարկեի աշնանային զբոսանքներ, արշավներ, ընկերների հետ անտառային պիկնիկներ: Նաև ուղեղի հանգիստ` բառախաղերի և գրադարաններ այցելությունների միջոցով: Հայրենասիրական, մայրական քնարերգության թեմաներով ասմունքի երեկոներ կան: Ցանկալի է, որ գան լսեն ու հարստացնեն իրենց գիտելիքների պաշարը (Լիանա Զուրաբյան, 38տ., ասմունքող):

-Թող միանան ԱԿԿ-ին (ակտիվ կամավորների կազմակերպություն) և մեզ հետ անցկացնեն արձակուրդները պրոդուկտիվ, ընկերական ու զվարճալի միջավայրում: Դպրոցականները ձեռք կբերեն աշխատանքային փորձ և իհարկե, նոր ընկերներ (Արեգ Գալոյան, 16տ., դերասան, ԱԿԿ ղեկավար):

-Վերջերս կենդանաբանական այգում էի, բավականին փոխվել է։ Վստահ եմ՝ հետաքրքիր կանցնի։ Բուսաբանական այգին էս սեզոնին շատ սիրուն է, կարող եք գնալ ու սիրուն տերևներ հավաքել: Այս սեզոնին Գեղարքունիքի մարզում կարտոֆիլ են հավաքում ու սիրուն մի արարողություն կա՝ կոչվում է փուռ։ Աթարի մեջ կարտոֆիլ են եփում, շատ համով է ու հետաքրքիր: Կարող եք գնալ Գեղարքունիք (Զոհրաբ Հարոյան, 32տ., լրագրող):

-Խորհուրդ կտամ կազմակերպել կամ մասնակցել ճանաչողական ու զարգացնող միջոցառումների, էքսկուրսիաների և այցելությունների (Թամարա Հակոբյան, 34տ., աշխարհագրագետ, մանկավարժ):

-Նստել տանը, ուտել և քնել, ապա դասերն անել (Հարութ Բալյան, 21տ., օպերատոր):

-Խորհուրդ կտամ երեխաներին այդ մեկ շաբաթը հնարավորինս օգտակար անցկացնել: Ճիշտ է՝ հիմա շատ են բարկացած իրենց դասերից, բայց թող վերցնեն մի գեղարվեստական գիրք, որը խորհուրդ են տալիս հարազատները կամ ընկերները, և սկսեն կարդալ: Եվ ի վերջո, չմոռանան լավ ու որակով երաժշտություն լսելու մասին (Վահե Մարգարյան, 20տ., երգիչ):

-Գիրք կարդալուց լավ հանգիստ չկա դպրոցականի համար: Հետո կարդալու ժամանակ չի լինում, բայց պետք է (Վահագն Դավթյան, 25տ., գրող, ռեժիսոր):

-Այցելություններ թանգարաններ և կինո (Արկադի Գրիգորյան, 38տ., պատմաբան, լրագրող):

-Լավ է, երբ հնարավորության դեպքում աշխատող մարդը մեկնում է հանգստի Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր: Խորհուրդ կտամ 7-օրյա հանգստի մեկնելիս վերցնել սիրած գրականությունը և վայելել այն բնության գրկում (Սավուղ Չիլինգարյան, 68տ., ինժեներ):

-Արձակուրդը հաճախ ամենաարդյունավետ ու հագեցած ժամանակահատվածն է լինում ուսումնական տարվա մեջ, եթե, իհարկե, հաջողվում է այն լավ կազմակերպել։ Այն օգտագործեք որպես լավ հնարավորություն՝ գեղարվեստական գրականության մի քանի լավ նմուշ կարդալու համար:

Եթե կան համապատասխան կարճաժամկետ դպրոցներ նշված ժամանակահատվածի համար, ըստ հետաքրքրության՝ կարելի է հաճախել ու նոր հմտություններ ձեռք բերել:

Ձեռքի աշխատանքի սիրահարների համար իդեալական է համացանցից վերցնել մի ուսուցողական հոլովակ ու ինչ-որ կահույքի մաս կամ դեկոր սարքել դպրոցի կամ տան համար: Աշնանային եղանակը շատ տրամադրող է մի քանի գլխարկ, շարֆ, կիսաշրջազգեստ կամ այլ հագուստ գործելու համար (Աշխեն Հակոբյան, 26տ., լեզվաբան, ազգագրագետ):

-Թող կարդան շատ գրքեր և գնան «Սուպեր մամա 2»-ը նայելու (Ռուբեն Եսայան, 21տ., սցենարիստ):

Վալենտինա Չիլինգարյան, Արարատի մարզ, գյուղ Ավշար

***

-Ի՞նչ ասեմ, աղջիկ ջան: Շատ զբաղմունքներ կան: Իրենք պետք է գտնեն իրենց համար զբաղմունք: Իրենք պետք է իմանան՝ որն է իրենց համար լավ, որը՝ վատ (Ալոյան Անահիտ, 60 տարեկան, գործազուրկ):

