seda mkhitaryan

Տոներն անցան

Դարակումս դրված գրքերը ինձ են սպասում: Բերել եմ գյուղ, որ արձակուրդին կարդամ։ Արձակուրդը շուտով կավարտվի, իսկ գրքերը երևի կմնան առանց կարդալու։

Ժամանակը կրկնակի արագ է անցնում, երբ ազատ օրեր են։ Տոներն անցան, ու հիմա «հետտոնական սթրես» կոչվածը փաթաթվել է վզիս։

Այս տարվա Ամանորը սիրուն չէր։ Առանց ձյուն ձմեռվա հեքիաթը կիսատ էր, կամ` չկար։

Անցած տարվա փետրվարին ծնված փոքրիկի համար սա առաջին Ամանորն է, ճիշտ է, նա այնքան էլ չի հասկանում չարազից, բլինչիկից ու տոլմայից, բայց դե մենք էլ նրա չափ չենք կարող հասկանալ հրաշքներից, հեքիաթներից ու Ամանորից։

Ինչևէ, մի տարի էլ անցավ, մի եղևնի էլ տոնածառ դարձավ, մի անգամ էլ շամպայնի բաժակները իրար զարկվեցին, կրկին բոլորը իրար շնորհավորեցին, հյուրեր եկան ու գնացին, մենք ինչ որ տեղեր հյուր գնացինք, ու մի թղթապանակ էլ ավելացավ համակարգչի մեջ «Ամանոր» անունով, բայց կողքի թիվը տարբեր է՝ «2018»։ Ամբողջ Ամանորը դարձավ ընդամենը մի քանի լուսանկար ու պահվեց համակարգչում։

Հիմա նստած եմ արդեն ոչ մեկին չգերող տոնածառի կողքին ու զգում եմ բնական եղևնու հոտը: Վառարանը երգում է, դրսում ձյուն չկա, իմ մտքում «Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է…» երգն է, ու մտածում եմ` տեսնես երբվանի՞ց և մինչև ե՞րբ է ժամանակի պարույրը պտտվելու, մինչև ե՞րբ են բոլոր ամանորները իրար նման լինելու, մինչև ե՞րբ ենք եղևնին տոնածառ դարձնելու։ Հռետորական հարցեր չեն, բայց դառնում են այդպիսին։

Կարմիր խաղալիքը կախվել է տոնածառին ու նրա մտքում էլ երևի նույն հարցերն են։

Բայց արդյո՞ք բոլոր ամանորները նույնն են։ Երևի` չէ, այ օրինակ, անցած Ամանորին դու 17 տարեկան էիր, հիմա 18 ես, բայց տարբերությունը միայն այդ մի տարին չի… Այդ մի տարվա մեջ քո կյանքում շատ բաներ են փոխվել։ Մի տարի առաջվա այն աղջիկը հիմա հաստատ նույնը չի։ Նա հիմա նոր մտքեր ու երազանքներ ունի, նա հիմա աշխարհին մի քիչ ավելի «մեծի» աչքերով է նայում։

mariam barseghyan1

Իմ 2017-ը

Նոր տարին նոր կյանքի խորհուրդ ունի: Եվ ամեն տարի մենք ինչ-որ բանի ենք սպասում: Ես, օրինակ, 2018-ից շատ ակնկալիքներ ունեմ: Դե, ճիշտ է, հիմա ուղեղումս բացի միասնական քննություններից ուրիշ բան չկա, բայց ոչ բոլոր ցանկություններս են, որ դրա հետ են կապված: Օրինակ՝ ուզում եմ, որ ինչ-որ մի հրաշքով ատոմային զենքը հօդս ցնդի: Պայթելու իմաստով չէ, այլ ուղղակի անհետանա, ու միայն ատոմայինը չէ, մնացած զենքերն էլ: Լավ կլիներ, չէ՞, մի օր արթնանայիր ու իմանայիր, որ ո՛չ ԻԳԻԼ-ի զորքերը կան, ո՛չ ահաբեկիչները, ո՛չ Ռուսաստանի ու Ամերիկայի բազաները աշխարհի ամեն անկյունում, ո՛չ էլ Ղարաբաղի սահմանից այն կողմ կանգնած թշնամին:

