syuzanna kharatyan

Շուտով Ամանոր է

2017 թվականը ավարտելով՝ ես դիմավորում եմ իմ 17-րդ Ամանորը, ու հենց 2017 թվականին ես դարձա 17.am-ի թղթակից: Ցավոք, սա իմ 17-րդ նյութը չէ, այլապես կատարյալ կլիներ: Որոշեցի նամակ գրել Ձմեռ պապիկին, բայց, անկեղծ ասած, չգիտեի, թե որտեղից սկսեմ: Բայց, ի վերջո, գրում եմ:

Բարև, Ձմեռ պապիկ: Քեզ հիմա գրում է մի աղջիկ, ում գրելը գուցե ծիծաղելի կթվա, քեզ գրում է մի մե՜ծ աղջիկ, ով կներես, բայց վաղուց այլևս չի գրում նամակներ քեզ: Հիշո՞ւմ ես, մի ժամանակ ամառվանից սկսած քեզ նամակ էի գրում, ավելի ճիշտ՝ նամակներ, քանի որ դրանք քեզ «ուղարկելուց» հետո միշտ մտափոխվում էի ցանկությանս հարցում (գիտեմ, որ չես հիշի): Գրում էի երկա՜ր էջերով ու խնդրում շա՜տ-շա՜տ խաղալիքներ, նվերներ: Ու կարծում էի, որ դու իմ նամակը միշտ ավելի սիրով ես կարդում, քան մյուսներինը, որովհետև իմ նամակը ավելի լավն էր, բայց սա ամենևին եսասեր երեխայի արարք չէր: Ես քեզ էի նկարում նամակիս մեջ, ավելի ճիշտ՝ փորձում էի նկարել: Հիմա մեծ եմ, բայց ինձ միշտ ուղեկցում է քո բարի ու լուսավոր կերպարը: Հիմա երկար որևէ բան չեմ գրելու, ավելի ճիշտ՝ քեզնից նյութական ոչինչ չեմ խնդրելու: Ես քեզնից խաղաղություն եմ ուզում, խնդրում եմ, որ մեր այս պայծառ երկիրը՝ լցված ապագայի մեծ սպասումով, երբեք այլևս թշնամուց հարված չստանա: Քեզնից առողջություն ու երջանկություն եմ ուզում, ոչ միայն ինձ համար, հարազատներիս ու ընկերներիս, այլ մի ամբողջ հայ ազգի համար: Մանկական անհոգ ժպիտին կարոտ երեխաներին ժպի՛տ պարգևիր, օգնի՛ր, որ գտնեն իրենց կորցրած ժպիտները: Գիտե՞ս՝ էլ ինչ եմ ուզում՝ ծերանոցների ու մանկատների փակումն եմ ուզում, զինվորների անփորձանք ծառայությունն ու բարի վերադարձն եմ ուզում, երջանկություն ու սեր եմ ուզում հայ ժողովրդի համար: Ու վերջապես՝ կայացած հայրենիք եմ ուզում:

Հ. Գ. Նյութս այդքան էլ լրագրողական ոճի չէ, բայց 17-ում երազանքները իրականություն են դառնում:

argam voskanyan lori

Ես մի ծիլն եմ քո արտի

Վերջերս ծանոթներիցս ևս մեկին հրաժեշտ տվի. մշտական տեղափոխվում էր այլ երկիր: Ամեն օր մեր երկրից միջինը 100 մարդ է հեռանում, իսկ պատճառները տարբեր են: Արտագաղթողները հիմնականում բողոքում են կյանքի վատ պայմաններից, իշխանություններից և գտնում են այն բոլոր պատրվակները, որոնց օգնությամբ կարող են արդարացնել իրենց: Վաղը երևի նույն պատճառաբանություններով դու էլ կլքես երկիրը: Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ով ես դու քո սեփական երկրի ներսում, և ով ես լինելու օտար երկրում:

Պատկերացրու՝ մի օր արթնանում ես ու տեսնում, որ շուրջդ այլալեզու մարդիկ են, ովքեր քեզ չեն հասկանում, չեն մտնում քո հոգեվիճակի մեջ: Դու գնում ես աշխատանք փնտրելու, իսկ օտար երկրի գործատուներին հետաքրքիր չէ քո կարմիր դիպլոմը: Դու ամեն կերպ ցանկանում ես հարմարվել օտար երկրի մշակույթին, իսկ մշակույթը քեզ հարմարվել չի ցանկանում: Անիմաստ թափառելուց հետո հոգնած վերադառնում ես տուն, իսկ տանը քեզ սպասում են ընտանիքիդ անդամները, որոնք իրենց մեջ հայրենիքի կարոտը մի կերպ խեղդելով՝ երազում են լավ կյանքի մասին:

Մի պահ մոռացիր այս բոլոր պատկերացումները, և մտածիր, թե ինչ ես թողնում հայրենիքում: Մտածիր, թե որքան կտուժի հայրենիքը՝ կորցնելով քեզ. չէ՞ որ դու ես այս երկիրը պահողը, չէ որ հենց դու ես այս երկրի տերը, երկիր կառուցողն ու, ցավոք, որոշ դեպքերում նաև երկիր քանդողը: Դու կարող ես լինել յուրաքանչյուր մարդ՝ զինվոր, հողագործ, արվեստագետ կամ էլ իշխանավոր, սակայն անկախ քո մասնագիտությունից ու զբաղեցրած դիրքից՝ դու հանդիսանում ես տվյալ երկրի քաղաքացի և պարտավոր ես ենթարկվել այդ երկրի օրենքներին, իսկ օրենք ընդունողը ևս դու ես:

Չնայած արտագաղթին ու երկրում տեղի ունեցող մյուս բացասական երևույթներին՝ ես հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ մի օր շատերը, թողնելով օտարությունը, հետ կվերադառնան: Ես հավատում եմ, քանի որ տեսել եմ քառօրյա պատերազմ, տեսել եմ ներգաղթ, միասնական ժողովուրդ ու հայրենիքի համար կյանքը չխնայող երիտասարդներ:

Այս ամենից հետո չգիտեմ՝ դու ինչ որոշում կընդունես, բայց ես որոշել եմ չհեռանալ իմ հայրենիքից: Ես չեմ կարող հեռանալ այստեղից, քանի դեռ այս երկրի սահմաններին կանգնած են եղբայրներս, ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ հայրենիքն իմ կարիքն ունի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հավատում եմ նաև քեզ, հավատում եմ, որ դու կմնաս իմ կողքին, և միասին կկառուցնեք մեր երազած հայրենիքը:

Ես չեմ հեռանա, իսկ դո՞ւ:

Ani Ghulinyan

Ինչի՞ց է

Ինչից է, որ երբ մի մարդու ի սկզբանե չես սիրում՝ հենց առաջին հայացքից, հետո էդպես էլ նրա մեջ միայն վատ գծերն ես տեսնում, թերությունները, ու սիրելու ոչ մի պատճառ չի մնում:

Դրա հակառակն էլ կա, երբ մարդուն առանց որևէ պատճառի, առանց ծանոթ լինելու սկսում ես հազար տարվա ծանոթի պես սիրել:
Հիմա դա ինձնի՞ց է, թե՞ մարդկանցից: Էդպես էլ չեմ հասկանում, գիտեմ միայն, որ միշտ էլ պետք են թե՛ լավ, թե՛ վատ մարդիկ, որ իրար հետ համեմատելու բան ունենաս, որ կարողանաս տարբերել՝ որն է լավը, ու որը՝ վատը:
Երբևէ փորձե՞լ եք ինչ-որ բան անելու հիմք ընդունել այն բոլոր աֆորիզմները, որ կարդում եք գրքերում, լսում եք հեռուստատեսությամբ, տեսնում եք համացանցում: Քանի որ ես դեռ պատանի եմ ու ամեն ինչ պիտի փորձեմ, դա էլ փորձեցի: Ասեմ, որ դա անելը գործնականորեն անհնար է, որովհետև նույնիսկ մի մարդու երկու մտքերը հակասում են իրար, յուրաքանչյուրը այս կամ այն միտքը արտածում է ելնելով իր փորձից, կյանքի պատմությունից ու հաղթահարած դժվարություններից: Բայց չէ՞ որ բոլոր մարդկանց կյանքերը տարբեր են, հնարավոր չէ մեկ ուրիշի կյանքի կանոնով կառավարել սեփական կյանքը, հարկավոր են նոր կանոններ, որովհետև ինչպես ամեն մարդ ունի չկրկնվող ու յուրահատուկ մատնահետք, այնպիսի էլ կյանք ունի՝ միայն իրա համար կարևոր ու միայն իր համար ստեղծված:
Գիտե՞ք՝ ինչքան դժվար է դեռահաս լինելն ու հիմնական տեսակետ ձևավորելը: Մեր ուղեղը մի սովորական հարցի շուրջ այնքան աղբով է լցվում, և մարդիկ այնքան են սիրում իրենց կարծիքները փաթաթել վզիդ, որ սեփական տեսակետը ձևավորելու համար ժամանակ չի մնում: Հետո, այս տարիքում պատահում է, որ տարված ես լինում ինչ-որ գաղափարով, երազանքով, մեկ էլ մի անզգույշ խոսք, մի չմտածված քայլ, ու ամեն ինչ փլվում է, հարկ է լինում նոր աշխարհ կառուցել՝ նախորդից լավն ու ամուրը, էդպես կատարելագործելով՝ մի օր էլ աշխարհդ անմատչելի է դառնում: Լավ է՝ գոնե բավարար ժամանակ կա ինքնակատարելագործվելու: Կյանքի մեջ ամենից շատ այդ ինքնամաքրվելու ու կատարելագործվելու հատկությունն եմ սիրում:

Ապրող արվեստը

Հարցազրույց ավազե դիմանկարիչ (սենդ-արտ ոճ) Քրիստինա Ղազարյանի հետ:

-Բարև Քրիստինա, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Քրիստինան եմ, 33 տարեկան, ծնվել եմ Ջավախքում: Դպրոցին զուգահեռ սովորել եմ մանկական արվեստի դպրոցում 5 տարի: Ավարտելուց հետո ընդունվել եմ Վրաստանի պետական համալսարան, ստացել եմ մագիստրոսի կոչում, տեղափոխվել եմ Հայաստան՝ Երևան: Վերջին 9 տարիների ընթացքում ապրում և ստեղծագործում եմ Հայաստանում:

-Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել ավազե դիմանկարչությամբ: Ինքնո՞ւս ես, թե՞ սովորել ես այդ մասնագիտությունը: 

-Ավազի հետ ծանոթացա 7 տարի առաջ, բայց հենց դիմանկարով սկսեցի զբաղվել վերջին 3 տարիների ընթացքում: Զգալով ավազի նրբությունը՝ հասկացա, որ կարելի է ստանալ շատ գեղեցիկ և անսովոր դիմանկարներ, սկսեցի ինքս փորձել սովորել նկարել դեմքեր: Այդպես գտա ինձ համար նոր ուղղություն իմ արվեստի մեջ:

-Շատ տարիներ հայրենիքից հեռու ես գտնվել ու գործունեությունդ ծավալել Վրաստանում: Գալով Հայաստան՝ ի՞նչ ես զգում, արդյոք ստեղծագործական կյանքումդ փոփոխություններ եղան: 

-Իհարկե, Ջավախքը միշտ էլ կմնա իմ հայրենիքը, իմ սրտում և հոգում, բայց երբ տեղափոխվեցի Հայաստան, ես հոգեպես հանգստացա: Ես իմ ազգի մեջ եմ, չզգացի երկրից երկիր տեղափոխություն, ինձ Երևանն ընդունեց հարազատի պես:

-Վերջին ժամանակներում ավազե նկարչությունը կարծես թե զիջում է իր տեղը մնացածին, օգտագործվում են նոր գույներ, նոր ներկեր, արդեն նոր տեխնոլոգիաներով է կատարվում այդ ամենը: Ի՞նչ կասես՝ պահանջարկ կա՞ ավազե դիմանկարների: 

-Ամեն արվեստ ունի իր տեղը և իր երկրպագուն: Ասեմ ավելին՝ եթե համեմատեմ՝ հիմա և մի քանի տարի առաջ, շատ մեծ տարբերություն եմ նկատում: Հիմա ամեն օր ստանում եմ պատվերներ, կան այս արվեստը սովորել ցանկացողներ: Դա նշանակում է, որ ամեն արվեստի մեջ պետք է լինի որակ. այդ դեպքում ոչ մի մրցակցություն և տեխնոլոգիա չի կարող խոչընդոտել արվեստի նոր ուղղությանը:

-Ցուցահանդես ունեցե՞լ ես:

-Դեռ ոչ, բայց մտածում եմ այդ ուղղությամբ:

-Հետագա ի՞նչ պլաններ ունես, կշարունակե՞ս Հայաստանում նկարել, թե՞ կմեկնես Ջավախք: 

-Պլանավորում եմ այս արվեստը ավելի հանրային դարձնել, հասնել ավելիին իմ ոլորտում, իհարկե, ես Ջավախքից կտրված չեմ և ունեմ նաև պլաններ՝ կապված Ջավախքի հետ:

margarita voskanyan lori

Իմ երեք կյանքերը

Իմ կյանքը 1000 հատիկ ունեցող փազլ է:

Դու իմացար, որ այն այդքան շատ հատիկներ ունի: Իմացար ու վախեցար: Վախեցար ու փախար: Փախար ու էլ hետ չեկար: Ես անգամ չհասցրի ասել, որ 999-ը ես արդեն վաղուց հավաքել եմ, քեզ միայն մեկն էր մնացել: Մեկը, բայց ամենակարևորն ու պատասխանատուն:

Քո գնալուց հետո իմ փազլի բոլոր հատիկները խառնվեցին իրար: Բայց ես քեզ պես վախկոտ չէի: Փազլիս՝ կյանքիս 999 հատիկը հավաքեցի ու սկսեցի փնտրել քեզ: Փնտրեցի ու չգտա: Չգտա ու տխրեցի:

Որպես օրենք՝ փազլ հավաքելիս մարդիկ կորցնում են վերջին հատիկը, փնտրում են ամենուր՝ տուփի մեջ, սեղանի ու բազմոցի տակ, անգամ այն տեղերում, որտեղ չեն էլ եղել, ու վերջում, երբ չեն գտնում՝ կանոնի համաձայն ասում են. «Ի սկզբանե տուփի մեջ չի էլ եղել այդ վերջին մի հատիկը»:

Կանոնից չշեղվելով՝ ես էլ չէի գտնում իմ վերջին ու 1000-րդ հատիկը, ու չէի կարողանում հասկանալ՝ կորցրել եմ, թե ի սկզբանե չի եղել:

Հիմա հասկացա, որ այդ մի հատիկը դու տարար քեզ հետ՝ չմտածելով, որ իմ մի մասնիկն ուրիշ փազլների համար խորթ է լինելու ու տարբեր: Իսկ դու միայն այդ մի հատիկն ունես՝ ամբողջություն լինելու համար:

Էլ ինչպե՞ս չատեմ քեզ, կամ էլ` ինչպե՞ս ներեմ, որ քո լինել-չլինելու պատճառով ուրիշները փորձում են իրենց կեղտոտ, ճմրթված ու անհամապատասխան փազլի հատիկը մտցնել իմ կյանք: Միևնույնն է՝ թույլ չեմ տա:

Եվ վերջապես, դու գիտես, թե ինչ է նկարված իմ փազլի վրա: Որքան էլ զարմանալի թվա քեզ, բայց փոկ, հեռավոր հյուսիսում ապրող փոկ: Դու ինձ սառն ու հաջողություն չբերող համարեցիր, փոխեցիր ճանապարհդ ինձ տեսնելիս: Իսկ ես գալիս էի քեզ մոտ, որ հասկանամ՝ ինչ կերպարանք ունես: Բայց դու միշտ փախչում ես ինձնից, նույնիսկ իմ մասնիկն ես վերցնում ու կորչում՝ չմտածելով ո՛չ իմ, ո՛չ էլ քո մասին: Չէ՞ որ դու կամ ավելի ես լինելու կամ պակաս, իսկ այդպիսի կիսատ-պռատ պատկերներով ո՞ւմ ես պետք: Հավատա, բոլորն էլ մեծ ու խոշոր, հասկանալի փազլներ են փնտրում, միայն ես եմ քեզ նման անհասկանալի, բայց նաև տարբերվող փազլի հետ կռիվ տալիս: Շատ եմ խնդրում, էլ ճամփադ մի փոխիր ինձ տեսնելիս, ես սառն ու անհաջողակ չեմ: Ես քո կիսատ սառնությունը լրացնող միակ մասնիկը կլինեմ։

Ես փազլի 1000, չէ՛, արդեն 999 հատիկից կազմված և 3 կյանք ունեցող փոկ եմ: Դու մի անգամ հեռացար ու սպանեցիր ինձ: Ես փազլի 999 հատիկից կազմված, 2 կյանք ունեցող փոկ եմ:

Ani Ghulinyan

Սիրո խոստովանություն Անուշին

Անուշն այն մարդկանցից է, ում առաջին հայացքից ես սիրում: Նա գերող ժպիտ ունի ու նույնպիսի աչքեր:
Առաջին անգամ Անուշին ճամբարում եմ տեսել: Միջահասակ, կոկիկ հագնված, պոչիկ արած աղջիկ էր, ով անմիջապես գրավեց ուշադրությունս, հետո նույն սենյակ ընկանք, իսկ հետո պարզվեց մեզ շատ թելեր են իրար կապելու: Դա իմ առաջին ճամբարն էր, ու ես հիացած նայում էի շուրջս հավաքված դեմքերին, հարմարվում էի նոր միջավայրին, իսկ Անուշը, որ ինձնից փորձառու էր` օգնում էր: Հենց նրանից իմացա 17-ի մասին: Առաջին ճամբարից հետո մոտ մեկ տարի նորմալ չէինք շփվում, հետո իրար հետ մի ուրիշ ճամբար էլ գնացինք, ու էդտեղից այն ամենն, ինչ կար, ավելի ամրապնդվեց:
Իմ կենտրոնացած դեմքին նայելով հաստատ ոչ մեկի մեջ ցանկություն չի առաջանա ծանոթանալ ինձ հետ, եթե ես դա առաջինը չանեմ: Անուշը այլ դեպք է, բոլորի հետ բարի, բոլորի հետ ժպտերես, ասող-խոսող: Մենք իրար շատ բաներով ենք նման, բայց ավելի շատ բաներով տարբեր ենք, ու էդպես տարանուն լիցքերի նման ձգում ենք իրար, ձգում ենք համակարգչի մոտ ու գրում, հեռախոսի մոտ ու ժամերով խոսում, այնքան մինչև մնալն այլևս անկարելի է դառնում: Անուշը ծնված օրվանից նախաձեռնող առաջնորդ է, անգամ իր ծննդյան օրը ինքը պիտի ասի` իրեն ինչ նվիրեն, ով ինչ անակնկալ անի: Ամեն ինչի կհավատամ, բայց որ ասեն մարդ կա, ով Անուշին չի սիրում, դրան աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա: Դրա ապացույցն է այն, որ նշվածներից ում էլ խնդրեցի, որ իրենց կարծիքը հայտնեն, սիրով համաձայնեցին: Իսկ ի՞նչ եմ մաղթում Անուշին: Իրեն թաքուն կասեմ (ոնց որ միշտ):
Անուշիկ, Ծնունդդ շնորհավոր, այս ամենը քեզ համար է:

Անի Ղուլինյան

***

Ազատաության հրապարակում էինք, ու հիշում եմ, որ ես էդքան էլ լավ չգիտեի պարի շարժումները, բայց Անուշը ասում էր` ոչինչ, վստահ պարիր: Կարող եմ մատներիս վրա հաշվել, թե քանի անգամ ենք հանդիպել Անուշի հետ, բայց նույնիսկ էդ քիչ անգամների ժամանակ նա իմ մեջ տպավորվել է որպես վառ ու կրակոտ անձնավորություն…

Հովիկ Վանյան

***

Անուշ, երևի չկարողանամ լիարժեք արտահայտել այն զգացմունքները ու երջանկությունը, որը քեզ ճանաչելու օրվանից պահում եմ սրտումս, պինդ: Հետո էլ կասեն, թե իրարից այսքան հեռու գտնվելով, իրար չտեսնելով, իրար հետ չշփվելով, ինչպես կարելի է պահպանել լավ ընկերությունը: Հա, ես հիշում եմ ու երբեք չեմ մոռանա քո անսահման հոգատարությունը, քո նվիրվածությունը, ժպիտը: Ան, մենակ մի բան եմ ուզում ` որքան հնարավոր է շուտ քեզ պինդ գրկել ու ասել, որ ցանկանում եմ ամենանվիրականը, որ կա աշխարհում:

Գայանե Ավագյան

***

Անուշ ջան, հիշում եմ GLOW-ի առաջին օրը, երբ հավաքվել էինք հանդիպման վայրում` Գյումրիում, դու առաջինն էիր, ում ճանաչեցի: Ճանաչեցի, որովհետև մեկն ասաց. «Տեսնո՞ւմ ես էս աղջկան, իմ ճանաչած ամենախելացի ու հետաքրքիր աղջիկն է»: Ինձնից չափազանց քիչ ժամանակ պահանջվեց դրա մեջ համոզվելու համար:

Լիդա Պողոսյան

***

Անուշին առաջին անգամ հանդիպել եմ 2015 թ-ին ՍԵԿ-ի կողմից իրականացվող «ԱՐՔԱՆԵ» աղջիկների ամառային դպրոցի ընթացքում, ուր աշխատում էի որպես դասընթացավար: 2016-ին առիթ ունեցա նրան հանդիպել այս անգամ արդեն GLOW ճամբարի շրջանակներում: Անհնար էր չնկատել Անուշի առաջընթացն ինչպես անձնային, այնպես էլ գիտության ոլորտում: Իսկ ահա 2017 թ.-ին հանդիպեցի մեկ այլ դասընթացի ընթացքում, որտեղ այլևս դասընթացավար և դասընթացի մասնակից փոխահարաբերությունները չէին , այլ միևնույն դասընթացի 2 մասնակիցների: Անուշի դիպուկ հարցադրումները երբեմն իրարանցման մեջ էին գցում փորձառու դասընթացավարներին և մնացած մասնակիցներին: Այս ընթացքում ես անթաքույց հրճվում էի Անուշի մտքի սրությամբ և ճկունությամբ:
Իմ Անուշին կյանքը ստիպել է իր հասակակիցներից մի փոքր շուտ հասունանալ և ապրել մեծահասակների հոգսերով, բայց այս ընթացքում նա չի մոռանում վայելել իր դեռատի տարիների գեղեցկությունը:

Ալմիրա Նիկողոսյան

***

Ընկերներիցս մեկը ինձ առաջարկեց մասնակցել Քարակերտում կայանալիք մի միջոցառման, որի թեման գրքերն էին: Դժվար հաղթահարեցինք ճանապարհը, բայց երբեք չեմ ափսոսում դրա համար, որովհետև այդ օրը ծանոթացա իմ ամենախելացի, ամենաառույգ, ամենաժպտերես, կազմակերպված ու մարդամոտ ընկերոջս հետ: Միջոցառման ժամանակ բոլորս ներկայանում էինք, երբ եկավ Անուշի հերթը, նա առաջինն ասաց, որ Շենիկից է, հետո ուրախ-ուրախ սկսեց պատմել իր մասին, գրքերի քննարկումներին էլ խելացի ու կշռադատված մտքեր էր արտահայտում: Երբ հետ էինք վերադառնում ընկերներիցս մեկը ասաց. «Էդ Անուշն էլ ա շատ խելացի, ամեն ինչից գաղափար ուներ, ինչ ասես կարդացել էր»:
Անուշը այն մարդկանցից է, ով լի է նորանոր գաղափարներով ու նպատակներով: Հիմա շատ չենք հանդիպում, բայց ամեն հանդիպումը մի կարևոր ու նշանակալից օր է դառնում:

Միլենա Անտոնյան

***

Անուշը պարզվում է շատ լավ ազգային պարեր պարող ու քեֆ անող աղջիկ է: Դրա համար էլ, Անուշ ջան, քեզ մաղթում եմ, որ եռանդդ չպակասի, դրական գործերդ էլ տարածվեն աշխարհով մեկ:

Հասմիկ Գալեչյան

Շիրակամուտի (Նալբանդ) Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սպիտակի երկրաշարժի էպիկենտոն համարվող Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, խոնարհվել է ուղիղ 29 տարի առաջ՝ այդ երկրաշարժի ժամանակ։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Եկեղեցու ավերակներին նայելիս կարելի է պատկերացում կազմել, դրա մեծության ու վեհության մասին, սակայն ի՞նչ է մնացել այսօր. մուտքը, որից ներս մի բուռ քարակույտ է, իսկ դեմ դիմաց՝ խորանի փոխարեն, երկու խոնարհված սյուն․․․

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Իսկ քիչ այն կողմ աստիճաններ են, հավանաբար ժամանակին կապել են գյուղն ու եկեղեցին, իսկ այսօր ո՞ւր են տանում դրանք, ո՞վ գիտե, երևի իրար են կապում անցյալն ու ներկան․․․

Սակայն հարկ է նշել նաև, որ Շիրակամուտում գյուղի բնակելի մասից մոտ 500 մ դեպի հյուսիս գտնվում է 6-րդ դարում կառուցված Չիչխանավանքը (Սուրբ Խաչ եկեղեցի), որն ունենալով դարերի պատմություն, բազմիցս ավերվել է, այդ թվում և 1988թ․-ի երկրաշարժի ժամանակ, բայց կրկին վերականգնվել է և 2015թ․-ից մինչ օրս գործում է։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Եվ Շիրակամուտում այս երկու վանքերի գոյությունը կարելի է նմանեցնել աղետի գոտու այսօրվա իրականությանը, ուր նույնպես մեկտեղված են անցյալի դառը հիշողություններն ու վերքերը, և նոր կյանքը։

mariam barseghyan1

Քանի՞ օր կդիմանաս ցրտին…

Մոտ 7 տարի ապրել ցրտի մեջ, դաստիարակել փոքր երեխաների առանց հացի, դաս սովորել մոմի լույսի տակ, ջուր կրել տանից շատ հեռու աղբյուրից…  Վանաձորցիները դեռ հիշում են այդ օրերը:

-Դպրոցում շատ ցուրտ էր, ամեն օր մի ծնող փետ էր տանում, որ դպրոցում վառեն: Երեխեքը տաք շոր չունեին ու մրսում էին: էդ վախտ Կիրովական նոր տրիկոներ էին ծախում, որ աշխատավարձս ստացա, մի հատ առա, որ երեխեն շատ չմրսի: Որ սկեսուրս տեսավ աշխատավարձս ինչի վրա եմ ծախսել` հետս կռվեց, բայց ավելի լավ է ես սոված մնայի, քան իմ երեխեն մրսեր:

-«Գլորիա» կարի ֆաբրիկայում էի աշխատում: Ամիսը 7000 դրամ էի ստանում ու ամբողջը հաց, ուղղակի ցամաք հաց առնելու վրա էի ծախսում:

-Տղես առանց ինձ դասերը չէր անում, սպասում էր գայի: Ես էլ աշխատանքից ուշ էի գալիս, ու ստիպված մոմի լույսի տակ էինք սովորում: Ջղայնանում էի վրան, որ առավոտը տատիկի հետ չի սովորում, բայց դե տատը չէր կարողանում օգնել, ի՞նչ աներ քյորփես:

-1998 թ-ն էր, արդեն լույս ունենում էինք: Լույսի մեծ պարտք էի կուտակել, բայց մեր թաղային էլեկտրիկը հասկանում էր վիճակս ու մեր լույսը չէր կտրում: Մի անգամ իմ նախկին ուսուցիչը խնդրեց, որ մշակույթի տանը լույս տամ: Ես էլ ասեցի, որ չեմ կարող, բայց վերջում տվեցի, որովհետև ուսուցիչս էր, ո՞նց չտայի: Էլեկտրիկը իմացավ ու ասեց, որ էլ չտամ, թե չէ իմն էլ կանջատի: Ես էլ ասեցի ուսուցչիս, որ էլ չմիացնի, բայց խաբեց ու հետո իմ լույսը առանց ինձ ասելու էլի օգտագործեց: Մեր լույսը անջատեցին: Այդ ձմեռ ո’չ լույս ունեցանք, ո’չ էլ գազ:

-1992-93 թ-ին խանութներում ընդհանրապես հաց չկար: 93-ին նոր սկսեցին կոմբիկորմից (համակցված կեր) հաց թխել: Էլ չէի կարող երեխաներիս սոված պահել, ստիպված մեկնեցի երկրից:

Տատիկս մի օր 90-ականները հիշելիս երանությամբ ասաց.

-Ի՜նչ լավ օրեր էին, է…

Ախր, չէ’, տատ, լավ օրեր չէին: Ու հաստատ գիտեմ, որ երբեք չէիր ուզենա հետ գնալ նորից այն օրերը, որովհետև իմ ծնվելուց դու էլ ես գնացել Հայաստանից: Չնայած նրան, որ այդ ժամանակ արդեն այդքան վատ չէր, բայց չեմ մեղադրում, ես էլ քեզ պես կգնայի:

Կգնայի, որովհետև երբ ինքս ինձ հարցնում եմ, թե քանի օր կկարողանայի դիմանալ ցրտին, պատասխանս միայն մեկն է լինում` ՈՉ ՄԻ, ԵՍ ՈՉ ՄԻ ՕՐ ՉԷԻ ԴԻՄԱՆԱ…

argam movsisyan

Գնան ու էլ ետ չգան այդ օրերը…

Իմ ընտանիքի հինգ անդամներից երեքը՝ հայրս, մայրս և տատս, այսօրվա պես են հիշում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի չարաբաստիկ ու ահասարսուռ եղելությունը: Ապրում էին Վանաձորում: Նրանք դառնությամբ են պատմում այդ օրերի դեպքերը: Տատս ամենայն մանրամասնություններով է այն ներկայացնում ու բավարարում իմ հետաքրքրասիրությունը:

-Առավոտվա հանդարտ ժամերից էր: Կյանքում չէիր պատկերացնի, որ երկրաշարժը մարդկանց խաղաղ կյանքը կփչացներ: Լա՜վ եմ, է, հիշում. ժամը ուղիղ 11:45 էր: Ոտքերիս տակ սկսեց էնքան ուժեղ դղրդալ, որ քիչ էր մնում ընկնեի: Տանը երեքով էինք. ես ու հորաքույրներդ:  Իմ միակ խնդիրը նրանց արագ տնից հեռացնելն էր: Հանկարծ ահավոր ուժեղ շրմփոց եկավ: Հյուրասենյակում լատվիական կոմոդ ունեինք՝ մեծ ու ծանր: Ընկավ, ու ամեն ինչ փշուր-փշուր եղավ: Ես սարսափած էի: Արագ դուրս վազեցինք: Բակում արդեն լիքը ժողովուրդ էր հավաքվել՝ մեծ, փոքր, կին, երեխա: Լացի ու տագնապի ձայն էր չորս կողմը: Հարևանուհուս ամուսինը տանը քնած էր, իսկ ինքը չէր կարողանում արթնացնել : Շուրջը  քաոս էր: Ու հետո էլ չեմ հիշում՝ երբ ավարտվեց, ու երբ ամեն ինչ հանդարտվեց:

Ավելի տարբեր են հորս ու մորս պատմածները: Նրանք դեռ դպրոցական էին այդ տարիներին: Հայրս պատմում է.

-Յոթներորդ դասարան էինք: Հիշում եմ, որ կենսաբանության դասաժամ էր: Այդ ժամանակ դեռ շատ բան չգիտեինք երկրաշարժի մասին ու չէինք պատկերացնում, որ դա էդքան աղետալի կլինի: Դե, պաշտպանվելու մասին էլ չեմ ասում. Ի՜նչ ապաստարան, ի՜նչ բան… Մեր իմացածը մենակ սեղանի տակ մտնելն էր: Այն էլ՝ էդ նեղ պահին մենք միայն խուճապի մատնվեցինք: Մինչև մենք՝ երեխեքս, գլխի կընկնեինք, թե ինչ էր կատարվում, մի քանի վայրկյանում մեզ դուրս հանեցին:  Ահագին վնասվեց դպրոցի շենքն էդ մի քանի րոպեներին: Մինչև հիմա աչքիս առաջ են ողբալի էն դրվագները, երբ 10 տարեկան եղբայրը ամբողջ բակով քրոջն էր ման գալիս ու չէր գտնում: Դրանք դժոխային պահեր էին ողջ ժողովրդի համար:

Մայր պատմում է, որ պապիկս այդ ընթացքում գյուղում մենակ ապրելիս է եղել, ու որ նրանք ավելի շատ անհանգստացած էին պապիկի համար.

-Պարզվեց, որ գյուղում նրանց օգնություն էին ցուցաբերել սննդով ու հագուստով: Այդտեղ համարյա տուն չէր մնացել. ամեն տեղ ավերակներ էին: Սուր ցավով եմ հիշում մի դեպք, որ մինչև հիմա աչքերիս առջևից չի հեռանում: Գյուղացի ծերունի էր: Կորցրել էր թե՛ տունը, թե՛ ընտանիքի հինգ անդամներին: Նա կողք կողքի շարած՝ երգում ու պարում էր նրանց դիակների շուրջ: Խելագարվել էր…Այդ տեսարաններից հետո դժվար է պատկերացնել այդ մարդկանց վիճակն ու դրությունը: Հիշում եմ նաև, որ երկրաշարժին հաջորդող ամիսներին գյուղերում շատ կտեսնեիր կռնատ ու անոտ մարդկանց:

Վշտով ու դառնությամբ են նրանք հիշում քսանինը տարի առաջ կատարված այդ մղձավանջը, որն ավերեց Հայաստանի հյուսիսը: Տատս ամեն անգամ պատմածի վերջում ավելացնում է.

-Գնան ու էլ երբեք ետ չգան այդ օրերը, տղա ջան…