-Մաքուր օդի դուրս գան, գնան թանգարաններ, գրքեր կարդան, հեռուստացույցով քիչ նայեն էդ ապուշ ֆիլմերը: Ընկերների, ընկերուհիների հետ գնան զբոսանքի՝պուրակում, այգում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում (հրաժարվում է նշել անունն ու տարիքը, մոտ 58-60 տարեկան տղամարդ): 

-Դպրոցականները պիտի ունենան իրենց ազատությունը, բայց նաև չպիտի մոռանան հանձնարարականների մասին: Լրիվ կտրվել դպրոցից չեն կարող, բայց պիտի զբաղվեն սպորտով, կողմնակի զբաղմունքներով, իհարկե, ծնողը պիտի կարողանա ծրագրել, որը խիստ կասկածելի է մեր օրերում, որովհետև ծնողները չունեն դրա ժամանակը (Հովհաննիսյան Անահիտ, 60 տարեկան, ուսուցիչ, դասախոս):

-Դպրոցականները կարող են ամեն լավ բան անել: Զբաղվել ամեն ինչով՝ բացի ձեր այդ ձեռքի հեռախոսներից, ամբողջ օրը դրանով զբաղվում են էլի (Նաիրա Սարգսյան, 58 տարեկան, փոստատար):

-Գիրք կարդան: Ով ինչ սիրում է, թող էն էլ անի, բայց լավ բաներ անի: Չբամբասեն: Ավելորդ բաների վրա ժամանակ չծախսեն: Էդ էն տարիքն է, որ ավելի շատ պետք է ուսումով զբաղվեն, էլի, հետո արդեն ուշ կլինի, էդ տարիքը պիտի օգտագործել ճիշտ (Գևորգ Մարտիրոսյան, 24 տարեկան, երգիչ):

-Ես ամեն օր խաղում եմ, բայց գրավորներս բոլորը գրել եմ: Ֆուտբոլ եմ խաղում, պահմտոցի, հիվանդանոց: Ես 7 օրում պիտի աղյուսակը լավ սովորեմ (Կորյուն, երկրորդ դասարանի աշակերտ):

-Մի շաբաթում ձեռագիրս կսիրունացնեմ, վարժ կկարդամ, տենց, էլի, տենց բաներ (Ալեքս, երկրորդ դասարանի աշակերտ):

Անուշիկ Մկրտչյան, Արագածոտնի մարզ, գյուղ Արագած (հարցումներն անցկացրել է Երևանում)

***

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ներքին Գետաշեն

-Դե, Ներքին Գետաշենում ժամանցի վայրեր չկան, որտեղ կարող է իր օրն անցկացնել դպրոցականը, բայց կարծում եմ՝ այս օրերին ավելի հարմար կլինի դպրոցի դասերից կտրվել և գեղարվեստական գրականություն կարդալ (Կարինե Ավետիսյան, 38 տ.):

-Կարծում եմ՝ դպրոցականը այս օրերին պետք է ավելի շատ կարողանա օգնել իր ծնողներին, որովհետև աշուն է, և գյուղում շատ անելու բան կա: Բացի այդ՝ կարող է նաև իր օրերն անցկացնել որևէ հարազատի տանը (Տաթևիկ Սահակյան, 34 տ.):

-Արձակուրդի ժամանակ դպրոցականը պետք է հանգստանա և շատ չծանրաբեռնվի այլ բաներով: Կարող է մեկ շաբաթն անցկացնել տատիկի տանը կամ, օրինակ, ճամաբարում: Թե չէ՝ գյուղում նա մեծ հնարավորություններ չունի իր օրը ճիշտ կարգավորելու համար (Անուշ Պողոսյան, ուսուցչուհի):

-Դպրոցականը ավելի շատ կարող է իր օրը անցկացնել գրադարանում՝ հետաքրքիր գրքեր ընթերցելով ու որևէ հետաքրքիր բան սովորելով (Զանիկ Գորանցյան, 57տ., տնային տնտեսուհի):

-Դպրոցական արձակուրդներին աշակերտը պետք է ուղղակի հանգստանա ու փորձի տրամադրվել ավելի լավ սովորելուն: Այսքանը (Սարիբեկ Գևորգյան, 67տ., հաշվապահ, այժմ արտագնա աշխատող):

-Դպրոցականի համար համապատասխան վայրեր չկան, բայց նա կարող է այդ օրերին ինքնակրթվել, որևէ հետաքրքիր բանով զբաղվել կամ մասնակցել արշավների (Ժաննա Մալխասյան, ուսուցչուհի):

-Այ, աղջիկ ջան, հիմա ո՞վ է մեզնից խորհուրդ հարցնում ու լսում: Հիմա դպրոցականի դեմքն էլ է կորել, սովորելու ցանկությունն էլ: Էս օրերին գոնե մի օգտակար բան թող անի, իր ծնողին օգնի (Կազբեկ Գևորգյան, 75տ.):

Անուշ Աբրահամյան

***

Լոռու մարզ, գյուղ Դսեղ

-Աշնանային արձակուրդները դպրոցից հանգստանալու հիանալի հնարավորություն են: Այս օրերին ես նախընտրում եմ ավելի շատ բնության գրկում լինել, ֆուտբոլ խաղալ կամ տեսանյութեր մոնտաժել: Չի կարելի ասել, թե հետաքրքրությունները շատ են մեզ մոտ, բայց անձամբ ես նախընտրում եմ աշնանային արձակուրդները գյուղում անցկացնել, այլ ոչ թե քաղաքում: Այստեղ այնքան շատ վայրեր կան այցելելու, որոնք այս եղանակին ուղղակի հեքիաթային են: Ինձ թվում է՝ քաղաքացիներն էլ շատ կցանկանային հիմա մեզ մոտ լինել: Ձանձրանալու ժամանակ չի լինում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ ֆուտբոլի թիմով ենք հավաքվում՝ մարզվելու: Կարևոր է նաև ինքնակրթությունը. համակարգչային ծրագրերով եմ աշխատում ու փորձում եմ խորացնել հմտություններս: Հա, մեկ-մեկ էլ ֆրանսերեն եմ սովորում: Գրքեր քիչ եմ կարդում, կամ ավելի ճիշտ, համարյա չեմ կարդում: Եթե կարդամ էլ, միայն վատ եղանակին, իսկ հիմա ավելի շատ պետք է դրսում լինել (Սյուզի Ղուլինյան, 13 տ.):

Անի Ղուլինյան

***

Կոտայքի մարզ, գյուղ Արզական

-Նստեն իրանց դասերը սովորեն, չարություն չանեն, խելոք լինեն, հիրանց տատիկներին, պապաներին չջղայնացնեն (Արմեն Հովհաննիսյան, 40 տարեկան, գործազուրկ):

-Քանի որ մեկ շաբաթ է արձակուրդը, թող ամեն մեկն իր ցանկությամբ անցկացնի և ամենակարևորը՝ լիարժեք հանգստանա (Անահիտ Մարկոսյան, 38 տարեկան, տնային տնտեսուհի):

-Հագուստ գործելով, օրինակ՝ ժակետներ, գլխարկներ, ձեռնոցներ: Քանի որ աշուն է, թող պտուղ-բանջարեղենը հավաքեն, երաժշտություն լսեն, տարբեր միջոցառումներ անցկացնեն (Քնարիկ Ասատրյան, 50 տարեկան, թոշակառու):

-Հիմնականում պետք է զբաղվեն գրքով, ընթերցանությամբ, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, ոնց որ առաջ է եղել (Սյուզի Սողոմոնյան, 31 տարեկան, տնային տնտեսուհի):

-Բնականաբար, արձակուրդները երեխաների հանգստանալու համար են՝ սակայն միշտ չէ, որ պարապ-սարապ պիտի թրև գան: Անհրաժեշտ է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ընթերցել, լինել Լեռնային Ղարաբաղում, հայրենաճանաչությունը շատ մեծ դեր ունի երեխայի ընդհանուր զարգացման համար, այդ իսկ պատճառով պետք է լավ ճանաչել հայրենիքի յուրաքանչյուր ծառ ու թուփը, կենդանական և բուսական աշխարհը, մարդկանց կենցաղը, սովորությունները և անպայման ընթերցել, որովհետև ընթերցանությունն է, որ մարդուն տանում է գիտելիքների մեծ տաճարը, որտեղ մարդը դառնում է բազմակողմանի զարգացած անձնավորություն: Այնպես որ, արձակուրդը նրա համար չէ, որ պարապ-սարապ թրև գան, անհրաժեշտ է ռացիոնալ օգտագործել յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, որովհետև կյանքն էնքան կարճ է, շատ արագ է թռչում, ինչը որ կորցրիր, այլևս հետ բերել չես կարող (Սուսաննա Մանասյան, 67 տարեկան, թոշակառու):

-Օգնեն այգիներից միրգը հավաքել, ծառերի տերևները հավաքեն վառեն, ձմռան համար ցախ հավաքեն, էլ չեմ մանըմ (Գոհար Սուքիասյան, 93 տարեկան, թոշակառու):

-Ազիզ, իմ թոռնիկները դուրսն են, լավ էլ սովորում են, հըմի իրանք հանգստով են, դասերով են, իրանց խաղերով են, գրքեր են կարդըմ, կինոներ են նայըմ (Ռազմիկ Մնացականյան, 63 տարեկան, գործազուրկ):

-Կուզեմ, որ գնան ծովափ, հանգստանան ու հետ գան երեխեքս (Հայկանուշ Գրիշիկյան, 41 տարեկան, աշխատող):

-Ուղղակի լավ անցկացնեն իրենց արձակուրդները (Նատալյա Մկրտչյան, 75 տարեկան, թոշակառու):

-Գնան անտառ արշավի, կրկնեն հիրանց դասերը (Պետրոսյան Էլիդա, 71 տարեկան, թոշակառու):

Էլադա Պետրոսյան