Ինձ փոքր տարիքից սովորեցրել են, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, կատարվում է: Դրա համար ես անկեղծ, անկախ ամեն ինչից՝ խաղաղություն եմ սպասում Նոր տարուց: Իսկ հետո՝ լուսավոր ու չսառցակալած փողոցներ եմ ուզում, որ հենց սառած փողոցների ժամանակը գա, երեկոյան ուշ տուն գնալիս ո՛չ ես ընկնեմ, ո՛չ էլ մեր բակի տատիկները: Բայց այս մի բանը Ձմեռ պապիկից չէ, որ պետք է խնդրեմ: Փողոցների մաքրման հարցը քաղաքային իշխանությունների գործն է, և հույս ունեմ, որ նախորդ տարվա նման Սուրբ Ծննդյան օրը չեմ վախենա եկեղեցի գնալուց: Հիմա կմտածեք՝ հիշաչար եմ, և ես էլ չեմ հերքի: Այնպես որ, բոլոր Ձմեռ նախագահներ, Ձմեռ մարզպետներ, Ձմեռ քաղաքապետեր, Ձմեռ գյուղապետեր և, իհարկե, սիրելի Ձմեռ պապիկ, քանի որ մենք մեզ լավ ենք պահել այս տարի, դուք ուղղակի պետք է մեզ համար հաջող տարի բերեք:

Լավ մնացեք…

Խմբագրության կողմից- Վերջին ցանկությունդ բնության կողմից արդեն իրականություն է: Դե, համենայնդեպս, առայժմ: Ձյան փոխարեն քեզ անձրև է նվիրում:

hovik vanyan dsex

47 համարի միջի հայերը

-Ինչ լավ ա, դիմացը տեղ կա,- մտածեցի ես ու նստեցի 47 համարի տրանսպորտը: Դե, եթե հետևը նստեի, հաստատ մինչև տուն հասնեի, «սաղ չէի մնա»:

Անձրև էր գալիս, պատուհանը քրտնել էր, ես էլ պատկերներ էի նկարում ու  մտածում, որ եթե ձյուն չգա, Նոր տարին հավես չի անցի: Հետո ուշադրությունս գրավեցին ամենուր կախված խաչերը,  որոնց թիվը, եթե չեմ սխալվում, 14-ն էր: Սկսեցի հետևել վարորդի շարժումներին, նրա ջղային դեմքն էլ էր նույն արտահայտությամբ, ժպտացողն էլ:

Մի քիչ հետո լսեցի,  որ երկու կին ծիծաղում էին մյուս կնոջ վրա, ով մտածում էին, թե նստել է իր երեխայի վրա: Երրորդ կինը հասկացավ,  թե ինչու են ծիծաղում մյուսները, ասաց, որ ինքը այդքան հիմար չի, որ երեխայի վրա նստի: Հա, վերջում էլ հավելեց,  որ ինչքան տափակ կարող են լինել մարդիկ: Էսքանը` ուղղակի:

Հետո սկսվեց մի խոսակցություն, որը չէի էլ կարող պատկերացնել, թե մինչև ուր կհասնի: Ա մարդն ասաց վարորդին, որ 47 համարը էդքան շատ ա, ինչո՞ւ չի հաճախ աշխատում, վերջինս էլ ասաց, որ դա իր խնդիրը չի: Բ մարդը կողքից խառնվեց խոսակցությանը, ասելով, որ էնքան շատ մարդ է լինում էս տրանսպորտի մեջ, որ եթե չբռնվեն էլ, հաստատ չեն ընկնի: Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ դիմացը նստած, քթիս տակ ժպտում էի, որ նման թագավորական տեղ եմ նստել: Լավ, ինչևէ, հետո, չեմ էլ հիշում, թե ոնց խոսակցությունը հասավ թանկացումներին, ճիշտն ասած, առաջին անգամ էի տեսնում, որ վարորդն ու ուղևորները նման զրույցի բռնվեն:

-Հենա, հունվարից էլ 5000-ով կկրճատեն ուսուցիչների աշխատավարձը:

-Տո մենակ ուսուցիչներինը չի, ոստիկաններինն էլ ա:

-Դրանք հեչ, է: Տեսնո՞ւմ եք՝ ոնց են ամեն ինչ թանկացնում, իբր էս տրանսպորտի փողը չթանկացրին: Էդ կարագի,  մսի, ամեն ընչի տեղն էլ հանում են:

-Մորքուր ջան, խի դու կարագ չե՞ս առնում երեխեքիդ համար:

-Չէ, որ չեմ կարում, ո՞նց առնեմ:

Սրանք մի քանի պատառիկներ են իմ լսած խոսակցությունից: Ճիշտն ասած, երկար տևեց այն, բայց չեմ ուզում շարունակել: Ուղղակի հասկացա, թե ինչքան դժվար է ապրել նման պայմաններում:

Հ.Գ. Սիրելի Ձմեռ պապ, խնդրում եմ, այս տարի այնպես արա, որ ամեն մարդ երջանիկ ու բարեկեցիկ ապրի…

janna sargsyan lori

Սպասված տոնն ու «Տանը միայնակ»-ը

Եթե գոնե մեկ անգամ դիտել ես «Տանը միայնակ» ֆիլմը, ապա կհասկանաս, թե որ տոնի մասին է խոսքս: Նախքան տոնին անցնելը՝ մի քիչ խոսեմ ֆիլմից: 1990 թվականին էկրան բարձրացած այս ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց ֆիլմարտադրության մեջ: Ֆիլմ, որ կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից, ֆիլմ, որ ինչքան էլ դիտես, ամեն անգամ նոր հետաքրքրություն կգտնես, ֆիլմ, որում ներկայացվում է փոքրիկ երեխայի միամտությունն ու խորամանկությունը և, վերջապես, ֆիլմ, որ ազդարարում է Նոր տարվա գալը: Նախատոնական օրերին ամենուր կլսես նույն արտահայտությունը: Վաճառողները բողոքում են, որ առևտուր անող չկա, բնակչությունն էլ բողոքում է գումար չունենալուց և թանկացումներից: Մեծահասակներն էլ, արդեն հոգնած այս ամենից, նստում ու պատմում են, թե իրենք առաջներում ինչպես են նշել Ամանորը, իսկ հիմա Ամանորի համն ու հոտը կորել է: Պատմում են, թե ինչպես են ընտանիքի 6-7 զավակները սահնակներով մի խանութից մյուսը վազել, գնումներ կատարել ու լիմոնադների չխկչխկոցով տուն վերադարձել: Չեն մտածել գումարի մասին, որովհետև ամեն ինչ մատչելի է եղել և հասանելի բոլորին: Նոր տարին էլ դիմավորել են հարևան-բարեկամի հետ մի մեծ ընտանիք դարձած: Բողոքում են նաև ամանորյա սեղանից: Պատմում են, որ իրենց ժամանակ ամեն ինչ բնական արտադրանք էր, քիմիական հավելումներով ոչ մի բան չէին գտնի ամանորյա սեղանին: Մի խոսքով՝ բողոքում, բարկանում, բայց բոլորը նշում են Ամանորը: Չէ՞ որ իսկապես սպասված տոն է:

Հ.Գ. Եթե դեռ չես դիտել «Տանը միայնակ» ֆիլմը, ապա արագ փնտրիր և դիտիր:

dayana amirkhanyan

Ձեռք մեկնիր

Ասում են, եթե կյանքում գոնե մեկ անգամ բարեգործություն անես, երբեք անօգնական չես մնա:

Վանաձորը՝ արվեստասերների ու արվեստագետների քաղաքը, իր բարեսիրտ ու պատրաստակամ երիտասարդներով ու գթասիրտ հասարակությամբ միշտ էլ զարմացրել է բոլորին:

Ձեռք մեկնիր…. Ահա և մի ծրագիր, որը կրկին համախմբում է մի շարք երիտասարդների ու տանում դեպի բարեգործության ճանապարհը:

Շնորհիվ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի, Վանաձորի երիտասարդաց միության կամավորների և մի շարք այլ երիտասարդների, Ամանորի շեմին մեկնարկեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ Ամանորյա հրաշքներով լի տոնին ժպիտներ պարգևել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Չնայած այն բանին, որ ժպիտի կարիք ունի ցանկացած ոք, սակայն դա ձեռք բերելը դժվար չէ, ընդամենը օգնել մերձավորին և ժպտալ միմյանց:
2011 թվականից մինչ այսօր ծրագիրը շարունակում է օգնել մի շարք ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը: Այն իրականանում է նաև Գիտելիքի օրվա առիթով: Շնորհիվ կամավորների, հասարակության ցանկացած անդամ կարող է իր ուրույն տեղն ունենալ և ներգրավված լինել ծրագրի մեջ: Ցանկացած անձ կարող է որոշակի չափով օգնել և ինչ-որ բան հատկացնել կամ գումար հատկացնել, որը հետագայում հավասարաչափ կբաժանվի ընտանիքներին:

Այնքան հաճելի է տեսնել մարդկանց, ովքեր մեծ ոգևորությամբ օգնում են հանուն մեկ ուրիշի երջանիկ օրվա:

Ահա սա էլ մի փոքր օժանդակություն է, որը կրկին նպաստում է բարության տարածմանը և ևս մեկ անգամ ապացուցում, որ երբեք ոչ ոք անտեսված չէ:

-Հանուն բարեգործության, հանուն մեկի ժպիտի պետք է դիմակայել ցրտին ու դժվարություններին,- ասում է «Ձեռք մեկնիր» ծրագրի կամավորներից, ավելի ճիշտ՝ «դրականներից» մեկը:

argam movsisyan

Ամանորից մինչև Վանաձոր ու մինչև հայրենիք հասկացությունը

-Մի քանի օր առաջ՝ ամսի 20-ին, մեր գլխավոր տոնածառի լույսերը վառեցին: Մի րոպե, քեզ նկարներ ուղարկեմ: Կտեսնես, որ սիրուն են սարքել ամեն ինչ: Հիմա քաղաքը շքեղության մեջ ոնց որ լինի:
-Մեր մոտ ամսի 25-ին են վառելու:
-Բա ինչի՞ էդքան ուշ:
-Որ Նոր տարվա շունչը մնա:
-Ըհն, նայի: Էս էլ Վանաձորս:
-Հրաշք է Վանաձորը: Իսկական ապրելու տեղ:
-Հա, ճիշտ ես: Էդքան ճոխ չի, բայց մեր քաղաքի համար ընտիր է:
-Նենց լավ ա, որ մարդ իր քաղաքը սիրում ու գնահատում է:
-Դե գիտե՞ս ոնց… Հա, ես սիրում եմ իմ քաղաքը, բայց մեկ-մեկ մտածում եմ, որ էս ապրելու տեղ չի, որ ինչ-որ մի բան պակաս է ամեն տեղ, ու մի բան փոխել էլ չի լինում:
-Չէ, ապրելու լավ էլ տեղ է: Առաջինը ինքդ քեզ պիտի փոխես: Մոռանո՞մ ես. 15 տարի է էդտեղ ես ապրում:
-Օրինակ՝ ես կուզեի ուրիշ երկրներ գնայի, բայց երևի մի ամսից արդեն կկարոտեի Վանաձորը: Կուզեի շուտ հետ գալ: Ուզում եմ ասել՝ շատ բարդ կլիներ ինձ համար ուրիշ տեղ ապրելը:
-Ասենք՝ Եվրոպայի կամ Ամերիկայի որևէ քաղաք:
-Հա, հասկացար, չէ՞, ինձ:
-Համ էլ էդ քաղաքների տոնածառները կտեսնեիր: Բայց ինչքան էլ սիրուն, բարձր ու շքեղ լինեն, քո հարազատ քաղաքի տոնածառին չեն հասնի, չէ՞:
-Ախր, որ ասում են՝ հայրենիք … Հենց էդ է հայրենիքը. էն քաղաքը, որտեղ ծնվել ես, էն տունը, որտեղ ապրում ես: Հայրենիքը էն բակն է, էն դպրոցը, որտեղ ամբողջ կյանքդ է անցել: Նույնիսկ էն նստարանը, որի վրա ընկերներիդ հետ նստել ես: Ու նույնիսկ էն գլխավոր տոնածառը, որ տարին մի անգամ ես տեսնում: Այ, ինձ համար էդ է հայրենիքը:
-Ինչ ճիշտ բաներ ես ասում: Տեսնո՞ւմ ես. կամաց-կամաց սկսում ես մտքերդ փոխել, այսինքն՝ ինքդ քեզ:
-Ուրեմն, արդեն կսկսեմ հա՛մ քաղաքս ավելի շատ սիրել, հա՛մ փորձել իր համար ինչ-որ լավ բան անել:

 

Anush Jilavyan

«Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով»

Երկար դադարից հետո… Նվիրվում է միակ անձնավորությանը, ում կարծիքի համար արժե գրել…

Պատմության ֆակուլտետում՝ նույն ինքը, սև շենքում, շատ հետաքրքիր երևույթներ կան: Դրանք սկսվում են «գլազոկ» պարունակող փայտե դռնից, որը ֆակուլտետի գլխավոր մուտքն է, իրականում շատ հարմար է նայել, թե ով է թակում դուռը, ափսոս, ոչ ոքի մտքով չի անցել համալսարան մտնելուց առաջ քաղաքավարի թակել: Դռնից ներս կամ դուրս (կախված եղանակային պայմաններից) գտնվում է «եվրո» տատին, ով ըստ շրջանառվող առասպելների, բավական մեծ կարողության տեր է (եվրո բառի ծագումը կապվում է դրա հետ): Ներսում աստիճաններ են, որոնցով երրորդ հարկ մաքառելը առավոտյան նախավարժանքին է փոխարինում, միջանցքներում լուսավորություն ապահովում են ջահերը, իսկ սոված ուսանողների սիրած վայրերն են անտիկ ու ժամանակակից բուֆետները:
Մեր մոտ լսարանները երկու տիպի են Wi-Fi-ով և առանց Wi-Fi-ի: Առանց Wi-Fi-ի լսարաններից մեկում հիմնականում մեր բաժնի ուսանողներն են դաս անում (մենք մեզ որպես կանոն հորջորջում ենք մշակութաբան): Չգիտեմ, ավելի շատ ինչն է դարձնում այդ լսարանը առանձնահատուկ. Wi-Fi-ի բացակայությո՞ւնը, հին դասասեղաննե՞րը թե՞ դասախոսությունները, որոնք պատերի, նստարանների ու մինիմալիստական գրատախտակի մեջ են ներթափանցել:

Լուսանկարը՝ Մարիամ Զորիկյանի ԵՊՀ, 326 լսարան

Լուսանկարը՝ Մարիամ Զորիկյանի
ԵՊՀ, 326 լսարան

Բայց այդ լսարանը խոսում է: Նրա պատերը պատմում են ուսանողների մասին, որոնք եղել են այստեղ ու թողել իրենց հետքը, պատերը սևացնելով իրենց մարմնի ուրվագծով:

Խոսում են դասասեղանները ու պատմում ուսանողների մասին, որոշների մասին՝ անունները, կամ թե որտեղից են, երբեմն սիրած ֆուտբոլային թիմերը կամ սիրած երգից ինչ-որ տողեր: Երբեմն պատմում են նաև խնդիրների մասին. «Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով»: Ինչ-որ մեկը գրել էր սա դասասեղանին, արտահայտելով իր բողոքը, այն անարդարության հանդեպ, որին առնչվել է: Մեկի համար դա հանրային գույքը փչացնել է, չեմ վիճում, բայց ինձ համար բողոք է մի մարդու, ով չի կարող սա ասել համակուրսեցուն, ով արտագրել է, կամ դասախոսին, ով չի տարբերում արտագրված և չարտագրված գրավորները:

Մեկ ուրիշ տեղ գրված է. «Իսկ արժի ապրել»: Միգուցե արժի, անձամբ ես դեռ չեմ որոշել հանուն ինչի արժի:

Իսկ այ, գրատախտակը, բախտավոր է ու միաժամանակ ավելի դժբախտ. վրան գրվել են շատ ավելի անուններ, մտքեր, ավելի շատ ծաղրանկարներ արվել, բայց դրանք ջնջվում են ու իրենց տեղը զիջում նորերին:

Ամենափիլիսոփայականը վերջում. գրատախտակի վերևում պատի վրա Էրիխ Ֆրոմի հարցադրումն է “Have or be?” (Լինե՞լ, թե՞ ունենալ):

Սրանից վերև հազիվ նկատելի գրված է “Both have and be” (և ունենալ, և լինել), ցավոք հեղինակի անունը չկարողացա վերծանել:

Ես պատին չգրեցի, դրա համար այստեղ կգրեմ. «Փորձել լինել ունեցողների աշխարհում»:

mariam barseghyan1

Հավատո՞ւմ ես…

Օրինակ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք մարդկանց հրաշքների հավատալու համար:

-Ինձ ոչ մի բան էլ հարկավոր չէ, ես ուղղակի հավատում եմ: Գիտե՞ս ինչու են հրաշքներ լինում: Որովհետև հավատում են, իսկ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս, ամեն ինչ կարող ես փոխել: Եթե Արքիմեդին պետք էր հենման կետ, որպեսզի շուռ տար տիեզերքը, ապա հավատը մարդու համար այն հենման կետն է, որին հենվելով կարող է փոխել աշխարհը:

-Հրաշքների հավատալու համար պետք է հոգով միշտ մանուկ մնաս, ու ամեն տարի Ձմեռ պապին նամակ գրես, տոնածառին խաղալիք կախելուց երազանք պահես ու հավատաս, որ կկատարվի:

-Ես հրաշքների, այսպես թե այնպես, հավատում եմ, ինձ ոչինչ չի խանգարում: Ես պարզապես ուրախանում եմ ամենաչնչին բաներից, և կյանքի հրաշքը հենց դրա մեջ է: Հենց միայն քո ուզած մարդկանց պատահաբար հանդիպելը ի՞նչ է, եթե ոչ հրաշք: Մարդիկ սիրում են իդեալներ դնել ուրիշների մեջ, մեծամեծ ակնկալիքներ ունենալ անգամ անհուսալի իրավիճակներում և հետո հիասթափվել, ինչ է թե՝ իրենց ուզածը չի եղել: Անհրաժեշտ է ապրել շատ հասարակ ու պարզ: Չընկնել հեքիաթների գիրկը, նոր հրաշքներ չորոնել, որովհետև կյանքը ինքնին արդեն հրաշք է:

-Ինձ հրաշքների հավատալու համար հարկավոր է երկու օրից կայանալիք մաթեմի ստուգարքը դրական ստանալ:

-Գիտես, հրաշքները իմ կյանքում միշտ են, ամեն օր: Իմ ամեն մի օրը հավատով է լցված դեպի իմ ներքին հրաշքը:

-Ես անտարբեր եմ հրաշքների նկատմամբ, որովհետև ես ամեն կատարվող լավ բան հրաշք չեմ համարում:

-Հիշում եմ, փոքր ժամանակ մի անգամ ասացի, որ էլ Ձմեռ պապիկին չեմ հավատում: Ծնողներս հակառակն էին պնդում: Ես էլ ասացի, որ եթե կա, ուրեմն թող հենց դեկտեմբերի 31-ին 12:00 ձյուն գա: Ու այդ օրը պատուհանի մոտ կանգնած սպասում էի, և հենց 12:00 էլ ձյուն եկավ: Հիմա էլ ո՞նց չհավատաս, հը՞ն:

-Ես չեմ հավատում, օդից ոչինչ չի լինում:

-Դե գիտե՞ս ոնց, ես ուղղակի հավատում եմ, բայց մասամբ, իսկ այ, երբ մեր կառավարությունը փոխվի, 100 տոկոսով կսկսեմ հավատալ:

-Ծառայության ժամանակ ես զինամթերքով բարձված մեքենայում էի, ու մեր ճանապարհին ադրբեջանցիները ական էին դրել: Մի խոսքով մեքենան պայթեց, ու հավանականությունը, որ այդտեղ ողջ մարդ կմնար, զրո էր: Բայց ինչպես տեսնում ես՝ հիմա այստեղ քո հարցին եմ պատասխանում:

-Պետք է սիրել իրար, դուրս գալ այս անտարբեր վիճակից ու, որ մարդիկ հոգում արև ունենան: Ես երևի հենց այդ ժամանակ կսկսեմ հավատալ հրաշքներին, երբ մարդիկ միացնեն իրենց արևները:

Մեզ փոքր տարիքից սովորեցնում են հավատալ: Եվ երևի դա ամենակարևոր բանն է, որ մենք սովորում ենք մեր ծնողներից: Շատերը մտածում են, որ հավատալու համար պետք է հավատացյալ լինես, բայց գիտե՞ք հավատալու համար հավատացյալ լինելը պարտադիր չէ: Մենք ուղղակի մարդիկ ենք, ովքեր ունեն հատկանիշներ հատուկ հավատալու համար: Օրինակ` լավատեսությունը, նպատակասլացությունը, վերջիվերջո, երազկոտությունը: Մի՞թե մեր այս հատկանիշները չեն ստիպում հրաշքների հավատալ: Հրաշքների նկատմամբ եղած հավատը դա մեր ներսի հույսն է: Հրաշքներին չհավատալը առանց հույսի ապրելու նման բան է, իսկ անհույս կյանքն ո՞ւմ է պետք:

Իհարկե’, միայն լուռ հավատալով բոլոր նպատականերիդ չես հասնի: Պետք է գործես, քայլեր ձեռնարկես, բայց չստացվելու դեպքում էլ պետք է հավատալու ունակություն ունենաս, առաջ շարժվելու համար: Իսկ հրաշքներ լինում են ամե’ն օր, ամե’ն ժամ: Բոլոր նրանք, ում ես ճանաչում եմ, համարում եմ իմ կյանք եկած հրաշք, որովհետև հավատում եմ, որ նրանք ամեն օր ինձ ավելի են մոտեցնում իմ երազանքներին, և նրանք բոլորը հրաշագործներ են, որովհետև հավատում են, հավատ ներշնչելով և ինձ: Ու թեկուզ նրանցից շատերը պնդում են, որ հրաշքների չեն հավատում, ես մինևնույնն է, գիտեմ, հոգու խորքում նրանք դեռ այն երեխաներն են, որ ամանորյա գիշերը տոնածառի լույսերին նայելով քնում էին` ակնկալելով, որ առավոտյան բարձի կամ տոնածառի տակ կգտնեն երկար սպասված նվերը:

Ինձ հրաշք պետք չէ հրաշքներին հավատալու համար, որովհետև ես ու դու արդեն հրաշք ենք:

syuzanna kharatyan

Լոռվա բարբառը

Դասընթացների մասնակցելը դարձել է կյանքիս ուղեկից: Գրեթե ամեն ամիս մի տեղ գնում եմ ու ձեռք եմ բերում գիտելիքներ տարբեր ասպարեզներից ու թեմաներից։ Բայց առավել շատ եմ սիրում, երբ դասընթացը մի քանի օրով է՝ տնից հեռու, տարբեր մարզերի ու համայնքների երիտասարդներով։ Գնում ես դասընթացի, ոչ մեկին չես ճանաչում, համենայն դեպս առաջին մեկ ժամը, իսկ հետո կյանքդ բաժանվում է երկու փուլի՝ մինչև դասընթացը և դասընթացից հետո։ Իրականում, հա, շատ գիտելիքներ ենք ստանում, բայց այսօր չեմ խոսելու գիտելիքի մասին։

Շիրակ-Լոռի. ինչ հետաքրքիր է, չէ՞, տարբեր սովորույթների, տարբեր բարբառների ու հետաքրքրությունների մարդիկ են հավաքվել, սկզբի մեկ ժամի մասին մոռանանք՝ արդեն հարազատ մարդիկ, որոնց յուրաքանչյուրի հետ կապը յուրովի է։ Պատմածս օրվանից արդեն 4 ամիս է անցել (անգամ դրա մասին էլի եմ գրել):  Ընկերներիցս մեկը՝ Էմման,  ով Շիրակից է, ցանկություն է հայտնել սովորել Լոռվա բարբառը՝ սովորում է, և գիտեք, չէ՞, վատ չի ստացվում, իսկ ես փորձում եմ սովորել նրանց բարբառը (ճիշտ է,  ընդամենը սովորել եմ ՝ ինչղ եք, հըբը, քիչմ ու այսպիսի մի քանի բառ ևս, բայց չի ստացվում)… Էն հետաքրքիր պահը, որ դասից հոգնած գալիս եմ տուն, միացնում եմ հեռախոսս. ընկերուհիս է գրել, Գյումրու ընկերուհիս՝ Լոռվա բարբառով, այնքան հաճելի է ու հետաքրքիր։

Էմմ ջա՜ն, խոստովանում եմ. սկզբից շատ էի ծիծաղում նամակներիդ վրա, ծիծաղս ոչ մի կերպ չէի կարողանում զսպել, քանի որ դու ոչ թե բառերն էիր խառնում, այլ «խառներն էիր բառնում»: Այ, էդ վիճակն էր, բայց հիմա արդեն ստացվում է շնորհիվ ընկեր Շախկյանի (ինքն էլ մեր Լոռվա մասնակիցներից է,  ով Էմմային սովորեցնում է Լոռվա բարբառը, հետևաբար, նրան ընկեր Շախկյան ենք ասում՝ կատակով):

Մի խոսքով, սովորեք Լոռվա բարբառը, հա՜մ հետաքրքիր է, հա՜մ էլ սովորեք, էլի:  Դա էլ կիմանաք, չեք փոշմանի, սովորե՜ք Հայաստանի բոլոր բարբառները. Դրանք այնքան գեղեցիկ ու յուրօրինակ են:

anna mesropyan vanadzor

Մեծ մարդը

Մենք նստած էինք դասին: Լեկցիան ավարտելուց հետո դասախոսը մեզ ասաց, որ այդ օրը 10 րոպե շուտ է թողնում, որպեսզի հասցնի երթուղայինին: Նա տարեց մարդ էր և դժվարությամբ էր քայլում, մինչև ինքը երթուղայինին կհասներ, այն արդեն լեփ-լեցուն էր լինում ուսանողներով, և նստելու տեղ չէր լինում:

Ես կուրսի ավագն եմ և դասախոսի այդ խոսքից հետո՝ վեր կացա, վերցրի մատյանը, և դուրս եկանք: Սովորության համաձայն, մտա դեկանատ՝ մատյանն այնտեղ դնելու: Այնտեղ նստած էր մեր ֆակուլտետի դեկանը՝ կարմրած աչքերով և ջղային հայացքով: Նա մի հայացք գցեց ինձ վրա և բարկացած տոնով ասաց.

-Դեռ դասին 10 րոպե կա, ինչո՞ւ եք շուտ դուրս եկել, ո՞ւմ մոտ եք դասի,- պատասխանի չսպասելով հարցնում էր նա:

-Ընկեր Սիմոնյանի,- վախեցած պատասխանեցի ես:

-Ուրեմն հենց հիմա հետ եք դառնում, նստում եք դասի, և մինչև զանգը չհնչի՝ դուրս չգաք: Ինձ ռեկտորը նախատում էր՝ ասելով, որ իմ ֆակուլտետից բոլորը շուտ են դուրս գալիս:

Մենք արագ հետ դարձանք և մտանք լսարան, որտեղ մեր դասախոսը զրուցում էր փոխդեկանի հետ: Մեզ տեսնելով՝ զարմացավ և հարցրեց, թե ինչու ենք հետ դարձել: Մենք ասացինք պատճառը և նստեցինք: Դասախոսս ընկճված հայացքով և տխրամած աչքերով դիմեց փոխդեկանին՝ խնդրելով, որ դեկանին փոխանցի՝ մոտենա իրեն, քանի որ ինքը դժվարությամբ է քայլում: Տիկինը գնաց, բայց նրանից հետո դեկանը չեկավ, դասախոսս հասկացավ, որ նրան ոչինչ չեն փոխանցել և ընկերուհուս խնդրեց գնալ և կանչել դեկանին: Ես ինձ այնքան մեղավոր էի զգում, չդիմացա ու ասացի.

-Թե ես ինչու մատյանը տարա, կարող էր մնալ այստեղ, վաղը կվերցնեի:

Դասախոսս ձայն չհանեց, ուղղակի ժպտաց: Այդ պահին ներս մտավ դեկանը, ու դասախոսս դիմեց նրան.

-Մարտի՛ն, ես ուսանողներին շուտ եմ թողել, որպեսզի հասցնեմ երթուղայինին:

-Ընկեր Սիմոնյան, դուք չե՞ք հասկանում, որ մեր ֆակուլտետի վրա նկատողություն է եկել դասից շուտ դուրս գալու համար, ու դուք հիմա ինձ ի՞նչ եք ասում,- ձայնի տոնը շատ բարձր, գրգռված գոռում էր նա տարեց, բայց մեծ պատմություն ունեցող, մե՛ծ մարդու վրա:

Այո՛, նա մեծ մարդ է, նա այն մարդն է, ով հիմնադրել է համալսարանը, ով 60 տարի այդ համալսարանում նվիրված աշխատել է, տվել գիտելիք, սեր և հարգանք: Նա պրոֆեսոր է, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր և միևնույն ժամանակ՝ համեստ ու հասարակ մարդ: Իսկ այսօր մեր նորաթուխ դեկանը գոռում է նրա վրա:

-Ես հասկացա քեզ, շնորհակալ եմ, որ եկար, մենք կնստենք, մինչև զանգը կհնչի,- ասաց դասախոսս, իսկ դեկանը շրջվեց և գնաց,- իրենց ինչ կա. իրենք հիմա կնստեն իրենց մեքենաները ու տաք-տաք կգնան տուն, իսկ ես պիտի սպասեմ, որ նոր երթուղային գա, որ նստելու տեղ լինի:

Մի քանի վայրկյան նա լռեց, հետո խորը հոգոց հանեց և դառնացած ասաց.

-Հիմա բոլորը իրենց մեքենաներով են գալիս, բայց իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ ես կամրջի վրա կանգնած սպասում եմ երթուղայինին, ես ինձ ոչնչացված եմ զգում:

Զանգը հնչեց, և զանգը այդ պահին փրկություն էր, որովհետև եթե մի քանի րոպե էլ շարունակվեր, դասախոսիս հետ միասին լացելու էի, քանզի նրա աչքերում արցունքներ կային և անսահման թախիծ:

Մենք դուրս եկանք: Չէի պատկերացնում, որ այդքան բան կատարվեց այդ 10 րոպեի ընթացքում: Թվում էր՝ դուրս կգամ ու դռնից այն կողմ կմոռանամ կատարվածը, բայց այդպես էլ չմոռացա: