
Լուսանկարը՝ Դիանա Աբգարյանի
-Արիգա, գալի՞ս ես էսօր գնանք եկեղեցի,- դիմեցի իմ փոքրիկ հարևանուհուն` իմանալով, որ իհարկե չի մերժի:
-Հա, հա,- ուրախացավ նա,- գնամ` մամայիս հարցնեմ, գամ,- և վազեց տուն:
Ես առանձնապես տանից դուրս գալ չեմ սիրում, բայց այդ երեկո եկեղեցի որոշեցի գնալ մի քանի պատճառով: Նախ, որովհետև Օձուն գյուղում իմ հանգստին մի քանի օր էր մնացել, և ես սովորություն ունեմ` չեմ կարող գյուղից հեռանալ առանց մեր եկեղեցին մտնելու: Իսկ մեր եկեղեցին գյուղի կենտրոնն է, հրապարակը, խաղահրապարակը, ժամանցի վայրը և, իհարկե, եկեղեցին: Շնորհիվ մեր գյուղի քահանայի` Տեր Վրթանեսի, եկեղեցին արդեն վաղուց ընդլայնել է իր գործառույթները: Ամեն երեկո, երբ ամառվա շոգը մի քիչ թուլանում է, այստեղ են հավաքվում բոլորը. երեխաները` խաղալու, երիտասարդները` զբոսնելու, մեծահասակները` հանդիպելու և զրուցելու: Գյուղը ապրում է եկեղեցու բակում: Եվ այսպես, որոշեցի գնալ եկեղեցի` մոմ վառելու, գյուղիս բնակչությանը ծանոթանալու և մի քիչ էլ ֆոտո անելու համար: Ես ու Արիգան ծանր ու մեծ ճանապարհ ընկանք:

Լուսանկարը՝ Էլեն Ղարիբյանի
-Գիտե՞ս չէ, հեսա բոլորը մեզ են նայելու,- մի քիչ սրտնեղեցի ես,- բոլորն իրար ճանաչում են, իսկ մենք ստեղից չենք, անծանոթ ենք:
-Հա~,- համաձայնեց Արիգան:
Մենք երկուսս էլ լավ գիտեինք մերոնց: Բայց Արիգային դա այդքան էլ չէր անհանգստացնում: Այդ ես այդքան չեմ սիրում, երբ ինձ են նայում:
Հենց մտանք եկեղեցու բակ, միանգամից ծանոթ մարդ հայտնվեց: Գայանեն էր ու էլի մի քանի հոգի, որոնց ճանաչում էի մեր հանդիպում-դասընթացից:
-Կգա՞ք խաղանք,- միանգամից հրավիրեցին մեզ վոյելբոլ խաղալու:
-Հա, իհարկե,- վոլեյբոլից հրաժարվել չեմ կարող,- արագ մտնենք եկեղեցի ու գանք:
Մոմ վառելուց հետո միացանք խմբին: Շատ էինք, շատ-շատ: Շուրջը տարբեր տարիքի երեխաներ կային, որոնք անդադար վազում ու խաղում էին:
-Դավիթ, արա Դավիթ, մեր գնդակը որդի՞ ա:
-Հնայ, մեծերի կուշտն ա ընգել: Հլա մեր գնդակը տշեք ստի, էլի: Ապրիք:
Վերջապես մի մեծ շրջան կազմեցինք:
-Ժողովուրդ, «դուսեկովի» ա,- հայտարարեց տղաներից մեկը:

Լուսնկարը՝ Դիանա Շահբազյանի
Ես էլ որոշեցի, որ երբ խաղից դուրս գամ, ֆոտո կանեմ, իսկ հիմա կարող եմ հանգիստ խաղալ:
-Դե, դու դուս եկար, հենա ահագին էլ խաղացիր, հոգնած կըլիս, գնա մի քիչ դինջացի,- սրամտում էր տղաներից մեկը` ստիպելով հենց առաջին հարվածից սխալված աղջկան դուրս գալ խաղից:
-Դե, դու էլ դուս եկար, դու էլ շատ խաղ արիր,- շարունակում էր նա իր կատակը, երբ վերջապես ինքն էլ սխալվեց:
-Դե, հմի էլ դու գնա հանգստացի,- հակահարձակման դիմեցին բոլորը,- դու էլ շատ խաղ արիր:
-Ա, ես դուս չտեմ գալ, ես մեղավոր չեմ, կարար հասներ,- բողոքում էր սրամիտը:
-Դե, որ տենց ա, ես էլ մտնիլ տեմ,- հայտարարեց արդեն խաղից դուրս մնացածը:
-Ես էլ:
-Ոչ մինդ էլ մտնիլ չտիք, էդ ինքը պտի դուս գա:

Լուսանկարը՝ Արմինե Կոստանդյանի
Ի վերջո սրամիտը դուրս եկավ խաղից, շուտով նաև ես: Ամեն անգամ, երբ խաղը վերջանում էր, բոլորս նորից հավաքվում էինք և սկսում նորից: Խաղալիս ուսումնասիրում էի բոլորին և նկատեցի, որ խաղացողների շարքում ամենամեծը կլիներ 14-15 տարեկան, իհարկե, ինձ չհաշված: Փորձեցի հիշել իմ տարիքի կամ ինձնից մեծ իմ ծանոթներին: Բոլորն արդեն աշխատում էին: Շատերն անգամ Հայաստանից դուրս: Այդ պահին իմ երևանցի ընկերներին հիշեցի, որոնք մինչև հիմա մտքում իրենց խոսք են տալիս խաղն սկզբից մինչև վերջ անցնելուց հետո ջնջել համակարգչի միջից: Այստեղ երեխաները հաստատ ավելի շուտ են մեծանում, միևնույն ժամանակ, ավելի պարզ մնալով: Շուտով խաղը վերածվեց վեճի, ու ես հասկացա, որ շատ բան եմ բաց թողել իմ գյուղից: Երևի 12 տարի առաջ, երբ հեռացա այստեղից, մեկընդմիշտ հետ մնացի գյուղի «ջահելությունից»: Եթե չգնայի, գուցե կհասկանայի, թե ինչու են երեխեքը կատակով իրար «լոբի պճղող» ասում, կամ ընդհանրապես, ինչ է նշանակում այդ զարմանալի արտահայտությունը, բայց հիմա արդեն դարձել եմ «էն ըրևանցի աղջիկը», որին գյուղում ոչ ոք չի ճանաչում:
Ընդունելով իմ մեծի պարտականությունը Արիգային կտրեցի խաղից և հայտարարեցի, որ արդեն ուշ է: Առանց ցտեսություն ասելու գնացինք: Մեկ է, ես էլ չեմ հայտնվելու, նրանք էլ դժվար թե հիշեն ինձ:
Շուրջ 4 տարի հաճախում եմ Օձունի Մշակույթի տան թատերական խմբակ, որի ղեկավարն է Գոհար Մայրանյանը: Հաճախ ենք կազմակերպում միջոցառումներ և ոչ միայն գյուղում, այլ նաև գյուղից դուրս: Մասնակցել ենք մրցույթների և շահել մրցանակներ: Քանի որ այս տարի Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցն էր, թատերական խմբակի ուժերով կազմակերպեցինք «Կոչեմ ապրողաց» միջոցառումը, որի բովանդակությունը ոչ միայն հիշատակմանն էր վերաբերվում, այլ նաև ոգեկոչմանը: Այդ միջոցառման մեջ ես ներկայացնում էի բուժքրոջ կերպար, խմբակի տարբեր անդամներ մարմնավորում էին տարբեր կերպարներ:
Կարող էինք այլ տարբեր բեմադրություններ ներկայացնել թեմային վերաբերող, սակայն չունենալով համապատասխան հագուստ և առարկաներ, չիրականացվեց մեր նպատակը:
Լավագույն Չինումաչինը





Վերջապես, երկար հանգստից հետո, որն արդեն ձանձրացնում էր, ես գտա ամառային դպրոց…
Արդեն դասից ուշացել էինք, և անգամ 17-րդ դպրոցի տեղը չգիտեինք, սակայն դա մեզ չխանգարեց, մի քանի զանգից և հարցուփորձից հետո մենք հայտնվեցինք ճիշտ տեղում: Բախտս բերեց…
Արդեն երեք օր է, ինչ ես մասնակցում եմ վեբ-ծրագրավորման դասընթացին: Այս ընթացքում ես ստացել եմ բազում նոր գիտելիքներ և հմտություններ: Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը շատ մեծ աշխատանք է կատարում, մենք 3 օրվա ընթացքում արդեն կարողանում ենք կայք ստեղծել, տեքստեր տեղադրել և դրանց հետ տարբեր ձևափոխություններ կատարել: Ես գտա ինձ հետաքրքիր և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներով լի ամառային դպրոցը, ծանոթացա նոր մարդկանց հետ: Բազում նոր տպավորությունները և հին ու նոր ընկերներիս հետ ժամանցը ամբողջովին լցրեցին իմ ազատ ժամանակը: Ձանձրույթը և պասիվ հանգիստը ինձ համար չեն, ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի:





Առավոտյան ժամը չորսն էր: Արթնացա զարթուցիչի ձայնից: Պիտի գնայինք մոշի: Հիմնականում մոշի գնում ենք օգոստոսի սկզբից: Գյուղի գրեթե բոլոր երեխաները գնում են` մոշը վաճառելու նպատակով: Այս առավոտը տարբերվում էր մյուսներից, որովհետեւ իմ, եղբորս եւ ընկերուհուս հետ լինելու էին նաեւ այլ մարդիկ: Նրանք եկել էին Երեւանից, եւ ցանկանում էին տեսնել, թե ինչպես ենք մոշ հավաքում: Բավականին վատ եղանակ էր: Ամբողջ գիշեր անձրեւ էր տեղացել, բայց չնայած դրան` մենք որոշեցինք շարունակել ճանապարհը: Սկզբից գնում էինք հարթ ճանապարհով եւ բավականին հանգիստ: Ճանապարհի ընթացքում ես եւ եղբայրս պատմում էինք հետաքրքիր դեպքեր, վայրերի անվանումներ: Նախ պատմեցինք, թե ինչ հաճելի է տեսնել, թե ինչպես են դուրս գալիս արեւի առաջին ճառագայթները: Ճառագայթներից արդեն պարզ է դառնում, թե օրն ինչպես պետք է անցնի: Ասենք, եթե կարմիր են, ապա այդ օրն արեւը ուժեղ պետք է լինի, եթե մի քիչ ավելի նարնջագույն, ապա նորմալ, եւ այդպես շարունակ: Երեխեքը զարմանում էին, երբ ասում էինք մեր տեղանունները: Ասենք ‘‘Կոր քար’’, ‘‘Թալենի’’ ու նաեւ ‘‘Ճիլ գոլը’’: Հետաքրքիր է այն փաստը, որ ասում են այդ գոլը ճահիճ է եւ ունի իր մեջ քաշելու հատկություն: