meri antonyan shirak

Գարնան առաջին պարահանդեսը

Գարնանային պայծառ առավոտ է: Ցրտաշունչ ձմեռվանից հետո գյուղը արթնացել էր, իսկ գյուղացիները զբաղվում էին իրենց  գործերով։ Բայց պատմությունս, որ պիտի պատմեմ դրա մասին չէ։

Դուրս ելա պատշգամբ։ Այդ դյութական առավոտը գանձարանի նման ինձ էր հանձնում իր գանձերը, այդ ժպտերես արևը և փոքրիկ  առվակները, որոնք առաջացել էին ձնհալի հետևանքով: Առավոտը խոսում էր ինձ հետ, բայց ես չէի լսում, իսկ Գուսանագյուղի մեր կիսավեր ամրոցը սովորականի պես կագնած էր իր տեղում: Բայց այստեղ սովորական բառը հարաբերական է ասված, որովհետև այն, ինչ պետք է կատարվեր վայրկյաններ անց, ինձ սովորական չթվաց։

Հեռվից տեսա, որ մեր ամրոցին է մոտենում  թռչունների մի մեծ երամ: Այդ ակնթարթային երթն ինձ շատ դանդաղ թվաց: Նրանք մոտեցան և սկսեցին հերթով պտտվել մեր ամրոցի շուրջ: Մի պահ պատկերացրի, որ կագնած եմ մի պալատում, որտեղ պարահանդեսի են հրավիրել թռչուններին։ Մի քանի ժամ անց տեսա, որ պարահանդեսը ավարտվել է, որովհետև չէր երևում թռչունների խաղը:  Այդ տարօրինակ երևույթը տպավորվեց մեջս:

Իմ գյուղում գարունն այսպես է գալիս:

Մեր ուզածն ի՞նչ է

Հայաստանում շատ կան անօթևան մարդիկ: Բայց գաղտնիք չէ, որ Գյումրիում ամենաշատ անօթևաններն են ապրում. 4500 անօթևան ընտանիք: Շատ եմ շրջել Գյումրու տարբեր թաղամասերով, այնպիսի տնակներ և այնտեղ ապրող երեխաներ եմ տեսել, որ սիրտս իսկապես ցավել է:

Հովհաննիսյանների ընտանիքը 28 տարի է՝ ապրում է այս տնակում։ Ընտանիքը ցանկություն չունի հեռանալ այս երկրից, նաև այդ տնից: Ընտանիքի հայրը՝ Հովհաննիսյան Հրաչը, ունի մի ցանկություն՝ վերակառուցել իր տնակը, որ իր երեխաները մեծանան նորմալ տան մեջ և չզգան այն ցավը, որն ինքն է զգացել։ Հրաչի ընտանիքին օգնել են, բայց աշխատանք չեն առաջարկել: Հրաչը և նրա կինը՝ Հովհաննիսյան Ազնիվը, պատրաստ են աշխատելու, որ իրենց երեխաները ունենան բարեկեցիկ ապագա: Այս տնակում ապրում են 4-հոգով՝ ամուսինը, կինը և երեխաները՝ Լևոնը և Սոֆյան:

davit ayvazyan

Պետք է

Բարև ձեզ, գիտեք՞ ընչի բարևեցի, որովհետև պետք էր, չէ, լավ, հանաք էրի: Ուղղակի սիրեմ գը անմիջական շփվել մարդկանց հետ: Երկար մտորումներից հետո որոշեցի գրել, ու գիտե՞ք ընչի, որտև պետք է, ու էդ «պետք» բառի վրա հասկցա, որ կան բաներ, որոնք կենենք մեր կամքից անկախ, կենենք, որտև պետք է, ու ըդիկ ես հասկցա են ժամանակ, երբ որ մեր ֆիզկուլտի դասատուին հարցրի.

-Իսկ ընչի՞ էսօր ֆիզկուլտ չենք էնե,- իսկ ինքը պատասխանեց.

-Որտև ըդբես է պետք:

Հետևեց հաջորդ հարցը.

-Իսկ ավելի մանրամասն կբացատրե՞ք, թե ընչի:

Ու կրկին փառահեղ պատասխան.

-Որտև ըդպես է պետք:

Դե պարզ է, որ ես ամեն ինչ հասկցա, որդև շատ սպառիչ ու հիասքանչ պատասխան էր, բայց դե ես էլ ըդբես խելոքներից չեմ: Հաջորդ օրը գնացի առանց մարզահագուստի, ու երբ նա հարցրեց, թե՝ ընչի չեմ բերել մարզահագուստ, ես պատասխանեցի.

-Որտև ըդպես է պետք:

Ու ըդորից հետո ես հասկցա, թե «որտև պետք է» արտահայտությունը ինչքան լավն է: Պատկերացնեք գը՝ եքա նախադասության տեղը, մյամ կարճ պատասխան. «որտև պետք է», բայց երկար մտածելուց հետո սկսի արդեն վախենալ:

Օրինակ, պատկերացրեք հանկարծ Ռուսաստանն ու Ամերիկան պատերազմեն, ու ինչի՞ համար. «Որտև պետք էր»:

Եթե ավելի լուրջ, ես հասկցա, որ պետք է լսել, հասկնալ, ներել, սիրել և հարգել, ու երբ նայեցի էդ տեսանկյունից, զգացի, որ կան բաներ, որոնք իրոք պետք են: Մի խոսքով, մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին, եղեք միշտ առողջ և հաջողակ: Գիտե՞ք ընչի սի էս վերջին տողը. որտև պետք էր:

«Էրտանք քեֆի»

Մարտ ամիսն է։ Եվ ինչպես միշտ, այն իր տարերքի մեջ է։ Տանից դուրս գալ հնարավոր չէ։ Ձմեռը չի ցանկանում հրաժեշտ տալ Կաքավասար գյուղիս։ Եվ միշտ է այդպես եղել։ Ցանկացած մեկը, ով գեթ մեկ անգամ էլ այցի է եկել գյուղ, շատ մեծ դժվարությամբ է բաժանվել։ Եվ այս ամենը ասում եմ, ոչ լոկ այն պատճառով, որ Քեֆլիս շատ հարազատ է ինձ, և որ շատ եմ սիրում, այլ նաև նրա համար, որ մի քանի օր առաջ ակամայից մասնակից էի եղել հայրիկիս և իր ընկերոջ հետաքրքիր պատմություններին և հիշողություններին, որոնք առնչվում էին գյուղի պատմության հետ։ Եվ այդ ժամանակ առաջին հարցը, որն անմիջապես ծագեց մտքումս, հետևյալն էր.

-Լա՛վ, հբը ընչի՞ հենց Քեֆլի։
Պատասխանը, որը հնչեց, ավելի քան ոգևորող և հպարտացնող էր։
-Մեր գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռը, որը միջնադարի կառույց է, հայտնի է եղել մեր տարածաշրջանի տարբեր անկյուններում։ Եվ Շիրակի դաշտավայրի տարբեր ծայրերից Թուխ Մանուկ այցելած ուխտավորները, մեծ շուքով և խանդավառությամբ, երգ ու պարով մի շարք տոներ նշել են հենց Թուխ Մանուկ մատուռի մոտակայքում։ Գյուղի բնությունով հիացած, մարդիկ ամեն անգամ գալով այստեղ, ասել են՝ էրտանք քեֆի։ Այստեղից էլ առաջացել է մեր գյուղի Քեֆլի անվանումը,- հպարտորեն իր պատմությունն ավարտեց հայրիկս։
Այժմ պարզ էր, թե ինչու են գյուղիս բնակիչներն այսքան առատաձեռն, բարի ու հյուրասեր, ինչու չէ, նաև «քեֆչի»։
Բայց սա դեռ բավական չէ.
-Քեֆլիից հետո, ընչի՞ հենց Կաքավասար։
Հայրիկս, տեսնելով ոգևորվածությունս, ժպտաց և հպարտորեն շարունակեց.
-Եկավ մի ժամանակ, երբ գյուղին անհրաժեշտ էր նոր անվանում։
Գյուղը գտնվում է սլացիկ լեռների ստորոտում։ Եվ այն սարը, որ գտնվում է հենց գյուղի դիմաց, կիսով չափ անտառապատ է։ Եղանակների տաքանալուն պես, անտառը լցվում է իրեն հարազատ դարձած բնակիչներով, որոնց թվում են նաև փոքրիկ և անպաշտպան թռչնակները՝ կաքավները, որոնք շատ հաճախ են այցելում գյուղի բնակիչներին։ Եվ այն գեղեցիկ անվանումը, որով կարելի էր վերանվանել գյուղը, ոչ այլ ինչ է, եթե ոչ Կաքավասար։
Դե ինչ, ամառը համեցեք:

filita tonoyan

Առաջարկում եմ

Աշխատատեղեր չլինելու պատճառով հայ ժողովրդի մեծ մասը, թողնելով իրենց ընտանիքները, չտեսնելով իրենց երեխաների մանկությունը, կարոտ մնալով իրենց ընտանիքներին, մեկնում են արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան ապահովել և անհոգ մանկություն ստեղծել իրենց երեխաների համար։ Աշխատանք չգտնելու պատճառով հայրս նույնպես մեկնել է արտագնա աշխատանքի։ Թեպետ մեկնում են, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել։ 

Իմ կարծիքով՝ պետք չէ այդքան շատ սրճարաններ և այլ ժամանցի վայրեր բացել։ Դրա փոխարեն լավ կլինի, որ բացվեն այնպիսի գործարաններ, որոնք և՛ արտադրանք կտան, և՛ աշխատատեղեր կունենան, իսկ մեր հայրերը ստիպված չեն լինի երկրից մեկնել։ Աշխատատեղեր բացվելու հետ մեկտեղ երեխաները կարոտով չեն սպասի իրենց ծնողների վերադարձին, և ամեն ծնող իր երեխայի կողքին կլինի ու կտեսնի իր երեխայի մեծանալը։

meri antonyan shirak

Ուշացում

Ուրբաթ առավոտ էր, սովորականի պես արթնացա շատ ուշ: Դասերի սկսելուն մնացել էր ընդամենը 10 րոպե, իսկ տնից մինչև դպրոց ճանապարհը շատ երկար էր։ Արագ հագնվեցի և շտապեցի դպրոց։ Ամբողջ ճանապարհին վազել էի․ հոգնածությունս հաղթեց պարտաճանաչությանս, և որոշեցի մի քիչ նստել և հանգստանալ։ Պատահաբար նստել էի այն տեղում, որտեղ նստում էին մեր գյուղի պապիկները, երբ տեսա, որ նրանք արդեն գալիս են, արագ վեր կացա, չնայած շատ էի ուզում նստել: 

Պապիկները մեր գյուղի ամենատարեց մարդիկ են: Նրանք տեսան, որ ամբողջ ճանապարհին վազել էի, և չթողեցին վեր կենալ քարից, մինչև կհանգստանայի: Խնդրեցի, որ պատմեն մեր գյուղի պատմությունը։ Նրանք պատմեցին գյուղի ամրոցի մասին, քանի որ ես հետաքրքրվում եմ պատմությամբ: Ուզում էի իմանալ այդ ժամանակի բոլոր իրադարձությունների մասին: Տպավորությունն այնպիսին էր, ասես ոչ թե խոսում էի մեր գյուղի պապիկների հետ, այլ պատմաբանների: Նրանք շատ մանրամասներ գիտեին: Պատմում էին, որ ամրոցը, որին մեր գուսանագյուղցիները Ղուլա էին անվանում, եղել է Անիի պաշտպանական ամրոցներից մեկը, և Անիում գտնվող Տիգնիս ամրոցի հետ հաղորդակցվել են հայելիների և գետնափոր թունելների միջոցով։

Այնքան տպավորիչ էին պատմում, որ ժամանակի զգացումը կորցրել էի: Հանկարծ նայեցի ժամացույցին և տեսա, որ ուշացել եմ: Հասա դպրոց: Բարեբախտաբար առաջին ժամը Հայոց լեզու էր, իսկ ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև մեր Հայոց լեզվի ուսուցիչը շատ բարի է և ըմբռնումով մոտեցավ ուշանալուս: Ես պատմեցի պապիկների հետ իմ զրույցի մասին: Նա ասաց, որ այն, ինչ լրացնում է մեր գիտելիքները պաշարը, արժանի է գովասանքի, և հավելեց. «Երանի բոլոր ուշացումների հիմքում ընկած լինի հետաքրքրասիրությունը»։

Մեր նոր թղթակիցները

Ղայդով իսանն ուրդի՞ց կեղնիhovhannes sargsyanԲարև՜, ես Հովհաննեսն եմ: Եթե գուզեք իմանաք ես ինչպիսի մարդ եմ, ըսեմ, որ ես էլ չիդեմ: Ծնվել և ապրում եմ Գյումրիում: Ընչի՞ կսեմ՝ Գյումրի, ոչ թե Լենինական մյուս գյումրեցիների նման, որովհետև ես Լենինականը չեմ տեսել: Ես ծնվել եմ էն ժամանակ, երբ մեր քաղաքը արդեն Գյումրի էր: Լենինականը Լենինական էր 1988 թվի ժաշքից առաջ:

Լա՛վ, արդեն շատ եմ խորանում քաղաքիս ու իրա անվան բացադրության մեջ, մե քիչմ էլ իմ մասիս խոսամ: Ինչպես արդեն նկատեցիք՝ ես շատ կսիրեմ չնչին մանրուքների վրա կենտրոնանալ: Չնայած Գյումրիս հեչ էլ չնչին մանրուք չէ: Ո՜ւֆ, էլի խորացա… Շատ կսիրեմ Գյումրու բարբառը: Չնայած կարող եմ նաև խոսել ու գրել գրական հայերենով: Չեմ սիրե էն մարդկանց, ովքեր գյումրեցի չեն, բայց գուզեն գյումրվա բարբառով խոսան (մի՛ փորձեք, մեկ է՛ չի ստացվի), մինակ մենք կռնանք ըդպես խոսանք: Ավելի շատ չեմ սիրե էն գյումրեցոնց, ովքեր կերթան Երևան ու կփորձեն էրևանցու բարբառով խոսալ: Ամեն մարդ իրա նման բդի էղնի, բայց ես դեմ չեմ, որ Երևանում գյումրեցիները գրական խոսան, ըդիկ ուրիշ բան է: Չէ՞ որ դա մեր մայրենի լեզուն է և բարբառից զատ, հարկավոր է նաև գրագետ մարդ լինել:

Էնքան էլ կատակասեր չեմ: Ավելի ճիշտ՝ կատակասեր եմ, երբ որ հենց ես կատակ կենեմ: Ըսեմ, որ ամեն մարդու հետ չէ, որ կռնամ շփվիմ: Տնեցիք հազիվ ձեռս կդիմանան: Նաև ըսեմ, որ ես չափազանց ավանդապահ եմ: Չ՛է, սխալ չհասկնաք, ըմբես չէ, որ ընդհանրապես լիբերալիստական գաղափարներ չեմ ընդունե՝ ամեն ինչ չափի մեջ է սիրուն: Կսիրեմ, որ հայը ամուր կպահե իրա արմատները, մտածելակերպն ու առանձնահատկությունը, չէ՞ որ ինքը հայ է ու բդի միշտ հայ մնա: Շատ կսիրեմ ազգագրական երգն ու պարը, ու չեմ սիրե, երբ հարսնիքներին վրացական կամ այլ երկրի պար կպարեն ու կհամարեն, որ լավ, ուրախ ժամանակ անցկացրին: Ըբը ո՞ւր մնաց մերը, ազգայինը: Ընչի՞ կսիրեմ ազգագրական երգն ու պա՞րը` որդև ըդիկ մեր ազգայինն է ու մեր մշակույթը: Ու ոչ մի երկիր չի կռնա մեր մշակույթը ու մեզի ջնջե: Մե անգամ փորձեցին, բայց չստացվավ, կրկին կանգնանք ու շարունակեցինք անցնել մեր դժվարին ճամփեն: Էլ չեմ ըսե մեր մշակույթը իրանց վերագրելու մասին:

Որպեսզի համոզվեք, որ ես էլ կարող եմ գրական հայերենով խոսել, մի քիչ էլ սկսեմ գլուխ գովել.

8-րդ դասարանում «Kodu» համակարգչային ծրագրով պատրաստեցի իմ համակարգչային առաջին խաղը: Մեծ սիրով մասնակցում եմ ազգագրական «Հրայրք» համույթի պարային դասերին, չնայած խմբի անդամները ինձանից տարիքով մեծ են: Այդ համույթի մեջ ընդգրկվելուց հետո շատ բան եմ հասկացել ազգիս մշակույթին վերաբերող հարցերի մասին: Մեծ սիրով մասնակցել եմ անիմացիայի՝ մուլտֆիլմի պատրաստման դասընթացին, որտեղ դարձյալ ինձանից մեծ դասավանդողների հետ նկարեցի «Աստղիկ», «Դատավոր աղվեսը» անիմացիոն ֆիլմերը: Հետո գլխավոր դերեր էի կատարում ներկայացումների մեջ, ու ես, ինձ վրա զարմանում էի, քանի որ միշտ մտածել եմ, որ դերասանությունն իմը չէ: Փորձում եմ ինձ դրսևորել նաև ավիակոնստրուկցիայի մեջ, մասնակցում եմ դասընթացի, որի ընթացքում պատրաստել եմ ինքնաթիռ, որը միայն երեխաների խաղալիք կարելի է համարել: Ուզում եմ հասկանալ. դա ինձ ին՞չ կտա: Մեծ հաճույքով մասնակցում եմ Թումոյի դասընթացներին, փորձում եմ ՏՏ ոլորտում ինչ-որ բան անել, ծրագրավորման դասընթացի առաջին փուլը հաղթահարեցի, բայց երկրորդ փուլում՝ անգլերենի չիմացության պատճառով, չշարունակեցի, թողնելով այդ փուլի հաղթահարումը ամռան համար, երբ կաշխատեմ անգլերենիս բարելավման վրա:

Այս ամենն իմացաք իմ հետաքրքրությունների մասին: Իսկ հիմա բռնվեք, որ ասեմ, թե ինչ մասնագիտություն եմ ընտրել։ Որոշել եմ ռազմական բժիշկ դառնալ, քանի որ սովորում եմ Բժշկական քոլեջում և ապագայում բժիշկ դառնալու հույսեր եմ փայփայում: Երևի ձեզ պարզ դարձավ, որ ես շատ հետաքրքրություններ ունեմ, բնավորությամբ էլ «յոլա գնացող» չեմ։ Բոլորի հետ ընկերություն չեմ կարող անել, հիմնականում ընկերներս ինձանից տարիքով մեծ են: Իմ տարիքի ջրիկ-մրիկ տղերքին չեմ սիրում: Առաքինի ու զուսպ աղջիկների եմ սիրում: Դե, ի՞նչ ասեմ, 16 տարեկանում դեռ աշխարհայացքս այսպիսին է: Մեծանամ, հետո կկարդամ այս հոդվածը ու կփորձեմ հասկանալ՝ ինչքան եմ կարողացել այս տարիքում մտածածս ներկայացնել: Միգուցե այլ ձևով այդ ժամանակ մտածեմ և այս գրածս երեխայություն համարեմ: Դե ինչ, ապագան ցույց կտա…

Էլի խորացա՞: Խայսաթ է, էլի: Է՛, լավ, զայլեքդ չտանիմ, արդեն վերջացնեմ:

Սա էլ ես՝ իմ առավելություններով ու թերություններով հանդերձ, չնայած թերությունները ավելի շատ են:

meri harutyunyan

Գյուղս

Երկրաշարժը, շրջափակումը և Արցախյան շարժումը մեծ վնասներ են հասցրել մեր երկրի տնտեսությանը: Բազմաթիվ գործարաններ, արտադրամասեր, հիմնարկ-ձեռնարկություններ դադարեցին աշխատել և սկսեցին քարուքանդ լինել, փակվել: Մեր գյուղում՝ Գուսանագյուղում էլ է նախկինում եղել կարի արտադրամաս: Ասում են, որ ժամանակին այստեղ աշխատել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ոչ բոլորն էին մեր գյուղից. այստեղ էին գալիս նաև հարակից գյուղերից: Արտադրանքն այնքան պահանջարկ է ունեցել, որ աշխատել են հերթափոխով:

Մեր տանը մինչև հիմա կա իմ տատիկի կարած մանկական գոգնոցը: Նա այն կարել էր ազատ ժամերին՝ թոռների համար: Տատիկս ունի փոքրիկ տոպրակ, որի մեջ խնամքով պահում է իր գործարանը հիշեցնող գույնզգույն թելերն ու կոճակները:

Այժմ մեր գյուղում չկա կարի արտադրամաս: Եվ ոչ միայն: Ժամանակին մեր գյուղի կանանց թխած լավաշ հացը հայտնի ու պահանջված է եղել: Երբ գյուղում թոնիր է վառվում ու հաց են թխում, անուշաբույր հացի հոտը տարածվում է ամենուրեք: Բայց դա հազվադեպ է պատահում: Մեր գյուղի կանայք կարող էին նաև հացի արտադրամասում աշխատեր, եթե իհարկե լիներ:

Չկա աշխատանքի վայր, որտեղ մարդիկ կկարողանային աշխատել և արժանվույնս վարձատրվել: Նրանք կատարում են զանազան գյուղական դժվարին աշխատանքներ:

Ես կուզենայի, որ մեր գյուղում բացվեր կարի կամ թխվածքի արտադրամաս, որ իմ գյուղի կանայք էլ ունենային աշխատանք, ու նրանց ձեռքերը չկոշտանային զանազան դժվար աշխատանքներից, որոնք անելուց հետո էլ ծայրը ծայրին չեն հասցնում:
Հույսով ու լավատեսությամբ կսպասեմ այն օրվան, որ մի օր կծաղկի գյուղս:

Ամասիա. Այստեղ իջևանում են ձմեռները

-Ցուրտ ձմեռ էր…,- հանգցնելով գլանակը մոխրամանի մեջ՝ ասաց պապիկը: Բայց  ձմեռը դեռ չէր վերջացել նրանց գյուղում: Ձմեռը կվերջանար միայն այն ժամանակ, երբ իրենց տներում այլևս վառարան վառելու կարիք չի լինի, անասունները հանդ կելնեն: Վառելիք ու անասնակեր այլևս պետք չի լինի: Իսկ դա հավանաբար կլինի մայիսի սկզբներին:

Այս դեղին սովետական ավտոբուսը հայտնվելով գյուղի ծուռումուռ ճանապարհներին ՝ հասկացավ, որ դեռևս այս գյուղերի համար գարունը սարերի հետևում է:

meri harutyunyan

Կռվախնձորենին

Ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն, որը հիշողությանս մեջ մնացել է մանկությունից և մինչ օրս դուրս չի գալիս: Փոքր ժամանակ ընկերություն էի անում մեր բարեկամի երեխաների հետ: Նրանք հաճախ հյուր էին գալիս մեր տուն: Օրերս շատ լավ էին անցնում ընկերներիս հետ: Մենք անվերջ խաղում էինք, զբոսնում, մեր ծռմռված դույլերով փորձում փոքրիկ առվակից ձկնիկներ բռնել: Բայց…

Ամեն առավոտ արթնանում էի կռվի ձայներից: Պարզվեց, որ կան երկու կռվարար հարևաններ, ովքեր ապրում էին կողք կողքի: Նրանց ես անվանեցի պարոն Չար և պարոն Կռվարար: Երկուսն էլ այգեպաններ էին և երկուսն էլ ունեին եդեմական այգիներ: Երկու այգիների սահմանները որոշելու համար կամ պատահմամբ՝ այգիների սահմանագլխին կար մի մեծ խնձորենի: Ասում էին, թե խնձորենին ամեն տարի առատ բերք է տալիս, ու այն դարձել էր հարևանների կռվախնձորը: Պարոն Չարը փորձում էր արագ ու ագահաբար հավաքել խնձորները: Պարոն Կռվարարը անընդհատ վիճում էր, ամեն կերպ փորձում ապացուցել, որ խնձորները պատկանում են երկուսին՝ հավասարաչափ: Եվ ամեն վեճի ժամանակ հարևաններից ոմանք խառնվում էին խոսակցությանն՝ ասելով. «Ա՛յ մարդ, ամոթ է, դե վերջացրեք»:

Տարիներ անց ես կրկին իմ բարեկամի տանն էի: Շուրջս ամեն ինչ փոխվել էր: Մրգատու ծառներն ավելի էին փարթամացել: Առաջ քայլեցի, դիմացս ինձ ու ձեզ արդեն ծանոթ հարևանների այգին: Երևի արդեն կռահեցիք: Այո՛, «Կռվախնձոր խնձորենու» մոտ:

Ա՜յ, ափսո՜ս… Խնձորենուց մնացել էր միայն չորացած կոճղը: Երևի խնձորենին ինքն էր որոշել վերջ դնել կռվարար հարևանների անվերջանալի վեճին: